Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Ընդլայնվել են ստացված կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղությունները

Ընդլայնվել են ստացված կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով. առողջապահական կարիքների համար՝ բժշկական անձնակազմի խրախուսում, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում, բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, սոցիալական կարիքների համար՝ Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում, Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում, Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: Ստացող՝ Կենտրոնական գանձապետարանԳանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»
15:45 - 19 մարտի, 2020
Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ |tert.am|

Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսից հետո կա կյանք, կորոնավիրուսի ընթացքում նույնպես լինելու է կյանք և զգուշավոր, կանոններ պահպանելով կյանքը շարունակվելու է: Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Իրանի իրենց գործընկերների հետ քննարկում են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ։ Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերները խորհուրդ են տվել ներդնել կանխարգելիչ շատ լավ գործիք․ մասնավորապես կստեղծվի հեռախոսային հավելված, որ թույլ կտա մարդկանց իրենց տեղը նշելով՝ ստանալ ինֆորմացիա, թե ինչ ազդեցություն կարող է տեղանքն ունենալ իր առողջական վիճակի վրա և հասկանալ, թե ունի արդյոք խնդիր և ինչ պետք է անի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարենի խնդիր չունենք, և երկու օր առաջվա դրությամբ, օրինակ, շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: «Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ»,-ասաց նա և հավելեց, որ վառելիքի խնդիր ևս չունենք: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող են լինել առանձին ապրանքատեսակներ, որոնց մասով կարճաժամկետ դեֆիցիտային դեպքեր լինեն։ Նա նշեց, որ նման դեպքեր միշտ են լինում, թեև այդպիսի դեպքեր այս պահին չկան, և նույնիսկ երեկ առևտրի ծավալների անկում է գրանցվել, քանի որ մարդիկ նախապես շատ բան են գնել:
13:07 - 19 մարտի, 2020
Կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ ԱԴ պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար․ Բորիս Նավասարդյան

Կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ ԱԴ պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես խոստացել եմ մարտի 18-ի մոտավորապես ժ․ 14․30-ի գրառմամբ, ներկայացնում եմ իմ մանրամասն կարծիքը «կորոնավիրուսային» պայմաններում տեղեկատվական հոսքերի կարգավորման մասին։ Կներեք , որ երկար ստացվեց եւ եւ որ տարբեր մեկնաբանություններում արդեն հնչեցրած առաջարկությունները կրկնում եմ։Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության (ԱԴ) իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում եւ մտահոգում են լրագրողական հանրույթին։ Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․ 1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը,2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․, 3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։Բոլոր տարբերակները վատն են, ներառյալ վերջինը, քանի որ այնպիսի որոշման,, ինչպիսին Արտակարգ դրության հայտարարումն է, որեւէ կետի արհամարհումը դառնում է նվեր իրավական նիհիլիզմին։Հետեւաբար, Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով, միատեսակ ընկալելի, իրատեսական կիրառման տեսակետից, իրավիճակին համաչափ ու անցանկալի հետեւանքներ չունեցող (օրինակ, ԱԴ-ի ավարտից հետո պիտի բացառվի ոչ իրավաչափ պատիժները բողոքարկող դատական հայցերի տարափը)։ Ցավոք, կառավարության ընդունած որոշման՝ տեղեկատվության տարածմանը վերաբերող դրույթներն այդպիսին չեն, եւ խմբագիրների՝ վերեւում հիշատակված հայտարարությունը դրա վկայությունն է։ Ելնելով նշված սկզբունքներից՝ պատկերացնում եմ պարզ եւ «փափուկ» դրույթներ․ մենք չունենք զանգվածային խուճապի եւ վտանգավոր ապատեղակատվության ակնհայտ դրսեւորումներ, իսկ այն, ինչ կա, հաջողությամբ կառավարվում է՝ հիմնականում Վարչապետի կողմից։Իրավիճակի փոփոխման եւ կարգավորումը խստացնելու անհրաժեշտության դեպքում՝ Պարետատան ձեռքը ոչ ոք չի բռնել։ Այդ դրույթների կիրառման համար պիտի լիազորվեն կոնկրետ իրազեկ կառույցներ։ Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները դիտարկվեն ոչ թե որպես խանգարող գործոն, այլ որպես դաշնակից՝ քաղաքացիների բնական տեղեկատվական ծարավը հագեցնելու հարցում։Եվ այսպես՝ ԱԴ-ի պայմաններում, իմ կարծիքով, անհրաժեշտ էին միայն մի քանի միանշանակ հասկացվող կետեր։ 1․ Խստագույնս պիտի արգելվեր (եւ ոչ միայն լրատվամիջացների, այլ ցանկացած, այդ թվում պաշտոնատար անձանց կողմից) հիվանդների, վարակակիրների, մեկուսացվածների նույնականացմանը հանգեցնող տվյալների տարածումը (բացառությամբ՝ երբ մարդն իր կամքով համաձայն է նույնականացվել)․ դա պայմանավորված է ինչպես հիվանդությանը, որպես մասնավոր կյանքի մասին պաշտպանությանը ենթակա տեղեկության դիտարկմամբ, այնպես էլ վարակի զոհերի անվտանգության ապահովմամբ։ Այս սահմանափակումը կիրառման առումով հիմնականն է առաջատար ժողովրդավարական երկրներում (սրա մասին է վկայում եվրոպական մամուլի խորհուրդների պրակտիկան), սակայն մեզանում այն քիչ է կարեւորվում։2․ ԱԴ-ի ժամանակ կորոնավիրուսի մասին խոսելիս պիտի բացառվի անորոշ աղբյուրների վրա հղումը (Տիգրան Հակոբյանի ձեւակեպմամբ՝ «օդից կախված լուրերին», «վստահելի» անանուն աղբյուրներին» եւ այլն)։3․ Ոչ պաշտոնական տեղեկություն տարածելիս լրատվամիջոցը պիտի պարտավորվի՝ առանց որեւէ գնահատականի մեջբերել նույն հարցին վերաբերող պաշտոնական տեղեկությունը կամ, դրա բացակայության պարագայում, ստանա պաշտոնական ատյանի մեկնաբանությունը (սա նաեւ Արա Ղազարյանի հնչեցրած կարծիքն է)։ Որպես պաշտոնական մեկնաբանություն, որը պետք է տրվի ողջամիտ ժամկետներում (ոչ ավելի, քան մեկ ժամում), կարող են ընկալվել նաեւ «չենք հաստատում», «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», «չունենք այդպիսի տեղեկություն» պատասխանները։ Պետք չէ բացառել, որ լրագրողին կարող են հասանելի դառնալ վարակի վերաբերյալ հանրային նշանակություն ունեցող տվյալներ, որոնց չեն տիրապետում պաշտոնատար անձինք։ Եվ լսարանն ինքը իրավունք ունի որոշելու, թե իր համար որքանով է վստահելի այն լուրը, որը տարբերվում է պաշտոնականից, կամ ուղեկցվում է պաշտոնական մեկնաբանությամբ։ 4․ Համաճարակի մասին արտերկրին վերաբերող տեղեկությունները կարիք չունեն ՀՀ պաշտոնական ատյանների կողմից հավաստման, քանի որ վերջինները դրանց չեն կարող տիրապետել, սակայն պիտի պարտադիր հղում ունենան կոնկրետ աղբյուրի վրա։ 5․ Նշված դրույթների կիրառման պատասխանատուն պիտի լինեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ Պարետատան կողմից լիազորված այլ (կոնկրետ անվանված) մասնագիտացված կառույց(ներ)ը։Հարգելի պարոնայք Տիգրան Ավինյան, Վահագն Թևոսյան, Հովհաննես Մովսիսյան, խնդրում եմ հաշվի առեք, որ ներկայացված մոտեցումից սկզբունքորեն տարբերվող ու, ըստ որոշ տեղեկությունների, արդեն կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ Արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար»։
12:37 - 19 մարտի, 2020
Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարզպետարանները պետք է www.e-request.am հարթակի մասին քաղաքացիների պատշաճ իրազեկում ապահովեն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի էջերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և այլ հնարավոր եղանակներով՝ հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից: Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:
00:58 - 19 մարտի, 2020
Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումն իրականացնել պարետատան հետ համաձայնեցնելուց հետո․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան

Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումն իրականացնել պարետատան հետ համաձայնեցնելուց հետո․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան

Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: «Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ»։
22:22 - 18 մարտի, 2020
Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 18֊ին տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել  և նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակումներ են կիրառվել հավաքների, մասնավորապես հարսանիքների, նշանդրեքների, նույնիսկ հոգեհանգիստների ու հուղարկավորությունների առումով: Եվ պետք է նաև գնահատենք այդ սահմանափակումների արդյունավետությունը: Կարծում եմ ամեն մարզպետ ամեն մարզում, ամեն համայնքում իրականացվող միջոցառումների մոնիտորինգը պետք է իրականացնի: Մենք, իհարկե, կլսենք պարոն Թորոսյանին կորոնավիրուսի վարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով, ինչպես նաև կլսենք նոր առաջարկներ, որոնք կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշումներ»: Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը: Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է համաձայն պարետի ցուցումի հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը: Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները: Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա: Պարետը նաև կոչ է արել նիստի մասնակիցներին հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց  մասին իրազեկվածությունը:
18:56 - 18 մարտի, 2020
Կդադարեցվի Էջմիածնից ելքի սահմանափակումն ու մարդկանց ջերմաչափման գործընթացը․ Տիգրան Ավինյան

Կդադարեցվի Էջմիածնից ելքի սահմանափակումն ու մարդկանց ջերմաչափման գործընթացը․ Տիգրան Ավինյան

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին հայտնում է Տիգրան Ավինյանը։ Նա նաև նշել է․  «Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»։
18:17 - 18 մարտի, 2020
Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանում ստանալու համար դիմել են Տիգրան Ավինյանին

Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանում ստանալու համար դիմել են Տիգրան Ավինյանին

Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դիմում՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Հարգելի պարոն Ավինյան, Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»: Համաձայն Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքների և ազատությունների սահմանափակումները «պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ», ինչը ենթադրում է, որ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, խոսքի ազատության իրավունքները չեն կարող անհամաչափ սահմանափակվել, և կիրառված սահմանափակումները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի՝ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով», ինչը գերազանցում է բազմաթիվ լրատվամիջոցների ամսական բյուջեն և կարող է դիտվել անհամաչափ և չափից խիստ պատասխանատվության միջոց։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վարակման առկա դեպքերը, անձանց առողջական վիճակը, վարակի աղբյուրների և հետագա զարգացումը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում։ Մի շարք լրատվամիջոցների, կազմակերպությունների, փորձագետների ու լրագրողների կողմից արդեն իսկ արտահայտվել են մտահոգություններ, որ Որոշման դրույթները և դրանց հնարավոր մեկնաբանությունները զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով՝ ինչպես ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը, այնպես էլ՝ սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ։ Խնդրում ենք պարզաբանումներ ներկայացնել ստորև ներկայացված հարցերի շուրջ 1. Բացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտումից, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը ԶԼՄ-ների համար նախատեսում է պատասխանատվության այլ տեսակներ կառավարության որոշման պահանջները խախտելու համար, և եթե այո, ապա որո՞նք են դրանք։ 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ կետի իմաստով որո՞նք են համարվում «Զանգվածային լրատվամիջոցներ», և որո՞նք են դրանց որոշակիացնելու չափորոշիչները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք համարվում են լրատվամիջոցներ, եթե՝ ոչ, արդյո՞ք տպագիր և հեռարձակվող մամուլի՝ համապատասխան էջերն ու ալիքները ևս դուրս են մնում նշված կարգավորումից։ 3. Եթե օրենքի իմաստով սոցիալական ցանցերում սեփական մշտական էջեր, ալիքներ կամ այլ հարթակներ ունեցող ֆիզիկական անձին չենք համարվում լրատվամիջոցներ, արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որևէ պատասխանատվություն՝ նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը կառավարության որոշման պահանջներին հակասելու դեպքում։ Եթե նման պատասխանատվություն չի նախատեսում, արդյոք ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների համար չի՞ ստեղծվում անհավասար գործունեության դաշտ։4. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք» հասկացությունն արդյո՞ք ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտներին և չի տարածվում այն լրատվամիջոցների կամ հրապարակային հարթակների վրա, որոնք գրանցված են ՀՀ սահմաններից դուրս, սակայն հեռարձակվում են կամ տարածվում են նաև ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայերեն լեզվով։ Եթե դա վերաբերում է միայն ՀՀ ռեզիդենտներին, արդյո՞ք ՀՀ սահմաններից դուրս ապրող, բայց պարբերական կերպով նման հաղորդումներ տարածող անձինք արդյո՞ք չեն հայտնվում ավելի բարենպաստ իրավական վիճակում։ 5. Արդյո՞ք «ՀՀ տարածքներ» հասկացությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքը, եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս են կանոնակարգվում ԼՂՀ-ից ստացված տեղեկությունների փոխանցման, հրապարակման հետ կապված հարաբերությունները։ 6. Որոշման կարգավորումների ներքո ո՞րն է «խուճապ» և «խուճապային տրամադրություն» հասկացությունների ծավալը, և որո՞նք են դրանց որոշման չափանիշերը։ Արդյո՞ք «խուճապ» հասկացությունը որոշման իմաստով տարածվում է միայն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների, այն է՝ նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին, թե՞ ենթադրում է լրացուցիչ այլ հանգամանքներ (օրինակ՝ ռազմաքաղաքական իրադրությունը՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան, արտակարգ դրության ռեժիմի պահպանման հետ կապված միջոցառումների և խախտման դեպքերի բացահայտումը և այլն)։7. Արդյոք «պաշտոնական տեղեկատվությունը» բացառապես ՀՀ պետական պաշտոնատար անձանց կողմից հայտնած տեղեկություննե՞րն են, եթե՝ այո, ապա որո՞նք են դրանց հաղորդման եղանակները։ Արդյո՞ք սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված տեղեկատվությունը կարող է համարվել պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ գործողություններ են նախատեսվում այն դեպքում, երբ այդօրինակ տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներով, սակայն պաշտոնատար անձը հեռացրել է այն իր անձնական տեղեկատվական տարածքից, և տեղեկությունը պոստֆակտում գնահատվել է խուճապային իրադրություն առաջացնող։ 8. Արդյո՞ք Զանգվածային լրատվության միջոցը կարող է հրապարակել կամ տարածել օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների պաշտոնատար անձանց վարակի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, թե՞ դրանց տարածումն արգելված է ՀՀ տարածքում։ 9. ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման իմաստով ո՞րն է «պետական պաշտոնատար անձ» հասկացության ծավալը։ Արդյո՞ք այն ներառում է ծառայողական որոշակի լիազորություններով օժտված սահմանափակ թվով անձանց, թե՞ տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Նույն որոշման իմաստով արդյո՞ք «պետական պաշտոնատար անձ» հասկացությունը ներառում է միջազգային կառույցներում և օտարերկրյա պետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում, պաշտոնավարող անձանց վրա։10. Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ԶԼՄ-ները և տեղեկատվություն տարածող այլ սուբյեկտները, եթե պետական պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններում առկա է հակասություն, ակնհայտ չճշտված տեղեկություններ և ապատեղեկատվություն։ 11. Արդյո՞ք լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են միայն հայերեն բովանդակությանը, թե՞ դրանք համաչափորեն տարածվում են նաև օտարալեզու տեղեկատվության վրա։ Սույն հարցի պարզաբանումը կարևոր է այնքանով, որ Հայաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ տարիների ընթացքում լսարան են ձեռք բերել օտարերկրյա և օտարալեզու շուկաներում, և տեղեկատվական հոսքերի մեխանիկական ընդհատումը կհանգեցնի ձեռքբերումների կորստի։ 12. Որոշման 26-րդ կետն ամրագրում է, որ սահմանված խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման, սակայն հայտնի չէ, թե ո՞վ է լիազորված այդ խախտումները հայտնաբերել, և ի՞նչ կարգով ու եղանակով է խախտման հեղինակը ծանուցվում այն վերացնելու մասին։ 13. Ո՞ր դեպքերում է համապատասխան հաղորդման հեռացումը համարվելու «անհապաղ» և ի՞նչ չափանիշերի հիման վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դիմումի մեջ բարձրացված հարցերի պատասխանները մի կողմից՝ անհրաժեշտ են՝ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեությունը համապատասխանեցնելու ՀՀ կառավարության որոշման պահանջներին, մյուս կողմից՝ ապահովելու լրատվական դաշտի համար իրավական կանխատեսելիությունն և որոշակիությունը, ինչպես նաև և իրենց սահմանադրական առաքելությունը կատարելու համար բավարար պայմաններ, խնդրում ենք հնարավորինս շուտ պատասխանել սույն դիմումի մեջ բարձրացված հարցերին։ Լրատվամիջոցների ղեկավարներ Ֆլորա Նախշքարյան -«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր 6.Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական–քաղաքական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն Արևիկ Սահակյան – factor.am կայքի գլխավորխմբագիր Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր 13. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական –վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք–Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր «Առկա» գործակալության տնօրեն –Կոնստանտին Պետրոսով Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն Արտակ Հերիքյան – 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար Նախաձեռնող՝ Հայաստանի ժուռնալիստների միություն  
18:01 - 18 մարտի, 2020
Պարետի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու

Պարետի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունհայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև որոշմանհավելվածի 23-րդ կետով` 1. Սահմանել, որ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: 2. Մանե Գևորգյանին՝ ապահովել իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովել իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը հայկական միասնական տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսներին:
16:42 - 18 մարտի, 2020
Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը. տրվել են ցուցումներ

Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը. տրվել են ցուցումներ

Մարտի 17֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է.«Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:Պարոն Թորոսյանին խոսքը կփոխանցեմ անպայման, որպեսզի ներկայացնի ընդհանուր իրավիճակը թե ինչ նորություններ ունենք: Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում և թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք թե ինչ է պետք անել: Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»:Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ:Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երևանի քաղաքապետի դերը։Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։
17:45 - 17 մարտի, 2020
Որոշվել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն

Որոշվել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է.1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն2. Իրանի Իսլամական Հանրապետություն3. Հարավային Կորեա4. Ճապոնիա5. Իտալիա6. Իսպանիա7. Ֆրանսիա8. Գերմանիա9. Շվեյցարիա10. Դանիա11. Ավստրիա12. Բելգիա13. Նորվեգիա14. Շվեդիա15. Նիդերլանդներ16. Միացյալ Թագավորություն Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։
16:00 - 17 մարտի, 2020
էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով

էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։ Այսպիսով դուք կարող եք հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց։ Հորդորում եմ․ Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտոնային փոստը և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին, Բոլոր վճարումներն իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, Հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից, Կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով, Պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Հավելեմ նաև, որ պետական մարմինների աշխատակիցները անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի "Mulberry" համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից»։
11:39 - 16 մարտի, 2020
Հռոմից ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող ժամանել է Երևան

Հռոմից ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող ժամանել է Երևան

«Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բարեհաջող ժամանել են Երևան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է Ավինյանը: Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ գրառում է կատարել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․  «Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նախարարը։
09:25 - 16 մարտի, 2020
Հռոմից հատուկ չվերթով ինքնաթիռը ճանապարհվել է Հայաստան. Տիգրան Ավինյան

Հռոմից հատուկ չվերթով ինքնաթիռը ճանապարհվել է Հայաստան. Տիգրան Ավինյան

Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։ Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Մեր հայրենակիցներին մաղթում ենք ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք»,- գրել է նա։
09:14 - 16 մարտի, 2020