ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /այսուհետ` ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժեւորող անհատների:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, գրանցվել է 2001 թվականին եւ վերագրանցվել է 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Կազմակերպությունն ունի ներկայացուցչություն Երեւան քաղաքում: Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ինչպես Լոռու մարզը, այնպես էլ հանրապետության ողջ տարածքը:

Դպրոցի տնօրենը հետապնդում է ուսուցչուհուն՝ ոստիկանների ներգրավմամբ |hcav.am|

Դպրոցի տնօրենը հետապնդում է ուսուցչուհուն՝ ոստիկանների ներգրավմամբ |hcav.am|

hcav.am: Դատարանը հակաօրինական է ճանաչել տնօրենի որոշումները  2019 թվականի  նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Հաղարծին համայնքի դպրոցի տեխնոլոգիա առարկայի ուսուցչուհի Լ.Մ-ն, ի զարմանս իրեն, դպրոցի հայտարարությունների պատին փակցված փաստաթղթում կարդում է հետևյալ բովանդակությամբ  գրառում. «2019 թ. հոկտեմբերի 25-ին , խախտելով Հաղարծինի միջնակարգ դպրոցի ներքին կարգապահական կանոնները, առանց թույլտվության, աշխատանքի ժամին աշխատավայրը լքելու պատճառով տեխնոլոգիայի ուսուցչուհի Լ. Մ.-ին հայտարարել նկատողություն»: 2019 թվականին ՀՔԱՎ գրասենյակի իրավախորհրդատու Սոֆյա Պետրոսյանի աջակցությամբ  Լ. Մ.-ը հայց է ներկայացնում դատարան՝ ընդդեմ դպրոցի տնօրենի՝ պահանջով անվավեր ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին նրա հրամանը: 2020 թ. մարտի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Կուրեխյանի նախագահությամբ, բավարարում է Լ. Մ.-ի քաղաքացիական հայցը: Հաղարծինի դպրոցի տնօրենը հայցադիմումի` իր պատասխանում մասնավորապես նշում է, որ Լ.Մ.-ն, իրեն շրջանցել է, դիմել  փոխտնօրենին՝ ժամանակից շուտ աշխատավայրից գնալու խնդրանքով, անտեսելով պատճառաբանությունը, որ նա նման հարցերով իրավասու չէ: Լ.Մ.-ն ինքնակամ գնացել է՝ պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չի եղել, այնինչ այդ պահին ինքը համակարգչային օպերատորի հետ մարզպետարան փաստաթղթեր ուղարկելիս է եղել:  Լ.Մ.-ն կարող էր նաև զանգով հարցնել թույլտվություն, ինչը ևս չի արել: Փոխտնօրենը հեռախոսով Լ.Մ.-ին տեղեկացրել է իր արարքի մասին բացատրագիր ներկայացնելու պահանջի մասին, ինչը, Լ.Մ.-ը չի արել: Հաջորդ օրը, Լ.Մ.-ը մի խումբ ուսուցիչների ներկայությամբ այդ իրավական ակտի վրա փակցրել է ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ)՝ այդպիսով անհարգալից ու արհամարական վերաբերմունք ցուցաբերելով  փաստաթղթի նկատմամբ:  Ղեկավարվելով օրենքի պահանջներով և դպրոցի ներքին կարգապահական կանոններով` տնօրենը նրա նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով, ինչի մասին հրամանը փակցվել է ուսուցչանոցի տեսանելի վայրում: Տնօրենի այս պատասխանին անմիջապես հաջորդել է Լ.Մ.-ի առարկությունը, որով նա  դատարանին տեղեկացրել է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ տնօրենն իրենից կարգի խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջել, հետևաբար` իր հանդեպ  կարգապահական տույժն անհիմն է կիրառվել: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին ինքը փաստացի տեղեկացել է հայտարարությունների պատից, ինչը նշանակում է, որ զրկված է եղել բացատրություն ներկայացնելու իր իրավունքից:  Դատաքննության ընթացքում Լ.Մ.-ն պնդել է իր հիմնավորումները: Հիվանդ ծնողին խնամելու նպատակով աշխատանքից վաղ հեռանալու  և Դիլիջան գնալու թույլտվություն ստացել է փոխտնօրենից, որովհետև տնօրենն ու ուսումնական աշխատանքի գծով տեղակալն այդ պահին դպրոցում չեն եղել: Հաշվի առնելով այն, որ տնօրենի բացակայության դեպքում իրեն փոխարինում են տեղակալները, Լ.Մ.-ն բացակայելու թույլտվություն է խնդրել և ստացել տնօրենի մյուս տեղակալից, ուստի` անհիմն է կարգապահական տույժի կիրառումը: Հիմք ընդունելով այս ամենը՝ նա խնդրել է դատարանին անվավեր ճանաչել կարգապահական տույժի մասին տնօրենի հրամանը: Տնօրենն առարկել է հայցի դեմ ամբողջությամբ՝ նշելով, որ Լ.Մ.-ը խախտել է դպրոցի ներքին կարգապահական կանոնները և չի գրել բացատրություն:Դատարանի համար ուշագրավ է եղել այն փաստը, որ փոխտնօրենն իր ցուցմունքներում նշել է, որ զանգահարել է Լ.Մ.-ին՝ բացատրություն գրելու հարցով, բայց որևէ ժամկետ չի նշել՝ այդ գործողության համար։ Լսելով կողմերին և գնահատելով գործով ապացույցները՝ դատարանն իր եզրահանգումներն է արել. տեղի են ունեցել աշխատանքային օրենսդրության խախտումներ: Այսպես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, 221-րդ հոդվածով՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով էլ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը. /.../ խիստ նկատողություն, ընդ որում, օրենսգրքի 226-րդ հոդվածն էլ սահմանում է, որ  մինչ կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն պետք է աշխատողից  գրավոր  պահանջի  խախտման  մասին  գրավոր  բացատրություն՝  տրամադրելով ողջամիտ ժամկետ:Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց դրա: Օրենքը հստակ սահմանել է նաև բացատրություն տալու համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրելու գործատուի պարտականության մասին, որն, ի դեպ, վերապահված է գործատուին, այսինքն նա է սահմանում այն ողջամիտ ժամկետը, որը բավարար է աշխատողին՝ բացատրություն ներկայացնելու: Դա երաշխավորում է հստակ ժամկետում աշխատողի իրավունքի իրացման հնարավորությունը, միաժամանակ նաև ժամկետային սահմանափակում ենթադրում աշխատողի համար, ինչը նշանակում, է որ աշխատողը պետք է վստահ լինի, որ մինչև այդ ժամկետի լրանալն իր նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվի և գիտակցի, որ սահմանված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում՝ այն կարող է կիրառվել նաև առանց բացատրության: Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում չեն պահպանվել օրենքի վերոհիշյալ կետերը:   Լ.Մ.-ից բացատրություն պահանջելու՝ դպրոցի տնօրենի գրության մեջ բացատրություն ներկայացնելու հստակ ժամկետ նշված չէ:Նման պայմաններում դատարանն արդարացի է համարել Լ.Մ.-ի այն փաստարկը, որ չունենալով գրավոր բացատրության համար ժամկետային սահմանափակումներ, զրկվել է նման բացատրություն ներկայացնելու հնարավորությունից, իսկ երբ ցանկացել է ներկայացնել այն, կարգապահական տույժը՝ խիստ նկատողության ձևով արդեն իսկ կիրառված է եղել: Այս ամենից դատարանը եզրահանգել է, որ Լ.Մ․-ի նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է օրենքի խախտմամբ. գործատուն նրան չի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ գրավոր բացատրություն ներկայացնելու համար՝ խախտելով ՀՀ ԱՕ-ի 226-րդ հոդվածը և վճռել անվավեր ճանաչել Լ.Մ.-ին կարգապահական տույժի ենթարկելու՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենի հրամանը: Լ.Մ․-ն դատական կարգով վիճարկել է նաև Հաղարծինի միջնակարգ  դպրոցի տնօրենի  2019 թվականի նոյեմբերի 4-ի հրամանը՝ իր նկատմամբ խիստ նկատողություն՝ կարգապահական տույժ կիրառելու մասին այն բանի համար, որ Լ.Մ.-ն այդ հրամանի վրա ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ) էր փակցրել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ա․ Կուրեխյանի նախագահությամբ 2020 թ. մարտի 13-ի վճռով բավարավել էր այս հայցը նույնպես։ Հավելենք, որ Լ.Մ.-ի հետ տեղի ունեցած միջադեպն այսքանով չի ավարտվում: Նա ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել է, որ 2019 թ. նոյեմբերի 14-ին Հաղարծինի միջնակարգ դպրոց է այցելել Տավուշի մարզի ոստիկանապետը՝ մի խումբ ենթակաների հետ՝ հանդիպելու և «դաստիարակչական աշխատանքներ տանելու» այն ուսուցիչների հետ, ովքեր հանդգնել են բարձրաձայնել  իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի մասին՝ իրավասու ատյաններին: Ոստիկանները, մասնավորապես, անդրադարձել են դպրոցում արձանագրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերին ու նախատինքի խոսքեր ասել  բոլոր այն ուսուցիչներին, ովքեր փորձել են տեր կանգնել իրենց աշխատանքային իրավունքներին և բարձրաձայնել են այդ մասին:Հաղարծինի դպրոցի տնօրենն այդ հանդիպման ընթացքում չի շրջանցել Լ.Մ.-ին կարգապահական տույժ հայտարարելու և այդ փաստաթղթի վրա սմայլիկ փակցնելու՝ Լ.Մ-ի արարքի մասին թեման, ինչին ի պատասխան՝ Տավուշի մարզի ոստիկանապետն ասել է. «Թարգեք, թարգեք, արդեն 2 տարի է սա եփում է, հիմա արդեն եռում է, եռալու ընթացք է, թարգեք, թե չէ տխուր կլինի մի երկու հոգու համար», ինչից Լ.Մ.-ն սպառնալիք է զգացել՝ ենթադրելով, որ մարզի ոստիկանապետի այցն ի պաշտպանություն տնօրենի է և իրեն սաստելու նպատակ ունի: Այս միջադեպի մասին 2019 թ.-ին ՀՔԱՎ գրասենյակը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ խնդրելով իրականացնել ծառայողական  քննություն և իրավախախտում կատարած անձանց ենթարկել պատասխանատվության: Գրությանը Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից պատասխանել են, որ ուսումնասիրելով միջադեպի հանգամանքները, պարզել են, որ ոստիկանության աշխատողները կարգապահական բնույթի որևէ խախտում թույլ չեն տվել, հետևաբար՝  նպատակահարմար չէ ծառայողական քննություն հարուցելն ու ծառայողական քննություն անցկացնելը:  ՀՔԱՎ գրասենյակը, ոչ պատշաճ համարելով սույն գործով ոստիկանության ձեռնարկած գործողությունները, 2020 թ. մարտի 9-ին նոր գրությամբ է դիմել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ հանցագործության մասին հաղորդում տված ուսուցիչների նկատմամբ հետապնդում իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին, սույն դեպքի առիթով հարուցել ծառայողական քննություն և պատասխանատվության ենթարկել իրավախախտ պաշտոնատար անձանց: ՀՔԱՎ գրասենյակը միաժամանակ չի զլացել գրությամբ տեղեկացնել Ա. Սարգսյանին, որ դպրոցների ներսում միջանձնային հարաբերությունները կարգավորելու իրավասություն ոստիկանության ներկայացուցիչները չունեն:  Համաձայն «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների՝ դպրոցների լիազոր մարմինները մարզպետարաններն են, հետևաբար՝ նրանք են իրավասու՝ ապահովելու դպրոցների բնականոն ու պատշաճ գործունեությունը, մինչդեռ Լ.Մ․-ի հայտնած տեղեկություններից ակնհայտ է, որ Տավուշի մարզի ոստիկանապետն, այցելելով դպրոց, իրեն վերապահել է հանրակրթական դպրոցի լիազոր մարմնի իրավասություններ և հորդորել ուսուցիչներին վերջ դնել դպրոցում տիրող լարված մթնոլորտին: Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից ակնկալում է քննության առնել գրության մեջ նշված հանգամանքները, նշանակել ծառողական քննություն ու պատասխանատվության ենթարկել իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված ՀՔԱՎ գրասենյակի մարտի 9-ի գրությանը 2020 թ. մարտի 17-ին դարձյալ նույնաբովանդակ գրությամբ պատասխանել են  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից՝ նշելով որ, արդեն իսկ իրականացված ուսումնասիրությամբ դպրոցի անձնակազմի նկատմամբ «դաստիարակչական աշխատանքների անցկացման» հանգամանքներ փաստող տվյալներ ձեռք չեն բերվել: Տավուշի մարզի ոստիկանապետն իր ենթակաների հետ դպրոց է այցելել բարձրդասարանցիների հետ թրաֆիքինգի և այլ հանցագործությունների կանխարգելման շուրջ զրուցելու, ինչպես նաև ուսուցչական կազմի  հետ հանդիպման նպատակով: Ոստիկանության աշխատողները ուսուցիչների հետ զրուցելիս թույլ չեն տրվել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների կամ կարգապահական որևէ խախտում, ուստի՝ ծառայողական քննություն հարուցելու հիմքեր չկան:
10:15 - 07 ապրիլի, 2020
Կոչ ենք անում անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ

Կոչ ենք անում անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է․ «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում: Ելնելով ստեղծված իրավիճակում հանրության իրազեկված լինելու, ճշգրիտ, վստահելի և բազմակողմանի տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին: Ինչպես և նախորդ հայտարարությունում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` աջակցելու հանրության իրազեկումը պատշաճ կազմակերպելուն միտված ցանկացած հարցում»: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
16:30 - 27 մարտի, 2020
Արտակարգ իրավիճակում գործատուն պարտավո՞ր է վճարել աշխատողին պարապուրդի ժամանակահատվածում |hcav.am|

Արտակարգ իրավիճակում գործատուն պարտավո՞ր է վճարել աշխատողին պարապուրդի ժամանակահատվածում |hcav.am|

hcav.am: Այս օրերին հաճախ տրվող հարցերից է, թե արդյոք արտակարգ իրավիճակում գործատուն պարտավո՞ր է վճարել աշխատողին պարապուրդի ժամանակահատվածում։Պատասխան․ ✅Ինչ կարգավորումներ ունի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի դեպքում, երբ գործատուն չի կարողանում ապահովել աշխատողի՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, իրավունք ունի աշխատողին նրա համաձայնությամբ տեղափոխելու նրան համապատասխանող այլ աշխատանքի։ 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն իրավիճակում աշխատողին չի առաջարկվում համապատասխան աշխատանք, գործատուն պարտավոր է աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում»: ✅Ինչ խնդիր է առաջանում ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չեն արտակարգ դրությամբ պայմանավորված հատուկ դեպքերի կարգավորումներ, ինչի արդյունքում աշխատողներն առաջնորդովում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով և գործատուից պահանջում պարապուրդի համար նախատեսված վարձատրությունը, իսկ որոշ գործատուներ առաջնորդվում  են  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և չեն վճարում աշխատողներին։ ✅Ինչ լուծում է առաջարկում Կառավարությունը Ստեղծված իրավիճակում տարբեր մոտեցումներից խուսափելու և աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ Կառավարությունն իրականացնում է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է արտակարգ դրության պայմաններում ստեղծված հատուկ դեպքերին։ Մասնավորապես, նախատեսվում է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքները շարունակել, այդ թվում՝ հեռավար եղանակով, աշխատողին պետք է վճարի չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է։ Հեռավար եղանակով աշխատողները չեն համարվում պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է։ ✅Ում վրա է տարածվելու օրենքը ընդունվելուց հետո Կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա՝ սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն: Ինչ տեղի կունենա, երբ գործատուն չվճարի աշխատավարձը կամ վճարի օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտմամբ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված կարգով գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին կվճարի տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան՝ վճարման ենթակա գումարի չափը: ✅Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել Ձեզ հասանելի աշխատավարձը։ Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:  Ի դեպ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ  հոդվածի 3-րդ մասի համաձայն աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով հայցային վաղեմություն չի կիրառվում։ Հավելենք, որ  աշխատավարձի և դրան հավասարեցված գումարների վերաբերյալ հայցերով հայցվորները ազատված են նաև պետական տուրքի վճարումից՝ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի։ 👉 Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով՝ Սոֆյա Պետրոսյան️077-930-579 (նաև viber, signal)📩 [email protected] Սամսոն Գալստյան️041102324📩 [email protected]  
20:27 - 26 մարտի, 2020
Դատարանը մեղավոր է ճանաչել ոչ պատշաճ բուժզննության ենթարկված ու զինծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկին՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար |hcav.am|

Դատարանը մեղավոր է ճանաչել ոչ պատշաճ բուժզննության ենթարկված ու զինծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկին՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար |hcav.am|

hcav.am: Զորակոչիկ Ա. Դ.-ի իրավունքների խախտմամբ կայացված դատավճիռը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան 2016 թվականից ՀՔԱՎ գրասենյակն զբաղվում է վանաձորցի Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությամբ, ով, չնայած առողջական խնդիրներին, ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով: Համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը՝ Ա.Դ.-ը չի մեկնել զինծառայության: 2016 թ. սեպտեմբերին նրա նկատմամբ հարուցվել  է քրեական գործ: Իրավական աջակցության նպատակով նա դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  Ա. Դ.-ի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապաև Հայկ Հակոբյանը, գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզել  են, որ 2016 թ. զորակոչի ժամանակ Ա․Դ.-ը առողջական վիճակի պատշաճ ու համալիր հետազոտություններ չի անցել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ քաղաքացին  չհամաձայնի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման հետ ու չմեկնի զինծառայության։  2020 թվականի փետրվարի 7 –ին Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, կայացրել է վճիռ՝ մեղավոր ճանաչելով  Ա. Դ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը…1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)  նախատեսված  հանցագործության կատարման մեջ և դատապարտել  ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան՝ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն (Պատիժը պայմանականորեն չկիրառելը): Ա. Դ.-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության՝ զորակոչիկի բնակության վայրի համապատասխան ստորաբաժանման վրա, միաժամանակ կիրառվել խափանման միջոց՝  ստորագրություն չհեռանալու մասին:  ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը 2020 թ. մարտի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. փետրվարի 7-ի դատավճիռն ու արդարացնել Ա.Դ -ին՝ նրան մեղսագրված արարքում՝ հանցակազմի բացակայության հիմքով:  Հ. Հակոբյանը գտնում է, որ  Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը  կայացրել է չհիմնավորված վճիռ՝ թույլ տալով դատական սխալ՝ նյութական ու դատավարական իրավունքի խախտում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմինը գործով մի շարք կարևոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ չի իրականացրել պատշաճ քննություն, չի պարզել՝ որքանո՞վ են իրավաչափ եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործողությունները:   Ա.Դ-ի գործով նշանակված և անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ նա զինծառայությանը պիտանի չէ: 2018-ին նշանակված փորձաքննության արդյունքներով, կան բավարար հիմքեր պնդելու, որ 2016 թ.-ի ամառային զորակոչին ևս, Ա.Դ-ը պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինծառայությանը, այնինչ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:  Հայկ Հակոբյանի այս  պնդման հիմքում մի շարք անհերքելի փաստեր կան: Թե՛ 2018թ.-ի, թե՛ 2016թ.-ի ամառային զորակոչերի ժամանակ Ա.Դ.-ն ողնաշարի գոտկասրբանային հատվածի հետ կապված ունեցել է նույն բողոք-գանգատները, ավելին՝ 2016թ.-ի զորակոչից հետո նրա առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չի նկատվել, նա որևէ բժշկական միջամտության չի ենթարկվել, չի ստացել բուժում, մինչդեռ, եթե 2016թ.-ին անցներ ողնաշարի գոտկասրբանային հատվածի ՄՌՏ հետազոտություն, հենց միայն այդ արդյունքներով  կճանաչվեր ոչ պիտանի զինծառայությանը: Ստացվում է, որ դեռ 2016թ.-ին չի իրականացվել նրա առողջական վիճակի պատշաճ բուժզննություն:Բացի այս, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը վերաքննիչ բողոքում նաև համոզմունք է հայտնել,  որ մինչ անձի արարքում զինծառայությունից խուսափելու հատկանիշների առկայության կամ բացակայության մասին դատողություն անելն, անհրաժեշտ է ժխտել կամ հաստատել նրա մոտ ժամկետային զինծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմք(եր)ի  առկայությունը կամ բացակայությունը:  Ա.Դ.-ի դեպքում հաստատվել է ժամկետային զինծառայութունից ազատվելու՝ օրենքով սահմանված հիմքը, այն է՝ առողջական վիճակ, որի պատճառով ոչ պիտանի է ճանաչվել զինծառայությանը: Նախաքննության և դատաքննության ընթացքում, Ա.Դ.-ն իր ցուցմունքներում մշտապես հավաստել է, որ չի հրաժարվում պարտադիր զինծառայությունից, բայցև համաձայն չէ ԿԲՀ-ի որոշման հետ, որով ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով: Ընդ որում Ա. Դ.-ի անհամաձայնությունը եղել է հիմնավոր: ԿԲՀ-ը 2016թ.-ի զորակոչի ընթացքում չի իրականացրել Ա.Դ-ի առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններ, որոնք օբյեկտիվորեն կարտացոլեին նրա առողջական իրական վիճակը: ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը, Վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրել է հանգամանքին, որ քրեական պատասխանատվության միակ հիմքն այնպիսի արարք կատարելն է, որ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները՝ վկայակոչելով նման գործերով վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի վերաբերյալ, և ներկայացրել է բոլոր այն փաստերը, որոնք վկայում են Ա.Դ.-ի գործով հանցակազմի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ կողմերի ակնհայտ բացակայությունը: Ա.Դ-ն չի խուսափել զորակոչվելուց, մշտապես ներկայացել է զինկոմիսարիատ և պատրաստակամություն հայտնել զինծառայության մեկնելու. «Անվիճելի է, որ Ա.Դ-ը մշտապես ներկայացել է իր հաշվառման վայրի զինկոմիսարիատ, այնտեղից տրված ուղեգրերով անցել բազմաթիվ բուժհետազոտություններ: Անհերքելի է նաև այն, որ նա մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, մշտապես մասնակցել թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում նշանակված բոլոր դատաբժշկական փորձաքննություններին,  ներկա գտնվել բոլոր դատական նիստերին: Այս ամենն ակնհայտորեն վկայում են, որ Ա.Դ-ի գործում բացակայում է քննության առարկա հանցագործության օբյեկտիվ կողմը»,- ասում է Հայկ Հակոբյանը:Ինչ մնում է սուբյեկտիվ կողմին՝ Հակոբյանը հղում է արել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին, որով պարտադիր զինծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը: Այնինչ՝ այս գործով նախաքննական մարմինն ամբաստանյալի գործողություններին տվել է սխալ  քրեաիրավական որակում, դրա հետևանքով հանգել սխալ քրեաիրավական դիրքորոշման՝ արդյունքում Ա.Դ-ին առաջադրել անհիմն մեղադրանք: Դատարանն էլ վճիռ կայացնելիս՝ թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, հաշվի չի առել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչը նույնպես ազդել է այս գործի ելքի վրա: Վարույթն իրականացնող մարմինն, ամբաստանյալի ցուցմունքներում ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ պատշաճ քննություն իրականացնելու փոխարեն, արժանահավատ չի համարել դրանք՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ (Գործի արդարացի քննությունը… 3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները): Հետևաբար, հիմնավոր է փաստաբան Հ. Հակոբյանի պնդումը, որ 2016թ.-ի զորակոչի, ապաև քրեական գործի նախաքննությամբ համալիր ու մանրակրկիտ բուժհետազոտություն չի իրականացվել, իսկ նման հանգամանքներում հնարավոր չէր ապացուցված համարել Ա.Դ-ի մեղքը՝ ՔՕ համապատասխան հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ: 2016թ. ԿԲՀ-ն, առանց լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու, հիմնվելով ընդամենը կրկնակի դատաբժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացության վրա, Ա.Դ-ին նորից պիտանի է ճանաչել զինծառայությանը՝ սահմանափակումով:  Փաստաբանի խոսքերով՝ ԿԲՀ-ը զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու համար չի ունեցել անհրաժեշտ ու բավարար հիմքեր, հետևաբար, հիմնավորված չէ, որ ամբաստանյալը զինծառայությունից խուսափել է՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության: Դատաքննությունն այդպես էլ չի ապացուցել  վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումն ամբաստանյալի  կողմից, ինչն իր հերթին ազդել է դատավճռի ելքի վրա: Վարույթն իրականացնող մարմինն էլ իր հերթին է թերացել՝ չիրականացնելով պատշաճ քննություն՝ պարզելու որքանո՞վ են  ԿԲՀ-ի գործողությունները իրավաչափ եղել: Ավելին՝ մեղադրական եզրակացության հիմքում այն վկաների ցուցմունքներն են, որոնք իրավասություն ունեին  եզրակացություն տալու միայն Ա.Դ.-ի առողջական վիճակի վերաբերյալ, ոչ թե որոշելու զինծառայությանը նրա  պիտանիության, առավել ևս՝ զինծառայությունից խուսափելու հարցերը:  Հետևաբար, վարույթն իրականացնող մարմինը չպետք է հիմնվեր նրանց ցուցմունքների վրա և մեղադրանք  առաջադրեր ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով, հատկապես, որ այդ ցուցմունքները, ըստ որոնց իբր, Ա.Դ-ին անհրաժեշտ չի եղել ողնաշարի գոտկասրբանային  հատվածի ՄՌՏ հետազոտություն, հերքվել են դատաքննության ընթացքում:  ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ.Հակոբյանը վերահաստատել է իր այն պնդումը, որ ԿԲՀ-ն թերացել է իր գործողություններում, չի իրականացրել ամբաստանյալի առողջական վիճակի օբյեկտիվ ու համակողմանի հետազոտություն և չի ունեցել նրան սահմանափակումով պիտանի ճանաչելու հիմք: Ելնելով նման իրավիճակից՝ պնդել, որ Ա.Դ-ն խուսափել է զինծառայությունից՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, առնվազն անհիմն է:  Ամփոփելով վերաքննիչ բողոքում արտացոլված հիմնավորումները՝ Հայկ Հակոբյանը  խնդրել է ՀՀ վերաքննիչ դատարանին ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. փետրվարի 7-ի վճիռը, փոխել այն՝ արդարացնելով Ա.Դ-ին՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքում՝ միաժամանակ ճանաչելով նրա անմեղությունն այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝  նրան մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
12:58 - 21 մարտի, 2020
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ մի խումբ զինծառայողներ վերականգնել են իրենց իրավունքները |hcav.am|

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ մի խումբ զինծառայողներ վերականգնել են իրենց իրավունքները |hcav.am|

hcav.am: 2019 թվականի նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել մի խումբ զինծառայողներ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով: Նրանք  գրասենյակին հայտնել են, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից ՀՀ ՊՆ N զորամասը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի N նյութապահովման վաշտի: Սկսած այդ ժամանակահատվածից՝ զինծառայողներն սկսել են մասամբ վճարվել գործուղման ծախսերի դիմաց:  Իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ 2019-ի ապրիլից մինչև նոյեմբեր նրանք, ընդհանրապես, չեն ստացել փոխհատուցումները: Զինծառայողների տեղեկություններով՝ ամսական իրենց  տրամադրվում է 101.000-117.000 դրամ, որից բացի՝ նրանք պետք է ստանային նաև գործուղման ծախսերի փոխհատուցում: Չստանալով այն՝ զինծառայողները ստիպված են եղել նշված գումարի շրջանակում հոգալ  իրենց գործուղման ծախսերը:   Նրանցից մեկն, օրինակ, պատմել է, որ  ՀՀ ՊՆ-ը իրեն չի վճարել շուրջ 55.000 դրամ, նույնքան էլ մեկ այլ վարորդի: Ամենաշատ չվճարված գործուղման փոխահատուցման չափը կազմել է 292.000 դրամ: Ըստ զինծառայողների՝ ղեկավարությունն այս  իրավիճակը պատճառաբանել է ֆինանսական եռամսյակային փոխանցումների ուշացումներով: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ՊՆ պարտավորությունները՝ զինծառայողների նկատմամբ տատանվում էր  33.000-292.000 դրամի միջակայքում:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակն սկսել է զբաղվել զինծառայողների ոտնահարված իրավունքների վերականգնման գործով և գրություն ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ի դեպ, նույն խնդրով զինծառայողները նույն ժամանակահատվածում գրություն են ուղարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Վկայակոչելով ՀՀ ՊՆ 2013 թ. օգոստոսի 20-ի թիվ 915 հրամանը, որով սահմանված է ՀՀ ՊՆ զինծառայողների՝ ՀՀ-ում, ԼՂ-ում և օտարերկրյա տարածքներում գործուղումների կազմակերպման և իրականացման կարգը, ՀՔԱՎ-ը պաշտպանության նախարարից  պահանջել էր պաշտոնական պարզաբանում՝ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ զինծառայողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ի՝ ՀՔԱՎ-ին ուղղված պատասխան գրությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը  վստահեցրել է, որ վերոնշյալ զորամասի վերաբերյալ իր հանձնարարությամբ ուսումնասիրվել են փաստաթղթեր՝ 2017-ի նոյեմբերից մինչև 2019-ի նոյեմբերն ընկած  ժամանակահատվածի համար՝ պարզելու խնդրին առնչվող հանգամանքները: Արդյունքում՝  զինծառայող-վարորդների բոլոր գործուղումների ծախսերը ամբողջությամբ փոխհատուցվել են։
13:27 - 06 մարտի, 2020
Ոստիկանության  վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ամփոփել է 2019 թ.-ին արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքերը |hcav.am|

Ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ամփոփել է 2019 թ.-ին արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքերը |hcav.am|

hcav.am: Տեղեկանքն ամփոփում է 2019 թվականի ընթացքում առցանց ԶԼՄ-ներից կողմից արձանագրված ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Մարդու իրավունքների խախտման դեպքերի հավաքագրման նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկել է 15 առցանց լրատվամիջոց, ՀՀ ոստիկանության ու Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքերը: Որպես հետհեղափոխական տարի՝ 2019-ն ընդհանուր առմամբ հանգիստ էր՝ հանրային միջոցառումների առատության ու բազմազանության տեսակետից: 2019 թ.-ին ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 90 դեպք: Համեմատության համար նկատենք, որ 2015 թ.-ին արձանագրվել է  մարդու իրավունքների խախտման 304 դեպք, 2016թ.-ին` 338 դեպք, 2017թ.-ին՝ 107 դեպք, 2018 թ.-ին՝ 181 դեպք:  Հաշվետու տարվա 90 դեպքերից 49-ը եղել են հանրային միջոցառումների ընթացքում և դրանց հետևանքով, 41-ը՝ անհատական բնույթի:   Ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման անհատական դեպքերի և հավաքների կամ հավաքներին մասնակցելու արդյունքում արձանագրված իրավունքների խախտման դեպքերի համեմատությունը 2015-2019 թթ.-ին Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ անհատական բնույթի դեպքերը, որպես կանոն, պատշաճ չեն հրապարակայնացվում պատասխանատու մարմինների կողմից, ինչպես նաև համարժեք  չեն լուսաբանվում։  Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, ինչպես և նախորդ մշտադիտարկվող տարիների ընթացքում։  Չնայած հաշվետու տարում  իրավախախտման դեպքերը նվազման միտում են արձանագրել, այդուհանդերձ, ոստիկանության գործողությունները արմատական փոփոխության չեն ենթարկվել:  Չնայած ոստիկանության վերաբերյալ ՀՀ վարչապետի հնչեցրած կարծիքներին, ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվել են մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ, ընտրողական, ազատություն սահմանափակող, իրավական որոշակիության սկզբունքին հակասող, անկանխատեսելի։ Ոստիկանությունը նաև անգործություն է դրսևորել մի շարք իրավիճակներում, որոնք պահանջում էին նրանց միջամտությունը։ Մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս փաստելու, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հեղափոխությունից հետո ոստիկանությունը շարունակում է՝ կոծկել  խոշտանգման դեպքերը և անպատիժ թողնել մեղավորներին չապահովել հաշվետու և թափանցիկ գործելակերպի սկզբունքները ապօրինի և առանց իրավական հիմնավորման բերման ենթարկել անձանց և հաշվառման մատյանում ճիշտ չգրառել բերման ենթարկելու ժամը  օգտվել քաղաքացիական հագուստով անձանց ծառայություններից և խախտել անձանց հավաքների ազատության իրավունքները  կամայականորեն խոչընդոտել  հանրային միջոցառումները չպահպանել իրավական որոշակիության սկզբունքը, երբ մի դեպքում անձին բերման են ենթարկում սպառնալիք հնչեցնելու համար, բայց ոստիկանության բաժանմունքում հայհոյող անձի գործողությունները չեն կանխվում՝ հետագայում նրա գործողություններին, իբր, իրավական գնահատական տալու հիմնավորմամբ հակասական հիմնավորումներ ներկայացնել նույնաբնույթ հրապարակային ակցիաների մասնակցիներին. օրինակ՝ դատարանների մուտքն ու ելքը փակելը որակվում է որպես ինքնաբուխ հավաք, այլ դեպքերում՝ մուտքի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը հիմնավորվում ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությամբ շարունակում է անձանց ցույցից առաջ և հետո բերման ենթարկելը, գիշերով տներ ներխուժելը անձանց արժանապատվությունը նվաստացնելը, դա տեսագրելն ու տարածելը անձանց թիրախավորելն՝ ըստ որևէ հատկանիշի, օրինակ՝ «հաստավիզ» կամ սևազգեստ լինելու Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եզրակացնում է՝ ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել, այն շարունակում է գործել՝ չպահպանելով իրավական որոշակիության և իրավական  կանխատեսելիության սկզբունքները։ Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
11:57 - 21 փետրվարի, 2020
Վահագն Չախալյանի բռնի գործողություններից տուծած սպիտակցիները դժգոհ են քննության ընթացքից |hcav.am|

Վահագն Չախալյանի բռնի գործողություններից տուծած սպիտակցիները դժգոհ են քննության ընթացքից |hcav.am|

hcav.am: «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանի բռնի գործողություններից տուծած սպիտակցիները դժգոհ են քննության ընթացքից: Նրանք դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները՝ Վահագն Չախալյանի գլխավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին բռնություն են կիրառել Սպիտակի մի խումբ բնակիչների հանդեպ: Ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով 2020 թվականի հունվարի 13-ին նրանք դիմել են ՀՔԱՎ գրասենյակ: Բնակիչները պատմել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և նրա մի խումբ համախոհներ ստորագրահավաք են նախաձեռնել Սպիտակ քաղաքի կենտրոնում՝ մշակույթի տան մոտակայքում: Ստորագրահավաքին մասնակցել չցանկացող 2 կանանց նրանք փորձել են համոզել՝ ստորագրել: Տեսնելով դա՝ Սպիտակի բնակիչ, 75-ամյա Հրաչիկ Թումանյանը միջամտել է՝ ասելով. «Ինչու՞ եք պարտադրում, եթե չեն ուզում՝ թող չստորագրեն»: Ի պատասխան՝ Վահագն Չախալյանը տարեց տղամարդուն վիրավորել է՝ ասելով «ապուշ», որից հետո բռունցքով հարվածել նրա դեմքին: 70-ամյա Ռուդիկ Դարչինյանի մոտ էլ բռնության հետևանքով առաջացել է ծանրալսություն: Նրանք պնդում են, որ գործը քննող Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը կողմնակալ է և ակնհայտորեն ջանքեր չի գործադրում՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու ուղղությամբ: Բնակիչները կասկածներ ունեն, որ ամիսներ ձգվող առերեսումները նոր ցուցմունքներ կորզելու միջոցով հին ցուցմունքները փոխելու նպատակ են հետապնդում: Հրաչիկ Թումանյանը ՀՔԱՎ գրասենյակին ցույց է տվել իր բջջային հեռախոսում առկա նկարներ՝ որոնցում երևում է նրա՝ կապտուկներով դեմքը: 5 ամիս շարունակվող քրեական գործը, քաղաքացիների տեղեկացմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Մանրամասները՝ տեսանյութում
20:14 - 16 հունվարի, 2020
ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված, այնուհետև անհետացած նախագծի նախնական գնահատական․ՀՔԱՎ

ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված, այնուհետև անհետացած նախագծի նախնական գնահատական․ՀՔԱՎ

hcav.am: Դեկտեմբերի 19-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակվեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագծի վերաբերյալ հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև նախնական քննարկում տեղի չի ունեցել։ Վերջինիս մասին վկայում են ոչ միայն նախագծում տեղ գտած այնպիսի կարգավորումների պահպանումն ու ընդլայնումը, որոնք վերացնելու հրապարակային հանձնառություն է ստանձնել Ազգային ժողովում Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբը, այլև նախագծի հեռացումը հրապարակման հաջորդ օրը։ Սա հակասում է աշխատանքային խմբի որդեգրած մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներին։ Համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ մարմինների ցուցակը ընդլայնելը նախագծի առանցքային գաղափարն է։ Սակայն այն դեռևս իր ողջ ծավալով չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, և վերջնական եզրակացություն չի տրվել։ Ավելին՝ բարեփոխումների ծրագրում այդ հարցը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՏԻՄ-երի արագացված կարգով կուսակցականացումը խնդրահարույց կարող է լինել՝ առանց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում էական փոփոխությունների։ Մյուս կողմից՝ որոշ հարցերով արդեն մշակած ընդհանուր մոտեցումները, որոնք կապված են կուսակցությունների ներքին ժողովրդավարության, համամասնական ընտրական ցուցակներում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնության և կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմների և հաշվետվողականության հետ, պարզապես անտեսված են, ինչը բերում է հին խնդրահարույց կարգավորումների պահպանման կամ ավելի խնդրահարույց փոփոխություններով շտկելու փորձերին։ Հարկ ենք համարում անդրադառնալ նախագածում առկա մի քանի խնդիրներին․ Նախարարությունը առաջարկում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այսպիսի չքննարկված առաջարկութունը կյանքի կոչելու առդյունքում մենք կունենանք 20-ից ավել փոքր գյուղական բնակավայրերից կազմված բազմաբնակավայր համայնքներ, որոնց կարող է օտար լինել ՏԻՄ-երի կուսակցականացումը։ Մյուս կողմից՝ ստացվում են ավելի խոշոր և կուսակցական մրցակցությանը ավելի պատրաստ մեկ բնակավայրից կազմված համայնքներ, որոնց ավագանին և համայնքի ղեկավարը շարունակում են ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների հայեցակարգով նախատեսվում է ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ծախսերի վերահսկողությունը պատվիրակել Հակակոռուպցիոն մարմնին։ ՏԿԵ նախարարությունը կրկին այդ գործառույթը վերապահում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը և բազմապատկում աշխատանքի ծավալը՝ գումարելով համամասնական ընտրակարգի անցնող բոլոր համայնքները, որոնց թիվը, ներկայիս վարչատարածքային բաժանումները և 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակահատվածում ընտրողների կազմը հաշվի առնելով, հասնում է 8 տասնյակի։ Այս գործառույթի իրականացման նպատակով նախարարությունն առաջարկում է բոլոր համամասնական ընտրությունների դեպքում հնարավորություն ընձեռնել վերոնշյալ ծառայությանը մինչև 1 ամիս ժամկետով և մինչև 5 աշխատակցով ընդլայնել իր կազմը։ Խոշորացման գործընթացի արդյունքում, թերևս, համամասնական ընտրություններ իրականացվելու են տարեկան մինչև 4 ՏԻՄ ընտրություններից յուրաքանչյուրի շրջանակներում, ինչը նշանակում է, որ ծառայությունը ստիպված է լինելու իր պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով 2 ամիս ընդմիջումներով ընդլայնել իր աշխատակազմը։ Այսպիսով՝ սահմանափակ իրավասություններ ունեցող անարդյունավետ կառույցը շարունակելու է իր գործունեությունը՝ առանց կայուն մարդկային և ֆինանսական ռեսուրսների։ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների անունները ավտոմատ կերպով «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի» բառերով փոխարինումը բերել է մի իրավիճակի, երբ ԿԸՀ-ը կորցնում է ընտրական հանձնաժողովների՝ ԸՕ-ին հակասող որոշումները վերացնելու, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ ճանաչելու լիազորությունները։ Սա այն պարագայում, երբ Տարածքային ընտրական հանձնաժողովների մասնագիտական կարողությունների, մարդկային ռեսուրսների և տեխնիկական հագեցվածության անբավարար մակարդակը տեսանելի է արդեն այսօր և հաստատվում է նույնիսկ այդ հանձաժողովների անդամների կողմից։ Հասկանալով փոքր համայնքներում քարոզչական ծախսերի ոչ նշանակալի լինելը՝ նախարարությունը չի պահանջում նախընտրական հիմնադրամ ստեղծել 500․000 ՀՀ դրամը չգերազանցող քարոզչական ծախսերի դեպքում։ Միաժամանակ ծանոթ չլինելով կամ անտեսելով հիմնադրամի ծախսերում ներառվող ցուցակի քննադատությանը, մասնավորապես՝ շտաբային ծախսերը ներառելու հետ կապված տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների առաջարկություններին և ներկայումս Ազգային ժողովում ընթացող քննարկումներին՝ նախագծի հեղինակը անփոփոխ է թողնում հայտարարագրման ենթակա ծախսերի ցուցակը, ինչպես նաև չի առաջարկում ծախսերի վերահսկման ողջամիտ մեխանիզմ։ Նման մոտեցումը ընդամենը կոնսերվացնում է համապետական ընտրությունների մակարդակով առկա խնդիրը և իջեցնում այն նաև ՏԻՄ մակարդակի։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին համահունչ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ առաջարկելով՝ նախարարությունը առաջարկում է պահպանել երկու անգամ անընդմեջ համապետական կամ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեության կասեցման պահանջը։ Այս հիմքով կուսակցության գործունեության կասեցման հնարավորությունը ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թ․ դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-669 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական և հստակ է, որ պետք է անվավեր ճանաչվի, սակայն նույնիսկ նման որոշման բացակայության դեպքում անհասկանալի է նախագիծ ներկայացնողի դիրքորոշումը, որ երկու ՏԻՄ ընտրությունների (որոնք փաստացի կարող են տեղի ունենալ 3-4 ամիսների ընթացքում) չմասնակցելը պետք է հանգեցնի կուսակցության գործունեության կասեցման։ Ողջունելով նախագծում համասնական ընտրակարգի ընդլայնումը և լրացուցիչ մանդատների տրամադրման դրույթի վերացումը՝ կոչ ենք անում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծի մշակման ժամանակացույցը և բովանդակությունը համաձայնեցնել Ազգային ժողովում ընտրական բարեփոխումների ախատանքային խմբի հետ, ինչպես նաև մասնակցել աշխատանքային խմբի ընթացիկ քննարկումներին՝ ՏԻՄ մակարդակում կուսակցությունների գործունեության կարգավորումների փոփոխությունների քննարկման և առաջարկությունների ներկայացման համար։ Պետական տարբեր մարմիններում միևնույն խնդրի հատվածական քննարկումն ու լուծումների առաջադրումը խոսում են համակարգային մոտեցման բացակայության և մասնակցային ու թափանցիկ գործելաոճից խուսափելու մասին։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
11:29 - 21 դեկտեմբերի, 2019
Պետությունը չի՞ կարողանում ապահովել մեղադրյալ, ռուսական բազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում․ՀՔԱՎ

Պետությունը չի՞ կարողանում ապահովել մեղադրյալ, ռուսական բազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում․ՀՔԱՎ

2019 թ․ սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: Մեղադրող կողմը՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը, սեպտեմբերի 5-ին դատարանին նամակով խնդրել էր հետաձգել նիստը՝ արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի («Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը»), 54-րդ հոդվածի 3-րդ մասի («Դատարանի կողմից քրեական գործեր (…) քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»), 306-րդ հոդվածի 5-րդ մասի («Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է»), նիստը հետաձգել էր և նշանակել 2019-ի հոկտեմբերի 25-ին: Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանը մահացել էր 2018 թ. դեկտեմբերին՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի կողմից՝ դաժան ծեծի արդյունքում: Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը …անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): 2019թ. հոկտեմբերի 25-ին նշանակված նիստը նույնպես տեղի չունեցավ, որի մասին համապատասխան ծանուցում տեղադրվեց «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: Դատական նիստերի՝ երկու անգամ հետաձգվելու փաստը ուշադրության չէր արժանանա, եթե չարձանագրեինք բավական հետաքրքիր մի փաստ: Ըստ տեղեկատվական համակարգի՝ Կ. Գաբրիելյանն այս անգամ խնդրել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգել՝ այս գործով նույնպես մեղադրող ներգրավված, դատախազի տեղակալ Վ. Միրզոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների հերթական ատեստավորմանը մասնակցելու պատճառով՝ միաժամանակ խնդրելով հարգելի համարել դատական նիստին նրա չներկայանալը: Միևնույն ժամանակ մեղադրող դատախազ Կ. Գաբրիելյանը դատական նիստին անձամբ իր չմասնակցելու կամ մասնակցել չկարողանալու մասին որևէ հիմնավորում այս անգամ չէր ներկայացրել:  Ավելին՝ hcav.am
15:24 - 29 հոկտեմբերի, 2019
Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնը երկու տարի է չի ստեղծվել |hcav.am|

Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնը երկու տարի է չի ստեղծվել |hcav.am|

hcav.am։ Խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալու երկու հարցումներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխաններ է ստացել ՀՀ հատուկ քննչական ծառայությունից 2019 թ․ փետրվարի 26-ին և հուլիսի 22-ին: 2019 թ․ փետրվարի 25-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում խոշտանգման հիմքով 15 քրեական գործ էր քննվում, ևս 2-ը՝ արդեն դատարանում։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորման սկզբից՝ 2006թ.-ից մինչ 2019 թ․ հուլիսի 1-ը, խոշտանգման հիմքով քննել է 126 քրեական գործ։ ՀՀ-ն խոշտանգումից տուժած քաղաքացիների նկատմամբ իր վերցրած պարտավորությունների կատարման նպատակով ընդունեց, և 2017 թ․ հունվարի 9-ից ուժի մեջ մտավ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները։ Իսկ արդեն 2017 թ․ հոկտեմբերի 26-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ մտավ նույն տարվա նոյեմբերի 9-ին: Սակայն խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն և փոխհատուցում տրամադրելու մասին շուրջ 2 տարի առաջ ուժի մեջ մտած իրավական ակտերը փաստացի չեն գործում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սկսած 2018 թ․-ից ՀՀ Կառավարությունից փորձում է ճշտել, թե ինչպես է իրագործվում Կառավարության նշված որոշումը: Այս երկու իրավական ակտերը շուրջ երկու տարի ընդունված են, բայց ինչպես մեր հարցումների պատասխաններն են ցույց տալիս, դրանք չեն իրագործվում։ Այսպես՝ Կառավարության նշված որոշման կատարման մասին մեր կազմակերպության՝ 2018 թ․-ի փետրվարի 26-ի ու սեպտեմբերի 28-ի տեղեկատվական հարցումները ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է տեղեկատվական հարցում չհամարել, այլ որակել է որպես իրավական ակտի մեկնաբանման ու պարզաբանման հայց և հրաժարվել է պատասխանել։ Այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա․ Ասատրյանը հպանցիկ նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավարի հետ։ Իսկ մեր այն հարցերին, որոնք առնչվում էին Կառավարության որոշման կատարմանը, չի պատասխանել։ Մենք փորձել էինք ճշտել, թե որոշմամբ սահմանված ծառայություններն ինչպես են մատուցվում, ինչ ժամկետներում, որտեղ և ովքեր են դրանք մատուցում։ Սակայն, ինչպես նշեցինք, որևէ բովանդակային պատասխան չենք ստացել։ 2019թ.-ի սեպտեմբերին մեր ուղարկած երկու հարցումներին ՀՀ արադարադատության նախարարությունը փորձել է թեկուզ ձևական, բայց պատասխանել, ի տարբերություն՝ նախորդ նախարարի: Արդարադատության նախարար Ռ․ Բադասյանին ուղղված հարցումներով հետաքրքրվել էինք, թե խոշտանգումից տուժած քանի անձ է փոխհատուցում ստացել, քանի դեպքում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հետադարձ պահանջ ներկայացվել խոշտանգողին, քանիսն են բժշկական օգնություն ստանալու փոխհատուցում ստացել և քանիսն են անվճար իրավաբանական ու հոգեբանական աջակցություն ստացել։ Փոխհատուցումների մասով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ն․ Ղազարյանը ուղղորդել է դիմել Ֆինանսների նախարարություն, իսկ մյուսների մասով կրկին հայտնել է, որ աջակցություն տրամադրելու ուղղությամբ քննարկումներ են տանում ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հետ։ Ֆինանսների նախարարությունը դեռևս չի պատասխանել մեր հարցմանը։ Ն․ Ղազարյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերից մեկնարկում է Եվրոպայի խորհրդի նոր ծրագիրը՝ «Առողջապահության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում», որի շրջանակում նախատեսվում է բարելավել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը։ Նրա փոխանցմամբ՝ հենց այդ ծրագրի շրջանակում են պատրաստվում կյանքի կոչել դեռևս 2 տարի առաջ ուժի մեջ մտած իրավական ակտերը։ Մյուս հարցերի առնչությամբ պատասխաններ չի տրամադրել, քանի որ նրա փոխանցմամբ՝ հոգեբանական ծառայություններ տրամադրող կենտրոնը փաստացի չի գործում և հետևաբար՝ հնարավոր չէ այդ հարցերին պատասխանել։ Իսկ ահա Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի գործով, չնայած, որ գործը հարուցել էր ՀՀ գլխավոր դատախազությունը և ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հոգեբանական աջակցություն ստանալու հարցով դիմումին ՀՀ արդարադատության նախարարությունը 2018-ի մայիսին ուղղորդել էր դիմել Արցախի իշխանություններին, քանի որ դեպքը այնտեղ է տեղի ունեցել: Այսպիսով՝ նախորդ կառավարությունն այդպես էլ չկատարեց իր իսկ ընդունած որոշումը՝ խոշտանգումներից տուժածներին հոգեբանական վերականգնողական ծառայություն ապահովելու վերաբերյալ: Նոր կառավարության կողմից ստացված պատասխաններից ենթադրում ենք, որ պետությունը խոշտանգումների կանխարգելման բնագավառում իր վերցրած պարտավորությունները խոշտանգումներից տուժած քաղաքացիներին հոգեբանական վերականգնողական, սոցիալական աջակցության, նյութական և բարոյական փոխհատուցման բնագավառներում պատրաստվում է լուծել միջազգային ծրագրերի, մասնավորապես Եվրոպայի խորհորդի կողմից իրականացվելիք ծրագրերի աջակցությամբ: Միաժամանակ գտնում ենք, որ դեռևս բացակայում է հստակությունն ու որոշակիությունը թե կատարման ժամկետների, թե հատկացվելիք միջոցների ծավալների, թե ինստիտուտների ստեղծման հարցերում: Ամենաուշագրավն այն է, որ 2 տարի շարունակ նույնաբովանդակ հարցումներ ենք ուղարկում Արադարադատության նախարարություն, թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխությունից հետո, բայց եթե մինչ հեղափոխությունը փորձում էին խուսափել պատասխանից անհիմն մեկնաբանություններով, ապա նախարարի փոփոխումից հետո ժամանակ են խնդրում պատասխանելու համար և վերջապես արձանագրում, որ իրականում որևէ իրական քայլ չի կատարվել պետության վերցրած պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Եվ նման պայմաններում Քրեակատարողական ծառայությունն արգելում է հոգեբանին մուտք գործել ՔԿՀ և հոգեբանական աջակցություն տրամադրել խոշտանգման ենթարկված, վերապրած ցմահ դատապարտյալ Ա․ Քոչարյանին։ Այս հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2019 թ․ հունիսի 10-ի ու հուլիսի 19-ի երկու դիմումներն էլ մերժվել են։ Քրեակատարողական ծառայությունը պատճառաբանել էր, թե հոգեբանը բժիշկ չէ և կարող է օգտվել միայն տեսակցության (ցմահ դատապարտյալի դեպքում՝ առանց այն էլ՝ սահմանափակ) հնարավորությունից։ Մի կողմից պետությունը դա չի ապահովում, մյուս կողմից՝ մերժում է անհատական նախաձեռնությունները։ Այս ամենը ցույց է տալիս, որ խոշտանգումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետության վերցրած պարտավորությունները շարոնակում են մնալ չկատարված:
06:54 - 04 հոկտեմբերի, 2019
Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ

Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։ Ավելի ուշ տեղեկացրել են, որ արգելքը ոչ թե ՀՀ-ի կողմից է, այլ «երրորդ երկրի», իսկ «երրորդ երկիրը», նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, քանի որ նման նախադեպ Ուկրաինայի այլ քաղաքացիների հետ նախկինում նույնպես տեղի են ունեցել։ Մուստաֆա Նայեմը ՀՀ մուտքի հնարավորություն է ստացել միայն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան միջամտությամբ։ Նշենք, որ մինչ այս միջադեպը, դեռևս 2019թ․ մարտի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ են ՌԴ սահմանապահները սահմանային սպասարկման ծառայություն իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն են իրականացնում 1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն։ Այսպիսով՝ նշված միջպետական պայմանագրով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելու շրջանակում, ՌԴ սահմանապահները ՌԴ մուտքի թույլտվություն չունեցող կամ ՌԴ-ի համար անցանկալի անձանց ցուցակը կիրառում են նաև ՀՀ սահմանային ծառայությունն իրականացնելու շրջանակում ՀՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ։ ՌԴ-ի համար մուտքի արգելման սահմանափակումներ ունեցող անցանկալի անձինք ինքնաբերաբար անցանկալի են համարվում նաև ՀՀ մուտք գործելու դեպքում, որը բացարձակ անհիմն, իրավական որևէ հիմնավորում չունեցող գործողություն է և հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը, թե ՀՀ օրենսդրությանը, և հանդիսանում է ՀՀ ինքնիշխանությանը հակասող գործելակերպ։ Միանշանակ նման ապօրինի և հակասահմանադրական գործողությամբ խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, որը չի բխում ՀՀ Սահմանադրության և օրենսդրության որևէ նորմով։ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ագրեսիվ քաղաքականությունը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները փաստացի փորձում են տարածել նաև ՀՀ մուտք գործող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որը որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ երկկողմանի հարաբերությունները չկարգավորել երրորդ պետության հետ հարաբերություններից ելնելով։ ՀՀ-ում անցանկալի համարվող անձանց ցանկը կարող են սահմանել միայն ՀՀ իրավասու մարմինները, մասնավորապես՝ դա կարգավորվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ անցանկալի անձանց ցանկը սահմանված է «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»։ Ելնելով վերը նկարագրվածից, պահանջում ենք․ 1․ իրականացնել քննություն պարզելու համար Ուկրաինայի քաղաքացի, Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքի խոչընդոտման հանգամանքերը, 2․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից իրենց սահմանադրական լիազորությունների օգտագործմամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, 3․ ՀՀ Կառավարությանից՝ միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայնում սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կողմից իրականացնելու համար՝ առանց երկրորդ կամ երրորդ պետության մասնակցության։
14:00 - 02 մայիսի, 2019
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել

2005 թ.-ին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. փետրվարի 25-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով և վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ: Արթուր Քոչարյանին Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005թ. հոկտեմբերի 11-ին մի քանի ծառայակիցների հետ ցմահ ազատազրկման է դատապարտել: 2006թ. հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մյուսների մասով առաջին ատյանի դատարանի վճիռը փոփոխել և նվազեցրել է պատժաչափը, իսկ Արթուր Քոչարյանի մասով թողել է անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման վճիռը կայացրել է մի շարք խախտումներով, իսկ վերաքննիչը, առանց ուսումնասիրելու վերաքննիչ բողոքում նշված փաստերը, անփոփոխ է թողել դատավճիռը: Արթուր Քոչարյանը ազատազրկման է դատապարտվել մի արարքի համար, որի կատարման մեջ իր մեղավորությունը հաստատող ապացույցներ չկան: Դատարանը հիմնվել է միայն մեկ անձի ցուցմունքի վրա, որը գործով շահագրգիռ անձ է: Դատարանը հաշվի չի առել ցուցմունք տված անձի իրական  մտադրությունների մասին Արթուր Քոչարյանի հայտարարությունները և չնայած պարտադիր է, որ ցուցմունքները հաստատող օբյեկտիվ տվյալներ լինեն՝ դրանք հիմք ընդունելու համար, դատարանը, առանց օբյեկտիվ տվյալների, մեղադրանքի հիմքում դրել է այդ մեկ ցուցմունքը: Սրանով խախտվել է Արթուր Քոչարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության իրավունքը, կայացվել իրավական և փաստական հիմքերից զուրկ որոշում: Դատարանը ձեռք չի բերել մեղքը հաստատող հավաստի ապացույցներ և հիմնվել է մտացածին ու հակասական ցուցմունքի վրա: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքում ներկայացված փաստերը, ուշադրություն չի դարձրել ցուցմունքներն անօրինական ճանապարհով ստանալու հանգամանքին, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների մասին հայտարարություններին, միջոցներ չի ձեռնարկել ստացված հակասական տվյալները հստակեցնելու ուղղությամբ: Այս ամենը վկայում է դատարաննների կանխակալ վերաբերմունքի մասին: Վճռաբեկ բողոքում ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը պահանջել է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 14-ի որոշումը և արադարացնել Արթուր Քոչարյանին: Իսկ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած դիմումով պահանջել է կարգապահական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ և կողմնակալ վերաբերմունք ցուցաբերած Վայոց Ձորի մարզի դատարանի դատավոր Լ. Պողոսյանին, Վերաքննիչ դատարանի դատավորներ Հ. Տեր-Ադամյանին, Ս. Ավետիսյանին, Ս. Ղազարյանին: Ոչ Վճռաբեկ դատարանը, ոչ Բարձրագույն դատական խորհրդը դեռևս չեն արձագանքել:  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ    
05:57 - 06 մարտի, 2019