Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը
20:49 - 29 հուլիսի, 2021

Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։ 

«Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։ 

Երկուստեք ընդգծվեց անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում,  Արմեն Գրիգորյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։ 

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։ 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել