Ինֆոքոմ

Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ,  որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Որևէ մեկը չի կարող պնդել և ապացուցել, որ մենք պատրաստ չէինք դրան (պատերազմին - խմբ․): Եթե մենք առաջին 10-15 օրերին կռվում էինք մեզանից մինչև 10 անգամ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ, և եթե թշնամուն հաջողվել է որոշակի տարածքներում առաջ գալ, չի նշանակում, որ մենք 100%-ով պատրաստ չէինք: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում] «Եվ ոմանց ընկալման մեջ եթե մենք 100 տոկոսով, իրենց պատկերացմամբ, պատրաստ լինեինք, ինչ է, մի միլիմետր պետք է հետ չքաշվեի՞նք։ ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երը, գտնվելով պատերազմի մեջ, նման մեծ դաշնակից ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում, իր պոտենցիալի սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս և ավելի։ Այո՛, ծանր կորուստների գնով, այո՛, երբեմն տարած կոր գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- նշել է նա։ Նա նաև ասել է, որ վերջին շրջանում ակտիվորեն ուղղակի ձեռքներից (զինվորների - խմբ․) օրենքի ուժով հավաքում են բոլոր տեսակի կապի միջոցները։ «Ունենք հստակ փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա»,- ընդգծել է նա։
21:58 - 02 նոյեմբերի, 2020
Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում․ Արծրուն Հովհաննիսյան

Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը։ Առանձին օջախային մարտեր են ընթանում նաև անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչև Բերձոր։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում։ Պատասխանելով օգտատերերի հարցերին ֆոսֆոր պարունակող զենքերի վերաբերյալ՝ նա ասել է․ «Ֆոսֆորային արկերից բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, որովհետև այն իր սպեցիֆիկան ունի, և ինչ էլ դու իրականացնես, այն փորձելու է իր ազդեցությունը տալ։ Այն, միևնույնն է, պայթուցիկ է, հետևաբար պաշտպանվել որպես այդպիսին հնարավոր չէ»։ Անդրադառնալով անհանգստություններին, որ զինծառայողների հերթափոխ չի իրականացվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելը մի տեսակ աբսուրդ է, որովհետև երբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, այդտեղ հնարավոր չէ իրականացնել հերթափոխ, և տրամաբանական էլ չէ։ «Եթե տվյալ դիրքի, քաղաքի, գյուղի վրա հարձակվում են, դու շնչելու ժամանակ չունես, դու զորք չես կարող այստեղից հանել, փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա, և դու ինչ-որ հրաշքով կարողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանես, հաջորդին բերես նույն տեղում պաշտպանության, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ հին զորքը, որը ինչքան էլ հոգնած լինի, տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդը ինչ էր ուզում անել և ինչու չստացվեց և ինչու կարող է ստացվել։ Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում»,- հավելել է նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ »հակառակորդի մեջքը կոտրված է» արտահայտությունը հակառակորդի ցամաքային զորատեսակների, հիմնականում հետևակային խմբավորումների և զրահատեխնիկայի խմբավորումների մասին է։ «Հակառակորդի հրետանային զորքերը ավելի շատ կորուստ են կրել, քան հետևակը, քան տանկերը։ Խոսքն այն մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու․ ո՛չ, այսօր էլ են հարձակվել։ Այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ցամաքային, հետևակային պոտենցիալը կոտրված է, չի նշանակում, որ նրանք չեն շարունակելու հարձակվել, շարունակում են վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ»- ընգծել է ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև հայտնել է, որ թիկունք պահելու պրոբլեմ այս պահին չկա։ «Ժողովուրդը միասնական է՝ թիկունքի ապահովման գործերում․ թե՛ կամավորի պակաս չկա, թե՛ կազմակերպչի։ Միգուցե կազմակերպվածության ձևի ու եղանակի հղկում է պետք, ժամանակը ցույց կտա․ պատերազմն իր կանոններն ու բովանդակությունը փոխում է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
19:34 - 02 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Պատերազմի այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություններ է տարածում ոչ միայն իր քաղաքացիների մոտ իրադրության ցանկալի պատկեր ստեղծելու համար, այլ նաեւ սոցցանցերի հայաստանյան տիրույթում՝ փորձելով խուճապ առաջացնել։ Ֆեյսբուքում ադրբեջանցի մի օգտատեր, որն, ըստ ամենայնի, ադրբեջանական զինված ուժերի ծառայող է, իր էջում տեղադրել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Բաբայանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամատոմսը՝ կից ներկայացնելով, թե վերջինս զոհված է։ Սա բացարձակ ապատեղեկատվություն է․ Infocom-ը կապ հաստատեց Լիլիթ Բաբայանի հետ․ նա ողջ է, առողջ, այժմ Սիսիանում է՝ հորական տանը։ Թե ինչպես է նրա կուսակցական անդամատոմսը հայտնվել ադրբեջանցիների ձեռքում՝ ավելի քան պարզ է։  Բաբայանը շուրջ ութ տարի ապրել է Արցախի Մատաղիսի շրջանում։ Նրա ամուսինը Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է։ Երբ վերջինս մեկնել է դիրքեր՝ ծառայության, տիկին Բաբայանը տեղափոխվել է Սիսիան՝ հորական տուն, սակայն իր հետ չի վերցրել փաստաթղթերը։  Եւ, ինչպես հայտնի է, արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին օրերից հակառակորդը թիրախավորել էր նաեւ Մատաղիսի ուղղությունը։ Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլի, Ֆիզուլու, Թալիշի, Եղնիկների եւ Մատաղիսի հատվածները։ Հոկտեմբերի 4-ին էլ հայկական ԶՈՒ-երը Մատաղիս տանող ճանապարհին խոցել էին հակառակորդի ավտոշարասյունը։ Իսկ հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ։  Եւ քանի որ հակառակորդն այժմ դիվերսիոն խմբերով թափանցում է տարբեր ուղղություններով, (ինչպես այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչը), հնարավոր է, որ այդ ընթացքում Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների փաստաթղթերն ինչ-ինչ հանգամանքներում հայտնվեին նրանց ձեռքում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին Արցախի՝ հատկապես մարտագծին մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիները ժամանակավորապես տարհանվել են, նրանցից ոմանք գուցե չեն հասցրել իրենց հետ տանել փաստաթղթերը։ Այսպիսով, ադրբեջանական կողմի՝ հայաստանցիների կամ արցախցիների անձնական փաստաթղթերի հրապարակումը դեռեւս չի նշանակում, որ նրանք զոհված կամ գերեվարված են։ Հայարփի Բաղդասարյան
16:58 - 02 նոյեմբերի, 2020
Փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի ԶՈՒ այլևս գոյություն չունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի ԶՈՒ այլևս գոյություն չունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ իրենք շատ լավ հասկանում են՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։ «Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն»,- ասաց նա։  Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ այս ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ արդյունքներ դրսևորեց, Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կառավարումը։ «Եվ այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից հիացմունքով նշվող Ադրբեջանի ռազմական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և տեխնիկական, նորարարական բաղադրիչը ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ․ դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է, որը հիմնականում ամառվա խայտառակությունից սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ»,- նշեց նա Հովհաննիսյանը նաև ասաց՝ տեխնիկական առավելությունը ևս երկար չի տևելու։ «Այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։ Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»,- նշեց նա։
22:32 - 01 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ։ Այս մասին այսօրվա ճեխազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկաայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- նշեց նա։  Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։ «Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,- ասաց նա։   Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է ֆոսֆոր, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով։  
22:16 - 01 նոյեմբերի, 2020
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղեկություններ չունի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչների մասին, քանի որ, որպես կանոն, այդ բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են: Անդրադառնալով գերիների ու դիերի փոխանակման, ինչպես նաև հրադադարի հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Կուզենայի առաջին հերթին ֆիքսել մի բան, որ ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ հարցադրումներ և առաջարկներ մեր ԶՈՒ-ն սեղմ ժամկետում մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը»: Հովհաննիսյանը խոսքով՝ արդեն մի ամիս և մի քանի օր շարունակվում է պատերազմը, սակայն կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը։ Ինչ վերաերում է հակառակորդի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերին և դրանց հետևանքներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ այդ ամենը ուսումնասիրվում է։ «Սակայն, օգտվելով առիթից, կուզենայի նորից փաստել, որ նախ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի առնչությամբ և քանի որ մեզ տեսնում է նաև աշխարհը, ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»,- ասաց նա։
22:55 - 31 հոկտեմբերի, 2020
Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող մարտերում մեր ԶՈՒ-ն հակառակորդից հետ են վերցրել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող մարտերում մեր ԶՈՒ-ն հակառակորդից հետ են վերցրել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Այսօր տեղի ունեցած ճեխազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ: «Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց նա: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դրան հակառակ, հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում: «Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց նա:
22:43 - 31 հոկտեմբերի, 2020
Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Գերմանական Der Spiegel լրատվական կայքը հոկտեմբերի 29-ին ծավալուն անդրադարձ է կատարել արցախա-ադրբեջանական պատերազմին ու ներկայացրել մարտական գործողություններին մասնակցած սիրիացի վարձկանի հետ հարցազրույց։ Դահամ Ալասադի, Գիոմ Պեղյեի, Քրիստոֆ Ռոյթերի հեղինակած հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։ Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում Շաբաթներ շարունակ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների։ Նրանք պետք է ի կատար ածեն Թուրքիայի նախագահի ծավալապաշտական ֆանտազիաները, ինչի համար շատերն իրենց կյանքի գնով են վճարում։  Թարեքը ողջ է վերադարձել։ Մեր օրերում նրա վերադարձն ավելի շուտ բացառություն է այն հազարավոր սիրիացիների համեմատ, որոնք Թուրքիայից որպես վարձկաններ էին տարվել Կովկաս։ Սեպտեմբերի սկզբից սկսած՝ նրանց փուլ առ փուլ նետում են Ադրբեջանի հարձակվողական առաջնագիծ, որտեղ նրանք պայքարում են՝ վերադարձնելու մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։ Իրականում միայն սպանվածներն են արագ վերադառնում։ Մյուս դեպքերում վարձկանները պետք է ամիսներով մնան այնտեղ։ Թե ինչպես Թարեքին հաջողվեց պատերազմից երկու շաբաթ հետո տուն վերադառնալ, դրամատիկ շրջադարձերով հարուստ մի պատմություն է։ Սա պատմություն է թուրքական իշխանության ծավալապաշտապան պլանների, բայց նաեւ վերջինիս տապալման մասին։ Այնուամենայնիվ, կա մեկը, որը եղելությունն իր սեփական դիտանկյունից կարող է պատմել, թեեւ նրա պատմածների միայն որոշ մասն է հնարավոր ստուգել։ Թարեքի պատմությունը սկսվում է բուն մարտերից շատ ավելի առաջ։ Արդեն օգոստոսի կեսերից թուրքական բանակի կողմից վերահսկվող սիրիական ապստամբների կենտրոն Իդլիբում եւ Հալեպի հյուսիսային շրջանում լուրեր էին պտտվում, որ թուրքերը նորից տղամարդկանց են հավաքագրում՝ ինչպես Լիբիա ներխուժելու ժամանակ։ Սակայն այս անգամ զինյալներ էին հավաքագրում Ադրբեջանի համար՝ թուրքերի եղբայրների՝ ինչպես նրանց անվանում են Անկարայում։ Նախատեսված էր, որ սիրիացիները պետք է պահպանեին թուրքական ռազմաբազանները՝ դրա համար ստանալով ամսական մինչեւ 2000 դոլար, ինչը կասկածելի կերպով շատ գումար էր պահակության համար։ «Պահակության մասին պատմությանը ոչ ոք էլ չէր հավատում»,- ասում է Թարեքը, որը թուրքական գաղտնի ծառայությունների վախից իր իսկական անունով չի ներկայանում։ «Հիմա արդեն ամեն ինչ միեւնույն է։ Առջեւում ձմեռ է։ Ո՞նց պետք է ապրենք, որտե՞ղ պետք է ապրենք»։ 21-ամյա երիտասարդը եւ նրա ծնողները փախստական են դարձել իրենց իսկ երկրում, երբ անցած ձմեռ Բաշար ալ Ասադի զորքերը գրավեցին նրանց գյուղը։ Երբ պատերազմը (խմբ. սիրիական) սկսվեց, Թարեքը դեռ դեռահաս էր, նա այդպես էլ դպրոցը չավարտեց, որովհետեւ շուտով, ըստ էության, այլեւս դպրոց չէր էլ լինելու։ Երբ թուրքերը Լիբիայի համար զինվորագրում էին իրականացնում, նա դեռ իր ընտանիքի հետ ապրում էր իրենց գյուղում։ Սեպտեմբերին շրջանառվող լուրերը հաստատվում են։ Թուրքերը հավաքագրման հարցը թողել էին իրենց ենթակայության տակ գտնվող սիրիական փորձառու կազմակերպություններին՝ առաջին հերթին երկու ավազակային խմբավորումների՝ Համզա եւ Սուլթան Մուրադ դիվիզիաներին։ Ամեն ինչ կազմակերպվում էր գլխավոր շտաբի հրահանգներով։ Սեպտեմբերի 22-ին Բասուտա գյուղում՝ Համզա խմբավորման գլխավոր կայանատեղիում, հավաքում են մոտ 700 տղամարդու՝ նրանց տարիքը եւ պիտանիությունը ստուգելու համար։ Անձնագրին եւ այլ փաստաթղթերի ոչ ոք ուշադրություն չէին դարձնում, մերժում էին միայն նրանց, որոնք 18 տարեկանից փոքր էին երեւում։ Այդ ժամանակ հավաքագրում են մոտ 500 հոգու՝ այդ թվում Թարեքին եւ նրա 42-ամյա վաղեմի ծանոթ Մուհամեդ ալ Շալանին։ Ի տարբերություն շատերի՝ վերջինս երկար տարիների մարտական փորձ ուներ, եւ նրա հրամանատարության տակ պետք է լիներ մի փոքր խումբ՝ այդ թվում եւ Թարեքը։ Բացի ամսական 1500 դոլար աշխատավարձից եւ վիրավորման դեպքում բժշկական ծախսերից՝ զոհվելու պարագայում նրանց ընտանիքները պետք է ստանան 60 հազար դոլար, ինչպես նաեւ Թուրքիայում կացության իրավունք։ Պայմանավորվածությունը գրավոր չի ամրագրվում։ Բայց եթե Թուրքիան չվճարի, անմիջապես այդ լուրը բերնեբերան կտարածվի։ Չէ՞ որ ի վերջո բոլորը փողի համար էին այնտեղ։ Ասադի ռեժիմի դեմ պայքարում Էրդողանի ցույց տված օժանդակությունը պատանդի կարգավիճակում է դրել սիրիացիներին. Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որի գնալով ավելի մեծ հատվածներ դեռեւս 2015 թվականից սկսած թուրքական ռազմական եւ գաղտնի ծառայություններն են վերահսկում, բնակություն է հաստատել ավելի քան 3 միլիոն մարդ՝ «բանտարկված» լինելով՝ մի կողմից՝ Ասադի զորքերի, մյուսից՝ Թուրքիայի կողմից։ Նրանք մի տեսակ կենդանի հումք են դարձել, որոնց Էրդողանը գործի է դնում իր ռազմական գործողություններում՝ ինչպես Լիբիայում, Սիրիայի քրդական բնակավայրերում եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում։ Հազիվ թե սիրիացիներից որեւէ մեկը գիտի՝ ինչ կռիվ է սա ընդհանրապես, եւ որ իրենք դարձել են Ստալինի իշխանական խաղերի վերջին զոհերը։ Հենց Ստալինն էր հայերով բնակեցված տարածքը ժամանակին կցել Խորհրդային Ադրբեջանին։ Հայերը, օգտվելով փլուզվող Խորհրդային Միության քաոսային իրավիճակից, գրավել էին Լեռնային Ղարաբաղը։ 1994 թվականից սկսված՝ փխրուն հրադադար էր հաստատվել։ Երբ Բասուտայում ավարտվում է ռազմական ստուգատեսը, տղամարդիկ տեղափոխվում են սահման եւ ստանում կապույտ համազգեստ։ Անվտանգության աշխատողները հավաքում են նրանց անձնագրերը եւ հեռախոսները։ Հաջորդ առավոտյան զինյալները մեկնում են Թուրքիա՝ Գազիանթեփի օդանավակայան։ Խումբը բաժանվում է։ Թարեքը եւ եւս 300 հոգի բեռնատար ինքնաթիռով մեկնում են Անկարա, այնտեղից էլ արդեն մարդատար ինքնաթիռով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնուհետեւ զինվորական ավտոբուսներով նրանց տեղափոխում են Իրանի սահմանին գտնվող զինվորական հավաքատեղի։ Այնտեղ նրանց բաժանվում են ռուսական զենքեր, բայց մինչեւ այդ պահը այդպես էլ չեն հասկանում՝ իրենց ինչ է սպասվում։ Հետո հանկարծ գիշերվա կեսին հրաման է գալիս. «Շտապ պատրաստվե՛ք, հարձակվելու ենք հայերի վրա»,- հիշում է Թարեքը։  Սիրիացիներից բաղկացած 10-15 հոգանոց յուրաքանչյուր խմբի կցվում է ադրբեջանցի մի թարգմանիչ։ Իսկ թուրքական զինվորականներից, որոնց բազաները սիրիացիները իբր թե պետք է հսկեին, ոչ մեկն այդպես էլ չի գալիս ո՛չ այդ գիշեր, ո՛չ ավելի ուշ։ Մոտավորապես ժամը 3-ի սահմաններում լսվում է ավտոշարասյան ձայնը, եւ սկսվում ադրբեջանական զորքերի տեղափոխումը։ «Մենք առաջնագծի ճանապարհն անգամ չգիտեինք»,- պատմում է Թարեքը,- «դեռ տեղ էլ չէինք հասել, երբ սկսվեցին մարտերը»։ Ավտոշարասյունն առաջնորդող մեքենան ստանում է առաջին ուղղակի հարվածը, որից հետո խավարի մեջ հրե գունդ է փայլատակում։ «Մենք կանգ առանք։ Ադրբեջանցիների մի մասը զոհվել էր, մի մասն էլ՝ փախել։ Իսկ մենք չգիտեինք՝ ուր պետք է փախչել առհասարակ։ Մեր գլխավերեւներում որոտում էին մարտական ինքնաթիռները, հեռվում լսվում էին պայթյունի ձայներ, մենք սողսողալով հասանք մի թաքստոց եւ սպասեցինք»։ Ըստ Թարեքի խոսքերի՝ միայն վաղ առավոտյան, երբ դադարել էին կրակոցները, եկան զինվորներ եւ սիրիացիներին հետ տարան ճամբար։ Այդ գիշերը բոլորը ողջ մնացին։ Շալանը՝ զորքերի առաջնորդը, եւ եւս մի քանի հոգի գնում են Համզայի դիվիզիայի հրամանատարի մոտ, որն ուղեկցել էր առաջին զորախմբին, եւ բողոքում, որ իրենց բերել են անծանոթ մի տեղ եւ տեղանքին օտար՝ իրենք դատապարտված են դառնալ թնդանոթի միս։ Հրամանատարը, որն իրեն շնորհել էր Սաիֆ Աբու Բաքր հաղթական անունը, զայրույթով պատասխանում է. «Դուք այստեղ կռվելու համար եք եկել։ Այլընտրանք այլեւս չունեք»։ Հաջորդ գիշեր էլ են էժան պրծնում։ Կրկին սիրիացիների շատ խմբեր ուղարկվում են առաջնագիծ։ Այս անգամ նրանք հայտնվում են հայ դիպուկահարների եւ ականանետերի կրակի տակ, ոչ մի մետր առաջ չեն կարողանում շարժվել, իսկ նահանջելիս չեն կարողանում անգամ իրենց զոհերի մարմինները վերցնել։ Շալանը նորից է գնում հրամանատարի մոտ։ Սաիֆ Աբու Բաքրը հանում է ատրճանակը, պահում ծերունու քունքին եւ գոռում. «Ես քեզ հենց հիմա կսպանեմ, եթե հետ կանգնես»,- պատմում է Թարեքը։ Դրանից հետո Սաիֆ Աբու Բաքրը դիմում է Թարեքին եւ մյուսներին. «Այլեւս հետ ճանապարհ չկա։ Դուք պետք է կռվեք, կամ էլ ես ձեզ հենց հիմա կգնդակահարեմ»։ Սաիֆ Աբու Բաքրը, որի քաղաքացիական անունը Սաիֆ Բալուդ է, 2012 թվականին որպես երիտասարդ լեյտենենտ միացել էր ապստամբերին։ Շուտով նա իր հպատակությունն է առաջարկում թուրքերին եւ 2013 թվականի ամռանը սկսում է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է փախչել Թուրքիա, որտեղ նա դառնում է ԻՊ-ի դեմ պայքար մղող խմբավորման պարագլուխը։ Այդ խմբավորմանն աջակցում էր Ամերիկայի գաղտնի ծառայությունը։ Թուրքական անվտանգության ծառայության ապարատին հավատարիմ լինելու շնորհիվ՝ նա շուտով դառնում է Համզայի դիվիզիայի ղեկավար, ստանում բրիգադի գեներալի կոչում եւ անընդհատ նոր զորքեր է հավաքագրում Անկարայի համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։ Սաիֆ Աբու Բաքրը որոշում է փակի տակ պահել ահաբեկիչների համառ ղեկավար Շալանին, որից հետո ավելի ու ավելի շատ զինյալներ են ընդդիմանում։ Ի վերջո թուրք սպաները միջնորդում են՝ ասելով, որ սիրիացիները իրավունք ունեն մեկ անգամ զանգել, պետք է մի քիչ էլ կռվեն, մինչեւ հաջորդ հերթափոխը կգա Սիրիայից։ Սեպտեմբերի 29-ի մարտերից մեկի ժամանակ զոհվում է Մուհամեդ ալ Շալանը։ Զինվորագրվածների ընտանիքներն այժմ սպառնում են Սիրիայում տեղակայված Համզայի գլխավոր շտաբին. «Մեր որդիներին ողջ հե՛տ վերադարձրեք, կամ էլ մենք ձեզ կսպանենք»,- պահանջում են նրանք։ Միայն առաջին շաբաթների ընթացքում զոհվել են տասնյակ սիրիացիներ՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից, բայց նաեւ փախստականներ՝ Սիրիայի այլ հատվածներից։ Դերզորցի Քասեմ Մուստաֆա ալ Ղաթմուռը, որը մասնացել էր նաեւ Լիբիայի կռիվներին եւ ողջ մնացել, ասում է. «Սկզբում Լիբիա, հիմա Ադրբեջան․ շնորհակա՛լ եմ քեզ, Էրդողա՛ն, որ մեզ աշխարհը ցույց ես տալիս»։ Միայն հոկտեմբերի 4-ին 40 դիակ հետ է տարվել Սիրիա։  Մի թուրք սպա դիմում է Թարեքին եւ ողջ մնացած մյուս սիրիացիներին ու ասում. «Եթե ուզում եք ձեր աշխատավարձը ստանալ, պետք է շարունակեք կռվել»։ Ըստ Թարեքի՝ իրենք հրաժարվել են գումարից։ Հոկտեմբերի 12-ին նրանք վերադառնում են Սիրիա, սակայն նրանց մի մասին թուրքական գաղտնի ծառայությունները ձերբակալում են՝ հավանաբար շատ համառ ու անհնազանդ լինելու պատճառով։ Մյուսներին ստիպում են լռել։ Թարեքի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ մինչեւ հոկտեմբերի վերջը 3000-4000 սիրիացի վարձկաններ են Ադրբեջան ուղարկվել։  Իսկ կռիվը շարունակվում է։ Միջազգային հանրության պարտադրած 3 հրադադարներից եւ ոչ մեկը չպահպանվեց։ Ադրբեջանը կարծես փորձում է այն իրավիճակն օգտագործել՝ մինչեւ վերջին սիրիացին հետ նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Սիրիացի հուսահատ ընտանիքները ստանում են իրենց որդիների դագաղները։ Թուրքիայից հրահանգված է՝ սպանվածներին արագ եւ լուռ թաղել։ Ըստ տեղացիների՝ իրենց հարազատները մարտում որպես նահատակներ են մահացել, ոչ թե հանցագործներ։ Թաղման ժամանակ իմամն (մահմեդականների հոգեւոր առաջնորդը) իր քարոզում հիշատակում է նաեւ Թարեքի հորեղբայրներից մեկի եւ զարմիկի անունը․ երկուսն էլ զոհվել են Լեռնային Ղարաբաղում։ «Այս ամենի մեջ արժանապատվության գոնե մի փոքր նշյուլ կա»,- դառնացած ասում է բարեկամներից մեկը,- «նրանք գնացին կռվելու, որովհետեւ ուզում էին գոյատեւելու համար գումար վաստակել»։ Թարգմանությունը՝ Շահանե Խաչատրյանի
21:21 - 31 հոկտեմբերի, 2020
Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ «Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ»,-հայտնեց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը դեռ ուսումնասիրվում է։ «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ, և սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի»,-ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական տարբեր օբյեկտներից, մասնավորապես՝ այն օդանավակայաններից, որտեղ Ադրբեջան և Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող տեխնիկա կա, իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորելու և ոչնչացնելու այդ օբյեկտները։ Հովհաննիսյանը շեշտեց, որ առաջին հերթին Արցախի բնակչությունն է ենթարկվել ագրեսիայի։ Եվ եթե Արցախի սպառազինության մեջ եղած, խորհրդային արտադրության, շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբկյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված խաղաղ բնակչությանը, կարող են խոցել և վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, և Ադրբեջանը ավելի թիրախային օգտագործում է դրան։ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ հակառակորդը Շուշիի եկեղեցուն և Ստեփանակերտի ծննդատանը սխալմամբ չէր հարվածել։   «Այսքանից հետո շատ հաճախ խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, ինչն ուղղակի ծիծաղելի է, մեղմ ասած։ Թող մտածեն Ադրբեջանում, թե ինչպես պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- ասաց նա։
22:35 - 30 հոկտեմբերի, 2020
Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ «Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ։ Բայց մարտերը շարունակվել են, և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չեմ կարող»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ։ «Առաջինը՝ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով։ Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»,- տեղեկացրեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ  նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ (Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի ուղղությամբ), չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են։ «Փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, ականադաշտերը հաղթահարելու կենդանի, առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։ Պատերազմը, Հովհաննիսյանի խոսքով, սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումներ են լինում են, լինում են հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ «Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց նա։ 
22:18 - 30 հոկտեմբերի, 2020
Էրիկը, Անահիտն ու Էդիկը՝ Արցախի համար․ երեխաները վաճառում են իրենց նկարներն ու հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Էրիկը, Անահիտն ու Էդիկը՝ Արցախի համար․ երեխաները վաճառում են իրենց նկարներն ու հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Խանութից դուրս եմ գալիս, ու մի փոքրիկ տղա՝ ձեռքին նկարներ, ընդառաջ է գալիս ինձ։ - Բարեւ Ձեզ, ես նկարներ եմ վաճառում, հասույթն ուղարկում եմ հիմնադրամին, կուզե՞ք․․․ - Անունդ ի՞նչ ա։ - Էրիկ։ - Քանի՞ տարեկան ես, Էրիկ ջան։ - Տասնմեկ։ Նայում եմ Էրիկի ձեռքի նկարները, ընտրում ինձ ամենից շատ դուր եկածը, հետո առաջարկում մի քիչ միասին քայլել։ Էրիկն ասում է՝ չորս քեռի ունի, երեքը սահմանին են, մարտական գործողություններին են մասնակցում։ Իսկ ինքը փոքր քրոջ ու եղբոր` Անահիտի եւ Էդիկի հետ այստեղ է օգնում զինվորներին՝ իրենց նկարները վաճառելով ու հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելով։ Լուսանկարում՝ Էրիկը 11-ամյա տղան պատմում է՝ մի քանի օր առաջ նամակ է ուղարկել զինվորներին։ Նամակում խոսել է առաջնագծում կռվող քեռիների, կարոտի մասին, եւ այնպես է ստացվել, որ նամակը գնացել, հասել է իր համաքաղաքացի զինվորներից մեկին։ Հետո այդ զինվորը նամակի մասին հեռախոսով պատմել է մորը, մայրը` ուրիշ համաքաղաքացիների, եւ լուրը եկել, հասել է Էրիկենց տնեցիներին։ «Զինվորի մայրն ասում է. «Ինքը պատմում էր, ես էստեղից էի լացում, ինքն՝ էնտեղից»։ Ասել է (զինվորը- խմբ.)` ծոցումս եմ պահում էդ նամակը»,- պատմում է Էրիկը, հետո ինձ ծանոթացնում Էդիկի ու Անահիտի հետ։ Երեխաները, իրար հերթ չտալով, ներկայացնում են, թե ինչպես որոշեցին իրենց նկարները վաճառել։ Լուսանկարում՝ Էդիկը «Սկզբում հեռուստացույցով տեսանք, որ երեխաները վաճառում են նկարներ՝ Արցախին օգնելու համար, մենք էլ որոշեցինք մի բանով օգնել։ Ճիշտ է՝ փոքր գումար ենք ուղարկում, բայց հուսով եմ` դրանով էլ մի բան անում ենք»,- ասում է Էրիկը։ Երեխաները վաճառում են ոչ միայն իրենց նկարները։ Նրանք հաճախում են Աշտարակ քաղաքի մշակույթի կենտրոն, որտեղի մյուս աշակերտներն էլ, հենց իմացել են ընկերների նախաձեռնության մասին, իրենց նկարներից են ուղարկել, որ դրանք էլ վաճառվեն։ Լուսանկարում՝ Անահիտը Յուրաքանչյուր նկարի արժեքը 1000 դրամ է։ Երեխաներն ասում են, որ գուաշով արված նկարները տպում են, տպած տարբերակներն են վաճառում, որպեսզի երկար ժամանակ չծախսեն նկարելու վրա, իսկ մյուս նկարների բնօրինակներն են վաճառում։ Հարցնում եմ՝ մինչեւ հիմա ինչքա՞ն գումար են աշխատել․ «30,000 դրամ»,- պատասխանում է Էրիկը, Էդիկն էլ կողքից ուղղում՝ 36,000 դրամ։ Գումարը հավաքում են, ուղարկում հիմնադրամին, կտրոններն էլ անպայման պահում են, որ հանկարծ իրենց գործին կասկածող չլինի։ (Մինչ նրանք ինձ պատմում են իրենց նախաձեռնության մասին, կողքի նստարանից մի պապիկ ձայն է տալիս․ - Ապրե՜ք, ձեր ցավը տանեմ…)։ Երեխաներն ասում են, որ տանը մեծերն իրենց ոգեւորում են, օգնում են, նկարներն են դասավորում։ Նաեւ ուրախ-ուրախ պատմում են, թե ինչպես են ուսուցիչները, իմանալով նախաձեռնության մասին, գովել իրենց: Նրանց մայրը՝ տիկին Արմինեն, ասում է, որ երեխաները նաեւ ընկույզներ են վաճառում՝ ամեն ընկույզը՝ 200 դրամ, իսկ իրենք՝ տան մեծերով, կտորե պայուսակներ են կարում եւ հասույթը կրկին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Երեխաներին խնդրում եմ, որ ցույց տան իրենց բոլոր նկարները։ Ցույց են տալիս, պատմում՝ ով որն է նկարել։ Էրիկն իր նկարներից մեկն առանձնացնում է ու ասում․ - Սա խորհրդանշում է բոլոր հայերին, որոնք աշխարհի շուրջն իրար ձեռք են բռնել: Երեխաները կողքից կատակում են. - Նկարի մեջ հայերը քիչ են երեւում, բայց իրականում ավելի շատ են։ Էրիկի նկարը, որտեղ աշխարհի շուրջ հայերն իրար ձեռք են բռնել Երեխաները նկարները վաճառելու են դուրս գալիս ամեն օր, աշխատում են գրեթե ողջ օրը։ Ասում են՝ դե դպրոցն ու մշակույթի կենտրոնը փակ են:  Իսկ հարցին, թե մինչեւ երբ են վաճառելու նկարները, երեքը միասին պատասխանում են․ - Մինչեւ պատերազմը կվերջանա։ - Իսկ որ պատերազմը վերջացավ, ի՞նչ եք անելու առաջինը,- հարցնում եմ։ - Շնորհակալություն ենք հայտնելու զինվորներին․․․ Աննա Սահակյան  
20:10 - 30 հոկտեմբերի, 2020
Երեխաներն են մեր ապագան․ արվեստագետներն Արցախից եկած մեր հայրենակիցների առաջ բացել են իրենց արվեստանոցի դռները

Երեխաներն են մեր ապագան․ արվեստագետներն Արցախից եկած մեր հայրենակիցների առաջ բացել են իրենց արվեստանոցի դռները

Արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին օրից հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Այդ բնակավայրերից շատ կանայք եւ երեխաներ այս օրերին տարհանվել են ու ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Վերջիններիս մի մասին էլ հյուրընկալել են նկարիչ Հարություն Հովսեփյանն ու իր ընկերը՝ The Band խմբի թմբկահար Հոսո Եգանյանը։  Ընկերներով հանձն են առել Պուշկին փողոցի իրենց տուն-արվեստանոցում 35 արցախցու աջակցելու գործը․ 22-ը երեխաներ են, մյուսները՝ նրանց մայրերը։ Տղաներն այստեղ կազմակերպում են բնակվողների առօրյան, ապահովում նրանց սնունդով, հագուստով, կազմակերպում ժամանցը։ «Երբ իմացանք, որ մեր հայրենակիցներն օգնության կարիք ունեն, հանձն առանք զբաղվել նրանց կացության, սննդի, հագուստի եւ երեխաների կրթությամբ։ Մեզ համար կարեւորը երեխաների կրթությունն է, չէ՞ որ նրանք են մեր ներկան ու ապագան»,- մեկնաբանում է Հարութը։ Հարութը՝ որպես արվեստագետ, փոքրիկներին սովորեցնում է նկարել, կավից իրեր պատրաստել։ Երեխաների հետ զբաղվելու փորձ, ինչպես ինքն է ասում, չի ունեցել, սակայն տեսել է՝ ինչպես են իրեն վերաբերվում իր ծնողները։  Բացի այստեղ բնակվողները՝ արվեստանոցի մասին լսել եւ տեղեկացել են նաեւ Արցախից ժամանած այլ պատանիներ։ Այստեղ հաճախողներից մեկը՝ Սեւակ Ջանյանը, որ նկարվել չի սիրում, 20 օր է, ինչ տեղափոխվել է Երեւան։ 14-ամյա տղան Ստեփանակերտում 5 տարի զբաղվել է վոկալով։ Ստեփանակերտ-FaSiLa երգի մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, ու թվում էր՝ կարիերայի դռները բացվում են․  «Մրցույթ շրջանակներում պետք է գնայիք Ռուսաստան, սկսվեց համավարակը։ Դե հիմա էլ․․․»,- սկսում ու չի շարունակում նախադասությունը։ Տղան նաեւ դուդուկ է նվագում, Ստեփանակերտում էլ զբաղվել է հանդբոլով, եւ հարցին, թե այդ սպորտաձեւում ինչ հաջողություններ է գրանցել, պատասխանում է, որ հունիսին պիտի գային Երեւան՝ մրցույթների, բայց վիրուսը պլանները կարծես հետ գցեց։ Սեւակը հստակ որոշել է՝ Կոնսերվատորիա պետք է ընդունվի՝ արդեն խաղաղության պայմաններում։  Արվեստանոցում երեխաները հպարտանում են նաեւ «իրենց չեմպիոնով»։  Ներսիսյան Անին է՝ Վանաձոր քաղաքում կայացած կրոսավազքի մրցույթի չեմպոն։ Անին Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից է ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Ասում են՝ այլ մրցույթներում եւս առաջատար է եղել։ 13-ամյա աղջիկը մեդալները ձեռքին պատմում է․ «Զբաղվում եմ թեթեւ աթլետիկայով, երեւի այդ գծով էլ կշարունակեմ։ Դե հիմա հնարավորությունը չկա շարունակելու, բայց, վստահ եմ, շուտով կվեռադառնանք»։ Անին Երեւանում է հորեղբոր կնոջ հետ․ մայրը բժիշկ է, մնացել է Արցախում։  Իսկ ահա մինչեւ պատերազմն ու արցախցիների՝ արվեստանոցում հյուրընկալվելը՝ այստեղ կազմակերպվում էին նաեւ անվճար ցուցահանդեսներ, ինչպես Հարութն է նշում՝ աշխարհի բոլոր արտիստների համար։ Արվեստագետը վերջին իրադարձությունները համարում է մշակույթի համար մղվող պատերազմ եւ փորձում մշակութային բացը լրացնելու գործում իր դերը եւս ունենալ․ նոյեմբերի 4-ին երեխաների աշխատանքներով Դալան ցուցասրահում կազմակերպելու են ցուցահանդես-վաճառք ու ողջ հասույթն ուղարկելու են Արցախ։ Սեդա Առաքելյան
19:01 - 30 հոկտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Հայկական որոշ լրատվական կայքեր՝ այդ թվում News.am-ը, Politik.am-ը եւ AraratNews.am-ը, այսօր տարածել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի հայտարարությունը՝ գրելով, թե «Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը»։  Սակայն Բուշի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ տող չկա։ Տեքստում հստակորեն երեւում է, որ քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները ՄԹ-ն դատապարտում է ընդհանուր առմամբ, եւ ոչ թե մասնավորապես Արցախում։ Նշված հայտարարությունը տարածել են նաեւ ադրբեջանական որոշ կայքեր՝ իրենք էլ ներկայացնելով, թե ՄԹ-ն դատապարտում է Ադրբեջանական Բարդա քաղաքի բնակավայրերի հրթիռակոծումները։ Իսկ իրականում Բուշի հայտարարության մեջ չի հիշատակվում նաեւ ադրբեջանական որեւէ քաղաք։  Փաստորեն, ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի՝ ըստ էության չեզոք հայտարարությունը ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական լրատվական կայքերը ներկայացրել են հայեցողական մեկնաբանությամբ եւ մանիպուլյատիվ վերնագրերով։ Նեյլ Բուշի հայտարարությունն ամբողջությամբ եւ բառացի թարգմանությամբ՝ ստորեւ․ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ. ՄԹ-ի հայտարարությունը Միացյալ Թագավորությունը ողջունել է մարդասիրական վերջին զինադադարը, եւ մենք եւս մեկ անգամ խոր հիասթափված ենք՝ տեսնելով, որ այն չի պահպանվում: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները: Քաղաքացիական անմեղ անձանց վրա հակամարտության ունեցած ազդեցության մասին են վկայում քաղաքացիական զոհերի վերաբերյալ շարունակական հաղորդումները։ Մեր դիրքորոշումը պարզ է. քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ցավալի է: Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, որոնք տեղահանվել են եւ որոնց կյանքի վրա ազդում է այս իրավիճակը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ ընդունելով այն փաստը, որ շարունակվող բռնությունները զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների վրա: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլատրել Կարմիր Խաչի անհապաղ մուտքը, քանի որ նրանք ձգտում են հեշտացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը: Միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական լուծում ունենալ չի կարող: Մենք երկու կողմերին հորդորում ենք վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինսկի խումբը գլխավոր ձեւաչափն է, որի միջոցով պետք է հասնել կարգավորման: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել Միացյալ Թագավորությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդի:  Շնորհակալություն» Նարեկ Մարտիրոսյան
18:35 - 30 հոկտեմբերի, 2020
Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, պատերազմ չէր սկսի․ Արծրուն Հովհաննիսյան

Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, պատերազմ չէր սկսի․ Արծրուն Հովհաննիսյան

Բազաներ ստեղծելու նպատակը հարձակումն ավելի մեծացնելն է։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին տված հարցազրույցում։ «Եթե դու դիվերսանտներով գալիս ես, մի տեղ ամրանում ես արդեն, այդ տարածքը դառնում է քոնը, ուժերդ սկսում ես մեծացնել, որ հարձակողական պոտենցիալդ ավելի մեծ լինի և զուտ դիվերսիոն չլինի։ Իրենք (Ադրբեջանական կողմը - խմբ․) այդ հարցն էին ուզում լուծել, որը տապալեցինք գիշերը»,- նշել է նա։ Պատասխանելով հարցին, թե փորձագիտական որոշ շրջանակներ ասում են՝ ինչու «օդը չեն փակում», որ ԱԹՍ-ները չգան, Հովհաննիսյանն ասել է, որ Փորձագիտական շրջանակներում նման տերմին («օդը փակել» - խմբ․) չի հանդիպել, որովհետև շատ ոչ փորձագիտական տերմին է։ «Աշխարհի ամենահզոր, ՀՕՊ-ի լավագույն միջոցներով հագեցած խտությունը Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր հարվածային, օդային միջոցներից ինչ-որ տոկոսը անցնում է։ «Օդը փակել» հասկացությունը սիրողական ընկալում է, և ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում, և հանրությունը սկսում է հավատալ, որ կա մի միջոց օդը փակելու, որը չի կիրառվում։ Ոչ թե պետք է ասել «օդը փակեք», այլ պետք է ասել մեզ պետք է բարելավել ՀՕՊ մակարդակը։ Այո՛, մենք պետք է ձգտենք այնպիսի ՀՕՊ միջոցների, որ տասը ԱԹՍ-ից մեկ, երկու, հինգը խոցելու փոխարեն, խոցենք ութը»,- ընդգծել է նա։ Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, ոչ Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ հետը, ինչպես իրենց օպերատիվ պլաններում հավանաբար դրված է եղել, ինքը պատերազմը չէր սկսի։ «Միանշանակ, իր ԶՈՒ-ն, վստահ եմ նաև Թուրքիայի ԶՈՒ-երը, ունեցել են շատ «վարդագույն» պատկերացումներ իրենց մասին և շատ «մատների արանքով» պատկերացումներ՝ մեր մասին»,- ընդգծել է ՊՆ ներկայացուցիչը։  
16:52 - 30 հոկտեմբերի, 2020
Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան

Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան

Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը։ Ավելի վաղ վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։  «Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում»,- հավելեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ «Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,- ասաց նա։ Խոսելով Ադրբեջանական ուժերի՝ անտառներով առաջ գալու մասին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ բաց ճակատում դժվար է իրենց համար առաջ գալը, դրա համար ուղիղ առճակատման չեն ուզում գնալ և փորձում են շրջանցելով, փոքր խմբերով հասնել հաջողության, որում կա ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն։ «Ռազմական նշանակությունը խուճապ տարածելն է, մեր փոքր խմբերին վնասելը, կապուղիները կտրելը։ Քաղաքականը այն է, որ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրերում, իսկ այս դեպքում Շուշին է կամ Շուշիին հարակից բնակավայրերը, որ, պարզ է, այլ հնչեղություն կստանա»,- ընդգծեց նա։
14:16 - 30 հոկտեմբերի, 2020