«Հյուսիս-Հարավ» ճանապարհ

Հյուսիս-հարավ ծրագրով պետք է 556 կմ երկարությամբ ավտոճանապարհ կառուցվի, որն Իրանի հետ սահմանից կձգվի մինչեւ Վրաստանի սահման՝ դարձնելով Հայաստանը միջազգային տրանսպորտային միջանցքների տարանցիկ երկիր: Շինարարությունը սկսվել է 2012թ. եւ ի սկզբանե աշխատանքների ավարտը նախատեսված է եղել 2019 թ.: Սակայն մինչեւ 2017 թվականը հնարավոր է եղել կառուցել ընդհանուր մայրուղու ընդամենը 5,6%-ը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2009 թ. աշնանը՝ Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ կնքված վարկային համաձայնագրի ստորագրումից հետո: Ծրագրի վարկատուներ են նաեւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Ծրագիրն իրականացվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից, որը ենթարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Ճանապարհը պետք է կապվի վրացական մայրուղու հետ, որն էլ իր հերթին ձգվի դեպի Սեւ ծովի ափին գտնվող երկրի ամենամեծ նավահանգիստներ՝ Բաթումի եւ Փոթի: Սակայն Հյուսիս-հարավը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր տնտեսական, այլեւ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի:

Ի սկզբանե նախագծի բյուջեն կազմել է 962 միլիոն դոլար, սակայն շինարարության տարիներին բյուջեի վերանայման կարիք է եղել եւ այն էապես աճել է։

2013 թ. Հայաստանի Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ արձանագրեց ավտոմայրուղու կառուցման գործում: Աշխատանքներն իրականացնում էր իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողությունը՝ ֆրանսիական «Սաֆեժը»: Հայտարարվեց, որ ճանապարհաշինարարները չեն ապահովում բետոնե շերտի պահանջվող հաստությունն ու որակը, կառուցումն իրականացվում է տեխնիկական խախտումներով,  ջրահեռացում չի ապահովվում եւ այլն: Արդյունքում պաշտոնից ազատվեց ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը, իսկ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց:

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Նշենք‚ որ այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։ Առաքելության ընթացքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխի‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովի‚ հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանի և այլ մասնագետների հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Տրանշ-4 ծրագրի Քաջարակ-Ագարակ հատվածի կառուցման հետ կապված հիմնական հարցերին և ժամկետներին։ Արձանագրվել է‚ որ նախագծային աշխատանքներն ընթացքում են. կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։ Պատվիրատուին նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին։ ճանապարհահատվածի նախնական նախագծի հետ կներկայացվի նաև հողերի օտարման և տարաբնակեցման պլանի նախագիծը‚ որը կվերջնականացվի վերջնական նախագծի արդյունքների հիման վրա։ Նախարարի տեղակալ Ղալեչյանը շեշտել է ծրագիրն արդյունավետ իրականացնելու կարևորությունը։
12:18 - 31 օգոստոսի, 2020
Հյուսիս-հարավի գործով «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը կալանավորվել է

