Ինֆոքոմ

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։ Վարչապետ  Փաշինյանն այս մասին ասաց Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում։ «Մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո ասաց, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդն ու իր ընտանիքի կարիքները հոգա, և ոչ միայն տղամարդը՝ առողջ կինը նույնպես, այլ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Մենք աջակցում ենք 1000 ընտանիքների հաղթահարելու աղքատությունը։ Գումար տալով աղքատությունը չենք կարող հաղթահարել, ամեն օգնության մեջ պետք է զարգացման նպատակ դնել, որ մարդը զարգանա։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի։ Ես վերլուծել եմ իմ ասածը և ուզում եմ խոստովանել իմ կողմից թույլ տված սխալներ՝ ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել ու չնշել իր առողջական վիճակի մասին։ Այժմ ներողություն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից »,- ասաց Փաշինյանը։   Փաշինյանը նշեց, չնայած, որ բոլորն են սխալական, բայց իրենք քաղաքացու  նկատմամբ անազնիվ քայլեր չեն անի։ Վարչապետը հույս հայտենց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքը կստանա զարգացման աջակցություն։ 
14:22 - 11 մարտի, 2020
Forbes-ը ճամփորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում ներառել է Գյումրին

Forbes-ը ճամփորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների շարքում ներառել է Գյումրին

Մարտի 10-ին Forbes-ը հրապարակել է «17 ամենագեղեցիկ ուղղությունները՝ գարնանը ճամփորդելու համար» վերնագրով հոդված, որտեղ լրագրող Բրեաննա Վիլսոնը այլ վայրերի հետ մեկ տեղ նշում է նաև Գյումրին։ Հեղինակը գրում է, որ Գերմանիայից ու Հունաստանից դեպի Գյումրի իրականացվող բյուջետային ավիաթռիչքների շնորհիվ Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը սկսել է ձերբազատվել 1988 թ․ երկրաշարժի հետ նախկինում եղած ասոցացումներից։ «Գարունը ֆանտաստիկ ժամանակ է՝ Գյումրի այցելելու համար, քանի որ դաժան ձմեռը տեղի է տալիս, ու ծաղիկները ողողում են քաղաքը՝ կարծես թե նախապատրաստվելով նշել Զատիկը՝ իր համեղ մրգերով ու Զատկի փլավով լեցուն ամաններով։ Գյումրին նորաձև սրճարանների ու թեմատիկ խանութների վայր է, այստեղ կան բազմաթիվ մշակութային վայրեր, գիշերելու համար նմանը չունեցող հյուրանոցներ, ինչպես նաև իրենց հումորով հայտնի գյումրեցիներ»։ Հոդվածում հեղինակը պատմում է Gwoog Gastrohouse-ում մատուցվող ավանդական պանրախաշի, տեղական խոտաբույսերից ու ծաղիկներից պատրաստած թեյեր մատուցող Herbs & Honey սրճարանի, ինչպես նաև հայտնի Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի մասին։ ԱՊՀ երկրներից հեղինակը, բացի Գյումրիից, խորհուրդ է տալիս այցելել Թբիլիսի, որը նկարագրում է որպես քաղաք, որն աչքի է ընկնում իր հին շենքերով ու համեղ ուտելիքներով։ Բացի այդ՝ հոդվածում հիշատակվում են Պակիստանի Հունզա հովիտը, Անգլիայի մայրքաղաք Լոնդոնը, Արուբան, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» ազգային պարկը, Պերուում գտնվող ինկերի մայրաքաղաք Կուսկոն, Վանկուվերը, Մարոկկոն, Իսլանդիան, Մեխիկոն։ Աղբյուրը՝ forbes.com:   Լիլիթ Հարությունյան
13:17 - 11 մարտի, 2020
Բոլոր պարգևատրումները տրվել են աշխատավարձերի ֆոնդերի խնայողությունների հաշվին․ Կոտայքի մարզպետ

Բոլոր պարգևատրումները տրվել են աշխատավարձերի ֆոնդերի խնայողությունների հաշվին․ Կոտայքի մարզպետ

«Բոլոր պարգևատրումները տրվել են ըստ օրենքի և սեփական խնայողությունների հաշվին»։ Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Հարցին, թե հոկտեմբեր ամսվանից հետո որքան պարգևավճար է ստացել մարզպետը և մարզպետարանի մյուս ախատողները, Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող հստակ թվեր նշել, սակայն ընդգծեց, որ բոլոր պարգևավճարները տրվել են օրենքով սահմանված կարգով, բացառապես աշխատավարձային ֆոնդերի խնայողությունների հաշվին և ամեն ինչ մանրամասն հայտարարագրվելու է։ «Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ 137 մարզպետարանի հաստիքացուցակից, այս պահին թափուր է շուրջ 20  աշխատատեղ, և այդ թափուր աշխատողների  աշխատանքը նույնպես կատարել են մարզպետարանի մյուս աշխատակիցները : Մի կողմից  խնդիրն այն է, որ դժվար է գտնել այնպիսի կադրեր, որոնք կհամապատասխանեին պահանջներին, ինչ-որ տեղ էլ  խնդիրը կապված է ցածր աշխատավարձի հետ: Օրինակ, առաջին կարգի մասնագետի մաքուր աշխատավարձը  77 հազար դրամ է ՝ չնայած այն հանգամանքին, որ սա գրասենյակային աշխատանք չէ, այլ` ակտիվ աշխատանք է ենթադրում: Շատ քչերն են պատրաստ 80․000 դրամով նման աշխանք կատարել։ Բացի վերը նշված գործոններից, որոշ թափուր աշխատատեղեր 20-25 տոկոսով չեն լրացվել սպասվող օպտիմիզացիայի ֆոնին, ուստի նպատակահարմար չէր աշխատակիցների ընդունել, ապա` կրճատել»,- պարզաբանեց նա:
15:01 - 10 մարտի, 2020
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը

Երեկ Իրատլիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին շտապ ճեպազրուց է անցկացրել՝ կապված Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, որի ժամանակ հայտարարել է ձեռկարկվելիք ավելի խիստ միջոցների մասին, որոնց նպատակն է կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը։ 1. Կարանտին է հայտարարվում ամբողջ երկրի տարածքով, քաղաքացիները պետք է զերծ մնան բոլոր տեսակի ներքին ճանապարհորդություններից։ Բացառություն են կազմում աշխատանքը, առողջական խնդիրներն ու ծայրահեղ անհրաժեշտությունը։ 2. Իտալիայում արգելվում են բոլոր տեսակի մասսայական միջոցառումները։ 3. Դադարեցվում են բոլոր սպորտային միջոցառումները։ 4. Արգելվում են հավաքները հանրային վայրերում։ 5. Բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը։ Միջոցառումներն ուժի մեջ են մտնում մարտի 10-ի առավոտվանից։ Միջոցառումների մասին իրազեկել են բոլոր շրջանների ղեկավար մարմիններին։ Հիշեցնենք, որ մարտի 9-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի վիրուսի 7 375 դեպք, որոնցից 463 ավարտվել է մահով։ Պաշտոնական տվյալները հայտնում են, որ կիրակի օրվանից սկսած՝ գրանցված հիվանդների թիվն աճել է 25%-ով։ Աղբյուրը՝ bbc.com։   Լիլիթ Հարությունյան  
09:57 - 10 մարտի, 2020
«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

Այս տարվա մարտի 6-ին «Իրավունք» թերթը հրապարակել է «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջանում է» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է, որ նույն օրը Ազգային ժողովում ընդունված «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքների փաթեթի նպատակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելն է»։ Այս հոդվածը մի շարք կայքեր սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջնում է․ գործի է անցել ԱԺ-ն» վերնագրով։ «Իրավունք»-ի հոդվածի մեջ հիշատակվում է Արմեն Սարգսյանի՝ հունվարի 12-ին ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի ժամանակ ունեցած ելույթի հետեւյալ հատվածը. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»: Նշելով, որ ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վերոնշյալ նածագծերի փաթեթը՝ թերթը գրել է, որ, պարզվում է, ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում ենք, որ նախագծերի փաթեթը քննարկման է դրվել դեռեւս 2019 թվականի մարտի 14-ին։ Այն Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի օրակարգ է մտել 2020 թվականի հունվարի 20-ին։ Իսկ Արմեն Սարգսյանը տիեզերք թռչելու իր երազանքի մասին խոսել է հունվարի 12-ին՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում՝ ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  Ազգային ժողովում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունվարի 24-ին, երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 6-ին։ Հաշվի առնելով փաթեթի շրջանառման ամսաթիվը՝ կարող ենք ենթադրել, որ այն Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելու» համար չի գրվել, նախագծի հեղինակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Սարգսյանի երազանքի բարձրաձայնումից շատ ավելի առաջ է սկսել աշխատել օրենքի շուրջ։ Բացի այս, «Տիեզերական գործունեության մասին» օրենքի առաջին հոդվածում նշված է, որ օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը: Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքում հիմնականում օգտագործվում են «տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում,  տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների եւ/կամ փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային  տվյալների ընդունում եւ մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծումը եւ շահագործումը» հասկացությունները: Օրենքի հինգերորդ հոդվածում նշված է, որ տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են՝ ա) տիեզերական գիտության ձեռքբերումների եւ տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման աջակցումը, բ) տիեզերական գործունեության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովումը, գ) տիեզերական գործունեության բնագավառում ՀՀ-ի համար հավասար եւ փոխշահավետ համագործակցության ապահովումը, դ) տիեզերական գործունեության ոլորտում ՀՀ-ի միջազգային պատասխանատվության ապահովումը, ե) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության եւ հավասարակշռված զարգացման ապահովումը: Այս սկզբունքները, ըստ էության, կապ չունեն Արմեն Սարգսյանի անձնական երազանքի հետ։ Օրենքի համաձայն՝ տիեզերական գործունեությունը իրականացվելու է լիցենզիայի հիման վրա: ՀՀ-ի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվելու է ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Փաթեթի հիմնավորման մեջ նշվում  է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես` տիեզերական տարածությունում առկա տիեզերական օբյեկտների միջոցով մի շարք գործառույթների իրականացումը առաջ է բերել այդ ոլորտի ձևակերպման, դրա հստակեցման, հսկողության ամրագրման, իրականացման համար օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտություն: «Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք, կամ մատուցում համապատասխան ծառայություններ։ Հետևաբար, տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 (զրո) ՀՀ դրամ»,- ասվում  է հիմնավորման մեջ՝ հավելմամբ, որ տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջև։  Նշված ընկերությունները որոնում են ազատական և մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն։ Միևնույն ժամանակ, հիմնավորման մեջ նշվում է, որ նույնիսկ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ  գործունեություն ծավալել։ ՀՀ կառավարության համոզմամբ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ն կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Հայարփի Բաղդասարյան
19:38 - 09 մարտի, 2020
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը պարտավորվել է 70 հա անտառ տնկել․ Էրիկ Գրիգորյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը պարտավորվել է 70 հա անտառ տնկել․ Էրիկ Գրիգորյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որը գտնվում է Հայաստանի հարավում, պարտավորվել է 70 հա անտառ տնկել: Այս մասին մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում լեռնահանքային մետաղագործության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախկինում համակարգը այնպես է եղել, որ կարող ես վճարել  և աղտոտել միջավայրը, ավել կվճարես՝ ավել կաղտոտես։ Սակայն այդ վճարները մեծամասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, մասնավորապես՝ ջրի, օդի համար նախատեսված գումարները և այդ գումարները շատ փոքր են։ Հիմա, փոխվում է օրենսդրությունը, խոսքը չի գնում, թե ինչքան գումար պետք է վճարվի, այլ ինչպես պետք է կանխարգելվի վնասը և հետո վերականգնվի։ Մասնավորապես Արծվանիկի հետ կապված, 2008 թվականին կազմակերպությունը 12,5 մլն տոննա հանքաքար մշակելու համար արդեն հողերը ստացել էր և հետո 22 մլն հանքաքարի մշակման համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը մեզ դիմել էր Արծվանիկի լրացուցիչ ծավալները մեծացնելու համար, որը մեր կողմից մերժվել է»,- ի պատասխան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ասաց նախարարը ։ Նախարարը պարզաբանեց, որ ձեռնարկության ղեկավարության հետ արդեն քննարկել են, թե որ տարածքներում են տնկվելու ծառերը: «Ծառերի մի մասը տնկվելու է գործարանին պատկանող Արծվանիկի պոչամբարի մոտ: Մեկ այլ մասը տնկվելու է Կապանի ներկայումս փակված Կավարտի պոչամբարի մոտ: Նախատեսվում է նաեւ ծառեր տնկել հենց քաղաքում»,- նշեց Գրիգորյանը: Նախարարի հավաստիացմամբ, նախատեսվում է նվազագույնի հասցնել այս գործարանի կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասը: Նա նաեւ նշեց, որ մինչ այժմ հանքարդյունաբերական ձեռնարկությունները բնապահպանական վճարներ են վճարում բյուջե: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները որոշեցին հրաժարվել այս համակարգից` այն անարդյունավետ  համարելով: Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ «Զանգեզուր» գործարանի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել՝  շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Դրանց թվում է 2019 թվականի հոկտեմբերին ամբարտակի փլուզումը, որի պատճառով Արծվանիկի պոչամբարից ջուրը հոսել էր Ողջի գետը:
16:58 - 09 մարտի, 2020
Ամուլսարը շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ․ Էրիկ Գրիգորյան

Ամուլսարը շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ․ Էրիկ Գրիգորյան

 Օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կարգավորվում է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։ Հիմա հմշակվի հրամանը և մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու, դրան զուգահեռ փոփոխություններ են արվում նաև հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի։ Ամեն ինչ պետք է լինի փաստաթղթավորված՝ դա կվերաբերի սիգին, ծառին, քարին։ Հուսանք, որ սիգի հարցը նույնպես կկարգավորվիլ, այսինքն, եթե տեսնենք վաճառվող սիգ, ուրեմն այն կլինի օրինական։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։    Ամուլսարի շահագործման հարցը մեր նախարարության հետ առնչվող հարց չէ. մենք կրկին խնդիրներ ենք տեսել, խնդիրներն ուղարկել ենք քրեական գործի։  Շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ այս պահին։ Խնդիրներն ուսումնասիրվում են, որպեսզի տեսնենք կազմակերպությունը կեղծ տվյալնե՞ր է ներկայացրել, թե ոչ, եթե կեղծ է, ապա ինչի հետեւանք է, եթե կեղծ չէ, ապա պետական մարմիններն ինչ-որ բան ճիշտ չեն արել»,- նշեց նա։ Հարցին, թե արդյոք նախարարությունը գործի ընթացքին հետեւո՞ւմ է, նախարարը պատասխանեց, որ իրենց մասնագետները որպես փորձագիտական ներուժ, ներգրավված են այդ գործում: Անդրադառնալով տարածքների ապօրինի սեփականաշնորման հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ անտառային օրենսգիրքը հստակ արգելում է անտառային հողերի օտարումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, բայց կար ընթացակարգ, որի միջոցով հնարավոր էր հողի կատեգորիան փոխել եւ հետո վաճառել։ «Կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում անտառային հողերի կատեգորիա չի փոխվել։ Նախկինում քրեական գործեր կային, մենք նաեւ ուսումնասիրություններ ենք արել, ՊՎԾ-ն էլ է աշխատել բոլոր այն տեղերում, որտեղ հիմքերը բավարար չեն եղել, մենք մեծ ուրախությամ  
16:26 - 09 մարտի, 2020
Բոլոր մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերողները առաջին անգամ սկսելու են թափոնների տեղադրման համար հարկ  վճարել․ Էրիկ Գրիգորյան

Բոլոր մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերողները առաջին անգամ սկսելու են թափոնների տեղադրման համար հարկ  վճարել․ Էրիկ Գրիգորյան

