Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Գեղարքունիքի մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Գեղարքունիքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Երվանդ Քոչարի փ. 1,3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/1, 3/2 շենքերը, Բելյակովի փ. 3, 5, 9 սեփական տները, Պուշկինի փ. 4, 6, 8, 10 սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքերը մասնակի, Չարենցի փ. 125-153 տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փ․49, 51 շենքերը, Չեխովի փ․6, 8, 8/1, 10, 10Ա շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 39 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջուղայի փ. 4/1 շենքը, Ավան՝ Թումանյան թաղ․ 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դուրյան թաղ․ 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 շենքերը, Չարենցի թաղ․ 16, 17, 28 շենքերը, թիվ 177 դպրոցը, թիվ 5 և 10 մսուր-մանկապարտեզները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաբաջանյան փ. 98/2 շենքը,Սիսակյան փ. 16 շենքը, Արարատյան 2-րդ զանգ՝. 3 շենքը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 15,16 շենքերը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 5 շենքը, Բաշինջաղյան փ. 189 շենքը, Հր.Քոչար փ. 8 շենքը Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,14:00-17:00 Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքերը, Մանթաշյան փ․1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի 1-ին նրբ. 3, 5, 8ա, 9 հասցեները, Գեղարքունիքի մարզում՝ 10:00-16:00 Մեծ Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք գյուղերը, «Հրանտ Կարապետյան» հացի փուռը, Մեծ Մասրիկի հեռուստակայանը, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» և « Յուքում» ընկերությունների բջջային կայանները:
09:43 - 12 հունիսի, 2020
10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ: Ընդ որում՝ դրանցից 7-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ մարզերի դատախազներին տրված՝ ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի յուրաքանչյուր մարզի կտրվածքով այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման դեպքերի բացահայտման նպատակով կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ քրեական գործերը վերաբերում են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս համայնքների, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերի, Շողական խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի և Վերին Գետաշեն համայնքի նախկին կամ  ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից 2 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, իսկ 8-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը մի քանի տասնյակ անգամ բարձր վարձավճարներով հանձնվել են հանրապետությունում գործող կապի օպերատոր ընկերություններին՝ կապի կայանքներ տեղադրելու և շահագործելու նպատակով: Արդյունքում համայքապատկան հողամասերի օգտագործումից առանձին անձինք ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Վերոնշյալ գործերով մարզի թվարկված համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56.074.199 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18.115.075 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում նրանց կողմից կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցվել են համայնքներին պատճառված վնասները, կամ պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասի մնացած մասը, տրվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Մարզի դատախազության, նախաքննության մարմնի, մարզպետարանի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև համայքների օրինական շահերի վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծելու և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների ու կապի օպերատորների միջև նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մասնավրապես 7 համայնքում արդեն իսկ իրականացվել է նման գործընթաց:  
17:33 - 10 հունիսի, 2020
Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, կա 21 առողջացած: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարաի ֆեյսբուքյան էջից։ Մարզում վարակվածների ընդհանուր թիվը 655 է, մինչ այս պահն ապաքինվել է 381 մարդ, մահացել՝ 8 մարդ։ Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում: Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ եւ Ծովինար համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։
19:28 - 07 հունիսի, 2020
Վարդենիկում կմաքրվի եւ կվերագործարկվի երկու խորքային հոր

Վարդենիկում կմաքրվի եւ կվերագործարկվի երկու խորքային հոր

Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կմաքրվի եւ կվերագործարկվի 2 խորքային հոր: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետի փոխանցմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 104 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 16 միլիոն 873 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 231 հազարը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի տեղեկացմամբ՝ այս ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկում ոռոգելի կդառնա ավելի քան 100 հեկտար վարելահող: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Երկու խորքային հորերը, որոնք ժամանակին ապահովում էին մինչեւ 50 լիտր վայրկյան հզորության ջրամատակարարում, ծառայում էին ոռոգման նպատակներով: ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք անգործության մատնվեցին եւ թալանվեցին, իսկ դրանց սպասարկման տակ գտնվող վարելահողերը, ավելի քան 100 հեկտարի չափով մնացին լքված ու անմշակ: Հիմա , երբ մեր համայնքի շատ բնակիչներ այս տարի կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցան, որոշեցին զբաղվել հողի մշակությամբ, ուստի եւ խորքային հորերի մաքրման, վերակառուցման ու վերագործարկման խնդիր առաջացավ, ինչին եւ լուծում ենք տալիս ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ: Կանենք հնարավորը, որպեսզի մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը մասամբ կամ ամբողջությամբ ավարտենք ծրագիրը եւ ապահովենք պահանջվող ջրամատակարարումը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: 
12:16 - 02 հունիսի, 2020
Պարետը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակումներ մտցնել

Պարետը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակումներ մտցնել

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ. «1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.   բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.   գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով. 2. Սահմանել Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի: 3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը»-նշված է որոշման մեջ: Սևան համայնքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
09:10 - 25 մայիսի, 2020
Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը. ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին

Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը. ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Մարզպետը ներկայացրել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Արթուր Մկրտչյանին: Զորակոչային հանձնաժողովի նիստի սկզբում քննարկվել են զորակոչի նախապատրաստական փուլերի հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցել է, որ 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են օրենքով սահմանված կարգով, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու կանոնները և մարզը պատրաստ է արդյունավետ կերպով անցկացնել ամառային զորակոչը: Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամներն այնուհետև քննարկել են զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարություններով կցագրման կազմակերպման, այդ թվում արտերկրում գտնվող անձանց ներկայության ախահովման հետ կապված հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին մասնակցել է նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը, որի հետ քննարկվել են զինվորական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկների հետ կապված մի շարք հարցեր:Մարզպետարանի լրատվական ծառայությունը հավելում է նաև, որ 2020 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին և կավարտվի օգոստոսի 31-ին:
09:09 - 21 մայիսի, 2020
Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության խնդիրները քննարկման առարկա

Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության խնդիրները քննարկման առարկա

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում, քննարկվեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված մի շարք խնդիրներ: Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ղեկավար Դավիթ Մեժլումյանը, նույն ծրագրի բաղադրիչի ղեկավար Կարեն Թորոսյանը, «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի Գեղարքունիքի մարզային համակարգող Խորեն Բադալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Լճափ, Հայրավանք, Ծաղկաշեն, Ծակքար, Գանձակ համայնքների ղեկավարները:Ինչպես խորհրդակցության սկզբում ներկայացրեց Դավիթ Մեժլումյանը, Գեղարքունիքի մարզը հանդիսանում է այս ծրագրի ամենամեծ շահառուն, որտեղ «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի եւ համայնքների համագործակցության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում մինչ այժմ ներդրվել է շուրջ 2 միլիարդ 700 միլիոն դրամ:Այդ գումարից 1,6 միլիարդն ուղղվել է արոտների ջրարբիացմանը, 1 միլիարդը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: «Արոտների ջրարբիացման նպատակով անցկացվել է 93 կլիոմետր երկարության ջրագիծ, տեղադրվել 55 խմոց, համայնքների կարիքների համար ձեռք է բերվել 150 միավոր գյուղտեխնիկա: Ծրագիրն ընթացքի մեջ է եւ կշարունակվի մինեւ 2022 թվականի ապրիլ ամիսը: Սակայն դրան կարող են արգելք հանդիսանալ որոշ համայնքներում առաջացած պարտքերը եւ համաֆինանսավորման հետ կապված խնդիրները:Որպեսզի ծրագիրը Գեղարքունիքում ունենա շարունակություն, պետք է համայնքները մինչեւ վերջ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,-ներկայացրեց Դավիթ Մեժլումյանը: «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի գրասենյակի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանն իր հերթին նշեց, որ այսօրվա դրությամբ արոտների ջրարբիացման ծրագրերի իրակակացման արդյունքում պարտքեր են կուտակվել Ծաղկաշեն համայնքում՝ շուրջ 100 հազար դրամի չափով եւ Հայրավանք համայնքում՝ շուրջ 450 հազար դրամի չափով: Գյուղտեխնիկայի ձեռքբերման նպատակով համաֆինանսավորման խնդիրներն առայժմ չեն լուծվում Ծակքար, Ծաղկաշեն եւ Հայրավանք համայնքներում: «Մենք համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը, որպեսզի մարզի գյուղացիական տնտեսությունների համար կենսական նշանակության ծրագրերը չձախողվեն»,-ներկայացրեց Խորեն Բադալյանը:Լճափ համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը բարձրացրեց Լճափի արոտների ջրարբիացման խնդիրը, շեշտելով, որ այսօր այն իրենց համայնքի բնակչության համար դարձել է ամենակենսական խնդիրը: Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հորդորեց համայնքների ղեկավարներին ու ծրագրի պատասխանատուներին՝ տեղերում քննարկել ու կարգավորել խնդիրները, գտնել արդյունավետ այնպիսի լուծումներ, որպեսզի ծրագիրը Գեղարքունիքի մարզում շարունակվի նոր ու նշանակալի ձեռքբերումներով:Այնուհետ խորհրդակցության մասնակիցների քննարկումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ: Լճափ ու Գավառ համայնքներում «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ներդրման համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ ծրագրի ղեկավարի միջեւ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն:
16:57 - 19 մայիսի, 2020
Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը

Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը

Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն – համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: «Գյուղի լուսավորության ցանցն ընդարձակվում է հինգ ուղղություններով, շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն մայիսի վերջերին: Մարտի 15-ից վերսկսվել են Զոլաքարի մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա ընթացքում ու ընդհատվել տարեվերջին: Մանկապարտեզը եւս կառուցվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի պայմանագրային արժեքը կազմում է 276 միլիոն դրամ: Այն նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ»,-ներկայացրեց Զոլաքար համայնքի ղեկավարը:  
11:58 - 18 մայիսի, 2020
Արևային էլեկտրակայանի կառուցման համար Արփունքում ֆիզանձանց պատկանող որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին |hetq.am|

Արևային էլեկտրակայանի կառուցման համար Արփունքում ֆիզանձանց պատկանող որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին |hetq.am|

hetq.am: Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման  ներդրումային  ծրագրի իրականացման նպատակով Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ։ Ծրագիրը նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը։ Որոշման նախագծում նշված է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ։ «Այդ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները, և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են»,- ասված է նախագծում։ Նշված տարածքները ձեռք է բերելու «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է։ Ըստ նախագծի՝ սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
13:42 - 14 մայիսի, 2020
Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին |armenpress.am|

Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալ Էդիկ Հակոբյանը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: Դրանից  հետո անհայտ անձը (անձինք) գիշերվա ընթացքում կատարել են անթույլատրելի արարք՝ վիրավորելով տվյալ ընտանիքի արժանապատվությունը:  «Մեզ ահազանգել է կորոնավիրոսուվ հիվանդի դուստրը: Պարզվել է, որ անհայտ անձինք շուռ են տվել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» եւ այլ բառեր։ Որոշ բառեր էլ գրեթե չէին  կարդացվում: Գրառումները մաքրվել են, իսկ բաժնում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ»,-ներկայացրեց Էդիկ Հակոբյանը:
13:26 - 14 մայիսի, 2020
Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները կհիմնանորոգվեն

Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները կհիմնանորոգվեն

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Գրիբոեդով փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյան փողոցում՝ 1230 գծամետր երկարությամբ ճանապարհ: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: «Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ նույն փողոցներում նախատեսված են եզրաքարերի քանդման եւ վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում` նոր բազալտե եզրաքարերի տեղադրման, դիտահորերի երկաթբետոնյա ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում` նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,- տեղեկացրել է Սեւան համայնքի ղեկավարը:
22:19 - 12 մայիսի, 2020