Ինֆոքոմ

Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ նախատեսվող դրական փոփոխությունները, բացերը, փորձագետների առաջարկությունները

Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ նախատեսվող դրական փոփոխությունները, բացերը, փորձագետների առաջարկությունները

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին եւ ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին, որից հետո, ի թիվս առանձին կարգավորումների մի շարք փոփոխությունների, ենթարկվել է երկու ծավալուն փոփոխության՝ 2010 եւ 2015 թվականներին։ Վերջին մեծ փոփոխությունից հետո էլ բազմիցս խոսվել է գործող օրենսգրքի խնդիրներից, բարձրաձայնվել է այն բարեփոխելու անհրաժեշտության մասին։ Արդյունքում՝ 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ըստ նախարարության՝ նախագծի ընդունման նպատակն է մատնանշել Աշխատանքային օրենսգրքի՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, դրանց պատճառները, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի պահանջների եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող կարգավորումների անհամապատասխանությունները եւ առաջարկել այդ խնդիրների լուծման հիմնական ուղղություները: Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով որոշակիորեն նախանշված խնդիրների լուծման նպատակով Օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող համապատասխան նախագծի մշակում:Նշվում է, որ Օրենսգրքում առկա են աշխատանքային հարաբերությունների առանձին դրսեւորումները կարգավորող՝ մի շարք խնդիրներ պարունակող նորմեր։ Այդ խնդիրները, ըստ նախագծի հեղինակների, կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի՝ «բարոյապես մաշված», ինչպես նաեւ միջազգային նորմերին չհամապատասխանող կարգավորումներ, իրավակիրառ պրակտիկայում բարդ կիրառությամբ կամ խնդրահարույց եւ տարաբնույթ ընկալման տեղիք տվող կարգավորումներ, ինչպես նաեւ հստակեցնող, տեխնիկական բնույթի շտկումներ պահանջող կարգավորումներ։Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները վերաբերում են հարկադիր աշխատանքին, հայցային վաղեմությանը, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, աշխատանքային պայմանագրերին, ամենամյա արձակուրդին, աշխատանքային պայմանագիրը լուծելուն, աշխատանքի եւ հանգստի ժամանակին, նաեւ խտրականությանը։Նշենք, որ նախագծի վերաբերյալ կարծիք եւ առաջարկություններ են ներկայացրել աշխատանքային իրավահարաբերությունների, աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ։ Ըստ վերջիններիս՝ հայեցակարգի նախագծում առաջակվող առանձին դրույթների եւ իրավահարաբերությունների կարգավորումների բարեփոխումները դրվագային բնույթ ունեն եւ չեն ծածկում Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում առաջացող խնդիրների ողջ համալիրը: Նրանց համոզմամբ՝ հայեցակարգը պետք է անդրադառնա ոչ միայն Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, այլ ընդհանրապես աշխատանքային հարաբերությունների բոլոր հիմնախնդիրներին, որոնց մի մասը զուտ իրավահարաբերությունների համատեքստում դիտարկելն անարդյունավետ է։Հայեցակարգի նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց վերաբերյալ փորձագետների առաջարկություններըՍտորեւ կներկայացնենք նախագծով առաջարկվող որոշ փոփոխություններ, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ փորձագետների դիտարկումները։ Առաջարկվում է առանձին կատեգորիայի աշխատողների համար օրական 24 ժամ աշխատաժամանակի տեւողության փոխարեն Օրենսգրքով նախատեսել էապես ավելի կարճ՝ օրինակ՝ 12 ժամ աշխատաժամանակի տեւողություն՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը։ Առաջարկվում է նաեւ հստակեցնել մինչեւ 4 ժամ տեւողությամբ աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու եւ սնվելու ընդմիջման տրամադրման վերաբերյալ հարցերը՝ նախատեսելով, որ այդ պարագայում Օրենսգրքով սահմանված տեւողությամբ ընդմիջում տրամադրվում է կողմերի համաձայնությամբ:Առաջարկվում է աշխատողների ներկայացուցիչներին (օր․՝ արհմիություններին) իրավունք վերապահել աշխատողների իրավունքները խախտող գործատուի որոշումները եւ գործողությունները բողոքարկել դատական կարգով: Իսկ Օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ աշխատողների ներկայացուցիչները դատական կարգով կարող են բողոքարկել միայն իրենց խախտված իրավունքների մասով:  ԳործադուլՆախագծում նշվում է, որ անհրաժեշտ է գործադուլ հայտարարելու համար աշխատողների ձայների համամասնություններին վերաբերող փոփոխություն կատարել։ Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացրել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի ⅔-ը։ Իսկ նախարարությունը կարծում է, որ գործնականում դժվար է ապահովել այդ շեմը, եւ առաջարկում է Օրենսգրքում նախատեսել փոփոխություն, որի համաձայն՝ գործադուլ հայտարարելու համար բավարար կլինի կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի ⅓-ից ավելի ձայների առկայությունը։ Սակայն, ըստ փորձագետների, միայն բարձր շեմը չէ, որ խոչընդոտում է գործադուլ կազմակերպելուն, եւ անհրաժեշտ է հիմնովին վերանայել, ազատականացնել համապատասխան կարգավորումները՝ կապված նաեւ օրենսդրական այլ նախապայմանների հետ, որոնք սահմանված են գործող Օրենսգրքով։ Ամենամյա արձակուրդՀայեցակարգի նախագծում անդրադարձ է կատարվում նաեւ ամենամյա արձակուրդին վերաբերող խնդիրներին՝ արձանագրելով, որ դրա իրավունքի պատշաճ իրացումը Հայաստանում աշխատանքային հարաբերությունների ամենավիճահարույց դրսեւորումներից մեկն է, ուստի՝ նախատեսվում են էական փոփոխություններ։ Մասնավորապես, ի թիվս այլ կարգավորումների՝ նախատեսվում է գործատուի համար սահմանել ամենամյա արձակուրդ չտրամադրելու դեպքում պատասխանատվության միջոցներ, օրինակ՝ տուժանք։ Սակայն, քանի որ չվճարված արձակուրդային վճարների պահանջի իրավունք, ըստ գործող Աշխատանքային օրենսգրքի, առաջանում է աշխատողի՝ աշխատանքից ազատվելու ժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք տուժանքի վճարումը կատարվում է ամենամյա արձակուրդը չտրամադրելու տարո՞ւմ, թե՞ աշխատանքից ազատվելու ժամանակ՝ արձակուրդային վճարների հետ միասին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած կազմակերպություններից մեկն էլ «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն է, որի իրավաբան Նինա Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց այս փոփոխության բացերը։«Օրենսգիրքը հնարավորություն է տալիս աշխատանքից ազատվելիս բոլոր տարիների համար ստանալ արձակուրդային գումարների հատուցում, սակայն հայեցակարգը չէր նախատեսում՝ աշխատողը երբ կարող է տույժը պահանջել։ Տեսե՛ք, ես յուրաքանչյուր տարի ունեմ արձակուրդի իրավունք, հիմա եթե մի տարի ինձ չուղարկեն արձակուրդի, իրավունք ունե՞մ դիմելու, որ արձակուրդայինի գումարն ու տույժերն ինձ փոխհատուցեն, թե՞ պետք է սպասեմ այնքան, մինչեւ ինձ աշխատանքից կազատեն, ու նոր կպահանջեմ բոլոր տարիների գումարը»,- մեկնաբանեց նա՝ ավելացնելով, որ սրա վերաբերյալ առաջարկություն էին ներկայացրել, որն ընդունվել է, եւ հայեցակարգում կատարվում են լրացումներ։ «Կարծում եմ՝ երկու կոնցեպտներից մեկն է ընդունվելու՝ կա՛մ բոլոր տարիների գումարի հետ միաժամանակ տույժ է պահանջվելու, որն առավել ընդունելի տարբերակ է, կա՛մ ավելի խորն են գնալու ու կոնցեպտ են սահմանելու, որ յուրաքանչյուր տարի կարող է դիմել ու ստանալ հատուցում։ Ընդունելի է նաեւ այս տարբերակը»,- նշեց Նինա Հակոբյանը։Աշխատանքային պայմանագրի լուծումՓոփոխություններ են առաջարկվել նաեւ աշխատանքային պայմանագրի լուծմանն առնչվող որոշ կարգավորումների վերաբերյալ։ Անդրադառնանք դրանցից մեկին․ գործատուն հաստիքների կրճատման հիմքով իրավունք ունի ցանկացած աշխատողի հետ պայմանագիրը լուծել, քանի որ հաստիքը վերանում է։ Օրինակ՝ եթե նույն հաստիքի տակ աշխատում է երեք իրավաբան, գործատուն իրավունք ունի ցանկացածին ազատել, եւ որեւէ հիմնավորում պարտավոր չէ ներկայացնել, թե ինչու է առաջին իրավաբանին աշխատանքից ազատում, եւ ոչ երկրորդին կամ երրորդին։  Հայեցակարգի նախագծով առաջարկվում էր գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում սահմանել աշխատանքում մնալու նախապատվության իրավունք՝ աշխատողների որոշակի խմբերի համար (այդ թվում էին զինվորական ծառայողներ, ազատամարտիկներ, ծառայության ընթացքում վնաս ստացած մարդիկ եւ այլք)։ Սակայն, ըստ ոլորտային հարցերով զբաղվող ՀԿ-ների՝ անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել հստակ եւ օբյեկտիվ չափանիշներ, որոնք գործատուն պարտավոր կլինի հաշվի առնել աշխատանքային պայմանագիրը աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում լուծելիս՝ բացառելու գործատուի հայեցողությունն ու կամայականությունը:  «Ինչ վերաբերում է վերոգրյալ խումբ անձանց աշխատանքում մնալու նախապատվություն տալուն, ապա նման պարտավորություն կարող է սահմանվել գործատուի համար միայն այլ հավասար պայմանների եւ չափանիշների բավարարման դեպքում»,- ասվում է հասարակական կազմակերպությունների համատեղ տարածած առաջարկությունների տեքստում։Նինա Հակոբյանն էլ մեր զրույցում նշեց, որ թեեւ միտումը դրական է, բայց այդ կարգավորումը խտրականություն կառաջացներ։ «Այս կետի վերաբերյալ առաջարկել էինք դնել որոշակի չափորոշիչներ՝ հաշվարկել գիտական ուսումնասիրությունների, կարգապահական խախտումների քանակը, մասնագիտական ստաժը եւ այլն, ինչն ավելի արդար մոտեցում կլինի ու կբացառի խտրականությունը։ Հայեցակարգը մշակող հանձնաժողովն ընդունել է մեր առաջարկությունը, եւ համապատասպան լրացումներ կկատարվեն»,- ասաց նա։ Խտրականության արգելքՀայեցակարգի նախագծում նախատեսվող որոշ փոփոխություններ էլ միտված են խտրականության դեմ պայքարին․ մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ աշխատանքային հարաբերությունների կողմերն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ նրանց մաշկի գույնից, եւ որ մաշկի գույնը չի կարող աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ համարվել։ Միաժամանակ առաջարկվում է աշխատանքային օրենսդրության սկզբունքներում կատարել համապատասխան լրացում, որով ցանկացած ձեւի հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնությունների արգելման սկզբունքը կներկայացվի առավել ընդգրկուն՝ հստակ ամրագրելով նաեւ աշխատողների ֆիզիկական, հոգեկան, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիքի արգելումը:Հավելենք, որ նշված հարցերից բացի՝ փորձագետներն առաջարկել են նաեւ լրացուցիչ հայեցակարգային կետեր, օրինակ՝  - ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրել աշխատանքի իրավունքը, - Օրենսգրքի 184-րդ (Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը) հոդվածով արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով աշխատանքի վարձատրության տեսակից բացի, նախատեսել արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար աշխատողի հանգստի տեւողության ավելացման կարգ,- աշխատողի նյութական պատասխանատվության սահմանները որոշելիս, աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատավարձից կատարվող պահումները սահմանափակել այնքանով, որ աշխատողը եւ իր խնամքին գտնվող անձը չզրկվեն նվազագույն կենսապահովման միջոցից,- աշխատանքային օրեսդրության մեջ ներդնել «աշխատանքում արժանապատվության իրավունք», «սեռական հետապնդում» հասկացությունները՝ որպես աշխատողի՝ սեռական հետապնդումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանիչ կարգավորումների եւ մեխանիզմերի համար հիմնաքար եւ այլն։   Աստղիկ Քեշիշյան
19:01 - 09 հունվարի, 2021
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին աշխատակիցը դատի է տվել բուհին

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին աշխատակիցը դատի է տվել բուհին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) նախկին դասախոս, դոցենտ Արայիկ Գյոզալյանն աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դատական հայց է ներկայացրել բուհի դեմ: 2001թ․-ից բուհում նախ դասախոս, ապա դոցենտ աշխատած Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ 2020թ․-ի սեպտեմբերին ինքն աշխատանքը կորցրել է անհիմն կերպով, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի պաշտոնեական դիրքի չարաշահման, կամայականության արդյունքում: Արայիկ Գյոզալյանի և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի համոզմաբ՝ տեղի է ունեցել աշխատանքային իրավախախտում, ինչից ելնելով՝ 2020թ․-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացվել բուհի դեմ՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել: Գործի շրջանակում 2020թ․-ի դեկտեմբերին դատական նիստեր են տեղի ունեցել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է ս.թ․ հունվարի 13-ին:   Իրավիճակ 2019թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Խիթարյանին: Ինչպես հայտնում է բուհի նախկին աշխատակից Արայիկ Գյոզալյանը՝ նա գիտական խորհրդին է ներկայացրել բարեփոխումների իր ծրագիրը, որտեղ հստակ նշվել է, որ կադրային ջարդ չի լինելու, պարզապես պետք է նորովի աշխատեն: «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի գաղափարն էր Ֆրանսիական համալսարանի կառավարման մոդելը ամբողջովին տեղայնացնել ՀՖԿՍՊԻ-ում»,- պատմեց բուհի նախկին աշխատակիցը: Արայիկ Գյոզալյանը, 2007թ․-ից լինելով բուհի որակի ապահովման (ՈԱ) բաժնի ղեկավար (նախկինում՝ կրթական համակարգի զարգացման և կառավարման բաժին), մի քանի անգամ հորդորել է, որ այդ որոշումը լուրջ խնդիրներ կառաջացնի, առանց ռիսկերը գնահատելու պետք չէ գնալ նման լայնամասշտաբ բարեփոխումների, քանի որ, լինելով պետական, հավատարմագրված բուհ, իրենք պարտավորություններ ունեն իրենց շահակիցների հանդեպ: Արդյունքում՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և Գյոզալյանի միջև աշխատանքային տարաձայնություններ են սկսվել: Հետագա խնդիրներից խուսափելու համար Արայիկ Գյոզալյանը 2019թ. հոկտեմբերին ինքնակամ դիմում է գրել ու ազատվել ՈԱ բաժնի ղեկավարի պաշտոնից՝ աշխատանքը շարունակելով սպորտային մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնում՝ որպես դոցենտ: Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ին, զրկվել է նաև այս աշխատանքից:   Աշխատանքային տարակարծություններ Արայիկ Գյոզալյանը ՀՖԿՍՊԻ հիմնադրամի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել ոչ միայն որպես բուհի որակի ապահովման բաժնի ղեկավար, այլև որպես ամբիոնի դոցենտ: Սա արվել է ներքին համատեղմամբ (վարչական աշխատողն առնվազն 0.5 դրույք պետք է ունենա գիտամանկավարժական գործունեություն): Նրա՝ ամբիոնի դոցենտի մեկամյա աշխատանքային պայմանագիրը կնքվել է նախ 2017թ․-ին, սակայն հետագայում չի վերակնքվել ու դարձել է անորոշ ժամկետով, քանի որ ինքն արդեն դոցենտ էր ու իր կատարած գիտամանկավարժական, հասարակական աշխատանքի հիման վրա 5 տարի ժամկետով իրավունք ուներ աշխատել այդ պաշտոնում՝ առանց մրցույթի անցկացման։ Սակայն, ըստ Գյոզալյանի, Դավիթ Խիթարյանի պաշտոնավարումից սկսած՝ բուհի կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծվել են մի շարք աշխատակիցների՝ ժամկետների մեջ գտնվող պայմանագրերը, այդ թվում՝ իրենը: Փոխարենն իրենց հետ պայմանագրեր են կնքվել մեկամյա ժամկետով՝ բացառությամբ առանձին դեպքերի: Այդպիսով՝ 2019թ․-ի սեպտեմբերի 2-ին մեկ այլ պայմանագրի հիման վրա Արայիկ Գյոզալյանը նշանակվել է ամբիոնի դոցենտի պաշտոնում, իսկ պայմանագրի գործողության ժամկետ սահմանվել է մինչև 2020թ. հուլիսի 1-ը: Սակայն, ըստ Գյոզալյանի, ինքը նախապես օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ծանուցվել այս պայմանագրի լուծման մասին: Սրանից բացի՝ նշված խնդրի առնչությամբ մատնանշում է մեկ այլ խախտում, ըստ որի՝ յուրաքանչյուր մասնագիտական թողարկող ամբիոն լիցենզիայի կարգի համաձայն պետք է ունենա որոշակի գիտական հաստիքներ (առնվազն 50%, եթե բակալավր և 75%, եթե մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում), և պայմանագրի լուծարումից առաջ բուհը պարտավոր էր գործող օրենսդրության համաձայն նախապես բաց մրցույթ հայտարարել, ինչը չի արվել: «2020թ. հուլիսի 6-ին ստացել եմ հրաման, ըստ որի՝ մինչև օգոստոսի 24-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում: Սակայն օգոստոսի 19-ին ստանում եմ ծանուցում, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2020-ի սեպտեմբերի 1-ին, որից հետո պայմանագիրը լուծված կհամարվի: Օգոստոսի 24-ին ներկայանում եմ աշխատանքի՝ համաձայն իմ պայմանագրի, հանդիպում ամբիոնի նորանշանակ վարիչին և ինչպես կարգն է հետաքրքրվում ինձ՝ որպես ամբիոնի դոցենտի տրամադրվող ժամերի մասին: Ամբիոնի վարիչն ինձ պատասխանում է, որ այդ հարցով դիմեմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Հանդիպում եմ նրան և նա հաստատում է իր դիրքորոշումը, որ ես այլևս չեմ աշխատելու ինստիտուտում, ասելով՝ դու ունես մարզիչ-մանկավարժի որակավորում ու իրավունք չունես դասավանդելու մագիստրատուրայում»,- պատմեց Արայիկ Գյոզալյանը: Վերջինս մանրամասնեց, որ ավելի քան 10 տարի բակալավրիատի կրթական ծրագրում դասավանդել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ» առարկայական դասընթացը: 2017-2018 ուստարվանից սկսած՝ դասավանդել է նաև մագիստրատուրայում՝ «սպորտի կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով: Հետևաբար, համարում է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի այսօրինակ մոտեցումը ոչ թե իր մասնագիտական կարողությունների օբյեկտիվ գնահատման արդյունքն է, այլ անձնական տրամադրվածություն իր հանդեպ: «Իհարկե, ես հակադարձել եմ և ներկայացրել ներկայիս կագավիճակը և գիտամանկավարժական փորձը, որը լիովին բավարարում է տվյալ կրթական ծրագրի համար նախատեսված դասավանդողի պահանջներին, բայց, ի վերջո, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պնդեց, որ ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ով կարող է լինել իր թիմում և այլն»: Արայիկ Գյոզալյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը գործատուի որոշումը ոչ իրավաչափ է համարում: «Գործի շրջանակներում պատասխանողը որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, որի գործողության ժամկետը պայմանագրով նախատեսված է եղել մինչև 2020-ի հուլիսի 1-ը, լուծել է 2020-ի սեպտեմբերի 1-ին: ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ գործատուն կարող է լուծել իր և աշխատողի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ, մինչդեռ 2020-ի հուլիսի 1-ից առնվազն 10 օր առաջ հայցվորը չի ծանուցվել, պայմանագիրը չի լուծվել 2020-ի հուլիսի 1-ին: Հայցվորը ծանուցվել է օգոստոսի 19-ին, իսկ պայմանագիրը լուծվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին: Ելնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասից՝ ակնհայտ է դառնում, որ հայցվորի և պատասխանողի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը պետք է համարվեր անորոշ ժամկետով կնքված, քանի որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չէր լուծվել»: Գյոզալյանի հավաստմամբ՝ իրեն աշխատանքից ազատել են ՈԱ բաժնի ղեկավարի պայմանագրի հիման վրա, այնինչ այդ պաշտոնից ազատվելու դիմումն ինքնակամ է գրել: «Նույնիսկ ազատման հրամանը հղվել է ոչ թե ամբիոնի դոցենտի, այլ ՈԱ բաժնի պայմանագրին: Ստացվում է՝ լուծված պայմանագրի հիման վրա ինձ հետ նորից համաձայնագիր է կնքվել»։   Պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահումներ «2021թ-ի փետրվարին լրանալու է իմ գիտամանկավարժական աշխատանքի 20 տարին, որից հետո կարող էի դիմել Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ)՝ պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար: Սակայն, ըստ կարգի, վերջին 5 տարվա աշխատավայրից պետք է դիմում ներկայացնեմ, իսկ եթե ընդհատվել է ներկայիս աշխատանքը, ապա ևս 5 տարի պետք է աշխատեմ, որ իրավունք ունենամ հայտ ներկայացնելու»: Այսպիսով, ըստ Գյոզալյանի՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը պաշտոնեական դիրքը չարաշահելով և իրեն աշխատանքից հեռացնելով՝ միտումնավոր խոչնդոտել է նաև իր՝ պրոֆեսորի գիտական կոչում ստանալուն: Արայիկ Գյոզալյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում է ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահման, ինստիտուտն անօրինական կերպով կառուցվածքային (չհիմնավորված) փոփոխությունների ենթարկելու, այլ նաև դասախոսներին անհիմն կերպով աշխատանքից ազատելու, նոր ստորաբաժանումներ ու հաստիքներ ավելացնելու, աշխատակիցների ոչ օբյեկտիվ ընտրության ու պաշտոնի տեղակալման (առանց բաց մրցույթների), վարչական աշխատողների շրջանում արտաքին համատեղմամբ աշխատանք չկատարելու պահանջների չպահպանման և այլ իրավախախտումների մեջ: «Մինչ օրս օրենքով նախատեսված, ըստ պաշտոնի, (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ) բաց մրցույթ չի կատարվել, մինչդեռ դրանք ընտրովի պաշտոններ են և 5 տարին լրանալուն պես պիտի բաց մրցույթ հայտարարվի: Հետևաբար, ստեղծված իրավիճակը հակասում է ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի այն դրույթին, ըստ որի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը պիտի իրականացվի ըստ աշխատանքային պայմանագրի, 5 տարի ժամկետով, իսկ այդ աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդելու է բաց մրցութային ընտրությունը»,- ներկայացրեց նա: Նշենք, որ պրոֆեսորադասախոսական աշխատանքի իրականացման համար բաց մրցութային ընտրության անցկացումը ամրագրված է նաև բուհի կանոնադրությամբ: Միևնույն ժամանակ, ըստ վերոնշյալ օրենքի, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել աշխատանքային նոր պայմանագիր՝ մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առաջին իսկ օրվանից Դավիթ Խիթարյանը և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարը պնդում էին, որ վարչական ապարատի աշխատողներն իրավունք չունեն արտաքին համատեղությամբ աշխատելու, բայց նա մատնանշում է մի շարք դեպքեր, երբ բուհում վարչական պաշտոն զբաղեցնող անձինք (պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ) համատեղությամբ աշխատում են նաև այլ կառույցներում:  «Ստեղծվել է իրավական բաժին ու բաժնի ղեկավար Օֆելյա Պետրոսյանը աշխատում է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում՝ որպես իրավաբան, գնումների համակարգող: Նա՝ որպես ՀՖԿՍՊԻ իրավաբան, պատասխանատու է բոլոր նորմատիվ իրավական փաստաթղթերի իրավական կողմի ապահովման համար, իսկ ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում է, և այդ գործընթացի պատասխանատուն ու համակարգողը ՈԱԱԿ-ն է: Իմ կարծիքով՝ սա շահերի 100 տոկոսանոց բախում է, իսկ ինձ անընդհատ ասում էին, որ ՈԱ բաժնում շահերի բախում կա, քանի որ կինս, լինելով ՈԱ առաջատար մասնագետ, աշխատում էր իմ ենթակայության ներքո»,- ասաց Գյոզալյանը: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանին: Վերջինս մանրամասներ չհայտնեց՝ ուղղորդելով ինստիտուտի իրավական ապահովման բաժին: Բաժնի պետ Օֆելյա Պետրոսյանը մեզ հետ զրույցի ընթացքում անհիմն որակեց Արայիկ Գյոզալյանի ներկայացրած հայցադիմումը՝ նշելով, որ դրան ի պատասխան իրենք ներկայացրել են իրենց հիմնավորումները: Թե ինչու է աշխատանքային պայմանագիրը լուծվել օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ՝ Օֆելյա Պետրոսյանն ասաց, որ Արայիկ Գյոզալյանն ինքն է իրավիճակն այդպես ներկայացնում, իսկ ինչ վերաբերում է վերջինիս հնչեցրած մեղադրանքներին՝ նշեց, որ կարիք չի տեսնում դրանք մեկնաբանելու. «Դատական քննության փուլում գտնվող գործերը մենք իրավունք չունենք բացահայտելու: Հունվարին արդեն կտեսնենք դատարանն ինչ որոշում կկայացնի»,- եզրափակեց նա: Հավելենք, որ այս ժամանակահատվածում նախատեսվում է նաև բուհի ռեկտորի ընտրություն անցկացնել: 2020թ․ դեկտեմբերի 25-ին ավարտվել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Հայտագրվել է երեք թեկնածու, այդ թվում՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա հունվարի 11-ին:   Մարջան Չոբանյան
12:55 - 09 հունվարի, 2021
Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածք առանց վիզա մուտք գործելու թույլատվությունը նոր չէ

Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածք առանց վիզա մուտք գործելու թույլատվությունը նոր չէ

Արտաքին գործերի նախարարությունը դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 17-ին  հրապարակել էր այն պետությունների ցանկը, որոնք փոխադարձության սկզբունքով կարող են գալ Հայաստան առանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջի։ Այս ցանկում նշված առաջին պետությունը Ադրբեջանի Հանրապետությունն է։  Դեկտեմբերի 17-ին հրապարակված հայտարարությունը միայն այսօր է տարածվում լրատվամիջոցներում։ Այն լայն արձագանք գտավ հանրության շրջանում, քանի որ, ըստ հայտարարության, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի պահանջի մուտք գործել Հայաստան, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները Ադրբեջան։ Սա մեծ տարածում գտավ հատկապես սոցիալական ցանցերում եւ մեկնաբանվեց իբրեւ նոր որոշում։ Նո՞ր, թե՞ հին որոշում Արտաքին գործերի նախարարությունը ամեն տարի թարմացնում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց մուտքի վիզա ձեռք բերելու։ Սա կատարվում է փոխադարձության սկզբունքով, ինչն էլ ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք նույն երկրներ կարող են մտնել առանց մուտքի վիզա ձեռք բերելու։  Այս ցանկում Ադրբեջանի ներգրավվածությունը նոր չէ։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ցանկը թարմացվելուց հետո հին ցանկը չի պահպանվում, այնուամենայնիվ հնարավոր եղավ գտնել հին փաստաթղթերից երկուսը, որոնք նույնպես հաստատում են, որ Ադրբեջանը նոր չէ, որ ընդգրկվել է ցանկում։ Մամուլում նույնպես տարբեր ժամանակներում եղել են հրապարակումներ, որոնք փաստում են, որ սա նոր որոշում չէ։ 2008 թվականի հունիսի 10-ին Արմենպրես լրատվական գործակալությունը գրել էր, որ փոխադարձության սկզբունքով Հայաստան կարող են մուտք գործել 30 երկրի քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Ադրբեջանն էր։ 2014 թվականի փետրվարի 4-ի թարմացված ցանկում, ինչպես նաեւ 2018 թվականի ապրիլի 3-ի ներկայացված ցանկում նույնպես Ադրբեջանը ներառված եղել է։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելը Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ։ Հայաստանն ԱՊՀ կազմում է 1992, իսկ Ադրբեջանը՝ 1993 թվականից։ ԱՊՀ կանոնադրությունը հաստատվել է 1993 թվականի հունվարի 22-ին։ Համաձայն կանոնադրության առաջին գլխի երկրորդ հոդվածի՝ ապահովվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը ԱՊՀ տարածքում։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի փոխադարձ սահմանումը նախատեսված է ԱՊՀ կանոնադրությամբ։ Մեր զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ առանց վիզայի մուտքի ռեժիմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե ֆակտո չի գործում։ Գործում է միայն հատուկ թույտվության ռեժիմը, որը տրամադրում են իրավասու մարմինները՝ հատուկ ընթացակարգով։ Նարեկ Մարտիրոսյան
20:30 - 08 հունվարի, 2021
Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Երեկ՝ նոյեմբերի 7-ին համացանցում կրկին շրջանառվում էին լուրեր Տավուշի մարզի 5 գյուղի եւ կարեւոր ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս անգամ նման բովանդակությամբ նյութ էր հրապարակել Pastinfo.am լրատվական կայքը։  Նյութը վերահրապարակել էին նաև մի քանի այլ լրատվական կայքեր, այդ թվում՝ 7or.am, mamul.am, bavnews.am։ Ոսկեպար համայնքի ղեկավար Սուրեն Մախսուդյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պնդել էր, որ դրանք ընդամենը խոսակցություններ են․ «Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա․․․ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։  Չնայած այն հանգամանքին, որ Ոսկեպարի ղեկավարն ասել է՝ ոչ մի լուրջ բան չկա, եւ ոչ մի տարածք չի հանձնվելու Ադրբեջանին, այնուամենայնիվ «Փաստինֆոն» նյութի վերնագրում նշել է, թե Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Infocom-ի հետ զրույցում տարածվող տեղեկություններն անվանեց ապատեղեկատվություն։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ զիջելու, ապա՝ դրանց հերքման վերաբերյալ։ Նոյեմբերի 10-ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Տավուշի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները, ավելի ուշ՝  նոյեմբերի 27-ին էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էր հերքել այս՝ նորից շրջանառվող տեղեկությունները։ Տավուշի մարզի գյուղերին վերաբերող տեղեկություններ հերքել է նաեւ Պաշտպանության նախարարությունը։   Ինչու՞ է ժամանակ առ ժամանակ Տավուշի գյուղերի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու վերաբերյալ լուրեր շրջանառվում։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե մինչեւ նոյեմբերի 20-ը պետք է Ադրբեջանին հանձնվեն Ղազախի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում են։ Այս մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այդ կետը, սակայն, տեղ չգտավ պաշտոնական եռակողմ հայտարարության մեջ։  1990-1991 թվականներին Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցրել ադրբեջանական 8 գյուղ, որոնցից 7-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանից (Տավուշի դիմաց)։ Դրանք են՝ Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) , Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) , Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Իսկ 8-րդը Արարատի մարզի Պարույր Սեւակ եւ Զանգակատուն գյուղերի միջեւ գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է, որը վարչականորեն պատկանում է Նախիջեւանին։ Մեր զրույցում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարը հերքեց նաեւ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին պարբերաբար տարածվող լուրերը։ Օրեր առաջ սա հերքել է նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը։ Նարեկ Մարտիրոսյան
16:05 - 08 հունվարի, 2021
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը չորեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին, ինչն արդեն 3-րդ նամանատիպ հարձակումն է վերջին 10 օրվա ընթացքում։ Ըստ Սիրիայի պաշտոնական հեռուստատեսության, հարվածները թիրախավորել էին Իրանի հեղափոխական բանակի ռազմակայանները։ Այս մսին հյատնում է reuters.com-ը։ Սիրայի ռազմական խոսնակի հաղորդմամբ, իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանների ու լիբանանյան պրո-իրանական Հեզբոլլահ խմբավորման ռազմական կայանների ուղղությամբ։ Իսրայելի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա, բայց Իսրայելի Պաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավար Ավիվ Քոչավին 2020 թ․ դեկտեմբերին նշել է, որ «իրենց հրթիռային հարվածների նպատակն է դանդաղեցնել Իրանի ուժեղացումը Սիրիայում»։  Վերջին ամիսներին իսրայելական հրթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում, կենտրոնում ու հարավում տեղակայաված զինվորական կայաններին, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվում են Իրանի կողմից աջակցվող ռազմական ուժեր։  Արևմտյան հետախուզական աղբյուրների հաղորդմամբ, վերջին ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումը ստվերային պատերազմի մի մաս է, որը հավանության է արժանացել ԱՄՆ կողմից ու մաս է կազմում վարվող հակա-իրանական քաղաքականության։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:15 - 07 հունվարի, 2021
Քառօրյայից հետո Արմանը մեքենա վարել սովորեցրեց, որ նոր կռվի դեպքում կարողանանք երեխաների հետ դուրս գալ Մարտակերտից

Քառօրյայից հետո Արմանը մեքենա վարել սովորեցրեց, որ նոր կռվի դեպքում կարողանանք երեխաների հետ դուրս գալ Մարտակերտից

Արման Բեկնազարյանը՝ լուսանկարում երրորդը «Անցած տարի ինձ ու Սերգեյին հեռախոս առավ, էս տարի խոսք էր տվել, որ Սասունի համար պիտի առնի։ Սասունն ասում ա՝ մա՛մ, պապան որ սաղ լիներ, ինձ հեռախոս կառներ, չէ՞»։ Մարինեն պատերազմների պատճառով երրորդ անգամ է տեղահանվում Արցախից եւ գալիս Հայաստան։ 1990-ական թվականների ռազմական գործողությունների ժամանակ ընտանիքը եկել եւ հաստատվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Ուսումն այստեղ ավարտելուց հետո եղբոր հետ մեկնել է Մարտակերտ՝ տատին ու պապին խնամելու։ Այնտեղ էլ հանդիպել է Արմանին․ «Ես գիտեի, որ Արմանը զինծառայող է, քաջ գիտակցում էի, որ սպայի կյանքը․․․ ամուսնացա իր հետ, մնացի Մարտակերտում»,- պատմում է Արմանի կինը՝ Մարինեն։ Արմանի ու Մարինեի ծնունդը նույնը օրն է՝ օգոստոսի 4-ին։ Հետագայում նշանվել, որից մեկ տարի անց էլ ամուսնացել էին դարձյալ նույն օրը։ Հետախույզ Արմանը Բեկնազարյանը Մարտակերտից էր․ այնտեղ էր ապրում եւ չէր պատկերացնում իր կյանքն այլ վայրում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արմանն առանց մեկ վայրկյան վարանելու մեկնել է սահման, իսկ կինն ու երկու երեխաները մեկնել են Գորիս՝ ավելի ապահով լինելու համար․ «Այնպես ստացվեց, որ ճանապարհները փակել էին դեպի Մարտակերտ եւ չէին թողնում, որ քաղաք մեքենա մտնի։ Ամեն մարդ իր ընտանիքը դուրս էր բերում Մարտակերտից։ Չկար մի պետական մարմին, որ մեր տարհանման հարցով զբաղվեր, իսկ Արմանը մեկնել էր սահման։ Մնացել էինք բախտի քմահաճույքին։ Բախտի բերմամբ մի տաքսի եկավ Մարտակերտ, ու մենք այդ մեքենայով դուրս եկանք Մարտակերտից։ Սարսափելի օրեր էին․․․  Ամուսինս ենթասպայի կոչում ուներ, քառօրյա պատերազմին, քանի որ իրեն լավ էր դրսեւորել, միանգամից լեյտենատի կոչում էին տվել։ Շատ նվիրված էր աշխատանքին, շատ պարտաճանաչ։ Իսկական սպայի կերպար ուներ՝ խիստ, կարգապահ»։ Այդ օրերին Գորիս տեղափոխվելուց հետո Մարինեն հասկացավ, որ առանց Մարտակերտի ապրել չի կարող եւ նորից վերադարձավ հետ․ «Քառօրյայից հետո Արմանն ինձ սովորեցրեց մեքենա վարել։ Ասաց՝ պետք է սովորես, որ եթե նորից կռիվ լինի, կարողանաս երեխաների հետ դուրս գալ Մարտակերտից։ Մեքենա վարելու մեծ սիրահար չեմ, բայց գիտեի, որ անհրաժեշտ է ու պետք է սովորել։ Այսպես՝ սովորեցի»։  Այդպես էլ եղավ․ այս պատերազմի ժամանակ Մարինեն իր երկու երեխաների եւ մեկ այլ սպայի կնոջ ու երեխաների հետ մեքենայով Արցախից հասավ Երեւան։ Արմանը դիրքեր մեկնելուց առաջ միշտ գազ էր լցնում մեքենան։ Այս անգամ բացառություն եղավ։ Ասում է՝ զգում էր, որ պատերազմի վտանգ կա, բայց ինքն էլ չէր հավատում․ «Արթնացա պայթյունի ձայներից։ Հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Միանգամից երեխաներին վերցրի ու նստեցինք Արմանի մեքենան։ Գազալցակայանը իրենց զորամասին մոտ էր։ Բոլորը գնում էին հակառակ ուղղությամբ, իսկ ես՝ դեպի գազալցակայան։ Գազ լցնելուց հետո բարձրացանք վերին գյուղեր։ Դե ես էլ պրոֆեսիոնալ վարորդ չեմ, բայց հասկանում էի, որ պետք է դուրս գալ այդտեղից։ Մի քանի ընտանիքով գնացինք մի տուն։ Այդտեղ դեռ մարդիկ պահածոներ էին սարքում, ապրում էին սովորականի պես։ Հույս ունեինք, որ շուտով ամեն ինչ կվերջանա, հետ կգնանք մեր տները։ Հաջորդ օրը հարվածային ԱԹՍ էր շրջում երկնքում, հասկացանք, որ այստեղ էլ ապահով չէ։ Գիշերեցինք Արմանի բարեկամի տանը․ հաջորդ օրը մեկնեցինք Վարդենիս։ Ճանապարհը ցույց էր տալիս Լիլիթը՝ ընկերուհիս։ Ինքն իմ աչքերն էր ամբողջ ճանապարհին, իսկ ես վարում էի մեքենան։ Դրա հաջորդ օրը Վարդենիսում նույնպես պայթյուններ եղան։ Հասկացա, որ այդտեղ էլ ապահով չէ, եւ երեխաներիս հետ եկանք Երեւան»։  Երեւանում Մարինեն բարեկամներ չունի, բայց իրենց տանը շատ զինվորների ծնողների էին հյուրընկալել, եւ նրանցից մեկն էլ իրենց հյուրընկալեց Երեւանում։ Նրա օգնությամբ Մարինեն գտավ Գեւորգ Գասպարյանին, որն իրենց եւ 5 այլ ընտանիքների ապահովեց տնով․ «Մոտ երկու ամիս ապրեցինք այդտեղ։ 17 հոգով էինք բնակվում։ 2 ամիս շարունակ որեւէ բանի կարիք չունեցանք։ Գեւորգը մեզ ապահովում էր ամենով, ինչն անհրաժեշտ էր։ 6 ընտանիք էինք, բոլորիս ամուսիններն էլ կռվում էին։ Հետո իրենց ամուսինները եկան եւ իրենց տարան․․․ ես մնացի միայնակ»։ Արմանը 17 տարի դիրքապահ է եղել։ Դիրք իր երկրորդ տունն էր, զիվորները՝ երեխաները։ Խիստ էր, որ զինվորները ողջ-առողջ  գնային տուն․ «17 տարվա սպա էր, բայց ոչ մի զոհ երբեք չէր ունեցել։ Դա իր խստության ու կարգ ու կանոնի արդյունքն էր»։ Երկար տարիներ բանակային սնունդ օգտագործելու պատճառով Արմանը ստամոքսի հիվանդություն էր ձեռք բերել․ «Ասում էր, որ դիրքերից իջնի, կգնանք բուժվելու։ Էն գնալն էր, որ գնաց․․․»։ Արմանն ընկավ հոկտեմբերի 21-ին՝ տանկի կրակոցից։ Ասում են՝ տանկն ուղիղ իր վրա է կրակել․ «Ամեն դեպքում ինքն իր կյանքի գնով պահել է դիրքը, չի հանձնել»։ Արմանն ընտանիքի երկրորդ զոհն էր։ 16 տարեկան հասակում ականի պայթյունից զոհվել է նրա եղբայրը՝ Սերգեյ Բեկնազարյանը։ Ե՛ւ Արմանը, ե՛ւ Մարինեն ծնողազուրկ են։ Հույսները իրար վրա էին դնում։ Արմանն ասում էր, որ Մարինեն իր ընկերն է, քանի որ իր բացակայության ժամանակ ե՛ւ տան կինն է, ե՛ւ տղամարդը։ Մարինեն 1 տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ Ասում էր՝ երբ տեսնում եմ, թե ինչպես է Արմանը դաստիարակում երեխաներին, ուրախանում եմ։ Կյանքում ամեն ինչ ձեռք ձեռքի տված են արել։ Փորձել են իրենց երեխաներին տալ այն, ինչի կարիքը իրենք էլ ունեցել են․ «Կյանքում ամեն ինչ կտայի, որ էն ճանապարհը, որը ես եմ անցել, իմ երեխեքը չանցնեին, բայց արի ու տես, որ երազելը շատ քիչ է․․․ Հրաշալի ամուսին ունեի, առանց իրեն անզոր եմ։ Երբ մամաս մահացավ, ասացի՝ անթեւ մնացի, ասաց՝ ես կլինեմ քո թեւը, ես կլինեմ քո ուժը։ Փորձում եմ ինքս ուժեղ լինել, բայց բացի ուժեղ լինելուց մարդ պետք է երջանիկ էլ լինի։ Աստծուց խնդրում եմ, որ ձեռքս բաց չթողնի, գոնե աստված լինի կողքիս։ Քաջ գիտակցում եմ, որ ո՛չ ամուսին ունեմ, ո՛չ տուն, ո՛չ հայրենիք։ Որ մի քիչ երկար եմ մտածում, խելագարվում եմ։ Փորձում եմ, ամեն դեպքում, հանուն երեխաներիս ապրել, որ կարողանամ ծնկածս տեղից ելնել։ Ես նահանջելու իրավունք չունեմ»։ Նարեկ Մարտիրոսյան
11:31 - 05 հունվարի, 2021
Վարդագույն քաղաքի անգույն ամանորը․ նկարներ Երեւանի վարչական շրջաններից