ԱԺ–ում տեղի է ունենում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է կատարված փոփոխություններին։ Սահմանվեց այն բոլոր ջրագրերը, որոնք կարող են օգտագործվել օդի ախտոտման համար։ Ներմուծվել է սանիտարական գոտի՝ հաշվարկման համար, որը նախկինում չկար, նոր կանոնակարգումներով վնասակար նյութերի ցրման հաշվարկը պետք է գնահատական տա և ախտոտվածության կազմակերպության տարածքի, սանիտարապաշպանական գոտու սահմանային եզրին և ամենամոտ  բնակելի տարածքում, սա նույնպես բավական մեծ փոփոխություն է։ Հաջորդը՝ պոչամբարներում կուտակվող ընդերքաօգտագործման թափոնները, եթե նախկինում վտանգավոր չէին  և համարվում էին հինգերորդ դասի։ Նախարարության հրաանով փոխվել են վտանգավորության չորրորդ կարգի և համարվում են վտանգավոր։ 2021 թվականի հունվարի մեկից սկսվում է արդեն  ընդերքօգտագործման թափոնների համար հարկման ժամանակաշրջանը, այսինքն բոլոր մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերողները առաջին անգամ սկսելու են թափոնների տեղադրման համար հարկ  վճարել։ 1998 թովականից կա բոլոր թափոննեի համար սահմանված վճարներ, ըստ վտանագավորության՝ կսած 48․000 դրամից։ Հաջորդ նախաձեռնությունը վերաբերում է խտանյութերի  ընթացակարգի վերաբերյալ ՝Հայաստանի Հանրապետությունը երբեք խտանյութի արտահանման գործընթացի   վերհսկողական գործառույթ չի իրականացրել։ Անցյալ տարի մենք նախաձեռնել էինք քննարկում գործընկերների հետ , արդեն ներկայացրել ենք առարկայական առաջարկներ խտանյութերի ստուգման համար։ Մենք առաջարկում ենք, որպեսզի Բագրատաշենի մաքսակետում լինի հսկիչ կետ, որտեղից պետք է խտանյութը վերցվի և կենթարկվի լաբարատոր հետազոտության։ Մեր գործընկերները առաջարկում են նաև այլ տարբերակներ՝ օրինակ, միջազգային լատարատորինարում անցնեն հետազոտության։ Հաջորդը ՝ տարբեր գերատեսչությունների՝ ՏԿԵ-ի, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի , Շրջակա միջավայրի և ՊԵԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակն է կարևոր՝տեղեկատվությունը իրար հետ կիսելու առումով:Մեն քտարբեր արձանագրությունների, խախտումների մասով դիմում ենք և տեսչական մարմնին և Տարածքային կառաավրման  և ենթակառուցվածքների  նախարարությանը։ Մի քանի հանքերի մասով ՏԿԵՆ արգելել է, դադարեցրել  է իրենց պայմանագրերը, մասնավորապես՝ Մարջան, Թուխմանուկ և այն։ Ընդհանուր առմամբ, այս պահին մենք Բնապահպանական և ընդերգի օգտագործման տեսչական մարմնից 72 հանքարդյունավերողի վերաբերյալ տվյալներ ենք ստացել, որոնք գործունեություն չեն իրականացրել՝ զրոյական հաշվետվություններ են ներկայացնում, հիմա նաև դիմել ենք ՊԵԿ-ին, եթե ՊԵԿ-ը տեղեկատվություն տա, որ ֆինանսական գործառույթներ նույնպես չեն իրականացրել, ապա օրենքի ուժով ՇՄԱԳ-ի մասով թույլտվությունները կարող են դադարեցվել։  Հաջորդ կետը՝ օգտագործման իրավունքից հրաժարման դեպքում Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնելու։ Օրիանկ՝ Կապանի հանքում տեսնում ենք կավարտի այդ վիճակը, դա հետևանք է նրա, որ հրաժարման դեպքում չի համաձայնեցվել Շրջակա միջավայրի նախարարության հետ և այդ ռեկուլտիվացիայի աշխատանքները չեն ներառվել  և դա մնացել է պետության լուծման դաշտում։ Երկու ենթաօրենսդրական ակտեր են մշակվուն են՝ հողերի կենսաբանական վերականգնման ուղեցույցն է, նախկինում ռեկուլտիվացիայի տակ հասկացվում էր՝ հողի բարակ շերտով փակում են և թողնում են, սա կբերի ավելի մանրամասն վերականգնման։ Երկրորդը ՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների  հաշվարկման գործող մեթոդաբանության վերանայումն է ,որովհետև այսօր այդ գումարները բավական ցածր են։ Մակերևութային ջրերի ուսումնասիրման դիտակետերի ցանկը վերանայվել է։ Խոսքը գնում է այն մասին, որ կա հանքարդյունաբերական կազմակերպություններ, որտեղ դիտակետը դրված էր այնտեղ, որտեղ ջուրն արդեն վատն է, խոսքը վերաբերում է Ողջի գետին։
14:05 - 09 մարտի, 2020
Մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան

Մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան

Երեկ՝ մարտի 6-ին, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությանը հետևելու հնարավորություն չտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գրիգոր Երիցյանին։ Մինչև ընտրության մեկնարկը դպրոցի կառավարման խորհուրդը որոշեց ներս չթողնել նրան։ Այս թեմայով զրուցել ենք Գրիգոր Երիցյանի հետ։ - Պարո՛ն Երիցյան,  ինչո՞ւ Ձեզ թույլ չտվեցին ներկա գտնվել տնօրենի ընտրության գործընթացին։ - Քանի որ նախապես չէի հավատարմագրվել, խորհուրդը դրեց քվեարկության, թե արդյո՞ք նպատակահարմար են գտնում ինձ դիտորդի կարգավիճակում թույլ տալ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, և փաստորեն իրենք գտան, որ նպատակահարմար չէ իմ մասնակցությունը, և սահմանափակեցին իմ՝ դիտորդ լինելու հնարավորությունը։ Ազգային ժողովի պատգամավոր կար, որին նույնպես  որոշ ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել։ Սկզբում պատճառն այն էր, որ  վկայականը  իր մոտ չէր, հետո նա բերեց վկայականը, ապա ասացին, որ խորհուրդը որոշել է, որ նաև իրեն թույլ չեն տալիս մասնակցել։ Ինձ մոտ բնական կասկած առաջացավ, որ գուցե դա արվում է միտումնավոր, քանի որ որոշ լրատվամիջոցներ նույնպես կարողացան ներս մտնել առանց հավատարմագրման։ Ի սկզբանե ես եկել էի առանց որևէ կասկածի, բարի կամքով,  որպեսզի տեսնեմ՝ ինչպես է ընթանում այս մրցույթը։ Քանի որ նախկինում էլ ահազանգեր էի լսել դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչներից՝ որոշակի խնդիրների վերաբերյալ, ուզում էի ինքս համոզվել, սակայն  դա ինձ մոտ չստացվեց։ Ես խնդրեցի, որ Երևանի  փոխքաղաքապետն անձամբ գա, մասնակցի այդ մրցույթին և ճշտի, թե որն է պատճառը, որ իմ մուտքը սահմանափակել են։  - Պարո՛ն Երիցյան, արդյոք չկա՞ն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, Դուք իսկապե՞ս չունեիք ներս մտնելու հնարավորություն։ - Երևանի ավագանու դեպքում և առհասարակ ավագանու դեպքում օրենսդրական բացեր կան, և դա չի կարգավորվում, ցավոք սրտի։ Ես կարծում եմ, որ որևէ խոչընդոտ չպետք է լիներ, որ մենք կարողանայինք մասնակցել մի մրցույթի, որը տեղի է ունենում մի հիմնարկում, որը փաստացիորեն կոչված ենք վերահսկելու։ Այսինքն, ես իմ վերահսկելու գործառույթը չկարողացա իրականացնել։ Նախապես գրանցվելու վերաբերյալ․ հասարակական կազմակերպությունները նախապես գրանցվում են դիտորդության համար, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները, բայց որպես Երևանի ավագանու անդամ՝ նման կարգ գոյություն չունի, որ դիմեմ և խնդրեմ, որ ինձ նույնպես որպես դիտորդ գրանցեն։ Եթե նախապես գրանցվում եմ, այտեղ կորչում է վերահսկման գործառույթը, որովհետև բոլորը իմանում են, որ ես գալու եմ։ Կարծում եմ՝ կան օրենսդրական խնդիրներ, բայց ինձ համար ամեն դեպքում տհաճ է։ Քանի որ ընտրությունը հեռարձակվում էր օնլայն, առանց որևէ պատճառաբանության իմ մուտքը սահմանափակելը ճիշտ չէր։ Մի քանի պատճառաբանություն տվեցին․ մեկը, որ ներսում տեղ չկա, որը աբսուրդային պատճառաբանություն է ինձ համար, երկրորդը, որ նախապես չեմ գրանցվել, երրորդը՝ խորհուրդը որոշեց, որ ներս չենք թողնի, որովհետև, եթե այդպես լինի, ով ասես՝ կգա։ Երրորդը ամենաաբսուրդային բացատրությունն էր, և նաև ինձ համար գաղտնիք է մնում, թե որն էր խորհրդի անդամների մոտիվացիան՝ դեմ քվեարկելու իմ մասնակցությանն այն դեպքում, երբ, կարծես թե, թափանցիկության բոլոր կանոնները պահպանված էին․ լրագրողներ կային, օնլայն հեռարձակվում էր մրցույթը, չգիտեմ՝ որն էր իրենց մոտիվացիան առհասարակ դա խորհրդի քննարկմանը դնելու։  - Նշեցիք, որ Ձեր խնդրանքով դպրոց էր եկել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Արդյո՞ք ընտրությունից հետո քննարկել եք այս խնդիրները։ - Այո՛, իր հետ քննարկել եմ պատճառը և նաև տեղեկացել եմ իրենից ներսում տեղի ունեցող իրավիճակից՝ արդյո՞ք բոլոր օրենքները պահպանվում են և այլն։ Խոսել եմ իր հետ, արձանագրել ենք, որ այս պահին օրենսդրական բացեր ունենք, և մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են։ Փաստորեն որոշումը մնում է կառավարման խորհրդի բարի կամքին։ Քննարկեցինք ավագանու լիազորությունները ընդլայնելու անհրաժեշտությունը  և կարգ սահմանելու, որը թույլ կտա, որ մենք վերահսկողություն իրականացնենք։ Այսինքն՝ այսպես թե այնպես թողնվելու է խորհրդի կամքին, և թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին ոչ մի լծակ չունեն ազդելու և չեն էլ ցանկանում ունենալ լծակ ազդելու այդ խորհուրդների որոշումների վրա։ Խոսեցի նաև հանրակրթության վարչության պետի հետ, և նա նույնպես զարմացած էր, ասաց, որ որևէ խնդիր չպետք է լիներ, որ ես մասնակցեի այդ մրցույթին։ Այնուամենայնիվ, պետք է խորհրդի անդամներից հարցնենք իրենց մոտիվացիանների մասին։ Խորհրդի անդամներից միայն մեկն է եղել քաղաքապետարանի ներկայացուցիչ, որը, որքան տեղյակ եմ, նույնպես դեմ է քվեարկել։ Դա  էլ իմ զարմանքը և զայրանքն է առաջացրել, իրենց հետ անպայման կքննարկեմ՝ հասկանալու համար, թե դա ինչու էր արվել։ - Եթե հետևել եք տնօրենի ընտրության գործընթացին,  ինչպիսի՞ն է  Ձեր գնահատականը։ - Ճիշտն ասած, թե՛ դպրոցում եղած ժամանակ, թե՛ քաղաքապետարան վերադառնալիս դիտել եմ ամբողջ օնլայն հեռարձակումը։ Դիտել եմ նախկին և արդեն ընտրված տնօրենի պրեզենտացիան, հարցերի  պատասխաները և այլն։ Պետք է ասեմ, որ այդքան էլ տպավորված չեմ թե՛ իր զարգացման ծրագրով, թե՛ այն հարցերի պատասխաններով, որոնք ավելի քննադատական էին։ Որոշ հարցերի տրվեցին շատ զազրելի պատասխաններ։ Օրինակ, երբ հարց ուղղեցին, թե ինչպես է նման քանակի խնայողություններ արվել, պատասխանն էր՝ ես տնային տնտեսուհի եմ և գիտեմ՝ ինչպես խնայել։ Ընդհանրապես նրա մոտեցումները ինձ դուր չեկան։ Մյուս թեկնածուներին նույնպես լսել եմ։ Քանի որ արդեն ունենք ընտրված տնօրեն, ես իմ կողմից խոսք եմ տալիս, որ հետևողական եմ լինելու, ճշտելու եմ և գնալու եմ այն ահազանգերի հետևից, որոնք կստանամ։ Այսօրվա դիպվածի հետ կապված էլ հետագայում կփորձեմ պարզաբանումներ ստանալ, նաև ահազանգեր ունեմ, որ ինքը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել մասնակցային կառավարումը։ Նաև գիտեմ, որ նախկինում այդ դպրոցը ղեկավարել է իր մայրը, այսինքն՝ դա վերածվել է ժառանգաբար փոխանցվող գործունեության, որը նույնպես, կարծում եմ, շահերի բախում է և առողջ երևույթ չէ, շատ դպրոցներում ունենք նման երևույթներ։ Այդ պատճառով այս դպրոցը և մի քանի այլ դպրոցներ լինելու են իմ ուշադրության կենտրոնում։ Իմ այդ կարճ այցի ընթացքում զրուցեցի դպրոցի աշխատակիցների՝ փոխտնօրենի, պահակների հետ,որոնք այնտեղ էին, և էլի հետաքրքիր տեղեկություններ ստացա, որոնք նույնպես առաջիկայում կփորձեմ ճշտել։ Ասպամ Փարսադանյան
14:17 - 07 մարտի, 2020
Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ «ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները եւ պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններին չի անդրադառնա, այլ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ կանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Հովհաննիսյանը, նշելով, որ նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, գրել է, որ այստեղ էլ պետք է դրսեւորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին․ «Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ: Քննարկենք մի շատ կարեւոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն եւ մյուսները՝ ընդդեմ Վրաստանի գործը»: Այս գործով թեեւ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր»: Նախկին նախարարը հարց է հնչեցրել՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար․ «ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, եւ հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը եւ եկամուտները»։ Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ մեկնաբանությունը ներկայացնում է որպես գնահատական, այնինչ ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրում է, որ Վրաստանում 2004-ին գրված օրենքը 1997-ի որոշ իրավական ակտերի շարունակությունն է՝ առանց դրան դրական կամ բացասական գնահատական տալու (B merits 1․ 84 «Այդ փոփոխություններից յոթ տարի առաջ՝ 1997 թվականին, արդեն գոյություն ուներ համապատասխան օրենք):  Նախկին նախարարը նաեւ գրել է, թե հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ, նրա համոզմամբ, ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Նախկին պաշտոնյան նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ում հայտարարագրման պահանջ սահմանող օրենքն, ըստ էության, ներդրվել է 2011 թվականից։ Սակայն ՀՀ-ն եւս, նախքան 2011-ի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը ունեցել է իրավական կարգավորումներ։  Այսպես, 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ստորագրել է N 353 որոշումը՝ ՀՀ կառավարության անդամների կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման մասին․  «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության եւ նրա անդամների եկամուտների մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները 1996 թվականի փետրվարի 1-ից ոչ ուշ ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի եւ հայտարարագրերի ձեւերի հաստատման մասին» N 342 որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման մեջ:  Սրանից զատ՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որի նպատակը եղել է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը։ Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ եւ գույքը ու եկամուտները հայտարարագրող են համարվել Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պատգամավորները, ՍԴ նախագահը եւ անդամները, ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները. ՀՀ դատավորները,  գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Նույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են համարվել` հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները), հայտարարատուի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) եւ եղբայրը (եղբայրները):  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնյաները հայտարարատու են եղել նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ հայտարարագրման ենթակա է եղել անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը եւ շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու, փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը։  Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուները պարտավոր էին հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները հայտարարագրել պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար. եւ հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:   «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»։  3-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները կամ ՀՀ կառավարության սահմանած հայտարարագրի ձեւերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով», «Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։ Այս օրենքը գործել է մինչեւ 2009 թվականը, հետադարձ ուժ չի ունեցել։  2001 թվականի նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Ա․ Մարգարյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նխատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին  N1067 որոշումը։ Ըստ որոշման՝ լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:  Այսպիսով, քանի որ ՀՀ-ում եւս մինչեւ 2011-ը գործել է պաշտոնատար անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգ, ապա սա ենթադրում է, որ գործողությունը հնարավոր է իրացնել առնվազն 2001 թվականից սկսած, ըստ այդմ՝ Արփինե Հովհաննիսյանի պնդումները թերի են։ Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Ըստ նախագծի՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող որեւէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան:
12:07 - 07 մարտի, 2020