Ուժերիս ներածն անելու ենք, որպեսզի պետական կառավարման համակարգն ու բիզնեսը բաժանարար գիծ ունենան․ Սուրեն Սահակյան
07:48 - 03 մայիսի, 2019

Ուժերիս ներածն անելու ենք, որպեսզի պետական կառավարման համակարգն ու բիզնեսը բաժանարար գիծ ունենան․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մի քանի ընդհանուր արձանագրում անցած շաբաթվա անցուդարձից․

1. ՀՀ գլխավոր դատախազին ու ԱԺ նախագահին դիմումներ հղելու փաստին ԲՀԿ կուսակցության ու խմբակցության որոշ անդամների արձագանքը, իմ գնահատականով, իրավիճակին ադեկվատ չէր։ Կարծում եմ՝ անկախության հռչակումից հետո անցած տասնամյակները բավարար էին, որպեսզի գոնե քաղաքական հարցերում զսպվածության, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մշակույթ ձևավորվեր։

Փոխարենը, իրավաքաղաքական հարթության մեջ բարձրացված հարցը հանդիպեց արհամարական ու ատելության խոսքի, անհանդուրժողականության ու վիրավորանքների տարափի։ Այս առումով դեռ բավականին շատ անելիք ունենք։

2. Դիմումների հղման փաստից մի քանի օր անց, ԲՀԿ ֆեյքերի բանակին և էթիկայի տարրական կանոններից զուրկ առանձին պատգամավորներին օգնության հասան քոչարյանամերձ մի շարք լրատվամիջոցներ ու հին քաղաքական դերակատարների ՖԲ-յան սազանդարների աստղաբույլը (ինչպիսի՜ անակնկալ)։

Ընդ որում, պետք է նաև արձանագրել, որ վերջիններիս զինանոցում, գոնե ձևական առումով, մի պատշաճ գործիք չկա, այլ ապատեղեկատվությունը, զրպարտությունը, առանց փաստական հիմքերի տարածվող լուրերը։

Սա մեզ համար գուցե արդեն սովորական է դարձել և չենք նկատում, որ խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և նախատեսված են դրա չարաշահման հնարավոր դեպքեր, որ ամեն քայլափոխի խախտվում է «Մամուլի և զանգվածային այլ լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածն ասում է․ «…Հրապարակման ենթակա չէ պատերազմ, բռնություն, ազգային ու կրոնական թշնամանք հրահրող…կեղծ  և չստուգված լրատվությունը…»՝ մեզ զրկելով օբյեկտիվ, հավաստի ու անաչառ լրատվություն ստանալու իրավունքից:

3. ՀՀ գլխավոր դատախազությունը, գործը ըստ ենթակայության ՀՔԾ հանձնելով, մատնաշել է, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի, գործի հարուցումը դրա անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության պատճառով մերժելու հիմքեր չկան։

Ըստ քրեական դատավարության 186-րդ հոդվածի, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելը ենթադրում է, որ քրեական գործի հարուցման հարցի լուծման համար անհրաժեշտ է կատարել դեպքին առընչվող նախնական գործողություններ։ Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ վաղաժամ էին որոշ պատգամավորների այն հայտարարությունները, թե դիմումի մեջ բերված հանգամանքներն իրավական առումով անհիմն են։

4. Հայտնում եմ, որ ԱԺ նախագահին ուղղված մեր դիմումի պաշտոնական պատասխանը դեռևս չենք ստացել, սակայն ողջունում ենք գործընթացի մեկնարկը, որ տրվել է պարոն Միրզոյանի կողմից պարոն Ծառուկյանին հղված նամակով։ Այս օրերի ընթացքում հարցին հանրային արձագանքից կարելի է ենթադրել, որ պարոն Ծառուկյանի պարզաբանումներին սպասում են մեծ թվով քաղաքացիներ։ Հետաքրքիր կլինի դրանք լսել։

5. Վերահաստատում եմ նաև, որ թե՛ ես, թե՛ մեր քաղաքական թիմը հետևողականորեն ուժերիս ներածն անելու ենք, որպեսզի պետական կառավարման համակարգն ու բիզնեսը խորը, անհաղթահարելի բաժանարար գիծ ունենան։

6. Այս հարցով հետագա անելիքների մասին կտեղեկացնենք մեր դիմումին ԱԺ նախագահի պաշտոնական արձագանքը ստանալուց հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել