Էրիկը, Անահիտն ու Էդիկը՝ Արցախի համար․ երեխաները վաճառում են իրենց նկարներն ու հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին
20:10 - 30 հոկտեմբերի, 2020

Էրիկը, Անահիտն ու Էդիկը՝ Արցախի համար․ երեխաները վաճառում են իրենց նկարներն ու հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Խանութից դուրս եմ գալիս, ու մի փոքրիկ տղա՝ ձեռքին նկարներ, ընդառաջ է գալիս ինձ։

- Բարեւ Ձեզ, ես նկարներ եմ վաճառում, հասույթն ուղարկում եմ հիմնադրամին, կուզե՞ք․․․

- Անունդ ի՞նչ ա։

- Էրիկ։

- Քանի՞ տարեկան ես, Էրիկ ջան։

- Տասնմեկ։

Նայում եմ Էրիկի ձեռքի նկարները, ընտրում ինձ ամենից շատ դուր եկածը, հետո առաջարկում մի քիչ միասին քայլել։ Էրիկն ասում է՝ չորս քեռի ունի, երեքը սահմանին են, մարտական գործողություններին են մասնակցում։ Իսկ ինքը փոքր քրոջ ու եղբոր` Անահիտի եւ Էդիկի հետ այստեղ է օգնում զինվորներին՝ իրենց նկարները վաճառելով ու հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելով։

Լուսանկարում՝ Էրիկը

11-ամյա տղան պատմում է՝ մի քանի օր առաջ նամակ է ուղարկել զինվորներին։ Նամակում խոսել է առաջնագծում կռվող քեռիների, կարոտի մասին, եւ այնպես է ստացվել, որ նամակը գնացել, հասել է իր համաքաղաքացի զինվորներից մեկին։

Հետո այդ զինվորը նամակի մասին հեռախոսով պատմել է մորը, մայրը` ուրիշ համաքաղաքացիների, եւ լուրը եկել, հասել է Էրիկենց տնեցիներին։

«Զինվորի մայրն ասում է. «Ինքը պատմում էր, ես էստեղից էի լացում, ինքն՝ էնտեղից»։ Ասել է (զինվորը- խմբ.)` ծոցումս եմ պահում էդ նամակը»,- պատմում է Էրիկը, հետո ինձ ծանոթացնում Էդիկի ու Անահիտի հետ։ Երեխաները, իրար հերթ չտալով, ներկայացնում են, թե ինչպես որոշեցին իրենց նկարները վաճառել։

Լուսանկարում՝ Էդիկը

«Սկզբում հեռուստացույցով տեսանք, որ երեխաները վաճառում են նկարներ՝ Արցախին օգնելու համար, մենք էլ որոշեցինք մի բանով օգնել։ Ճիշտ է՝ փոքր գումար ենք ուղարկում, բայց հուսով եմ` դրանով էլ մի բան անում ենք»,- ասում է Էրիկը։

Երեխաները վաճառում են ոչ միայն իրենց նկարները։ Նրանք հաճախում են Աշտարակ քաղաքի մշակույթի կենտրոն, որտեղի մյուս աշակերտներն էլ, հենց իմացել են ընկերների նախաձեռնության մասին, իրենց նկարներից են ուղարկել, որ դրանք էլ վաճառվեն։

Լուսանկարում՝ Անահիտը

Յուրաքանչյուր նկարի արժեքը 1000 դրամ է։ Երեխաներն ասում են, որ գուաշով արված նկարները տպում են, տպած տարբերակներն են վաճառում, որպեսզի երկար ժամանակ չծախսեն նկարելու վրա, իսկ մյուս նկարների բնօրինակներն են վաճառում։

Հարցնում եմ՝ մինչեւ հիմա ինչքա՞ն գումար են աշխատել․ «30,000 դրամ»,- պատասխանում է Էրիկը, Էդիկն էլ կողքից ուղղում՝ 36,000 դրամ։

Գումարը հավաքում են, ուղարկում հիմնադրամին, կտրոններն էլ անպայման պահում են, որ հանկարծ իրենց գործին կասկածող չլինի։

(Մինչ նրանք ինձ պատմում են իրենց նախաձեռնության մասին, կողքի նստարանից մի պապիկ ձայն է տալիս․

- Ապրե՜ք, ձեր ցավը տանեմ…)։

Երեխաներն ասում են, որ տանը մեծերն իրենց ոգեւորում են, օգնում են, նկարներն են դասավորում։ Նաեւ ուրախ-ուրախ պատմում են, թե ինչպես են ուսուցիչները, իմանալով նախաձեռնության մասին, գովել իրենց:

Նրանց մայրը՝ տիկին Արմինեն, ասում է, որ երեխաները նաեւ ընկույզներ են վաճառում՝ ամեն ընկույզը՝ 200 դրամ, իսկ իրենք՝ տան մեծերով, կտորե պայուսակներ են կարում եւ հասույթը կրկին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Երեխաներին խնդրում եմ, որ ցույց տան իրենց բոլոր նկարները։ Ցույց են տալիս, պատմում՝ ով որն է նկարել։ Էրիկն իր նկարներից մեկն առանձնացնում է ու ասում․

- Սա խորհրդանշում է բոլոր հայերին, որոնք աշխարհի շուրջն իրար ձեռք են բռնել:

Երեխաները կողքից կատակում են.

- Նկարի մեջ հայերը քիչ են երեւում, բայց իրականում ավելի շատ են։

Էրիկի նկարը, որտեղ աշխարհի շուրջ հայերն իրար ձեռք են բռնել

Երեխաները նկարները վաճառելու են դուրս գալիս ամեն օր, աշխատում են գրեթե ողջ օրը։ Ասում են՝ դե դպրոցն ու մշակույթի կենտրոնը փակ են: 

Իսկ հարցին, թե մինչեւ երբ են վաճառելու նկարները, երեքը միասին պատասխանում են․

- Մինչեւ պատերազմը կվերջանա։

- Իսկ որ պատերազմը վերջացավ, ի՞նչ եք անելու առաջինը,- հարցնում եմ։

- Շնորհակալություն ենք հայտնելու զինվորներին․․․

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել