Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել
15:21 - 14 նոյեմբերի, 2020

Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Հայկական որոշ լրատվականներ տարածում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է, թե նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրինք, այլեւ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա:

Սակայն նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, Արդրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության մեջ նման պարտավորության մասին խոսք չկա:

Կոստանյանն առաջին անգամը չէ, որ խոսել է Ադրբեջանի` Հայաստանի դեմ հայց նախապատրաստելու մասին: Ինչպես նշել է իր հայտարարության մեջ՝ հայցը վերաբերում է Արցախում եւ 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցմանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը դեռ երկու տարի առաջ չէր կարողանում հայց ներկայացնել, քանի որ չուներ բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը․

«Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որն Ադրբեջանին հասցված վնասները գնահատել էր ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար»,- շեշտել է Կոստանյանը։ 

Եւ, չնայած Կոստանյանն իր հայտարարության սկզբում ասում է, որ 50 մլրդի պարտավորությունը դրվել է Հայաստանի վրա, այնուհանդերձ հայտարարության մեջ միայն վստահություն է հայտնում, թե նախապատրաստական աշխատանքներն ակտիվացել են. «Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը, նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը, ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, եւ դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար»:

Սակայն լրատվամիջոցների վերնագրերից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը հենց փաստաթղթով է ստանձնել այդ պարտավորությունը։

ՌԻԱ Նովոստին էլ նախօրեին փոխանցել էր, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Անդրադառնալով այս հայտարարությանը եւ դրա հնարավորություններին` Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ այդ խոսակցությունները հստակ չեն, եւ Ալիեւը չի նշում, թե մասնավորապես միջազգային որ դատարան է դիմելու, որ քաղաքական մարմնին եւ ինչ ընթացակարգով: Արա Ղազարյանի խոսքով՝ չկա նման ընփացակարգ եւ դժվար էլ լինի: Իսկ եթե նույնիսկ լինի, միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, Հայաստանն էլ կներկայացնի հենց միայն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։

Infocom-ը կապ հաստատեց նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դմեյանի հետ, որը հայտնեց՝ այս պահին մենք միջազգային դատական որեւէ ատյանից նման ծանուցում չենք ստացել․

«Նման հայցի մասին միայն կարող ենք խոսել, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ծանուցվի դրա ներկայացված լինելու վերաբերյալ: Քանի դեռ չկա, չենք կարող ասել` նախապատրասվո՞ւմ է հայցը, թե՞ ոչ, կներկայացվի՞, թե՞ ոչ: Դրանք ընդամենը ենթադրություններ են»,- ասաց Դրմեյանը` հավելելով, որ հայց ներկայացնելու հավանականություն միշտ կարող է լինել, քանի որ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ Ադրբեջանը անդամակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: 

Այսպիսով՝ ոչ միայն նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, այլեւ Հայաստանի Հանրապետությունը նման որեւէ հայցի մասին պաշտական ծանուցում դեռևս չի ստացել։

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել