Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանն անցկացրել է խորհրդակցություն՝ պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն անցկացրել է խորհրդակցություն՝ պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ: Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում: Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա և՛ գերեվարված զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց, և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որպեսզի ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա և այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում: Մասնավորապես, գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն, պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին: Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ: Վարչապետն ընդգծել է, որ առաջնահերթ պետք է մշտական, անընդհատ հաղորդակցություն ապահովել գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, անհետ կորածների ընտանիքների հետ և այդ նպատակով ձևավորել շուրջօրյա գործող կենտրոն: «Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է: Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով», - ասել է Ն. Փաշինյանը:
17:27 - 23 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը վաղվանից կհանդիպի անհետ կորած զինծառայողների հարազատներին․ Նաիրի Սարգսյան |factor.am|

Նիկոլ Փաշինյանը վաղվանից կհանդիպի անհետ կորած զինծառայողների հարազատներին․ Նաիրի Սարգսյան |factor.am|

factor.am: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպեց ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Նա ասաց, որ հանդիպումներ են տեղի ունենալու ծնողների և վարչապետի միջև: «Այսօր վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ պետք է ստեղծվի միչգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով: Բացի այդ, վարչապետն ինձ հանձնարարել է, որպեսզի ցուցակագրեմ և ձեզ հետ հենց վաղվանից հանդիպումներ կազմակերպենք։ Քանի որ թիվը մեծ է, միայն մեկ օրով չի, որ հանդիպումներ կլինեն, որպեսզի բոլորիդ հետ կարողանա հանդիպել»,- ասաց նա։ ՊՆ պաշտոնյան էլ հայտնեց, որ երեկ Մատաղիսից և Մարտունիից զինծառայողների մարմիններ են հանել, նա նաև հայտնեց, որ կան դեպքեր, երբ ողջ մնացած զինծառայողներ էլ են գտնվում, այդ մասին տեղեկացվում է նրանց ծնողներին։ Նա նշեց, որ վարչապետի որոշմամբ ավելի է ընդլայնվելու անհետ կորածների հարցերով զբաղվողների կազմը։
17:22 - 23 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է դառնա համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում ոչ թե որևէ օտար հարստահարիչի դեմ, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա նշեց, թե անցնող մոտ մեկ տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր են եղել, որոնց մասնակցել է նաև ինքը, սակայն, ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, վերջին 10 օրերը ցույց տվեցին, որ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր աթոռից, պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ Կառավարության շենքում: Ըստ Մանուկյանի՝ այն պահանջները, որոնք ներկայացվում էին հասարակության, քաղաքական ուժերի կողմից, գիտական շրջանակներից, հստակ էին՝ Փաշինյանը պետք է հեռանա: «Վարչապետը, որը գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ՝ ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ 2,5 տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, այլ երկրների հետ, որը պոռոտախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական անձի, նեղ շրջանակի մասին՝ կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, և, ի վերջո, մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնած վարչապետը օր առաջ պետք է գնա»,-ասաց Մանուկյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
13:54 - 23 նոյեմբերի, 2020
Վարչապետը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Վարչապետը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Այսօր վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
13:44 - 23 նոյեմբերի, 2020
Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար. կայացել է ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հանդիպումը

Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար. կայացել է ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն: Ես հրապարակել եմ «ճանապարհային քարտեզ», որին ծանոթ եք, այն քննարկել ենք իրար հետ և այստեղ մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը: Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ: Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այս հանդիպումներում ավելի կկոնկրետացնենք մեր անելիքները»: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական խնդիրներին, մեր կողմից բարձրացվող հարցերին ՀՀ կառավարության արձագանքման, դրանց օպերատիվ լուծում տալու համար, նաև շնորհակալություն հայտնել այն ծրագրերի համար, որոնք նախատեսվում են առաջիկա մի քանի օրերին: Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերն, այո, լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հայությանը, Հայաստանի Հանրապետության մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր այս մեկուկես ամսվա ընթացքում հյուրընկալել են արցախցիներին և նրանք որևէ տեսակի խնդիր չեն տեսել, չեն զգացել: Բայց հաշվի առնելով այն, որ եղանակներն ավելի են ցրտում ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, մենք ևս Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում ենք փոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև ՀՀ մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ունեցածը, հյուրանոցները կամ օբյեկտները տրամադրել են: Այստեղ անելիք շատ ունենք: Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները: Համոզված եմ, որ առաջիկայում ներդրումների արդյունքում սոցիալական խնդիրներ չեն լինելու և այն սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք նախանշված են, համատեղ ուժերով կարողանալու ենք իրականացնել»:
11:19 - 22 նոյեմբերի, 2020
Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում
 |24news.am|

Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում |24news.am|

24news.am: ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռ սբ. Էջմիածնում»: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։
10:15 - 22 նոյեմբերի, 2020
Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և  արհավիրքներ. Արծվիկ Մինասյան |tert.am|

Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և արհավիրքներ. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Առաջնային խնդիր է, որպեսզի նոր որակի իշխանությունը վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը, հակառակ այն բանի, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ. Ազատության  հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Ութ ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը ապահովվեց 8000 զոհ, 8000 հայ զոհվեցին ռազմաճակատում և կորոնավիրուսի հետևանքով և սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է: Թիվ մեկ մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ և կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ իշխանության գոյություն մեր երկրում»,- նշեց նա:
15:49 - 21 նոյեմբերի, 2020
Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զարուհի Բաթոյանին կատարած աշխատանքի համար և Մեսրոպ Առաքելյանին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, տնտեսական վիճակի հետ: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Քիչ առաջ պարոն Առաքելյանին ասում էի, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ տիկին Բաթոյանը և նախարարության թիմն այս աշխատանքում լիովին կաջակցեն նորանշանակ նախարարին: Սա բոլորիս խնդիրն է և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս խնդրի լուծման համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ուզում եմ աշխատակազմին հատուկ շնորհակալություն հայտնել 2020 թվականին համավարակի, ինչպես նաև պատերազմական դրության ընթացքում կատարած ծանրաբեռնված աշխատանքի համար: Բոլորս գիտենք, որ բոլոր խնդիրների դեպքում առաջին հերթին հետևանքները սոցիալական ոլորտին են բաժին ընկնում: Մենք 2020-ին նախատեսել էինք իրականացնել բազմաթիվ համակարգային փոփոխություններ, սակայն խնդիրները դրանք բավականին հետաձգեցին: Այնուամենայնիվ, կատարել ենք բավականին մեծ նախապատրաստական աշխատանք և ես հույս ունեմ, որ պարոն Առաքելյանի հետ համատեղ նաև այդ աշխատանքները կհասցնենք իրականացնել: Ես ինքնս որպես հավասար հնարավորությունների ջատագով և սոցիալական ոլորտի մարդ՝ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հաջողություն մաղթելով պարոն Առաքելյանին՝ նշեմ, որ պատրաստ եմ աջակցել նախարարության աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին և մշտապես նաև կապի մեջ լինել թե նախարարի, թե նախարարության մեր գործընկերների հետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը: Իր հերթին, նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Ինչպես նաև տիկին Բաթոյանը նշեց՝ այս տարին սոցիալական խնդիրների առումով ավելի ծանրաբեռնված էր և այդ մասով իրոք նախարարության գործառույթուներն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր: Այս պահին նույնպես կարևորում եմ այն խնդիրները, որ սոցիալական հատվածում առաջացել են և որոնք պետք է օր առաջ կարգավորվեն: Իմ և նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք: Վստահեցնում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք էական արդյունքներ կապահովենք, որպեսզի առկա իրավիճակը հնարավորինս մեղմենք, միևնույն ժամանակ չմոռանալով կառավարության ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել սոցիալական ոլորտում»,- ընդգծել է նորանշանակ նախարարը:
15:36 - 21 նոյեմբերի, 2020
Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Հարգելի Սերգեյ Վիկտորի, թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
14:22 - 21 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են: Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»: Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ: Մենք շահագրգռված ենք, որ, ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար: Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար: Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել: Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիորսւի դեմ պայքարարքում»: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:40 - 21 նոյեմբերի, 2020
Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության: Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ»: Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը: Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
11:27 - 21 նոյեմբերի, 2020
Կարևոր է, որ նախարարությունը զարգանա՝ նոր ի հայտ եկած մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին

Կարևոր է, որ նախարարությունը զարգանա՝ նոր ի հայտ եկած մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»: Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով: Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:
10:42 - 21 նոյեմբերի, 2020
Կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»: Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները: Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք սպայական կազմով, պահպանելով այն դրականը, ինչ որ ունեինք բանակում, կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»: Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բոլորին հաջողություններ է մաղթել:
10:25 - 21 նոյեմբերի, 2020