Հրազդան

Հրազդան (մինչեւ 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին: Երեւանից հեռու է 40 կմ հյուսիս-արեւելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը: Մինչեւ 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երեւանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Տարածքը՝ 152 կմ²։

Քաղաքապետը Սեւակ Միքայելյանն է։

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։  Հունիսի 16-ին հոսպիտալացվել եւ մինչ օրս ստացիոնար բուժում է ստանում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» մայրապետ Գայանե Գասպարյանը։ Նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Ինձ թույլ էի զգում, ջերմություն ու հազ ունեի, քրտնում էի։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չես կռահի, թե երբ ու ոնց ես վարակվում։ Հիվանդի հետ կշփվես։ Ճիշտ է՝ հագած, կապած էի, բայց դե ո՞նց եղավ, չհասկացա: Խայտառակ ցավ է, շատ վատ վիճակ է, ես անցել եմ դրա միջով, չեմ ցանկանա այլ մարդ այդ դժվարությունը տանի»,- նշեց Գայանե Գասպարյանը։ Նրա ինքնազգացողնությունն արդեն լավ է և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, պահել հակահամաճարակային կանոնները:  «Չեք պատկերացնի՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարկաների, բոլորի աշխատանքն ինչ դժվար է։ Արտակարգ իրավիճակում, ճգնաժամային վիճակով են աշխատում: Անհնար է հիվանդանոցում աշխատել եւ չհիվանդանալ, ինչքան կուզես, զգու՛յշ եղիր»,-ասում է Գայանե Գասպարյանը։  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» կորոնավիրուսով վարակվել է նաև լաբորատորիայի աշխատակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ լաբորատորիայի աշխատակիցը մեկուսացած է տանը։ «Մեր վարակված երկու աշխատակիցներն էլ աշխատանքի ընթացքում են վարակվել։ Երևի հոգնում են, այդ հոգնածությունից իրենց զգոնությունը կորցնում են ու վարակվում»,- նշեց Աստղիկ Բեյբությանը։ Կորոնավիրուսով վարակված, հոսպիտալացված բուժաշխատողներ Առողջապահության նախարարության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝  հունիսի 26-ի դրությամբ՝ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 295 բժիշկ և բուժքույր, 96 մայրապետ: Նրանցից 12 բժիշկ, 20 բուժքույր և 6 մայրապետ հիվանդանոցային բուժում էր ստանում։  Մինչ օրս կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել։ «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հունիսի 23-ին հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ամենաշատը վարակվել են Երևանի բուժկենտրոնների աշխատակիցները. վարակված է 63 բժիշկ, 111 բուժքույր և 78 մայրապետ։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի թիրախում հիմնականում բժշկական կենտրոնների բուժքույրերն են։  Պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ մինչ օրս որևէ բժիշկ, բուժաշխատող կամ բուժկենտրոնի այլ աշխատակից չի վարակվել կորոնավիրուսով, այստեղ չկան նաև բուժկենտրոնի ինքնամեկուսացած աշխատակիցներ։ Բացի Երևանից, վարակված և ինքնամեկուսացած բժիշկների թվով աչքի են ընկնում Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը։  Վարակված, հիվանդանոցային բուժում ստացող և ինքնամեկուսացած զգալի թվով աշխատակիցներ կան Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հունիսի 26-ի դրությամբ՝ այստեղ վարակված 15 բժիշկ, 30 բուժքույր և 6 մայրապետ կա. նրանցից 12-ը հիվանդանոցային բուժում է ստանում, իսկ 39 բուժաշխատող ինքնամեկուսացած է: Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Արա Սիմոնյանի խոսքով՝ միանշանակ չեն կարող ասել, որ բուժաշխատողները վարակվել են աշխատանքային պարտականությունները կատարելիս, քանի որ վիճակագրություն չունեն, որ կորոնավիրուսի նմուշառում կատարող, մեկուսարանում աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով։ Արա Սիմոնյանը հավաստիացնում է, որ հիվանդանոցում բժիշկն առավել ապահով է։ «Բժիշկները ռիսկային գոտում աշխատում են անընդհատ, նաև իրենց մասնագիտության բերումով կարող են վարակվել, բայց կարծում եմ՝ հիվանդանոցում բժիշկի վարակվելու հավանակությունը քիչ է, քան այլ միջավայրում։ Բժիշկը հիվանդանոցում կրում է արտահագուստ, ձեռնոցներ, նրանց աշխատանքային միջավայրը ախտահանված է»,- նշեց նա։ Բուժկենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրենի խոսքով՝ թեև բուժկենտրոնում ունեն վարակված և մեկուսացած բուժաշխատողներ, սակայն իրենց աշխատանքը չի պարալիզացվել մյուս բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի փոխանցմամբ՝ մարզի բուժկենտրոնների վարակված բուժաշխատողների առողջական վիճակը կայուն է։ «Այս պահին կյանքին վտանգ սպառնացող բուժաշխատող չունենք։ Նրանք աշխատանքից դուրս ունեն իրենց անձնական շփումները, այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ 100 տոկոսով վարակվել են հիվանդանոցային պայմաններում՝ աշխատանքային պարտականությունը կատարելիս: Ասեմ ավելին՝ բուժհաստատության ներսում նրանք ավելի ապահով են, որովհետև բոլորը կրում են դիմակներ՝ լինելով բուժաշխատող, գտնվելով հիվանդանոցում շատ ավելի ռեալ գիտակցում են, որ պետք է պահպանեն բոլոր կանոնները»,-նշեց նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:01 - 01 հուլիսի, 2020
ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր են իրականացվել Հրազդանում․ դիտարկված 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր են իրականացվել Հրազդանում․ դիտարկված 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։Սակայն դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից կամ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության 48 և 72 ժամյա կասեցումներ։Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։
19:27 - 28 հունիսի, 2020
Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս քաղաքացիների բժշկական օգնությունը պատշաճ իրականացնելու համար․ Կոտայքի մարզպետարան

Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս քաղաքացիների բժշկական օգնությունը պատշաճ իրականացնելու համար․ Կոտայքի մարզպետարան

Ի պատասխան «Ժամանակ» թերթի երեկվա համարում «Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար» վերտառությամբ հրապարակման, որն ակտիվորեն տարածվում է էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից, Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտ է համարում պարզաբանում ներկայացնել․Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում գործող ցանկացած բուժհաստատությունում այս օրերին դիմելիության աճ է արձանագրվում։ Հերթերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին։ Եվ դա բնական է՝ հաշվի առնելով համավարակի տարածումը կանխարգելելու կարևորությունը։Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մեր քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը։
09:56 - 27 մայիսի, 2020
Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով․ Ռոմանոս Պետրոսյան

Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում: Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից: Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ իմ կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ազգային Անվտագության Ծառայության Կոտայքի մարզային վարչությանը: Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սա, ի գիտություն, բոլոր այն ԶԼՄ-երի, որոնք պարբերաբար շահարկում են այս թեման՝ առանց տեղյակ լինելու մանրամասներին: Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության շրջանակում քննարկեցինք ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները, որը բաղկացած է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ ֆինանսատնտեսական իրավիճակի կարգավորում, կադրային նոր քաղաքականության մշակում, կարգապահության և մասնագիտական որակների բարձրացում, ԲԿ-ի վերազինում և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում: Ի դեպ, այս երկու ամիսների ընթացքում, «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ, սակայն դեռ շատ անելիքներ կան: Այսպես, օրինակ՝ 2020թ հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ: Նշեմ, որ այսօր մեր պետական ու տարածքային կառավարման մարմինները, իրավապահ համակարգը և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մյուս ինստիտուտները թույլ չեն տալու և ոչ մի ոլորտում նախկինում տեղ գտած մերժելի ու հանցավոր գործելաոճի նույնիսկ փոքրիկ փորձ իսկ, եւ ես շարունակելու եմ հետայսու ևս ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում խստագույնս հակադարձել նմանատիպ երևույթներին ու զերծ չեմ մնալու նույնիսկ ամենավիրահատական գործիքակազմերից, այդ թվում՝ սերտ համագործակցելով ՀՀ իրավապահ համակարգի հետ։ Ի գո՛րծ  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
17:53 - 20 փետրվարի, 2020