ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Հանքարդյունաբերական երկու ընկերության ընդերքօգտագործման իրավունքներ դադարեցվել են
 |1lurer.am|

Հանքարդյունաբերական երկու ընկերության ընդերքօգտագործման իրավունքներ դադարեցվել են |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով՝ Հայաստանի երկու հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։ Երկու ընկերություններից մեկը «Նիգ մայնինգն» է, որ հետաքրքրված էր Սյունիքի մարզի Խդեբանցի ու Թաղամիրի տեղամասերից ոսկու արդյունահանմամբ, մյուսը՝ «Ալմասար» ՍՊԸ-ն, որը ռիոլիթի արդյունահանման թույլտվություն ուներ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։    «Նիգ մայնինգ». ոսկու որոնումներ՝ «Արևիք» ազգային պարկի շուրջբոլորը    «Նիգ մայնինգ»-ը հիմնվել է 2017-ին՝ Երևանում։ Մեկ տարի անց ընկերությունը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Սյունիքի մարզում գտնվող «Արևիք» ազգային պարկի մերձակայքում ոսկու պաշարների հանդեպ։ Բնապահպանության նախարարությունը 2018-ին ընկերությանը թույլ էր տվել երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել Խդեբանցի տեղամասում։ Ընդհանուր առմամբ, երկրաբանահետախուզական աշխատանքները ներառում էին 530 հեկտար մակերես՝ Շվանիձոր և Ծավ գյուղերի տարածքներում։ Վարչական վարույթը հարուցվել է հենց այս ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված։ Ըստ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության՝ ընկերությունը չի վճարել ռեկուլտիվացիոն գումարները՝ 2.3 միլիոն դրամի չափով։ Ռեկուլտիվացիոն վճար սահմանված է Ընդերքի օրենսգրքով՝ ընդերքօգտագործման ժամանակ խախտված հողերի վերականգնման համար։ Նախարարությունը հարուցել է վարչական վարույթներ, սակայն «Նիգ մայնինգի» կողմից այդպես էլ վճարումները չեն կատարվել։ Հիմնվելով սրա վրա՝ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։   «Նիգ մայնինգը» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում նաև Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում։ Սա ևս «Արևիք» ազգային պարկի հարևանությամբ է։ Հանրային լսումներն այս տեղամասի շահագործման վերաբերյալ սակայն չէին կայացել, քանի որ մեղրեցիները դեմ էին հանդես եկել հանքի հնարավոր շահագործմանը։ Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասի շահագործման նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև «ԱՏ-մետալս» ընկերությունը, որ փոխկապակցված է Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքի հետ։ Հովսեփյանն ու իր որդիները ռուս գործընկերների հետ «ԱՏ-մետալսի» սեփականատերերն են։    «Նիգ մայնինգի» միակ բաժնետերը Վարդգես Ասլանյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքից։    «Ալմասար». չարդյունահանված քարեր Լոռու մարզում   Մյուս ընդերքօգտագործողը, որի իրավունքները դադարեցվել են, «Ալմասար» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը 2013-ին ստացել էր ընդերքօգտագործման իրավունք ռիոլիտ (լիպարիտ) արդյունահանելու համար, սակայն վերջին 7 տարիներին արդյունահանում չի իրականացրել, ինչը Ընդերքի օրենսգրքի խախտում է։    Բացի այդ, «Ալմասարը» չի կատարել ռեկուլտիվացիոն վճարումներ՝ 1.1 միլիոն դրամի չափով, ու նախարարությունը որոշել է դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում «Ալմասարի» ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ ընկերությունում տեղի են ունենում նոր փոփոխություններ, Մանուկյանը դառնալու է բաժնետեր, և իրականացվելու է ներդրումային ծրագիր, մարվելու են ընկերության պարտքերը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում դեռևս բաժնետերերի փոփոխություններ չկան։ «Ալմասարի» բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Լիդա Մազմանյանին, իսկ 20 տոկոսը՝ Մանվել Գալաչյանին։ Նրանք Վանաձորից են։    Անցյալ տարի նախարարությունը մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրեց։ Այդ ցանկում էին՝ «Պարամաունտ գոլդ մայնինգ», «Ֆորչն ռիզորսիս», «Մոլիբդենի աշխարհ», «Վարդանի զարթոնք», «Մարջան մայնինգ», «Մեգո գոլդ», «Վայք գոլդ» ընկերությունները։    Անցյալ տարի Սուրեն Պապիկյանի հրամանով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող մի քանի ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվեց։ Դրանցից մեկը «Պարամաունդ գոլդ մայնինգն» էր, որն ընդերքօգտագործման իրավունք ուներ Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաձրի տեղամասի նկատմամբ։ Ընկերության խոշոր բաժնետերը՝ մոտ 49 տոկոսի չափով, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, 29 տոկոսը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, 20 տոկոսը՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, գործարար Սմբատ Նասիբյանին։ Անցյալ տարի «Պարամաունդ գոլդ մայնինգը» նախարարության վարչական ակտը վիճարկելու հարցով դիմել էր վարչական դատարան։ Հայցը, սակայն, վերադարձվել էր, իսկ նոր հայցի մասին «Դատալեքս»-ում տեղեկություններ չկան։    Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղային հանքավայրում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի իրավունքները դադարեցվեցին 2020-ի օգոստոսին։ Ընկերությունը փոխկապակցված է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ում 40 տոկոս բաժնեմաս ունի նրա որդի Սուրեն Այվազյանը։ Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է, քանի որ սահմանված ժամկետներում ընկերությունը արդյունահանում չի իրականացրել։ ՏԿԵՆ-ի որոշումը դատական ատյաններում չի բողոքարկվել։    Անցած ամռանը դադարեցվեց նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Ընկերության բաժնետերերն են ռուս գործարարներ Դմիտրի Տրոիցկին ու Դմիտրի Կորժևը։ Այս ընկերության ընդերքօգտագործման իրավունքը ևս դադարեցվել էր այն պատճառով, որ արդյունահանում չէր իրականացրել։ «Մոլիբդենի աշխարհը» դատական ատյաններում բողոքարկում է այս որոշումը։    Մյուս ընդերքօգտագործման իրավունքից զրկված, սակայն դատական կարգով այն վերականգնած ընկերությունը «Ֆորչն ռիզորսիս» ՍՊԸ-ն է, որը իրավունք ուներ շահագործելու Հրազդանի երկաթի հանքը։ Ընկերության 28 տոկոսը պատկանում է Վարդան Այվազյանի որդուն, իսկ մնացած 72 տոկոսը՝ Վիրջինյան կղզիներում գրանցված «Քասփիան բաունթի սթիլ լիմիթիդ» ընկերությանը։    Վարչական դատարանը որոշել է վերացնել նախարարության որոշումը ու վերականգնել «Ֆորչն ռիզորսիսի» ընդերքօգտագործման իրավունքը։ 
12:07 - 07 ապրիլի, 2021
Մինչեւ աշուն Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն լինի. չնայած բազմաթիվ թափուր պաշտոնների՝ 1-ին ընտրությունը սեպտեմբերին է |armtimes.com|

