ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
 |azatutyun.am|

Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի տիկնոջ նամակը՝ ուղղված ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավար Օդրի Ազուլեին։ Նամակում մասնավորապես ասվում է, թե Ալիևան «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»: Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2004 թվականին։ 58-ամյա Ալիևան Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր է, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Ամուսնու կողմից փոխնախագահ է նշանակվել 2017 թվականի փետրվարին։      
13:14 - 15 նոյեմբերի, 2022
ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը

ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մասնակցել են «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» զեկույցների նախապատրաստական հանդիպմանը

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության պահպանության կազմակերպության նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի մասնակից պետությունների ազգային պարբերական զեկույցների ներկայացման երրորդ շրջափուլի նախապատրաստական առցանց հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպումներին մասնակցել են նաև նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ)։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային պարբերական զեկույցի ձևաչափի լրացման մանրամասները, մեթոդները, ժամկետները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են զեկույցների մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ճանապարհները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հուշարձաններից ընդգրկված են Գեղարդավանք վանական համալիրը և Ազատ գետի հովիտը, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցը։ Հայաստանի համար պարբերական զեկույցի վերջնաժամկետը 2023 թ․ հուլիսի 31-ն է։
16:26 - 26 հոկտեմբերի, 2022
Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ միջազգային հանրության ներգրավվածությունը։ Այդ համատեքստում Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ անկախ տեխնիկական առաքելության ուղարկման նախաձեռնությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից առաքելության շարունակական խոչընդոտման առնչությամբ և արձանագրել, որ վերջինս մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության առաջարկը և զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ։ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հույս է հատնել, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ։ ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնություններին։
16:02 - 11 հոկտեմբերի, 2022
Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով ՀՀ միջազգային աջակցություն է ցուցաբերվել

Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով ՀՀ միջազգային աջակցություն է ցուցաբերվել

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով 2022 թվականին Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլ ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ: Ծրագրի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում իրականացվելու են տեղական բանահյուսության գույքագրման, դաշտային հետազոտական աշխատանքներ, ուսուցողական հանդիպումներ ժառանգության կրողների հետ՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ, Կապան, Շաղաթ, Թասիկ, Տեղ, Շինուհայր, Կարճևան, Լեհվազ համայնքներում, համագործակցություն Սյունիքի հայագիտական կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի հետ: Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստան կժամանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքը, որը վերապատրաստման դասընթաց կանցկացնի ծրագիրն իրականացնող խմբի համար՝ մասնագիտական խորհրդատվությամբ նպաստելով ծրագրի արդյունավետ կազմակերպմանը: Սյունիքում հավաքագրված և փաստաթղթավորված նյութերը կթվայնացվեն՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության տվյալների շտեմարան և կայք: Նշվում է, որ այս աշխատանքները համահունչ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային, «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:
17:17 - 22 սեպտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Մասնավորապես, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, որոնց թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում՝ պայմանավորված երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության և բարեկեցիկ ապագայի իրավունքից: Վտանգված է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ սովորողների, ուսուցիչների և հաստատությունների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի և կրթության իրավունքի կոպտագույն խախտումն անընդունելի է ցանկացած պարագայում և պետք է խստորեն դատապարտվի: Նամակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Օդրի Ազուլեին՝ խնդրելով արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր սպառնալիքին և դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը և կրթության իրավունքի, բռնի տեղահանված բնակչության իրավունքների, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրավունքների ապահովմանը։ Նամակին կցվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված հատուկ զեկույցը»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:58 - 20 սեպտեմբերի, 2022
Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
 |azatutyun.am|

Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում |azatutyun.am|

azatutyun.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԿ-ի մշակույթի գործակալությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի դիմումը Օդեսայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ ներառելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն երեկ Փարիզում հանդիպել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեկսանդր Տկաչենկոյի հետ, ինչից հետո հայտարարել է, որ Օդեսայի կարգավիճակի հարցը կքննարկվի հրատապ կարգով: Ենթադրվում է, որ Օդեսային կտրվի վտանգի տակ գտնվող օբյեկտի կարգավիճակ: Անցած շաբաթ ռուսական զինուժի հարվածներից հետո Օդեսայում փլուզվել էր Գեղարվեստական թանգարանի պատմական շենքի ապակե տանիքի մի մասը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են Կիևի և Լվովի պատմական կենտրոնները: Գործակալությունը քննարկում է նրանց կարգավիճակը ևս վտանգված դարձնելու հարցը:
10:54 - 31 օգոստոսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:
17:21 - 26 հուլիսի, 2022
Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում

Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ «Այն նվիրված էր Ռուսաստանի և աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։  Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի և «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։ Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացնելու պատիվը «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլինն էր, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը: Յակուտսկի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլի հայկական «Քոչարի» պարի կատարմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
13:40 - 12 հուլիսի, 2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդրադարձել է «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտին |hetq.am|

ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդրադարձել է «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտին |hetq.am|

hetq.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը, որը տեղի է ունեցել 2020 թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ.-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին: Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվանումով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  Ս. Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամիսին, նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն դեպի վանք և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից և արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի է ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենալու հուլիսի 28-30-ը։ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: 
12:29 - 07 հուլիսի, 2022
ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով լուրջ վտանգ է սպառնում նրանց մշակութային ժառանգությանը. ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին

ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով լուրջ վտանգ է սպառնում նրանց մշակութային ժառանգությանը. ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին

Հուլիսի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով միջազգային աջակցության տրամադրման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայոց հազարամյա պատմության հետքերը պահպանող այդ մարզի մշակութային ժառանգության պահպանումը։ Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել 2020 թ․ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքների առնչությամբ, որի ետևանքով Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ, այդ թվում՝ Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման։ ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծել է, որ բնակչության բռնի տեղահանման հետևանքով լուրջ վտանգ է սպառնում նաև նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը։ Ամփոփելով ելույթը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։
18:48 - 06 հուլիսի, 2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում վանդալիզմի դեպքերին. ՀՀ մշտական ներկայացուցիչ |armenpress.am|

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում վանդալիզմի դեպքերին. ՀՀ մշտական ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ համերգ-երեկո, որին, ի թիվս հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ երաժշտասերների, ներկա էին դեսպաններ, սենատորներ, պատգամավորներ, կրոնական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ անվանի անձինք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած համերգ-երեկոյի սկզբում բացման ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելով՝ Հայաստանն արտահայտել է իր մշակույթի ավանդը մարդկության ժառանգության մեջ։ Սակայն, այդ անդամակցությունը մենք պետք է նաև գնահատենք կազմակերպության գործունեությանը երկրի մասնակցությամբ։ Այս տարիների ընթացքում Հայաստանը լիովին ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրագործման և այն համամարդկային արժեքների տարածման գործում, որոնց երաշխավորն է հանդիսանում։ Մենք մտահոգությամբ ենք հետևում հակամարտային տարածաշրջաններում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին, 1998-2005թթ․ ընթացքում Նախիջևանի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերին։ Նույնիսկ այսօր, հակառակ գլխավոր տնօրենի ջանքերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է և ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող ավերածություններին և վանդալիզմի այլ դեպքերին։ Այո, պետք է ամեն ինչ անել վտանգված ժառանգությունը փրկելու համար»,- իր ելույթում նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն էլ իր հերթին արձանագրեց․ «Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորող վստահության և համերաշխության կապերն արժեքավոր են, և անդադար ամրապնդվող համագործակցությունը դրա վկայությունն է։ Երեք տասնամյակ Հայաստանը մեր կողքին հաստատակամորեն ներգրավված է ի շահ համամարդկային արժեքների և այնպիսի համընդհանուր արժեքների պաշտպանության, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, գիտությունը, հաղորդակցությունը և տեղեկատվությունը։ Հայաստանն ակտիվ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության շրջանակի բոլոր բնագավառներում։ Այդ սերտ համագործակցությունը նաև արտահայտվում է առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին Հայաստանի անդամակցությամբ՝ մինչև 2025թ․»։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է. «Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից: Լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակներում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը»: Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան ֆրանսահայ հանրահռչակ երաժիշտներ Անդրե Մանուկյանը և Պատրիկ Ֆիորին, ինչպես նաև՝ Հայաստանից ժամանած տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներ Անի Մելիքյանը, Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը։ Ելույթներին զուգահեռ ցուցադրվեց հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների շարք, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում, ինչպես նաև՝ «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում   ներառված մշակութային արժեքները և վայրերը։ Համերգ-երեկոն կայացավ ջերմ և անմիջական մթնոլորտում։
12:11 - 10 հունիսի, 2022
Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուտափույթ առաքելությունը կենսական է. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալին

Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուտափույթ առաքելությունը կենսական է. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալին

ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։    Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:   Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: Նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակույթի ոլորտում առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը։     «Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, կշարունակի նպաստել Կազմակերպության ռազմա­վարության ձևավորմանը և դրա արդյունավետ կյանքի կոչմանը: Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ առաջ մղելու համամարդկային արժեքները՝ խրախուսելով խաղաղության մշակույթը և ամրապնդելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը:   Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա համագործակցության համատեքստում անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին:   «Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախա­ձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական ​​առաքելություն ուղարկե­լու առնչությամբ և այս ընթացքում կառուցողական կերպով ներգրավված է եղել այդ առաքելության հնարավորինս արագ գործուղման գործընթացում։ Մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շա­հագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչ­պես նաև այ­ցելության ընթացքում հավասար թվաքանակով հայ­կական և ադրբեջանական մշակութային հուշար­ձաններ այցելելու պայմանի պահպանմամբ։ Ցավոք սրտի, մինչ օրս մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերին: Նման իրավիճակում առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կենսական»,- ասել  է Վահրամ Դումանյանը:   Ի պատասխան՝ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:   Նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է նաև, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զար­գացման համաշխարհային համաժողովից (MONDIACULT), որին վստահաբար հայկական կողմն իր մասնակցությունը կունենա։   «Հիրավի խորհրդանշական է, որ 40 տարվա ընդմիջումից հետո MONDIACULT-ը կրկին տեղի կունենա Մեխիկոյում։ Հավատացած ենք, որ այդ համաժողովը կընձեռի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերին, ինչի վերաբերյալ նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական՝ միասին հասնելով նոր արդյունքների:   Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Էռնեստո Օտտոնեին է նվիրել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հրատարակությամբ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագիրքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հրատարակված, և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած «Արցախի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը: Նախարարն այդ գրքերից մեկական օրինակ էլ խնդրել է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:   Նշենք, որ հոբելյանական միջոցառման կապակցությամբ հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի կունենա հոբելյանական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։
20:14 - 07 հունիսի, 2022
Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ,Ողջունում եմ ձեզ Հայաստանում և ձեր այցը մեր երկիր։ Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Լիտվա, որով մենք սկսեցինք շատ կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք այս այցը ծառայեցնել մեր երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Ձեզ մեր երկրում պաշտոնական այցով հյուրընկալելը շատ լավ նշան է, և կարող ենք ասել, որ մեր երկկողմ այցերն ու հարաբերությունները որոշակի դինամիկա են ստացել, որը մենք պետք է պահպանենք։ Շնորհակալ եմ մեզ այցելելու, աջակցելու և հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու պատրաստակամության համար: Կարծում եմ՝ մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին և միջազգային, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ և օրակարգ: Ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները և տեսակետները ընթացիկ իրավիճակի, մեր երկկողմ հարաբերությունների, միջազգային զարգացումների և, իհարկե, նաև մեր տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն և բարի գալուստ»: Լիտվայի նախագահն իր հերթին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար, որը ես զգացի բոլոր կառույցներում՝ սկսած նախագահական նստավայրից և հիմա Ձեզ մոտ՝ կառավարությունում։ Թեմաները, կարծում եմ, երկուսն են, որոնք շատ կարևոր են։ Մեկը, ինչպես Դուք նշեցիք, մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն են: Դուք հիշատակեցիք Ձեր այցը, որը շատ լավ եմ հիշում՝ նախորդ աշնանը Վիլնյուսում, և հիմա իմ խնդիրը, նպատակն է՝ նոր շունչ հաղորդել մեր հարաբերություններին տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում։ Սա է պատճառը, որ ես միայնակ չեմ եկել։ Ինձ հետ են ոչ միայն իմ խորհրդատուները, այլև իմ պատվիրակության մեջ նաև ներառված են տրանսպորտի և գյուղատնտեսության փոխնախարարները: Շատ կարևոր է գտնել շուկայում այն կետերը, որտեղ իսկապես կկարողանանք աշխատել, և կարծում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լիտվան անցում է կատարում ավելի բարձր ավելացված արժեք ունեցող տնտեսության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ կլինեն, օրինակ՝ կենսատեխնոլոգիաներ, ֆինանսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք մեր երկրում շատ արագ են զարգանում ու գնալով մեծ տոկոս են կազմում ՀՆԱ-ում»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիտվայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինչին ի պատասխան Գիտանաս Նաուսեդան վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ ժողովրդավարական ուղուն և կառավարության բարեփոխումների օրակարգին: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը տնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային ոլորտներում խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի ու զարգացումների շուրջ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին: Գիտանաս Նաուսեդան նշել է, որ խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, և Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար և նաև բարձր գնահատել ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են երկխոսության մթնոլորտի ձևավորմանը: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը և այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է ժողովրդավարության դերը անվտանգային մարտահրավերների սպասարկման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ոլորտային բարեփոխումների հաջողման, տնտեսական աճի ապահովման գործում: Լիտվայի նախագահը նշել է, որ իր երկիրն ունի կուտակած որոշակի փորձ և պատրաստ է կիսվել Հայաստանի հետ, փոխանակվել տեղեկատվությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ ՀՀ-ն կարևորում է զարգացման հաջող ընթացք ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը:
17:57 - 20 մայիսի, 2022
Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ: «Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը: Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը: Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:00 - 30 ապրիլի, 2022
Պղծվել է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան. Արարատ Միրզոյան

Պղծվել է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն Դարչիաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, ու ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և ուզում եմ փաստել, որ անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Մեր երկրների միջև առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու բազմոլորտ համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում: Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ։ Այս մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխադարձ այցելությունները, քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, որի հետագա ընդլայնման և նոր ուղղությունների ուրվագծման շուրջ գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել։ Հայաստանը մեծապես կարևորում է տարածշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայունությանը նվիրված հարցերի։  Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:  Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել  հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության  խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ  է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան։ Հարգելի՛ պարոն նախարար, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում։ Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև եղբայրական կապերը ամուր հիմք են ապահովում  համագործակցության առկա ձեռքբերումներն ամրապնդելու և  զարգացնելու համար: Շնորհակալություն»։
12:46 - 30 ապրիլի, 2022