Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար |azatutyun.am|

Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը նշանակվել է բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի տնօրեն։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, նշելով նաև, որ Մուրը հետախուզության ղեկավարի պարտականությունները կսկսի կատարել աշնանից։ Մուրը Անկարայում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2017 թվականներին։ Վերջին տարիներին նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենն էր։ BBC-ի տեղեկություններով՝ Մուրը տասնամյակներ շարունակ համատեղել է հետախուզական գործունեությունը և դիվանագիտական աշխատանքը։ Նա MI6-ում սկսել է աշխատել 1987 թվականին։ Հետախուզության նորանշանակ ղեկավարը հայտնի է գոլֆի, ինչպես նաև Թուրքիայում գործված գորգերի հանդեպ իր սիրով։
16:10 - 30 հուլիսի, 2020
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցավ 16,6 միլիոնը, մահացել է շուրջ 660 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցավ 16,6 միլիոնը, մահացել է շուրջ 660 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am:Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 16,6 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 660 հազարին, հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակակիրների թվով առաջինը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը՝ Հնդկաստանը։ Եվրոպայում զգուշանում են համաճարակի երկրորդ ալիքից: Գերմանիայում վերջին օրերին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ, երեկ հայտնաբերվել է վարակի 633 նոր դեպք, նախորդ օրը՝ երկուշաբթի՝ 340: Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տնօրենն ասել է. - «Մենք տեսնում ենք արագ զարգացող համավարակ»: Լոթար Վիլերը կարծում է, որ վերջին շրջանում գերմանացիները կորցրել են զգոնությունը, և հորդորել է դիմակներ կրել, խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու հիգիենայի կանոնները: Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ շնորհիվ COVID-19-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային դեղամիջոցների` այս հիվանդությունից մահվան դեպքերի թիվը կարող է զգալիորեն նվազել մինչև տարեվերջ, և հասարակությունը կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Ըստ Microsoft-ի հիմնադիրի՝ «Ռեմդեսիվիր»-ը ամենաառաջադեմ դեղամիջոցներից մեկն է, այն ծանր բարդություններ ունեցող հիվանդների շրջանում նվազեցնում է մահվան ռիսկը 62 տոկոսով: Գեյթսն ավելացրել է, որ գիտնականները ստուգում են ևս երկու հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությունը:
10:14 - 29 հուլիսի, 2020
Պարտադիր կարանտին, թե անարդար որոշում. Իսպանիան դժգոհ է Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշումից |hetq.am|

Պարտադիր կարանտին, թե անարդար որոշում. Իսպանիան դժգոհ է Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշումից |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, հնարավոր է, արդեն իսկ Եվրոպա է հասել կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այդպես է Ջոնսոնը բացատրել բրիտանական կառավարության որոշումը, որով ենթադրվում է երկշաբաթյա պարտադիր կարանտին՝ Իսպանիայից ժամանող բոլոր անձանց համար։ «Եկեք ավելի հստակ նշենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում՝ մեր եվրոպական որոշ ընկերների մոտ։ Վախենամ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նախանշանները։ Ցավոք, եթե մենք տեսնում ենք այլ երկրներում ալիքի նախանշանները, ապա մեր խնդիրն ու պարտքն է գործել արագ ու վճռական, որպեսզի… մարդիկ, որոնք ժամանում են այդ երկրներից, իրենց հետ Մեծ Բրիտանիա չբերեն հիվանդությունը»,- հավելել է Ջոնսոնը։ Իսպանիայից ժամանող անձանց նկատմամբ երկշաբաթյա պարտադիր կարանտինին դեմ են արտահայտվել զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչները, ինչպես նաև իսպանական կառավարությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշումն անվանել է «անարդար» և նշել, որ բրիտանացի զբոսաշրջիկներն իր երկրի որոշ շրջաններում կարող են իրենց առավել անվտանգ զգալ, քան Մեծ Բրիտանիայում։ Մասնավորապես, իսպանացիները դժգոհ են այն նրանից, որ Բրիտանիան բացառություն չի արել այն զբոսաշրջիկների համար, որոնք վերադառնում են Բալեարյան և Կանարյան կղզիներից, որտեղ գրեթե չկա կորոնավիրուս։ Զուգահեռաբար, Իսպանիայի երկու շրջաններում՝ Կատալոնիայում և Արագոնում, շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը, սակայն իշխանությունները հայտարարում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Մադրիդում հուլիսի 28-ին մտցվել է դիմակների պարտադիր կրման ռեժիմ։ Բացի այդ, իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս չհավաքվել 10 հոգուց ավելին։ Վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքերով՝ Իսպանիայում Covid-19-ի նոր դեպքերի 64 %-ը գրանցվում են երկու շրջաններում, իսկ Իսպանիայի մնացած մասում հիվանդությունը տարածվում է շատ ավելի դանդաղ, քան Մեծ Բրիտանիայում։ Եվրոպացի հաճարակաբանների տվյալներով՝ Իսպանիայի յուրաքանչյուր 100 000 բնակչին ներկայումս միջինում բաժին է ընկնում կորոնավիրուսի 35,1 դեպք, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմում է 14,7։ Իր քաղաքացիներին Իսպանիա չմեկնելու խորհուրդ է տալիս նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է իսպանական երեք շրջանների՝ Կատալոնիայի, Արագոնի և Նավարրայի մասին։ Առողջապահության նախարար Յենս Սպանը հայտնել է, որ այսուհետ համաճարակաբանական տեսանկյունից բարձր ռիսկի տակ գտնվող երկրներից Գերմանիա ժամանողները պարտադիր կթեստավորվեն։ Միևնույն ժամանակ Ռոբերտ Կոհի ինստիտուտը հայտարարել է Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների աճի մասին։ Հուլիսի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը 633 է, ինչը կրկնակի ավելին է, քան մեկ օր առաջ։ Ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլերի կարծիքով՝ պատճառն անփությունն է, սոցիալական հեռավորության չպահպանումը և մարդկանց միջև սոցիալական շփումների ավելացումը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
09:27 - 29 հուլիսի, 2020
Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները |azatutyun.am|

Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները, այդ թվում սահմանային ստուգումները` կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների վտանգը կանխելու համար: Ֆրանսիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 1130 դեպք, հայտնաբերվել է 11 նոր օջախ: Տարածումը զսպելու համար կառավարությունը որոշել է թեստավորել բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիա կգան համաճարակային բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Թուրքիայից ու Իսրայելից: Իսպանիայում անցած 24 ժամում գրանցվել է վարակի 922 նոր դեպք, մեծ մասը` մայրաքաղաքում, Կատալոնիայում և Արագոնում: Իրավիճակը մտահոգիչ է նաև Գերմանիայում, որտեղ երեկ մեկ օրում 815 դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի սկզբից ի վեր: Ավստրիայում, արձագանքելով օր-օրի ավելացող դեպքերին, կառավարությունը որոշել է կրկին պարտադիր դարձնել դիմակները հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում, բանկերում ու գրասենյակներում:
13:58 - 25 հուլիսի, 2020
Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին. Մակունց

Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին. Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին:  «Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ: Նամակում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում: Պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը: ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բրիտանացի գործընկերներին՝ ի դեմս Թիմ Լաթընի, ինչպես նաև Հայդատի մեր հայրենակիցներին` ի դեմս Անեթ Մոսկոֆյանի` իրենց ջանքերի համար: Շնորհակալություն նաև ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին՝ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օպերատիվ կերպով բրիտանացի գործընկերներին փոխանցելու համար»,- գրել է նա:
09:18 - 24 հուլիսի, 2020
Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ |armenpress.am|

Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին պատրաստակամություն չցուցաբերեց Եվրամիության հետ համաձայնության հասնելու նոր հարաբերությունների շուրջը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Այդ մասին հայտարարել Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունների հերթական փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Մենք անկեղծորեն եւ կառուցողաբար շարունակեցինք փոխգործակցել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիան չցուցաբերեց փոխգործակցության նույն մակարդակը եւ որոշումներ գտնելու պատարստակամությունը»,- ասել Է նա: Նա նաեւ հավելել Է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ առեւտրական համաձայնության հասնելը դարձնում Է քիչ հավանական: «Մեծ Բրիտանիան առեւտրական համաձայնանգրի կնքումն այս պահին դարձնում Է քիչ հավանական»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ Բրյուսելը եւ Լոնդոնը «տակավին հեռու են» նոր հարաբերությունների շուրջը գործարքի հասնելուց: Բառնիեն կարծում Է, որ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը կարող են ձախողել բանակցությունները: «Ռիսկը (բանակցությունների ձախողման – ծանոթ. խմբ.) օբյեկտիվորեն կա»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք բանակցություններն ավարտվել առանց համաձայնության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:35 - 23 հուլիսի, 2020
COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 14,7 միլիոնը, բուժվածների թիվը մոտենում է 8,3 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 610 հազարին |azatutyun.am|

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 14,7 միլիոնը, բուժվածների թիվը մոտենում է 8,3 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 610 հազարին |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսային վարակը շարունակում է լայնորեն տարածվել աշխարհով մեկ: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ վարակվածների թիվն անցել է 14,7 միլիոնը, հիվանդությունից բուժվածների թիվը մոտենում է 8,3 միլիոնին, մահվան դեպքերինը մոտենում է 610 հազարին: Միացյալ Նահանգներում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 միլիոնին: Մեծ Բրիտանիան հայտարարել է Օքսֆորդի պատվաստանյութի հաջողության մասին, այնտեղ նաև ստեղծվել, բայց դեռ չի հաստատվել մի դեղամիջոց, որը զգալիորեն նվազեցնում է թոքերի օդափոխման սարքերի կիրառման անհրաժեշտությունը: Bloomberg-ի հրապարակումն այն մասին, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և խոշոր ընկերությունների ղեկավարները COVID-19-ի դեմ պատվաստվելու հնարավորություն են ունեցել դեռ գարնանը, մեծ աղմուկ է բարձրացրել: Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա: Իսկ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Բորիս Վիշնևսկուն հաջողվել է պարզել, որ ապրիլից հունիս ժամանակահատվածում «Ռոսպոտրեբնադզոր»-ը գրեթե 5 հազար թույլտվություն է տվել կորոնավիրուսով, կորոնավիրուսի կասկածով և արտահիվանդանոցային թոքաբորբից մահացածներին հուղարկավորելու համար: Պաշտոնական վիճակագրությունը, մինչդեռ, վկայում է քաղաքում COVID-19-ից մահվան 1807 դեպքի մասին:
11:44 - 21 հուլիսի, 2020
ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ |armenpress.am|

ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) նոր յոթնամյա բյուջետային պլանը ներառում Է 5 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծում այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit): Հուլիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինն՝ ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները: «Brexit-ը շատ ծանր մարտահրավեր դարձավ մեզ բոլորիս համար: Ես հատկապես ողջունում եմ մինչեւ 5 միլիարդ եվրո ծավալով պահուստային հիմնադրամի ստեղծման որոշումն այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Brexit-ից»,- ասել Է նա: Իռլանդիան այն երկրներից մեկն Է, որն իր աշխարհագրական դիրքի պատճառով վտանգի Է ենթարկվում կրելու ամենամեծ տնտեսական վնասը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց: Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս Է եկել 2020 թվականի փետրվարի 1-ից, սակայն մինչեւ 2020 թվականի վերջը շարունակում Է գործել անցումային շրջանը, որի շրջանակներում երկիրը շարունակում Է մնալ միասնական շուկայի մի մասը: 2021 թվականից Մեծ Բրիտանիան դադարեցնում Է իր բոլոր վճարումները Եվրամիության բյուջե, որը դրա հետեւանքով կորցնում Է տարեկան ավելի քան 11 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:10 - 21 հուլիսի, 2020
Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին

 |armenpress.am|

Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս- արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը: Բարոնուհին նշել է, որ խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ: «Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն իր նամակում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Բաքվում անցկացվել է մեծ ցույց, որի ընթացքում հնչել են հակահայկական «Մահ հայերին» վանկարկումներ: «Հաշվի առնելով Միացյալ Թագավորության վաղեմի հավատարմությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքին, ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին աջակցելու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում»,- գրել է Քոքսը:
17:20 - 19 հուլիսի, 2020
Մեծ Բրիտանիան առժամանակ կդադարեցնի կորոնավիրուսից մահվան վիճակագրության hրապարակումը |tert.am|

Մեծ Բրիտանիան առժամանակ կդադարեցնի կորոնավիրուսից մահվան վիճակագրության hրապարակումը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առժամանակ կդադարեցնի Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թվի մասին տեղեկատվության ամենօրյա թարմացումը, հաղորդում է Reuters գործակալությունը: Գործակալության համաձայն՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ կառավարությունը հրահանգել է վերանայել մահացածների թվի վերաբերյալ տվյալների հաշվարկման մեթոդները՝ կապված այն մտավախությունների հետ, որ մահացածների թվում ներառվում են նաև այլ հիվանդություններից մահացած մարդիկ։ Ինչպես նշում է գործակալությունը, մի խումբ գիտնականներ կարծում են, որ մեթոդը, որով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանն առընթեր գործակալությունը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության հաշվարկ է կատարում, ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահացել են այլ հիվանդություններից, նույնպես ներառվում են կորոնավիրուսի հետևանքով մահացածների ցուցակում։ Գիտնականների կարծիքով՝ հենց այդ է պատճառը, որ Մեծ Բրիտանիայում մահացության ցուցանիշներն օրեցօր զգալիորեն փոխվում են։ Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 293 239 դեպք, որոնցից 45 233-ը՝ մահվան ելքով։
19:42 - 18 հուլիսի, 2020
British Airways ընկերությունը հրաժարվեց Boeing 747 օդանավերից |azatutyun.am|

British Airways ընկերությունը հրաժարվեց Boeing 747 օդանավերից |azatutyun.am|

azatutyun.am: British Airways ավիաընկերությունը որոշել է այլևս չշահագործել Boeing 747 տեսակի օդանավերը: Որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ և պայմանավորված է միջազգային ավիափոխադրումների վրա կորոնավիրուսի համավարակի աննախադեպ բացասական ազդեցությամբ: Դեռ համավարակից առաջ ընկերությունը, որն ունի ամենամեծ թվով Boeing 747 օդանավեր, արդեն հայտնել էր առաջիկա տարիներին այդ չորս շարժիչներով օդանավերից հրաժարվելու մտադրության մասին, քանի որ միջազգային ավիաշուկայում առավել մրցունակ են դարձել երկու շարժիչներով ավելի փոքր ինքնաթիռները, որոնք ավելի քիչ վառելիք են ծախսում: Boeing 747-ն անվանել են «Երկնքի թագուհի»: Այդ օդանավերը շահագործվում են 1970-ականներից են: Boeing ընկերությունը դեռ անցյալ տարի է հայտնել, որ ավարտում է այդ տեսակի օդանավի պահեստամասերի արտադրությունը: Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ավիափոխադրումների թիվն աշխարհում աննախադեպ անկում է գրանցել, մեծ թվով խոշոր, միջին և փոքր ավիաընկերություններ հայտնվել են ճգնաժամի վիճակում, քանի որ ուղևորահոսքը հասել է նվազագույնի: British Airways ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ընդհուպ մինչև 12 հազար աշխատատեղ կրճատել:
14:17 - 17 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում անցել է 13,8 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 590 հազարին, բուժվել է ավելի քան 7,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակի հաստատված դեպքերի քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում Ռուսաստանն է Եվրոպան կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է դիմագրավում: Ընդհանուր առմամբ աշխարհամասում COVID-19-ից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, վարակվել՝ գրեթե 3 միլիոն բնակիչ: Մոտ 200 հազար իսպանացիներ կրկին խիստ կարանտինի տակ են հայտնվել` այս օրերին երկրում վարակի տարածման կտրուկ աճ է նկատվում: Ռումինիայում մեկ օրում ավելի քան 640 նոր դեպք է արձանագրվել, կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի կարողանա ավելի արդյունավետորեն պայքարել համավարակի դեմ: Պետության ղեկավար Կլաուս Յոհաննիսը դիմել է հայրենակիցներին՝ հորդորելով դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և կանխանգելիչ այլ միջոցներ կիրառել: Փարիզի Դիսնեյլենդը, որը փակ էր երեք ամիս, բացել է դռները, բայց ստիպված կտրուկ նվազեցրել է այցելուների թիվը: Ռուսաստանին կրկին մեղադրում են, հնարավոր են նոր պատժամիջոցներ Միացյալ Նահանգները, Կանադան և Միացյալ Թագավորությունը մեղադրել են Ռուսաստանի հետախուզական գործակալությունների հետ կապված հաքերներին Covid-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներ գողանալու փորձի մեջ: Սա կարող է դառնալ Ռուսաստանի դեմ նոր միջազգային պատժամիջոցների պատճառ: Միացյալ Թագավորության կիբերանվտանգության ազգային կենտրոնը երեկ մի փաստաթուղթ է հրապակել, որում ասվում է, որ երեք պետությունների հատուկ ծառայությունները մեղադրում են APT29 խմբին՝ պնդելով, որ այն «գրեթե վստահաբար Ռուսաստանի հետախուզության մաս է»: Կրեմլը մեղադրանքներն անհիմն է անվանել: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «տեղեկություններ չունի, թե ով կարող էր ներխուժել Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերություններ և հետազոտական կենտրոններ»: «Ռուսաստանը որևէ կապ չունի այդ փորձերի հետ», - հավելել է նա:
12:16 - 17 հուլիսի, 2020
Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարության խոսնակի հայտարարությունը հրապարակված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում: «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և խորապես ցավում է մարդկանց զոհվելու համար: Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և երկխոսության մեջ մտնել ՝ իրավիճակը դեէսկալացնելու և հետագա զոհերից խուսափելու համար»,- ասել է խոսնակը: ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բանակցային գործընթացին ' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է նախարարության խոսնակը:
09:58 - 15 հուլիսի, 2020
Բրիտանական Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրենը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի |hetq.am|

Բրիտանական Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրենը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի |hetq.am|

hetq.am: Ավիացիոն արդյունաբերությունը պետք է պատրաստվի այն իրավիճակին, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհի տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ներդրվելու են կարանտինային սահմանափակումներ։ Այդ մասին «Financial Times»-ին հայտարարել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրեն Ջոն Հոլանդ Քեյը։ Նրա խոսքերով՝ ներկայումս Հիթրոուն դիտարկում է հիվանդության նոր բռնկումների նկատմամբ արձագանքի տարբերակներ, որոնք կարող են առաջանալ սահմանափակումների վերացումից հետո։  Հոլանդ Քեյն ընդգծել է, որ COVID-19-ի պատվաստանյութի մշակումը կարող է տևել մի քանի տարի։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կառավարությունը և ավիացիոն արդյունաբերության ներկայացուցիչները մշակեն գործողությունների պլան, որը հիվանդության նոր ալիքի պարագայում հնարավորություն կտա խուսափել թռիչքների ամբողջական արգելքից։ «Քանի որ ամբողջ աշխարհում ի հայտ են գալիս պարբերական բռնկումներ, մենք պետք է մտածենք ամբողջական կարանտինի վերադարձի այլ տարբերակի մասին։ Պետք է լինի այլընտրանք, որն ուղղակիորեն կդառնա մեր կենսակերպի մի մասը, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսենք հենց հիմա»,- նշել է Հոլանդ Քեյը։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:18 - 12 հուլիսի, 2020