Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տնտեսվարողների, թափոնների հավաքագրմամբ, տեսակավորմամբ և վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թափոնների կայուն կառավարմանը, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանը, օրենսդրական կարգավորումներին, Հայաստանում տնտեսական մոդելի ձևավորմանն ու առանձնահատկությունների վերլուծությանը, միջազգային փորձի ուսումնասիրությանը, ինչպես նաև դեպոզիտային համակարգի ներդրմանը: Իրինա Ղափլանյանն ներկայացրել է դեպոզիտային համակարգի ներդրմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը։ Դեպոզիտային համակարգի կիրառմամբ նախատեսվում է պլաստիկ տարաների ընդունում և հավաքում, որոնց դիմաց կատարվում է վճարում՝ ըստ պլաստիկի տեսակի: Որպես դեպոզիտային համակարգի կիրառման լավագույն օրինակ Իրինա Ղափլանյանն առանձնացրել է Լիտվայի փորձը և նշել, որ այն նախատեսվում է կիրառել նաև Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են թափոնների վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների հզորացման և ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման առաջարկները:
15:07 - 02 մարտի, 2020
Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի |armenpress.am|

Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: «Այս արգելքը վերաբերում է, մասնավորապես, վառելափայտին, գերաններին»,- ասաց նախարարը: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով: Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ: 
13:16 - 27 փետրվարի, 2020
2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: Ծրագրի նախնական փուլում ներկայացված անհամապատասխանությունների մասով և մեր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվում են և աշխատանքներ իրականացվում են: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե Ամուլսարի հարցի վերաբերյալ որ կետում ենք գտնվում: Ներկաները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինչպե՞ս են անդրադառնալու ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, այն պարագայում, երբ 2019-ի ընթացքում նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման ժամկետի երկարացման 34 թույլտվություն, սակայն դրանցից մի քանիսն իրավական հիմքերի առկայության պայմաններում դուրս են մնացել: Նախարարն ասաց, որ ջրային տնտեսման աշխատանքները շարունակվելու են: «2019 թվականին նախարարությունն սկսեց Արարատյան դաշտի արտեզյան  ինքնաշատրվանով լուծարվող հորերի կոնսերվացման լուծարման աշխատանքները, որի շնորհիվ տարեկան 1.8  մետր խորանարդ/վայրկյան ջուր տնտեսվեց և ևս 1.2-խորանարդ նվազեցվեց օգտագործողների մոտ: Տարեկան դա կազմում է 100 մլն խորանարդ մետր ջուր: Դա ավելին է, քան Երևանում օգտագործվող ջրի ծավալը ավելի քան մեկ միլիոն բնակչի կողմից»,-նշեց նախարարը: Անդրադառնալով  անտնտեսվար և անտերության մատնված խորքային հորերի լիկվիդացման հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության  կողմից 2018-ի մայիսից հետո որևէ ձկնաբուծական կազմակերպությանը Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել և այն թույլտվությունները, որոնք տրված են եղել նախկինում, դրանք կարգավորվում են օրենսգրքով: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ն, թեև համաշխարհային արտանետումների ծավալում մեծ կշիռ չունի, բայց կլիմայի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանում համարվում է 4-րդ ամենախոցելի երկիրը: «Խոցելի են շատ ոլորտներ՝ անտառներ, ջրային պաշարներ, էկոհամակարգեր, գյուղատնտեսություն: Արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացում և տեղումների նվազում՝ 9%-ով», - նշեց նախարարը:
16:10 - 26 փետրվարի, 2020
Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը նախարար Գրիգորյանը մասնավորաբար նշել է․ «Հայաստանի կողմից մշակված նորարարական ֆինանսական մեխանիզմի ներդրման միջոցով զարգացած երկրները կարող են աջակցել զարգացող երկրներին՝ միաժամանակ իրականացնելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները։ Այս մեխանիզմը կարող է կիրառվել նաև այլ զարգացող և զարգացած երկրների միջև համագործակցության համար՝ նվազեցնելով զարգացող երկրների արտաքին պարտքը՝ այդ միջոցներն ուղղելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելուն և հարմարվողականությունը բարձրացնելուն։ Նախարար Գրիգորյանը նշել է նաև, որ մեխանիզմի շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի Հանրապետության հետ։ Մեխանիզմը ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնությանը և Գերմանիայի Դաշնությանը։ Դեսպան Յամադան կարևորել է կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված լայնածավալ աշխատանքները։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել նախարարության կողմից փոխանցված փաստաթուղթն ու հետագայում շարունակել քննարկումները։ Կողմերը խոսել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների, ոլորտում ճապոնական փորձի և այն հայկական կողմի հետ կիսելու հնարավորությունների մասին։ Դեսպան Յամադան առաջարկել է դիտարկել ճապոնացի մասնագետների և ճապոնական հիմնադրամների հետ համագործակցության հնարավորությունները և փոխանցել «Միջազգային լճերի բնապահպանական կոմիտե» հիմնադրամի վերաբերյալ տվյալները։ Ճապոնական կողմը պատրաստակամ է համագործակցել նաև Սևանա լճի խնդիրների լուծման շրջանակներում։ Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպան Յամադային է նվիրել «Մատենադարան, թաքնված գանձ» գիրքը, որտեղ զետեղված են հայկական ձեռագրերի լավագույն նմուշները։ Նախարար Գրիգորյանը դեսպանին է ներկայացրել Որդան կարմիր միջատի պատմությունը և կիսվել շրջակա միջավայրի նախարարության «Որդան կարմիր արգելավայրի» վերաբերյալ տեղեկատվությամբ։
14:40 - 25 փետրվարի, 2020
Արտեզյան ավազանի հյուծումը․ պատասխանատուները, շահառուներն ու տուժողները

