Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Երևանյան տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցում բուժվում է միայն մեկը |armenpress.am|

Երևանյան տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցում բուժվում է միայն մեկը |armenpress.am|

armenpress.am: Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: «Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Իրեն լավ է զգում, պարզապես մենք ծայրահեղ ուշադիր ենք, որպեսզի նրանք լրիվ ապաքինված լինեն վերադառնալիս, որովհետև դա նաև մյուսների առողջության խնդիրն է: Տուն-ինտերնատում վարակի նոր բռնկումներ չկան»,- ասաց Մարտիրոսյանը: Նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ վերջին տվյալներով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 129 տարեց քաղաքացի կա, սակայն նրանցից որևէ մեկը հիվանդանոցային բուժման կարիք չունի: «Խնամյալներից վերջին տվյալներով թեստի դրական արդյունքով ունենք 129 հոգի, որոնցից մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, լրիվ ապահով լինելու համար տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն, որը Նորքի տուն-ինտերնատի մասնաճյուղն է ու կառավարության որոշման համաձայն՝ այնտեղ բնակվում են կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդանոցային խնամքի կարիք չունեցող տարեց քաղաքացիները: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատից հոսպիտալացված քաղաքացիներ չունենք»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը:
17:03 - 29 հունիսի, 2020
Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին |armenpress.am|

Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Մշակվել և փուլ առ փուլ կյանքի են կոչվում տարբեր ուղղություններով ծրագրեր, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա: Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ դեռ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված ուսումնասիրությամբ վերհանվել են անձի վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոնները: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին տեղում աշխատանքն է, եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելը, երկրորդ տեղում՝ բնակարանային ապահովության խնդիրները: ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: Այդ խորհրդի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում մշակվել են մի քանի ուղղություններով ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվում: «Առաջիինն այն է, ինչին ականատես ենք լինում: Հուլիսի 1-ից բարձրանում է առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը: Այսօր, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն կսահմանվի 300 հազար դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը: Հաջորդ ուղղությունը բնակարանային ապահովության աջակցության ծրագրերն են՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին: Այս տարվա հուլիսի 1-ից կմեկնարկեն նաև այս ուղղությամբ նախատեսված ծրագրերը: Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է՝ ուղղված մարզերում բնակարան ձեռք բերող անձանց: «Առաջին ծրագրի շրջանակում մարզային բնակավայրում հիպոթեկային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող ընտանիքներին տրվում է միանվագ աջակցություն բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Տրամադրվող աջակցության չափը կապված է ընտանիքում երեխաների առկայության հետ: Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ընտանիքում երկու անչափահաս երեխայի առկայությունը»,- ասաց նախարարի տեղակալը: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է: Երկրորդ ծրագրի շրջանակում պետությունը քաղաքացուն հատկացնում է որոշակի աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրությանը: Պետությունն, ըստ էության, ապահովագրում է շահառուի կանխավճար վճարելու պարտավորությունը: Երրորդ ծրագրի համաձայն՝ հիպոթեկային վարկ մարող ընտանիքում, եթե հուլիսի 1-ից երեխա է ծնվում, ապա պետությունը որոշակիորեն կմարի այդ հիպոթեկային վարկի մայր գումարի մի մասը: «Մասնավորապես, մարզային բնակավայրում, եթե դա լինի առաջին կամ երկրորդ երեխան, ապա աջակցությունը հիպոթեկային վարկի 10 տոկոսի չափով է, իսկ Երևանում հինգ տոկոսի չափով: Եթե ընտանիքում երրորդ և հաջորդ երեխան է ծնվում, ապա մարումների չափը մարզային բնակավայրում կկազմի 50 տոկոս, Երևանում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նա: Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սրանք բնակարանային ապահովության միակ ծրագրերը չեն: Առաջիկայում ականատես կլինենք նոր ծրագրերի: Նախատեսվում է շինարարության տեսքով նպատակային ծրագրեր իրականցնել մարզերում: Մարզային բնակավայրերում այդ խնդիրը սուր է դրված: Բնակարանաշինարարության բացակայությունը, ըստ էութան, թույլ չի տալիս մեր հայրենակիցներին օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից: 
15:49 - 29 հունիսի, 2020
Կենսաթոշակների և նպաստների դիմումների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 1

Կենսաթոշակների և նպաստների դիմումների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 1

Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու),  կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը: Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հունիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:
12:16 - 29 հունիսի, 2020
Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն |hetq.am|

Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ համայնքներում, տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով, արդեն գնվել է 3 տուն: Դրանցից երկուսի շուկայական արժեքից թանկ գնելու հարցում կասկածներ ունի նույնիսկ պատվիրող՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, փորձնական ծրագրով նախատեսվում է ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար: Նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ համայնքային փոքր տունն ունի ընտանեկանին առավելագույնս մոտ պայմաններ, և կարող է ապաստանել տվյալ համայնքում կամ հարևան համայնքներում բնակվող, ինչպես նաև տուն-ինտերնատներում խնամվող՝ տվյալ տարածաշրջանի նախկին բնակիչների: Այնտեղ կարող են մնալ կացարանի ու խնամքի կարիք ունեցող այն տարեցները, որոնք ունեն նաև ընտանեկան ջերմության, շփման, հասակակիցների հետ հաղորդակցման, զբաղմունքի նախընտրելի տեսակներով զբաղվելու, համայնքի կյանքին մասնակցելու կարիք և այլն:     Մեկ համայնքային փոքր տանը կարող են բնակվել առավելագույնը 10 տարեց: Ըստ Սոնա Մարտիրոսյանի՝ նախընտրելի է, որ տներն ունենան տնամերձ հողամաս, ինչը կապահովի տարեց անձանց զբաղվածությունը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մրցակցային հիմունքներով՝ դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող կազմակերպությունների միջոցով: Կազմակերպությունը պետք է պարտադիր հավաստագրված լինի օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես, նախատեսվում է դրամաշնորհ տրամադրել փոքր տանը բնակվող յուրաքանչյուր տարեցի հաշվարկով՝ օրական 4500 դրամի չափով: Նախարարությունը համեմատության համար նշում է, որ ընդհանուր տիպի տուն-ինտերնատում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսի գումարը տատանվում է 4700-5100 դրամի սահմաններում: Տների գնումները՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Արմավիրի մարզում ձեռքբերված թվով 2 փոքր տների գնումն իրականացվել է  «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով։ Նախարարության՝ «փոքր տների և պաշտպանված բնակարանների» գնման հայտարարությունը վերաբերում էր 10 անշարժ գույք ձեռք բերելուն: Առանձնատները և բնակարանները պետք է գտնվեին Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Շինության տեսակը՝ կապիտալ, քարե կամ մոնոլիտ, իսկ բնակելի մակերեսն առնվազն 250 քմ և առնվազն 300 քմ տնամերձ հողատարածք: Առանձնատունը պետք է ունենա առնվազն 2 սանհանգույց։ Մեկ առանձնատան առավելագույն արժեքը սահմանվել էր 27 մլն դրամ, իսկ բնակարանների համար՝ 15 մլն: Նախարարությունից տեղեկացնում են, որ գնման ընթացակարգերի հայտարարությունը և հրավերը ոչ միայն հրապարակվել է գնումների պաշտոնական տեղեկագրում և armeps.am կայքում, այլև առավել բարձր մասնակցություն ապահովելու նպատակով համապատասխան հայտարարություններ են հրապարակվել նախարարության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև spyur.am կայքի միջոցով գնման ընթացակարգի վերաբերյալ տեղեկացվել են անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում բոլոր մասնագիտացված կազմակերպությունները։ Գնման ընթացակարգի հրավերով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսվում էր մեկ կամ երկհարկանի առանձնատուն։     Թեև նախարարությունը հայտարարում է, որ առավել բարձր մասնակցություն ապահովելու նպատակով հայտարարությունները հրապարակվել են տարբեր աղբյուրներում, պարզեցինք, որ հայտ ներկայացնելու ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ այդ պայմաններում տեսականորեն հնարավոր չէ ապահովել բարձր մասնակցություն, հետևաբար նաև մրցակցություն: Մասնավորապես, gnumner.am-ում և armeps.am-ում հայտարարությունը հրապարակվել է դեկտեմբերի 11-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում դեկտեմբերի 12-ին: Իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 16-ին: Գնահատող հանձնաժողովի 2019թ. դեկտեմբերի 17-ի թիվ 3 որոշմամբ հաստատվել էին ընթացակարգի բոլոր մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` հրավերի պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքները։ Ստացվում է, որ հայտեր ներկայացնելու համար մասնակիցներն ունեցել են ընդամենը 5 օր: Հայտեր են ստացվել միայն փոքր տների վերաբերյալ՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի, «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի և «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ի կողմից: Նույն չափաբաժնի առանձնատան վերաբերյալ կրկնվող հայտեր չեն եղել, այսինքն՝ չի եղել գնային մրցակցություն, թեև ընտրված մասնակցին որոշելու համար կիրառված չափանիշը նվազագույն գինն է: «Լեքսհաբ» ՍՊԸ-ն դիմել էր 7-8-րդ չափաբաժնի տների համար, որոնք պետք է գտնվեին Արմավիրի մարզում: «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի հայտը վերաբերել է 9-րդ չափաբաժնին, ըստ որի՝ առանձնատունը պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: 10-րդ չափաբաժնով նշված տան գնման համար հայտ էր ներկայացրել «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ն: Այս չափաբաժնով առանձնատունը ևս պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Արդյունքում 19.12.2019թ. 7-8-րդ չափաբաժինների վերաբերյալ պայմանագիր է կնքվել միայն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ: Մյուս երկու ընտրված մասնակիցներն ընթացքում փաստաթղթերի հետ կապված դժվարություններ են ունեցել և դուրս մնացել գործընթացից: Ուշագրավն այն է, որ «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Պավել Թադևոսյանի մորեղբոր որդին է: Պավել Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մորեղբոր որդու հետ պայմանավորվածություն չի եղել, պարզապես նկատել են հայտարարությունը և որոշել մասնակցել գնման գործընթացին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գնումների համակարգման բաժնի պետ Կարեն Բաբախանյանը նշեց, որ երկու անգամ հայտարարվել է գնման ընթացակարգ, սակայն ընդհանրապես մասնակից չի եղել: Երրորդ անգամ նոր միայն եղել են վերը նշված 3 մասնակիցները: Երեք մրցույթներն էլ հայտարարվել են մեկ ամսվա ընթացքում:     «Քանի որ նույն չափաբաժնի մասով երկու մասնակից չկար, յուրաքանչյուրը տարբեր չափաբաժինների համար էին դիմել, ըստ էության, բանակցություն չէր կարող լիներ: Երկու չկայացածի պատճառով գնման ընթացակարգը բավականին ուշացավ և արդեն դեկտեմբեր ամիսն էր, շատ կարճ ժամկետ էր մնացել: Մյուս երկու մասնակիցներն ուղղակի փաստաթղթեր չհասցրին ներկայացնել, որպեսզի նրանց հետ պայմանագիր կնքվեր»,- ասում է Կարեն Բաբախանյանը՝ հավելելով, որ իրենք այլընտրանք չեն ուեցել ժամկետի առումով, ստիպված էին կարճ ժամանակահատված ընտրել, որպեսզի տարին չավարտվեր: Կարեն Բաբախանյանը նշեց, որ հայտ ներկայացրած մասնակցին հրավիրել են բանակցության, առաջարկել են նվազեցնել գինը, սակայն, չի համաձայնվել, իրենք էլ օրենսդրությամբ առաջնորդվելով, կնքել են պայմանագիրը: «Անձամբ իմ մոտ տները թանկ գնելու մտավախություն կա, բայց ես ի՞նչ անեմ, օրենքով եմ առաջնորդվել»,- հավելեց Կ. Բաբախանյանը: Նախարարության պաշտոնյան ասաց, որ իրենք կնախընտրեին, որպեսզի մրցույթին մասնակցեին հենց ֆիզիկական անձինք՝ տան սեփականատերերը, սակայն նման առաջարկ չեն ստացել: Ստորև ներկայացնում ենք «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ կնքված երկու տների վերաբերյալ տեղեկությունները և գնված երրորդ տան պատմությունը: Տուն 1. Արմավիրի մարզ գյուղ Ակնաշեն Ակնաշեն գյուղը Երևանից հեռու է ընդամենը 30 կմ: Գյուղի Թումանյան փողոցում է գտնվում այն երկհարկանի տներից մեկը, որն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնել է ծերերի խնամքի համար: Նախարարության կարիքների համար «անշարժ գույքի մատակարարման» պայմանագիրը կնքվել է 2019թ. դեկտեմբերի 19-ին: Մատակարարը «Լեքսհաբ» ՍՊԸ-ն է: Պայմանագրի համաձայն՝ տան բնակելի տարածքը 282 քմ է, հողամասի մակերեսը՝ 870 քմ: Ունի 10քմ գոմ, 9,1քմ թոնրատուն, 4,5քմ կաթսայատուն: Սակայն, 2020թ. փետրվարի 18-ին տրված սեփականության վկայականի տվյալներով, բնակելի տան քառակուսին 289,9մ է, անասնաշենքը՝ 9,2քմ, թոնրատունը՝ 7.9քմ, իսկ կաթսայատունը՝ 3,7: Ըստ կադաստրային գործի տվյալների, տունը կառուցվել է 1988թ-ին:     2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ տան կադաստրային արժեքը կազմել է մոտ 7 մլն 866 հազար դրամ, իսկ հողամասինը՝ 7856 դրամ: Դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով տունը և տնամերձ հողամասը ձեռք է բերվել 26 մլն 950 հազար դրամով, այսինքն՝ ընդամենը 50 հազար դրամ պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից: Տունն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է 4 անձի, որոնց անունից, առուվաճառքի պայմանագիր կնքելիս հանդես է եկել «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն Պավել Թադևոսյանը: Երբ այցելեցինք Ակնաշեն, որպեսզի տեսնենք նախարարության կարիքների համար գնված տունը, ոչ համայնքապետարանում, ոչ տան հարևանությամբ ապրող բնակիչները չգիտեին, որ տունը վաճառված է և այնտեղ ծերեր են ապրելու: Տան դռները փակ էին: Հարևանները պատմեցին, որ սեփականատերերն այդ տանը չեն ապրել, հաճախ գտնվել են Ռուսաստանում: Նկատեցինք, որ տան պատուհանները փայտից են, տանիքն ունի վերանորոգման կարիք: Հարևանների ասելով՝ բնակելի հատվածում ևս վերանորոգման կարիք է զգացվում: Տուն 2. Արմավիրի մարզ գ. Մրգաստան Նույն սկզբունքով «Լեքսհաբ» ՍՊԸ-ն նախարարությանը մատակարարել է Մրգաստան գյուղի 7-րդ փողոցի երկհարկանի տունը: Գյուղը գտնվում է Երևանից մոտ 26 կմ հեռավորության վրա: Ըստ մատակարարման պայմանագրի՝ Մրգաստանի ծերերի խնամքի տունն ունի 370,9 քմ ընդհանուր մակերես, 1730 քմ մակերեսով հողատարածք. 2 սանհանգույց, օժանդակ կառույցներ: Ըստ կադաստրային փաստաթղթերի, տունը կառուցվել է 1995 թ-ին: 2016թ. հուլիսի 1- ի դրությամբ այս բնակելի տան կադաստրային արժեքը կազմել է 3 մլն  25 հազար դրամ, իսկ տնամերձ հողամասինը՝ 24 հազար 514 դրամ: Սակայն, առուվաճառքի պայմանագրով նախարարությունը տունն ու հողամասը գնել են 26 մլն 730 հազար դրամով՝ 270 հազար դրամով պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից:     Մրգաստանի համայնքապետարանում ևս չգիտեին, որ իրենց գյուղի հաշվառում ունեցող, սակայն ոչ մշտական բնակություն հաստատող Ա. Մարտիրոսյանը տունը վաճառել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Իսկ հարևանները լսել էին, որ տունը վաճառվում է, նույնիսկ մոտավոր գին էին իմացել՝ 35-40 հազար դոլար, սակայն չգիտեին, որ տունն արդեն վաճառվել է ու թանկ գնով, և այն ծառայելու է որպես ծերերի խնամքի տուն: Հեռախոսազանգով կապ հաստատեցինք նաև Ա. Մարտիրոսյանի հետ, որպեսզի տեղեկանանք, թե ինչ արժեքով է տունը վաճառել: Լսելով հարցը պատասխանեց, թե վատառողջ է, չի կարող խոսել: Հարևանների և համայնքապետարանի աշխատակցի հետ այցելեցինք նախարարության կարիքների համար գնված տան տարածք: Արտաքինից արդեն զգացվում էր, որ այն խիստ վերանորոգման կարիք ունի: Պատուհանները փոխված չէին՝ հին էին ու փայտից: Տեղ-տեղ բացակայում էին նույնիսկ ապակիները և դրանց փոխարեն փակցված էին պոլիէթիլենային տոպրակներ: Իսկ տանիքն արդեն վնասված էր: Ազբեստե շիֆերները տեղ-տեղ կոտրված էին, իրարից հեռացած։     Առաջին հարկը, որն ավելի շատ կիսանկուղ էր հիշեցնում, անխնամ տեսք ուներ, վերածվել էր «աղբանոցի»: Խոնավությունից թափված էր պատերի, առաստաղի ծեփը, վնասված էր հատակը: Թափված էր նաև երկրորդ հարկի բաց պատշգամբի գաջը: Բացի այդ, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեին նորմալ բազրիքներ: Վերևից չընկնելու համար, իբրև պատնեշ, պատշգամբի եզրերին ամրացված էին ազբեստե շիֆրեր:     Առաջին հարկում թեև կար սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատերն էին: Ստացվում է, թղթով երևում է սանհանգույց, սակայն, իրականում այն չկա: Հարևանները պատմեցին, որ ներսում վիճակը ևս բարվոք չէ, տունը վերանորոգման կարիք ունի: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:34 - 29 հունիսի, 2020
Կենսաթոշակներին և նպաստներին առնչվող որոշ գործառույթների ժամկետները հետաձգվել են մինչև սեպտեմբեր |armenpress.am|

Կենսաթոշակներին և նպաստներին առնչվող որոշ գործառույթների ժամկետները հետաձգվել են մինչև սեպտեմբեր |armenpress.am|

armenpress.am: Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները կանխելու նպատակով կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: «Այդ ժամկետները փոփոխվել են՝ հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը: Այսպիսով, քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու),  կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա քաղաքացիները նոր դիմումը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի  1-ը»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ նույնը տեղի է ունենալու նաև հաշմանդամության սահմանման դեպքում: Նրա խոսքով՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, նույնպես կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով: «Միևնույն ժամանակ, կցանկանամ հայտնել և հիշեցնել մեր քաղաքացիներին, որ հունիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Մեր քաղաքացիներն առանձին ծրագրերով կարող են դիմում ուղարկել առցանց եղականով՝ online.ssa.am կայքին, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումները»,- տեղեկացրեց Սոնա Մարտիրոսյանը:
18:13 - 26 հունիսի, 2020
Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: «Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի,  ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի»,- ասաց նախարարը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝ 1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը. 2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա. 3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել. 4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։ Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը: 
12:12 - 25 հունիսի, 2020
Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով

Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով

Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով։ Գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար տարբերակված ժամկետներ են սահմանվել՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվի։ Ըստ այդմ՝ գործատուներն իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ հերթականությամբ՝ 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները իրենց կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում, 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում, 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ ինը ամսվա ընթացքում, 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում, մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում: Աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուներին դա կարող է պարտադրվել նաև դատական կարգով։ Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության և գործատուի միջև ծագած իրավահարաբերությունները հանրային բնույթի են, ուստի, համապատասխան վեճի դեպքում այն պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նշենք, որ 2017 թ.-ի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, իսկ գործատուների համար սահմանվել է պարտավորություն՝  իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնել լիազոր մարմին, այնուհետև՝ աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո, դրանք վերադարձվում են աշխատողներին։ 2017 և 2018 թթ.-ի ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։ Նշված ժամանակահատվածի ավարտին Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։ 2019 թ.-ի գործընթացի շրջանակներում նախատեսված էր տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել։ Չունենալով որևէ օրենսդրական լծակ՝ մինչ օրս մի շարք գործատուների կողմից չեն ներկայացվել աշխատողների աշխատանքային գրքույկները: 2019 թ.-ի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ։
15:58 - 23 հունիսի, 2020
Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի

Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2020 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաեւ գյուղում բնակվող, չաշխատող ծնողները 2020 թ.-ի հուլիսի 1-ից ծնված երեխաների համար: ️Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ: -Վերացվել է նաեւ նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի: – Պարզեցվել է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլեւս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: -Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար եւ այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում»:
10:24 - 19 հունիսի, 2020
Կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: Սրա վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««...Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…» Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում: Այսօր Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։ Փոփոխությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երևույթի դեմ։ Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»:
21:55 - 18 հունիսի, 2020
Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները: Նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ է սահմանվել 68 հազար դրամը: Մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները: Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետության կողմից տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250 հազար դրամի սահմաններում: 2019 թ. նշված ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվել 5 անձի։ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք լուծարված գիշերօթիկ 3 հաստատություններից և 1 մանկատնից: 1130 երխայի ընտանիք ստացել է խորհրդատվական և բնաիրային աջակցություն՝ երեխայի մուտքը հաստատություն կանխելու նպատակով։ Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն։ Քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման շրջանակում մշակվել է սոցիալական աջակցության՝ նպաստի համակարգի նոր կոնցեպտը, ներդվել է պայմանով նպաստ ծրագիրը, պարզեցվել են ընթացակարգերը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողներին հնարավորություն է տրվել զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով: Լրամշակման փուլում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով կներդրվի ընտանիքի տնտեսական կայունացման նոր նպաստ՝ աղքատության փուլային հաղթահարման նպատակով: Ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումների մեղմման, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նպատակով վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300 հազար դրամ՝ նախկինում սահմանված 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն: Վերանայվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26 հազար 500 դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն։ Մշակվել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը»։ 2019-ին ավելացել են շուրջ 89 հազար 300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվել է նոր՝ «Նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը, և Կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվել է ծայրահեղ աղքատության գծին հավասար: Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը: 2019-ին մեկնարկել է մանկատան 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվել է 1.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա օգոստոսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը՝ կազմելով 100 հազար դրամ: 30 տոկոսով բարձրացել է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը: Այս պահին որոշումը վերաբերում է 152 մարդու: Համակարգում իրականացված արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր է դարձել 2020 թվականին բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 տոկոսով: Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13 հազար 513 աշխատանք փնտրող: Ընդգծվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի գծով բյուջետային հատկացումները շեշտակի ավելացել են՝ 75,4 մլրդ դրամով կամ 18,1 տոկոսով:Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական¬ների ռազմավարությունը և միջոցա¬ռումների ծրագիրը, Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը: Լրամշակման փուլում են 2020-2030 «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման և Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունները: Վարչապետ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել նախարարության 2019թ. կատարած աշխատանքից և կարևորել վերը նշված ռազմավարությունների սեղմ ժամկետներում ընդունումը, դրանց մեջ ներառված միջոցառումների և ծրագրերի ներառումը ՀՀ պետական բյուջեում: Կառավարության ղեկավարն ընդգծել է Զբաղվածության պետական գործակալության գործունեության արդիականացման անհրաժեշտությունը և զբաղվածության էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը: Վարչապետի խոսքով՝ այդ հարթակում պետք է ներառվի ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրող քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մանկատների երեխաների համար բարձր որակավորմամբ կրթության ապահովումը, ինչը նրանց հետագա կյանքում կդարձնի առավել մրցունակ: Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև նախարարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներից և հանձնարարել գերատեսչության աշխատանքը հետագայում դարձնել առավել դինամիկ և ինտենսիվ:
17:15 - 17 հունիսի, 2020
Քննարկվել է կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

Քննարկվել է կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը: Հաշվի առնելով այդ համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո: Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները: Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Պատգամավորների հարցերը վերաբերել են օրինագծի  իրավական կարգավորումներին, կիրարկելիությանը: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
15:45 - 15 հունիսի, 2020
Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին |armenpress.am|

Նախարարությունն իրականացրել է որոշակի հաշվարկներ. Բաթոյանը՝ մեկուսացվածների նպաստի նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն որոշակի հաշվարկներ է իրականացրել անաշխատունակության նպաստի՝ մեկուսացվածներին նպաստ տալու նախագծի վերաբերյալ, այն շրջանառվում է շահագրգիռ կողմերի շրջանում՝ վերջնական կարծիքի համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Այս իմաստով մենք քաղաքականության հետ կապված որևէ խնդիր չունենք, քննարկել ենք և համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին մենք խնդրել ենք, որ նորից քննարկենք, որպեսզի նաև ֆինանսական գնահատականը հասկանանք: Նախարարությունը որոշակի հաշվարկներ իրականացրել է, և այժմ դա շրջանառել ենք շահագրգիռների շրջանում, որպեսզի վերջնական կարծիք ձևավորենք»,-ասաց Բաթոյանը: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձինք, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, սակայն երկրորդ ընթերցմամբ հեղինակի հորդորով նախագիծը չընդունվեց և ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ: Հեղինակ Զեյնալյանը նշել էր, որ առկա են հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Նախարարությունից նշել էին, որ նախագծի հետ կապված կա ֆինանսական անորոշություն:
13:19 - 12 հունիսի, 2020
Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն |armenpress.am|

Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ տարի խնայողությունների հաշվին ձեռք է բերել 2 փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող 19 214 անձ, որոնցից 8 623-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: 2019-ին շուրջ 6 500 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ խնամքի ծառայություններ է ստացել նախարարության համակարգում գործող հաստատություններում: 2019-ին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրումը: 2020-ի համար ընդլայնվել է տեսականին, բարելավվել են մեխանիզմները, գործընթացները՝ աջակցության միջոցներ տրամադրելու համար: 2019-ին խնայողությունների շնորհիվ ձեռք է բերվել երկու փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար»,-ասաց Բաթոյանը: Նար խոսքով՝ հաստատությունում ապրող մարդիկ կտեղավորվեն այդ համայնքային փոքր տներում՝ համայնքում ներառվելու հնարավորությունն օգտագործելու համար:
12:24 - 12 հունիսի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ. սկզբնական բյուջեն կազմել է 444,5 մլրդ դրամ, տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով՝ 465,5 մլրդ դրամ, որից ծախսվել է 97%-ը կամ 454 մլրդ դրամը: Այս կատարման տոկոսը չի նշանակում, որ եղել են պարտավորություններ, որոնց դիմաց վճարումներ չեն կատարվել»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը հավելեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 121 միջոցառում:
11:32 - 12 հունիսի, 2020
Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն

Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն

Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանը իրականացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար: Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար կտրամադրի նախարարությանը: Նշենք, որ ծրագիրը բխում է նախարարության որդեգրած տարեցների ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից և նպատակ ունի համայնքային փոքր տների ստեղծման միջոցով բարելավել տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը: Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ շինության գնման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման և կահավորման: Ըստ էության, ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է, առջևում՝ վերանորոգման և կահավորման փուլն է:
10:00 - 11 հունիսի, 2020