Մինչեւ աշուն Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն լինի. չնայած բազմաթիվ թափուր պաշտոնների՝ 1-ին ընտրությունը սեպտեմբերին է |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Թե որ համայնքներում կլինեն ընտրություններ՝ նախարարությունից չհստակեցրին: Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաեւ պատերազմով պայմանավորված Հայաստանում մեկ տարուց ավելի է՝ ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում:  Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Տուֆաշեն եւ մի շարք այլ համայնքներում:  Բազմաթիվ այլ համայքներ, որտեղ կամ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը կամ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է՝ ընտրովի պաշտոնները թափուր են: Օրինակ, Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին: Սա նշանակում է, որ այս տարվա փետրվարի 22-ին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները:  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում: Այս հանգամանքը մի շարք համանքներում խնդիրներ է առաջացել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքական գործիչները: Խոսքն, օրինակ, համայնքների բնականոն գործունեությունը խաթարվելու մասին է. ավագանու չգործելու դեպքում չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման: Սրանով պայմանավորված, նույնիսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ: Առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ թույլ տալ այն համայնքներում, որտեղ ավագանու լիազորությունները լրանում են, իսկ ընտրություն չի անցկացվում՝ ունենալ ներկայացուցչական մարմին և լուծել համայնքային բազմաթիվ խնդիրներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:41 - 03 ապրիլի, 2021
Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար. վարչապետը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին

Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար. վարչապետը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝ սուբվենցիաների ոլորտում՝ 2020 թ. իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 2018-2020 թթ. իրականացվել է 1192 սուբվենցիոն ծրագիր՝ 47.5 մլրդ դրամ արժեքով, որից 25.5 մլրդ դրամը՝ պետբյուջեի հաշվին, 21.5 մլրդ դրամը՝ համայնքների համաֆինանսավորմամբ, 500 մլն դրամը՝ ներդրողների ներգրավմամբ: 1192-ից 368 ծրագրով իրականացվել է 270 կմ ներհամայնքային փողոցների բարեկարգում, 134-ով՝ խմելու ջրագծերի նորոգում, 78-ով՝ ոռոգման համակարգի կառուցում, 161-ով՝ փողոցային լուսավորություն և այլ ծրագրեր: 2021թ. համար ստացվել է 800 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք վերլուծության փուլում են: Նախարարն արդյունավետ է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պետության համաֆինանսավորումը թույլ է տալիս վերահսկողություն ունենալ ծախսի և շինարարության որակի նկատմամբ: Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019 թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020 թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150 կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020 թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը: Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում՝ ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակում մշակվել և քարտեզավորվել են բոլոր երթուղիները: 2021թ. մարտի սկզբին հայտարարվել է Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի կեսերին: Հաջող արդյունքներ արձանագրելու պարագայում նախատեսվում է նման մրցույթներ անցկացնել նաև մյուս մարզերում՝ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները լուծելու նպատակով: Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023 թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո: Ընդհանուր առմամբ գումարային տեսանկյունից 2019-2020թթ. ընթացքում կատարվել է այնքան աշխատանք, որքան կատարվել էր 2006-2019 թթ.: Վերամեկնարկել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը, որի արժեքը 188 մլն եվրո է։ Ավարտվել են Հաղթանակ, Աշնակ ենթակայանների վերակառուցման և Լալվար–Նոյեմբերյան օդային նոր գծի կառուցման աշխատանքները՝ 28 մլն դոլար ներդրմամբ։ Վերակառուցման փուլում են Վանաձոր 1, Չարենցավան, Լիճք, Ագարակ և Շինուհայր ենթակայանները։ Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ունենալ 37.4 կմ մեխանիկական ոռոգման և 265.9 կմ ներտնտեսային ցանցերի արդիականացում, ինչն էապես կփոխի Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի ոռոգման համակարգերը: Բացի այս, ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկում է նաև Կապսի ջրամբարի կառուցումը: Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2-ի շինարարությունը կավարտվի 2021 թ., իսկ 11-ինը՝ 2022 թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում: Աղբահանության բնագավառում՝ 2020 թ. դեկտեմբերին մեկնարկել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը (11 մլն եվրո), որն առաջիկայում եղանակային պայմանների բարելավման պես կշարունակվի: Աղբավայրը շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում: Տեղական ինքնակառավարման ոլորտում՝ համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2022 թ.: Ներկայում միավորված համայնքների թիվը 54-ն է, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ 54-ում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2021-2022 թթ.. կհիմնվեն ևս 19-ը։ 2021 թ. հունվարից գործարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը: Միգրացիոն քաղաքականության բնագավառում՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է 183 ԲԳՎ՝ 2.4 մլրդ դրամ արժեքով: Այս պահին շահառուների կողմից կնքվել է առուվաճառքի 64 պայմանագիր, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան փոխանցումները: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի. այն ամբողջությամբ կավարտվի Երևանում, հաջորդիվ՝ նաև մարզերում: Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020 թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021 թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորություները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը: Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետ Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով: Վարչապետն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով: Հանքարդյունաբերության առնչությամբ՝ վարչապետն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին:
20:20 - 26 մարտի, 2021
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)։   Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին՝ Վ․ Տերտերյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական հարաբերությունների զարգացմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։   Փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ու Իսլանդիան միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԽ տարբեր կառույցների շրջանակում, ունեն համագործակցության հաջողված փորձ, և վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ դիվանագիտության խորացման համար։   Փոխնախարարը հեռանկարային է համարել փորձի փոխանակումը և հետագա փոխգործակցությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, տեղական ժողովրդավարության զարգացման, միջհամայնքային կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և այլ բնագավառներում։   Վ․ Տերտերյանը առանձնահատուկ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ Իսլանդիայի ունեցած նշանակալի դերակատարումը և հետագա աջակցությունը։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիգուրդսոնին փոխադարձ պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը:   Դեսպանի խոսքով՝ իսլանդական կողմը հետաքրքրված է մատնանշված ոլորտներում չիրացված ներուժը երկուստեք օգտագործելու և քաղավիացիայի, ջերմային էներգետիկայի, վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում փորձի փոխանակման հարցում։   Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
19:11 - 25 մարտի, 2021
Սուրեն Պապիկյանն այցելել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր, ծանոթացել ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին

Սուրեն Պապիկյանն այցելել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր, ծանոթացել ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզեր, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Այցի նպատակն էր ծանոթանալ  մայր և երկրորդային ջրանցքների նորոգման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականցվում են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։ Արագածոտնի մարզում նախարարը շրջել է Աշտարակի մայր առվի, Օշականի մայր ջրանցքի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 1 ակվեդուկի՝ կամուրջ–ջրատարի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 2 ակվեդուկի՝ կամուրջ–ջրատարի շինհրապարակներում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ վերակառուցման աշխատանքներն  ակտիվ ընթացքի մեջ են։ Ծրագրի հաջող ավարտից հետո Արագածոտնի մարզում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները, ինչը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Նախարարի խոսքով ,մասնավորապես,  Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել ավելի քան 20 տարի։ Արմավիրի մարզում մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանն այցելել է Ստորին Հրազդան ջրանցքի, Թալինի մայր ջրանցքի բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցման շինհրապարակներ։ Պատասխանատուները նախարարին տեղեկացրին, որ Արմավիրի մարզում ևս ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, ոռոգվող հողատարածքների ավելացմանը զուգահեռ` մարզում ստեղծվում է ներդրումային ակտիվ միջավայր, ինչը հատկապես կարևորվում է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Շրջայցի ընթացքում նախարարը պատասխանատուների հետ խոսել է շինարարության  ընթացքի մասին, տվել մի շարք հանձնարարականներ։ Նախարարին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների մեծ մասը իրականացվել է ընթացիկ տարում և նախքան ոռոգման շրջանի մեկնարկը հնարավոր կլինի ավարտին հասցնել վերոնշյալ ենթակառույցների վերանորոգման աշխատանքները։  Նախարար Պապիկյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարության ընթացիկ տեմպից և նշել․ «Սա մեր շինարարական աշխատանքների և, մասնավորապես, ջրային ոլորտին վերաբերող աշխատանքների մի փոքրիկ մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում  մենք ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Պետք է նշեմ, որ  այս տարի ջրային ցանցի արդիականացման ուղղությամբ աննախադեպ քանակի աշխատանք պետք է կատարենք, այն կազմում է շուրջ 14 մլրդ դրամ»։ Պապիկյանը հետաքրքրվել է համայնքներում ներտնտեսային ցանցերի վիճակից, հորդորել դիտարկել և հնարավորության դեպքում ավելացնել սուբվենցիոն փաթեթներով ներհամայնքային ջրամատակարարման ենթակառույցները բարեկարգելու ծրագրերը։ Ի թիվս պատասխանատուներին տրված հանձնարարականների՝ նախարարը խիստ անհրաժեշտ է համարել  նաև համայնքի բնակչության հետ ամենօրյա աշխատանքը,   որպեսզի նորակառույց ջրամբարներում և ջրանցքներում բացառվեն աղբի կուտակումները։ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ծրագրի հաջող ավարտից հետո ակնկալվում է, որ Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
20:20 - 23 մարտի, 2021
Հայ և վրաց փոխնախարարները քննարկել են լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

Հայ և վրաց փոխնախարարները քննարկել են լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

«Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։   Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, վարում էր ծրագրի տնօրեն, դոկտոր Քրիստոֆ Բայերը:   Երկուստեք կարևորվել է այս հարցերի շուրջ տարածաշրջանային փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։   Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել գործընկեր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ քննարկումների նման հարթակի հնարավորության համար և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։   ՏԿԵ փոխնախարար Վ․ Տերտերյանը նշել է, որ լիազորությունների վերագրումը ՏԻՄ-երին Հայաստանում դիտարկվել և դիտարկվում է որպես համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն գործընթացներից մեկը։ Հանդիսանալով ապակենտրոնացման մեկնարկի լավագույն ձևը` այն նաև նպաստում է կենտրոնական իշխանության և ՏԻՄ-երի միջև հանրային կառավարման գործառույթների հստակ բաշխմանը, հատկապես եթե համակցվում է համապատասխան ֆինանսական միջոցների հայթայթման և ամրագրման հետ։   Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ չի կարող լինել արդյունավետ ապակենտրոնացում՝ առանց համայնքային եկամուտների հստակ աղբյուրների, հակառակ դեպքում ապակենտրոնացված լիազորությունները կամ ընդհանրապես չեն իրականացվի, կամ կիրականացվեն ոչ լիարժեք։ Ներկայումս Հայաստանը գտնվում է ՏԻՄ-երին փոխանցվող լիազորությունների սահմանման և ընտրության փուլում, և այս առումով ուսանելի կլինի Վրաստանի փորձը։
19:13 - 23 մարտի, 2021
Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար տարվում են աշխատանքներ. փոխնախարար |armenpress.am|

Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար տարվում են աշխատանքներ. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը վստահեցնում է, որ նախարարությունը ռուսական ընկերության հետ աշխատանքներ է իրականացնում՝ Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար, փոխնախարարն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանքի շահագործման, կրճատված աշխատակիցների ճակատագրին առնչվող հարցին: «Առաջին իսկ օրերից մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ որպես լիազոր մարմին: Այս պահին ամեն ինչ արվել է և այսօր դեռ շարունակում է արվել՝ ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Այդ քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որ հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլ նաև հեռանկարում՝ առաջիկա տարիներին նույնպես, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,-ասաց փոխնախարարը: Պատգամավորը նկատեց, որ մոտ 300 աշխատակից աշխատանքից զրկվել է: Անդրադառնալով սոցիալական կոմպոնենտին՝ Շուշանյանը նշեց, որ եթե ապահովվում է հանքի շարունակական շահագործումը, արտադրական պրոցեսը, ապա հիմնական կազմը շարունակում է աշխատել: Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած թվին՝ փոխնախարարն ասաց.  «Մեր տվյալներով նույնպես 280 հոգի հնարավոր է որոշակի խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված, սակայն այս պահին դեռևս այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք չեն ազատվել»,-նշեց նա: Շուշանյանը վստահեցրեց, որ ընկերության հետ աշխատանքները շարունակվում են՝ հենց հիմնական անձնակազմը պահելու համար:
17:17 - 23 մարտի, 2021
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն

Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչների հետ հանդիպումներում մանրամասն ներկայացրել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախնական նախագիծը և նախագծի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծային, տեխնիկական պարամետրերին, շինարարության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև՝ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներին։ Մասնավորապես, նշվել է, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն, որի առաջին հատվածի շինարարությունը (շուրջ 32 կմ) նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Նախատեսվող ճանապարհը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ծրագծով։ Վերակառուցվելիք ճանապարհի շնորհիվ կրճատվելու է Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ ներկայում գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն և այլն։ Նախագիծն իրականացնելիս իտալական կազմակերպությունը մի քանի փուլով կատարել է գեոտեխնիկական ուսումնասիրություն՝ համագործակցելով տեղացի մասնագետների հետ։ Նոր ճանապարհը կկրճատի ինչպես տարածությունը (մոտ 14 կմ-ով), այնպես էլ երթևեկության ժամանակահատվածը. 80 կմ/ժ հաշվարկային արագության դեպքում կխնայվի մոտ 38 րոպե ժամանակ։ Հանրային քննարկման կազմակերպիչները պատասխանել են նաև համայնքների բնակիչներին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին հողերի օտարման, փոխհատուցման խնդիրներին. բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրելու իրենց հողատարածքները։ Ազդակիր համայնքների բնակիչներին հետաքրքրում էր նաև իրենց ներգրավվածությունը ճանապարհի շինաշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները տեղեկացրել են, որ տեղի աշխատուժի ներգրավումը շինաշխատանքներում կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի պարտադիր պայմաններից է լինելու։ Ընդգծվել է նաև, որ քննարկվող նախագիծը նախնական է, այն լրամշակվելու է՝ հաշվի առնելով համայնքների կողմից ստացված առաջարկները։
15:55 - 23 մարտի, 2021
Պտղունքի` 72 տարվա դպրոցը վերակառուցվում է. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ

Պտղունքի` 72 տարվա դպրոցը վերակառուցվում է. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն  այսօր այցելել է Պտղունք, որտեղ հիմնովին վերակառուցվում է համայնքի միակ դպրոցը։ Նախարարին ուղեկցել են  ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և դպրոցի շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը։ Արմավիրի մարզի Պտղունք համայնքի  Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։  Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումը։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։ Դեռևս 2018թ․ հունիսին Պտղունք կատարած այցի ժամանակ նախարար Պապիկյանը ծանոթացել էր դպրոցի շենքի վթարային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը համայնքի բնակիչներին և ուսուցչական կազմին խոստացել էր հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։ 2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցը ընդգրկվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը` այն քանդվել  էր և   նախատեսվել էր  կառուցել  սեյսմակայուն նոր  շենք։ Ներկայումս ընթանում են դպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները: Նախարար Պապիկյանը դպրոցի շինհրապարակում հորդորել է  պատասխանատուներին հետևողական լինել շինարարության որակի և նախանշված ժամկետում ավարտելու հարցում։ Նախարարին ներկայացվել է դպրոցի նոր  շենքի նախագիծը, նշվել է, որ մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։ Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչակազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց:Այն հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։  Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 մլն դրամ, որից 16,7 %-ը ներդրվում  է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը՝ համաֆինանսավորվում  Ասիական զարգացման բանկի կողմից։ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնք ի տարբերության ճանապարհաշինության, պակաս տեսանելի են հանրության համար։ Դրանց թվում շատ են հատկապես դպրոցաշինական, մանկապարտեզների շինարարության, ջրագծերի անցկացման, ջրանցքների վերանորոգման և բազում այլ ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը»,– ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նախարարը եղել է նաև Երևանի 18-րդ դպրոցի շինհրապարակում, հետևել շինարարության ընթացքին։ Դպրոցի շենքը կառուցվել էր դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց.  կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման համար  ներդրվել է 986 մլն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։
17:59 - 22 մարտի, 2021
ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են սահմանին բեռնափոխադրողների փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերի դյուրացման հնարավորությունը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են սահմանին բեռնափոխադրողների փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերի դյուրացման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման համար։ Երկուստեք անդրադարձ է կատարվել մի շարք տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում համագործակցության հնարավորություններին։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն Իրանի փոխարտգործնախարարին տեղեկացրել է նաև Հայաստանի բեռնափոխադրողների կողմից բարձրացված՝ սահմանահատումների ընթացքում ֆիտոսանիտարական վերահսկման փաստաթղթերի ներկայացման ընթացակարգային խնդիրների վերաբերյալ՝ իրանական կողմին առաջարկելով դիտարկել այդ ընթացակարգերը դյուրացնելու և էլեկտրոնային տարբերակով ու փոխադարձության սկզբունքով այդ հարցը կարգավորելու հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ենթակառուցվածքների ոլորտի զարգացմանն ուղղված փոխշահավետ նախաձեռնություններում:
18:36 - 19 մարտի, 2021
Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության մեծացմանն ուղղված աշխատանքներ

Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության մեծացմանն ուղղված աշխատանքներ

Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը և երկրի էներգետիկայի գործունեության կարևոր այլ հարցեր են քննարկել այսօր Երևանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։   Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։   Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարար Սուրեն Պապիկյանը ողջույնի ուղերձ է հղել քննարկման մասնակիցներին և կազմակերպիչներին։   Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյուր, և այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաև այսօր։ Մինչև 2040թ․ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իսկ հեռանկարում նաև նոր ատոմակայանի կառուցում։ Կարևոր է նաև ընդգծել, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել Կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության և ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»:   Բացելով միջոցառումը, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց․ «Այս տարի մենք նշում ենք կարևոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդունվել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում և այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյուր և հանդիսանում է գիտության և բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, և մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության և անկախության հարցում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»։   Անկասկած, երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։ 2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել է ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ տվեց ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագորժման հավելյալ ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ։   «2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետևյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում և ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձև։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահագործվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները»,- նշեց Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
17:55 - 18 մարտի, 2021
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազատար գոյություն չունի. նախարարությունը պարզաբանում է
 |armtimes.com|

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազատար գոյություն չունի. նախարարությունը պարզաբանում է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ գազատար գոյություն չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով կիրականացվի: Նրանք վերահրապարակել են «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը այն մասին, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վրա պլանային կանխարգելիչ եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: ՏԿԵ նախարարությունից մեր զրույցում ասացին. «ՀՀ-ի կողմից երբեւէ չի քննարկվել գազը Ադրբեջանի տարածքից ստանալու հարց: ՀՀ-ն գազը ստանում է Վրաստանի միջոցով՝ Կարմիր Կամուրջ-Սեւքար-Բերդ մայրուղային գազատարով»:
19:22 - 17 մարտի, 2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է հայ-չինական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպան Ֆան Յունի պաշտոնավարման ընթացքում դրանք էլ ավելի կամրապնդվեն։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկկողմ գործակցության օրակարգին առնչվող մի շարք ոլորտների։ Նախարարը մասնավորապես կարևորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայ-չինական համագործակցության շարունակականության և հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ցուցաբերած աջակցությունը։ Նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին՝ այդ առումով կարևորելով հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։ Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության բավական լավ պատմություն ունեն, և առկա են նախադրյալներ՝ մեծապես խորացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաև, որ ՉԺՀ կառավարությունն աջակցում և խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին։
16:52 - 16 մարտի, 2021
Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում

Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարտի 11-ին անցկացված տարեկան պլանավորման առցանց աշխատաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից կազմակերպված հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների պլանավորմանը և համակարգմանը վերաբերող հարցեր, վերհանվել են փոխգործակցության նոր հնարավորություններ, գնահատվել է առկա ներուժը՝ ուղղված Հայաստանում հաշվետու, արդյունավետ և ներառական տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալուն։ Տարեկան պլանավորման աշխատաժողովին մասնակցել են ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար դոկտոր Քրիստոֆ Բայերը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա․ Գիլոյանը, ԳՄՀԸ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), Եվրոպայի Խորհրդի (ԵԽ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչներ։
19:12 - 15 մարտի, 2021
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության   «Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է․   Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Տաթև-Աղվանի և Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։     Վանաձորի, Դիլիջանի, Արագածի, Ստեփանավանի, Սևանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։       Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։   Բքի պատճառով Կարախաչ-Լուսաշող ճանապարհահատվածը, Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Ապարանի, Սևանի (Ծովագյուղից մինչև Շորժա) տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում բուք է։   Գավառի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։   Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:   Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:04 - 12 մարտի, 2021