Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները: Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։ Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։ Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:32 - 02 սեպտեմբերի, 2023
Գերագույն հոգևոր խորհուրդը Արցախի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը Արցախի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։ Խիստ մտահոգությամբ արձանագրվեց, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայն ձգտում են բռնազավթել Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախի ամբողջական շրջափակմանը և արցախահայության նկատմամբ դրսևորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետևանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ներկայացվեցին նաև ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ույուրացմանը։ Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։ Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության արարողությունների կազմակերպման ընթացքի, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգության, ներքին հարդարման և շրջակայքի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Արձանագրվեց, որ 2023թ. հոկտեմբերի 1-ին Մյուռոնօրհնեքի արարողությանն իրենց մասնակցությունը կբերեն Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից բարձրաստիճան հոգևոր հայրերև հավատացյալ ուխտավորներ։ Մյուռոնօրհնության արարողության շրջանակներում սեպտեմբերի 30-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա «Խաղաղության աղոթք» միջեկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսաց ձեռնադրություն։ Մյուռոնօրհնության տոնական արարողության կազմակերպման աշխատանքների հետ առնչված խոսվեց Տաճարի շրջակայքի բարեկարգման ընթացքի մասին։ Արձանագրվեց, որ մինչ Մյուռոնօրհնեք Մար Աթոռ Սուրբ Էջմիածինը շինարարների ներդրած ջանքերի արդյունքում պատշաճ բարեզարդությամբ կներկայանա ուխտավոր հայորդիներին։ Ժողովի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։ ԳՀԽ-ը կարևորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը և այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև եկեղեցա-վարչական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:
20:11 - 01 սեպտեմբերի, 2023
«Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը». Գերագույն Հոգևոր Խորհուրդ

«Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը». Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:  Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը: Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել  ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով: Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը:  Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի: Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ  անհամարժեք։  Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի:  Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։  Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել  հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:  Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները:  Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. ամեն»:
16:23 - 01 սեպտեմբերի, 2023
Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորալան ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Վեհափառի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու դաստիարակել են ազգի, հայրենիքի ու Եկեղեցու արժանավոր զավակներ, ամրապնդել նրանց աստվածասիրությունը, հայրենանվիրումն ու ազգային ինքնագիտակցությունը։ Այսօր մեր պետության ու ազգի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի, ինչպես մեծանուն պատմիչն է վկայում, «բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»: Աղոթում ենք, որ Տերը աննվազ եռանդ ու կորով շնորհի կրթության ասպարեզում իրենց ծառայությունը բերող բոլոր նվիրյալներին և լուսավորի միտքը աշակերտ և ուսանող մեր զավակների՝ նախանձախնդրությամբ գիտելիք ամբարելու և այն ծառայեցնելու մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր ապագայի կերտմանը։ Թող Տիրոջ օրհնությամբ այս նոր ուսումնական տարին բարեզարդվի բարի արգասիքներով՝ ի զորացումն մեր հայրենիքի և մեր ժողովրդի»։
10:45 - 01 սեպտեմբերի, 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում եւ Արցախում ստեղծված կացության,  Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության եւ Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։ Քննարկման առարկա կդառնան նաեւ եկեղեցա-վարչական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր: Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առեւանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսեւորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։
21:02 - 28 օգոստոսի, 2023
Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր կեսգիշերից հետո Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կաթողիկոսի ցավակցական ուղերձը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,- նշված է Գարեգին Բ-ի ցավակցական ուղերձում։ Վեհափառը ապաքինում է մաղթել վիրավորներին և բոլոր տուժածներին: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
14:00 - 14 օգոստոսի, 2023
Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ստեփանակերտ Մեծարգո Պրն. Իշխանյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի: Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով  խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ: Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»
12:05 - 09 օգոստոսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը ողջունեց դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին և երկու երկրների ներկայիս համագործակցությանը: Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձրորեն գնահատեց հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի նկատեց նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։ Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
09:19 - 08 օգոստոսի, 2023
Կոչ ենք ուղղում ՄԱԿ ԱԽ պետությունների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին․ Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ

Կոչ ենք ուղղում ՄԱԿ ԱԽ պետությունների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին․ Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ

Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Այս մասին հայտարարություն են տարածել Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։   «Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան ցավալի դեպքերի մասին: Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել նաև ահաբեկչական այնպիսի գործողություններ, որոնք էթնիկական զտումների նպատակով Արցախի ժողովրդի շրջանում միտված են մշտական վախի, հուսահատության, անապահովության զգացումներ և Հայրենիքը լքելու տրամադրություններ առաջացնելուն:   Հակամարդկային նմանօրինակ գործելաոճի հերթական դրսևորումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանի իշխանությունները Բերձորի միջանցքից առևանգեցին Կարմիր Խաչի անմիջական հովանավորության ներքո Արցախից Հայաստան փոխադրվող, առողջական ծանր խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանին՝ կոպտորեն ոտնահարելով Կարմիր խաչի անձեռնմխելիությունը, հեղինակությունն ու մարդասիրական առաքելությունը։   Մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող թշնամական այսօրինակ գործողությունները ոճրագործություն են ոչ միայն Արցախի հայության նկատմամբ, այլև բացահայտ մարտահրավեր՝ ուղղված քաղաքակիրթ ողջ աշխարհին և միջազգային իրավասու կազմակերպություններին: Կոչ ենք ուղղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետությունների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգելու և կյանքի կոչելու Միջազգային արդարադատության դատարանի ս.թ. փետրվարի 22-ի միջանկյալ և հուլիսի 6-ի եզրափակիչ որոշումները, պարտադրելով հրաժարվել բիրտ ուժի և ցեղասպան գործողությունների միջոցով խնդիրները կարգավորելու գործելաոճից: Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման կամ նրա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքների ոտնահարման: Խորապես մտահոգված Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով՝ կոչ ենք անում գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի։ Արցախը և արցախահայությունը կյանք ու ապագա չունեն ցեղասպանությունը պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի կազմում։ Հորդոր ենք ուղղում մեր սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ողջ դասին, որպեսզի ազգային-եկեղեցական կառույցների իրավասու ներկայացուցիչների հետ ձեռնամուխ լինեն իրենց երկրների պետական, եկեղեցական, դիվանագիտական, հասարակական և լրատվական շրջանակներում ներկայացնելու ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր կացությունը՝ հասնելու համար Արցախի մեր ժողովրդի կենսական իրավունքների իրագործմանը և անվտանգ կյանքի ապահովմանը: Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին՝ հնարավոր բոլոր միջոցներով և ճանապարհներով միանալ Արցախի փրկության սրբազան գործին: Աղոթում ենք Արցախի մեր ժողովրդի համար և հայցում Տիրոջ պահպանությունն ու զորակցությունը Արցախի մեր քույրերին ու եղբայրներին՝ ոգով աննկուն մնալու և վճռականությամբ ու միաբանությամբ հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը և ծառացած հիմնախնդիրները։ Թող Երկնավոր Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի համայն մեր ժողովրդի ջանքերը հանուն Արցախի և Հայաստանի բարօրության. Ամեն»,- ասվում է հայտարարության մեջ:
19:46 - 03 օգոստոսի, 2023
Հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ջանքերի՝ Բաքվի ագրեսիան ստանում է նոր ծավալներ. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ջանքերի՝ Բաքվի ագրեսիան ստանում է նոր ծավալներ. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել Արցախում տիրող ծանր կացությանն առնչվող հայտարարությամբ՝ խորապես մտահոգիչ  համարելով, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ: Ստեղծված ծանր կացության մեջ, երբ Արցախի ժողովուրդը զրկված է անհրաժեշտ սննդի, դեղորայքի և կենսական պարագաների մատակարարումներից և բախվում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում: Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային և թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի և հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն: Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսևորել վճռականություն և մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։ Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս՝ աննվազ հետևողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի և նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի: Թող Աստված օրհնի Հայաստան և Արցախ մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. ամեն»:
21:08 - 14 հուլիսի, 2023
ՀՀ նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին

ՀՀ նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին:Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են:  «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունները, որոնք իրենց երկարամյա պատմությունն ունեն և վերընթաց զարգանում են: Այդ հարաբերությունները հիմնված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են քրիստոնեական արժեքները, խաղաղությունը, արդարությունը, մարդու իրավունքները:Մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու մեր հանձնառությանը, և գնում ենք այդ ուղով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի և Սրբազան Քահանայապետի ջանքերի, հորդորների և աղոթքների համար՝ ուղղված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:Իհարկե, մեր հարաբերությունների զարգացման գործում քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները մեծ նշանակություն ունեն և բազմաթիվ փոխայցելությունները հանգեցրել են նրան, որ մենք հաստատել ենք բարձր մակարդակի երկխոսություն: Համոզված եմ՝ Ձեր այցելությունը ևս իր նպաստը կբերի մեր հարաբերությունների խորացման գործում»,- իր ողջունի խոսքում ասել է նախագահը:Կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հյուրընկալության և ջերմ խոսքերի համար:  «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել: Իմ այս երկօրյա այցելության մեկնարկը տրվեց այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելությամբ՝ զոհերի հիշատակը հարգելով: Ես կարողացա խորացնել (անշուշտ, նախապես քաջատեղյակ էի) պատմական տեղեկությունները, որոնք վերաբերել են հայ ժողովրդին բաժին հասած այդ ողբերգությանը: Ես նույնպես կցանկանայի ընդգծել այն գերազանց հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև: Ճիշտ նկատեցիք փոխայցելությունները բազմաթիվ են, և սա նշան է, որ առկա են լավ հարաբերություններ, ինչպես նաև ձգտում դրանք ավելի խորացնել ու զարգացնել»,- նշել է Սուրբ Աթոռի պետքարտուղարը:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փաստացի մեկուսացումը ստեղծել է հումանիտար ճգնաժամ, որը ուղեկցվում է գազամատակարարման, էլեկտրականության և հեռահաղորդակցության արգելափակումներով։Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը:
18:15 - 12 հուլիսի, 2023
Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանն ի դեմս պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նիդերլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակին, ինչպես նաև հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի գործադրումը ադրբեջանական ագրեսիայի կանխման և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց ԵԽ նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։ Պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը, դատապարտելով Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու Հայասատանի ու Արցախի անվտանգության և հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման հարցում։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։
19:46 - 21 հունիսի, 2023
Միաբանական համագումարը հորդորներ է ուղղել իշխանություններին

Միաբանական համագումարը հորդորներ է ուղղել իշխանություններին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի հունիսի 5–11-ը՝ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում, համայն հայության հոգևոր կենտրոնում կայացավ «Սուրբ Էջմիածինը որպես առաքելություն» խորագրով միաբանական համագումար: Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ): Ներկա էին նաև միաբաններ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից: Միաբան հայրերը աղոթքի համախմբությամբ մասնակցեցին տոնական շաբաթվա սուրբ պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Ս. Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:Ժողովական օրերին բանախոսությամբ հանդես եկան Տ. Վազգեն արք. Միրզախանյանը (թեմա՝ «Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի»), Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը (թեմա՝ «Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում») և Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը (թեմա՝ «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ»): Թեմաների առնչությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովի մասնակից միաբան հայրերը մեկնեցին նաև Տավուշի և Գեղարքունիքի թեմերի սահմանամերձ համայնքներ՝ հովվական այցելություններ կատարելով, օրհնություն և Աստծո խոսքով մխիթարություն բաշխելով Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին: Հավարտ համագումարի ընտրվեց միաբանական հաջորդ ժողովի դիվանի կազմը: Համագումարի ընթացքում առանձնակի մտահոգությամբ անդրադարձ եղավ Հայաստանում և Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին: Այս առնչությամբ միաբան հայրերը հանդես եկան հետևյալ հայտարարությամբ: «Միաբանական համագումարի մասնակիցներս, առաջնորդված ազգի ու հայրենիքի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և հայոց անկախ պետականության զորացման հրամայականով՝ կոչ ենք ուղղում համայն մեր ժողովրդին․ համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը։ Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը, քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա։ թոթափել հայրենիքի շուրջ ծավալվող ցավալի զարգացումների նկատմամբ անտարբերությունը և զերծ մնալ ներշնչվող անկարողության ու հարմարվողականության մտայնություններից, ամուր և աներեր պահել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը և ազգային ողջ ներուժն ի գործ դնել՝ ի խնդիր Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ծանր վիճակի մեջ գտնվող մեր հայրենիքի անվտանգության ապահովման։ Հորդորում ենք հայրենի իշխանություններին. նախանձախնդրորեն հետամուտ լինել արցախահայության՝ սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու աստվածատուր իրավունքի իրացմանը, նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը: հրաժարվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս մղելու որոշումից և նպաստել հայրենի դպրոցներում դրա արդյունավետ դասավանդմանը։Տիրավանդ սիրով հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով: Միակամ վճռականությամբ հայտնում ենք մեր հանձնառությունը՝ անելու կարելին հայրենիքում և սփյուռքի համայնքներում մեր ժողովրդի ներուժի համախմբման համար՝ ի նպաստ ազգային ու հայրենական կյանքը փոթորկող և հուզող խնդիրների հաղթահարման: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերն Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի, պահպանի և բարձրացնի ազգս հայոց՝ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»:
15:52 - 12 հունիսի, 2023
«Կարևորվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից»․ ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

«Կարևորվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից»․ ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Հայաստանում ու Արցախում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը։ Զեկույցներում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի շուրջ աղետալի զարգացումներին, մասնավորաբար շրջափակման հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։ Անհանգստությամբ անդրադարձ եղավ նաև երկրի ներսում գոյացած մարտահրավերներին, հասարակական անհամերաշխությանն ու բևեռացվածությանը։ ԳՀԽ-ն խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։ ԳՀԽ-ն իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում։ Ժողովականներն ընդգծեցին, որպետք է ամեն ջանք ի գործ դնել ժողովրդի միասնության ոգին զորացնելու և համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։ Արցախին ուղղված սոցիալական աջակցության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեր Հայրն ի մասնավորի ընդգծեց, որ Ամենյան Հայոց Հայրապետի հորդորով ու ջանքերով, Մայր Աթոռի աշխարհասփյուռ թեմերի գործուն մասնակցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախին տրամադրվել է 360 տոննա մարդասիրական օգնություն։ Տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական։ Ժողովականները, մտահոգությամբ անդրադառնալով ադրբեջանական շրջափակման հետևանքով շարունակվող հումանիտար ճգնաժամային իրավիճակին, ընգդծեցին սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայման անհրաժեշտությունը։ Հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման և կրթական հիմնախնդիրների մասին զեկուցեց Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ-ում Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առարկան ամբողջապես դուրս է բերվում կրթական ծրագրից։ Քննարկումների ընթացքում ԳՀԽ-ը, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի համարեց առարկայի դուրս բերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ։ Այս համատեքստում անդրադարձ եղավ հատկապես անչափահասների շրջանում բռնությամբ ուղեկցվող ծանր հանցագործությունների ու թմրամոլության ահագնացող աճին։ Կենսական համարվեց, որ իշխանությունները գործնական և արդյունավետ քայլեր իրականացնեն՝ պայքարելու հիշյալ երևույթների դեմ, ինչպես և հասարակության մեջ, հատկապես կրթական հաստատություններում արժևորելու հանուն հայրենիքի պայքարի ելած, մեր նահատակ հայորդիների սխրանքը, որպեսզի չտկարանա ազգի զավակների հայրենանվիրումի ոգին։ Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների, Մյուռոն օրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Քննարկումների արդյունքում ԳՀԽ-ը, հաշվի առնելով Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքների ծավալների ընդլայնման և ընթացող աշխատանքների ժամանակատարության հանգամանքները, որոշեց՝ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը հետաձգել մինչ հիմնանորոգման աշխատանքների ամբողջական ավարտը, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը կազմակերպել սույն թվականի հոկտեմբերի 1-ին, Եպիսկոպոսաց ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։ Ժողովում անդրադարձ եղավ նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության՝ երկարաժամկետ վարձակալության տրված կալվածքների խնդրին և արձանագրվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կապի մեջ է Պատրիարքարանի հետ և ի մոտո հետևում է ընթացող զարգացումներին։ Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր: Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։
14:48 - 10 հունիսի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023