Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակն Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցի ժամանակ շեշտադրում է արվել Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Նշվել է, որ ՄԱԿ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքացիական անձանց տարհանում է իրականացվել, որոնք ուկրաինական զինյալների կողմից պահվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում», - ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, դրա արդյունքում Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ նշված հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն տարբեր ձևաչափի շփումների ընթացքում։   Նորա Վանյան
15:53 - 13 մայիսի, 2022
Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ |tert.am|

Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ |tert.am|

tert.am: Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման անհնար է այն անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք քաջատեղյակ եք ՌԴ նախագահի դիրքորոշմանը՝ ոչ ոք ապրիորի չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի խոսնակը։Պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։Նա ընդգծել է, որ «հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել առանց նման նախապատրաստական գործողությունների»։
15:19 - 13 մայիսի, 2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին |azatutyun.am|

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապաշրջափակել Օդեսան և Ուկրաինայի այլ նավահանգիստներ՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար: «Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստները արգելափակված են», - CNN-ին ասել է Բիսլին: CNN-ը հիշեցնում է, հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից մեկն է։ Պատերազմի սկզբից ռուսական նավատորմը գրավել է ուկրաինական նավահանգիստները Ազովի ծովում և փակել նավերի անցումը երկրի սևծովյան նավահանգիստներից։ Գերմանիայում այսօր սկսվում է երկօրյա հանդիպում, որտեղ G7-ի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ինդոնեզիայի արտգործնախարարները կքննարկեն պատերազմի պատճառով աշխարհում հացահատիկի պակասի դեմ պայքարի ուղիները, ինչպես նաև օգնությունն Ուկրաինային և Մոլդովային:
11:15 - 13 մայիսի, 2022
Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան: Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: «Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը: Դուշանբեում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
16:55 - 12 մայիսի, 2022
Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տնտեսական հարցերով խորհրդակցության ընթացքում ասել է, թե երկիրը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները: Նրա խոսքով, «Արևմուտքի սանկցիոն մոլուցքը Եվրամիության բնակիչների համար կստեղծի ծանրագույն հետևանքներ և սով կառաջացնի աշխարհի առավել աղքատ երկրներում»: «Շատ առումներով հենց այդ պատժամիջոցներն են համաշխարհային ճգնաժամ հարուցում: Դրանց կարճատես հեղինակները, ղեկավարվելով քաղաքական հավակնություններով և ռուսատյացությամբ, իրենց իսկ ազգային շահերին, սեփական տնտեսություններին և իրենց բնակիչների բարեկեցությանն են հարվածում»,- հայտարարել է Պուտինը: Նա ասել է, թե մի շարք երկրներում արդեն կա սովի սպառնալիք, և դրա համար մեղավոր է «բացառապես Արևմուտքի վերնախավը»: Ռուսաստանի ղեկավարը պնդել է նաև, որ ազգային տարադրամը՝ ռուբլին, աշխարհի բոլոր արժույթների շարքում «ունի առավել կայուն դինամիկան»:
15:48 - 12 մայիսի, 2022
Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրը, The Guardian-ը հրապարակել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում գրաքննության պատճառով արգելափակված «Նովայա գազետա» թերթի հոդվածը, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով․ «Վլադիմիր Պուտինը ծնվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից յոթ տարի անց և մեծացել մեծ հաղթանակի մասին բրեժնևյան առասպելով։ Չունենալով լավ կրթություն՝ նա սիրում էր մեջբերումներ անել խորհրդային ֆիլմերից և հին պատմվածքներից։ Պատմության դասագրքերում «Հայրենական Մեծ պատերազմը» պատկերվում էր՝ որպես կախարդական առասպել, որի հերոսը՝ ռուս ժողովուրդը, ի հեճուկս ողջ աշխարհի, հաղթում է հրեշին։ Այս հեքիաթում տեղ չէին գտել պատերազմի բազմաթիվ իրական փաստեր, օրինակ՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Ֆինլանդիայի հետ պատերազմը, Բալթյան երկրների օկուպացիան։ Առասպելն անտեսում է միլիոնավոր լեհերի արտաքսումը։ Չի հիշատակում 1942-43 թ-ի ձմռանը տեղի ունեցած Ռժևի ճակատամարտը, որում խորհրդային բանակը սարսափելի կորուստներ կրեց՝ նախընտրելով կանգ առնել Մոսկվայի և Ստալինգրադի մարտերում կրած լեգենդար հաղթանակների վրա։ Առասպելը, որ տոնվեց Ռուսաստանում Հաղթանակի օրը, դարձել է այն հիմնական նարատիվը, որը Ռուսաստանը հավերժ կառավարելու Պուտինի պլանի հիմքում է։ Եկել է այն պահը, երբ Պուտինը որոշել է շարունակել պաշտոնավարել անորոշ ժամկետով։ Ընտրությունները կգան ու կգնան, իսկ նա կստի, թե դրանք իր համար վերջինն էին, որ նա մտադիր չէ փոխելու Ռուսաստանի 1993 թ-ի սահմանադրությունը, որը նախատեսում է պաշտոնավարման՝ միմյանց հաջորդող միայն երկու ժամկետ։ Ընդմիշտ կառավարելու նրա առաջին ռազմավարությունը քաղաքացիներին թույլ տալն էր, որ հարուստ լինեն, քանի որ երկիրն ավելի, քան երբևէ հարստացել էր 2000-ականների երկրորդ կեսին։ Բայց երբ աճը կանգնեց, երբ հարստության մեծ մասը հայտնվեց մի քանի հոգու ձեռքերում, Պուտինը ստիպված եղավ անցնել քարոզչությանը։ Նա սկսեց վկայակոչել «ավանդական արժեքները»՝ սաստկացնելու Ռուսաստանի համար իր առաջնահերթ կարևորության մասին պատկերացումը, այն, որ ինքն անփոխարինելի առաջնորդ է, որը ռուսների միակ պաշտպանությունն է Արևմուտքի ազդեցությունից և եվրոպացի ժողովուրդների ծովում տարրալուծվելուց։ Եվ Պուտինն ինքը սկսեց հավատալ իր քարոզչությանը, նրան, թե ինքը Մեծ Ռուսաստան կառուցելու հատուկ պատմական առաքելություն ունի։ Բայդ դա այնքան էլ նոր ԽՍՀՄ չէ, քանի որ ոչ ոք չի պատրաստվում կոմունիզմը վերականգնել, որևէ նոր գաղափարախոսություն առաջ քաշել կամ էլ վերագաղութացնել Միջին Ասիան՝ ռուսական տնտեսությանը լավ ու էժան աշխատուժով ապահովելու համար ։ Մեծ Ռուսաստանը պետք է աշխարհի երրորդ գերտերությունը լիներ (ԱՄՆ և Չինաստանին զուգահեռ)։ Եվ եթե նրա մրցակից ԱՄՆ-ն՝ որպես իր ազդեցության գոտի ուներ Եվրամիությունն, ապա Մեծ Ռուսաստանը նույնպես պիտի ունենար դա։ Պուտինի «ավանդական արժեքներն», ըստ էության, հանգում էին հոմոֆոբիային և ռազմական հաղթանակի պաշտամունքին։ Շուտով պարզ դարձավ, որ առաջինը հուսալի ռազմավարություն չէ ուժեղ առաջնորդի հավերժ կառավարման համար։ Մնում էր միայն հաղթանակի պաշտամունքը։ Պատկերը քիչ-քիչ ուրվագծվում էր։ Ռուսական միլիտարիզմի օպերետը ծնվել է հեռուստատեսային քարոզչությունից, երբ բազմաթիվ «փորձագետներ» սկսեցին խոսել այն մասին, թե մենք ամենաուժեղն էինք աշխարհում, ոչ ոք չէր կարող մեզ իշխել, մեր հրթիռները կարող էին մի քանի անգամ պտտվել աշխարհի շուրջը և ոչնչացնել ցանկացածին։ Դա ծիծաղաշարժ էր, բայց Պուտինի ելույթներն ավելի ու ավելի էին սկսվում նմանվել հանգուցյալ նեոֆաշիստ Վլադիմիր Ժիրինովսկու ասածներին։ Նա ավելի ու ավելի քիչ էր խոսում այնպիսի ձանձրալի բաների մասին, ինչպիսին է տնտեսական զարգացումը, բայց մեծապես աշխուժանում էր, երբ խոսում էր նոր, «նմանը չունեցող» զինատեսակների մասին։ «Մենք կարող ենք դա կրկին անել» արտահայտությունը դարձավ պուտինյան Ռուսաստանի գլխավոր կարգախոսը, որն ակնհայտորեն հղում էր այն փաստին, որ ռուսները տապալել են նացիզմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և գիտեն, որ կարող են կրկին անել դա։ Պուտինը հաղթել է նախագահական չորս ընտրություններում, սակայն 2024 թ-ին նշմարվում է հինգերորդը։ Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել Ռուսաստանին, և նրա տնտեսությունն անկում է ապրել, այնպես որ, Պուտինը շատ տարբերակներ չունի։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պահպանելու լավագույն տարբերակը մեծ հաղթանակը կրկնելն է։ Մայիսի 9-ի խորհրդանշական շքերթը բավարար չէր լինելու, նրանք պետք է պատկերն ամբողջացնեին արյամբ։ Այդ պատճառով էլ փորձեցին «դա կրկին անել»՝ կազմակերպելով Եվրոպայի խոշորագույն ողբերգությունը 1945-ից ի վեր։ Այս պատերազմն առաջինն է աշխարհում, որը հնարել է հենց հեռուստատեսությունը։ […] Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանում շատերն են հավատացել սրան և անհաղորդ են այն ռազմական հանցագործություններին, որոնք կատարվում են Ուկրաինայում։ Բանը միայն այն չէ, որ նրանք չեն տեսնում ամբողջական պատկերը՝ լրագրության և սոցցանցերի ոչնչացման պատճառով։ Բանն այն է, որ եթե դադարեք հավատալ քարոզչությանը, էլ չեք կարող հավատալ ավանդական արժեքներ ունեցող Ռուսաստանին, հաղթանակի օրվա հերոս ժողովրդին։ Կմնա միայն խելագար մի մարդ, որը դեգերում է ռազմականացված ավազակապետության փլատակների մեջ՝ միջուկային զենքի ճամպրուկը ձեռքը։ Ո՞վ կցանկանա հավատալ սրան։ Ո՞վ ենք մենք, և ինչպե՞ս ենք թույլ տվել, որ այսպիսի բան լինի։ Այս հարցին պատասխանելը սարսափ է առաջացնում։ Ռուսները մինչև վերջ կառչած են մնալու իրենց միֆերից։ Իսկ մինչ այդ, նրանք ունեն իրենց ռազմական շքերթը, հաղթանակի օրվա ուշագնացությունը, ափիոնը՝ ժողովրդի համար»։   Նորա Վանյան
23:41 - 10 մայիսի, 2022
Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել
 |factor.am|

Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել՝ արժույթի կարգավորման և միջազգային հաշվարկների ոլորտում նոր մեխանիզմներ մշակելու համար։ Համապատասխան հրամանը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը: Հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը․ այն գլխավորելու է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Փաստաթղթի համաձայն՝ նոր աշխատանքային խմբի հիմնական խնդիրներից է Ռուսաստանի Դաշնության և բարեկամ երկրների գործընկերների միջև վճարումների ենթակառուցվածքի ձևավորման պլանի մշակումը, «այդ թվում՝ ռուսական ռուբլով կամ այդ պետությունների ազգային արժույթներով»: Նույնը վերաբերում է ոչ բարեկամ երկրների գործընկերների հետ վճարումների ենթակառուցվածքի ձևավորմանը, այդ թվում՝ ռուսական ռուբլով: Ավելին՝ factor.am-ում
22:44 - 09 մայիսի, 2022
Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը |1lurer.am|

Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել զորահանդես՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի։  Շքերթի ժամանակ բարձրացվել են ռուսական եռագույն ու Հաղթանակի դրոշները, հնչել է «Սրբազան պատերազմ» երգը։ Արարողությունը ղեկավարել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ընդունել է շքերթը։ Միջոցառմանը մասնակցել է 11 հազար զինվորական։ 2022 թվականի շքերթի առանձնահատկությունը Դոնբասում հատուկ գործողության մասնակիցների մասնակցությունն է արարողությանը։ Այս անգամ ռազմական շքերթին ցուցադրվել է միայն ցամաքային տեխնիկան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հաղթանակի շքերթի օդային մասը չեղարկվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի առիթով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները ուղերձներ են հղել իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին։ «Սրտանց շնորհավորում եմ մեր ընդհանուր մեծ տոնի՝ Հաղթանակի օրվա առթիվ։ Ցավոք, այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում։ Մեր սուրբ պարտքն է կանխել Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարական ժառանգների վրեժը»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա նաև քաջառողջություն և երկարակեցություն է մաղթել ուկրաինացի վետերաններին, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղ և արդար ապագա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր ուղերձում նշել է․ «Փետրվարի 24-ին մենք լսեցինք՝ նորի՛ց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց խավարը վերադարձավ Ուկրաինա: Դա հասկանում են բոլոր երկրներն ու ժողովուրդները, որոնք այսօր աջակցում են Ուկրաինային։ Այսօր՝ Հիշատակի և հաշտության օրը, մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր պաշտպանեցին իրենց հայրենի հողն ու աշխարհը նացիզմից։ Ճշմարտությունը կհաղթի։ Եվ մենք ամեն ինչ կհաղթահարենք»,-ասել է Զելենսկին:
14:00 - 09 մայիսի, 2022
«Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում |tert.am|

«Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում |tert.am|

tert.am: Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։ Այս մասին երկուշաբթի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց ակտիվ ռազմական զարգացումը հարակից տարածքների վրա: Այսպիսով, մեզ համար բացարձակապես անընդունելի վտանգ է ստեղծվեց, ընդ որում՝ անմիջականորեն մեր սահմաններին»,- ասել է պետության ղեկավարը։Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։«Մենք տեսել ենք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։ Ամեն օր վտանգը մեծանում էր։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշում էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»,- ասել է Պուտինը։Նախագահն ասել է, որ Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին ազնիվ երկխոսության, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ «Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար»,- ընդգծել է Պուտինը։«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել, միմյանց շահերը հաշվի առնելու: Ապարդյուն: ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։Կարմիր հրապարակում շքերթին մասնակցում են նաև զինծառայողներ, որոնք ժամանել են անմիջապես Դոնբասի պատերազմական գոտուց, ասել է նախագահը։
12:33 - 09 մայիսի, 2022
Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Վլադիմիր Պուտինին

Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում։ Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Այս հիշարժան օրը թույլ տվեք մաղթել Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարգավաճում»։
10:03 - 09 մայիսի, 2022
Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ այս օրը մենք շնորհակալություն ենք հայտնում և հարգանքի տուրք մատուցում մարտիկներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհաբերությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Այսօր ընդհանուր պարտքը նացիզմի վերածնունդը թույլ չտալն է, որն այնքան տառապանքներ է պատճառել տարբեր երկրների մարդկանց», - ասված է հաղորդագրությունում։ Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձներում ՌԴ նախագահը նշել է, որ «այսօր մեր զինծառայողներն, ինչպես նրանց նախնիները, թիկունք-թիկունքի կռվում են հայրենի հողը նացիստական արատից ազատագրելու համար», նա վստահություն է հայտնել, որ «ինչպես 1945 թ-ին, հաղթանակը մերն է լինելու»։ «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ուկրաինայի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է այն մարդկանց գաղափարային հետնորդների ռևանշի անթույլատրելիությունը, որոնք տապալվել են Հայրենական Մեծ պատերազմում»։
15:35 - 08 մայիսի, 2022
Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Այս շաբաթվա սկզբին CNN ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Ի՞նչ է գործնականում նշանակում պատերազմ հայտարարելը, և ինչպե՞ս կարող է Ռուսաստանում մոբիլիզացիա անցկացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Ինչպես պնդում են CNN-ի աղբյուրները, Պուտինը կարող է օգտվել Հաղթանակի օրվա խորհրդանշական իմաստից, որպեսզի կամ հայտարարի Ուկրաինայում ռազմական հաջողությունների, կամ ռազմական գործողությունների սրացման, կամ էլ թե մեկի, թե մյուսի մասին։ Նրանց կարծիքով, առավել հավանական է Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։ Ռուսական ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին, սակայն ռուսական իշխանությունը պնդում է, որ դա «հատուկ ռազմական գործողություն է»։ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ «պատերազմ» և «ներխուժում» բառերն արգելված են։ Ինչպես գրում է CNN-ը, պաշտոնապես պատերազմ հայտարարելը կարող է ուժեղացնել հանրային աջակցությունն՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև ռուսական իշխանությանը թույլ կտա մոբիլիզացիա հայտարարել, որի կարիքը Ռուսաստանն այժմ շատ է զգում։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 9-ին Ռուսաստանում մոբիլիզացիայի հնարավոր հայտարարումը երեկ անվանել է «սուտ և անհեթեթություն»։ Փետրվարի 20-ին՝ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության մեկնարկից երեք օր առաջ, հաղորդագրություններն այն մասին, որ պլանավորվում է ռուսական զորքերի ներխուժում Ուկրաինա, Պեսկովը սադրանք և հիսթերիայի ուժգնացում էր որակել։ «Հիշեցնում ենք, որ Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում երբեք ոչ ոքի վրա չի հարձակվել։ Եվ Ռուսաստանը, որն այդքան պատերազմներ է վերապրել, Եվրոպայի վերջին երկիրն է, որն ընդհանրապես ուզում է խոսել, անգամ արտաբերել «պատերազմ» բառը, - ասել էր Պուտինի խոսնակը։ Ենթադրությունը, որ մայիսի 9-ին Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել, ինչպես նաև «համաշխարհային նացիզմի դեմ» լայնամասշտաբ պատերազմի մասին խոսել, ավելի վաղ առաջ էր քաշել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Միաժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլի 21-ին կայացած իրենց հանդիպման ժամանակ հայտնել է իրեն, որ ռուսական իշխանությունը մայիսի 9-ին պլանավորում է ավարտել ռազմական գործողությունները Պուտինը մարտի սկզբին ասում էր, որ Ռուսաստանի համար նախադրյալներ չկան ռազմական կամ որևէ այլ դրություն մտցնելու, քանի որ այն մտցվում է միայն արտաքին ագրեսիայի դեպքում։ Ըստ «Ռազմական դրության մասին» Դաշնային սահմանադրական օրենքի՝ արտաքին ագրեսիա կարող են համարվել մի շարք գործողություններ, այդ թվում․ օտարերկրյա պետության բանակի հարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, դրա տարածքի կամ մի մասի ռազմական օկուպացիան, ցանկացած բռնակցում; Ռուսաստանի դեմ զենքի կիրառումը։ Օրինակ՝ տարածքի ռմբակոծումը; նավահանգիստների կամ ափերի արգելափակումը; օտարերկրյա բանակի հարձակումը ռուսական զորքերի վրա՝ անկախ դրանց տեղակայման վայրից։   Պատերազմի վիճակ և ռազմական դրություն Ռազմական դրություն կարող է մտցվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Պատերազմի վիճակը փաստացի հանգեցնում է ռազմական դրության հաստատման, թեև իրավական տեսակետից դրանք տարբեր բաներ են․ «պատերազմի վիճակ» եզրը վերաբերում է միջպետական հարաբերություններին, «ռազմական դրությունը» հատուկ իրավական ռեժիմ է պետության ներսում։ «Պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածում ասվում է, որ «պատերազմի վիճակը հայտարարվում է դաշնային օրենքով՝ ՌԴ վրա այլ պետության կամ մի խումբ պետությունների զինված հարձակման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՌԴ-ն պետք է կատարի  միջազգային պայմանագրերը»։ Պատերազմ հայտարարելու հասկացությունն ամրագրված է միջազգային իրավունքում։ «Ռազմական գործողություններ սկսելու մասին Կոնվենցիայում», որն ընդունվել է Հաագայում 1907 թ-ին, ասված է, որ  ռազմական գործողությունները «չպետք է սկսվեն առանց նախապես և ոչ երկիմաստ զգուշացման, որը կունենա կամ պատերազմի փաստարկված հայտարարման ձև, կամ վերջնագրի ձև՝ պատերազմի պայմանական հայտարարմամբ», որից հետո պետությունները մտնում են «պատերազմի վիճակի մեջ»։ Ռազմական դրությունը Ռուսաստանում կարգավորվում է մի քանի օրենքներով՝ «Ռազմական դրության մասին», «Պաշտպանության մասին», «Մոբիլիզացիայի մասին», «Կապի մասին», «Զինապարտության և զինվորական ծառայության մասին»։ Այն վերաբերում է պետության գրեթե բոլոր ոլորտներին՝ հանրային կյանքին, իշխանության մարմիններին, տնտեսությանը, բիզնեսին, մամուլին, քաղաքական կարգավորմանը և այլն։ Նախագահն ու գործադիր իշխանությունը նման իրավիճակում կստանան բացառիկ լիազորություններ։ Կարող է դադարեցվել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, արգելվել հանրահավաքները, հավաքները, ցույցերը, գրաքննություն սահմանվել, սահմանափակվել մարդկանց տեղաշարժը և այլն։   Մոբիլիզացիա Ռազմական դրության պայմաններում կարող է մոբիլիզացիա հայտարարվել։ Այն կարող է լինել համընդհանուր կամ մասնակի, այսինքն՝ մտցվել երկրի ողջ տարածքում կամ դրա առաձին հատվածներում։ Մոբիլիզացիան կապված չէ ռազմական դրության սահմանման հետ․ այն կարող է հայտարարվել նաև առանց ռազմական դրության, ինչպես նաև չհայտարարվել ռազմական դրության ժամանակ։ Այս հասկացությունը բանակ զորակոչվողներին չի վերաբերում։ Մոբիլիզացիան վերաբերում է իշխանական մարմիններին, արդյունաբերությանը և  ընդհանրապես ողջ տնտեսությանը։ Սակայն, նախևառաջ, այն կապված է զինված ուժերի հետ, որոնք կարող են համալրվել պահեստային զինծառայողներով։ Պատերազմ և մոբիլիզացիա հայտարարելը կարող է նվազագույն երկու խնդիր լուծել, որոնց, ինչպես նշում են շատ փորձագետներ, բախվել է ռուսական բանակը՝ պատերազմում անձնակազմի պակասի և Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի մեկնելուց հրաժարման խնդիրը։ Ներկա պահին Ուկրաինայում ռուսական բանակի գրոհն, ինչպես նշում են դիտորդները, ոչ մեծ տեմպերով է զարգանում։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերն աննշան հաջողություններ ունեն ուկրաինական Իզյում և Պոպասնայա քաղաքներից դեպի արևելք, սակայն առաջընթացը եղել է «դանդաղ և անհավասար»։ Բացի այդ, Պենտագոնը նշել է, որ ռուսական ուժերն, ըստ ամենայնի, վախենում են ռիսկից և աշխատում են խուսափել զոհերից։ Այն մասին, որ ռուսական բանակում մարդկային ուժի պակաս է զգացվում, անուղղակիորեն վկայում է նաև այն, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի սկզբից փորձում է պայմանագրային զինծառայողների հավաքագրել աշխատանքի որոնման HeadHunter և SuperJob քաղաքացիական կայքերի միջոցով։ Ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարումը լայնորեն քննարկվում է սոցցանցերում։ Մոբիլիզացիայի կողմնակիցների կարծիքով՝ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթել՝ կենդանի ուժի բազմակի առավելություն չապահովելով։ Սակայն բլոգային միջավայրում շատերը մտավախություն են հայտնում, որ ռազմական դրությունը, իրավունքների և ազատությունների ավելի շատ սահմանափակումը, քան հիմա է, տնտեսական միջոցները՝ հարկադիր մոբիլիզացիայի հետ միասին հղի են հասարակությունում սոցիալական դժգոհությունով, որն, առանց այդ էլ, զրկանքներ է կրում։   Տնտեսություն Ռազմական դրությունը կարող է լուրջ ազդեցություն գործել երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ ընկերությունները պարտավորվում են իրենց գույքը տրամադրել պաշտպանական կարիքների համար։ Կազմակերպությունները նաև պարտավոր են կատարել պատվերներ և առաջադրանքներ՝ պաշտպանական նպատակով։ Ըստ օրենքի՝ քաղաքացիներին կարելի կլինի ներգրավել պաշտպանական կարիքների համար արվող աշխատանքներում։ Նրանք պետք է մասնակցեն զենքի կիրառման հետևանքների չեզոքացմանը, տնտեսական օբյեկտների վերականգնմանը, պայքարեն հրդեհների դեմ և այլն։ «Ռազմական դրության մասին» օրենքի 8-րդ հոդվածը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ կիրառել փաստացի ցանկացած միջոց, որը կարող է ազդել տնտեսական գործունեության վրա, մասնավորապես, կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել «տնտեսական և ֆինանսական գործունեության, գույքի շրջանառության, ապրանքների, ծառայությունների և ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի համար»։   Նորա Վանյան
23:14 - 05 մայիսի, 2022
Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին
 |factor.am|

Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է «Դոնբասի պաշտպանության և «Ազովստալ»-ից խաղաղ բնակչության տարհանման հատուկ գործողության ընթացքի մասին»։ Նա նաև ներկայացրել է Կիևի հետ բանակցությունների հիմնարար մոտեցումներն ու նշել, որ Մոսկվան բաց է երկխոսության համար։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԵՄ անդամ երկրներն անտեսում են Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունները»։  Արևմուտքը, նրա խոսքով, կարող է օգնել դադարեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումն Ուկրաինային:  
18:06 - 03 մայիսի, 2022