ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետեւ երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,-նա լրագրողներին ասել Է հոկտեմբերի 19-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ներկա իրադրությունը նորմալացնելու ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել Է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»: Լավրովը հիշեցրել Է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել Է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել Է: «Թեեւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում Էր, որ այն պետք Է գործի ցանկացած ժամանակ»,-նշել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նախօրյակին Լավրովը հայտնել Է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում Է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաեւ դադարեցվում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:    
18:28 - 19 հոկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը ողջունել է ռուս պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը «Ռուս-հայկական» միջտարածաշրջանային 8-րդ ֆորումին՝ այն դիտելով որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևոր միջոցառում: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ: Նշվել է, որ երկկողմ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը պետք է հավուր պատշաճի օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական համագործակցության հարցերին՝ կարևորելով նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշյալ օրակարգերի իրագործմանը՝ շեշտելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում կայունության հաստատման, ինչպես նաև՝ խնդիրների հարթման համար հարթակների ձևավորման տեսանկյունից: Նկատի ունենալով Մոսկվայում «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումները, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, Սուրեն Պապիկյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների բազմապրոֆիլ զարգացման հարցում:
16:23 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ |armenpress.am|

Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը: «2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան:  Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,-  ասաց փոխնախարարը: Վոլվաչը հայտնեց, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում:  Նրա խոսքով՝ ներդրումները շատ կարևոր կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման համար:
15:19 - 19 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը |azatutyun.am|

ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի միանա Աֆղանստանի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցություններին։ Այդ մասին բրիֆինգում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը աջակցում է գործընթացին։ Ռուսաստանի իշխանությունները թալիբների ներկայացուցիչներին Մոսկվա են հրավիրել՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդակցություններին։ Անցած ուրբաթ Աֆղանստանի հարցով Ռուսաստանի բանագնաց Զամիր Կաբուլովն ասել էր, որ ԱՄՆ-ն ևս հրավիրվել է՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ ուշադրության կենտրոնում է լինելու հակամարտությունից հետո Աֆղանստանի վերականգնումն ու մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ երեկոյան հայտնեց, որ Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը փոխվել է։ Զալմայ Խալիզադի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է նրա տեղակալ Թոմաս Ուեսթը։
14:04 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով |azatutyun.am|

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ, ռուսական բիզնեսը կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին երեքշաբթի օրը Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: «Մենք շահագրգռված ենք Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Ռուսական բիզնեսն այժմ կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար: Թվային տնտեսության ոլորտում, էլեկտրոնային կառավարման զարգացման մեջ, խելացի քաղաքներ, տեղեկատվական անվտանգություն, լոգիստիկա, էներգաարդյունավետություն և հեռավար կրթություն: Եվ շատ կարևոր է, որ այս բոլոր լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են Ռուսաստանի մարզերում», - ասել է Ռեշետնիկովը: Ռուս նախարարի խոսքով՝ այս բոլոր լուծումները փորձարկվել են կոնկրետ ձեռնարկություններում և կարող են բավականին արագ կրկնօրինակվել և օգուտ բերել մարդկանց։ «Մենք ակնկալում ենք, որ ֆորումի հիմնական արդյունքը կլինի նոր համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածությունները», - ասել է Ռեշետնիկովը:
13:53 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. ՀՀ վարչապետը ուղերձ է հղել հայ-ռուսական համաժողովի բացմանը

