Կորոնավիրուս

Կդադարեցվի Էջմիածնից ելքի սահմանափակումն ու մարդկանց ջերմաչափման գործընթացը․ Տիգրան Ավինյան

Կդադարեցվի Էջմիածնից ելքի սահմանափակումն ու մարդկանց ջերմաչափման գործընթացը․ Տիգրան Ավինյան

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին հայտնում է Տիգրան Ավինյանը։ Նա նաև նշել է․  «Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»։
18:17 - 18 մարտի, 2020
Եվրատեսիլ 2020 մրցույթը չեղարկվում է

Եվրատեսիլ 2020 մրցույթը չեղարկվում է

Շատ մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտարարել, որ 2020թ Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթը չեղարկվում է։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք կիրառեցինք մի քանի այլընտարնաքային տարբերակ, որպեսզի Եվրատեսիլ երգի մրցույթի աշխատանքները շարունակվեն։ Այնուամենայնիվ, Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև մասնակից պետություններին հեռարձակողների կառավարությունների ու Նիդեռլանդների իշխանությունների կողմից մշակված և ներդրված սահմանափակումները ստիպեցին Եվրոպայի հեռարձակողների միությանը կայացնել դժվար որոշում, կասեցնել ուղիղ եթերով հեռաձարակվող միջոցառման աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։Ըստ կազմակերպիչների՝ որոշման հիմքում ընկած է կատարողների, աշխատակիցների, երկրպագուների ու հյուրերի առողջությունը, ինչպես նաև իրավիճակը Նիդերլանդներում, Եվրոպայում ու աշխարհում։ «Մենք շատ հպարտ ենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը միավորում էր ունկնդիրներին ամեն տարի առանց ընդհատումների վերջին 64 տարվա ընթացքում, ու մենք, ինչպես նաև ձեզնից միլիոնավորներն աշխարհի բոլոր անկյուններում, չափազանց տխուր ենք, որ միջոցառումը չի կայանա այս տարվա մայիսին»,- նշվում է հրապարակված տեքստում։  Ասվում է նաև, որ Եվրոպական հեռարձակողների միությունը Նիդեռլանդների ազգային հեռարձակողների՝ NPO, NOS, AVROTROS  ու Ռոտերդամի իշխանությունների հետ միասին կշարունակի քննարկել 2021թ․ Ռոտերդամում մրցույթը կազմակերպելու հնարավորությունը․ «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որվքե ներգրավված էին 2020թ․ Եվրատեսիլի կազմակերպման գործընթացի մեջ։ Ցավոք սրտի, դա դարձել է անհնար մեզանից կախում չունեցող հանգամանքերի պատճառով»։
18:12 - 18 մարտի, 2020
Նախագահը կարևորում է հեռավար կրթության մոդելի ներդրումը

Նախագահը կարևորում է հեռավար կրթության մոդելի ներդրումը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Նախագահի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ այս օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը: «Նոր կորոնավիրուսի տարածմամբ և մեր երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի: Այդ շրջանակում է նաև անցումը հեռավար կրթության», - ասված է հայտարարությունում: Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը: «Հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, ներկայումս կարող է որոշակիորեն լուծել կրթական գործընթացում հայտարարված երկարատև դադարի խնդիրը, ինչպես նաև նպաստել կրթության հասանելիությանը: Ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարևոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ և մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի: Սա նաև նոր հնարավորություն է՝ ավելի լուրջ և հիմնավոր ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը դպրոցում, բուհում, աշխատավայրում և ընդհանրապես կյանքում», - նշված է հաղորդագրությունում:
17:29 - 18 մարտի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկարաձգում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկարաձգում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  երկարաձգում է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ «2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։ Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։ Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:21 - 18 մարտի, 2020
Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։ Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։ Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։
17:14 - 18 մարտի, 2020
«Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցները կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով

«Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցները կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Հայաստանում գտվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․ իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը»։
17:13 - 18 մարտի, 2020
Տնտեսվարողներին տրամադրվել է վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղեցույց

Տնտեսվարողներին տրամադրվել է վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղեցույց

Թեև հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը նախատեսում է ախտահանման պարբերական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի այդ օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ:Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք:Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կվերահսկի ցուցումների կատարումը:Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով:
17:05 - 18 մարտի, 2020
Վարկային կազմակերպությունները արձակուրդ չեն տալիս․ մի մասը անհատական մոտեցում կցուցաբերի |hetq.am|

Վարկային կազմակերպությունները արձակուրդ չեն տալիս․ մի մասը անհատական մոտեցում կցուցաբերի |hetq.am|

hetq.am: Հայաստանում բանկերից շատ վարկային կազմակերպություններ կան։ Եթե բանկերի թիվը չի անցնում 17-ը, ապա վարկային կազմակերպությունների թիվը հասնում է 43-ի։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ բանկերը, մեկ բացառությամբ, հայտարարեցին վարկային արձակուրդի մասին։ Խոստացան վարկերի մարումներն ուշացնելու դեպքում քաղաքացիներին չդասակարգել («սև ցուցակում» չներառել)։ Վարկային կազմակերպություններն ավելի հեշտ են վարկ տրամադրում, բայց բազմակի անգամ ավելի խիստ պայմաններով։ Քաղաքացիների մի մեծ խումբ կա, որ վարկային կազմակերպություններից վարկ է վերցրել:  Ունիվերսալ վարկային 13 խոշոր կազմակերպությունները (ՈՒՎԿ) միավորվել են «Վարկային կազամկերպություների միության» մեջ։ Ինչպես բանկերի միությունը, այնպես էլ այս միությունը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում վարկային կազմակերպությունները պատարստ են աջակցել իրենց հաճախորդներին։ Խոսքը անհատական աջակցության մասին է։ Ստորև ներկայացնում ենք որոշակի մեղմ վերաբերմունքի մասին հայտարարած վարկային կազմակերպությունների ցանկն ու նրանց արած հայտարարությունների հղումները։ «Արեգակ»-ը հայտնել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդներին՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց: «Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպությունն իր պատրաստակամությունն է հայտնել ճկուն անհատական մոտեցում ցույց տալ իր հաճախորդներից յուրաքանչյուրին՝ փոփոխելով վճարումների գրաֆիկը այն դեպքում, երբ հաճախորդների եկամուտները նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով։ «Գլոբալ Կրեդիտ»-ն այսօր տեղեկացրեց, որ վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ ունեցող իր հաճախորդներից պատրաստ է ընդունել և դիտարկել վարկի մարումները հետաձգելու վերաբերյալ դիմումներ։ «Էկլօֆ» վարկային կազմակերպությունն էլ հայտարարել է, որ մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: «Կամուրջ»-ը նույնպես հայտարարել է անհատական մոտեցման մասին այն վարկառուներին, որոնք ունեն վճարման խնդիրներ՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: «Քարդ ագրոկրեդիտ» վարկային կազմակերպությունն էլ հայտարարել է որոշ բիզնես շրջանակների համար անհատական մոտեցման, իսկ քաղաքացիների համար նոր ժամանակացույց կազմելու վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին։ «Ֆարմ կրեդիտ Արմենիա»-ն էլ այսօր հայտարարեց, որ պատարստ է անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Ֆինքա»-ն հայտարարել է, որ իր այն հաճախորդները, ում եկամուտներն ստեղծված իրավիճակի հետևանքով նվազել են և դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կստանան անհատական մոտեցում: «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպությունն էլ հայտարարել է իր հաճախորդների կողմից մինչև մայիսի 15-ը ներառյալ չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չհամարելու և այդ ընթացքում միանվագ տույժերի և տուգանքների հաշվարկը դադարեցնելու մասին: «Գուդկրեդիտ»-ը առաջարկում է ընդամենը առցանց վճարումներ կատարել։ Միայն որոշակի բիզնես խմբերին առաջարկում է վարկը մարելու հարցում դժվարություններ ունենալիս դիմել կազմակերպությանը։   «Սեֆ ինտերնեյշնլ»-ը անհատական մոտեցման մասին որևէ հայտարարություն չի արել։ Վերջին նորությունն այս կազմակերպությունից այն է, որ Էջմիածնի մասնաճյուղը չի գործելու։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:58 - 18 մարտի, 2020
Պարետի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու

Պարետի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է մամուլի հետ կապերի պատասխանատու

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունհայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև որոշմանհավելվածի 23-րդ կետով` 1. Սահմանել, որ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: 2. Մանե Գևորգյանին՝ ապահովել իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովել իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը հայկական միասնական տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսներին:
16:42 - 18 մարտի, 2020
Պետք է բացառել այն դեպքերը, որ բանկերը, կփորձեն առիթից օգտվելով, վերանայել վարկավորման պայմանները. Թունյան |armtimes.com|

Պետք է բացառել այն դեպքերը, որ բանկերը, կփորձեն առիթից օգտվելով, վերանայել վարկավորման պայմանները. Թունյան |armtimes.com|

armtimes.com: Դատելովար ձագանքներից՝ թե՛ բիզնես շրջանակները եւ թե՛ հասարակությունը սպասում էին արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը, քանի որ հասկանում էին, որ սա անհրաժեշտ միջոցառում է։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սակայն, նրա կարծիքով, մի քիչ իրազեկվածության ավելացման կարիք կա, որովհետեւ շատերի, հատկապես տնտեսվարողների համար, հարցականներ եւ անորոշ կետեր կան, որոնց պետք է պատասխանել ու հստակություն մտցնել։ - Պարո՛ն Թունյան, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։ -  Տնտեսական իրավիճակի վրա ավելի շատ ազդեցություն կունենա, թե փաստացի կորոնավիրուսի տարածման տեմպն ինչպիսին կլինի, եւ մեր քաղաքացիներն ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն։ Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։ - Կենտրոնական բանկը կկարողանա՞ այս ընթացքում ֆինանսական շուկա նկայուն պահել։ - Կենտրոնական բանկի առումով ես այդ վստահությունը ունեմ. դա պայմանավորված է ոչ միայն ԿԲ-ի պրոֆեսիոնալիզմի, այլեւ այն հանգամանքով, որ ունենք բավականաչափ ռեսուրսներ։ Այս պահին հիմքեր՝ չկան ենթադրելու, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Իրավիճակի վրա ավելի շատ կարող են ազդել սպասումները, խուճապային տրամադրությունները, քան օբյեկտիվ հանգամանքները։ - ՊԵԿ-ն իր աշխատանքը ինչպե՞ս է շարունակելու, հաշվի՞ են առնվելու որոշ բիզնեսների հնարավոր վնասների հանգամանքը, շահութահարկի վճարման առումով զիջումներ կլինե՞ն։ - Եթե մենք ունենք բիզնեսի որոշակի դժվարություններ, բնականաբար, դա որոշ չափով կդժվարացնի հարկերի հավաքագրումը։ Բայց հենց այդ հարցն էլ քննարկումների հիմնական կետերից մեկն է։ Երեկ շատ էր խոսվում հարկային արձակուրդների մասին։ Այստեղ պետք է հասկանալ՝ հարկային արձակուրդնե՞րն են նպատակահարմար, թե՞ մեկ այլ օգնության ձեւ։ Դրանք պետք է լինեն խիստ նպատակային ու թիրախային։ Որովհետեւ, եթե մենք թացը չորի հետ խառնենք, կարող է ստացվել, որ, օրինակ, գերշահույթով աշխատող ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, եւ տուրիզմի ոլորտի ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, ինչը ոչ միայն անարդար կլինի, այլեւ՝ սխալ։ Դա արդեն վատ հետեւանքների է բերելու։ Այդ քայլերը պետք է շատ զգուշությամբ անել, քանի որ այս ցնցումը ժամանակավոր է։ Բայց եթե հիմա մենք սխալ քայլեր իրականացնենք՝ թե՛ հարկաբյուջետային առումով եւ թե՛ վարկերի առումով, այդ սխալ քայլերի հետեւանքները շատ ավելի երկար են տեւելու։ - Մի շարք առեւտրային բանկեր որոշեցին վարկերի մարումները հետաձգել, բայց, այնուամենայնիվ, որոշ բանկեր չգնացին զիջումների։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի պետությունը, եւ ինչպե՞ս պետք է վճարի այդ վարկը այն քաղաքացին, որը չի կարողանա այս ընթացքում եկամուտ ստանալ։ - Մենք ինչքան էլ ասենք, որ վարկային արձակուրդ է պետք, պետք է հաշվի առնել, որ բանկերը նույնպես ֆինանսական պլանավորում են անում, եւ իրենք էլ պետք է ավանդների գծով մարում իրականացնեն։ Բանկերի մի մասը որոշ քաղաքացիների հետ անհատական են աշխատելու։ Իսկ այն ռիսկային հաճախորդների դեպքում, որոնց վրա ազդեցություն չունի՝ համաճարակ է, թե արտակարգ իրավիճակ, եւ նրանք այսպես թե այնպես անպարտաճանաչ վարկառու են, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ դեպքերում թույլ տալ, որ բանկն անհատական մոտեցում ցույց տա։ Բայց կարծում եմ, որ քաղաքացիների եւ բանկերի համար պետք է հստակ կանոններ լինեն, եւ քաղաքացին իմանա, թե որ դեպքում կարող է դիմել իր վարկը վերակառուցելու կամ վճարումները հետաձգելու խնդրանքով։ Պետք է նաեւ բացառել այն դեպքերը, որ բանկերը, օգտվելով այդ հանգամանքից, կփորձեն վերանայել վարկավորման պայմանները։ Ես չեմ ուզում այդ կանխավարկածով առաջ շարժվել եւ հույս ունեմ, որ մեր բանկերը պատասխանատու վարքագիծ կդրսեւորեն, բայց նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմել են, բանկը ասել է՝ լավ, համաձայն եմ ժամկետի առումով ընդառաջ գնալ, բայց վարկի արժույթը պետք է փոխենք դրամից դոլար կամ տոկոսադրույքը վերանայենք։ Ամեն դեպքում որքան կանոնները հստակ լինեն, այդքան ավելի լավ։ - Շատերը նշում էին, որ վարկային կազմակերպությունները որեւէ ընդառաջման չեն գնացել։ Այստեղ իշխանությունը անելիք ունի՞։ - Դա նույնպես քննարկելու ենք։ Արդեն որոշ հարցեր այս առումով քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ։ Մեծ հաշվով բանկերն ու վարկային կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, եւ պետությունն այստեղ իրավունք էլ չունի ասել, թե ինչպես վարվեն։ Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության սկզբունքի վրա... Կարծում եմ՝ վաղ թե ուշ նրանք այդ վարքագիծը ստիպված են լինելու փոխել, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում դա իրենց վրա ավելի վատ հետեւանքներ է ունենալու։ Ավելին՝ armtimes.com-ում
15:56 - 18 մարտի, 2020
Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը

Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողներին ծնողներին հարազատներին, բարեկամներին։ «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար: Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին, Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն, Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց: Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները: Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը: Առողջություն եմ մաղթում բոլորիս»:
15:38 - 18 մարտի, 2020
Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին |hetq.am|

Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին |hetq.am|

hetq.am: Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունաքին։ Տրամադրվող գումարը կազմում է Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի 15 %-ը և երկրի բյուջեի շուրջ ⅓-ը։  Սունաքի խոսքերով՝ այդպիսի մասշտաբների օգնությունն անհիմն կլիներ մի քանի շաբաթ առաջ։ «Կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է և՛ հանրային առողջության և՛ տնտեսության համար, կառավարությունը կաջակցի ցանկացած բիզնեսի, թե՛ մեծ, և թե՛ փոքր»,- հայտարարել է նախարարը։  Եթե այդ գումարը չհերիքի, Ռիշի Սունաքի խոսքերով, կառավարությունը կարող է հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել։ «Ցանկացած ձեռնարկատեր, որին անհրաժեշտ կլինի վճարել վարձակալության, աշխատավարձերի վճարման և այլ ծախսերի համար, կարող է լավ պայմաններով ստանալ վարկ»,- հայտնել է նախարարը։ Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։ Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ, մինչև 25 000 ֆունտ ստերլինգ արժեքով, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ դժվարին ժամանակներից և չտուժել։ Մյուս փոքր բիզնեսները կարող են ակնկալել մինչև 10 000 եվրո արժողությամբ մեկանգամյա դրամաշնորհներ։ Բացի այդ, ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից։ Կառավարությունը թույլատրել է նաև երեք ամիս չվճարել տուն ձեռքբերելու նպատակով հիփոթեքային վարկեր վերցրած քաղաքացիներին։ Ավելին՝ hetq.am-ում
14:30 - 18 մարտի, 2020