Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարն է, տնտեսագետ։

Ծնվել է 1980թ․ սեպտեմբերի 26-ին։ 1996-1997թթ․ սովորել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, տնտեսագիտական ֆակուլտետում, 1997-2001թթ․՝ ԵՊՏՀ-ում, մասնագիտացումը՝ ֆինանսներ։

1998թ-ից առ այսօր հանդիսանում է անհատ ձեռնարկատեր տպագրական դիզայնի ոլորտում։ 2014-ից ներգրավված է եղել քաղաքացիական շարժումներում՝ («Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան») որպես համակարգող կամ մասնակից։ Կազմակերպչական մասնակցություն է ունեցել 2018թ. տեղի ունեցած հեղափոխությանը։ 2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում անցկացված գործադիր մարմնի անդամների ընտրություններում, ստանալով առավելագույն քվեները, ստանձնել է գործադիր մարմնի քարտուղարի պաշտոնը։ 2018թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը։

Քաղաքական հարցերից հանգամանալից քննարկվել է միայն Ամուլսարի հարցը․ Սուրեն Սահակյան |hetq.am|

Քաղաքական հարցերից հանգամանալից քննարկվել է միայն Ամուլսարի հարցը․ Սուրեն Սահակյան |hetq.am|

hetq.am։ Երեկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրոտական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Հետքին» հարցազրույց էր տվել, որից հետո նրա կուսակից Գարեգին Միսկարյանը լուսանկար էր հրապարակել վարչապետի հետ հանդիպումից, որին ներկա էր նաեւ Սահակյանը: Պարոն Սահակյան, ո՞ւմ նախաձեռնությամբ էր հանդիպումը, եւ ի՞նչ հարցեր քննարկվեցին: -Պարոն Միսկարյանի հետ հանդիպումը նախատեսված էր վաղուց, իսկ հանդիպմանը վարչապետի արարողակարգի ծառայության կողմից իմ ներկա լինելու խնդրանքը եղել է հանդիպումից մեկ օր առաջ: Հանդիպումը ոչ պաշտոնական էր: Քաղաքական հարցերից հանգամանալից քննարկվել է միայն Ամուլսարի հարցը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Ի՞նչ եք կարծում՝ կառավարության դիրքորոշման փոփոխություն այդ հարցում սպասելի՞ է առաջիկայում: -Ես կարծում եմ, որ Ամուլսարը հանք չի դառնալու: Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար, եւ կառավարությունը կամա թե ակամա պետք է հաշվի նստի քաղաքացիների իղձերի, ցանկությունների հետ: Որեւէ կառավարության գոյության իմաստը դա է: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:03 - 22 օգոստոսի, 2019
Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն․ Սուրեն Սահակյան

Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդացեք «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը․ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր են հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»։ Հիմա նայեք էս տեսանյութը։ Մենք այլ կերպ ենք պատկերացնում մեր ներկայացուցչական մարմնի անդամներին։ Դրա մասին հրապարակային ասել ենք ու դիմել տարբեր ատյանների։ Արձագանքները հետևյալն են․- ԱԺ նախագահը նույնիսկ չի բարեհաճել պաշտոնապես պատասխանել դիմումին- «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել ա, որ նպատակահարմար չեն գտնում էս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել ա, որ մինչև քաղաքական մեծամասնությունը չհամաձայնի, իրենց քայլ անելն անիմաստ ա (եթե «ԻՔ»-ն ա որոշելու, իրենց ընդդիմադիր հռչակելն ինչ իմաստ ուներ՝ անհասկանալի ա)- ՀՔԾ-ն ակնհայտ հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժեց - Դատախազությունը մերժեց ընթացք տալ ՀՔԾ որոշման մեր բողոքարկմանը- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապօրինաբար մերժեց էդ հարցի մասին եզրակացություն տալ։ Արդյո՞ք սրանով կարելի ա ասել, թե հարցը փակուղի ա մտել։ Իհարկե՝ ոչ։ Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն։ Հիմա ուղղակի արձանագրենք, թե ովքեր ու ոնց են ատամներով պահում հին քաղաքական համակարգի ամենաարատավոր ավանդույթները։»
12:29 - 18 հունիսի, 2019
ՔՈ-ի «ողջամիտ կասկածները» չեն փարատվել․ ինչու են պնդում, որ քրգործ հարուցվի Ծառուկյանի նկատմամբ |news.am|

ՔՈ-ի «ողջամիտ կասկածները» չեն փարատվել․ ինչու են պնդում, որ քրգործ հարուցվի Ծառուկյանի նկատմամբ |news.am|

news.am։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ որոշումը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է։ Այս մասին ասաց կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մեր դիմումի մասով պատասխան ենք ստացել ՀՔԾ–ից։ Քննիչի պատասխանում որեւէ կերպ չի արտացոլվում, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, հակառակը՝ գտել է, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը մերժվել է, որովհետեւ քննիչը գտել է քր.օր–ի 310–րդ հոդվածով ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցել կհամարվեր, եթե ձեռնարկատերը շահույթ ստանար, այնինչ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելով՝ պարոն Ծառուկյանը վնաս է կրել՝ ցեմենտի գինը 10 հազարով իջեցնելով։ Սակայն քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված է պատիժ, երբ պատգամավորը ձեռնարկատիրությամբ զբաղվելով՝ վնաս է հասցնում պետությանը կամ որեւէ կազմակերպության։ Այս հիմնավորմամբ բողոքարկել ենք ՀՔԾ քննիչի որոշումը»,- նշեց նա։Սուրեն Սահակյանի խոսքով՝ ձեռնարկատիրական գործունեության համար պարտադիր չէ որեւէ ձեռնարկությունում որեւէ պաշտոն զբաղեցնել. «Բացի այդ, հաշվի առնված չէ, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածը հստակ մատնանշում է, թե որ դեպքերում գործունեությունը կարող է համարվել ձեռնարկատիրական։ Այսինքն՝ պարտադիր չէ որեւէ ձեռնարկություններում որեւէ պաշտոն զբաղեցնել, ձեռնարկատիրությամբ զբաղվել է նշանակում նաեւ ներկայացուցչական գործառույթ կատարելը ձեռնարկատիրության մեջ, իսկ Գագիկ Ծառուկյանը ներկայացուցչական գործառույթ է կատարել եւ հանդիպել ներդրողների հետ։ Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում կարգադրիչ եւ կառավարչական գործողությունները, այսինքն՝ երբ Գագիկ Ծառուկյանը կարգադրել է 10 հազար դրամով իջեցնել ցեմենտի գինը, նա կառավարչական գործողություն է կատարել։ Այսինքն ՀՔԾ–ն ամբողջական քննություն չի իրականացրել»։Նրա փոխանցմամբ՝ պատասխան են ստացել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որտեղ նշված է եղել, որ նպատակահարմար չեն գտնում այդ հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծել. «Այստեղ օրենքի բաց կա։ Որեւէ պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիությունը քննելու համար պետք է դիմել ՍԴ, իսկ դիմել կարող է Ազգային ժողովի խորհուրդը, որը գլխավորում է Արարատ Միրզոյանը, որի համար էլ դիմել էինք նրան, բայց պատասխան դեռ չենք ստացել։ Իսկ մյուսը՝ պատգամավորների մեկ հինգերորդի համաձայնություն է հարկավոր այդպիսի ընթացակարգ նախաձեռնելու համար։ Սակայն օրենքը նաեւ սահմանում է, որ նման ընթացակարգ ստեղծելու համար պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը։ Մյուս կողմից պաշտոնատար անձանց գործունեությունը կարգավորող օրենքը հնարավորություն է տալիս եզրակացություն տալ բարձրաստիճան պաշտոնյաների հարցերով, բացառությամբ պատգամավորների»։Սուրեն Սահակյանը ընդգծում է՝ ավելի բարձր իրավական ուժ ունեցող ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է, որ Էթիակայի հանձնաժողովը պետք է եզրակացություն տա կոնկրետ դեպքով, իսկ Հանրային ծառայության մասին օրենքով նշվում է, որ պատգամավորների վերաբերյալ եզրակացություն չի տալիս հանձնաժողովը, «ուստի ՔՈ–ն դիմել է էթիկայի հանձնաժողով, որ ենթարկվեն ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմին եւ եզրակացություն տան այդ հարցով, իսկ եզրակացությունից հետո Ազգային ժողովի խորհուրդը պետք է դիմի ՍԴ»։
05:33 - 31 մայիսի, 2019
Դատելով Ջուլֆալակյանի գրառումից՝ այդ մասնաբաժինը հավատարմագրային կառավարման հանձնված չէր․ Սուրեն Սահակյան

Դատելով Ջուլֆալակյանի գրառումից՝ այդ մասնաբաժինը հավատարմագրային կառավարման հանձնված չէր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Երեկ, լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր զարմանքն է հայտնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով տրված իմ դիմումի փաստի վերաբերյալ և այդ քայլը տարօրինակ համարել։ Պարոն Ջուլֆալակյանի վերաբերյալ հարգանքս հավասելով, ավելորդ չեմ համարում այս հարցի կապակցությամբ որոշ պարզաբանումներ ներկայացնել։ Նախ, միամտություն կլինի կարծել, թե տարբեր ինստիտուտներին դիմելու իմ դրդապատճառը ազատ ժամանակս լրացնելն է։ Ո՛չ ես, ո՛չ մեր կուսակցությունից որևէ մեկը մանրադիտակի տակ չենք առել 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների ունեցվածքը, դրանց համապատասխանությունը ներկայացված հայտարարագրերին։ Դա այլ կառույցների ու համակարգերի գործառույթն է։ Թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ պարոն Ջուլֆալակյանի դեպքում հենց իրենք են այդպիսի առիթ տվել՝ տարբեր խառը պատմությունների մեջ ընկնելով և առաջին հայացքից իրարամերժ հայտարարություններ հնչեցնելով։ Ավելին, պարոն Ծառուկյանի դեպքում մենք դիմումներ հղելուց առաջ սպասել ենք 10 օր, որոնց ընթացքում նշված կառույցներն ու համակարգերից ոչ մի արձագանք չենք լսել։ Պարոն Ջուլֆալակյանի դեպքում սպասել ենք 23 օր և էլի չենք ստացել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այսպես, հարցազրույցում նա նշում է, որ, համասեփականությամբ իրեն պատկանող խնդրո առարկա սրճարանը կամ դրա մասնաբաժինը վաճառել է (տե՛ս վերը բերված տեսանյութի 1։10 րոպեից)։ Այնինչ իր հետ կապված աղմկահարույց միջադեպին մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում կատարված արձագանքում նա նշել է, որ այն վարձով է տրված։ Եթե վաճառքը տեղի է ունեցել մայիսի 6-29 ընկած ժամանակահատվածում, ապա, գուցե, ամեն ինչ կարգին է, իսկ եթե ոչ, ապա գործ ունենք միմյանց հակասող հայտարարությունների հետ։ Միաժամանակ, «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածն ասում է․ «Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է` …3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման»։ Պարոն Ջուլֆալակյանը մանդատը ստացել է 2019թ հունվարի 10-ին, այնինչ, դատելով նրա ֆեյսբուքյան գրառումից, մայիսի 6-ի դրությամբ այդ մասնաբաժինը դեռևս հավատարմագրային կառավարման հանձնված չէր և ստիպված ինքն էր զբաղվում դրա կառավարման հարցերով, ինչի արդյունքում էլ հայտնվել էր այդ աղմկոտ պատմության կենտրոնում։ Իր հրապարակային հայտարարություններում պարոն Ջուլֆալակյանը պնդել է, որ հանդիսացել է սրճարանի համասեփականատեր, ունեցել է մասնաբաժին, հանդիսացել է «պասիվ ներդրող», սեփականության իրեն պատկանող մասը վարձով է տվել։ Իրերի այս դրությունը շարունակվել է, առնվազն, մինչև 2019թ մայիսի 6-ը, երբ նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Սակայն 2019 թ․փետրվարի 14-ին ներկայացրած իր հայտարարգրում, այդպիսի բաժնեմասի կամ ներդրման մասին ոչ մի տեղեկություն չկա կամ այդ տեղեկությունը մեզ համար փակ է։ Ի վերջո, պատգամավորի հետ կապված այս հարցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու փաստը ընդամենը նշանակում է, որ մենք ուզում ենք որոշակի պարզաբանումներ ստանալ։ Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչքանով են պատգամավորի խոսքերը համապատասխանում իրականությանը և ինչքանով է իրականությունը արտացոլված նրա հանձնած հայտարարագրի մեջ։ Եթե վստահություն լիներ, որ պարոն Ջուլֆալակյանը որևէ օրենք է խախտել, ապա կդիմեինք ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ հանցագործության մասին հաղորդմամբ՝ իրավապահ մարմիններին։ Եթե գործընթացները ամբողջությամբ համապատասխանում են օրենքի ոգուն, ապա պարոն Ջուլֆալակյանն անհանգստանալու ոչինչ չունի, բացի մեր ժամանակի կորստի փաստը։ Ավելին, պարոն Ջուլֆալակյանը նաև կարող է վստահ լինել այդ դեպքում իր անունը կշրջանառվի բացառապես ճիշտ շեշտադրմամբ (ինչի վերաբերյալ կասկած է հայտնել հարցազրույցի հղման 1։45 րոպեից)։ Հ․Գ․ Պարոն Ջուլֆալակյանը մեր կուսակցության մասին խոսելիս այն անվանել է «Քաղաքացիական որոշում»։ Ամենայն հարգանքով, հիշեցնում եմ, որ «քաղաքացիականը» «պայմանագիր»-ն է, իսկ մերը «Քաղաքացու որոշում»-ն է»։  
08:25 - 30 մայիսի, 2019
Նույնիսկ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը ձեռնարկատեր է հանդիսանում |lragir.am|

Նույնիսկ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը ձեռնարկատեր է հանդիսանում |lragir.am|

lragir.am: Զրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի պատասխանը Արարատ Միրզոյանին։ Տեսակետ կա, որ այս քայլերը ուշացած են, պետք է մինչեւ ընտրություններ այս հարցերի մասին բարձրաձայնեիք։ Համամի՞տ եք արդյոք այս դիրքորոշմանը։ Նման տեսակետ հայտնողները, հավանաբար, ծանոթ չեն նախկինում ծավալած մեր գործունեության հետ։ Տարիներ ի վեր մենք դրա մասին բարձրաձայնում ենք տարբեր հարթակներում, տարբեր կերպ։ Ավելին՝ մենք չենք սահմանափակվել միայն հարցի մասին բարձրաձայնելով։ Մենք դա մեզ և խնդիրը իրենցը համարող մարդկանց համար քաղաքական օրակարգ ենք դարձրել հեղափոխական գործընթացների օրերին։ Ավելին՝ մենք դրանով էլ չենք սահմանափակվել և մի շարք ընկերների հետ հիմնել ենք «Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը, որը հանդիպումներ է ունեցել նախկին գումարման ԱԺ-ի «Ելք» խմբակցության, 7-րդ գումարման ԱԺ-ի Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան խմբակցությունների հետ։ Ավելին՝ մենք, Արդարադատության նախարարության հետ համատեղ, օրենսդրական նախագիծ ենք հեղինակել, որը ներկայացվել է այդ հանդիպումներում։ Այնպես որ, սխալ կլինի մեր պատմությունը սկսել ԱԺ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումներից։ Եվ մեր կարծիքն է, որ այս հարցը ուշացած չէ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի և բիզնեսի միջև այդպիսի սերտաճում կա։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ապա պետք է ասել, որ դա ընդամենը նրա կարծիքն է ստեղծված իրավիճակին։ Եվ նշել, թե դա «սպառիչ պատասխաններ են», առնվազն իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ նույնիսկ այդ պատասխանի մեջ պարոն Ծառուկյանը նշել է մի կետ, որը ուղիղ հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Նա նշել է, որ ձեռնարկության կառավարման վերաբերյալ որոշում է կայացրել, ինչն, ըստ վերոնշյալ օրենքի, ուղիղ մատնանշում է, որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այսպիսով, կարելի է այդ պատասխանը բնորոշել որպես ինքնախոստովանական ցուցմունք։ «Քաղաքացու որոշումը» այս հայտարարության հետ կապված նոր քայլեր կձեռնարկի՞։ Ես, որպես անհատ, որպես կուսակցության պատասխանատու անձանցից մեկը, իմ դիրքորոշումը հրապարակային հայտնել եմ։ Այդպես են վարվել նաև շատ այլ կուսակցականներ։ Բայց ընդհանուր կուսակցությունը չի կարող ամեն առանձին անհատի հայտարարության հետ կապված մի քայլ ձեռնարկի կամ մի հայտարարություն տարածի։ Կուսակցությունը տրամադրված է սպասել ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԺ բոլոր 3 խմբակցություններին ուղղված մեր դիմումների պաշտոնական պատասխաններին, որպեսզի գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ինչ գործընթացներ ենք նպատակահարմար գտնում գեներացնել։ Ըստ օրենքի` այդ պատասխանները պետք է տրվեն 5 օրվա ընթացքում, եթե չի հայտարարվել, որ պատասխանի համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր։ Այդպիսի արձագանք չի եղել, և մենք մոտ օրերս սպասում ենք նշված դիմումների պատասխաններին, ինչից հետո կհայտարարենք մեր հետագա քայլերի մասին։   Շարունակությունը՝ այստեղ  
16:49 - 07 մայիսի, 2019
Ուժերիս ներածն անելու ենք, որպեսզի պետական կառավարման համակարգն ու բիզնեսը բաժանարար գիծ ունենան․ Սուրեն Սահակյան

Ուժերիս ներածն անելու ենք, որպեսզի պետական կառավարման համակարգն ու բիզնեսը բաժանարար գիծ ունենան․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Մի քանի ընդհանուր արձանագրում անցած շաբաթվա անցուդարձից․ 1. ՀՀ գլխավոր դատախազին ու ԱԺ նախագահին դիմումներ հղելու փաստին ԲՀԿ կուսակցության ու խմբակցության որոշ անդամների արձագանքը, իմ գնահատականով, իրավիճակին ադեկվատ չէր։ Կարծում եմ՝ անկախության հռչակումից հետո անցած տասնամյակները բավարար էին, որպեսզի գոնե քաղաքական հարցերում զսպվածության, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մշակույթ ձևավորվեր։ Փոխարենը, իրավաքաղաքական հարթության մեջ բարձրացված հարցը հանդիպեց արհամարական ու ատելության խոսքի, անհանդուրժողականության ու վիրավորանքների տարափի։ Այս առումով դեռ բավականին շատ անելիք ունենք։ 2. Դիմումների հղման փաստից մի քանի օր անց, ԲՀԿ ֆեյքերի բանակին և էթիկայի տարրական կանոններից զուրկ առանձին պատգամավորներին օգնության հասան քոչարյանամերձ մի շարք լրատվամիջոցներ ու հին քաղաքական դերակատարների ՖԲ-յան սազանդարների աստղաբույլը (ինչպիսի՜ անակնկալ)։ Ընդ որում, պետք է նաև արձանագրել, որ վերջիններիս զինանոցում, գոնե ձևական առումով, մի պատշաճ գործիք չկա, այլ ապատեղեկատվությունը, զրպարտությունը, առանց փաստական հիմքերի տարածվող լուրերը։ Սա մեզ համար գուցե արդեն սովորական է դարձել և չենք նկատում, որ խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և նախատեսված են դրա չարաշահման հնարավոր դեպքեր, որ ամեն քայլափոխի խախտվում է «Մամուլի և զանգվածային այլ լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածն ասում է․ «…Հրապարակման ենթակա չէ պատերազմ, բռնություն, ազգային ու կրոնական թշնամանք հրահրող…կեղծ  և չստուգված լրատվությունը…»՝ մեզ զրկելով օբյեկտիվ, հավաստի ու անաչառ լրատվություն ստանալու իրավունքից: 3. ՀՀ գլխավոր դատախազությունը, գործը ըստ ենթակայության ՀՔԾ հանձնելով, մատնաշել է, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի, գործի հարուցումը դրա անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության պատճառով մերժելու հիմքեր չկան։ Ըստ քրեական դատավարության 186-րդ հոդվածի, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելը ենթադրում է, որ քրեական գործի հարուցման հարցի լուծման համար անհրաժեշտ է կատարել դեպքին առընչվող նախնական գործողություններ։ Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ վաղաժամ էին որոշ պատգամավորների այն հայտարարությունները, թե դիմումի մեջ բերված հանգամանքներն իրավական առումով անհիմն են։ 4. Հայտնում եմ, որ ԱԺ նախագահին ուղղված մեր դիմումի պաշտոնական պատասխանը դեռևս չենք ստացել, սակայն ողջունում ենք գործընթացի մեկնարկը, որ տրվել է պարոն Միրզոյանի կողմից պարոն Ծառուկյանին հղված նամակով։ Այս օրերի ընթացքում հարցին հանրային արձագանքից կարելի է ենթադրել, որ պարոն Ծառուկյանի պարզաբանումներին սպասում են մեծ թվով քաղաքացիներ։ Հետաքրքիր կլինի դրանք լսել։ 5. Վերահաստատում եմ նաև, որ թե՛ ես, թե՛ մեր քաղաքական թիմը հետևողականորեն ուժերիս ներածն անելու ենք, որպեսզի պետական կառավարման համակարգն ու բիզնեսը խորը, անհաղթահարելի բաժանարար գիծ ունենան։ 6. Այս հարցով հետագա անելիքների մասին կտեղեկացնենք մեր դիմումին ԱԺ նախագահի պաշտոնական արձագանքը ստանալուց հետո։
07:48 - 03 մայիսի, 2019