Հյուսիս-հարավի գործով «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 20-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեության կառավարմամբ զբաղված «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, Գուրգեն Սարգսյանին և Սուրեն Ավագյանին մեղադրանքներ են առաջադրվել: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունները 2019թ. սեպտեմբերի 21-ին դատարանի կողմից բավարարվել է, սակայն միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային միջոց գրավի կիրառումը: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, ինչպես նաև՝ նույն ընկերությանն իբրև խորհրդատվական ծառայություններ մատուցած «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և «Գևորգյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեններին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի հետագա նախաքննությամբ պարզվել, որ Սեդրակ Առուստամյանը, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի հետ փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016թ. հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «Սթոնս» ՍՊ ընկերության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը: Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերջիններս ընկերության գլխավոր հաշվապահի միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է իբրև թե խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր: Վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 2017թ. ապրիլի 4-ը 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար: «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերություններին որպես կանխավճար փոխանցված գումարներից համապատասխանաբար 130.800.000 և 116.100.000 ՀՀ դրամ գումարների հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելով՝ 2016թ. հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 25-ին և 28-ին, դեկտեմբերի 23-ին ձևակերպել են որպես ընկերությունների կարիքների համար այլ ծախսեր, կանխիկացրել, դրանցից որպես իրենց աշխատավարձ պահել են 12.000.000 ՀՀ դրամ և 8.000.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 108.100.000 ՀՀ դրամը և 118.800.000 ՀՀ դրամը՝ ընդհանուր 226.900.000 ՀՀ դրամը, առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին: Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603.000.000 ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 2016թ. սեպտեմբերի 6-ին, հոկտեմբերի 5-ին, դեկտեմբերի 23-ին և 25-ին նշված պատրվակով կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին: «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են և այդ տվյալները ներառվել ընկերության կողմից 2016-2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ: Պարզվել է նաև, որ ընկերության գլխավոր հաշվապահը 2018թ. ապրիլի 1-ին «Գոլդեն Ֆլոուր» ՍՊ ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագրի շրջանակներում հաշվապահական ծառայություններ մատուցելով, նշված ՍՊ ընկերությանը և 2020թ. փետրվարի 17-ից անմիջականորեն ներգրավված լինելով նշված ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, ինչպես նաև նախապես տեղյակ լինելով ստուգմամբ ընկերությունում խախտումների հայտնաբերման դեպքում տնօրենի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, 2020թ. մարտի 2-ին տեղեկանալով ստուգողների կողմից հայտնաբերված խախտումների ծավալին, նպաստել է կաշառք տալու և ստանալու շուրջ համաձայնության ձեռք բերմանը: 2020թ. մարտի 23-ին գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է, սակայն դատարանի կողմից որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը: Բացի այդ, պարզվել է նաև, որ գլխավոր հաշվապահը, վերը նկարագրված հանգամանքներում փողերի լվացման արդյունքում ստացված նշված գումարները հետագայում իբրև «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ծախսված լինելու հանգամանքները հիմնավորելու, ենթադրյալ հանցանքի հետքերը թաքցնելու, նկարագրված հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց պատասխանատվությունից ազատող հիմքեր ստեղծելու նպատակով, արդեն իսկ կազմված, լրացված և պետական մարմնի՝ հարկային ծառայության, կողմից վավերացված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու, հետագայում նաև այդ գրքում մտցված կեղծ տվյալների հիման վրա պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների դրամարկղային գրքերը կեղծելու դիտավորությամբ, պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհու հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը 2020թ. փետրվարի 1-ին տրամադրել է վերջինիս, ով այդ գրքում արդեն նախորդող ժամանակահատվածում ընկերության գանձապահի ու հաշվապահի կողմից կազմված ու ստորագրություններով հաստատված թերթերը փոխարինել է գլխավոր հաշվապահի կողմից տրամադրված դրամարկղային գրքի նոր թերթերով, այնուհետև փոխարինված, պատրաստված ու կարված կեղծ դրամարկղային գիրքը փետրվարի 7-ին վերադարձրել է նրան: Գլխավոր հաշվապահը նշված, ինչպես նաև «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների դրամարկղային գրքերում կատարել է կեղծ լրացումներ, որից հետո կեղծ տեղեկություններ պարունակող նշված դրամարկղային գրքերը ներկայացրել է «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենների, ինչպես նաև՝ «Սթոնս» ընկերության գանձապահի ստորագրմանն ու հաստատմանը, դրանցում որպես նշված ընկերություների հաշվապահ ստորագրել նաև անձամբ: Այնուհետև 2020թ. ապրիլի 16-ին դրանք ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռք բերված ապացուցյների համակցությամբ՝ 2020թ. հուլիսի 21-ին որոշում է կայացվել գլխավոր հաշվապահին առաջադրված մեղադրանքները փոփոխելու, լրացնելու մասին, և նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը հուլիսի 24-ին դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
13:18 - 28 հուլիսի, 2020
Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Անդրադառնալով Պատարայում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի համայնքն ընկած ավելի քան 10 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը: Այցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաեւ այցելել է գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն»  զբոսաշրջային կենտրոն և հետաքրքրվել գործունեության տեսակներով՝ միաժամանակ հայտնելով զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանն աջակցելու կառավարության պատրաստակամությունը:
13:31 - 13 հուլիսի, 2020
Հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող քրեական գործով․ Դատախազություն

Հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող քրեական գործով․ Դատախազություն

Հանրապետության գլխավոր դատախազությունը միջանկյալ ամփոփում է ներկայացրել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը․ «Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերական հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին: Ինչպես արդեն նշել ենք, քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն: Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով մի քանի ուղղություններով (Ծրագրի համար պատասխանատու պաշտոնատար անձանց, Ծրագրում ընդգրկված արտասահմանյան կապալառու ու տեղական ենթակապալառու կազմակերպությունների հանցավոր չարաշահումների, դրանցում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցավոր գործունեության) բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Քննության ներկա պահին արդեն իսկ քրեական հետապնդում է հարուցվել 29 անձանց նկատմամբ, որոնցից չորսը գործող և նախկին պաշտոնատար անձինք են, իսկ մյուսները՝ ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Անդրադառնալով հատկապես տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերևույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ քննության ուղղությանը, նշենք, որ քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4.211.416.057 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս: Այսպես. «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարակական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջև՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:Վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Նախապես մշակված հանցավոր սխեմայի իրագործմամբ «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ն, ընկերության երկու աշխատակիցների ներգրավմամբ հիմնադրել են երկու ՍՊ ընկերություններ՝ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի: Ընկերության գլխավոր հաշվապահ Ս.Մ-ն գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ՝ ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերությունից ստացված դրամական միջոցները նշված երկու ՍՊ ընկերություներին փոխանցելու, «Սթոնս» ՍՊ ընկերությունում դիվիդենտ-շահաբաժին ձևակերպելու միջոցով կանխիկացրել է ստացված գումարի մի մասը և այն առձեռն փոխանցել է Ս.Ա-ին: Առանց պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցելու, «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին է ներկայացվել 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվներ, որոնք ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում: Միայն նկարագրված առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում, քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2.729.457.229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին, վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, Չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար: Ս.Ա-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումը և նույն որոշմամբ այն փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ՝ որպես վնասի վերականգման երաշխիք: Գործով նախաքննությունը շարունակվում է, պարբերաբար տեղեկություն կտրամադրվի քննության բոլոր ուղղություններով ընթացքի ու արդյունքների վերաբերյալ»: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
10:15 - 12 հունիսի, 2020
ՏԿԵ նախարարը և ՉԺՀ դեսպանը կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի իրականացումը

ՏԿԵ նախարարը և ՉԺՀ դեսպանը կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի իրականացումը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3  ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա: Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:
19:50 - 12 մայիսի, 2020
Կառավարությունը կաջակցի Հյուսիս-հարավի իսպանական կառուցապատողի չվճարած ենթակապալառուներին |civilnet.am|

Կառավարությունը կաջակցի Հյուսիս-հարավի իսպանական կառուցապատողի չվճարած ենթակապալառուներին |civilnet.am|

civilnet.am: Կառավարության ապրիլի 9-ի նիստում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կապալառու իսպանական «Կորսան կորվիամ» ընկերության ենթակապալառու տեղական ընկերություններին աջակցություն ցուցաբերելու հարցը: Վերջիններս հայտնվել են դժվարին իրավիճակում այն պատճառով, որ նրանց չի վճարել իսպանական ընկերությունը, որի հետ կառավարության վեճը քննվելու է արբիտրաժային դատարանում: Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որի խոսքով իսպանական ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին, և այդ ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում: «Այժմ կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը և այս տարի մասնակցեն մեր շինարարական աշխատանքներին»,- ասաց Պապիկայնը: «Սա նույնպես հակաճգնաժամային որոշում է»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ ճգնաժամը ծագել էր կորոնավիրուսից առաջ:  «Ուզում եմ հիշեցնել, որ այս դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ: Նախաքննությունն ընթանում է, և այս ընթացքում հարուցված ամենամասշտաբային քրեական գործերից է»,- ասաց վարաչպետը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դատախազն առաջարկեց աջակցության մասին որոշման մեջ հաշվի առնել, թե արդյոք այդ ցանկում կան ընկերություններ, որոնց մասնակցությամբ են կատարվել չարաշահումները: Գլխավոր դատախազի դիտարկումը վարչապետն ընդունելի համարեց և առաջարկեց միչև որոշումը ստորագրելը ստուգել այդ հանգամանքը, որպեսզի աջակցությունը դառնա ավելի հասցեական:  Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:38 - 09 ապրիլի, 2020
Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների բողոքը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների բողոքը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում  է ներկայացրել ճանապարհաշինական ծրագրի շուրջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհությունների վերաբերյալ: Նախարարությունը հայտնում է, որ ճանապարհաշինության ծրագիրը, որի դեմ բողոքում են բնակիչները, Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ որևէ առնչություն չունի։ Ներկայացնում ենք նախարարության պարզաբանումը. «Հարգելի գործընկերներ, այսօր լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհություններին՝ նշելով‚ թե վերջիններս դեմ են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։ Տեղեկացնենք‚ որ հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում»։
17:21 - 10 փետրվարի, 2020
Առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան. Հակոբ Կարապետյանը՝ ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման բողոքի ակցիայի մասին |pastinfo.am|

Առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան. Հակոբ Կարապետյանը՝ ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման բողոքի ակցիայի մասին |pastinfo.am|

pastinfo.am: Ամիսներ առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, խնդիրները բարձրաձայնվեցին և հնարավորինս փոխզիջումային տարբերակ առաջարկվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման։ «Նախկին նախագծով ճանապարհը բարձրության վրա էր անցնում և մուտքերն ու ելքերն անբավարար էին։ Նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է վերգետնյա անցում և ճանապարհը բարձրությունից իջել է ներքև»,-ասաց Հակոբ Կարապետյանը։ Վերջինս նկատեց՝ անկախ նրանից նախագծում փոփոխություններ կլինեն, թե ոչ ավտոտնակների ապամոնտաժումը դրա հետ կապված չէ, որովհետև Հակոբ Կարապետյանի խոսքով քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 2016-2017 թթ. ընթացքում այս տարածքներն իրացվել է և բավարար չափով փոխհատուցումներ տրվել են։ «Այն սկզբունքով ենք առաջնորդվել, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան։ Սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար շուկայական արժեքի 115տոկոսի չափով փոխհատուցում է տեղի ունեցել, իսկ ինքնակամ այսինքն «զավթած» տարածքների վրա համայնքն այդ տարածքների համար վճարել է 25 տոկոսի չափով փոխհատուցում, կոնկրետ ավտոտբնակները փոխհատուցվել են այն գնով, որով բնակիչը կարող է այս պահին նոր ավտոտնակ ձեռք բերել»,-նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը։
13:51 - 10 փետրվարի, 2020