Կորոնավիրուս

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Փոփոխություններն այնքան արագ են ընթանում, որ ամեն օր աշխարհի կառավարությունների առաջ նոր մարտահրավերներ են առաջացնում։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աայս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ ունեն հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը, Խաչատրյանի ներկայացմամբ, վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն։ Եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։ Ի պատասխան հարցի, որ պղնձի միջազգային գների շարունակական անկման պարագայում որն է Հայաստանի համար պղնձի գնի ստորին շեմը, եւ արդյոք կա՞ համագործակցություն կառավարության եւ պղնձաձուլական ընկերությունների միջեւ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսության երեք հիմնական ոլորտներ կան, որոնք այս նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածը վերցրին իրենց վրա․ «Մեկը զբոսաշրջությունն էր եւ դրան առնչվող ծառայությունները, երկրորդը՝ մեր արտահանող որոշ կազմակերպությունները, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է, եւ գիտեք, որ նավթի գները կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում անկում ապրեցին եւ այդպիսով ՌԴ փոխարժեքի զգալի փոփոխություն է տեղի ունեցել, որն ազդում է նաեւ մեր արտահանողների առեւտրային պայմանների վրա, եւ երրորդը աշխարհում պղնձի գնի նվազումն է, որն այսօր գտնվում է 1 տոննայի դիմաց 4800 դոլարի շրջանակում։ Սա զգալիորեն ցածր գին է։ Մենք ՀՀ-ի արտահանման կառուցվածքում մեծ չափով ունենք պղնձի խտանյութերի արտահանում․ այս տարեսկզբին պղնձի գները մոտ են եղել 6000 դոլարի սահմաններին, հիմա՝ 4800։ Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով դժվար պայմաններ է ստեղծում պղինձ արտահանող կազմակերպությունների համար»,- ասաց նախարարը։ Թե համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ նախարարի խոսքով՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում․ «Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մասնավոր հատվածի կազմակերպությունները նույնպես պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները լինեն ավելի քիչ ռիսկի ենթարկված, եւ շատ ժամանակ հատկացնեն իրենց առաջիկա զարգացման պլանների մասին մտածելու համար։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են»։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն, արդեն տեսնում ենք հետեւանքները, բայց ինքը վստահ է, որ ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։
21:03 - 19 մարտի, 2020
Կորոնավիրուսի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ

Կորոնավիրուսի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, մարտի 19-ի  ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հազ. 406.2 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կամ կազմակերպությունները վճարումներ կատարելիս կարող են օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված վերոհիշյալ հաշվի բանկային ռեկվիզիտներից, իսկ ավելի կոնկրետ մուտք եք գործում minfin.am կայքի «Գանձապետարան» - «Գանձապետական հաշիվներ» բաժին, որտեղ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով դրված են 900005001947հաշվի բոլոր հնարավոր արտարժույթներով փոխանցման բանկային ռեկվիզիտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:18 - 19 մարտի, 2020
Արցախի կառավարության նիստում վերլուծվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Արցախի կառավարության նիստում վերլուծվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ: Նիստի ժամանակ վերլուծվել են նաեւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը:
19:11 - 19 մարտի, 2020
Պարետի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից

Պարետի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության gov.am կայքում։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18- րդ կետերով՝ 1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ 2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլաման Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ին, ժամը 23․00: 5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»,- ասված է պարետի որոշման մեջ: Սահմանափակումը տարածվում է բժշկական պարագաների և սարքավորումների արտահանման վրա։  Արտադրատեսակների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 
18:05 - 19 մարտի, 2020
Պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք․ Դավիթ Անանյան

Պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք․ Դավիթ Անանյան

ՊԵԿ-ն աշխատելու է բնականոն ռեժիմով, իրականացնելու է իր գործառույթները ամբողջ ծավալով, հարկ վճարողներին էլ հորդորել ենք, որ ստեղծված գործընկերային հարաբերությունները պահպանեն նույն բարձունքի ու արդյունավետության վրա։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նշեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարեն՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա, Անանյանի խոսքով, տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն են արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ ապագան շատ առումներով անկանխատեսելի է, եւ անհայտներն ու փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպիսիսն կլինեն տնտեսության ցուցանիշները, ինչպիսի պատկեր կունենանք հարկաբյուջետային քաղաքականության ու պետբյուջեի հարկային եկամուտների առումով։ Այդուհանդերձ, Անանյանը վստահեցրեց, որ հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ․ «Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Վարչապետն ավելի գլոբալ խնդիր է առաջ քաշել, որ երեկվա աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները»։ Ասուլիսի ժամանակ Անանյանը հայտնեց, որ ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Իսկ ահա առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, Անանյանի կարծիքով՝ դրանք դեռ առջեւում են։
18:02 - 19 մարտի, 2020
Տարեցների խնամքի ցերեկային կենտրոններն աշխատում են միայն ճաշարանի մասով՝ ուտելիքը հասցնելով միայնակ տարեցներին տներ

Տարեցների խնամքի ցերեկային կենտրոններն աշխատում են միայն ճաշարանի մասով՝ ուտելիքը հասցնելով միայնակ տարեցներին տներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնային ցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն իսկ մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքների) պաշտպանության աշխատանքների կազմակերպման ընթացակարգը։ Մարդասիրական և միջազգային կառույցների օգնությամբ՝ կազմակերպվում է խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կենցաղային ապրանքներից և սնունդից կազմված պարենային զամբյուղի ապահովման հարցը։ Տարեցների խնամքի ցերեկային կենտրոններն աշխատում են միայն բարեգործական ճաշարանի մասով՝ ուտելիքը հասցնելով միայնակ տարեցներին տներ։ Տարեցների տնային խնամքի ծառայությունները շարունակվում են աշխատել առանց դադարների։
17:38 - 19 մարտի, 2020
Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ կասկածից վեր է, որ այս կորոնավիրուսն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Այս մասին նա ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ իրենց գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ Խոսելով տարբեր երկրներում հայ համայնքների մասին՝ Սինանյանը նկատեց՝ կորոնավիրուսի էպիկենտրոն Իտալիայում եւ Չինաստում մեր համայնքը շատ մեծ չէ, Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Այնտեղ մինչ այս պահը գրանցվել է տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, եւ, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունեն, բացի հայտնի փաստը, որ կիրակի օրը Իտլիայից չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություն չունեն, սակայն մշտական կապը պահում են։ Ի դեպ՝ հանձնակատարը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպել են մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որոնք շաբաթվա սկզբին արդեն ստացել են։ Նա նշեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու։ Սփյուռքի գործերի գրասենյակը չի տվել մի քանի ծրագրերի մեկնարկ։ Մասնավորապես, «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չեն սկսել ծրագիրը, քանի որ ուզում են ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում․ «Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը»։
16:47 - 19 մարտի, 2020