Արտեզյան ավազանի հյուծումը․ պատասխանատուները, շահառուներն ու տուժողները

Արարատի և Արմավիրի մարզերում Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող խոշոր  ձկնաբուծարանների գործունեությունը հանգեցրել է ավազանի մակերեսի կրճատմանը։ Արդյունքում  Արարատի և Արմավիրի մարզերի 10 գյուղում առաջացել է ոռոգման և կենցաղային-խմելու ջրի խնդիր։ Այս գործընթացը սկսվել է 2008 թվականից՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածից։ Նախապատմություն Ըստ 2016 թվականի ԱՄՆ ՄԶԳ զեկույցի՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող տարածքը կրճատվել է մոտ 67%-ով՝ 1983թ.-ի 32 760 հա-ից 2013թ. դառնալով 10 706 հա: Արտեզյան ավազանից օգտվում են Արարատի և Արմավիրի մարզերը, սակայն, ըստ վերոնշյալ զեկույցի, շուրջ 31 համայնք մասամբ կամ լիովին զրկվել է ոռոգման և/կամ խմելու ջրից։  2010 թվականը մասնագետները բեկումնային են համարում արտեզյան ավազանի հյուծման քրոնիկոնում։ 2007-ից ի վեր՝ խախտվել էր Արարատյան արտեզյան ավազանի ջրային հաշվեկշիռը․ ավելի շատ ջուր էր արդյունահանվում, քան կարելի էր։ Հաշվեկշռի խախտումը 2010-ին արդեն զգալի չափերի էր հասել։ Ինչպես երևում է ներկայացված գծապատկերից, եթե 2007թ․ արտեզյան ավազանից արդյունահանվող ջուրը գերազանցում էր առավելագույնի (1094.1 մլն խմ/տարի) շեմը 57 մլն խմ/տարի ծավալով, ապա 2013թ. այդ տարբերությունը հասել էր 659.3 մլն խմ/տարի ծավալների։ Եվ եթե 2007-ին ձկնաբուծության բաժինը ընդհանուր ջրառում կազմում էր 400.6 մլն խմ/տարի, ապա 2013-ին՝ 1119.6 մլն, իսկ բոլոր այլ նպատակներով ջրառը 2007-ին, 750.5 մլն խմ/տարի ծավալից կրճատվելով, հասել էր 633.8 մլն-ի։   Այսպիսի գերշահագործումը, բնականաբար, չէր կարող չունենալ իր հետևանքները։ Ինչպես արդեն նշվեց, դեռ  2013-ին պարզ էր, որ դրական ճնշմամբ տեղամասերի մակերեսը, որից ներս ընկած հատվածում հորերը հնարավոր է շահագործել առանց էլեկտրաէներգիայի ծախսի,  կրճատվել էր մոտ երեք անգամ։ Դրական ճնշում չունեցող հորերը շահագործելու համար կա՛մ պետք է սկսեին օգտագործել էլեկտրական պոմպեր, կա՛մ դադարեցնեին դրանց շահագործումը։ Ինչպես երևում է գծագրից, 2016թ․ իրականացված գույքագրման պահին ձկնաբուծական նպատակով արդյունահանվող ջրի 96.5%-ը ինքնաթափ եղանակով է արդյունահանվել։ Եվ սա օրինաչափ է, քանի որ ձկնաբուծության ծախսերի ընդամենը 2.9%-ն է կազմում էլեկտրաէներգիայի ծախսը, եթե հորերը գործում են ինքնաթափ եղանակով, իսկ եթե գործեն էլեկտրական պոմպերի միջոցով, այդ ծախսերը կաճեն, և գործունեությունը չի ունենա ցանկալի շահութաբերությունը հատկապես փոքր տնտեսությունների դեպքում։Ասվածի վկայությունը կարելի է տեսնել ստորև բերված քարտեզում, որտեղ կապույտ գիծը 2013թ. դրությամբ դրական ճնշմամբ տեղամասի սահմանագիծն է, կարմիր կետերով նշված են 2016թ. դրությամբ չշահագործվող ձկնաբուծական հորերը, կանաչով՝ շահագործվող հորերը, իսկ նշված թվերը հորերի հորատման տարեթվերն են։ Դատելով նկարից` կարելի է հասկանալ, որ 2010թ․ հետո հորատված հորերը, որոնք հորատվել են դրական ճնշում ունեցող տեղամասում, հաջողությամբ գործում են, իսկ մինչ այդ հորատված հորերը, որոնք այդ տեղամասից դուրս են, հիմնականում չեն գործում։ Սա կարելի է բացատրել հետևյալ կերպ․ այն պահից, երբ թույլատրվեց արդյունահանել ավելի շատ ջուր, քան բնականորեն կարող էր վերականգնվել, ավազանի ծավալը և մակերեսը սկսեցին կրճատվել, զուգահեռաբար «նահանջեց» նաև դրական ճնշման սահմանը։ Այն հորերը, որոնք դուրս մնացին այդ սահմանից ինքնաշատրվանելու համար բավարար ճնշում չունենալու պայմաններում, կա՛մ պետք է շահագործվեին պոմպերի միջոցով, կա՛մ չշահագործվեին։ Բնականաբար տեղի ունեցավ երկրորդը, որովհետև պոմպեր օգտագործելու ծախսերը բիզնեսը դարձնելու էին անարդյունավետ։  Ովքե՞ր են Արտեզյան ավազանի հյուծման պատասխանատուները Դիտարկենք հորատումների քանակները և ընդհանուր իրավիճակն՝ ըստ առանձին նախարարների ղեկավարման տարիների։ 2001- 2007 թթ․՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի պաշտոնավարման ընթացքում, հորատվել է 155 հոր, որից 109-ն այժմ արդեն չի շահագործվում։ 2007 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնեց Արամ Հարությունյանը, որի կառավարման տարիներին (2007-2014 թթ․) ընդհանուր առմամբ 205 հոր է հորատվել, որոնցից 176-ը հիմա գործում են, իսկ 29-ը՝ ոչ։ Հենց Արամ Հարությունյանի օրոք թույլատրվեց արդյունահանել ավելի շատ ջուր, քան բնականորեն կարող է վերականգնվել։ Երկու նախարարների կառավարման ժամանակահատվածում արված հորատումների պատկերից կարող ենք եզրակացնել, որ հորատումների առավելագույն քանակը եղել է Արամ Հարությունյանի ղեկավարման տարիներին։ Ընդ որում, Արամ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում  տրված հորատման թույլտվությունների  85․8%-ը գործում է առ այսօր (կանաչ գունանշումները)։ Եվ հենց Արամ Հարությունյանի կառավարման տարիներին է տրվել ցածրադիր գոտում հորատված խորքային հորերի թույտվությունների գերակշիռ մեծամասնությունը։ Նախարար Արամ Հարությունյանի կառավարման տարիներին պաշտոնավարել են Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության երկու պետեր՝ Ալֆրեդ Ներսիսյանը (2002-2012 թթ․) և Վոլոդյա Նարիմանյանը (2012-2014 թթ․)։ Այս ընթացքում վարչապետի պաշտոնում են եղել Տիգրան Սարգսյանը (2008-2014 թթ․) և Հովիկ Աբրահամյանը (2014-2016 թթ․)։ Ըստ  2016 թ․ իրականացված գույքագրումից մեզ տրված տեղեկությունների՝ 2013-2016 թթ․ հորեր չեն փորվել։ Միաժամանակ 2014 թ․ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով արգելել է հորատումները։ Հետևաբար, հաջորդիվ պաշտոնավարած բնապահպանության նախարարների օրոք հորատումներ չեն եղել, սակայն նախկինում փորված հորերն օգտագործելու համար տրվել են ջրօգտագործման թույլտվություններ կամ թարմացվել են նախկինում տրվածները։ Նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք տրվել է ջրօգտագործման 154 թույլտվություն, որից 8-ը եղել է խոշոր՝ 500 լիտր/վրկ և ավելի ջրի ծավալ օգտագործելու թույլտվություն։ Նախարար Արծվիկ Մինասյանի պաշտոնավարման շրջանում տրվել է ջրօգտագործման 65 թույլտվություն, որից 7-ը կրկին տրվել է  խնդրահարույց ջրօգտագործողներին։ Արամայիս Գրիգորյանի և Արծվիկ Մինասյանի կառավարման տարիներին ՋՌԿԳ պետ է եղել Վահան Դավթյանը (2014-2018 թթ․)։ 2014-2016 թթ․ վարչապետի պաշտոնում է եղել Հովիկ Աբրահամյանը, իսկ 2016-2018 թթ․՝ Կարեն Կարապետյանը։ Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանի օրոք երկարաձգվել են արդեն տրված 34 ջրօգտագործման թույլտվություն։ Թարմացվել են երեք խոշոր՝ 500 լիտր/վրկ և ավելի ջրօգտագործման թույլտվությունները։ Ովքե՞ր են հիմնական շահառուները․ ջրօգտագործման մեծածավալ թույլտվությունները, որոնք տրվել են խոշոր ջրօգտագործողների  Արտեզյան ավազանի առաջին 10 խոշոր ջրօգտագործողներին դեռևս 2019 թվականի դեկտեմբերին անդրադարձել էր «Հետք» առցանց պարբերականը։ Ստորև կներկայացնենք ինչպես այդ, այնպես էլ  առաջին 30 խոշորներից այն ջրօգտագործողներին, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել պաշտոնյաների հետ։  Արտեզյան ավազանից ջրառ կատարող ամենախոշոր ձկնաբույծը ռուսաստանաբնակ գործարար Արմեն Բաբկենի Կարապետյանն է՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ-ի սեփականատերը։ Վերջինս ունի 11 խորքային գործող հոր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում և 4 խորքային հոր Գայ գյուղում։ Ըստ պետական ռեգիստրում նշված տեղեկությունների՝ «Մաքս ֆիշ» ընկերության հիմնադիրը Կալիպսե Մանուկյանն է։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ դեռևս 2011 թ․ Կալիպսե Մանուկյանին՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, տրամադրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ 747 լ/վ ջրառի իրավունքով, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Արդեն 2012 թ․ հիմնադրվել է «Մաքս