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. ՀՀ վարչապետը ուղերձ է հղել հայ-ռուսական համաժողովի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է.   «Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ ենք հյուրընկալել Ռուսաստանից ժամանած մեր բոլոր հյուրերին: Միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տաս տարվա պատմություն:Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ, այդ թվում՝ Լենինգրադի և Օրենբուրգի, Յարոսլավլի և Օմսկի, Ուլյանովսկի և Արխանգելսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերը: Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է: Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր՝ մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: 2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ: Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը: Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում: Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը: Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին և մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը և կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը: Ի լրումն ավանդական ոլորտների, հարկ է գտնել ճանապարհներ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և տնտեսության գիտելիքահեն ոլորտներում համագործակցությունն առավել զարգացնելու համար: Համոզված եմ, որ այսօրվա միջոցառումն այն գործիքներից է, որը լավագույնս ծառայում է վերոնշյալ նպատակների իրագործմանը: Վերստին ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և ցանկանում նրանց արդյունավետ աշխատանք՝ ի սպաս մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման: Շնորհակալություն»:
12:56 - 19 հոկտեմբերի, 2021
Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

tert.am: Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների մեծ մասի շուրջ համընկնում են, նշել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շարունակում է զարգանալ:Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկուշաբթի Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ բանակցություններում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի նման մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ:«Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության երկարաժամկետ ավանդույթների վրա: Նրանք առանձնանում են վստահելի քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի մոտեցումները համակարգելու պատրաստակամությամբ», - ասել է Գերասիմովը:
23:10 - 18 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին: Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:  Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների  գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին: Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության  առաջարկներով, որոնց իրականացման  ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:
20:32 - 18 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը |azatutyun.am|

Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։ «ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից», - հայտարարում էր Լավրովը։
18:07 - 18 հոկտեմբերի, 2021
ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում. Պուտին |tert.am|

ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում:«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջև բովանդակալից քաղաքական երկխոսութոյւն է ծավալվում, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական,ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Պուտինի՝ Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին ուղղված խոսքում:
13:24 - 18 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76ՄԴ օդանավերով Երևան է հասցվել հերթական հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղում բնակվող բազմազավակ և տեղահանված ընտանիքների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:Հումանիտար օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և Հայաստան է ուղարկվել Մոսկվայի մարզում գտնվող «Չկալովսկի» օդակայանից:«Ներկա պահին իրականացվում է հումանիտար օգնության բեռնումը պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներում՝ Ստեփանակերտ տեղափոխելու համար»,- ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:Նշվում է, որ հումանիտար ուղեբեռն օգնություն է նախատեսում նաև առանձին շրջանների կրթական հաստատությունների համար, որոնք ամենից շատ վերականգնման կարիք ունեն:
11:23 - 18 հոկտեմբերի, 2021
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի  ներգրավմանն առնչվող հարցեր։
17:21 - 15 հոկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանն ու ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին

Սուրեն Պապիկյանն ու ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին

«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, մանրամասնելով, որ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։ «Ի թիվս այլ հանդիպումների` փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրույց է ունեցել «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին։ Քննարկվել են նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը»,- նշված է Սուրեն Պապիկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
15:22 - 15 հոկտեմբերի, 2021
Միասին՝ հանուն առողջ ներկայի և ապագայի. Անահիտ Ավանեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է կանանց եվրասիական համաժողովին

Միասին՝ հանուն առողջ ներկայի և ապագայի. Անահիտ Ավանեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է կանանց եվրասիական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Կանանց եվրասիական համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ:  Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների միջև առողջապահական համակարգի համագործակցության բաղադրիչ: Եվրասիական կանանց համաժողովին Անահիտ Ավանեսյանի ելույթը կրել է «Կանանց առաքելությունը. միասին՝ հանուն առողջ ներկայի և ապագայի» խորագիրը: Միջոցառման ընթացքում ընդգծվել է կնոջ դերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում: Շեշտվել է, որ այս համատեքստում առողջապահական համակարգը կարևոր դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման, կառավարման, սոցիալական բնույթի ձևավորման հարցում: Առողջ հանրությունն առողջ հասարակարգի հենասյուներից է, իսկ կինը և մայրը կարող են առանցքային դեր խաղալ առողջ հասարակարգի ձևավորման, երեխաների առողջ դաստիարակության և, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խթանման գործում:
12:31 - 15 հոկտեմբերի, 2021