Վարդագույն քաղաքի անգույն ամանորը․ նկարներ Երեւանի վարչական շրջաններից

2020-ի ավարտին շատերս էինք սպասում։ 2021 թվականն էլ առավել սպասելի է․ այն լի է հույսերով ու, միեւնույն ժամանակ, անկանխատեսելիությամբ։  Տարին սկսվեց համաշխարհային համավարակով ու մեզ համար փակվեց պատերզամով՝ պարտությամբ, մարդկային ցավալի կորուստներով ու Արցախում տարածքային զիջումներով։ Ամանորյա տրամադրությունն այս տարի բացակայում է. չկա ամենամյա զարդարանքը, փողոցներում նկատելի կերպով քչացել է ամանորյա իրարանցումը, իսկ հրաշքին սպասելու ակնկալիքները շատերի մոտ հօդս են ցնդել։ Մշտապես այդքան սպասելի ձյունն անգամ տրամադրություն չարթնացրեց։  Մենք շրջել ենք Երեւանի վարչական շրջաններում, մի քանի կադրեր հավաքել «ամանորյա» մայրաքաղաքից։ Երևանի սրտում չեն վառվի տոնածառի լույսերը։ Նախկին բազմաոճ զարդարանքն այս տարի չկա։ Հարթակները, որոնց վրա նախորդ տարիներին դրվում էին թաղամասների տոնածառերը, այսօր դատարկ են։ Գարեգին Նժդեհի հրապարակի նոր լուսավորված շենքերն անգամ տոնական տրամադրություն չեն ստեղծում։ Բառի ընկալումն այլևս առաջվանը չէ։ Թեեւ այս տարի քաղաքը ասոցացվում է մռայլ գույների հետ, սակայն մեզ հաջողվել է գտնել նաև ամանորյա հրաշքի տրամադրող լուսավոր անկյուններ։ Սեդա Առաքելյան
21:53 - 31 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի հսկողության տակ անցած 193 բնակավայրերը. ամփոփ տվյալներ

Ադրբեջանի հսկողության տակ անցած 193 բնակավայրերը. ամփոփ տվյալներ

Նոյեմբերի 10-ի՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումով Արցախի 121 համայնք անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց հիշյալ բնակավայրերի ամբողջական ցանկ, համաձայն որի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից 50-ը՝ բացառությամբ Բերձոր, Աղավնո, Սուս եւ Քարեգահ համայնքների: Ընդհանուր առմամբ՝ Քաշաթաղի շրջանում կա 109 բնակավայր, որոնցից Ադրբեջանի վերահսկողության տակ են 102-ը։ Infocom-ը ներկայացնում է Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի, դրանց արդեն նախկին բնակչության վերաբերյալ ամփոփ տվյալներ՝ հիմնվելով Հակոբ Ղահրամանյանի՝ 2015 թվականին հրատարակված «ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի տեղեկատու» գրքում առկա տեղեկությունների վրա։ Այսպես, Քաշաթաղի ընդհանուր բնակչությունը կազմել է 10․380 մարդ, որից 7770-ը տեղաբաշխված են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ընդհանուր եղել է 2884 տնտեսություն, որից 2162-ը նույնպես տեղաբաշխված են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։  Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Համաձայն Արցախի տեղեկատվական շտաբի ներկայացրած աղյուսակի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում Մարտակերտի շրջանի 43 համայնքներից 8-ը։ Ընդհանուր առմամբ՝ Մարտակերտի շրջանում կա 64 բնակավայր։ Այս շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 13 բնակավայրերի բնակչության թվաքանակը կազմել է 2915 մարդ, կար 866 տնտեսություն։ Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Շահումյանի շրջանը կազմված է 52 համայնքից, որոնց մի մասը նախկինում եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մի մասն էլ 90-ականների պատերազմից հետո չի բնակեցվել։ Շահումյանի շրջանում ընդհանուր առմամբ բնակեցված է եղել 16 համայնք (19 բնակավայր)։ Կառավարության հրապարակած ցանկի համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել բոլոր 16 համայնքները։ Սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, Չարեքթար եւ Ակնաբերդ համայնքները մնում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Այսպիսով՝ Ադրբեջանին են անցնում Շահումյանի շրջանի 14 համայնքներ (17 բնակավայրեր)։ Այս 14 համայնքների բնակչության թվաքանակը կազմել է 2759 մարդ, կար 556 տնտեսություն։ Հադրութի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Հադրութի շրջանի 30 համայքներից 28-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այստեղ բնակավայրերի թիվը 48 է, որոնցից 5-ը բնակեցված չեն եղել։ Այսպիսով՝ Հադրութի շրջանից Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 42 բնակավայր։ Նշված բնակավայրերում բնակչության թվաքանակը կազմել է 11․936 մարդ, եղել է 3346 տնտեսություն։ Հադրութի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումով Ադրբեջանի հսկողության տակ անցան նաեւ Շուշիի շրջանի Շուշի, Քարին տակ եւ Քիրսավան բնակավայրերը։ Այս երեք բնակավայրերի բնակչության թվաքանակը կազմել է 5106 մարդ, կար 1772 տնտեսություն։ Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Ասկերանի շրջանից Ադրբեջանի հսկողության տակ է անցել 8 բնակավայր։ Այս բնակավայրերի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է 2609 մարդ, եղել է 644 տնտեսություն։ Ասկերանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Ցանկի համաձայն՝ 7 բնակավայր էլ Մարտունու շրջանից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս բնակավայրերի բնակչության թվաքանակն ընդհանուր կազմել է 2598 մարդ, կար 643 տնտեսություն։ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Ընդհանուր առմամբ, Արցախի բնակավայրերի ընդհանուր թիվը 380 է, որից 33-ը բնակեցված չի եղել, 29-ը նախկինում եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ահա այս պատերազմից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համայնքներից եւս 193-ն անցան Ադրբեջանին։ Փաստացի, Արցախի՝ հայկական վերահսկողության տակ եղած 351 բնակավայրերից Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 193 բնակավայր կամ Արցախի բնակավայրերի 55%-ը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների ընդհանուր թիվը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերին առավել պատկերավոր եւ մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված քարտեզի միջոցով։ Դիտել Google Earth-ի միջոցով   Նարեկ Մարտիրոսյան
19:08 - 31 դեկտեմբերի, 2020
«Խնդրում եմ, որ լինի խաղաղություն»․ արցախցի փոքրիկների «Ձմեռ պապիկն» այս տարի մոսկվայաբնակ Թուխմանն ու Ալեքսանդրան են

«Խնդրում եմ, որ լինի խաղաղություն»․ արցախցի փոքրիկների «Ձմեռ պապիկն» այս տարի մոսկվայաբնակ Թուխմանն ու Ալեքսանդրան են

«Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ լինի խաղաղություն, որպեսզի աշխարհում երբեք պատերազմ չլինի… Բոլոր արցախցիները վերադառնան իրենց տները»։ Սա արցախցի Ալենի նամակն է Ձմեռ պապիկին։ Ալենը պատերազմի ժամանակ Կարմիր Շուկայից տեղափոխվել էր Ստեփանակերտ․ այս տարի նրա նամակը, ինչպես շատ երեխաներինը, տարբերվում է նախորդներից։ Նամակներից շատերում նրանք ուզել են ոչ թե խաղալիքներ, այլ միայն իրենց տունը՝ Շուշիում, Ադրբեջանին հանձնված այլ բնակավայրերում։ Փոքրիկների այս անմեղ ցանկության հասցեատերն էլ է այսօր Ձմեռ պապը, այլ ոչ իրենց հարազատները, կառավարությունները։ Արցախցի շուրջ 300 երեխաների «Ձմեռ պապիկն» այս տարի մոսկվայաբնակ Թուխմանն ու Ալեքսանդրան են։ Նրանց միավորել է մեկ նպատակ՝ օգնել Արցախին։ «Help Artsakh» («Օգնել Արցախին») նախաձեռնությունը մեկ ամիս է, ինչ կյանքի է կոչվել։ Գաղափարը Թուխմանինն է, որը միավորեց 6 երիտասարդների, որոնք իրենց ուսերին պատասխանատվություն վերցրին՝ արցախցի երեխաներին ամանորյա փոքրիկ հեքիաթ պարգեւել։ Արցախցի տեղահանված երեխաների ցուցակները ստանալու հարցում նախաձեռնությանն օգնել է Արցախի կառավարությունը։ Help Artsakh նախաձեռնության երիտասարդները ստացել ու սոցցանցերում հրապարակել են 300-ից ավելի նամակ՝ հովանավորներ գտնելու ակնկալիքով։ Արձագանքն անսպասելի է եղել նույնիսկ նախաձեռնության անդամների համար։ Պարզվեց՝ երեխաներին նվերներ անելու ցանկություն ունեին շատերը․ սկսեցին օգնել նախաձեռնությանը ե՛ւ դրամական աջակցությամբ, ե՛ւ նամակներում երեխաների ուզած նվերները գնելով։ Սկզբում շուրջ 100 երեխա ստացավ իր նվերը՝ պատասխան նամակի հետ միասին։ Նախաձեռնությանն օգնեցին նաեւ դրամական աջակցությամբ․ հավաքվեց 2 մլն դրամից ավելի գումար, որը նույնպես ուղղվեց արցախցի երեխաների ամանորյա նվերներին։  Նկարում Տիգրանն է։ Նա այն 100 երեխաներից մեկն է, ում արդեն հասել է իր նվերը։ «Երբ կարդացի Տիգրանի նամակը, շատ հուզվեցի։ Գրել էր, որ հայրը գերի է ընկել, եւ ինքը ոչինչ չի ուզում՝ հորից բացի։ Գրել էր՝ Ձմեռ պապ, խնդրում եմ իմ հայրիկին վերադարձրու տուն։ Նույնիսկ չգիտեինք՝ ինչ տալ Տիգրանին, որովհետեւ հասկանում էինք, որ ինքն ուրիշ ոչինչ չի ուզում։ Որոշեցինք I-Pad նվիրել։ Նայում էի Տիգրանի աչքերի մեջ, հասկանում էի, որ ինքն ուրախ է նվերը ստանալու համար, բայց չի կարողանում նույնիսկ ժպտալ»,- պատմում էր Ալեքսանդրան։ Այսօր խումբը մեկնում է Արցախ․ Ստեփանակերտում շուրջ 200 երեխա սպասում է իր նվերներին։ Վաղն արդեն երեխաները կստանան իրենց ամանորյա նվերները։ Երեխաները չպետք է զրկվեն ամանորյա հեքիաթից՝ անկախ ամեն ինչից։ Նարեկ Մարտիրոսյան
18:24 - 29 դեկտեմբերի, 2020
Ոչ թե պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

Ոչ թե պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

Հեղափոխական էյֆորիայի պայմաններում մեր քաղաքական թիմը պարտվել է Կապանի, Աբովյանի քաղաքապետարանի և մի շարք այլ ՏԻՄ ընտրություններում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե եթե իրենք անցկացնեն ընտրությունները, կկեղծեն դրանք։   «Մեզ ասում են մենք ձեզ հետ խոսելու ոչ մի բան չունենք։ Մենք չենք առաջարկում մեզ հետ խոսել, առաջարկում ենք խոսել ժողովրդի հետ։ Այս ընթացքում ընդդիմությունն ունեցել է բոլոր հնարավորությունները վարչապետի հրաժարականի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովելու։ Նրանք ունեն լրատվական, ֆինանսական, կազմակերպչական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարությունը, բայց ակնհայտ է, որ այդ պահանջը հրապարակում առնվազն չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության։ Մենք մեզ համար ասում ենք, որ մեզ համար էլ է կարևոր, որ գնանք  կանգնենք ժողովրդի առաջ և մեր ասելիքն ասենք։ Ոչ թե պետք է անընդհատ պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն»,- նշեց նա՝ դարձյալ նշելով Կապանի և Աբովյանի ընտրությունները։ Վարչապետի խոսքով՝ այո, կառավարությանը չեն վստահում, բայց ընդդիմությանն ավելի շատ չեն վստահում, դրա համար է ինքն առաջարկում արտահերթ ընտրությունների գնալ, տեսնել՝ ում և ինչքան են վստահում։ Սգո երթի ժամանակ վարչական լծակներ կիրառելու մասին պնդումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ապացույց ներկայացնել՝ պնդելով, որ նման բան չի կարող լինել։ Նա նշեց, որ ընդդիմությունը չի կարողացել իր թեզն ապացուցել, ինչը հանգեցրել է ծանր ճգնաժամի ՀՀ-ում։ «Տեսեք՝ հրապարակում հավաքված ընդդիմության պահանջներին աջակցող ինչքան հայտարարություններ են եղել, ընդ որում, այդ հայտարարություններն արել են էլիտայի ներկայացուցիչներ։ Այս պրոցեսը բացահայտել է էլիտայի ճգնաժամն իրականում։ Այս պրոցեսը ցույց է տվել, որ մինչև 2018-ը գոյություն ունեցած և դեռ գոյություն ունեցող էլիտան, վերնախավը կապ չունի ժողովրդի հետ։ Իմ կարծիքով՝ դա պսևդո էլիտա է, որն ունի կարգավիճակ, բայց չունի հեղինակություն։ Այդքան մարդիկ, ինստիտուտներ հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, բայց մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու։ Դա նշանակում է այդ վերնախավի, պսևդո վերնախավի նկատմամբ անվստահություն։ Ինչ-որ մեկը հայտարարություն է անում, ասում են՝ սրանք կաշառքով գնահատական դնողներն են, սրանք գրագողությամբ թեկնածուական, դոկտորական են պահանջել, իրենք են։ Բանակի նախկին պաշտոնյանե՞րն են արձագանքում՝ հա, սրանք այն մարդիկ են, որ զինվորի հացը գողացել են և իրենց համար դղյակներ և բարեկեցություն են կառուցել։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են հայտարարություն տարածում, սրանք այն մարդիկ են, որ 25 տարի մարդկանց գլխին գործ են սարքել, ես մարդկանց խոսքն եմ փոխանցում»,- նշեց վարչապետը։ Վարչապետն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությանը՝ ասելով, որ ընդդիմության՝ այդ ձայնագրությունով պայմանավորված քարոզչությունը մի քաղաքացի «ջախջախել է» մի նախադասությամբ, թե «վեց միլիարդ կար, բանակի վրա ծախսեիք» (ձայնագրությունում Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանին կարող է տալ 6 միլիարդ դոլար Արցախից հրաժարվելու համար - խմբ․)։ «Ես չեմ ասում՝ ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ ես թիվ մեկ մեղավորը չեմ։ Ասում են՝ հեղափոխությունից հետո եկած իշխանությունը Արցախի հարցի բանակցային գործընթացում ունեցել է անհաջողություններ։ Ասում եմ՝ 2018-ից առաջ բանակցություններ արվել են ժամանակ ձգելու համար։ Հիմա հարց․ ժամանակ ինչքան կարելի է ձգել։ Դիվանագիտական հաջողությունն այն է, որ ժամանակ է ձգվե՞լ։ ժամանակ չի ձգվել, ոչ մեկը թող հույս չունենա, թե ինքն էնքան խելոք է եղել, որ ժամանակ է ձգել։ Ադրբեջանը պարզապես պատրաստ չի եղել պատերազմի, և այն ընթացքում, որ այստեղ դղյակներ էին կառուցվում, այնտեղ զենք-զինամթերք էր ձեռք բերվում ոչ թե ութսունականների, այլ ժամանակակից։ Պետք էր փորձել բանակցային գործընթացում շատ թե քիչ տանելի դիրքեր ունենալ, որովհետև գործընթացը մենք ժառագել ենք այն կետում, որ յոթ շրջանները պետք է անվերապահորեն վերադարձվեն, և դա ընդունել է Հայաստանը պաշտոնապես, հրապարակային, և ԼՂ կարգավիճակի հարցը դրվել է մի կետում, երբ ասում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող է ունենալ, եթե դրան համաձայնի Ադրբեջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ իրենք կարող էին պատերազմը կանխել մոտավորապես նույն արդյունքներով՝ ներառյալ Շուշին՝ ընդգծելով, որ Շուշիի վերաբերյալ բանավեճը իր համար հասկանալի չէ։ «Ողջ բանակցային գործընթացում առանցքային դրույթներից մեկը եղել է փախստականների վերադարձը ԼՂ։ Սա նշանակում է, որ ԼՂ համար կանխորոշվել է Նախիջևանի ճակատագիր։ Այսինքն՝ երբ ասվում է՝ համաձայնեք, որ փախստականները վերադառնան Շուշի՝ 95 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ։ Խնդիրը հետևյալն է, մենք պիտի՞ փորձեինք դիմադրել և դիմակայել, որ մեր շահերը մի քիչ ավելի լավ պաշտպանվեին, իմ կարծիքով՝ այո, ունեի՞նք հնարավորություն այդ շահերը պաշտպանելու, այո, ունեինք, որովհետև հիմա ընդդիմախոսներն էլ են ասում, որ պատերազմը հաղթելու հնարավորություն կար, հաղթելու մասին չէ խոսքը, առնվազն մեզ համար շատ թե քիչ տանելի պայմաններով պատերազմն ավարտելու մասին։ Իսկ ինչ կապ ունեն դրվագները, որ մտնում են խրամատներ, ասում են՝ Նիկոլը ծախել է հողերը, կամ ինչ կապ ունի այս ամենի հետ, երբ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա, ըստ վկայությունների, Հադրութի փողոցից փողոցային լամպերն է հանում, տանում Երևան»,- պատմեց վարչապետը։ Դառնալով ընտրությունների թեմային՝ վարչապետը դարձյալ ասաց, որ իրենք «Իմ քայլը» դաշինքի հետ կարող էին կազմակերպել դրանք, բայց ինքը ցանկանում է քննարկումներ ունենալ, որովհետև եթե, օրինակ, ընտրական օրենսգրքի մասին ինքն ունի պատկերացումներ, ուզում է լսել նաև այլ կարծիքներ դրա վերաբերյալ։ «Դատական համակարգը իմ ասած պսևդո էլիտայի մասն է դարձել։ Եկեք, օրինակ, որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր ենք գնում ընտրությունների։ Սա առաջարկ է, պարտադրանք չէ»,- հավելեց վարչապետը։ Նա ժամկետներ չնշեց ընտրությունների համար, բայց ընդգծեց, որ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։ 
00:07 - 28 դեկտեմբերի, 2020
Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010-ին ընդունված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը»,- ասաց նա, նաև հակադարձեց ընդդիմության այն պնդմանը, թե դա պետական սահմանին չի վերաբերում՝ ասելով, թե Ադրբեջանի Հանրապետության սահմանները ինչ կապ ունեն ՀՀ ներքին վարչատարածքային բաժանման հետ։ Վարչապետի խոսքով՝ եթե ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ոնց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Նա հարց ուղղեց, թե այսինքն ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն։ «Այսօր տեղի է ունեցել այն, ինչ գրվել է 2010-ին ընդունված օրենքում։ Դա տեղի է ունենում նոր պատերազմից խուսափելու համար։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, դրանց մեջ Զանգիլանն ու Ղուբաթլին էլ էին մտնում, և նկատի է առնվում նույն բանը։ Միջոցները, որ ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության ապահովման համար։ Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնել։ Այն ժամանակ, որ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ պատերազմ, որ կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ կոնկրետ ՌԴ անվտանգային պարտավորությունները Հայաստանի հանդեպ գործարկելու համար որևէ խոչընդոտ չլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ամբողջությամբ այսօր էլ գոյություն ունի։ «Արված գործողությունների արդյունքում կանխվել է պատերազմը Սյունիքում ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, որովհետև մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգության դեպքում կխառնվի նաև ՌԴ-ն։ Սա չի նշանակում, որ չի կարող լինել բանավեճ մի կամ երկու կամ տասը տան վերաբերյալ։ Մոտ 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ։ Ճանապարհների հետ կապված՝ կա բանավեճ։ Մենք ասել ենք՝ եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը աշխատի, հետո կհասկանանք։ Ամենատարբեր տարբերակներ կան բանավեճերը լուծելու, բայց որ ՀՀ տարածքը եղել է և շարունակում է լինել անձեռնմխելի, երկու կարծիք լինել չի կարող»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի կանգնեցվել պատերազմը՝ ընդգծելով, որ պատերազմը կանխելու մեկ ճանապարհ կար՝ 7 տարածքների վերադարձը։  Վարչապետը վերահաստատեց, որ եռակողմ հայտարարության մեջ Սյունիք, միջանցք, Մեղրի բառեր չկան, և կա տրանսպորտային ուղիների դեբլոկացիայի պնդում։ Հարցին, թե այստեղ որն է ՀՀ կարմիր գիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է»։ «Երեկ, օրինակ, Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։ Եթե պարզվի, որ կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ՌԴ-ի, Իրանի հետ Նախիջևանով, դա մեզ համար լավ նորություն կլինի, թե՞ վատ։ Մենք ոնց ենք պատկերացնում, մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք ՌԴ, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»,- ասաց վարչապետը։
23:04 - 27 դեկտեմբերի, 2020
Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Հայ կառուցողական կուսակցության նախագահ․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանում անհրաժեշտ է քաղաքական լյուստրացիա իրականացնել՝ մաքրել պետական համակարգը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ լյուստրացիայի մասին օրինագիծ նախաձեռնելու գործընթացի մեկնարկի համար առնվազն 25 անդամ է պետք։  Այս պահի դրությամբ հավաքագրում են նախաձեռնող խմբի անդամներին՝ հասարակական եւ քաղաքական գործիչների, որոնք կիսում են այդ կարծիքը եւ կարող են կազմակերպչական ներուժ ունենալ՝ քաղաքական լյուստրացիայի մասին օրինագիծն առաջ բերելու համար։ Նախագիծը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, մշակման-ավարտական փուլում է, այն ներկայացվելու է հանրային քննարկման, որպեսզի հստակեցվեն բոլոր դրույթները, հասկանալի եւ ընդունելի լինեն շահագրգիռ ուժերին։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրինագիծը կներկայացվի խորհրդարան, վերջինն էլ կորոշի՝ ընդունել այն կամ մերժել։ Մերժելու դեպքում ավելի շատ քաղաքացիների ստորոագրություններ պետք է հավաքվեն, որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի։  Քանի որ դեռեւս հստակ չէ՝ արտահերթ ընտրություններ երբ կլինեն*, Ղուկասյանը նկատեց՝ նախագիծն ամենայն հավանականությամբ մինչեւ գարուն արդեն կլինի խորհրդարանում, այսինքն՝ կներկայացվի այսօրվա կառավարող ուժին։  Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է հստակեցվի արտահերթ ընտրությունների ժամկետը եւ գործնական քայլեր պետք է արվեն երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար․ «Կարծում եմ, որ այդպիսի պայմանները ներկայումս բացակայում են։ Մասնավորապես, այն ընտրական հանձնաժողովների համակարգը, որը տարիներ շարունակ գործել է Հայաստանում, որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Այն մարդիկ, որոնք ներգրավված էին ընտրությունների արդյունքները կեղծելու, իշխանության յուրացման գործընթացներում, շարունակում են մնալ ընտրական համակարգում եւ դերակատարություն ունենալ։ Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, առանց ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ Հայաստանում ազատ, արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ բնույթ ունեն։ Մենք կարեւորում ենք նաեւ, որ ընտրությունների ձայների հաշվարկը լինի ավտոմատացված, ինչը կբացառի քվեարկության կամ քվեարկության արդյունքում ձայների հաշվարկի ժամանակ մարդկային միջամտությւունը։ Դրանով լրացուցիչ երաշխիքներ ստեղծվեն, որ արդյունքները ճիշտ են հաշվարկվել»։ Արդար ընտրություններ կազմակերպելու համար, ըստ Ղուկասյանի, անհրաժեշտ է, որ հստակեցվի՝ քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ընտրություններում զբաղվել են ընտրակաշառք բաժանելով։ Նրա պնդմամբ՝ «Կուսակցությունների մասին» գործող օրենքն, ըստ էության, այդ խնդիրը չի լուծում․ «Հարկավոր է քաղաքական ուժերի վերագրանցում, ինչը կբացառի այն ուժերի հետագա գործունեությունը, որոնք ընտրակաշառքով տարիներ շարունակ զբաղվել են իշխանության յուրացմամբ կամ սատարել են իշխանության յուրացմանը։ Գլխավոր խնդիրներից մեկն է սա, որովհետեւ խարդախ քաղաքական ուժերի հետ ընտրությունների գնալն արդեն իսկ այդ հանցավոր ուժերի նկատմամբ ինչ-որ կոմպրոմիսային մոտեցման դրսեւորում է․ ըստ իս՝ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել հանցագործների հետ։ Ժողովրդավարական, իրավական պետություն հնարավոր չէ ստեղծել՝ հենվելով կազմակերպված, հանցավոր խմբերի վրա։ Այս խնդիրն առ այսօր օրենսդրական լուծում չի ստացել, քրեաօլիգարխիկ ռեժիմի գնահատականը չի տվել գործող խորհրդարանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր արվող բոլոր առաջարկները նպատակ են հետապնդում իշխող ուժի համար հեշտացնել վերարտադրվելու գործընթացը․ «Այդպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք, շարունակում է պահպանվել այսօր»։ Հայ կառուցողական կուսակցության նախագահի խոսքով, սակայն, այսօր ե՛ւ «Իմ քայլը», եւ փողոցում բողոքի ցույցեր կազմակերպող երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, չունեն երկրում արդար, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իրական մտդրություն։ Նրա համզոմամբ՝ հանրային վստահությունն այդ ուժերի նկատմամբ զգալիորեն նվազել է, ինչը տրամաբանական է, քանզի քաղաքացիները տեսնում են, որ ոչ ոք չի խոսում ժողովրդավարության, ազատ եւ արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու մասին, այլ նշված քաղաքական ուժերը գլխավորապես հետաքրքրքված են իշխանությունը պահելու կամ իշխանության գալու խնդիրները լուծելու հարցերով․ «Նման պայմաններում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը այն վստահելի գործիչները չեն, ում ղեկավարման ներքո կարող են երկրում պատրաստվել ազատ եւ արդար ընտրություններ։ Եթե «Իմ քայլը» դաշինքն իսկապես մտահոգված լիներ այդ խնդրով, ապա այնպիսի թեկնածու կառաջադրեր, որն ունի հանրային համակրանք, եւ ում ազնիվ կեցվածքի, բարեխղճության վերաբերյալ հանրության մոտ կասկած չի կարող առաջանալ։ Տեսնում ենք, որ այդպիսի բան տեղի չի ունենում, «Իմ քայլը» դաշինքը մեկ քաղաքական գործչի շուրջ ստեղծված քաղաքական միավորում է, որը բացի Նիկոլ Փաշինյանից՝ ուրիշ ազդեցիկ քաղաքական գործիչներ չունի թիմի ներսում»։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարությանը եւ պնդումներին, թե հնարավոր է դրա դրույթները գոնե փոքր-ինչ շահեկան դարձնել մեզ համար, Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց, որ ինքը համակարծիք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հետ, որ կապիտուլյացիայի համատեղ որոշումն ընդունելի լինել չի կարող, այն հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ չի կարող դառնալ երկարատեւ եւ ամուր խաղաղության համար հենարան, որովհետեւ ռազմական ճանապարհով որեւէ լուծում այդպիսի հնարավորություն ինքնըստինքյան չի ստեղծում․ «Միայն խաղաղ, սպառնալիքից ազատ բանակցությունների գործընթացը կարող է ապահովել արդար լուծում, որը ժողովուրդների համար կլինի ընդունելի։ Դրա համար ըստ իս՝ կեղծ է պնդումը, որ կարելի է լավացնել անորակ եւ իրավական առումով առոչինչ որոշումը։ Ռեւանշիստական ուժերը պարզապես ասում են դա, որպեսզի մոլորության մեջ դնեն մեր քաղաքացիներին, որոնց նկատմամբ այդ ուժերը շատ մեծ կարծիքի չեն, եւ համարում են, որ մեր քաղաքացիները կարող են միամիտ լինել, եւ որ կարելի է խաբեության միջոցով հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկել։ Ես մերժում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ մարդկանց պետք է միշտ ճշմարտությունն ասել․ դա է քաղաքական գործչի գլխավոր պարտականությունը»։  Ուժով պարտադրված այդ որոշումն, ըստ Ղուկասյանի, առհասարակ մերժելի է, եւ քանի դեռ այն մնում է ուժի մեջ, պատերազմի իրավունքն անցել է Հայաստանին, եւ Հայաստանը պետք է դրան լրջությամբ վերաբերվի՝ իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը կազմակերպելու հարցերում․ «Այդ որոշումը ոտնահարում է մարդկանց իրավունքը, ոտնահարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, արցախահայության իրավունքը եւ բազմաթիվ այլ խնդիրներ է ստեղծում, որոնք անտեսելն անհնար է։ Դա անտեսում են այն ուժերը, ում համար առաջնային է սպասարկել ՌԴ շահերը այս հարցում, ինչն, ըստ իս, չի կարող լինել ազգային քաղաքական գործչի համար ընդունելի մոտեցում»,- շեշտեց Ղուկասյանը։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններն այսուհե՞տ էլ պետք է շարունակվեն Մինսկի խմբի ձեւաչափում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես այսպես եմ գնահատում իրավիճակը․ ձախողվեց ՌԴ հովանու ներքո ռազմական հրադադարի դադարեցման մասին պայմանագիր կնքելու փորձը։ Դեկտեմբերի 3-ի՝ համանախագահող պետությունների ԱԳ ղեկավարների համատեղ որոշումը վկայում է, որ այդպիսի պայմանագիր, այդպիսի համաձայնագիր կարող է կնքվել միայն Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների մասնակցեւթյամբ, այլ ոչ Միայն ՌԴ առաջարկով։ Սա այն կարեւոր դրույթն է, որի վրա, ըստ իս, հնարավոր է կառուցել քաղաքական գիծը։ Մինսկի խումբը շարունակում է մնալ այն ատյանը, որից ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող հրաժարվել, որովհետեւ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ԵԱՀԿ հովանու ներքո, եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայման 1991 թվականին դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակ եվրոպական պետությունները պահանջ դրեցին, որ Խորհրդային միության տարածքում նոր պետությունների անկախությունը ճանաչվելու է միայն այն դեպքում, երբ այդ պետությունները համապատասխանելու են որոշակի չափանիշների։ Չափանիշներից մեկն էլ այն էր, որ գոյություն ունեցող վեճերը պետք է լուծել բացարձակապես բանակցությունների միջոցով, եւ դրա անհնարինության դեպքում նախապես համաձայնվել նաեւ դատական լուծումների»։  Ղուկասյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը մտադիր է հրաժարվել ՄԽ բանակցային գործընթացից, ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարցը լուծելու գործընթացից, ապա անխուսափելի է Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, եւ դրան օժանդակող նախապայման կարող է լինել միջազգային դատարան դիմելու գործընթացը, որը, ըստ մեր զրուցակցի, կբացահայտի, որ 1992 թվականի հունվարին Արցախի Հանրապետության անկախության հռչակումը միջազգային օրենքի տեսակետից եղել է օրինական գործողություն․ «Ես կարեւոր կհամարեի, որ ՀՀ-ն զեկույց ներկայացներ ՄԱԿ-ում՝ ցույց տալով այս ագրեսիայի ողջ մանրամասներն աշխարհին, պատերազմի ժամանակ հումանիտար իրավունքի խախտումները՝ առաջ բերելով այն փաստը, որ ուժով եւ ուժի սպառնալիքով ՀՀ-ին հարկադրվել է համակերպվել Արցախի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի հետ եւ ոտնահարված է այսօր ոչ միայն արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունը, այլ նաեւ անվտանգությունը։ Բայց վստահ եմ, որ այսօրվա կառավարությունը երբեք նման քայլ չի անի, քանի որ այս հարցում սպասարկում է ՌԴ շահերը։ ՌԴ առաքելությունն Արցախում չի կարող ապահովել արցախահայության համար խաղաղ եւ անվտանգ ապրելակերպ, որովհետեւ Արցախի բոլոր խոշոր բնակավայրերն Ադրբեջանի ԶՈւ-երի անմիջական կրակային հսկողության տակ են։ Նման պայմաններում խոսել, որ սա այսպես կարելի է մարսել եւ դա պետք է ընդունել որպես ելակետ` Ադրբեջանի հետ հարաբերություններում, ու շարժվել առաջ, անընդունելի է»։ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանն իրականում կարող է միջազգային հարթակներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թե՛ ՄԽ-ում, թե՛ ԵԱՀԿ-ում, թե՛ ՄԱԿ-ի հարթակում ակտուալ կդարձնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը` կատարված ագրեսիայի համար, եւ նաեւ առաջ կքաշի արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու անհրաժեշտության հարցը։ Մեր զրուցակիցը չի համարում, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան այդքան ներուժ ունեն տապալել ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի որոշման այս գործընթացը, այլ ընդամենը ձգտում են իրենց համար հարմարեցնել այս իրավիճակը եւ համատեղել ՄԽ գործընթացի հետ։  Իսկ թե ինչ պետք է խոսի հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ, ինչ փաստաթղթի հիմքով պետք է քննարկումներ լինեն, Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները, որի մոտեցումները բազմիցս հայտարարել են գերտերությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները։ Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է պնդի, որ այդ դրույթներն իրականանան, պետք է պնդի նաեւ, որ Շահումյանի շրջանը բնակեցվի հայերով, ինչպես եղել է մինչեւ պատերազմը․ «Այսինքն, որքանով ընդունվում են Ադրբեջանի փախստականների իրավունքները` վերդառանալ Ջաբրայիլ, Կուբաթլու կամ մյուս շրջանները, նույն լիարժեքությունը ունի հայերի իրավունքը՝ Շահումյանի շրջան վերադառնալու։ Արցախի Հանարապետության անկախությունը հռչակված է եղել ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի տարածքներում, եւ այդ գործողությունը եւ քաղաքական ակտը, ըստ իս, չի հակասում միջազգային իրավունքին։ Բոլոր այն տարածքները, որոնք այսօր օկուպացրել է Ադրբեջանը, պետք է ազատվեն, եւ հայերը հնարավորություն ունենան այդտեղ ազատ եւ արդար, բնականոն զարգանալու։ Սա պետք է լինի ՀՀ պնդումը, ինչպես նաեւ միջանցքը, որը պետք է կապի Արցախը Հայաստանի հետ, պետք է ունենա ողջամիտ անվտանգ լայնություն եւ դա եւս բանակցային հարց է ու հանդիսանում է Մադրիդյան սկզբունքների կետերից մեկը։ Այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ ՀՀ օրակարգը ՄԽ ձեւաչափում մեծ հաշվով այն է, ինչ եղել է, կարող է ավելի ամուր լինել Շահումյանի շրջանի հարցում, եւ այստեղ մենք ունենք բավականին ներուժ՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից աջակցություն ունենալու, որովհետեւ այս դիրքորոշումը հաստատում են նաեւ այդ պետությունները»,- եզրափակեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ * Հարցազրույցն արվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ սկսելու հայտարարությունից ժամեր առաջ։ Ասպրամ Փարսադանյան
17:15 - 26 դեկտեմբերի, 2020
Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Այս մասին այսօր հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Բայց այդ հարյուր հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են։ Մեկը մեկին չի վստահում, մեկը՝ մյուսին»,- հավելեց նա։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, երկուսուկես տարի առաջ ոտքի է կանգնել՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։ «Բայց ժողովուրդը այդ վիճակից դուրս կգա։ ՀՀ-ում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ-ում կան մարդիկ, որոնք աջակցում են իրեն՝ Մանուկյանն ասաց, որ ցանկացած երկրում ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում՝ հավելելով դա նշանակություն չունի, Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, երկիրը կործանել է։ «Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք, հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որ պետք է ֆիքսեն այդ սահմանները։ Հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները վերադարձնելու։ Ամեն օր մի բան կորցնում ենք մենք։ Պատերազմը շարունակվում է»,- ասաց նա։
12:36 - 24 դեկտեմբերի, 2020
Այսօր կհրապարակվի 60 քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց․ Արտակ Բեգլարյան

Այսօր կհրապարակվի 60 քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց․ Արտակ Բեգլարյան

Այսօր կհրապարակվի քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց։ Մեր արձանագրմամբ՝ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39 պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետեւանքով՝ հեռահար հարվածների հետեւանքով, եւ 21-ը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարված քաղաքացիների սպանության դեպքերն են։ Ամփոփ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ զոհերի մեծամասնության մարմիններն առկա են, սակայն սա նախնական թիվ է, քանի որ տարբեր տվյալներ ունեն, բայց ճշտված, չհաստատված վկայություններ այլ զոհերի վերաբերյալ, դրա համար հրապարակվելու է ճշգրտված թիվը։ Բեգլարյանը նաեւ հայտնեց, որ այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած ու բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած անձ կա։ Նրանցից մի մասը տարբեր տեղեկություններով բարձր հավանականությամբ էլի սպանվել է, մի մասով հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են, մի մասն էլ անհետ կորած է։
12:08 - 23 դեկտեմբերի, 2020
Քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ հույս ունեմ՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն․ Արտակ Բեգլարյան

Քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ հույս ունեմ՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն․ Արտակ Բեգլարյան

Մեր հաշվարկներով՝ մինչեւ 40 հազար անձ անօթեւան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետեւանքով օկուպացված  տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է․ նրանք ունեն շատ լուրջ կարիքներ, առաջնահերթ՝ կացարանի խնդիր։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ Արցախի գործադիր իշխանությունում նոր աշխատանքի անցնելու համար։ Բեգլարյանը հայտնեց, որ պետք է լուծել անօթեւան մնացած անձանց՝ դեռեւս ժամանակավոր կացարանի հարցը․ «Այստեղ կառավարման խնդիրներն ակնհայտորեն քիչ չեն, որից հետո արդեն երկարաժամկետ ծրագրերով պետք է լուծել բնակարանների հարցը»։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․  «Մեզ մոտ սոցիալ-հոգեբանական շատ լուրջ խնդիրներ կան, ուղիղ առումով տուժած անձանց մոտ՝ զոհերի հարազատների, վիրավորների, նրանց հարազատների, կորածների ու գերիների հարազատաների, վերադարձած գերիների, եւ, ընդհանրապես, պատերազմական գործողություններին առնչված անձանց մոտ, եւ հատկապես երեխաների։ Սա նշանակում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ունեն շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, ինչը երկարաժամկետ առումով հանրային առողջության վրա բացասականորեն ազդոց համակարգ է»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ պետական կառավարման ներքո եւ հասարակական սեկտորի էական ընդգրկվածության միջոցով շատ արագ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձեւավորվեն՝ հոգեբանական տռավմաները կառավարելու կամ վերացնելու ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն։
11:50 - 23 դեկտեմբերի, 2020
Ես ասել եմ՝ չեմ ուզում մասնակցել հանրահավաքին, ինձ պատասխանել են՝ ուրեմն չես կարող աշխատել այստեղ․ Toyota Yerevan-ի աշխատակից Գոռ Մելիքբեկյան

Ես ասել եմ՝ չեմ ուզում մասնակցել հանրահավաքին, ինձ պատասխանել են՝ ուրեմն չես կարող աշխատել այստեղ․ Toyota Yerevan-ի աշխատակից Գոռ Մելիքբեկյան

Toyota Yerevan ընկերության աշխատակից Գոռ Մելիքբեկյանն ու իր գործընկերները բանավոր զգուշացում են ստացել՝ Հանրապետության հրապարակում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին չմասնակցելու պարագայում ազատվելու են աշխատանից։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մելիքբեկյանը՝ հավելելով, որ այս պահին դեռեւս աշխատանքից ազատվելու մասին հրամանագիր ստորագրված չէ։ Նա նշեց, որ ընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, կապ չունի հրահանգի հետ, եւ որ սա «վերեւից» եկած հրաման է՝ «ով մասնակցում է՝ լավ, ով ոչ՝ դուրս է գալիս աշխատանքից»․ «Ես պատասխանել եմ, որ չեմ ուզում մասնակցել հանրահավաքին, պատճառներ չեմ ներկայացրել, ինձ էլ պատասխանել են՝ ուրեմն չես կարող աշխատել այստեղ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ դեռեւս աշխատանքից ազատման դիմում չի գրել։ Մելիքբեկյանը պարզաբանեց, որ բարձրաձայնում է եղելության մասին, քանի որ կարեւոր է համարում, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ մակարդակով է կազմակերպվել հանրահավաքը․ «Խնդրի մասին չեմ բարձրաձայնում, որպեսզի վերականգնեմ աշխատանքս, դա ինձ պետք չէ, եթե հարաբերություններ են փչանում, ոչ ֆորմալ հարաբերություններ են մտնում աշխատանքային մթնոլորտ՝ իմաստ չունի աշխատելը։ Նպատակս այն է, որ հանրությունն իմանա, որ մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի։ Մյուս բոլոր գործընկերներս էլ, որոնք գնացել են, նույնպես դեմ են դրան, գնում են՝ զուտ հացի գումարը չկորցնելու համար։ Աշխատանք կորցնել-չկորցնելու գերխնդիր չկա»։ Գոռ Մելիքբեկյանը մեր հարցին ի պատասխան մանրամասնեց, որ չորս տարիների աշխատանքային գործընթացքում որևէ խնդիր չի եղել, չի եղել դեպք, որ իր աշխատանքային պարտավորություններից ավելին պահանջեն․ «Այս անգամ պարզ երեւաց, որ վերեւից եկած հրաման է։ Ես ու իմ մի քանի գործընկերներ այլեւս չենք ցանկանում վերադառնալ աշխատանքի, բայց քանի որ դեռեւս փաստացի ազատված չենք պարտականություններից, հավելյալ մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,- երզափակեց Toyota Yerevan-ի աշխատակից Գոռ Մելիքբեկյանը։ Toyota Yerevan ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեկնաբանություն ստանալու դեպքում կհրապարակենք նաեւ կազմակերպության դիրքորոշումը։ Ասպրամ Փարսադանյան
18:20 - 22 դեկտեմբերի, 2020