Ինֆոքոմ

Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Պարտությունը կործանում չէ, այն նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Պետք է գնահատես ու ճիշտ հետեւություններ անես։ Մեր պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է։ Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Երբ ես ազատվել եմ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ես այդ պաշտոնից հեշտությամբ չեմ ազատվել, որովհետեւ վարչապետն իրավասու չէ ինձ այդ պաշտոնից ազատել, եւ ասել եմ, եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ, պիտի հիմնավորեք՝ ինչու եք ինձ հանել, որովհետեւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու հիմքերը պիտի լինեն, նա նախարար չէ, վարչապետ չէ, ԳՇ պետի պաշտոնն ավելի լուրջ է։ Հիմնավորում եմ պահանջել վարչապետից, հինգ օր անընդհատ պահանջել եմ, եթե չկա՝ ապա ազատման դիմում չեմ գրելու, եւ չեմ գրել։ Հիմնավորումը բերել է, ես այն չեմ հնչեցնի, այն ինձ բավարարել է, ասել եմ՝ չեմ բողոքարկելու, նաեւ առաջարկել եմ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել, եւ պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնել»,- ասա նա։ Հակոբյանի խոսքով՝ ինքը չի ակնկալել, որ վարչապետն իր հետ պիտի խորհրդակցի, բայց վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ իրեն ազատել է, նշանակել այլ պաշտոնի, նոր ԳՇ պետին կնշանակի իր հետ քննարկմամբ, բայց այդպիսի զրույց չի եղել։ «Ես հասկացել եմ, որ վարչապետը հասկացել է ինձ։ Այդ օրը երեկոյան խնդիր կար 5-րդ բանակային կորպուսում, նախիջեւանյան ուղղություն եմ գնացել՝ պարզաբանելու, մինչ վերադառնալս իմացա, որ ԳՇ պետ է նշանակվել, իսկ ես ժամը 7-ին պիտի զեկուցեի իրավիճակի մասին։ Երբ իմացա՝ ով է նշանակվել, այսպիսի արտահայտություն եմ արել, որն ինքը չի կարող հերքել․ «Դուք ԳՇ պետ եք նշանակել ամենից անպատրաստ գեներալին»։ Խոսքն Արտակ Դավթյանի մասին է»- ասաց նա։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը։ «Սա դավաճանություն չէ, սա անգրագիտություն է, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետել է։ Այսօր բոլորը, որոնք կռվել են, տեսել են պրոբլեմները որտեղ են։ Ես վարչապետի սեղանին դրած փաստաթուղթ ունեմ, որտեղ գրված են բոլոր պրոբլեմները»,- նշեց նա։  
16:09 - 19 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։ Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։
17:13 - 18 նոյեմբերի, 2020
Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ մոբիլիզիացիայով Արցախ մեկնած ծառայողներ կան, որոնք սեպտեմբերի 27-ից մինչ օրս ծառայության մեջ են, արդյոք չի՞ նախատեսվում նրանց հետ ուղարկել կամ կարճատեւ արձակուրդ տալ։ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ի պատասխան ասաց, որ, հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, ԶՈւ-երի վերատեղակայումներ, զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունն ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ արդեն վերջնական կառուցվածք եւ պատկերացում կունենան ԶՈւ-ի տեղակայման վերաբերյալ։
16:44 - 18 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն: Այս մասին ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ընթացքում՝ իրենց հետագա քայլերը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ. անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,- ասաց Ւշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի խոսքով՝ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այնուհետև նա ներկայացրեց այն սահմանադրական ճանապարհը, որով պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակին․ «Կա երկու ճանապարհ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հասկանար, հրաժարական տար: Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է: Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է. անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն: Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է  ընտրի վարչապետ, ժողովորդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր.  1. հնարավորինս վերատեսչության ենթարկի զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնի մեր կորուստները, 2. արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ,  3. սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն: Պետք է հասարակական ճնշման տակ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլերին»:
19:48 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետը հերքեց, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին ավելի նպաստավոր պայմաններում

Վարչապետը հերքեց, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին ավելի նպաստավոր պայմաններում

ՀՀ վարչապետն  այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր նրան, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին, ինչպես պնդում են՝ ավելի նպաստավոր պայմաններում։ Հարց է հնչել, որ եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչպես կպարզաբանի վարչապետը հանգամանքը, որ խաղաղապահները Շուշիի ընկելուց առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան։ «Վերջին փաստը բացարձակապես անհիմն տեղեկություն է, այդպիսի բան չկա, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո։ Տարբեր փաստաթղթեր նույնպես չեն եղել, եղել են առաջարկներ, ինչպես պատերազմից առաջ, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Արդբեջանին՝ այդ թվում Շուշին, եւ առանց կարգավիճակի»,- ասել է վարչապետը։ Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց կա, վերջինս պատասխանել է, որ իր օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն եւ անվտանգություն ապահովելը։ «Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով այն պնդմանը, թե արդյոք հանրային վստահությունը վարչապետի նկատմամբ բավարար է, որ նա մասնակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին Ադրբեջանի հետ, Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը պետք է բանակցի այդ բանակցություններին։ «Բայց հիմա տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձեւավորման գործընթաց, եւ եթե պարզվի, որ հանրային վստահությունը բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին, եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»,- հավելել է Փաշինյանը։ Վարչապետտի խոսքով՝ Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, որովհետեւ Արցախի ՊԲ-ն Արցախի ՊԲ-ն է։ «Երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, նրանց մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ-ի զինվոր է։ Սա նշանակում է, որ Արցախի ՊԲ-ն կա եւ շարունակելու է գոյություն ունենալ, պետք է զարգանա եւ երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի ՊԲ-ն ռուս խաղաղապահների մուտքից հետո։
13:12 - 16 նոյեմբերի, 2020
ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

Իհարկե ճիշտ չէ։ Այս մասի այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Մարգարիտա Սիմոնյանի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցություն է եղել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Ես այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը հինգ խոսակցություն․ երեք անգամ ԱՄՆ նախագահի խորհրդական Օ՛Բրայանի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ։ Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները։ Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի ընդհանրապես չեն քննարկվել, մինչեւ ՌԴ նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, օր է եղել՝ մենք հինգ-վեց անգամ հեռախոսով զրուցել ենք։ Դա բացարձակ անհեթեթություն է, եւ, թույլ տվեք ասել, դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են»,- ընդգծեց վարչապետը։ Պատասխանելով նաև այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք ընդդիմախոսներին թիրախավորելը՝ Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցչեց, թե ով է ում թիրախավորում եւ ինչպես։ «Կարող ենք տասնյակ եւ հարյուրավոր օրինակներ ցույց տալ, որ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորում։ ԱԺ նախագահի հետ տեղի ունեցածը․․․ փառք աստծո, ՀՀ-ում վերջին երկուսուկես տարվա ընթացքում որեւէ ընդդիմադիրի հետ նման բան կամ գոնե մոտիկ բան տեղի չի ունեցել, եւ ես համոզված եմ տեղի չի էլ ունենա։ Հարց է՝ ով է ավելի շատ թիրախավորվել վերջին երկուսուկես տարվա ընթացքում։ Եթե նույնիսկ ցանկանա, իշխանությունը ենթակառուցվածներ չունի՝ թիրախավորելու»,- նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ատելության խոսքը պետք է բացառել, բայց դրա համար պետք են գործողություններ՝ ոչ միայն իշխանության կողմից։ «Նոյեմբերի տասի գիշերը ԱԺ-ի, կառավարության, պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնությունները, գույքի ոչնչացումը քաղուժերի մեծ մասը չի դատապարտել․ ինչո՞ւ, սա տարօրինակ չէ՞, մի՞թե կարող է պատճառ լինել այն, որ իրենք են դա կազմակերպել։ Հետեւաբար, եթե չեն դատապարտել, ինչպե՞ս կարող են կառավարությանը մեղադրել ատելության խոսք տարածելու մեջ»,- ընդգծեց նա։
12:46 - 16 նոյեմբերի, 2020
Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում․ Նիկոլ Փաշինյան

Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում․ Նիկոլ Փաշինյան

Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է։ Ես կարդացի Արցախի նախագահի գրառումը, որտեղ ասվում էր Շուշիի մատույցներում հարյուրից ավելի մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել։ Բա եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչու եւ ինչպես է ընկել Շուշին։ Դուք նշել եք, որ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, ո՞ր կողմն է նման պահանջ ներկայացրել, պատերազմի սկզբից ռազմական գործողությունները դադարեցնելու համար ինչ տարբերակներ են Ձեզ առաջարկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերից։ «Կային հայտարարություններ, թե կան կոնրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել։ Իրավապահները այդ հայտարարության հեղինակին հրավիրել են, ես տեղյակ եմ, որ փորձել են նրանից ստանալ կոնկրետ ետղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչի մասին է խոսքը եւ ինչպես է դա տեղի ունեցել, եւ, ինչքանով տեղյակ եմ, հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ։ Եզրակացությունը հետեւյալն է․ եթե կա դավաճանություն, եւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ դրա մասին կոնկրետ տեղեկություն ունի, իսկ հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը, եթե ասվում է՝ իրավապահներին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի՝ ինչ է տեղի ունեցել իրականում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է․ շարունակաբար ներթափանցում է տեղի ունեցել քաղաք, եւ, ցավոք, ընկել է Շուշին։ Հարցին, թե որ կողմն է պահանջ ներկայացրել հանձնել Շուշին, ու պատերազմի սկզբից ռազմական գործողությունները դադարեցնելու համար ինչ տարբերակներ են առաջարկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերից, վարչապետը պատասխանեց ամեն անգամ, երբ մի որեւէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար։ «Շատ կարեւոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից․ այո, կարող էինք, եթե համաձայնեինք հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։ Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որն ուզում էինք վարել․ ոչ, դա չէր։ Եվ Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունն ու ԶՈՒ-ն որոշեցին ընդունել նետված մարտահրավերը։ Ցավոք, դրա ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը բոլորս կցանկանայինք, բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում։ Եվ այսօր քաղաքական գործիչներ, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր Հայաստանի կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բովանդակային տարբերություն չկա շուտի եւ ուշի մեջ․ Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում։ «Քանի դեռ թեկուզ տեսական հնարավորություն կար այդ ամենը պաշտպանելու, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, Արցախի ՊԲ-ն որոշել են կռիվ տալ մինչեւ վերջ, եւ հերոսաբար, մինչեւ վերջին վայրկյանը կռիվ են տվել։ Ցավոք, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել, մե՞նք ենք դրա պատասխանատուն, այո, մենք ենք պատասխանատուն, որովհետեւ վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը։ Դրա համար, իհարկե, պատասխանատու ենք»,- ընդգծեց վարչապետը։
12:28 - 16 նոյեմբերի, 2020
Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսին անդրադարձավ նաև անհետ կորածների թվին։ Հարց․ին, թե ինչ աշխատանքներ են կատարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնի՞ է արդյոք՝ քանի՞ անհետ կորած ունենք, վարչապետը դրական պատասխանեց։ «Հիմա կոնկրետ թիվ չհարապարակեմ, բայց մենք ունենք թիվ, ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է, մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք, մենք հույս ունենք, որ մի մասին ողջ կգտնենք, եթե ոչ ողջ-առողջ։ Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որը նախկինում համարվում էր անհետ կորած»,- նշեց նա։ Գերիների փոխանակման ժամկետների վերաբերյալ վարչապետը նշեց, որ այն տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։ «Առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների փոխանակումը կհասցնենք ավարտին եւ հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաեւ պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում։ Կարեւոր եմ համարում, որ այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինծառայոնղերի համար նախատեսված սոցերաշխիքները, եւ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, եւ մենք ունենք վստահություն, որ այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:05 - 16 նոյեմբերի, 2020
Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի գոնե երկու նիստ ենք ունեցել, որին մասնակցություն են ունեցել ՀՀ նախագահը, Վեհափառ հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել նաեւ քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, որ եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն «Իմ քայլ»-ի, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտարարության բուն քննարկումից եւ ընդունված որոշումից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում եւ ճգնաժամի մեջ են։  «Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել, իհարկե, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակահատվածում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում, որոնք պետք էր կոնկրետ արձագանքել»,- ասաց վարչապետը։ Հարցին, թե չի՞ կարծում, որ օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին, Փաշինյանը պատասխանեց, որ ինստիտուտները գործում են եւ կգործեն։ «Հիմա ես կարեւորում եմ, որ ՀՀ-ում կայանությունը եւ հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, այսօր պետք է կենտրոնանանք այն խնդրի վրա։ Եվ խորհրդարանը, նախագահը, մնացյալ ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, եւ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի անվտանգությունը եւ կայունությունը ապահվելուն։ Իմ համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են եւ ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։
11:49 - 16 նոյեմբերի, 2020
Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Սեփական կետ ասելով՝ ես նկատի ունեի, որ մենք փորձում ենք եւ փորձելու ենք չհամաձայնվել «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է հիմա վարչապետի սեփական կետը բանակցություններում, քանի որ վերջինս իր պաշտոնավարման սկզբում ասել էր՝ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ «Մենք պետք է վերլուծենք, եւ ձեւակերպենք այն օրակարգը, որ ունենք այսօրվա իրավիճակի շուրջ եւ պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով ԼՂ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարեւոր խնդիրը, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում, եւ կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ ու նոր կարեւորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաեւ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտային եւ այլ հարցեր»,- նշեց նա։ Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե տարբեր քաղուժեր բարձրաձայնում են, որ ստորագրված հայտարարության կետերը կարելի է ավելի հայանպաստ դարձնել․ ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ընդգծեց, որ որեւէ քաղաքական ուժից չի ստացել առաջարկ, որ նրանք գիտեն ինչպես ավելի լավը դարձնել։ «Բայց ես էլի ուզում եմ ասել, որ խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք, մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը, ինչը, կարծում եմ, համենյան դեպս այսօր իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է բանակցային հետագա գործընթացին՝ այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոն դեռ մեկնաբանությունների կարիք ունեն, եւ այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր առաջարկներն ի մի կբերվերն, լավագույնները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց նա։
11:33 - 16 նոյեմբերի, 2020
Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդունում է պատասխանատվությունը, որ պատերազմը իր վարած քաղաքականության հետեւանքն է նաեւ, եւ եթե ոչ, ապա ով է այն պաշտոնյան, որը պատասխանատու է տարածքային կորուստների, զոհերի ու գաղթականների համար։ «Եվ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ էս փաստի բերումով պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի տվյալ դեպքում դատավաոր-ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի հանգամանքներին։ Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա, հենց նույն զինվորներին, ընդդիմությանը, կառավարությանը լսելը, բոլորին լսելը էս պրոցեսի շատ կարեւոր մասն է»,- նշեց նա։ Վարչապետը հայտնեց, որ կարևոր  է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել։ «Իսկ տեղի է ունեցել հետեւյալը․ 2018-ի մայիսի դրությամբ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը մեզնից առաջ հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։ Հիմա եթե ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները, կանխատեսումները՝ ասելով, որ ԼՂ-Ի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, եւ այլն։ Էստեղ կա երեք տարբերակ․ կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր եմ, հատուկ եկել եմ Արցախի համար պրոբլեմներ ստեղծելու, եւ կամ էլ էդ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել, եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա ՀՀ-ի առաջ»,- ասաց վարչապետը։ Հիմա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր վարած քաղաքականությունն այդ համատեքստում եղել է փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։ «Եվ, ըստ էության, հիմա կարող ենք ասել, որ ցավոք, այո, մեզ դա չի հաջողվել, որովհետեւ, ըստ էության, մենք կանգնած ենք եղել եւ կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որեւէ նախապայմանի։ Մենք չենք կարողացել փոխել էդ տրամաբանությունը եւ գուցե փոխելու հնարավորթյունները ճիշտ չենք գնահատաել, բայց, մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատալել, պետք է համակերպվեի՞նք դրա հետ։ Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել, եւ փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար, փորձել եմ ամեն ինչ անել, որ մեր ԶՈՒ-ի մարտունակությունն ու զինվածության մակարդակն էականորեն բարձրանա»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հարցի համատեքստում իրենց մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ, մեղադրում, ասում են՝ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թուղթ, որպեսզի էդ տարածքները հանձնվեն։ «Մեզ մեղադրում են հա՛մ հանձնելու, հա՛մ չհանձնելու մեջ։ Ավելի շուտ չստորագրելու մասով ես ասացի, որ մեր բանակը կռվել է այնքան ժամանակ, մինչեւ այդ դիմադրությունը ունեցել է կոնկրետ իմաստ, նպատակ՝ ռազմավարական եւ մարտավարական։ Եւ մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ, մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար եւ մեր 20-35 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի։ Այս ամենի պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- եզրափակեց վարչապետը։
11:21 - 16 նոյեմբերի, 2020
Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Երեկվա գրառման վերաբերյալ կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Այս մասին այօսր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ եմ ես գրել․ դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են հրապարակում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին եւ տալիս որոշ գնահատականներ, վերլուծություններ։ Ես գրել եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, եւ դրանց համար հիմք են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ զինվորների աչքի առաջ։ Գրել եմ՝ տղե՛րք, դուք ճիշտ եք։ Այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայնում եմ։ Գրել եմ՝ սպասում եմ ձեզ Երեւանում։ Ահա այս նախադասույթունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի եւ բախումների կոչ կա։ Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երեւում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են եւ վերադառնում իրենց ընտանիքներ։ Եվ այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, եւ ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ եւ իրենց հետ կքննարկենք հարցերը»,- հավելեց նա։ Փաշինյանն ասաց, որ հաջորդ նախադասությամբ ինքը գրել է՝ «վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ «Իհարկե, այստեղ բավականին կոշտ ձեւակերպում է, բայց, հաշվի առնելով, որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում (նկատի ունի ԲԴԽ նախագահի հայտարարությունը,-խմբ․), այս ձեւակերպումն օգտագործել եմ, եւ սա ինչ է նշանակում․ նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերդարձից հետո եւ նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել եւ այլն։ Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, եւ ինձ համար շատ կարեւոր է շփվել տղաների հետ, լսել նրանց գնահատականները։ Ի դեպ, քանի որ խոսքը բախման մասին է, ասեմ, որ ոչ մեկը ՀՀ եւ Երեւան չի վերադառնում զինված, որովհետեւ դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այնտեղ նրանք իրենց զենքերը սահմանված կարգով հանձնում են»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ ինքը երեկ այս թեմայով զրույց է ունեցել Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառեն որեւէ մեկի կողմից զենքերով Երեւան հասնելը։ Հիմա, վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձեւերով։ Իհարկե, ըստ Փաշինյանի, այստեղ մի նուրբ հարց կա, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում եւ դա մտահոգիչ է։ Նա ուշադրություն հրավրեց փաստի վրա, թե ինչը կարող է դրա համար պատճառ հանդիսացած լինել․ «Մենք տեսանք, թե նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն ինչ տեղի ունեցավ Երեւանում․ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, Ազգային ժողովի շենքը, Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերը չդադապարտեցին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարտեց, եւ դատապարտման խոսքեր հնչեցրին առաջնագծում եղող զինվորները»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ, իհարկե, Հայաստանում պետք է բացառվի ատելության խոսքն ու քաղաքացիական բախումը։ «Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, էդ ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Ես ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։ Հիմա հարց կհնչի․ եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի տասի գիշերն այդ ամենը չկանխվեց եւ չկանխարգելվեց․ շատ պարզ պատճառով․ նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ ՊՊԾ-ի մի շատ հսկայական հատված առաջնագծում էր, եւ, ըստ էության, մայրաքաղաքում շատ սահմանափակ ուժեր կային ե՛ւ ոստիկանությունից, ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ՊՊԾ-ից։»,- նշեց վարչապետը։ Վարչապետը ընդգծեց, որ այս իրավիճակում իր գրառման վերաբերյալ շահարկումները համարում է անտեղի։ «Եվ համարում եմ, որ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, եւ ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել ու ես համաձայն եմ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որեւէ բան կա։ Նրանք են ճշմարտության կրողը, եթե պարզվի, որ կա դավադրություն, թող բացահայտվի՝ բոլոր մեղավորները պատժվեն։ Բայց, կներեք, Երեւանից հեշտ չի գնահատական տալ նրանց համար, որոնք ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, բայց պետք է լսել նաեւ տղաներին, որովհետեւ դրվագների մասին են խոսում, պարզաբանվի, հասկացվի՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ, երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ։ Ո՞րտեղ է էդպիսի բան գրած, չի կարելի էդպիսի մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել։ Եթե առաջնագծի զինվորներին քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորությններն ունի։ Ռազմական դրության մասին ռեժիմը հնարավորութուոն է տալիս նաեւ ԶՈՒ-ին ներգրավել՝ աջակցելու, հասարակական կարգը պահպանելու եւ այլ հարցերում։ Դրա համար սոցցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայել։ Հույս ունեմ՝ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, իսկ նրանք, որոնք ճիշտ չէին հասկանցել, կվերանայեն իրենց գնահատակնները այս մեկնաբանությունից հետո»,- ասաց վարչապետը։
11:06 - 16 նոյեմբերի, 2020
Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Հայկական որոշ լրատվականներ տարածում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է, թե նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրինք, այլեւ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա: Սակայն նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, Արդրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության մեջ նման պարտավորության մասին խոսք չկա: Կոստանյանն առաջին անգամը չէ, որ խոսել է Ադրբեջանի` Հայաստանի դեմ հայց նախապատրաստելու մասին: Ինչպես նշել է իր հայտարարության մեջ՝ հայցը վերաբերում է Արցախում եւ 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցմանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը դեռ երկու տարի առաջ չէր կարողանում հայց ներկայացնել, քանի որ չուներ բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը․ «Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որն Ադրբեջանին հասցված վնասները գնահատել էր ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար»,- շեշտել է Կոստանյանը։  Եւ, չնայած Կոստանյանն իր հայտարարության սկզբում ասում է, որ 50 մլրդի պարտավորությունը դրվել է Հայաստանի վրա, այնուհանդերձ հայտարարության մեջ միայն վստահություն է հայտնում, թե նախապատրաստական աշխատանքներն ակտիվացել են. «Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը, նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը, ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, եւ դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար»: Սակայն լրատվամիջոցների վերնագրերից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը հենց փաստաթղթով է ստանձնել այդ պարտավորությունը։ ՌԻԱ Նովոստին էլ նախօրեին փոխանցել էր, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Անդրադառնալով այս հայտարարությանը եւ դրա հնարավորություններին` Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ այդ խոսակցությունները հստակ չեն, եւ Ալիեւը չի նշում, թե մասնավորապես միջազգային որ դատարան է դիմելու, որ քաղաքական մարմնին եւ ինչ ընթացակարգով: Արա Ղազարյանի խոսքով՝ չկա նման ընփացակարգ եւ դժվար էլ լինի: Իսկ եթե նույնիսկ լինի, միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, Հայաստանն էլ կներկայացնի հենց միայն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Infocom-ը կապ հաստատեց նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դմեյանի հետ, որը հայտնեց՝ այս պահին մենք միջազգային դատական որեւէ ատյանից նման ծանուցում չենք ստացել․ «Նման հայցի մասին միայն կարող ենք խոսել, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ծանուցվի դրա ներկայացված լինելու վերաբերյալ: Քանի դեռ չկա, չենք կարող ասել` նախապատրասվո՞ւմ է հայցը, թե՞ ոչ, կներկայացվի՞, թե՞ ոչ: Դրանք ընդամենը ենթադրություններ են»,- ասաց Դրմեյանը` հավելելով, որ հայց ներկայացնելու հավանականություն միշտ կարող է լինել, քանի որ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ Ադրբեջանը անդամակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:  Այսպիսով՝ ոչ միայն նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, այլեւ Հայաստանի Հանրապետությունը նման որեւէ հայցի մասին պաշտական ծանուցում դեռևս չի ստացել։ Զարա Խաչատրյան
15:21 - 14 նոյեմբերի, 2020
Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ուղիղ եթերով ներկայացրեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իրենց ճանապարհային քարտեզը։ Նախքան քայլերին անցնելը՝ Մարուքյանը նշեց, որ քաղաքական ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել, Փաշինյանի հեռանալուց հետո ինչ պետք է լինի։ Նրա խոսքով՝ հիմա սկսվել է մի մեծ քարոզաչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, կլինի քաոս։ Մարուքյանի համոզմամբ, սակայն, մենք արդեն ունենք քաոս։  Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ի պատկերացրած առաջին քայլը եւս վարչապետի հրաժարականն է։ Մնացյալը՝ ստորեւ․ - պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն,- ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ, - ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով,- Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ՄԽ համանախագահների ձեւաչափով բանակցությունների վերականգնում,- Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբում,- ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի բացառում, ատելության խոսքի բացառում, - պետական ինստիտուտների վերականգնում, - իրավապահ մարմիններ աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգ ու կանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով,- զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների պատշաճ ապահովում, - արցախահայության, այդ թվում՝ փախստականների սոցիալական կարիքների անհապաղ լուծում, կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում,- կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում,- միջազգային դոնորների համաժողովի հրավիրում, Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն մեկ միլիարդ դոլար միջոցների ներգրավում,- հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ,- Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում,- տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում՝ կայուն զարգացման ապահովման նպատակով,- անցումային վարչապետը իր անցումային կառավարությամբ ապահովում է ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
14:54 - 14 նոյեմբերի, 2020
Մենք չենք կարող ասել, որ այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է․ Էդգար Վարդանյան

Մենք չենք կարող ասել, որ այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է․ Էդգար Վարդանյան

Նոյեմբերի տասին կրակը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած համաձայնագիրը հանրային քննարկման տիրույթում է։ Այս օրերին այն բնորշվեց որպես կապիտուլյացիայի մասին խայտառակ մի փաստաթուղթ, որով հանձնվեցին ոչ միայն Արցախի տարածքները, այլեւ նվազեց Հայաստանի ինքնիշխանությունը։ 17 ընդդիմադիր կուսակցությունները եւ Ազգային-ժողովրդավարական բեւեռը ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաստաթղթի էության, Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Infocom-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ - Պարո՛ն Վարդանյան, կրակը դադարեցնելու հայտնի համաձայնագիրը տարբեր անուններով բնորոշվեց, այդ թվում՝ կապիտուլյացիա։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը, ի՞նչ է նշանակում եւ ինչո՞ւ է ստորագրվել խիստ նեղ շրջանակի հետ քննարկմամբ։ - Ըստ էության՝ փաստաթուղթը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն է, որը ենթադրում է տարածքային կորուստներ։ Եւ ակնհայտ է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել որպես վերջին միջոց` փրկելու, պահելու այն, ինչ հնարավոր է պահել այդ պահի դրությամբ։ Ակնհայտ է նաեւ, որ եռակողմ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Մինսկի խմբի շրջանակից դուրս, մինչդեռ, որպես միջնորդ Մինսկի խումբն էր զբաղվում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: - Կարո՞ղ ենք ասել, որ այդպիսով Մինսկի խմբի ձեւաչափը քանդվել է։  - Չենք կարող ասել, որ քանդվել է, բայց այստեղ ակնհայտ է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը գործել է սեպարատ (անջատ), այսինքն` առանձին ձեւաչափով։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, կարծես, դժգոհություն ունեն, թե ինչու իրենց հետ համատեղ չի ընդունվել այդ որոշումը, ինչն, ըստ էության, ընդունեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ Ռուսաստանի շահերի տեսակետից որոշակի բացատրություն տալով։ Բայց ակնհայտ է, որ այդ բացատրությունը սպառիչ չէ, եւ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների, փորձագիտական շրջանակների համար այն չի կարող համոզիչ լինել։ Լավրովի ասածն ընդամենն այն էր, որ զուտ տեխնիկական խնդիր կա, բայց իրենք անընդհատ շփումների ու խոսակցությունների մեջ են, եւ այլն։ Իհարկե՛, մենք տեսնում էինք, որ ամբողջ պատերազմի ժամանակ Միսնկի խմբի համանախագահ երկրները տարբեր ձեւաչափերով աշխատում էին կողմերի հետ, չնայած՝ միշտ չէ, որ երեքն էլ միաժամանակ ինչ-որ հայտարարություն էին անում, նույնիսկ հակառակը` շատ հազվադեպ էր այդպես։  Ինչպես ասում են՝ այս խմորը շատ ջուր է քաշելու, այս համաձայնագիրը խնդրի լուծում չի պարունակում, մենք չենք կարող ասել, որ սրանով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է։ - Նիկոլ Փաշինյանն էլ երեկ իր ելույթում սա շեշտեց՝ ԼՂ հարցն ինչպես լուծված չէր, այնպես էլ հիմա լուծված չէ։ Դուք նշեցիք՝ փաստաթուղթը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է․ չի՞ բացառվում նոր պատերազմը։ - Ի՞նչ է փաստացի կատարվել․ կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ համաձայնության են եկել կրակի դադարեցման վերաբերյալ, բայց այդ համաձայնությունն Ադրբեջանը միշտ չի հարգել, միշտ, բոլոր դեպքերում, բոլոր համաձայնություններից հետո։ Եւ այն, որ հենց Ադրբեջանը չի հարգել, դա ֆիքսել են Մինսկի խմբի համանախագահ երկրների տարբեր պաշտոնյաներ։ Հիմա, փաստացի, այս համաձայնությունը ուժային կոմպոնենտով է ձեռք բերվել, այսինքն՝ կոնկրետ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես է եկել եւ ստացել է կողմերի համաձայնությունը՝ խաղաղապահ զորք մտցնելու վերաբերյալ։ Հրադադարի համաձայնագիրը, ըստ հայկական կողմերի ներկայացրածի, եղել է որպես մնացածը փրկելու միակ տարբերակը, այսինքն՝ Հայաստանն այլընտրանք չի տեսել, եւ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, հասկանալով, որ շատ լուրջ ձեռքբերումների է հասել, գտել է, որ այստեղ կարելի է կանգնել եւ համաձայնել, որպեսզի ռուս խաղաղապահները մտնեն։ Միայն այս դեպքում են բոլորը հասկացել, որ հնարավոր է հրադադարը։ Այսինքն՝ պատերազմը հանգել էր մի իրավիճակի, որ եթե չկան խաղաղապահներ, չի կարող լինել հրադադար։ Բացի այն, որ խաղաղապահներն արդեն տեղակայվել են՝ համաձայն փաստաթղթի, իմպլեմենտացվել (կիրարկվել) է նաեւ կրակի դադարեցումը, իսկ համաձայնագրի մնացյալ կետերն իրենց բնույթով կրակի դադարեցման հետ անմիջական կապ չունեն, դրանք արդեն բանակցային գործընթացի տարրեր են պարունակում, խաղաղության հասնելու տարրեր, ԼՂ կոնֆլիկտի կարգավորման կետեր։ Խնդիրը հենց այն է, որ այդ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակային համաձայնագրի տարրեր է պարունակում, սակայն այդպիսի համաձայանգիր նախատեսված էր ձեռքբերել Մինսկի խմբի մանդատի շրջանակներում։  - Այժմ բանակցություններն ի՞նչ շրջանակներում են լինելու, ի՞նչ պիտի բանակցենք մենք։ Օդում կախված է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: - Այս փաստաթղթի իմպլեմենտացիայի հարցերը համաձայնեցված չեն դեռ, դրանում պիտի լինեին դրույթներ, որոնք միտված կլինեին խնդրի կարգավորմանը։ Եւ եթե այդ հարցով մանդատը Մինսկի խմբին էր տրված, ուրեմն պիտի Մինսկի խումբը անի այդ եւ այլ, համաձայնագրով չնախատեսված կետերի վերաբերյալ բանակցությունները։ Հիմա հասկանալի չէ, թե ինչ ձեւաչափով պետք է այդ կետերի իմպլիմենտացիայի վերաբերյալ բանակցություններ լինեն։ Ու մենք պետք է ակնկալենք, որ մոտ ապագայում այդ հարցերը պիտի քննարկվեն ամենաբարձր մակարդակում՝ ե՛ւ համանախագահ երկրների միջեւ, ե՛ւ տարբեր ֆորմատներով։  Իսկ ինչ էին ենթադրում Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները․ այն, որ նախկին ԼՂԻՄ-ը պետք է առանձին դիտարկվի, 7 շրջաններրը, որոնք շրջապատում են նախկին ԼՂԻՄ-Ը՝ առանձին։ Հիմա ստացվել է, որ Ադրբեջանը, ուժային գործողությունների արդյունքում խախտելով Միսնկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը, կոնֆլիկտը փորձել է լուծել ուժային ճանապարհով։ Արդյունքում՝ ոչ միայն շրջաններն է իր վերահսկողության տակ առել, այլ նաեւ նախկին ԼՂԻՄ-ի որոշակի հատվածներ, այդ թվում՝ Շուշին, Հադրութը։  Կարծում եմ, որ Հայաստանն այս հարցը պետք է բարձրացնի հենց Մինսկի խմբի շրջանակներում։ Նաեւ կարգավիճակի հարցը, որովհետեւ 3 սկզբունքներ կային` տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։ Հիմա, փաստորեն, ազգի ինքնորոշման հարցն էլ այստեղ լուծված չէ, եւ այն տարածքը, որը նախատեսվում էր, որ պետք է ֆիքսվեր որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման տարածք՝ նախկին ԼՂԻՄ-ը, առնավազն մասնակիորեն օկուպացված է՝ լինելով Ադրբեջանի վերահսկողության տակ։  - Պարոն Վարդանյան, հիմա շատերը փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է չեղյալ համարել այս փաստաթուղթը, եւ եթե այո, ապա ինչո՞ւ, ինչպե՞ս, եւ ի՞նչ զարգացումներ կարող են լինել այդ պարագայում։ - Շատերն ասում են, որ այս համաձայնագիրը իրավական ուժ չունի եւ այլն, եւ քանի որ իրավական ուժ չունի, ուրեմն կարելի է չեղյալ համարել կամ չկատարել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս համաձայնագիրը կրակի դադարեցման եւ կրակի դադարեցման մեխանիզմների վերաբերյալ է։ Կողմերը համաձայնության են եկել, եւ Հայաստանը համաձայնել է դրան ստիպված, որովհետեւ այլ տարբերակ, ինչպես նշում են հայկական կողմերը, չկար։ Այլապես կորցնելու էինք ամեն ինչ։ Խաղաղապահների տեղակայումն իրականացված է, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում դրա չեղարկումը։ Որեւէ մեկը, որը խոսել է չեղարկելու մասին, չի ասել, թե ինչպես է դա հնարավոր։ Ենթադրենք՝ Հայաստանն ասում է` ես փոշմանել եմ, չեմ ուզում խաղաղապահներ լինեն, բայց վերջիններս արդեն այնտեղ են, ի՞նչ պետք է անես։ Ի՞նչ են առաջարկում․ պատերազմել Ռուսաստանի հե՞տ, ասել՝ դուք գնացե՞ք այդտեղից, մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ պատերա՞զմը։ Ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ։ Հասկանալի չէ` ինչ են առաջարկում։  Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է հասնել նրան, որ ինքը որոշակի պայմաններով է կանգնել, որոշկի պայմաններով է դադարեցրել պատերազմը, որը կործանարար էր ամբողջ Արցախի համար։ Հիմա երբ ասում ես, որ այդ պայմանները չես ընդունում, ուրեմն ի՞նչ ես ստանում արդյունքում, նորի՞ց պատերազմ, պատերազմ ո՞ւմ հետ, երբ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայված են։  - Հայտարարություններ են հնչում, թե հարցի լուծման կամ գոնե իրավիճակի մեղմացման առաջին քայլը Փաշինյանի հրաժարականն է: - Միգուցե մեղմացնելու համար իրենք ունեն ինչ-որ պլան, մեխանիզմ, թող հրապապարկեն դա, եւ ով իշխանության է այսօր, այդ մեխանիզմը, եթե լավն է, կիրառի։ Ո՞րն է խնիդրը, ի՞նչ է տալիս փոփոխությունը, ի՞նչ կարող են անել իրենք, որ չի կարող անել Նիկոլ Փաշինյանն այսօր: Բացի այս՝ հետեւյալ խնդիրը կա. երեկ եւ ասյօր ովքե՞ր էին ասում, որ պետք է հրաժարական տա, որ դեռ հնարավորություն կա եւ այլն, ասում էին հիմնականում նրանք, որոնք 2018 թվականին հանրության բացարձակ մեծամասնության կողմից դիտարկվելով որպես հակաժողովրդավարական, հակասահամանադրական, հանցագործ խմբավորումներ, քաղաքացիական դիմադրության լայնամասշտաբ արշավի միջոցով հեռացվել են իշխանությունից։ Ինչո՞ւ պետք է ներկայիս իշխանությունը ընդունի նրանց պահանջը, ի՞նչ սկզբունքով։ Նրանք չունեն լեգիտիմություն, նրանք ներկայացնում են հասարակության բացարձակ փորքրամասնությունը, եթե ինչ-որ մեկին ներկայացնում են… Ովքե՞ր կարող են ներկայացնել որոշակի պահանջներ իշխանությունների նկատմամբ. նրանք, որոնք ընտրել են իշխանություններին, եւ դա բացարձակ մեծամասնությունն է, եւ նրանք, որոնք ընդունում են ժողովրդավարական սկզբունքները, կրողն են այդ սկզբունքների, այս կամ այն ձեւով իրենց ներդրումն են ունեցել ժողովրդավարական Հայաստանի կայացման գործընթացում։ - Վարչապետի հրաժարականի դեպքում ժողովրդավարությունը չի՞ պահպանվի։ - Կայացած ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, որեւէ մեծ ձախողում ունենալուց հետո երկրի ղեկավարները հրաժարական են տալիս՝ անկախ նրանից, թե որքան է մեղքը: Դա շատ առողջ պրակտիկա է, դա նպաստում է նրան, որ երկրի ղեկավարներն ավելի արդյունավետ աշխատեն: Սակայն Հայաստանը դեռեւս լիարժեք կայացած ժողովրդավարություն չէ, իսկ դա ենթադրում է, որ հնարավոր է՝ կտրուկ իշխանափոխության արդյունքում Հայաստանում հաստատվի բռնապետություն։ Նման բան կայացած ժողովրդավար պետություններում հնարավոր չէ։ Եթե լինում են ընտրություններ, դրա արդյունքում եկած իշխանությունը, նույնիսկ եթե վատ իշխանություն լինի, միեւնույն է՝ չի կարող ամբողջ ժողովրդավարությունը վերացնել ու բռնապետություն հաստատել։ Կարող է վատ կառավարում իրականացնել, կարող է սահմանափակել ժողովրդավարական որոշակի մեխանիզմներ, բայց ամբողջությամբ վերացնել չի կարող՝ ժողովրդավարական ինստիտուտները թույլ չեն տա։ Հիմա Հայաստանի նման երկրներում իրավիճակը մի փոքր այլ է՝ չկան կայուն ժողովրդավարական ինստիտուտներ։ Այդ պատճառով կա վտանգ, որ այսօր կտրուկ իշխանափոխությունը՝ առանց ժողովրդավարական ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ձեւավորելու, առանց ժողովրդավարական ընտրական ինստիտուտների ամբողջական ձեւավորման, առանց կուսակցությունների մասին նոր օրենքի, առանց ԶԼՄ դաշտի կարգավորման եւ այլնի՝ կարող է հանգեցնել բռնապետության հաստատման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են այսօր ակտիվություն ցուցաբերում փողոցում եւ ինչպես են շահարկում մարդկանց էմոցիաները։ Հիմա, արագ իշխանափոխության արդյունքում կարող են հակաժողովրդավարական, բռնապետական, ծայրահեղ աջ-պոպուլիստական օրակարգ առաջ տանող որոշակի շրջանակներ գալ իշխանության։ Հանրությունը կուզենա երաշխիքներ ունենալ, որ, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում Հայաստանում բռնապետություն կամ օլիգախիկ համակարգ չի հաստատվի: - Այս պահից ի՞նչ առաջնահերթ անելիքներ ունեն Կառավարությունն ու հանրությունը, ի՞նչ պիտի արվի։ - Նախ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում կայունություն լինի, ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, ինստիտուտների անվտանգությունը եւ արդյունավետ գործունեությունը։ 2-րդ կարեւոր բանը` ապահովել, որպեսզի ժողովրդավարական մեխանիզմները անհապաղ աշխատեն եւ չլինի կառավարման, քաղաքական ճգնաժամ ու, բնականաբար, այդ ամենին զուգահեռ արդեն քաղաքական-դիվանագիտական լուրջ գործունեության կարիք կա, որ համաձայնագրի տարբեր անհասկանալի հարցերի ճշգրտում ու հայանպա՛ստ ճշգրտում իրականացվի։  Վերջինը ենթադրում է լուրջ աշխատանք գործընկերների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ, միջազգային տարբեր կառույցների հետ, ամեն հնարավորը պետք է արվի, որ դեռեւս ամբողջությամբ չհստակեցված կետերը մեր օգտին լինեն։ Այդ հնարավորությունները, կարծում եմ, այսօր կան, մանավանդ, հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը, մասնավորապես՝ Ֆրանսիայի։ Նրանք նույնիսկ ուղղակիորեն են ասում, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի շահերը հնարավորինս պահելու համար։  Բնականաբար, այս ամենը ենթադրում է, որ հեղաշրջման որեւէ փորձ պետք է չեզոքացվի, չեզոքացվի սահմանադրական ճանապարհով, առանց բախումների։ Հիմա նաեւ անկախ Հայաստանի գոյության, սուվերենության հարցն է լուծվում, ու եթե հանկարծ լինեն բախումներ, որոնք վերածվեն քաղաքացիական պատերազմի, այս դեպքում Հայաստանը կարող է իր անկախությունը ուղղակի կորցնել։ Հայարփի Բաղդասարյան
21:08 - 13 նոյեմբերի, 2020