Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը
19:39 - 27 հունիսի, 2023

Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ: 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել