Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Դատախազն ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Դատախազն ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Երևան քաղաքի բնակիչ Թ.Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է Կառավարության, այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ «Ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում, Թ.Ա.-ն քայլել է Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ են հասցնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Մ.-ին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական  գործունեության հետ, խմբի անդամների հետ ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը: Թ.Ա.-ն, նկատելով, որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող ԱԱԾ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Ա.Մ.-ին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, բարձրացել է հարակից հատվածում կայանված ավտոմեքենայի շարժիչի ծածկի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել այդ պահին ավտոմեքենայի դիմացի հատվածում կանգնած Ա.Մ.-ին, որի հետևանքով ԱԺ նախագահն ընկել է գետնին: Այնուհետև, Թ.Ա-ն, ճեղքելով Ա.Մ.-ին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Ա.Մ.-ին և, անտեսելով այդ պահին հնչող «մեռնում ա...մի՛ արեք» կոչը, հստակ գիտակցելով Ա.Մ.-ի անօգնական վիճակը և բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Ա.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին: Թ.Ա.-ի հանցագործությունը կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցները և ներկաներից ոմանք կանխել են նրա գործողությունները, որից հետո հրելով նրան հեռացրել են Ա.Մ.-ից: Թ.Ա.-ի և մյուսների գործողությունների արդյունքում Ա.Մ.-ն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: 2023 թվականի հունիսի 15-ին Թ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանության փորձ) նախատեսված հանցանք կատարելու համար: Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը: 2023 թվականի հունիսի 30-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:20 - 07 հուլիսի, 2023
Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերի շուրջ

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:
21:48 - 06 հուլիսի, 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին

ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին

Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ԱԳ նախարար Միրզոյանը, նշելով, որ դեսպան Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ, բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը և հաջողություն մաղթել հետագա դիվանագիտական աշխատանքում: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից: Վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:
15:15 - 04 հուլիսի, 2023
Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ջեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարել է Բլինքենը: Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև: Անհամբեր սպասում ենք առաջիկա շաբաթներում այս գործընթացի շարունակությանը, ասել է պետքարտուղարը: «Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»: Ավելի ուշ թվիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարը կրկին երախտագիտություն է հայտնել կողմերին անկեղծ և բաց երկխոսության համար: «Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորում ցուցաբերելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է պետքարտուղարը: Նախքան պետքարտուղարի ելույթն ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում բանակցությունները որակել է կառուցողական՝ հայտնելով, որ պետքարտուղարը երկկողմ և եռակողմ հանդիպումներ կունենան արտգործնախարարների հետ: Իսկ Երևանն ու Բաքուն բանակցություններից հետո ամփոփել են արդյունքները նույնանման հայտարարության տեսքով, ուր, մասնավորապես, նշված է. «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»: Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: Վաշինգտոնում ընթացող բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Այս առիթով լրագրողների հետ ճեպազրույցին պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելն ասել էր. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»: Փաթելն ընդգծել էր, սակայն, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
11:39 - 30 հունիսի, 2023
Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը: 
00:37 - 30 հունիսի, 2023
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Ի պատասխան հարցին՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ասել է. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»: Ըստ փոխխոսնակի, արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․ «Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա... ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»: Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Փաթելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում: «Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելն կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․ «... Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»: Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով. «Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը:
09:30 - 29 հունիսի, 2023
Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Երևանի ու Բաքվի միջև նախորդ բանակցությունները նույն վայրում էին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց: «Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը: Ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար։ «Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսօր հանդիպումների առաջին օրն է, ու դրանք կշարունակվեն մինչև հինգշաբթի: Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար, ինչպես նաև հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները: «Նա [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը] կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և միասին [եռակողմ ձևաչափով], բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որ խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով․ «Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»: Հիշեցնենք, Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկկողմ հարաբերություների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ, կընթանան մինչև այս հինգշաբթի՝ հունիսի 29-ը:
09:06 - 28 հունիսի, 2023
Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: 
19:39 - 27 հունիսի, 2023