ֆիշ» ընկերությունը։ Մենք այցելեցինք «Մաքս ֆիշ» ձկնաբուծարան։ Արմեն Կարապետյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ շուրջ 10 տարի է՝ զբաղվում է ձկնաբուծությամբ։ Սկզբում միայն Գայ գյուղում ուներ ձկնաբուծարան, իսկ երբ այնտեղ ջուրը պակասեց, ձկնաբուծական տնտեսությունը մեծացնելու նպատակով սկսեց գործունեություն ծավալել նաև Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում։«Գյուղնախարարությունից մի անգամ եկել են, թե՝ բա ինչի՞ ջուր չես տալիս գյուղացիներին՝ դաշտերը ջրեն, ասեցի՝ հա՛մ ջուրն եմ տալիս, էնքան, որ լոդկա քշեն էդ դաշտերում, հա՛մ սերմն եմ իմ կողմից առնում, սալյարկան էլ լցնում եմ, տեխնիկան տրամադրում, թող ցանեն։ Զանգեցինք, գյուղապետը եկավ։ Ասում եմ՝ Ռա՛զ ջան, էսքան ժամանակ երեխեքը մրցումների են գնացել, մի անգամ ասե՞լ եք՝ էս ա պետք, ասել ենք՝ չէ, ասում ա՝ դե չէ։ Ասում եմ՝ բա էլ ինչի՞ են գյուղնախարարությունից եկել, ասում՝ ջուր չեք տալիս, էս չեք անում»,- պատմում էր Արմեն Կարապետյանը։ Արմեն Բաբկենի Կարապետյանը նաև  Նորամարգ համայնքում՝ խորքային 2 հոր և 400 լ/վ ջրօգտագործման թույլտվուն ունեցող «Մակ Ֆիշ» ընկերության բաժնետերերի ցանկում է։ Երկրորդ խոշոր ջրօգտագործողը «Գոլդեն Ֆիշ-Կ» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է։ Վերջինս ունի 20 գործող խորքային հոր և վայրկյանում 2100 լիտր ջրառի թույլտվություն, գործում է Արարատի մարզի Սայաթ-Նովա համայքնում։ Սա 2010 թվականից ձկնաբուծությամբ զբաղվող և 720 լ/վ ջրօգտագործման թույլտվություն ունեցող «Յունիֆիշ» ընկերության վերակազմավորված ընկերությունն է։ «Յունիֆիշ» ընկերությունը սնանկացել էր դեռևս 2014 թվականին։ 2017-ի նոյեմբերին «Գոլդեն Ֆիշ-Կ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Արցախում, ստանում է նույն տարածքում ջրօգտագործման թույլտվություն։ Ընկերության 15 % բաժնեմասը պատկանում է Արամ Սերգեյի Մխոյանին, որն Արցախի գյուղատնտեսության նախկին նախարարն է։ Մինչ նախարար պաշտոնին նշանակվելը 5 տարի եղել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականը։ Մյուս բաժնետերը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 5%-ը, ընկերության տնօրեն Գևորգ Գարեգինի Գևորգյանինն է։ Վերջինս դեռևս 2009-ին նույն Սայաթ-Նովա համայնքում ուներ խորքային 7 հոր և 1050 լ/վ ջրառի թույլտվություն։ Ընկերության 80% բաժնեմասը պատկանում է «Էմի ֆուդս» ՓԲԸ-ին, որի բաժնեմասերը գրավադրված են «Արմսվիսբանկում»։ «Էմի ֆուդս» ՓԲԸ-ն այժմ ղեկավարվում է բանկի կողմից, իսկ տնօրենը բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն է։  Խոշոր ծավալով ջրառ իրականացնողներից է նաև «Ինտեր Ա․Կ․Վ․Ա․» ընկերությունը՝ խորքային 6 հորերով։ Վերջինս մեկ վայրկյանում 1010 լիտր ջրօգտագործման թույլտվություն ունի։ Ընկերության բաժնեմասերը հավասարապես կիսում են Կարեն Գրիգորյանը և Սևադա Հայրապետյանը։ Վերջինս «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանի եղբայրն է, գրանցված են նույն հասցեում։ Խոշոր ջրօգտագործող է նաև «Մոսֆիշ» ընկերությունը՝ վայրկայնում 1000 լիտր ջրօգտագործման թույլտվությամբ և 10 խորքային հորերով։ Ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին։ Մեծածավալ ջրառ իրականացնող ձկնաբույծներից է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը՝ իր «Մխչյան ֆիշ» և «Մերի ֆիշ ընկերություններով», որոնք ունեն 650 և 290 լ/վ-ի ջրօգտագործման թույլտվություններ։ Ընդհանուր առմամբ երկու ընկերություններն ունեն 14 խորքային հոր։ ՊԵԿ նախկին նախագահի տեղակալ, այնուհետև՝ ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանին պատկանող «Սագատի ֆիշ» ընկերությունը ևս հանդիսանում է խոշոր ջրօգտագորժող՝ 900 լ/վ ջրօգտագոտրծման թույլտվությամբ և 6 խորքային հորով։ Ընկերության սեփանատերերն են Գարիկ Սալոյանը և Տիգրան Տարիելի Բարսեղյանը։ Տիգրան Բարսեղյանը նաև Հանրապետական կուսակցության անդամ է։ Ընկերության 50%-ի բաժնետեր Գարիկ Սալոյանը Բարսեղյանի ֆրանսահայ գործընկերն է։ Սայաթ-Նովա համայնքում գործող խոշոր ձկնաբուծական տնտեսություններից է նաև «Մասիս ձուկ» ՍՊԸ-ն է։ Այն ունի գործող խորքային 7 հոր և 640 լ/վ ջրառի թույլտվություն։ Ընկերության սեփականատերերն են Վաղարշակ Սարգսյանը և Սամվել Հարությունյանը։ Վերջինս Մասիսի կադաստրի նախկին պետն է։ «Մասիս Ձուկ» ընկերություն կատարած այցի ժամանակ չհաջողվեց հանդիպել ընկերության սեփականատերերին։ Մեզ այնտեղ դիմավորեց ձկնաբուծարանի աշխատակիցներից մեկը, որը ծանոթացրեց իրենց աշխատանքներին։ Ուշագրավ էր այն, որ 2018 թվականին USAID ծրագրով «Մասիս Ձուկ»-ում կառուցվել է պոմպակայան, որի շնորհիվ ձկնաբուծարանում օգտագործված ջրի որոշակի ծավալ ուղղվում է ոռոգման նպատակով օգտագործման։  Ձկնաբուծարանի աշխատակցի խոսքով այդ ջուրը բավականացնում է Սայաթ-Նովա համայնքի 70%-ին։ Խոշոր ջրօգտագործող է նաև «Էկոֆիշ թրեյդ» ընկերությունը։ Այն ունի խորքային 8 հոր և 560 լ/վ ջրօգտագործման թույլտվություն։ Ընկերության բաժնետերերն են ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և նրա բիզնեսների կառավարիչ Սեդրակ Առուստամյանը։  Արարարտի մարզի Հովտաշատ համայքնում գտնվող «Ռապս» ընկերության սեփականատերը ևս Սեդրակ Առուստամյանն է։ Ընկերությունն ունի խորքային 3 գործող հոր և 160 լ/վ ջրառի թույլտվություն։ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդը՝ Սամվել Լաբլաջյանը նույնպես ունի ձկնաբուծական տնտեսություն։ Վերջինս Արարատի մարզի Հայանիստ համայնքում ունի խորքային 4 գործող հոր և 510 լ/վ-ի ջրօգտագործման թույլտվություն։ Սամվել Լաբլաջյանի ջրօգտագործման թույլտվությունը թարմացվել է 2019 թվականին։ Նա ջրօգտագործման թույլտվություններ է ստացել դեռևս 2012-ից։ Արմեն Լաբլաջյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է։ Արմավիրի մարզի Գայ համայնքում գտնվող «Ֆիշգոլդ» ձկնաբուծական տնտեսությունը ևս իր գործունեությունը ծավալում է արտեզյան ավազանի խորքային հորերի հաշվին։ Ընկերության 25 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Փարիզի Մեյրոյանին (ՌԴ քաղաքացի է), որը ներկայումս «Հայաստանի Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանի եղբայրն է։ Վաղարշակ Մեյրոյանը ՀՀ Ազգային ժողովի գլխավոր աուդիտորն է եղել  2002-2007 թթ․ և ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի աուդիտորը՝ 1998-2000 թթ․։ Ազգային ժողովի՝ 2017 թվականին տեղի ունեցած ընտրություններին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու «Հայկական վերածնունդ» (այժմ՝ ՕԵԿ) կուսակցությունից։։ Նշենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ «Ֆիշգոլդ» ընկերության մյուս սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ Անդրեյ Օստապչենկոն, Նիկոլայ Ռյաբիխը և Բելառուսի քաղաքացի Սերգեյ Նեդբայլովն են։ Ձկնաբուծական տնտեսությամբ է զբաղվում առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի որդին՝ Ռաֆայել Պողոսյանը։ Նրան է պատկանում Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող «ՎԱՆԿԱ» ընկերությունը։ Այն ևս ունի խորքային 2 գործող հոր և 280 լ/վ ջրօգտագործման թույլտվություն։  Մեյրոյանների ընտանիքը մասնակցություն ունի նաև «Ֆիշկո» ՍՊԸ տնտեսությունում։ Այն գտնվում է Գայ համայնքում, ունի խորքային 5 գործող հոր և 246 լ/վ ջրօգտագործման թույլտվություն։ Ընկերության բաժնետոմսերը հավասարապես կիսում են Բորիս Մեյրոյանը և Դմիտրի Պորոցենկոն։ Բորիս Մեյրոնը «Ֆիշգոլդ» ընկերության բաժնետեր Դավիթ Մեյրոյանի որդին է։ Հաջորդ խոշոր ջրօգտագործողը «Արթուր-Տաթևիկ» ընկերությունն է, որի  հիմնադիրը հանդիսանում Սոֆյա Միքայելյանը, որը Արաքսի նախկին համայնքապետ Ավագ Միքայելյանի կինն է, գրանցված են նույն հասցեում։ Ավագ Միքայելյանը մինչ համայնքապետ լինելը՝ 2004 թվականը, եղել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ։ Երևանի Շամպայն գինիների գործարանի նախագահ Հրայր Ֆրանսիկի Հակոբյանին  է պատկանում Արարատի մարզի Նորամարգ համայնքում գործող «Սպիտակ դելֆին» ձկնաբուծական տնտեսությունը։  Ունի  8 գործող խորքային հոր և 180 լ/վ ջրառի թույլտվություն։ Հրայր Հակոբյանը ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր Վերսանդ Ֆրանսիկի Հակոբյանի եղբայրն է։ Հովտաշատի նախկին համայնքապետ Հովիկ Թադևոսյանի տղան՝ Ռազմիկ Թադևոսյանը ևս ձկնաբույծ է։ Նրա ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Հովտաշատ համայնքում։ Ունի գործող խորքային 2 հոր և 170 լ/վ ջրօգատոգործման թույլտվություն։  Արարատի ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ Մեսրոպ Արոյանի կինը՝  Շուշանիկ Արոյանը ևս ունի ձկնաբուծական տնտեսություն։ Ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Սիս գյուղում։ Ունի խորքային 3 հոր և 165 լ/վ ջրառի թույլտվություն։ Մեսրոպ Արոյանը դեռևս 2009 թվականին նույն տարածքում ունեցել է ջրօգտագործման թույլտվություն։ Իսկ արդեն 2018 թվականին ջրօգտագործման թույլտվություններ են ստացել նրա կինը և որդին՝ Ջանիկ Արոյանը։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության՝ Արարատի և Արմավիրի մարզերում ներկայումս գործում են 149 ձկնաբուծական տնտեսություններ։  Ովքե՞ր տուժեցին Խորհրդային միության տարիներին որդեգրված էր սկզբունք՝ ցածրադիր շրջաններում խորքային հորերի հորատումը թույլատրել բացառիկ դեպքերում։ 2007-ից սկսած մեծ քանակով և ինքնավերականգնման ծավալները գերազանցող չափերով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն այդ գծից ներքև ընկած տարածքներում հանգեցրել է բարձրադիր գյուղերում ջրի հոսքի կրճատման: Սրա հետևանքով տուժել են և՛ գյուղատնտեսությունը, և՛ բարձրադիր գոտիներում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, և՛ համայնքների բնակիչների խմելու ջրի պաշարները։ 2007-2016 թթ. ընթացքում դրական ճնշման գոտուց դուրս են մնացել 400 խորքային հորեր, որոնցից 225-ը շահագործվում է, 175-ը՝ ոչ։ Շահագործվող հորերից 198-ը հոսում են պոմպերի միջոցով։ Պոմպերով շահագործվող հորերից 60-ն օգտագործվում են բացառապես ոռոգման նպատակներով, իսկ 52-ը, ի թիվս այլ նպատակների, նաև ոռոգման համար։ Այս տարածքում ձկնաբուծական նպատակով շահագործվող հորերի թիվը 15 է։ Շահագործումից դուրս եկած հորերից 58-ը նախկինում գործել են ոռոգման նպատակով, 33-ը՝ կենցաղային, 71-ը՝ ձկնաբուծական։  Ամենայն հավանականությամբ, արտեզյան ավազանի հյուծման պատճառով է, որ իրենց խորքային հորերի շահագործումը դադարեցրել են մի շարք ձկնաբուծական ընկերություններ։ Այս մասին դեռևս 2018 թվականի նոյեմբերին խոսել էր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ Յուրի Ջավադյանը։ Նա նշել էր, որ 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է Մեծամոր գետի ավազանում և դրանով ծանր պայմաններ ստեղծել նաև ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է: Հիմնական տուժած գյուղերն են Ակնաշենը, Ապագան, Գրիբոյեդովը, Գայը, Ջրառատը, Լուսագյուղը, Երասխահունը, Մեծամորը, Հայկաշենը և Արաքսը։ Արաքսի համայնքապետ Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 15-20 տարի առաջ համայնքում արտեզյան ավազանի հորը ինքնաբուխ ճնշում էր տալիս մինչև 2-րդ հարկ, այսինքն` 6 մետր բարձրությամբ շենքերում ջուրն ինքնահոս բարձրանում էր, իսկ այժմ այդ աղբյուրները պոմպերով են աշխատում 2-րդ հարկ բարձրանալու համար: «Մեզնից ավելի ցածր գոտում Մասիսի շրջանն է: Պատկերացրե՛ք` արտեզյան ավազանը մի տակառ է, որի կողքերից ծակված վիճակով ջուր ենք վերցնում, միաժամանակ ջուր ենք վերցնում այդ տակառի ամենատակից: Նույն վիճակն է ստեղծվել, որ հիմա մեզ ահավոր պակասել է խմելու ջուրը․ ինչքան վերև ենք բարձրանում, այնքան խմելու ջուրը խնդիր է։ Ես ինքս էլ եմ ձկնաբույծ եղել ժամանակին, բայց իմ ձկնաբուծարանը պահել եմ հետադարձ թափվող ջրերով, չեմ ունեցել հորատած աղբյուր, այսինքն` այն ջուրը, որը պիտի գնար, թափվեր Սևջուր, օգտագործել եմ ձուկ պահելու համար»,- նշեց Վարդան Գրիգորյանը: Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավարի տեղակալ Խուրշուդ Քոչարյանը ևս ստորգետնյա ջրերի մակարդակի նվազումը կապում է ներքևի գյուղերում մեծածավալ ջրառի հետ։  «Միանգամից չի տեղի ունեցել այդ պրոցեսը։ Երևի մի տասը տարի առաջ՝ 2010 թ․,  սկսվեց ջրերի նվազեցում, հետևաբար, ձկնաբուծարանները փակվեցին, որովհետև քիչ ջուր էր լցվում լիճ: Ձուկը չի կարողանում նորմալ շնչել թթվածնի պակասության հետևանքով, ինչը ջրի պակասից է։ Դրա համար փակվեցին շատ ձկնաբուծարաններ։ 2-3 ձկնաբուծարան է աշխատում, այն էլ աերատորներ ենք դրել, մի կերպ պահում են։ Եթե աերատորներ չօգտագործեն, չեն կարող պահել»,- ասաց Խուրշուդ Քոչարյանը։  Նա խոսեց նաև Սևջուր գետի մասին՝  նշելով, որ գետը ևս ջուր չունի։ Հավելեց, որ որոշ արտեզյան հորեր էլ ցամաքել են, ու այդ ամենի արդյունքում հողերը չեն կարողանում ոռոգել, հետևաբար չեն էլ մշակում։  «Եթե նախկինում մի 500-600 հա հող էինք մշակում, հիմա մշակովի հողերը 150 հա հազիվ էլ լինեն՝ հիմնականում ջրի բացակայության պատճառով»,- պատմեց Խուրշուդ Քոչարյանը։ Մենք նաև հարցում էինք ուղարկել ջրային կոմիտե` հասկանալու, թե 2008-2019 թթ. ընթացքում քանի հա հողատարածք է մնացել անջրդի։ Ի պատասխան մեր հարցմանը՝  Արարատի, Արմավիրի, Արտաշատի և Շենիկի ՋՕԸ-ները տեղեկացրին, որ 2008-2019 թթ. ընթացքում իրենց տարածքում անջրդի հողեր չեն գրանցվել։ Սակայն, ըստ Էջմիածին ՋՕԸ-ի կողմից ստացված տեղեկության, 2008-2019 թթ. ընթացքում ստորգետնյա ջրերի մակարդակի անկման հետևանքով անջրդի է մնացել շուրջ 700 հա տարածք հիմնականում նախկին «Ակնալիճ» ՋՕԸ-ի տարածքում։  Արարատյան դաշտում, որտեղ հողերն օգտագործվում են հիմնականում պտուղ-բանջարեղենի, խաղողի մշակման նպատակով, մեկ հեկտարից ստացվող շահույթը 3-4 միլիոն դրամի սահմաններում է։ Սակայն, հաշվի առնելով այս պնդման էմպիրիկ բնույթը, տվյալ գյուղացիական տնտեսության արդյունավետությունից կախվածությունը, կարող ենք այն կրճատել երկու անգամ, որից հետո նշված 700 հեկտարից ստացված նվազագույն օգուտը կլինի 1 միլիարդ դրամի չափ։ Ավազանի գերշահագործման արդյունքում գրեթե ցամաքել է նաև Սևջուր գետը։  Նախկինում Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողերի ոռոգումն իրականացվում էր Սևջուր գետի ջրերով։ 2018 թ․ հուլիսի 28-ին Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը լրագրողների հետ զրույցում նշել  էր․ «Հինգ համայնքներում առկա խնդիրները լուծելու համար արդեն իսկ արվել է առաջին քայլը․ դիմել ենք Կառավարությանը՝ խորքային 12 հորերի վերականգման և խորքային նոր 12 հորերի կառուցման համար: Այս կերպ կլուծվի հարակից 5 համայնքների 1500 հա հողատարածության ոռոգման հարցը»։  Ըստ նախագծահաշվային փաստաթղթերի` վերոնշյալ գործընթացի իրականացումը պահանջում էր 665.8 մլն դրամ։ Բացի այդ՝ նախկինում Սևջուր գետից Ստորին Հրազդանի ջրանցք էր մղվում տարեկան մոտ 90 մլն խմ ջուր, իսկ այժմ գետի չորացման հետևանքով անհրաժեշտ այդ ջրապահանջարկը բավարարվում է Սևանա լճից մոտ 80 մլն խմ ջրառ կատարելու միջոցով, որի իրական գնի հաշվարկման մեթոդաբանություն Հայաստանը չունի։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացած տեղեկատվության՝ ձկնաբուծության ոլորտում 2008-2019թթ․ գոյացած հարկերը միասին կազմում են մոտ 1.7 միլիարդ դրամ։ Եվ այս ուղղությունը ոչ միայն հարկերի, այլև պարենային անվտանգության տեսանկյունից գոյության իրավունք ունի։ Սակայն պետական քաղաքականության նպատակն է կարգավորել այդ գործունեությունը, որպեսզի այն չհանգեցնի այլ վնասների, որպիսիք ծագել են նախորդ տարիների ընթացքում։ Այսպիսով, Արարատյան արտեզյան ավազանի հյուծման հետևանքով․ ոռոգման նպատակով գործող հորերի 90%-ն այժմ չունի դրական ճնշում և շահագործվում է պոմպերի միջոցով, որոնց տարեկան էլեկտրաէներգիայի ծախսն ամենազգուշավոր հաշվարկեներով մոտ 1 միլիարդ դրամի լրացուցիչ ծախս է ենթադրում, ինչը սուբսիդավորվում է պետական բյուջեից։ Միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ անջրդի են մնացել 700 հեկտար (իսկ իրականում ավելի շատ) մշակովի հողատարածքներ, որոնցից տարեկան չստացվող շահույթը ամենազուսպ հաշվարկներով 1 միլիարդ դրամ է, Հինգ համայնքներում 12 հորերի վերականգման և խորքային նոր 12 հորերի կառուցման համար կպահանջվի 665,8 մլն դրամ, Բազմաթիվ ձկնաբույծներ կորցրել են իրենց բիզնեսը՝ անհրաժեշտ ջրի բացակայության պատճառով, իսկ դրանց փոխարեն ստեղծվել են նոր տնտեսություններ։ Այսպիսով, պետությունը թույլատրելով նորմայից ավելի ջրառ, հնարավորություն է տվել նոր տնտեսվարողներին մտնել ձկնաբուծության շուկա, բայց շուկայից դուրս է մղել հին տնտեսվարողներին։ Վերևում ցուցադրված քարտեզներում առկա յուրաքանչյուր կարմիր կետ մեկ շատ կոնկրետ լուծարված տնտեսություն է, որի հետևում կան շատ կոնկրետ մարդկանց ճակատագրեր։ Այս ամենը հուշում է, որ պետական պաշտոնյաները չէին կարող չգիտակցել բազմաթիվ մարդկանց սեփականության իրավունքին սպառնացող վտանգի փաստը, ձկնաբուծության ոլորտից 1.7 միլիարդ դրամ հարկ ստանալու համար տասնյակ միլիարդներ կորցնելու անարդյունավետության փաստը։ Ի՞նչ եզրահանգումներ է արել և ի՞նչ քայլեր ձեռնարկել պետությունը 2018 թվականի մայիսից հետո 2013 թ․ արտեզյան ավազանի գերշահագործման հիմքով Արարատի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Գործը կարճվել էր 2016-ի դեկտեմբերին: 2018 թ․ հունիսին այն վերաբացվել է, սակայն մինչ այժմ ընթացքի և պատասխանատվություն կրողների մասին տեղեկություն չի հրապարակվել:  Մենք փորձեցինք քրեական գործը քննող քննիչից ստանալ գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն։ Արարատի մարզի քննչական վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմնի կողմից խորքային հորեր հորատելու համար տրված բազմաթիվ բացասական կարծիքների պայմաններում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 2008-2013թթ. ընթացքում տրվել են Արարատի մարզում 352 նոր հորատանցքի համար ջրօգտագործման թույլտվություններ: «Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզում գործող թվով 7 տնտեսվարողների կողմից 2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում առանց ջրօգտագործման թույլտվության թվով 15 խորքային հորերի շահագործման արդյունքում ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ընդհանուր 384.893.467 ՀՀ դրամ»,- մասնավորապես նշված է մեզ տրված պատասխանում։ Միաժամանակ հավելել են, որ թվով 6 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներն ու քրեական գործի անհրաժեշտ նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պատճառված 343.680.667 ՀՀ դրամի վնասի հատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնելու համար։ Ըստ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված պատասխանի՝ Արտեզյան ավազանի «Կարմիր գծի» կամ «Կարմիր զոնայի» (որից ներս որևէ հորատում չպետք է իրականացվի) վերաբերյալ իրավական կարգավորում չկա։ Ինչ վերաբերում է հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուն, ապա նախարարությունն առաջնորդվում է ՀՀ «Ջրային օրենսգրքի» հոդված 37․1-ով։ Այս հոդվածը սահմանում է, որ մինչև տվյալ տարածքի ջրավազանային կառավարման պլանի հաստատումն արգելվում է Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզերում) նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։ 2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Վերջինս մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է այն ընկերությունների ցանկը, որտեղ տեսչական մարմինը, ստեղծման օրվանից ի վեր, անցկացրել է ստուգումներ։ Դրանց թվում են 11 ձկնաբուծական տնտեսություններ, այդ թվում՝ «Ֆիշգոլդ», «Մխչյան ֆիշ», «Մերի ֆիշ», «Գամ-Ֆիշ», «Ռապս», «Էկոֆիշ Թրեյդ», «Հայր և որդի Բունիաթյաններ», «Գոլդեն Ֆիշ-Կ» (հայաստանյան մասնաճյուղ), «Բլեք Դայմոնդ» և «ՄԷԳ-Ֆիշ» ընկերությունները։ Ընկերություններից 7-ում հայտաբերվել են Ջրային օրենսգրքում ամրագրված պահանջների խախտումներ։ Հայտաբերվել են նաև «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքների և Հարկային օրենսգրքի որոշ դրույթների խախտումներ։  Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարության կողմից վարվում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված քաղաքականություն։ 2018-ի մայիսից մինչև դեկտեմբերը ներառյալ Արարատյան դաշտում գործող հորատանցքերը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 706 լ/վ ջրաքանակ։ Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության և վերականգնման նպատակով, համաձայն Կառավարության 2019 թվականի որոշման, ՀՀ պետական բյուջեի և ջրօգտագործողների սեփական միջոցների հաշվին 2019 թ․ ընթացքում Արարատյան դաշտում լուծարվել է 8, կոնսերվացվել՝ 71 ազատ հոսքով խորքային հոր, ինչի արդյունքում խնայվել է 1769․8 լ/վ ջրաքանակ։  2019 թվականի ընթացքում Արարատյան դաշտի գործող հորատանցքերը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 1248 լ/վ ջրաքանակ։ 2018 թ․ի մայիսից մինչև 2020 թվականի հունվարի 12-ն Արարատյան դաշտում խնայվել է 3723,8 լ/վ ջրաքանակ։ 2019 թ․ ընթացքում Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի ծախսվել է 30 մլն 586 հզ 60 ՀՀ դրամ։ Աշխատանքներ են իրականացվել Արարատյան դաշտի խորքային հորերն առցանց հոսքաչափական սարքավորումներով կահավորելու ուղղությամբ։ Ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետում արդեն տեղադրվել է առցանց հոսքաչափական սարքավորում։ Ի՞նչ անել  Ձկնաբուծարաններ այցերի ժամանակ, տեղեկանալով, որ լրագրողներ ենք, բոլորը հարցնում էին․ «Գնալու եք, նորից ձկնաբույծներին ազգի թշնամի հանե՞ք»։  Սա կարևոր հարց է, որն ուղղված է ինչպես մեզ, այնպես էլ հանրությանը և, որ ամենակարևորն է, պետությանը։ Ի՞նչ գնահատական է պետք տալ ձկնաբույծներին, և ըստ այդմ՝ ի՞նչ վերաբերմունք է պետք ցուցաբերել։  Ձկնաբուծությունը` թ՛ե որպես հարկային եկամուտներ գեներացնելու միջոց, թե՛ պարենային անվտանգության բաղադրիչ, թե՛ զբաղվածության ոլորտ, թե՛ գործարարության դրսևորում, իր բնականոն գործունեության իրավունքն ունի․ բնական ռեսուրսի խելամիտ օգտագործումը միայն զարգացման կարող է տանել։ Կարիք կա միայն համակշռելու արտեզյան ավազանից օգտվողների և բնության բազմազան ու հաճախ հակադրվող շահերը, ինչին տանող ճանապարհը գրագետ քաղաքականության մշակումն է։ Ստորև կներկայացնենք քայլեր, որոնք կարող են այդպիսի քաղաքականության մշակման համար քննարկման նյութ հանդիսանալ․ Խնդիր դնել 5 տարվա ընթացքում հասնելու արտեզյան ավազանից ջրառի կրճատման և ջրի ելքային ծավալները հասցնել այն սահմանին, որի դեպքում ավազանը կինքնավերականգնվի։ Ըստ այդմ՝ գնահատել, թե որքան է տարեկան առավելագույն ծավալը, որ կարող ենք տրամադրել ջրօգտագործողներին հետևյալ առաջնահերթությամբ՝ նախ խմելու և կենցաղային նպատակներով, հետո ոռոգման և ջրարբիացման և վերջոում՝ ձկնաբուծության։ Խմելու և կենցաղային, ոռոգման և ջրարբիացման նպատակներով անհրաժեշտ ջրի ծավալների բավարարման պայմաններում գնահատել, թե որքան ջուր կարող ենք տրամադրել ձկնաբուծական նպատակներով։ Այդ ծավալները տրամադրել մրցույթային կարգով՝ հաշվի առնելով այն, թե արդյո՞ք տվյալ ձկնաբույծը պատրաստ է ներդնելու փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, արդյո՞ք միևնույն ծավալով ավելի շատ ձուկ կբուծի, քան մրցակիցն է պատրաստվում բուծել և այլն։ Հնարավորություն տալ համայնքին և ձկնաբույծին կնքելու համաձայնություն առ այն, որ համայնքը հրաժարվում է ջրօգտագործման թույլտվության իր իրավունքից, եթե ձկնաբույծը պատրաստ է որոշակի պայմաններով այդ ջուրը օգտագործելուց հետո տրամադրել ոռոգման նպատակով։ Հեղինակներ՝ Աստղիկ Քեշիշյան, Աննա Սահակյան, Արփի ԱվետիսյանԽորհրդատու՝ Միքայել ՆահապետյանՏեսանյութը՝ Արման Յարալյանի
15:54 - 22 փետրվարի, 2020
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է տրակտորներով

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է տրակտորներով

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված  տրակտորների  հանձնման արարողությանը։  2019 թվականի պետական բյուջեի միջոցներով նախարարությունը ձեռք էր բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8  գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով  և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով: Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում իրականացվող անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։  Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ, նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։ Արարողության ավարտին նախարար Գրիգորյանն անտառտնտեսություններին է նվիրել «Հայաստանի կարմիր գրքի» մեկական օրինակ։
16:57 - 21 փետրվարի, 2020
Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար

Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Ռուզաննա Ոսկանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը: Ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
15:12 - 21 փետրվարի, 2020
«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն |tert.am|

«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն |tert.am|

tert.am: «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը  տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։ Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։ Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։ «Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը  ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել  Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», -ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։
12:39 - 20 փետրվարի, 2020
Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ԱԱԾ
19:28 - 19 փետրվարի, 2020
Ձեր արած այս հայտարարությունն լրիվ սուտ է. հերքման մեր պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան. ՀԲՃ-ն՝ նախարարին

Ձեր արած այս հայտարարությունն լրիվ սուտ է. հերքման մեր պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան. ՀԲՃ-ն՝ նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը փետրվարի 13-ին,  հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար  Էրիկ Գրիգորյանին: Ստորեւ ներկայացնում են պահանջի բովանդակությունը. «2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին: [...] Եթե Բնապահպանական ճակատի եւ մի քանի երիտասարդների ակտիվությունն ու էդ ինֆորմացիայի տարածումը չլիներ, ոչ ոք չէր իմանա, այդ թվում ես, ու չէին մասնակցի այդ քննարկմանը»: Պատգամավորի հարցին պատասխանելով՝ Դուք բառացի ասել եք, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաեւ երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձեւ տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը եւ այլն, եւ այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ եւ հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»: Ձեր արած այս հայտարարությունն ամբողջությամբ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Պահանջում ենք հերքել այն գրավոր՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարելով, ինչպես նաեւ բանավոր՝ ԱԺ-ում Ձեր առաջիկա ելույթի ժամանակ: Այս պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան՝ պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում զրպարտության եւ մեր նախաձեռնության բարի համբավի արատավորման համար»: Պարզաբանում․ նախարարի պատասխանում նշված փաստերն ինքնըստինքյան վերաբերելի են դառնում մեզ, քանի որ այս հարցուպատասխանի ընթացքում հնչել է միայն մեր նախաձեռնության անունը, եւ դիտողները բնականաբար այդպես էլ ընկալելու են»:
10:52 - 14 փետրվարի, 2020
Էրիկ Գրիգորյանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլ արտադրող երկիր |armenpress.am|

Էրիկ Գրիգորյանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլ արտադրող երկիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ցանկանում է ապագայում Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլներ արտադրող երկիր: Նա նշում է, որ ՀՀ կառավարությունը վճռական է լիցքավորման կայանների ավելացման հարցում: Իսկ թե երբ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին սպասարկող ավտոմեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով։ Նա անդրադարձել է նաև պոլիէթիլենային տոպրակների արգելման և պլաստիկի արտադրության, սիգի ապօրինի որսի կանխման, բնակավայրերն արևային նոր կայաններով ապահովման և այլ թեմաների: - Պարոն Գրիգորյան, 2019 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք ծրագրեր է սկսել: Կա՞ն արդյոք այնպիսինները, որոնք դեռևս ավարտին չեն հասցվել և պետք է շարունակվեն, որո՞նք են դրանք: -Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության աշխատանքներ ենք սկսել 2019 թվականին: Գործընթացը շարունակական է: Ցանկանում եմ մի քանի կարևոր թիվ նշել. նախորդ տարի Արարատյան դաշտի ինքնաշատրվանող լքված հորերի կոնսերվացման և լուծարման շնորհիվ, ինչպես նաև որոշ գործող հորերի չափաքանակների նվազեցման շնորհիվ, հնարավոր է եղել մոտ 100 մլն խ/մ ծավալով ջրախնայողություն իրականացնել: Այդ խնայողությունն ավելին է, քան Երևանում 1 տարում օգտագործվող ջուրը: Այս տարի, արդեն մեկնարկել են ջրախնայողության աշխատանքները, ունենք որոշակի արդյունքներ: Նպատակ ունենք հնարավորինս նվազեցնել ջրի ոչ արդյունավետ օգտագործումը: Անցյալ տարի կարևոր աշխատանք է տարվել լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրման առումով, և դրանք ավարտին են հասցվել: Իմ հրամանով ստեղծվել է  առաջնային ռեկուլտիվացման ենթակա 10 տարածքի ցանկ: Այս պահին դիմել ենք Կառավարությանը և, համապատասխան ֆինանսավորման դեպքում, կսկսենք իրականացնել ֆիզիկական ռեկուլտիվացման աշխատանքները: Անտառային ոլորտում նույնպես մի շարք իրականացված աշխատանքներ կան, բայց դրանց մեծ մասը կրում է շարունակական բնույթ:    - Նախարարությունը մշտապես աշխատում է տարբեր միջազգային կառույցների հետ: Այս տարի ինչպիսի՞ համագործակցություն է ծավալվելու: - Միջազգային համագործակցության օրինակները բազմաթիվ են: Այս տարի, մի քանի օր առաջ, ՀՀ կառավարության և Եվրոպական Միության միջև համագործակցության արդյունքում բացվեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիա, որը հագեցած է նոր սարքավորումներով և ունի վերապատրաստված անձնակազմ: Նախատեսում ենք դրամաշնորհների միջոցով ձեռք բերել նաև շարժական 2 լաբորատորիա, ինչը շատ կարևոր է փորձանմուշներն արագ վերցնելու և հետազոտելու համար: Այդ լաբորատորիաները հագեցած կլինեն օդի և ջրի փորձանմուշներ վերցնելու հնարավորությամբ: Մի լաբորատորիան կլինի ՇՄՄՏԿ-ի, իսկ մյուսը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի զարգացման համար: 2020 թվականին ԵՄ-ն 5 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրել, և դրա շրջանակներում նախատեսում ենք Սևանի վերականգնման համար իրականացնել որոշակի միջոցառումներ: Այս պահին մշակվել է ճանապարհային քարտեզ: Կլիմայական  ծրագրերի ներքո իրականացվում են բազմաթիվ գործողություններ, և կա երկու խոշոր ձեռնարկ: Դրանցից մեկն արդեն ընթացքի մեջ է. Ադապտացիոն հիմնադրամից մոտ 1.5 մլն դոլար դրամաշնորհի շրջանակներում Արթիկի լքված քարհանքերի ռեկուլտիվացման ծրագիրն է, ինչի արդյունքում կստեղծվի զբոսայգի և քաղաքում էականորեն կնվազեցվեն փոշու արտանետումները: Երկրորդ ծրագրի համար տրամադրվել է 2.5 մլն դոլար, որի շրջանակներում Խոսրովի անտառ արգելոցի և Դիլիջանի ազգային պարկի հարակից համայնքներում իրականացվելու են մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր: Հայաստանի հարավում 2020 թվականին մեծ ծրագրեր ունենք՝ Մեղրիում համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական շուկա կկառուցվի, Կապանի 7 բնակավայրի համար դրամաշնորհային միջոցներով կգնվի աղբատար մեքենա, կոնտեյներներ կտեղադրվեն և այլն: Այս ծրագրերի համար դրամաշնորհները տրամադրվելու են Գերմանական զարգացման բանկի կողմից: Մեղրու տարածաշրջանի բարձրլեռնային 2 գյուղում նախատեսվում է արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայան տեղադրել, որպեսզի դրանք ապահովվեն հոսանքով և լուծվի ջրի տաքացման խնդիրը: Այժմ մենք փորձում ենք նաև բրիկետների և պելետների արտադրություն կազմակերպել, ինչը նույնպես կարող է գյուղերում լուծել ջեռուցման հարցը: Այս ծրագրի համար կծախսվի մոտ 150-200 հազար եվրո: 2019 թվականին Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում՝ Շիկահող արգելոցի հարակից 1 համայնքում, ամբողջովին անվճար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Ընթացիկ տարում նախատեսում ենք ևս 3 գյուղում՝ մոտ 150 տնային տնտեսությունում, կրկին անվճար տեղադրել ջրային տաքացուցիչներ, ինչի արդյունքում կնվազեցվի շրջակա անտառային տարածքների վրա ճնշումը: Նախորդ տարի դրամաշնորհային միջոցներով Ագարակի դպրոցում տեղադրվել է արևային ՖՎ կայան, ինչը թույլ է տվել խնայել տարեկան մոտ 3 մլն դրամ հոսանք: Առաջիկայում պատրաստվում ենք իրականացնել Կապանի հոգեբուժարանի արևային ֆոտովոլտային կայանով վերազինում, ինչը հետագայում զգալիորեն կնվազեցնի իրենց օպերացիոն ծախսերը: - Ի՞նչ փուլում է Կառավարության՝ էլեկտրամոբիլների օգտագործմանն անցում կատարելու գործընթացը: - Մենք նախատեսում էինք Global electric mobility ծրագիրն իրականացնել և ավարտին հասցնել 2019 թվականին: Սա գլոբալ գործընթաց է ու միայն Հայաստանը չէ ներգրավված, և այլ երկրների ընթացակարգային որոշակի ձգձգումների պատճառով ծրագիրը հետաձգվեց: ՀՀ կառավարությունը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանն անցում կկատարի մոտ ապագայում: Ծրագիրն իրականացվելու է  բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը: Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ունեն նաև վարքագիծ փոխելու որոշակի գործառույթ: Էլեկտրամոբիլներին առնչվող օրենսդրությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի երկրորդ կիսամյակում: Համեմատելով 2018 թվականի նույն ժամանակահատվածում էլեկտրամոբիլների ներմուծման ցուցանիշները, կարող ենք հսկայական տարբերություն տեսնել: 2018-ին Հայաստան է բերվել 1, իսկ 2019-ին՝ մոտ 150 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Այսօր արդեն կան ավտոդիլերներ, որոնք պաշտոնապես միայն էլեկտրամոբիլներ են ներմուծում: Այս ավտոմեքենաների արտադրությունն իր մեջ ավելի շատ նորարարություն և տեխնոլոգիա է պարունակում, քան մեքենաշինությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանը նույնպես կկարողանա հանդիսանալ էլեկտրամոբիլների հավաքման և որոշ փուլում նաև արտադրության երկիր: Նախատեսում ենք նաև ունենալ ավելի շատ լիցքավորման կայաններ և ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, որպեսզի էլեկտրամոբիլների վարորդները հնարավորինս տեղաշարժման խնդիր չունենան: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:45 - 13 փետրվարի, 2020
Գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր է հայտարարվել․ շրջակա միջավայրի նախարար |news.am|

Գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր է հայտարարվել․ շրջակա միջավայրի նախարար |news.am|

news.am: Մենք անցկացրել ենք համապատասխան աշխատանքներ։ Նախարարությունը արդեն գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր է հայտարարել։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկում կառավարությունը Սեւանա լիճ թափվող գետերը մաքրելու համար։ Նախարարի խոսքով՝ հայտարարվել է տենդեր, որից հետո ընտրվել է կազմակերպություն, որը ներկայում կատարում է կեղտաջրերի կառավարման միասնական մոտեցման նախնական գնահատումը։ «Այն հրավիրվել է «Վիոլա Ջուր» ընկերություն եւ անցկացրել է համապատասխան քննարկում»,- հայտնեց նախարարը։ Գրիգորյանը նաեւ ասաց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրենց գործընկերների հետ քննարկել են միջազգային գրանտային այն նախագծի իրականացումը, որը վերաբերում է նոր ծրագրի իրականացման հետ կապված արդեն գոյություն ունեցող աղբավայրի՝ Կոտայք-Գեղարքունիք միացյալ աղբավայրի կոնսերվացմանը։ Ընդ որում, մեկ այլ ծրագրով աշխատանքներ են տարվում գետերի աերացիոն պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ։ Բացի այդ, նրա խոսքերով, կան կազմակերպություններ, որոնք կապված են մաքրող կառույցների հետ եւ արդեն մի շարք առաջարկություններ են ներկայացրել։
08:59 - 13 փետրվարի, 2020
«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը |armenpress.am|

«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում «10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է: Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ տնկիների հարցը կարգավորելու համար:Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ տնկանյութի ձեռք բերման հետ կապված նամակներ էին ուղղվել Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան և Իրան:«Արդեն հիմնականում ունենք պատասխաններ: Բելառուսից նշեցին, որ պատրաստ են տրամադրել մինչև 10 մլն սոճի, մինչև մեկ մլն կեչի: Ղազախստանից ենք տեսակների մեծ ցանկ ստացել: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաև համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե վճարովի, թե անվճար տնկիներ»,-ասաց նախարարի տեղակալը:Վարդան Մելիքյանը տեղեկացրեց, որ քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն տնկումները: Խոսքը պետական անտառային հողերի մասին է: Արդեն ուսումնասիրվել է մոտ 2 հազար հա-ից ավելի տարածք: Առաջիկայում կսկսվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացումը: Մասնագետները կհստակեցնեն, թե յուրաքանչյուր տարածքում ինչ տիպի ծառեր, ինչ համամասնությամբ են տնկվելու՝ կապված տեղի կլիմայից, հողային պայմաններից: Ընտրվել են այն տարածքները, որտեղ ոռոգման համակարգի անհրաժեշտություն չկա:«Երբ խոսում ենք անտառ տնկելու մասին, ապա մարդիկ շատ հաճախ պատկերացնում են այգիներում կանաչապատման համար ծառերի տնկումը: Անտառների դեպքում այդպես չէ, մենք բերելու ենք փակ արմատային համակարգով տնկիներ՝ կոնտեյներների մեջ աճեցվող ծառեր են, որոնց արմատներն ամբողջությամբ փակված են հողով: Դրանք շատ դժվար է վնասել, շատ հեշտ է տնկել»,-ասաց նա: Ծառատունկի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 10-ին, թեպետ, ամեն ինչ կախված է լինելու եղանակային պայմաններից: Հողի նախապատրաստական աշխատանքները նախապես արված են լինելու, մասնակիցներին մնում է տնկել ծառը: «10 մլն ծառատունկ» ծրագիրը լինելու է ապակենտրոնացված և մասնակցային, այսինքն՝ խնդիր է դրված ներգրավել հնարավորինս շատ մարդկանց: Նախարարի տեղակալը նշեց, որ կարևոր շեշտադրում է լինելու կրթական բաղադրիչի վրա: Լայնածավալ կրթական ծրագրեր են իրականացվելու, որպեսզի մարդիկ չգան միայն ծառ տնկելու համար, այլ տեղեկացվեն թեմայի վերաբերյալ:Այս շաբաթ կսկսվեն նախաձեռնության բրենդավորման աշխատանքները, կգործարկվի համապատասխան կայք:
11:12 - 03 փետրվարի, 2020
ՇՄ նախարարությունում Infocom․am-ի հրապարակման հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել

ՇՄ նախարարությունում Infocom․am-ի հրապարակման հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել՝ կապված Infocom.am-ի հրապարակման հետ, ըստ որի ՇՄ նախարարությունը մի քանի հարցումներից հետո չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ ««Ինֆոքոմ» լրատվական կայքում տեղ է գտել «Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը» վերտառությամբ հոդված։ «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ն հարցմամբ դիմել էր Շրջակա միջավայրի նախարարությանը՝ խնդրելով տրամադրել Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների աշխարհագրական կոորդինատներն (ինչին նախարարությունը չի տիրապետում) ու սեփականատերերի ցանկը։ Հարցմանն ի պատասխան ՇՄՆ համապատասխան աշխատակիցը տրամադրել էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների ցանկը, կազմակերպությունների և անձանց տվյալները, ձկնաբուծարանների գտնվելու վայրերը, ջրօգտագործման թույլտվության համարները, ժամկետները, ստորերկրյա հորերի քանակն ու ծավալները։ Սակայն, ի պատասխան «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ի մյուս՝ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի խորքային հորերին վերաբերող հարցմանը, սույն աշխատակիցը սպառիչ և ամբողջական պատասխանի փոխարեն այլ տեղեկատվություն է տրամադրել, որի առիթով ՇՄ նախարարությունում նշանակվել է ծառայողական քննություն։ ✅Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ է «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ին օրենքի շրջանակներում փոխանցել նախկինում տեխնիկական վրիպակի պատճառով չտրամադրված տեղեկությունները։Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար հարցումներ է ստանում «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ից և տրամադրում է սպառիչ պատասխաններ»։
09:20 - 17 հունվարի, 2020
Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը

2019 թվականի դեկտեմբերի 11-ին հարցումով դիմել էինք Շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի մեզ տրամադրեն Արարատյան արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների խորքային հորերի աշխարհագրական կոորդինատները և սեփականատերերի ցանկերը։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին ստացանք գործող ձկնաբուծարանների և սեփականատերերի ցանկերը, սակայն կոորդինատները չտրամադրվեցին։ Գրությամբ նշվում էր, որ ցանկում ներառված չեն խորքային հորերի աշխարհագրական կոորդինատները, քանի որ դրանք հրապարակման ենթակա չեն, և կարող է խախտվել իրավաբանական ու ֆիզիկական անձանց տվյալների փոխանցման, տրամադրման իրավունքը և հարակից իրավունքները։ Վերոնշյալ պատասխանը ստանալուց հետո զանգահարեցինք ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին։ Խնդրեցինք հղում կատարել այն իրավական ակտին, որով աշխարհագրական կոորդինատները համարվում են գաղտնի տեղեկատվություն։ Մեզ պատասխանեցին, որ մերժման որոշումը կայացվել է ներքին իրավական ակտով։  2019 թվականի դեկտեմբերի 24-ին պատասխան գրություն ուղարկեցինք ՇՄ նախարարություն, որտեղ նշեցինք, որ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե այն ներկայացնում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում տիրող իրական վիճակը։ Միաժամանակ հայտնեցինք, որ բանավոր խոսակցության ընթացքում իրենց կողմից մերժումը ներքին իրավական ակտով հիմնավորելը ևս հակասում է օրենքին, քանզի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին, իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ օրենքը առավել բարձր իրավաբանական ուժ ունի, քան գերատեսչական ներքին ակտերը: Հետևաբար սույն հարաբերությունը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։  Արդեն 2020 թվականի հունվարի 10-ին, հարցման ընթացքին ծանոթանալու նպատակով, հեռախոսային զրույց ունեցանք Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Արման Շահմուրադյանի հետ, ով հարցման կատարողն էր։ Նա նշեց, որ պատասխանն արդեն պատրաստ է, այն շուտով կուղարկվի մեզ և տեղեկացրեց, որ կոորդինատների տրամադրումը մերժվել է ըստ Օրհուսի կոնվենցիայի։ Պարոն Շահմուրադյանը հավելեց, որ այն գերակա է ՀՀ օրենքների նկատմամբ։«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիային հղում անելով՝ տեղեկատվության տրամադրումը մերժելն այնքան զավեշտալի և ոչ իրավաչափ կլիներ, որ վերջին պահին նախարարությունում որոշվել է փոխարենը ստել, թե իրենք չեն տիրապետում անհրաժեշտ տվյալներին։ Իսկ այն, որ դա պարզագույն սուտ է՝ կհամոզվեք հաջորդիվ։ Չստանալով որևէ գրություն՝ հունվարի 15-ին զանգահարեցինք ՇՄ նախարարություն, որպեսզի պարզենք, թե գրությունն ինչ փուլում է։ Մեզ պատասխանեցին, որ այն դեռևս քննարկվում է։ Այսօր՝ հունվարի 16-ին, նախարարությունից ստացանք պատասխան, ըստ որի ՇՄ նախարարությունն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ձկնաբուծարանների աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ տեղեկություն չունի։ Այն որ նախարարության պաշտոնյաները ստում են՝ ապացուցելի է երկու պարզ փաստով․ 1. ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման հավելված N 6-ի 5-րդ կետով այդպիսի կոորդինատների վերաբերյալ տվյալներ ներկայացնելը պարտադիր պայման է ջրօգտագործման թույտվություն ստանալու գործընթացում։ Առանց այդ տվյալներ որևէ մեկը չի կարող խորքային հոր շահագործելու թույտվություն ստանալ։ 2. Երբ 2019 թվականի նոյեմբերի 22-ին հարցումով դիմել էինք ՋՌԿԳ, որպեսզի թույլտվություն ստանանք ծանոթանալու 2008-2019 թվականների ընթացքում Արարատյան դաշտի խորքային հորերի համար տրամադրված ՋԹ-ներին, մեզ պատասխանեցին, որ կարող ենք ծանոթանալ։ Մեզ տրամադրեցին որոշ ընկերություններին տրված ՋԹ-ները։ Դրանցում աշխարհագրական կոորդինատներն առկա են։ Օրինակը՝ ստորև։ Ներկայացված փաստաթուղթը, ինչպես տեսնում ենք, հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս։ Ստացվում է, որ ՇՄ նախարարությանն առընթեր Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունն ունի Արարատյան դաշտի արտեզյան ավազանից օգտվող ձկնաբուծարանների աշխարհագրական կոորդինատները, սակայն հարցմանն ի պատասխան՝ մի դեպքում հայտնում է, թե այդ տվյալների տրամադրումն արգելվում է, իսկ երբ մենք հանգամանալից բացատրում ենք, որ դա չի կարող արգելվել, պատասխանում են, թե նման տվյալներ չունեն։Այսպիսով Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաները թաքցրել են հրապարակման ենթակա տեղեկատվությունը՝ խախտելով Օրհուսի կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության  51-րդ հոդվածով երաշխավորված տեղեկություններ ստանալու իրավունքը, «Հանրային ծառայության մասին օրենքի» 12-րդ հոդվածով նախատեսված իրավունքի գերակայության և հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքները, 22-րդ հոդվածով սահմանված վարքագծի սկզբունքները, թույլ են տվել ՎԻՎ օրենսգրքի 189.7 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում։Ուստի սույնով մենք դիմում ենք․- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ծառայողական քննություն նշանակելու և պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ միջոցներ կիրառելու խնդրանքով,-լրագրողական կազմակերպություններին և լրագրողական համայնքին՝ իրենց գնահատականը հնչեցնելու խնդրանքով։Քննարկում ենք նաև Վարչական դատարան դիմելու հնարավորությունը։
14:27 - 16 հունվարի, 2020
Ծառայողական էլեկտրամոբիլներ՝ ՀՀ կառավարության համար. ծրագիրն իրականություն կդառնա մոտ ապագայում |armenpress.am|

Ծառայողական էլեկտրամոբիլներ՝ ՀՀ կառավարության համար. ծրագիրն իրականություն կդառնա մոտ ապագայում |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանն անցում կկատարի մոտ ապագայում: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և հավելեց, որ ծրագիրն իրականացվելու է բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը: «Ծրագիրն այս տարվա վերջում արդեն իսկ պետք է իրագործվեր, եթե հասցնեինք բոլոր ընթացակարգերը, սակայն ինչ-ինչ փոփոխություններ տեղի ունեցան: Global electric mobility ծրագիրն ընթացքի մեջ է, այն իրականացնում են բազմաթիվ երկրներ և կան որոշները, որոնք գործընթացային առումով ետ են ընկել, հենց դա է պատճառը, որ մենք այս տարի չկարողացանք անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների»,- նշեց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Կառավարության անդամների համար նախատեսված էլեկտրական շարժիչով ծառայողական մեքենաների ծրագիրը հաստատված է, գումարը՝ նույնպես, ուղղակի ընթացակարգային առումով այն մի փորք ուշ կիրագործվի: Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց գերատեսչությունը պայմանավորվածությունների իր մասը կատարել է: «Ընդհանուր առմամբ ծրագիրը կազմում է մոտ 700 հազար դոլար, և դրա մի մասով կգնվեն մեքենաները, իսկ մյուս մասով՝ կարվեն օրենսդրական վերլուծություններ»,- ընդգծեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը:
08:33 - 20 դեկտեմբերի, 2019