Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Եթե Շուշին մնար մերը, ապա որեւէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա․ Նաիրա Զոհրաբյան

Եթե Շուշին մնար մերը, ապա որեւէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Շուշիի հայկականության մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա պարզաբանմանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ Վլադիմիր Պուտինի առաջարկն ու հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, ինչին, ի դեպ, համաձայնել էր Ալիեւը, ապա Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, զոհերի թիվը չէր լինի այսքան աղետալի, որովհետեւ ըստ պաշտոնական թվերի, հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք ունեինք 729 զոհ, Արցախի տարածքի զգալի մասը չէինք կորցնի, որովհետեւ հոկտեմբերի 19-ի դրությամբ թուրքը գրավել էր Արցախի հարավից դեռ որոշակի հատվածներ միայն։ Եթե Նիկոլը ընդուներ Պուտինի առաջարկն ու պատերազմը կանգներ՝ հազարավոր պայծառ տղաներ այսօր ողջ կլինեին։ Իսկ Շուշի ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը, որով Նիկոլը հիմա փորձում է արդարացնել Շուշիի հանձնումը, ընդամենը գավառական բլեֆ է։ Եթե Շուշին մնար մերը, ապա որեւէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա։ Դա նույնն է, որ հիմա Ալիեւը հայտարարի, թե տալիս է անվտանգության երաշխիքներ եւ Շուշիի հայ բնակչությունը կարող է վերադառնալ թուրքի վերահսկողության տակ գտնվող քաղաք։ Մեկ հայ անգամ չի վերադառնա։ Ու դա փաստ է։ Փաստ է նաեւ, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարող էր կանգնել եւ մեկ մարդ դա թույլ չտվեց։ Ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։ Ի դեպ, օրերս Շուշիի քաղաքապետը հայտարարեց, որ 2008 թվականից Շուշիի բնակֆոնդը սպառված է եղել և որևէ ադրբեջանցի, անգամ տեխնիկապես, չէր կարող վերադառնալ Շուշի»:
12:31 - 30 հունվարի, 2021
Չենք կարող ասել՝ 96% ադրբեջանական բնակչությամբ Շուշին առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման հայկական վերահսկողության ներքո է․ Նիկոլ Փաշինյան

Չենք կարող ասել՝ 96% ադրբեջանական բնակչությամբ Շուշին առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման հայկական վերահսկողության ներքո է․ Նիկոլ Փաշինյան

Վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկը այն մասին է, թե ես իբր հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ։ Այս մասին Ֆեյսբուքում «Շուշիի մասին» վերնագրով ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ մեջբերելով նաև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր հայտարարությունը․ «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանից փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Վարչապետի խոսքով՝ այս արտահայտությունը օգտագործելով՝ ոմանք պնդում են անում, թե ինքը պնդել է, որ Շուշին հայկական քաղաք չէ։ Նա նշեց, որ ինքն այդ թեմային անդրադարձել է՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ՌԴ նախագահը առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններում կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով հայկական վերահսկողության ներքո։ «Պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և ադրբեջանական կողմը պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանական փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին։ Երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնենք, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ 1992 թվականին գոյություն ունեցած ստատուս քվոյի համաձայն»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ վերոնշյալ փաստը պարզ դարձավ, իրեն շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել։ «Ես արձագանքել եմ այդ իրողությանը, թե այդ ովքեր ու ինչպես են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է ասում»,- ընդգծեց Փաշինյանը։ Պատերազմը կանգնեցնելու պայմանը Շուշիի վերաբերյալ կոնտեքստում, վարչապետի խոսքով, 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն է։ «Խոսքը իր (Շուշիի- խմբ․) ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն՝ մենք պատմական հարց չենք քննարկել։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992 թվականին առկա ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն հայկական վերահսկողության ներքո է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընդամենը ցույց է տալիս լրատվական մանիպուլյացիայի օրինակը։
11:18 - 30 հունվարի, 2021
«Կոչ եմ անում դադարեցնել բռնության քարոզչությունը». Անի Սամսոնյանը՝ «Վերացնել դավաճանին» թռուցիկների մասին

«Կոչ եմ անում դադարեցնել բռնության քարոզչությունը». Անի Սամսոնյանը՝ «Վերացնել դավաճանին» թռուցիկների մասին

Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության և հակաօրիանական այլ գործողությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը քաղաքակիրթ և իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիայի վտանգավոր դրսևորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց և նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ֆիզիկական վերացման մասին մտքեր վերջերս հնչում են նաև հասարակական-քաղաքական գործիչների կողմից, որը սրում է իրավիճակը։ Բարկությունը, վիրավորանքը և ատելությունը չեն կարող արդարացնել նման պայքարի մեթոդները։ Հիշե՛ք մեր պետականության ողնաշարը ծռած հոկտեմբերի 27-ը և մի՛ խրախուսեք հանցագործություններ։ Կոչ եմ անում ակցիայի նախաձեռնողներին և թռուցիկ տարածողներին դադարեցնել բռնության քարոզչությունը։ Եթե դուք այդպիսի նպատակ չեք հետապնդում, ուրեմն վերաձևակերպեք ձեր կոչերը»:
16:42 - 29 հունվարի, 2021
Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ 2022 թվականը և նաև հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021 թվականին հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշված բաղադրիչների ապահովման էական ներուժ կա, և պետք է հետևողական աշխատանք կատարել: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել կոնկրետ առաջարկներ այս ուղղություններով:
14:48 - 29 հունվարի, 2021
Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. վարչապետ Փաշինյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. վարչապետ Փաշինյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության մեծարգո նախարար,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայոց բանակը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայ ժողովուրդը բավականին ծանր և դաժան փորձության միջով են անցել և անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս դառնության միջավայրում մենք չպետք է մոռանանք այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մեր բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Իհարկե, այսօր պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում: Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որոում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Մենք պետք է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական, իրավական, նաև քաղաքական պրոցեսների ու Զինված ուժերի մարտունակության հստակ կապն արձանագրենք, որովհետև Զինված ուժերն իրենք առանձին վերցված կղզի չեն և նրանք կրում են բոլոր այն ազդեցությունները, բոլոր այն պոզիտիվ և նեգատիվ երևույթների հետքը, որ ունենք և ունենում ենք մեր երկրում, սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից. ի վերջո ինչի՞ վրա է հիմնված մեր բանակը, ինչի՞ վրա է հենվում և զարգանում մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և բյուջեով տրվում են բանակին՝ ապահովելու նրա նպատակները, կարիքները և այդպես շարունակ: Մենք պետք է այս մարտահրավերները, օրակարգը նորովի գնահատենք, նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ըմբռնումներ ձևավորենք այս օրակարգի վերաբերյալ, որը պետք է երաշխավորի մեր երկրի անվտանգությունը: Իհարկե, ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը: Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար: Ուզում եմ Բանակի օրվա առիթով շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինծառայողներին՝ իրենց կատարած ծառայության համար: Այսօր և երեկ նրանց ծառայությունը շատ բարդ է եղել և շարունակում է մնալ բարդ՝ բոլոր առումներով, ընդ որում, պատերազմից հետո բնականաբար բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել, բայց պատերազմից առաջ էլ զինծառայողի մասնագիտությունը և ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հեշտ չի եղել և կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ: Զինծառայող, զինվորական լինելը մեծ պատիվ է, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև պետք է խոստովանենք, որ մեծ փորձություն է յուրաքանչյուրի համար: Մեծ փորձություն է ոչ միայն հենց իրենց՝ զինծառայողների, այլև նրանց ընտանիքների համար, ովքեր անցնում են բարդությունների միջով, ովքեր հաղթահարում են բազմաթիվ բարդություններ: Ցանկանում եմ մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին շնորհակալություն հայտնել իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը: Պարոնայք գեներալներ,Պարոնայք սպաներ, Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն նվիրումի, այն զոհողությունների, այն ծառայության համար, որ դուք մատուցել եք Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ այդ ծառայությունները կգնահատվեն ըստ արժանվույն: Թող տպավորություն չստեղծվի, թե պնդում եմ, որ զինծառայողների, ինչպես նաև բոլորիս ծառայությունն անթերի է, կատարյալ և զերծ սխալներից ու բացթողումներից: Ամենևին այդպես չէ. չկա այդպիսի ծառայություն ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես որևէ տեղ: Բայց, այնուամենայնիվ, մենք ապագան կառուցելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել իսկապես գնահատանքի արժանի ծառայությունները և վճռականություն, համարձակություն ցուցաբերել՝ առերեսվելու թերությունների հետ, գնահատելու, շտկելու և արմատախիլ անելու այդ թերությունները: Համոզված եմ, այս աշխատանքի արդյունքում կունենանք մեր խնդիրների լուծումը և այն իրավիճակը, որի մասին երազել ենք և երազում ենք: Մենք անպայն կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը: Սա մեր առաջնային խնդիրն է եղել երեկ և մեր առաջնային խնդիրն է այսօր: Շնորհակալ եմ»: Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա հետևողական ու առարկայական քայլերը:
17:07 - 28 հունվարի, 2021
«Եռաբլուրում» զենքով վարչապետին հեռացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանն ԱԱԾ է բերման ենթարկվել |armtimes.com|

«Եռաբլուրում» զենքով վարչապետին հեռացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանն ԱԱԾ է բերման ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել, այս պահին ԱԱԾ-ում է: Այդ մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս հավելեց, որ իրավական մյուս գործընթացների մասին կտեղեկացնի լրացուցիչ: Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան՝ Բադասյանն ասաց.  «Տարբեր, ընդհուպ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք...այո զենքի միջոցվով նաեւ...այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում, եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:
16:32 - 28 հունվարի, 2021
ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու բարձրաստիճան սպաների հետ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զինծառայողների կամավորների, ազատամարտիկների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի: «Հայոց բանակը և Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը ծանր փորձության միջով են անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Այս դառնության միջավայրում չպետք է մոռանանք այն սխրանքները, հերոսությունները, որ հանուն Հայրենիքի իրականացրել են բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Մենք այսօր պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում, և մենք պետք է կարողանանք նայել ապագային: Պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն: Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ չենք այնպես արել այս ընթացքում, որ մեր բանակի դիմակայությունն ավելի բարձր լիներ: Այս հարցերին պետք է առերեսվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է լինելու առաջիկա անելիքը: Նա արձանագրեց, որ այս անելիքը, որպես օրակարգ արձանագրված է, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Այդ աշխատանքը փաստացի սկսել է իրականացվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի բան ակնհայտ է, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը:    
16:27 - 28 հունվարի, 2021
Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը:Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և արտահայտում է Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրվանից նախագահ Մակրոնի, արտգործնախարար Լը Դրիանի ցուցաբերած անձնական ներգրավվածության համար: Իհարկե, մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, և շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով: Մեր քննարկումները և օրակարգը նաև տնտեսական, մարդասիրական ասպեկտներ ունեն, և խնդրում եմ իմ երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ մեր խոսակցության և պայմանավորվածությունների այսպիսի արագ արձագանքի համար»: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից, և այցը շարունակությունն է ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության և քննարկումների:  «Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարևորվում են նաև տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, և այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում»: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին: Կողմերը հեռանկարային են համարել տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային նորարարությունների, հանրային հատվածի թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման ուղղությամբ փոխգործակցությունը: Այս առումով վարչապետն առաջարկել է դիտարկել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև գործընկերության զարգացման հնարավորությունը, ինչի հետ ֆրանսիական կողմը համակարծիք է եղել: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև կրթական համագործակցության ընդլայնման մասին, որի հաջող օրինակներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ ֆրանսիական կողմը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ևս կարևորում է բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցությունը և հետաքրքրական է համարում այս ուղղությամբ աշխատանքի շարունակումը: Մտքեր են փոխանակվել ակադեմիական ավանի հեռանկարների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:
15:16 - 28 հունվարի, 2021
Պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, որովհետև 30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի․ Պավլիկ Մանուկյան |lragir.am|

Պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, որովհետև 30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի․ Պավլիկ Մանուկյան |lragir.am|

lragir.am: «Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրեցինք դուքյան։ Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, և դա գիտակցում էին մեր հարևանները, և ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին պետք է նետել աղբանոց։ «Այո, պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց»,- ասաց նա։ Պավլիկ Մանուկյանը հարցադրում արեց․ «Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր, Կարսում՝ մեր հինավուրց քաղաքում հիմա զորավարժություն է գնում»։ «Ես կասկածի տակ եմ դնում մեր վարչապետի ով լինելը»,- հավելեց նա։ Անդրադառնալով հարցին, որ իշխանությունները չեն հեռանում, Մանուկյանն ասաց․ «Ճիպոտով կհեռացնենք։ Իրենք բարոյազուրկ են, իրենք էլ գիտեն, որ երկար չեն կարող իշխել, ճիպոտով պետք է հեռացնել։ Հայաստանում գողապետությունը չի կարող իշխել»։ «Ազգային իշխանություն պետք է լինի երկրում, ազգայնականաները պետք է գան հարթակ, որոնք 30 տարվա կենսագրություն ունեն, չեն պղծել իրենց անցյալը, անդավաճան ծառայել են ազգին, այն մտավորականները, որոնք զինվորն են իրենց մտքի։ Իսկ մենք այդպիսի տղաներ ու աղջիկներ ունենք, հարթակում կերևան շուտով»,- հավելեց Պավլիկ Մանուկյանը։ Նա ասաց, որ պարտության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, հակառակ դեպքում կբացահայտեր բոլոր դավաճաններին ու մեղավորներին։ «Ինչի՞ համար չէին պատրաստվում պատերազմին, տռուսիկ-մայկով բանա՞կ են պահում, ելակով: Դրա համար դաշտերը կարմիր ներկեցին՝ սրբազան տղերքի արյունով»,- նշեց նա:
14:16 - 28 հունվարի, 2021
Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին |tert.am|

Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին |tert.am|

tert.am: Երբեք երկիրը այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող, տագնապեցնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը՝ իր զգաստացանող, պատգամ բերող խոսքը պետք է ասեր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով հարցին՝ ինչու նախկինում եկեղեցին քաղաքական հայտարարություններով հանդես չէր գալիս: Հարցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց. «Մեր դիրքորոշումներում, համոզումներում որևէ փոփոխություն չկա»: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է:Հարցին՝ ինչ հետևություններ է արել եկեղեցին, երբ հրաժարականի կոչից հետո, բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց, Վեհափառն ասաց. «Մենք որևէ կերպով հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին, և մեր հիմանվորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում»:Ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցին ու իշխանությունները նման միջոցառումներին առանձին-առանձին են ներկայանում, նա նախ ճշտեց, թե արդյոք երկրի ղեկավարությունն այսօր եղել է Եռաբլուրում, և երբ ստացավ դրական պատասխան, ասաց, որ տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում է՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է:
11:01 - 28 հունվարի, 2021
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի»-ի 9-րդ և 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ: «Այսօր էլ կառավարության նիստում հերթական այդպիսի որոշումն ընդունեցինք: Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագրի նախագիծը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը և ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք մեր առաջ և լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք և հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել և անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը: Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի և տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով՝  վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
17:13 - 27 հունվարի, 2021
Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»: ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ և իմ գործընկերներին՝ հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, և նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն և հաջողություններ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարևանն է, և մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի հանդեպ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլն արեցիք: Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաև Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաև այս հանդիպման առիթն ընձեռելու համար»: ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին: Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին`նշելով, որ ջերմությամբ և տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:  
16:48 - 27 հունվարի, 2021