Այս տարվա մարտի 6-ին «Իրավունք» թերթը հրապարակել է «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջանում է» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է, որ նույն օրը Ազգային ժողովում ընդունված «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքների փաթեթի նպատակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելն է»։ Այս հոդվածը մի շարք կայքեր սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջնում է․ գործի է անցել ԱԺ-ն» վերնագրով։
«Իրավունք»-ի հոդվածի մեջ հիշատակվում է Արմեն Սարգսյանի՝ հունվարի 12-ին ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի ժամանակ ունեցած ելույթի հետեւյալ հատվածը.
«Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»:
Նշելով, որ ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վերոնշյալ նածագծերի փաթեթը՝ թերթը գրել է, որ, պարզվում է, ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում ենք, որ նախագծերի փաթեթը քննարկման է դրվել դեռեւս 2019 թվականի մարտի 14-ին։ Այն Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի օրակարգ է մտել 2020 թվականի հունվարի 20-ին։ Իսկ Արմեն Սարգսյանը տիեզերք թռչելու իր երազանքի մասին խոսել է հունվարի 12-ին՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում՝ ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Ազգային ժողովում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունվարի 24-ին, երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 6-ին։ Հաշվի առնելով փաթեթի շրջանառման ամսաթիվը՝ կարող ենք ենթադրել, որ այն Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելու» համար չի գրվել, նախագծի հեղինակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Սարգսյանի երազանքի բարձրաձայնումից շատ ավելի առաջ է սկսել աշխատել օրենքի շուրջ։
Բացի այս, «Տիեզերական գործունեության մասին» օրենքի առաջին հոդվածում նշված է, որ օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը:
Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները:
Օրենքում հիմնականում օգտագործվում են «տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների եւ/կամ փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունում եւ մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծումը եւ շահագործումը» հասկացությունները:
Օրենքի հինգերորդ հոդվածում նշված է, որ տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են՝ ա) տիեզերական գիտության ձեռքբերումների եւ տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման աջակցումը, բ) տիեզերական գործունեության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովումը, գ) տիեզերական գործունեության բնագավառում ՀՀ-ի համար հավասար եւ փոխշահավետ համագործակցության ապահովումը, դ) տիեզերական գործունեության ոլորտում ՀՀ-ի միջազգային պատասխանատվության ապահովումը, ե) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության եւ հավասարակշռված զարգացման ապահովումը: Այս սկզբունքները, ըստ էության, կապ չունեն Արմեն Սարգսյանի անձնական երազանքի հետ։
Օրենքի համաձայն՝ տիեզերական գործունեությունը իրականացվելու է լիցենզիայի հիման վրա: ՀՀ-ի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվելու է ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես` տիեզերական տարածությունում առկա տիեզերական օբյեկտների միջոցով մի շարք գործառույթների իրականացումը առաջ է բերել այդ ոլորտի ձևակերպման, դրա հստակեցման, հսկողության ամրագրման, իրականացման համար օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտություն:
«Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք, կամ մատուցում համապատասխան ծառայություններ։ Հետևաբար, տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 (զրո) ՀՀ դրամ»,- ասվում է հիմնավորման մեջ՝ հավելմամբ, որ տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջև։
Նշված ընկերությունները որոնում են ազատական և մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն։
Միևնույն ժամանակ, հիմնավորման մեջ նշվում է, որ նույնիսկ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ գործունեություն ծավալել։
ՀՀ կառավարության համոզմամբ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ն կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)