Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան
16:00 - 30 ապրիլի, 2022

Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը:

Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:

Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել