Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան
23:04 - 27 դեկտեմբերի, 2020

Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010-ին ընդունված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը»,- ասաց նա, նաև հակադարձեց ընդդիմության այն պնդմանը, թե դա պետական սահմանին չի վերաբերում՝ ասելով, թե Ադրբեջանի Հանրապետության սահմանները ինչ կապ ունեն ՀՀ ներքին վարչատարածքային բաժանման հետ։

Վարչապետի խոսքով՝ եթե ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ոնց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Նա հարց ուղղեց, թե այսինքն ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն։

«Այսօր տեղի է ունեցել այն, ինչ գրվել է 2010-ին ընդունված օրենքում։ Դա տեղի է ունենում նոր պատերազմից խուսափելու համար։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, դրանց մեջ Զանգիլանն ու Ղուբաթլին էլ էին մտնում, և նկատի է առնվում նույն բանը։ Միջոցները, որ ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության ապահովման համար։ Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնել։ Այն ժամանակ, որ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ պատերազմ, որ կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ կոնկրետ ՌԴ անվտանգային պարտավորությունները Հայաստանի հանդեպ գործարկելու համար որևէ խոչընդոտ չլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ամբողջությամբ այսօր էլ գոյություն ունի։

«Արված գործողությունների արդյունքում կանխվել է պատերազմը Սյունիքում ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, որովհետև մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգության դեպքում կխառնվի նաև ՌԴ-ն։ Սա չի նշանակում, որ չի կարող լինել բանավեճ մի կամ երկու կամ տասը տան վերաբերյալ։ Մոտ 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ։ Ճանապարհների հետ կապված՝ կա բանավեճ։ Մենք ասել ենք՝ եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը աշխատի, հետո կհասկանանք։ Ամենատարբեր տարբերակներ կան բանավեճերը լուծելու, բայց որ ՀՀ տարածքը եղել է և շարունակում է լինել անձեռնմխելի, երկու կարծիք լինել չի կարող»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը դարձյալ անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի կանգնեցվել պատերազմը՝ ընդգծելով, որ պատերազմը կանխելու մեկ ճանապարհ կար՝ 7 տարածքների վերադարձը։ 

Վարչապետը վերահաստատեց, որ եռակողմ հայտարարության մեջ Սյունիք, միջանցք, Մեղրի բառեր չկան, և կա տրանսպորտային ուղիների դեբլոկացիայի պնդում։ Հարցին, թե այստեղ որն է ՀՀ կարմիր գիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է»։

«Երեկ, օրինակ, Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։ Եթե պարզվի, որ կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ՌԴ-ի, Իրանի հետ Նախիջևանով, դա մեզ համար լավ նորություն կլինի, թե՞ վատ։ Մենք ոնց ենք պատկերացնում, մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք ՌԴ, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել