Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և նաև կայունություն ապահելու մասին, և այդ տրամաբանության շրջանակներում պետք է կարգավորնեք նաև հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես նաև դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով և քաղաքական տարբեր մակարդակներում հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Վերջինս շեշտեց, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորում է Թուրքիայի հետ, և պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ ՄԽ-ն է։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բոլոր համանախագահների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պետք է մի կարևոր հարց քննարկել․ դա կարգավիճակի հարցն է։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները»,- ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը կա՛մ պետք է տարածքային պահանջներ ներկայացնի, կա՛մ լավ հարաբերություններ հաստատի հարևան պետությունների հետ, Գրիգորյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել է ինքնորոշման հարց։ «Սրա մասին երևի 30 տարուց ավել խոսել ենք։ Եվ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Հայտնի սկզբունքներից մեկը հենց հանդիսանում է ինքնորոշման իրավունքը։ Ինչ վերաբերում է նախապայմաններին, գիտեք, որ նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում դժվար է լինում որևէ հարցով առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ավելացրեց Գրիգորյանը։  Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ բնականաբար անդրադարձ եղել է․ «Քննարկվել է իրավիճակը, և՛ հայկական, և՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկվում է, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։ Հարցի լուծման հետ կապված բանակցություններ ընթանում են»։ Այն հարցին, թե արդյո՞ք Գորիս-Կապան ավտոճանապարհը երթևեկության համար անվտանգ է, Գրիգորյանը պատասխանեց․ «Ըստ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։ Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի որևէ խնդիր չառաջանա և հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք օգտագործել։ Այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը անընդհատ պրովոկացիաներ է կատարում, Հայաստանի կողմից դատապարտող և այլ տեսակի հայտարարություններ եղել են, այդ խնդիրը քննարկվել է նաև ՌԴ մեր գործընկերների և ադրբեջանցիների հետ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»։
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը: Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին: Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները  համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ: Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և  նույնպես կարևորում է  հարցի արագ լուծումը:  Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:  Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
14:34 - 22 սեպտեմբերի, 2021
Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին: Այնուհետև, քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:  Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին, Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը: Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, նշելով որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:  Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ: Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք: Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
17:27 - 15 սեպտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են»,- ասաց Գրիգորյանը: Ըստ արտաքին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` միջխորհրդարանական կապերը ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել երկու երկրների հարաբերություններում: «Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը»,- հավելեց Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն համակարծիք են`առկա է տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ. «Պատրաստվում ենք ձեռնարկել գործնական քայլեր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշեց Գրիգորյանը: ԱԳ նախարարի պարտականությունները  կատարող Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գործում է մուտքի առանց վիզաների ռեժիմը, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:
13:48 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը»,- ասաց Գրիգորյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ցավով նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել: «Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդրի, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի հետ համերաշխությանը»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:05 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։ Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
12:49 - 09 օգոստոսի, 2021
Ֆիլիպ Ռիքերն Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորումը

Ֆիլիպ Ռիքերն Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտել է հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինված ուժերի իրականացրած հարձակումը, որը նա որակել է որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։ «Ընդգծվեց, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո: Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։ Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։
21:37 - 29 հուլիսի, 2021
Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։  «Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։  Երկուստեք ընդգծվեց անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում,  Արմեն Գրիգորյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։  ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։
20:49 - 29 հուլիսի, 2021
ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԽ պատգամավորը վերահաստատել են առանց նախապայմանների գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԽ պատգամավորը վերահաստատել են առանց նախապայմանների գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։ «Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ծավալումը, որի շրջանակներում ընթացիկ ամսում Երևան այցելեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ կողմից իրականացվող ներդրումային և տնտեսական ծրագրերին, որոնք համահունչ են Հայաստանում տնտեսական զարգացման, ժողովրդավարության և լավ կառավարման ՀՀ կառավարության առաջնահերթություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։     Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները։ Վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և այս համատեքստում ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը կարևորել է  մայիսի 20-ին այդ առնչությամբ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը։ Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։
18:20 - 21 հուլիսի, 2021
ԱԳՆ ղեկավարի և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպման առանցքային թեման եղել է Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

ԱԳՆ ղեկավարի և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպման առանցքային թեման եղել է Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն է եղել, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։  Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Շեշտվել է, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ։ Այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները։ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով»։ ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։ Առանձնահատուկ շեշտվել է, որ առանց ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսման և, ի վերջո՝ հակամարտության հանգուցալուծման, տարածաշրջանը մշտապես բախվելու է անվտանգության խաթարման նոր փորձերի։  «Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշել է Արմեն Գրիգորյանը։
20:24 - 20 հուլիսի, 2021
Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին  այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի: Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Կարելի է ասել՝ որոշների հետ աշխատանքային փորձ ունենք, որոշակի աշխատանքներ կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով կտրված չի եղել արտաքին քաղաքականության  ձևավորման գործընթացից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ  աշխատանքի համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու: Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում, համատեղ իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու:  Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»:         
14:17 - 14 հուլիսի, 2021
Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիա է, որը հանգեցրել է նրան, որ ունենք 2 վիրավոր։ Մեր կարծիքով նաեւ որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաեւ, որ ազդած լինել։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում։«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս»,– ասաց նա։«Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– հավելեց նա։Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։ «Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տեւել մի քանի ամիս։ Պարոն Զասը նշել է, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է․ միջադեպի արդյունքում մենք զոհ ենք ունեցել։ Կարծում եմ, որ ինֆորմացիայի խնդիր կա․ նաեւ այս հարցն ենք քննարկել։ Ես հուսով եմ, որ ինֆորմացիայի պակասի հարցը կլուծվի»,-նշել է նա։  ԱԽ քարտուղարը նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։Հարցին՝ կա օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց, Գրիգորյանը նշեց․ «Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ»։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի օրակարգին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։
09:31 - 07 հուլիսի, 2021
«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց: 
16:56 - 05 հուլիսի, 2021