Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:
Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:
«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:
comment.count (0)