Ինչպե՞ս է ազդում ուկրաինական պատերազմը Միջին Արևելքի վրա․ Al Jazeera
22:48 - 17 մարտի, 2022

Ինչպե՞ս է ազդում ուկրաինական պատերազմը Միջին Արևելքի վրա․ Al Jazeera

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքներն ազդել են ողջ աշխարհի վրա, և Միջին Արևելքը բացառություն չէ։ Տարածաշրջանի երկրների վրա, որոնք տարիներով համագործակցել են թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի հետ, այժմ ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք սատարեն կողմերից մեկին։ Սակայն, կարծես, միջինարևելյան երկրները դեռևս չեն ուզում նման բան անել․ նրանց մեծ մասը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը, սակայն զերծ մնացել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, գրում է Al Jazeera պարբերականը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին։

Այս երկրներն ունեն տարբեր տնտեսական ակնկալիքներ․ էներգակիրների և ցորենի ներկրողները պատրաստվում են վատթարագույն սցենարների, մինչդեռ նավթ արտադրողները սպասում են եկամուտների կտրուկ ավելացման։ Սակայն տնտեսական հարցերից զատ՝ այս հակամարտության ելքը կարող է զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։

Հաշվարկված չեզոքություն

2020 թ-ի նոյեմբերին Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց ի վեր Միջին Ասիայի առաջնորդները ձգտում են նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը՝ կարգավորելով լարված երկկողմանի հարաբերությունները։ Օրինակ՝ Թուրքիան բացել է հաղորդակցության ուղիները Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիությունների և Իսրայելի հետ, շփումներ կան նաև Կատարի և Եգիպտոսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև։

Այս երկրների կառավարությունները չեն ուզում, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի չիք դարձնի այդ ջանքերն ու բևեռացման նոր ալիք առաջացնի։ Նրանք նաև չեն ուզում, որ Ռուսաստանը խոշոր պարտություն կրի, որը կարող է ամրապնդել միակողմանի գործողություններ ձեռնարկելու ԱՄՆ քաղաքականությունը և դժվարացնել իրենց դաշինքների դիվերսիֆիկացումը։

Սակայն Բայդենի վարչակազմի և արաբական առաջնորդների առաջնահերթությունները հակասում են միմյանց։

Ներկա պահին Վաշինգտոնը կենտրոնացած է Մոսկվային զսպելու և մեկուսացնելու վրա և աշխատում է հնարավոր միջուկային համաձայնագրի վրա, որը կարող է վերջ դնել Իրանի տնտեսական մեկուսացմանը։ Արաբական երկրները, սակայն, ուզում են, որ Ռուսաստանն ուժեղ մնա՝ զսպելու համար տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու Իրանի նկրտումները։

Սաուդյան Արաբիա, ԱՄԷ

Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ հարաբերությունները Բայդենի վարչակազմի հետ մնում են լարված՝ հատկապես այն պատճառով, որ, ըստ նրանց, ԱՄՆ-ն բավականաչափ աջակցություն չի ցուցաբերել իրենց տարածքների վրա հութիների վերջերս տեղի ունեցած հարձակումների հարցում։ Սա ազդել է Ուկրաինա ներխուժմանը նրանց արձագանքի վրա։ Օրինակ՝ ԱՄԷ-ն փետրվարի 25-ին ՄԱԿ-ում ներխուժումը դատապարտող բանաձևի նախագծի օգտին քվեարկման ժամանակ ձեռնպահ է մնացել։

Վերջերս այս երկու երկրները վերանայել են իրենց դիրքորոշումը (օրինակ՝ մարտի 2-ին ԱՄԷ-ն կողմ է քվեարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է ներխուժումն Ուկրաինա), սկսել բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ և իրավիճակի դեէսկալացիայի կոչեր արել։

Սակայն Էր Ռիադն այս հարցում ԱՄՆ-ին շատ ընդառաջ չի գնա, քանի դեռ Բայդենը չի սկսել ակտիվ համագործակցությունը գահաժառանգ Մուհամադ իբն Սալմանի հետ՝ չսահմանափակվելով միայն նավթի արդյունահանման ավելացման խնդրանքով։ Էմիրաթներն, իրենց հերթին, սառեցնում են իրենց արտաքին կապեըը Վաշինգտոնի հետ, քանի որ Բայդենի վարչակազմը սկսել է ավելի սերտ կապեր հաստատել ԱՄԷ-ի տարածաշրջանային մրցակից Կատարի հետ։ Որպեսզի այս երկրներն ԱՄՆ կողմն ացնեն, կպահանջվի ավելի շատ փոխգործակցություն և շահերի համաձայնեցում։

Թուրքիա

Ռուսական ներխուժումն Ուկրաինա ցուցադրեց նաև Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Իրան դաշինքների փխրունությունը։ Իր ներկայիս տնտեսական մեկուսացման պատճառով Մոսկվան ավելի մեծ կախում է ձեռք բերել թուրքական և իրանական շուկաներից, ինչը հանգեցրել է նրանց վրա ազդեցության որոշ լծակների կորստի։

Եթե Ռուսաստանը գրավի Սև ծովի ուկրաինական ափը, դա կմեծացնի վերահսկողությունը Սև ծովի նկատմամբ, ինչը մարտահրավեր է Թուրքիայի համար։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի համար ակնհայտորեն շահավետ է լարվածությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, նոր հնարավորություններ է տեսնում այս հակամարտությունում և կարծում է, որ կարող է դրանք իր օգտին ծառայեցնել։ Սակայն նա նաև չի ուզում սադրել Պուտինին, քանի որ գիտի, որ ցանկացած պատժամիջոց կարող է վնաս հասցնել թուրքական, առանց այդ էլ, խոցելի տնտեսությանը։ Այսպիսով՝ Անկարան հրապարակավ սատարում է Կիևին և ԱԹՍ-ներ տրամադրում, որոնք ուկրաինական բանակը հաջողությամբ կիրառում է ռուսական զորքերի դեմ, բայց խուսափում է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։

Սակայն լիովին հավանական է, որ Պուտինը մտապահում է Թուրքիայի բալանսավորված դիրքորոշումը, որպեսզի հետագայում պակաս զիջող լինի Անկարայի կարիքների և պահանջների հարցում․ նա արդեն թեթևակի պատժում է Անկարային՝ արգելափակելով Ուկրաինայից և Ռուսաստանից ծովով ձեթի արտահանումը Թուրքիա, ինչը կարող է հանգեցնել թուրքական շուկայում այդ ապրանքի պակասի։

Բայցևայնպես, Պուտինն այժմ Էրդողանի կարիքն ավելի շատ ունի, քան նախկինում, քանի որ Թուրքիան կարող է լավ ուղղություն լինել ռուսական կապիտալի և զբոսաշրջիկների համար, որոնք ձգտում են շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները։ Այսպիսով՝ հազիվ թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցնի Անկարայի և Մոսկվայի միջև խզումների կամ Թուրքիայի անցմանն Արևմուտքի կողմ։

Իրան

Ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից Իրանը նույնպես հասկացրել է, որ չի պատրաստվում որևէ մեկի կողմը բռնել։ Իրանի չեզոքության երեք հիմնական պատճառ կա։ Առաջինն այն է, որ Մոսկվան վճռականորեն չսատարեց Թեհրանին՝ Թրամփի վարչակազմին և Իսրայելին նրա դիմակայության հարցում։ Երկրորդն այն է, որ Իրանի համար առաջնահերթություն է ԱՄՆ հետ միջուկային համաձայնագրի վերականգնումն ու իր նկատմամաբ գործող պատժամիջոցների չեղարկումը, այդ պատճառով էլ նա Վաշինգտոնի հետ առճակատում չի ուզում։ Երրորդ հերթին՝ Իրանի քաղաքական վերնախավը տարակարծիք է պատերազմի հարցում․ ոմանք ԱՄՆ-ին մեղադրում սրացման համար, մյուսներն՝ Ուկրաինային սատարող հայտարարություններ անում և պահանջում ռուսական ագրեսիայի դադարեցում։

Եթե Իրանի և ԱՄՆ միջև միջուկային համաձայնագրի վերակնքումն արդյունքում ձախողվի, Թեհրանի և Մոսկվայի մերձեցումը կավելանա, իսկ եթե հաջողի, Իրանն, ըստ ամենայնի, կհեռանա Ռուսաստանից։ Այսպիսով՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա Բայդենի վարչակազմի համար կարող է խթան լինել՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի արագ վերականգնման համար։

Իսրայել

Իսրայելը նույնպես փորձում է պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ միջև։ Այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հայտարարեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» սատարելու մասին, Ռուսաստանը դատապարտեց Գոլանյան բարձունքների օկուպացիան Իսրայելի կողմից։ Սակայն Իսրայելն այնքան հեռուն չգնաց, որքան Թուրքիան, և մերժեց Ուկրաինայի խնդրանքը՝ զենք և ռազմական տեխնիկա ուղարկելու վերաբերյալ։

Ըստ The Wall Street Journal-ի զեկույցի՝ Իսրայելի մտահոգությունն այն է, որ եթե նա ներգրավվի Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում, Մոսկվան կպատասխանի Սիրիայի օդային տարածքում նրա գործողությունների սահմանաափակմամբ, որոնք ուղղված են Իրանին ու նրա դաշնակիցներին զսպելուն։

Այսպիսով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փորձության է ենթարկել Միջին Արևելքում Մոսկվայի և Վաշինգտոնի ազդեցության լծակները։ Այն փաստը, որ տարածաշրջանի երկրները որոշել են հավասարակշռություն և չեզոքություն պահպահել, ցույց է տալիս, որ, չնայած Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանն ու Իրանի հետ միջուկային համաձայանգրի վերականգնմանն ուղղված ջանքերին, որոնք արաբ առաջնորդները գնահատել են որպես նահանջ, Վաշինգտոնը դեռ բավականին մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում։

Սակայն թե արդյոք նրանք չեզոքություն կպահպանեն երկարաժամկետ հեռանկարում, կախված կլինի, նախևառաջ, Կիևի շուրջ ռազմական գործողությունների ելքից։ Եթե կողմերից մեկը հստակ հաղթանակ տանի, միջինարևելյան երկրներն իրենց դիրքորոշումները համապատասխանաբար կվերանայեն՝ ապահովելու սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Սակայն ինչ էլ լինի արդյունքում, հիմա արդեն պարզ է, որ նրանք չեն ուզում ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանի վճռական հաղթանակն Ուկրաինայի և այլ հարցերում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել