Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN
16:51 - 12 մայիսի, 2022

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով Եվրամիության երկրները քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու սցենարը։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։ CNN-ը գրում է այն մասին, թե արդյոք հնարավոր է փոխարինել ռուսական նավթն այլընտրանքով, և ի՞նչ խնդիրներ ունեն այն երկրները, որոնք կարող են դա անել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Մինչ Եվրոպան ձգտում է խաթարել Մոսկվայի ջանքերն Ուկրաինայի ուղղությամբ՝ իրեն զրկելով ռուսական նավթից, Մերձավոր Արևելքի երկրները դառնում են նավթի միակ արտադրողները, որոնք բավականաչափ հնարավորություններ ունեն՝ ռուսական նավթը փոխարինելու։

Հարցն այն է, թե արդյոք նրանից որևէ մեկն ունի տեխնիկական հնարավորություն և, որն ավելի կարևոր է, պատրաստակամություն՝ դա անելու։

Արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են կիրառել՝ ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանին պատժելու, սակայն Եվրամիությունը դեռևս չի դադարեցրել նավթի ու գազի ներկրումը՝ Մոսկվայի եկամուտների հիմնական աղբյուրը, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանը։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել անմշակ նավթի օրական 2,2 մլն բարելի և նավթամթերքի օրական 1,2 մլն բարելի պակասի։

Չնայած որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն աշխարհում նավթի հայտնաբերված պահուստների գրեթե կեսը, ենթակառուցվածքներում ներդրումների պակասը, հակամարտությունները, քաղաքական դաշինքներն ու պատժամիջոցներն այն պատճառներից մեկն են, որոնք այս տարածաշրջանին թույլ չեն տա օգնության հասնել Եվրոպային։

Ներկայացնում ենք ուղեցույց այն մասին, թե ինչ կարող են և չեն կարող անել նավթ արտադրող պետությունները՝ փոխհատուցելու ռուսական գազի պակասը։

 

Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ

Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՕՊԵԿ-ի պահուստային հզորությունների առյուծի բաժնը՝ օրական մոտ 2,5 մլն բարել, ասում է Energy Intelligence գործակալության ներկայացուցիչ Ամինա Բաքրը։

Սակայն ՕՊԵԿ-ի՝ նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է այն սահմանաչափը գերազանցող ծավալներ արդյունահանելու ԱՄՆ պահանջը, որը համաձայնեցված է Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս արտադրողների հետ, և հազիվ թե ականջալուր լինի նավթի արդյունահանումն ավելացնելու Եվրոպայի կոչերին։

Վերլուծաբաններն ասում են, որ Պարսից ծոցի ներկայիս սպառողներին մատակարարվող նավթի վերաուղղումը Եվրոպա կարող է թանկ արժենալ։

Նրանք կարծում են, որ դա սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի և նրա նավթի հիմնական գնորդ Չինաստանի հետ ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։

 

Իրաք

Տեսականորեն՝ Իրաքը կարող է արդյունահանել օրական լրացուցիչ 660 հազար բարել նավթ, ասում է փորձագետ Յուսեֆ Ալշամիրին։ Ներկա պահին երկիրն արդյունահանում է օրական 4,34 մլն բարել նավթ, իսկ արդյունահանման նրա առավելագույն հզորությունը կազմում է 5 մլն բարել, սակայն միջկրոնական տարաձայնություններն ու Բաղդադում առկա քաղաքական փակուղին նշանակում են, որ այս երկրի վրա չի կարելի հույս դնել։

Նավթի արդյունահանման ավելացման համար Իրաքը նաև չունի ենթակառուցվածքներ, և կարող են տարիներ անցնել, մինչև որ նավթային նախագծերում կատարված ներդրումներն արդյունք տան, կարծում են վերլուծաբանները։

 

Լիբիա

Լիբիայում նավթահանքերի աշխատանքը պարբերաբար խաթարվում է երկրում առկա քաղաքական լարվածության պատճառով։ Ապրիլի վերջին այս երկրի Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ երկիրն օրական ավելի քան 550 հազար բարելով պակաս նավթ է արդյունահանում՝ երկրում քաղաքական իրավիճակից դժգոհ խմբերի կողմից նրա հիմնական նավթահանքի և արտահանման տերմինալների արգելափակման պատճառով։ Վերամշակման գործարաններից մեկն էլ տուժել է զինված բախումների պատճառով։

Փորձագետ Ալշամիրիի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացման հարցում Լիբիայի վրա նույնպես «գրեթե չի կարելի հույս դնել», քանի որ դրա արդյունահանման մի մասը տարիներով խափանված է եղել՝ անկայունության և առանցքային նավթահանքերում անընդմեջ տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։

 

Իրան

ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի համատեղ հզորություններից զատ՝ Իրանն, ըստ ամենայնի, շուկայում նավթի ծավալի ավելացման հաջորդ ամենապատրաստված երկիրն է, սակայն Իրանի դեմ դեռ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ 2015 թ-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։

Վերլուծաբանների կարծիքով՝ երկիրը կարող է օրական մինչև 1,2 միլիոն բարել նավթ մտցնել շուկա, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ փետրվարի կեսի դրությամբ Իրանն ունեցել է 100 մլն բարել նավթ լողացող պահեստներում, ինչը նշանակում է, որ նա կարող է երեք ամիս շարունակ օրական 1 մլն բարել նավթ, կամ համաշխարհային մատակարարումների 1%-ն ապահովել։

Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե «անհաջող գործարք կնքի Իրանի հետ միայն նրա համար, որ ավելի շատ նավթ մտնի շուկա», - ասում է Ամինա Բաքրը։

 

Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրներ

Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեջ չմտնող երկրները, որոնք նույնպես նավթի արդյունահանման ավելացման ներուժ ունեն, այդ թվում՝ Նիգերիան ու Վենեսուելան, նույնպես խնդիրների են բախվում։

Երբ ասում են, որ երկիրն արդյունահանման լրացուցիչ հնարավորություն ունի, դա նշանակում է, որ այն «կարող է այդ արդյունահանումն ապահովել 30-90 օր», ասում է Ալշամարին։ Այդ պատճառով էլ ռուսական նավթի արգելքը «կարող է վնասակար լինել համաշխարհային տնտեսության համար»։

Այդ դեպքում Եվրոպային կմնա միայն ԱՄՆ տարբերակը։ Սակայն անգամ եթե ԱՄՆ-ն ավելի շատ նավթ արդյունահանի, դա բավարար չի լինի և չի ապահովի Եվրոպայի պահանջարկը, քանի որ ամերիկյան նավթը շատ թեթև է:

«ԱՄՆ շատ թեթև նավթն այնքան էլ չի համապատասխանում եվրոպական շուկային, ոչ էլ հարմար է ավելի շատ դիզելային վառելիքի արտադրման համար, որի կարիքն իրոք կա», - ասում է փորձագետներից մեկը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել