Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցի նախաշեմին թուրքական դատարանը փակել է Խաշոգջիի սպանության գործը |1lurer.am|

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցի նախաշեմին թուրքական դատարանը փակել է Խաշոգջիի սպանության գործը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի դատարանը հունիսի 17-ին փակել է Ջամալ Խաշոգջիի սպանության գործը՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա այցից 5 օր առաջ: Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը գործը փակել է՝ նշելով տարբեր իրավական պատճառներ: Սաուդյան Արաբիայի դատական իշխանություններն էլ հայտարարել են, որ կասկածյալներից շատերն արդեն դատարանի առաջ են կանգնել Թագավորությունում։ Middle East Eye և Washington Post ամսագրերի սյունակագիր Խաշոգջին սպանվել էր 2018թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, ինչի պատճառով Անկարայի և Էր Ռիադի հարաբերությունները զգալիորեն վատացել էին: Այժմ Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ փորձելով ամրապնդել իր տնտեսությունը:
14:57 - 25 հունիսի, 2022
Նշվել է ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը. Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Նշվել է ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը. Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:
13:16 - 01 հունիսի, 2022
Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով Եվրամիության երկրները քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու սցենարը։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։ CNN-ը գրում է այն մասին, թե արդյոք հնարավոր է փոխարինել ռուսական նավթն այլընտրանքով, և ի՞նչ խնդիրներ ունեն այն երկրները, որոնք կարող են դա անել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Եվրոպան ձգտում է խաթարել Մոսկվայի ջանքերն Ուկրաինայի ուղղությամբ՝ իրեն զրկելով ռուսական նավթից, Մերձավոր Արևելքի երկրները դառնում են նավթի միակ արտադրողները, որոնք բավականաչափ հնարավորություններ ունեն՝ ռուսական նավթը փոխարինելու։ Հարցն այն է, թե արդյոք նրանից որևէ մեկն ունի տեխնիկական հնարավորություն և, որն ավելի կարևոր է, պատրաստակամություն՝ դա անելու։ Արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են կիրառել՝ ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանին պատժելու, սակայն Եվրամիությունը դեռևս չի դադարեցրել նավթի ու գազի ներկրումը՝ Մոսկվայի եկամուտների հիմնական աղբյուրը, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանը։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել անմշակ նավթի օրական 2,2 մլն բարելի և նավթամթերքի օրական 1,2 մլն բարելի պակասի։ Չնայած որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն աշխարհում նավթի հայտնաբերված պահուստների գրեթե կեսը, ենթակառուցվածքներում ներդրումների պակասը, հակամարտությունները, քաղաքական դաշինքներն ու պատժամիջոցներն այն պատճառներից մեկն են, որոնք այս տարածաշրջանին թույլ չեն տա օգնության հասնել Եվրոպային։ Ներկայացնում ենք ուղեցույց այն մասին, թե ինչ կարող են և չեն կարող անել նավթ արտադրող պետությունները՝ փոխհատուցելու ռուսական գազի պակասը։   Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՕՊԵԿ-ի պահուստային հզորությունների առյուծի բաժնը՝ օրական մոտ 2,5 մլն բարել, ասում է Energy Intelligence գործակալության ներկայացուցիչ Ամինա Բաքրը։ Սակայն ՕՊԵԿ-ի՝ նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է այն սահմանաչափը գերազանցող ծավալներ արդյունահանելու ԱՄՆ պահանջը, որը համաձայնեցված է Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս արտադրողների հետ, և հազիվ թե ականջալուր լինի նավթի արդյունահանումն ավելացնելու Եվրոպայի կոչերին։ Վերլուծաբաններն ասում են, որ Պարսից ծոցի ներկայիս սպառողներին մատակարարվող նավթի վերաուղղումը Եվրոպա կարող է թանկ արժենալ։ Նրանք կարծում են, որ դա սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի և նրա նավթի հիմնական գնորդ Չինաստանի հետ ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։   Իրաք Տեսականորեն՝ Իրաքը կարող է արդյունահանել օրական լրացուցիչ 660 հազար բարել նավթ, ասում է փորձագետ Յուսեֆ Ալշամիրին։ Ներկա պահին երկիրն արդյունահանում է օրական 4,34 մլն բարել նավթ, իսկ արդյունահանման նրա առավելագույն հզորությունը կազմում է 5 մլն բարել, սակայն միջկրոնական տարաձայնություններն ու Բաղդադում առկա քաղաքական փակուղին նշանակում են, որ այս երկրի վրա չի կարելի հույս դնել։ Նավթի արդյունահանման ավելացման համար Իրաքը նաև չունի ենթակառուցվածքներ, և կարող են տարիներ անցնել, մինչև որ նավթային նախագծերում կատարված ներդրումներն արդյունք տան, կարծում են վերլուծաբանները։   Լիբիա Լիբիայում նավթահանքերի աշխատանքը պարբերաբար խաթարվում է երկրում առկա քաղաքական լարվածության պատճառով։ Ապրիլի վերջին այս երկրի Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ երկիրն օրական ավելի քան 550 հազար բարելով պակաս նավթ է արդյունահանում՝ երկրում քաղաքական իրավիճակից դժգոհ խմբերի կողմից նրա հիմնական նավթահանքի և արտահանման տերմինալների արգելափակման պատճառով։ Վերամշակման գործարաններից մեկն էլ տուժել է զինված բախումների պատճառով։ Փորձագետ Ալշամիրիի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացման հարցում Լիբիայի վրա նույնպես «գրեթե չի կարելի հույս դնել», քանի որ դրա արդյունահանման մի մասը տարիներով խափանված է եղել՝ անկայունության և առանցքային նավթահանքերում անընդմեջ տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։   Իրան ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի համատեղ հզորություններից զատ՝ Իրանն, ըստ ամենայնի, շուկայում նավթի ծավալի ավելացման հաջորդ ամենապատրաստված երկիրն է, սակայն Իրանի դեմ դեռ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ 2015 թ-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։ Վերլուծաբանների կարծիքով՝ երկիրը կարող է օրական մինչև 1,2 միլիոն բարել նավթ մտցնել շուկա, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ փետրվարի կեսի դրությամբ Իրանն ունեցել է 100 մլն բարել նավթ լողացող պահեստներում, ինչը նշանակում է, որ նա կարող է երեք ամիս շարունակ օրական 1 մլն բարել նավթ, կամ համաշխարհային մատակարարումների 1%-ն ապահովել։ Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե «անհաջող գործարք կնքի Իրանի հետ միայն նրա համար, որ ավելի շատ նավթ մտնի շուկա», - ասում է Ամինա Բաքրը։   Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեջ չմտնող երկրները, որոնք նույնպես նավթի արդյունահանման ավելացման ներուժ ունեն, այդ թվում՝ Նիգերիան ու Վենեսուելան, նույնպես խնդիրների են բախվում։ Երբ ասում են, որ երկիրն արդյունահանման լրացուցիչ հնարավորություն ունի, դա նշանակում է, որ այն «կարող է այդ արդյունահանումն ապահովել 30-90 օր», ասում է Ալշամարին։ Այդ պատճառով էլ ռուսական նավթի արգելքը «կարող է վնասակար լինել համաշխարհային տնտեսության համար»։ Այդ դեպքում Եվրոպային կմնա միայն ԱՄՆ տարբերակը։ Սակայն անգամ եթե ԱՄՆ-ն ավելի շատ նավթ արդյունահանի, դա բավարար չի լինի և չի ապահովի Եվրոպայի պահանջարկը, քանի որ ամերիկյան նավթը շատ թեթև է: «ԱՄՆ շատ թեթև նավթն այնքան էլ չի համապատասխանում եվրոպական շուկային, ոչ էլ հարմար է ավելի շատ դիզելային վառելիքի արտադրման համար, որի կարիքն իրոք կա», - ասում է փորձագետներից մեկը։   Նորա Վանյան
16:51 - 12 մայիսի, 2022
Եմենի ղեկավարն իշխանությունը փոխանցել Է նախագահական ղեկավար խորհրդին |armenpress.am|

Եմենի ղեկավարն իշխանությունը փոխանցել Է նախագահական ղեկավար խորհրդին |armenpress.am|

armenpress.am: Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հայտարարել է նախագահական ղեկավար խորհուրդ ստեղծելու եւ պետության կառավարման լիազորություններն անցումային ժամանակաշրջանում նրան փոխանցելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է նախագահի ուղերձում, որը փոխանցվել է Եմենի «Աս Սաբա» նորությունների գործակալության կողմից: «Որպես Եմենի նախագահ, ցանկանալով պետության կառավարման գործում իրական առաջնորդների մասնակցությունն այս անցումային ժամանակաշրջանում, հայտարարում եմ նախագահական ղեկավար խորհրդի ստեղծման մասին, որը ողջ անցումային ժամանակաշրջանում կստանձնի պետության կառավարումը քաղաքականապես, տնտեսապես եւ անվտանգության ոլորտում»,-ասվում է նրա ուղերձում: Նա նաեւ կարգադրել է, որպեսզի փոխնախագահ Ալի Մոհսեն ալ Ահմարը թողնի իր կողմից զբաղեցրած պաշտոնը: Նոր գերատեսչությունը կստանձնի պարտավորություններն ինչպես նախագահ, այնպես էլ նրա տեղակալի: Նախագահը խորհրդի ղեկավար է նշանակել Ռիշադ Մուհամեդ ալ Ալիմին: Խորհրդի կազմի մեջ մտել է եւս յոթ մարդ, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Թարեք Սալեհի զարմիկը եւ անջատողական Հարավային Եմենի անցումային խորհրդի ղեկավար Այդարուս ազ Զուբեյդին, որը կառավարում է Եմենի հարավում: Խորհուրդը պետք է վարի եմենական պետության շահերին համապատասխանող հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որն ապահովում է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ նրա սահմանների անձեռնմխելիությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:32 - 07 ապրիլի, 2022
Ինչպե՞ս է ազդում ուկրաինական պատերազմը Միջին Արևելքի վրա․ Al Jazeera

Ինչպե՞ս է ազդում ուկրաինական պատերազմը Միջին Արևելքի վրա․ Al Jazeera

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքներն ազդել են ողջ աշխարհի վրա, և Միջին Արևելքը բացառություն չէ։ Տարածաշրջանի երկրների վրա, որոնք տարիներով համագործակցել են թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի հետ, այժմ ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք սատարեն կողմերից մեկին։ Սակայն, կարծես, միջինարևելյան երկրները դեռևս չեն ուզում նման բան անել․ նրանց մեծ մասը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը, սակայն զերծ մնացել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, գրում է Al Jazeera պարբերականը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին։ Այս երկրներն ունեն տարբեր տնտեսական ակնկալիքներ․ էներգակիրների և ցորենի ներկրողները պատրաստվում են վատթարագույն սցենարների, մինչդեռ նավթ արտադրողները սպասում են եկամուտների կտրուկ ավելացման։ Սակայն տնտեսական հարցերից զատ՝ այս հակամարտության ելքը կարող է զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Հաշվարկված չեզոքություն 2020 թ-ի նոյեմբերին Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց ի վեր Միջին Ասիայի առաջնորդները ձգտում են նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը՝ կարգավորելով լարված երկկողմանի հարաբերությունները։ Օրինակ՝ Թուրքիան բացել է հաղորդակցության ուղիները Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիությունների և Իսրայելի հետ, շփումներ կան նաև Կատարի և Եգիպտոսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև։ Այս երկրների կառավարությունները չեն ուզում, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի չիք դարձնի այդ ջանքերն ու բևեռացման նոր ալիք առաջացնի։ Նրանք նաև չեն ուզում, որ Ռուսաստանը խոշոր պարտություն կրի, որը կարող է ամրապնդել միակողմանի գործողություններ ձեռնարկելու ԱՄՆ քաղաքականությունը և դժվարացնել իրենց դաշինքների դիվերսիֆիկացումը։ Սակայն Բայդենի վարչակազմի և արաբական առաջնորդների առաջնահերթությունները հակասում են միմյանց։ Ներկա պահին Վաշինգտոնը կենտրոնացած է Մոսկվային զսպելու և մեկուսացնելու վրա և աշխատում է հնարավոր միջուկային համաձայնագրի վրա, որը կարող է վերջ դնել Իրանի տնտեսական մեկուսացմանը։ Արաբական երկրները, սակայն, ուզում են, որ Ռուսաստանն ուժեղ մնա՝ զսպելու համար տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու Իրանի նկրտումները։ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ հարաբերությունները Բայդենի վարչակազմի հետ մնում են լարված՝ հատկապես այն պատճառով, որ, ըստ նրանց, ԱՄՆ-ն բավականաչափ աջակցություն չի ցուցաբերել իրենց տարածքների վրա հութիների վերջերս տեղի ունեցած հարձակումների հարցում։ Սա ազդել է Ուկրաինա ներխուժմանը նրանց արձագանքի վրա։ Օրինակ՝ ԱՄԷ-ն փետրվարի 25-ին ՄԱԿ-ում ներխուժումը դատապարտող բանաձևի նախագծի օգտին քվեարկման ժամանակ ձեռնպահ է մնացել։ Վերջերս այս երկու երկրները վերանայել են իրենց դիրքորոշումը (օրինակ՝ մարտի 2-ին ԱՄԷ-ն կողմ է քվեարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է ներխուժումն Ուկրաինա), սկսել բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ և իրավիճակի դեէսկալացիայի կոչեր արել։ Սակայն Էր Ռիադն այս հարցում ԱՄՆ-ին շատ ընդառաջ չի գնա, քանի դեռ Բայդենը չի սկսել ակտիվ համագործակցությունը գահաժառանգ Մուհամադ իբն Սալմանի հետ՝ չսահմանափակվելով միայն նավթի արդյունահանման ավելացման խնդրանքով։ Էմիրաթներն, իրենց հերթին, սառեցնում են իրենց արտաքին կապեըը Վաշինգտոնի հետ, քանի որ Բայդենի վարչակազմը սկսել է ավելի սերտ կապեր հաստատել ԱՄԷ-ի տարածաշրջանային մրցակից Կատարի հետ։ Որպեսզի այս երկրներն ԱՄՆ կողմն ացնեն, կպահանջվի ավելի շատ փոխգործակցություն և շահերի համաձայնեցում։ Թուրքիա Ռուսական ներխուժումն Ուկրաինա ցուցադրեց նաև Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Իրան դաշինքների փխրունությունը։ Իր ներկայիս տնտեսական մեկուսացման պատճառով Մոսկվան ավելի մեծ կախում է ձեռք բերել թուրքական և իրանական շուկաներից, ինչը հանգեցրել է նրանց վրա ազդեցության որոշ լծակների կորստի։ Եթե Ռուսաստանը գրավի Սև ծովի ուկրաինական ափը, դա կմեծացնի վերահսկողությունը Սև ծովի նկատմամբ, ինչը մարտահրավեր է Թուրքիայի համար։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի համար ակնհայտորեն շահավետ է լարվածությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, նոր հնարավորություններ է տեսնում այս հակամարտությունում և կարծում է, որ կարող է դրանք իր օգտին ծառայեցնել։ Սակայն նա նաև չի ուզում սադրել Պուտինին, քանի որ գիտի, որ ցանկացած պատժամիջոց կարող է վնաս հասցնել թուրքական, առանց այդ էլ, խոցելի տնտեսությանը։ Այսպիսով՝ Անկարան հրապարակավ սատարում է Կիևին և ԱԹՍ-ներ տրամադրում, որոնք ուկրաինական բանակը հաջողությամբ կիրառում է ռուսական զորքերի դեմ, բայց խուսափում է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։ Սակայն լիովին հավանական է, որ Պուտինը մտապահում է Թուրքիայի բալանսավորված դիրքորոշումը, որպեսզի հետագայում պակաս զիջող լինի Անկարայի կարիքների և պահանջների հարցում․ նա արդեն թեթևակի պատժում է Անկարային՝ արգելափակելով Ուկրաինայից և Ռուսաստանից ծովով ձեթի արտահանումը Թուրքիա, ինչը կարող է հանգեցնել թուրքական շուկայում այդ ապրանքի պակասի։ Բայցևայնպես, Պուտինն այժմ Էրդողանի կարիքն ավելի շատ ունի, քան նախկինում, քանի որ Թուրքիան կարող է լավ ուղղություն լինել ռուսական կապիտալի և զբոսաշրջիկների համար, որոնք ձգտում են շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները։ Այսպիսով՝ հազիվ թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցնի Անկարայի և Մոսկվայի միջև խզումների կամ Թուրքիայի անցմանն Արևմուտքի կողմ։ Իրան Ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից Իրանը նույնպես հասկացրել է, որ չի պատրաստվում որևէ մեկի կողմը բռնել։ Իրանի չեզոքության երեք հիմնական պատճառ կա։ Առաջինն այն է, որ Մոսկվան վճռականորեն չսատարեց Թեհրանին՝ Թրամփի վարչակազմին և Իսրայելին նրա դիմակայության հարցում։ Երկրորդն այն է, որ Իրանի համար առաջնահերթություն է ԱՄՆ հետ միջուկային համաձայնագրի վերականգնումն ու իր նկատմամաբ գործող պատժամիջոցների չեղարկումը, այդ պատճառով էլ նա Վաշինգտոնի հետ առճակատում չի ուզում։ Երրորդ հերթին՝ Իրանի քաղաքական վերնախավը տարակարծիք է պատերազմի հարցում․ ոմանք ԱՄՆ-ին մեղադրում սրացման համար, մյուսներն՝ Ուկրաինային սատարող հայտարարություններ անում և պահանջում ռուսական ագրեսիայի դադարեցում։ Եթե Իրանի և ԱՄՆ միջև միջուկային համաձայնագրի վերակնքումն արդյունքում ձախողվի, Թեհրանի և Մոսկվայի մերձեցումը կավելանա, իսկ եթե հաջողի, Իրանն, ըստ ամենայնի, կհեռանա Ռուսաստանից։ Այսպիսով՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա Բայդենի վարչակազմի համար կարող է խթան լինել՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի արագ վերականգնման համար։ Իսրայել Իսրայելը նույնպես փորձում է պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ միջև։ Այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հայտարարեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» սատարելու մասին, Ռուսաստանը դատապարտեց Գոլանյան բարձունքների օկուպացիան Իսրայելի կողմից։ Սակայն Իսրայելն այնքան հեռուն չգնաց, որքան Թուրքիան, և մերժեց Ուկրաինայի խնդրանքը՝ զենք և ռազմական տեխնիկա ուղարկելու վերաբերյալ։ Ըստ The Wall Street Journal-ի զեկույցի՝ Իսրայելի մտահոգությունն այն է, որ եթե նա ներգրավվի Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում, Մոսկվան կպատասխանի Սիրիայի օդային տարածքում նրա գործողությունների սահմանաափակմամբ, որոնք ուղղված են Իրանին ու նրա դաշնակիցներին զսպելուն։ Այսպիսով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փորձության է ենթարկել Միջին Արևելքում Մոսկվայի և Վաշինգտոնի ազդեցության լծակները։ Այն փաստը, որ տարածաշրջանի երկրները որոշել են հավասարակշռություն և չեզոքություն պահպահել, ցույց է տալիս, որ, չնայած Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանն ու Իրանի հետ միջուկային համաձայանգրի վերականգնմանն ուղղված ջանքերին, որոնք արաբ առաջնորդները գնահատել են որպես նահանջ, Վաշինգտոնը դեռ բավականին մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում։ Սակայն թե արդյոք նրանք չեզոքություն կպահպանեն երկարաժամկետ հեռանկարում, կախված կլինի, նախևառաջ, Կիևի շուրջ ռազմական գործողությունների ելքից։ Եթե կողմերից մեկը հստակ հաղթանակ տանի, միջինարևելյան երկրներն իրենց դիրքորոշումները համապատասխանաբար կվերանայեն՝ ապահովելու սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Սակայն ինչ էլ լինի արդյունքում, հիմա արդեն պարզ է, որ նրանք չեն ուզում ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանի վճռական հաղթանակն Ուկրաինայի և այլ հարցերում։ Նորա Վանյան
22:48 - 17 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ զրուցել է համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ զրուցել է համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Այս մասինտեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համապատասխան ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։
15:44 - 19 փետրվարի, 2022
Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված Է հասցրել Եմենին

 |armenpress.am|

Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված Է հասցրել Եմենին |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել Է  Իրանի PressTV հեռուստաալիքը: Նշվում Է, որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի եւ Էլ Ջաուֆի նահանգներում: Ռազմական գործողություների հետեւանքով զոհերի մասին չի հաղորդվում: Վերջին շաբաթներին կոալիցիայի օդուժն ակտիվացրել Է գրոհները Եմենում, մասնավորապես խռովարարների կողմից վերահսկվող Սանայում, հուսիների ռազմական օբյեկտների վրա: Առավել ինտենսիվ ռմբակոծումներն սկսվել են այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ»-ի կողմնակիցները հունվարի 3-ին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու զավթեցին Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, իսկ հունվարի 17-ին անօդաչուների եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ գրոհ իրականացրեցին Աբու Դաբիի վրա, որի հետեւանքով զոհվեց չորս մարդ եւ առնվազն հինգը վիրավորվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:56 - 26 հունվարի, 2022
Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում |armenpress.am|

Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում |armenpress.am|

armenpress.am: Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա եւ վեցամյա ընդմիջումից հետո պետք Է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»: Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի եւ իրանցի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում: Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում եւ Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի եւ Էր Ռադի միջեւ երկխոսության եւ դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան: Երկու երկրների միջեւ հարաբերությունները լրջորեն սրվեցին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո, որը շարունակվում Է մինչ օրս: Իրանը թագավորության այդ գործողություննեը գնահատում Է որպես տարածաշրջանի իրադրության ապակայունացում: Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է հուսիների աջակցության մեջ, որոնք իրենց զենքն, այդ թվում անօդաչուներն, ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:56 - 17 հունվարի, 2022
Հայաստան-Սաուդյան Արաբիա փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ «Արմենպրես»-ին |armenpress.am|

Հայաստան-Սաուդյան Արաբիա փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա՝ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին մասնակցելու նպատակով, և նրա հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին: Այդ մասին վստահեցրել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահի այցը կնպաստի Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ վերջին տարիներին արձանագրվել են հայ-սաուդական տարբեր մակարդակի շփումներ: Այդ պրոցեսն, ըստ ԱԳՆ-ի, ընթացքի մեջ է արդեն տևական ժամանակ: «Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սաուդական կողմի հետ փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ», - հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:   Հարց. ՀՀ նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն ինչ-որ կերպ կնպաստի՞ այդ երկրի և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը կամ այդ ուղղությամբ առաջընթացի հասնելուն կամ կարո՞ղ է լավ նախադրյալներ ստեղծել դրա համար: Պատասխան. Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանի նկատմամբ, այնպես էլ գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը: ՀՀ-ն որդեգրել է տարածաշրջանի երկրների հետ առկա կապերի ամրապնդմանն ու խորացմանը, տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Այս տեսանկյունից՝ վստահ ենք, որ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» խորագրով միջազգային ֆորումին մասնակցության նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա և հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին: Հարց. Վերջին շրջանում Հայաստանի կողմից այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկվե՞լ են, շփումներ եղե՞լ են սաուդական կողմի հետ կամ նախատեսվո՞ւմ է արդյոք դիվանագիտական ճանապարհով ինչ-որ քայլեր ձեռնարկել: Պատասխան. Հարկ է նշել, որ վերջին տարիներին արձանագրվել են հայ-սաուդական տարբեր մակարդակի շփումներ, հետևաբար այս գործընթացն առկա է տևական ժամանակ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սաուդական կողմի հետ փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ: 2021 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ էր-Ռիյադում մասնակցելու «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին: Նախագահը ֆորումի շրջանակներում հանդիպել էր Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ և նրա հետ զրուցել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին: Նախագահի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա գնահատվեց իբրև պատմական աննախադեպ իրադարձություն՝ հաշվի առնելով երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և այն փաստը, որ դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին բարձր մակարդակի այցելությունն էր Հայաստանի Հանրապետությունից այդ երկիր:
10:31 - 09 նոյեմբերի, 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։ 2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ:  Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: 
22:39 - 26 հոկտեմբերի, 2021
Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում կանգնեցնել Իսրայելին |armtimes.com|

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում կանգնեցնել Իսրայելին |armtimes.com|

armtimes.com: Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել Արեւելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակին՝ Իսրայելին կանգնեցնելու համար: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստում: «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար», - շեշտել է նա:  Նախարարի խոսքով, միջազգային հանրությունը «պետք է կատարի իր պարտավորությունները և վերջ տա Արևելյան Երուսաղեմում հակամարտության վտանգավոր սրմանը», ինչպես նաև շտապ ձեռնարկի գործողություններ, որոնք վերջ կդնեն ռազմական գործողություններին և կհանգեցնեն խաղաղության վերսկսմանը բանակցությունների միջոցով:
18:22 - 16 մայիսի, 2021
Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք 2016 թվականին խզել են դիվանագիտական հարաբերությունները, վերջերս բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների միջեւ լարվածությունը: Այդ մասին մայիսի 10-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն: «Խոսակցությունը կենտրոնացել Է ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային հարցերի վրա: Մենք միշտ ողջունել ենք նման կոնսուլտացիաները դրանց ցանկացած ձեւով ու ցանկացած մակարդակով»,-նրա խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: «Դա, որոշակիորեն, ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանների Է՝ նվազեցնել լարվածությունը»,-նշել Է նա, հույս հայտնելով, որ Թեհրանը եւ Էր Ռիադը կփոխեն հարաբերությունների մթնոլորտը եւ կհասնեն նշանակալի փոխըմբռնման: Միեւնույն ժամանակ Խաթիբզադեն կոչ Է արել՝ սպասել բանակցությունների արդյունքներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Էր Ռիադը հույս ունի լավ հարաբերութղյուններ հաստատել Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի այդպիսի հայտարարությունները: Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 2016 թվականին: Այն ժամանակ Թեհրանում սաուդյան դեսպանության մերձակայքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ան-Նիմրին: Իսլամում շիա ուղղությունն Իրանում գերակշռողն Է: Mehr գործակալությունն իր հերթին հիշեցնում Է, որ դիվանագիտական հարաբերությունների խզմանը նախորդել Է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենի ապստամբների դեմ, հաղորդել Է «Ինտերֆասք»-ը:
17:29 - 10 մայիսի, 2021
Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու համար․ Financial Times
 |shantnews.am|

Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու համար․ Financial Times |shantnews.am|

shantnews.am:  Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման նպատակով, գրել է Financial Times- ը՝ հղում անելով աղբյուրներին: Ապրիլի 9-ին Բաղդադում Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմիի միջնորդությամբ 2016 թվականից ի վեր երկու երկրների միջև ընթացել են «առաջին նշանակալից քաղաքական քննարկումները»: Ըստ աղբյուրների՝ բանակցություններում ներառված է եղել «Անսար Ալլահ» (Հուսիթների) շարժման կողմից Սաուդյան Արաբիայի տարածքի վրա հարձակումների թեման և այն «դրական» բնույթ է կրել: Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ միջուկային գործարքը վերականգնելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու փորձերի ֆոնին: Financial Times-ի հաղորդմամբ՝ կողմերի միջև բանակցություններ սկսելու պատճառներից մեկը Եմենում վեցամյա պատերազմին վերջ տալու ցանկությունն է, ինչպես նաև «սիրաշահել Բայդենի վարչակազմին, որը խոստացել էր վերանայել հարաբերությունները»: Աղբյուրները նշում են, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ: Միաժամանակ, ինչպես նշում է Financial Times- ը թերթը, Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի հետ բանակցությունների փաստը, իսկ Իրաքի և Իրանի կառավարությունները հրաժարվել են մեկնաբանություններից:  
16:03 - 18 ապրիլի, 2021