Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ
14:00 - 02 մայիսի, 2019

Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։

Ավելի ուշ տեղեկացրել են, որ արգելքը ոչ թե ՀՀ-ի կողմից է, այլ «երրորդ երկրի», իսկ «երրորդ երկիրը», նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, քանի որ նման նախադեպ Ուկրաինայի այլ քաղաքացիների հետ նախկինում նույնպես տեղի են ունեցել։ Մուստաֆա Նայեմը ՀՀ մուտքի հնարավորություն է ստացել միայն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան միջամտությամբ։

Նշենք, որ մինչ այս միջադեպը, դեռևս 2019թ․ մարտի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ են ՌԴ սահմանապահները սահմանային սպասարկման ծառայություն իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն են իրականացնում 1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն։

Այսպիսով՝ նշված միջպետական պայմանագրով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելու շրջանակում, ՌԴ սահմանապահները ՌԴ մուտքի թույլտվություն չունեցող կամ ՌԴ-ի համար անցանկալի անձանց ցուցակը կիրառում են նաև ՀՀ սահմանային ծառայությունն իրականացնելու շրջանակում ՀՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ։

ՌԴ-ի համար մուտքի արգելման սահմանափակումներ ունեցող անցանկալի անձինք ինքնաբերաբար անցանկալի են համարվում նաև ՀՀ մուտք գործելու դեպքում, որը բացարձակ անհիմն, իրավական որևէ հիմնավորում չունեցող գործողություն է և հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը, թե ՀՀ օրենսդրությանը, և հանդիսանում է ՀՀ ինքնիշխանությանը հակասող գործելակերպ։

Միանշանակ նման ապօրինի և հակասահմանադրական գործողությամբ խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, որը չի բխում ՀՀ Սահմանադրության և օրենսդրության որևէ նորմով։ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ագրեսիվ քաղաքականությունը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները փաստացի փորձում են տարածել նաև ՀՀ մուտք գործող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որը որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ երկկողմանի հարաբերությունները չկարգավորել երրորդ պետության հետ հարաբերություններից ելնելով։

ՀՀ-ում անցանկալի համարվող անձանց ցանկը կարող են սահմանել միայն ՀՀ իրավասու մարմինները, մասնավորապես՝ դա կարգավորվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ անցանկալի անձանց ցանկը սահմանված է «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»։

Ելնելով վերը նկարագրվածից, պահանջում ենք․

1․ իրականացնել քննություն պարզելու համար Ուկրաինայի քաղաքացի, Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքի խոչընդոտման հանգամանքերը,

2․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից իրենց սահմանադրական լիազորությունների օգտագործմամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով,

3․ ՀՀ Կառավարությանից՝ միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայնում սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կողմից իրականացնելու համար՝ առանց երկրորդ կամ երրորդ պետության մասնակցության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել