Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպիսին էլ լինելու տնտեսվարողներին տրվող աջակցությունը։
«Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների»,- ասաց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ ձևավորվել է պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։
«Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրները այս իրավիճակում՝ դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։ Երեք խնդիրն էլ , մեր կարծիքով, լուծել ենք օժանդակության ձևերով»,- նշեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին։ Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը։
«Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե այս վարկային միջոցները տնտեվարողներն ինչ ուղղություններով կարող են օգտագործել․
տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար,
հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին,
սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով, էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում,
առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ, պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։
«Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում, կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան»,- ասաց վարչապետը։
12:16 - 19 մարտի, 2020