Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Խրամորթում ռուս խաղաղապահների բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն են ունեցել

Խրամորթում ռուս խաղաղապահների բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն են ունեցել

Երեկ ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»:  Այս մասին հայնտում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։ Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը: Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:  ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը:  
11:11 - 27 փետրվարի, 2022
Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը կաթվածահար է,ադրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում. Արցախի ՄԻՊ

Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը կաթվածահար է,ադրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում. Արցախի ՄԻՊ

Արխացի Խրամորթ համայնքի բնակիչների հասցեին ադրբեջանական կողմը սպառնալիքներ է հնչեցնում:Փաստերի հավաքագրման նպատակով առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել ենք Խրամորթ համայնք։ Պաշտպանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է, որ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ուժի կիրառման սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին, հետևյալ բովանդակությամբ․«Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքեք տարածքը, լքեք տարածքը»։ Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողությունները իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանագամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցիալական ցանցերում տարածվում են 44-օրա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալինքներով: Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։ Համայնքում բնակվող 300 ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաններ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունը առաջ մղելու համար։Համայնքի բնակիչների անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը։
17:53 - 26 փետրվարի, 2022
Խրամորթում թշնամական կողմի հետ բանակցություններ են ընթանում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ

Խրամորթում թշնամական կողմի հետ բանակցություններ են ընթանում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Խրամորթի մոտ հնչող ադրբեջանական կոչերի առնչությամբ բանակցություններ են ընթանում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»։
15:17 - 26 փետրվարի, 2022
Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ուղերձում Ստեփանյանը նշել է․ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար։
13:51 - 26 փետրվարի, 2022
Արցախում ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացումներ ու հափշտակություն է կատարել

Արցախում ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացումներ ու հափշտակություն է կատարել

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով, 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում նրանց ձևակերպել է հիշյալ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված տարբեր հաստիքներում և նրանց կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում պետական բյուջեից ֆինանսավորվող պետական կազմակերպության միջոցներից վճարել է ընդհանուր 19.762.010 դրամ աշխատավարձ` այդպիսով կազմակերպությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս. տեղեկացնում են ԱՀ դատախազությունից: Նույն կազմակերպության տնօրենը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման և յուրացման եղանակով իրեն վստահված գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու միասնական դիտավորությամբ, աշխատանքի ընդունվելու համար իրեն դիմած՝ հիմնական այլ աշխատանք ունեցող անձին մեկ ամբողջական հաստիքում ձևակերպելու անհնարինության պատճառով մեկ այլ անձի կեղծ ձևակերպել է այդ, իսկ իրեն դիմած անձին՝ 0,5 դրույքաչափով մեկ այլ հաստիքում, որից հետո 1 դրույքաչափով ձևակերպված անձի անվամբ կազմված բանկային քարտը տրամադրել է իրեն դիմած անձին՝ այդ քարտային հաշվին փոխանցվող աշխատավարձը ստանալու համար, իսկ 0,5 դրույքաչափով ձևակերպված աշխատողի անվամբ կազմված բանկային քարտը վերցրել է անձամբ ու ստացել և յուրացրել է այդ քարտային հաշվին փոխանցված գումարները: Վերը նկարագրված արարքի հետևանքով 2017-2021թթ. ընկած ժամանակահատվածում կազմակերպության տնօրենի կողմից յուրացման և վատնման եղանակով հափշտակվել է ընդհանուր 4.457.675 դրամ գումար: Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակել է ընդհանուր 839.447 դրամ գումար: Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական նպատակով առևտրային կազմակերպությանը փոխանցված 1.500.000 դրամ գումարը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին խանութից ապրանքը ձեռք բերված լինելու մասին, որից հետո կանխիկացրել ու հափշտակել է հիշյալ 1.500.000 դրամ գումարը: 21.02.2022թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել կազմակերպության տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականությամբ նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժինը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:42 - 26 փետրվարի, 2022
Ադրբեջանցիներն Արցախի Խրամորթ գյուղի վարչական սահմանների մոտ քարոզչական հայտարարություններ են արել, բայց բնակիչները չեն տրվում սադրանքներին

Ադրբեջանցիներն Արցախի Խրամորթ գյուղի վարչական սահմանների մոտ քարոզչական հայտարարություններ են արել, բայց բնակիչները չեն տրվում սադրանքներին

Երեկ երեկոյան՝ ժամը 6-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական սահմանների մոտ բարձրախոսով ձայնագրություն են միացրել, որում հայտարարվել է, թե բնակիչները պետք է լքեն բնակավայրը, այլեւս վար ու ցանք չանեն Խրամորթում, որ այն իբրեւ թե ադրբեջանական տարածք է եւ այլն։ Այս մասին Infocom-ի հետ զրուցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը. «Ժամը վեցի արանքին իրենց քարոզչության մեքենան հայերենով զապիս էր միացրել՝ միկրաֆոններն ավտոյի վրա դրած, թե իբր դա ադրբեջանական հող ա, դուք պիտի լքեք, գյուղատնտեսական աշխատանքներ մի արեք, եթե չեք ուզում կորուստներ ունենաք, եթե ձեր համար թանկ է երեխաների կյանքը»,- մանրամասնեց գյուղապետը՝ համոզմունք հայտնելով, որ սա ընդամենը ադրբեջանական քարոզչամեքենայի գործիքներից է՝ մարդկանց մեջ տագնապ արթնացնելու համար։ Սակայն Աբրահամյանը միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ գյուղացիներն այդպիսի սադրանքների չեն տրվում. «Հոգեբանական ճնշում են ուզում անել, որ ժողովրդին խուճապի մեջ գցեն, էդքան բան։ Բայց մեր վրա դա չի ազդում»,- շեշտեց մեր զրուցակիցը, հավելելով՝ մարդիկ մնալու են Խրամորթում, տեղ չունեն գնալու իրենց հայրենի գյուղից։ Գյուղապետի խոսքով՝ պատերազմի դադարից հետո նման դեպք երկրորդ անգամ է լինում, մեկը՝ երեկ, մեկն էլ՝ օրեր առաջ։ Բայց կրակոցներ չեն եղել, միայն խոսքերով են փորձել խուճապ տարածել։  Միայն թե այս տարվա փետրվարին Խրամորթի վարչական սահմաններում հերկ անելիս ադրբեջանցիները կրակել են Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ. գյուղապետի փոխանցմամբ՝ գնդակը դիպել է տրակտորի անվադողին, ծակել, բնակիչը չի տուժել բարեբախտաբար։  Այս պահին գյուղամիջյան հատվածներում տեղացիները գյուղատնտեսական աշխատանքներ անում են, բայց սահմանին մոտ՝ դեռեւս ոչ, բանն այն է, որ վարելահողերը շատ մոտ են հակառակորդին, դիտարկվում են, բայց այգիներում աշխատանքները շարունակվում են։  Մեր հարցին ի պատասխան՝ Աբրահամյանը մեկնաբանեց, որ հակառակորդի այս գործելաոճը գոնե սաստելու համար իշխանությունները միջամտություններ անում են,  բանակցում են, խաղաղապահների հետ անում են այն, ինչ իրենցից կախված է։  Զորիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ այս պահին գյուղում հանգիստ է իրավիճակը, իսկ սահմանի մոտ առավոտվա դրությամբ սադրանքներ չեն եղել։ Բնակիչներն էլ, ասում է, խուճապի չեն մատնվում, մտադիր էլ չեն լքել գյուղը, ինչն ապացույցն է, որ հակառակորդի այստեսակ քարոզչական սադրանքներն  անօգուտ են։  Լուսանկարում՝ Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը Հայարփի Բաղդասարյան
11:26 - 26 փետրվարի, 2022
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հուշարձանների պահպանության պահանջով

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հուշարձանների պահպանության պահանջով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։ Ուսանողական միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։Արցախը հայությանն է, և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործին։Սիրելի՛ հայրենակիցներ Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։ Ելնելով վերոնշալ համոզումներից՝ սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք»։
17:05 - 25 փետրվարի, 2022
Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

aravot.am: «Անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կասի միակողմանի, վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ։ Լուծումը բանակցությունների արդյունք պետք է լինի՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը։ Նրա խոսքով․ «Կարեւոր է, որ ռազմագերիները վերադարձվեն։ Շարունակելու ենք սա կրկնել, մինչեւ վերջին ՀՀ քաղաքացին կվերադարձվի ՀՀ-ին։ Ռազմագերիները, մարդկային կյանքը չեն կարող առեւտրի առարկա լինել, ուստի մենք ողջունում ենք ՀՀ-ի քայլը՝ Ադրբեջանին տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները»։ Ինչ վերաբերում  է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, Կալյուրանդը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կգա տարածաշրջան։ Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներն ամփոփելով՝ Մարինա Կալյուրանդը նշեց․ «Քննարկել ենք, թե ինչ առաջխաղացման է հնարավոր հասնել ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Խոսել ենք կոմունիկացիաների ապաշրջափակման, երկաթգծի մասին՝ քայլեր, որոնք աստիճանաբար կարող են բերել լուծումների։ Խոսել ենք նաեւ Թուրքիայի հետ բանակցությունների մասին։ Թուրքական ավիաընկերություններն արդեն թռնում են Երեւան։ Հաջողություն ենք մաղթում կողմերի՝ այսօր կայանալիք հանդիպմանը»։
14:49 - 24 փետրվարի, 2022
Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: Կալյուրանդն իր ելույթում շեշտեց, որ տեսնում են ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի բարեփոխումները և ձեռքբերումները։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում։  Կալյուրանդը տեղեկացրեց, որ կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտությունը։  «Ես ասացի, որ պատերազմը երբեք լուծում չէ, անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը միակողմանի։ Լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։  Մենք ընդգծեցինք նաև Բաքվում գտնվող ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը։ Մենք կշարունակենք սա կրկնել, մինչև ՀՀ վերջին քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Կալյուրանդը։ Կալյուրանդի խոսքով՝ բոլորն ունեն խաղաղության ու բարգավաճման իրավունք, դրան կարելի է հասնել դիվանագիտության միջոցով։ «Ես իրապես ցավում եմ այն կյանքերի համար, որ կորսվել են, ցավում եմ բոլոր ընտանիքների տառապանքների համար»,- ասաց նա։
14:24 - 24 փետրվարի, 2022
Արցախի ԱԺ 2 խմբակցություններ հայտարարություն են տարածել. նրանք անդրադարձել են Երեւանում «Եվրանեսթի» նիստերին

Արցախի ԱԺ 2 խմբակցություններ հայտարարություն են տարածել. նրանք անդրադարձել են Երեւանում «Եվրանեսթի» նիստերին

Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված Երեւանում «Եվրանեսթի» նիստերի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը: Հայտարարության մեջ ասվում է. «Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անց է կացվել Եվրոնեստի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Ողջունելի է նիստի ընթացքում Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ խաղաղաղության հասնելու և պատերազմի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումը բացառելու հստակ պնդումը։ Առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը: Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։ Միայն անկեղծ մղումով և փոխադարձ շահերի համահավասար գնահատմամբ է հնարավոր երկարաժամկետ խաղաղությունը։ Ցավոք սրտի, Բաքուն նման մոտեցումները չի կիսում։ Ըստ այդմ, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական երկակի ստանդարտներն ու խոսքի և գործի անհամատեղելիությունը»:
14:21 - 23 փետրվարի, 2022
ԳԱԱ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ

ԳԱԱ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Հայտարարությունից բխում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում (Ղարաբաղում) «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»։ Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները և դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են և դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբևիցե խնդրահարույց չի եղել (չհաշված պատմական իրողությունները կեղծելու դիլետանտական փորձերն ու հայտարարությունները): Արցախի տարածքում գտնվող հայ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր քրիստոնեական հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը հանդիսանում են հայկական ճարտարապետության առանցքային օրգանական մասը: Արցախի զարգացած միջնադարի մոնումենտալ կառույցները՝ եկեղեցիները, գավիթները, զանգակատներն իրենց ստեղծագործական կառուցվածքով  (կոմպոզիցիայով) և դեկորով սերտորեն առնչվում են պատմական Սյունիքի և Այրարատի նախորդող ժամանակաշրջանի նույնատիպ կառույցների հետ, ինչը հետազոտություններով փաստել են հայկական միջնադարյան ճարտարապետությունն ուսումնասիրող արտասահմանյան հեղինակավոր գիտնականները ևս, այդ թվում՝ Ժան Միշել Թիերին (Ֆրանսիա), Պաոլո Կունեոն (Իտալիա) և այլք: Վիմագիր արձանագրությունների և այդ արձանագրություններով  մեր օրերն հասած տվյալների գիտական վերլուծությամբ ժխտվում է  դրանց «աղվանական» լինելու հանգամանքը, ուստի որպես արցախահայության մշակութային ժառանգության «աղվանականացման» լավագույն տարբերակ, ընտրվել է վիմագիր տվյալների իսպառ ոչնչացումը, ինչպես ցույց է տալիս Նախիջևանի տարածքի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման «ադրբեջանական փորձը»։ Ադրբեջանում չկան քրիստոնեական մշակույթի ու հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, ինչի վկայություններն են իրենց իսկ հրապարակումները, որոնք սահմանափակվել են իսլամական ճարտարապետության ներկայացումով։ Նախ, անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ դրանք հետագայի հավելում են, ապա, ըստ հուշարձանների պահպանության ընդունված չափորոշիչների, այդ դեպքում ևս դրանց վերացումը մշակութային վանդալիզմ է, քանի որ հաջորդող դարերում արված ավելացումները տվյալ ճարտարապետական հուշարձանի պատմության անբաժանելի մասն են: Կասկածից վեր է, որ վերոհիշյալ հանձնաժողովը ստեղծվել է  հայկական մշակութային ցեղասպանության ծրագիրը կյանքի կոչելու, արցախահայության մշակութային ժառանգությունն իր իսկության և ինքնության իրական տիրոջից օտարելու, տարածաշրջանի պատմությունը համալիր խեղաթյուրելու նպատակով։ Այս հայտարարությամբ Ադրբեջանն ի լուր աշխարհի, մեկ անգամ ևս հռչակում  է, որ աներկբա խախտում է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունն իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։ Արցախի հուշարձանների՝ աղվանական լինելու տեսության նպատակն է փորձել իբրև թե պատմականորեն հիմնավորել Արցախի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները և, գիտությունը ծառայեցնելով իրենց ցեղասպանական նկրտումներին, նախ՝ հիմնավորել Արցախի Հանրապետության այժմ բռնազավթված տարածքներում հայկական ներկայության ոչնչացումը, ապա նաև՝ «պատմամշակութային» կեղծ նախադրյալներ ստեղծել այժմ ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքից ներս սողոսկելու համար: Արցախի հուշարձանների վիմագրագիտական համակողմանի ուսումնասիրությունը, որը ներառում է այդ արձանագրությունների հնագրագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, աստվածաբանական, գրական-աղբյուրագիտական և, հատկապես, պատմագիտական քննությունը, միանշանակ ապացուցում է այդ եկեղեցիների և դրանց արձանագրությունների և այլ ռեկվիզիտների հայկականությունը: Համաշխարհային փորձից հայտնի է, որ ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով հորինված որևէ արձանագրություն: Ավելին, լեզվական առումով ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ տեղի գրավոր խոսքում արտահայտվում են գրչության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները: Արցախի վիմական արձանագրություններում նկատելի են արցախյան բարբառի տարրերը, մինչդեռ անհնար է գտնել ենթադրյալ աղվաներենի որևէ հետք: Ասվածը ևս մեկ անգամ վկայում է, որ մշակութային այս ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ ճարտարապետական կոթողների որմերին դրոշմելով բարբառի տեղային իր շունչը: Էլ չենք խոսում Արցախի գրչության կենտրոններից մեզ հասած հարյուրավոր ձեռագիր մատյանների գոյության մասին, որոնց հիշատակարանների բովանդակությունն ինքնին լրացնում ու վերահաստատում է վիմագրերում վկայված սկզբնաղբյուրային տեղեկությունները:   Թե՛ ձեռագրերում և թե՛ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով, սովորաբար, դրվում են ոչ ճիշտ տեղում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո, որպես կանոն, փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային ստեղծագործական կառուցվածքի և խորհրդաբանության տեսանկյունից կարող ենք փաստել, որ արցախյան բոլոր նշանավոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որտեղ եկեղեցիների կառուցման մասին վկայող արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո: Պատմագիտական քննությամբ ևս հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող՝ հետագայում ստեղծված, սակայն ավելի վաղ շրջանի վերագրվող որևէ արձանագրություն: Հուշարձաններում, առհասարակ, ընդունված երևույթ է պատմության տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների արձանագրումը: Արցախյան հուշարձաններն այս առումով ևս բացառություն չեն, ուստի հետագա նորոգումների, նոր շինություններով համալրումների, նվիրատվությունների և այլ հիշարժան գործերի դեպքում կարևորվել է վիմագիր կազմելու ավանդույթը: Արցախի եկեղեցիների նման արձանագրությունները ևս վերաբերում են բացառապես հայկական միջավայրին և իրողություններին, ինչը ևս հաստատում է, որ այդ հուշարձաններն իրենց կառուցման օրից մինչև Ադրբեջանի վանդալիզմի այսօրվա դրսևորումները ոչ միայն հայ արվեստի մասն են, այլև դրանց հետագա պատմությունը ևս կապվել է այդ արժեքները ստեղծող հայ ժողովրդի հետ: Դա կրկնակի հաստատվում է նաև կոթողային հուշարձանների՝ հազարավոր խաչքարերի ու տապանաքարերի օրինակով, որոնց հայերեն՝ մեսրոպատառ վիմագրերը ևս հայկական միջավայրի գոյության ուղղակի արտացոլանքն են: Եթե անգամ Արցախի Հանրապետության այժմյան օկուպացված տարածքում մշակութային վանդալիզմի իրականացման փորձ արվի, ապա միևնույնն է, այդ հուշարձանների իրական լուսանկարները, չափագրությունները և արձանագրություններն իրենց վերծանություններով, ռուսերեն ու եվրոպական տարբեր լեզուներով արված թարգմանություններով շարունակելու են մնալ որպես մշակութային ցեղասպանության Ադրբեջանի դեմ ուղղված մեղադրանք՝ ցույց տալով, թե իրականում ինչպիսին են եղել այդ հուշարձանները նախքան Ադրբեջանի պետականորեն իրականացված ոչնչացումը: Փաստորեն, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես  աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայում ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները: Պատմական բազմաթիվ սկզբնաղբյուրների վկայություններից քաջ հայտնի է, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ։ Առաքելական քարոզության ավանդական շրջանից երեք դար հետո այն պաշտոնապես հաստատվել է Գրիգոր Լուսավորչի և նրա թոռան՝ Գրիգորիսի կողմից 4-րդ դարի սկզբներին  և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս է կազմել։ Աղվանից եկեղեցու իրավազորությունը սկզբնապես տարածվում էր Բուն Աղվանից թագավորության տարածքի վրա, որն ընդգրկում էր Կուր գետի ձախափնյակը՝ մինչև Կասպից ծով, Կովկասյան լեռնաշղթա և Դերբենդի լեռնանցք (եպիսկոպոսանիստն այդ ժամանակ գտնվում էր թագավորության մայրաքաղաք Կապաղակում)։ Սակայն երբ 428 թ. Սասանյան Իրանի արքայից արքան վերացրեց Հայոց Արշակունյաց թագավորությունը և Այսրկովկասում ստեղծեց երեք մարզպանությունների վարչական համակարգ, ընդ որում՝ Հայաստանի արևելյան և հյուսիսային նահանգները (Ուտիքն ու Արցախը՝ Աղվանք-Առանին, իսկ Գուգարքը՝ Վիրք-Վարջանին) մտցնելով հարևան մարզպանությունների կազմի մեջ, Աղվանից եկեղեցու իրավազորությունն անցավ (միջնադարի եկեղեցա-վարչական բաժանման սկզբունքների համաձայն) նաև Կուրի աջափնյակում գտնվող հայկական Ուտիք և Արցախ նահանգների վրա։ Մարզպանության կենտրոնը 462 թ. Կապաղակից Չող-Դերբենդ քաղաքը տեղափոխվելուց հետո այնտեղ հաստատվեց նաև Աղվանից եկեղեցու (որն արդեն արքեպիսկոպոսության-կաթողիկոսության կարգավիճակ էր ստացել) նստոցը։ Սակայն շուտով՝ 6-րդ դարի առաջին տասնամյակներին Աղվանից կաթողիկոսության կենտրոնը տեղափոխվեց Կուր գետի հայկական աջափնյակ՝ նորակառույց մարզպանանիստ Պարտավ քաղաքը (Ուտիք նահանգի Ուտի-Առանձնակ գավառում)։ 16-րդ դարի սկզբում Աղվանից եկեղեցու նստավայրը վերջնականապես հաստատվում է Գանձասարում՝ Արցախի կենտրոնում (նախորդ դարում նրան զուգահեռ կաթողիկոսանիստ էր նաև Ճալեթը՝ Կուրի ձախափնյակում)։ Դրանից հետո այն հանդես է գալիս նաև Գանձասարի կաթողիկոսություն անվամբ՝ իբրև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերից մեկը, որը 19-րդ դարում Ռուսաստանի ցարական իշխանությունների իրավական ակտերով վերածվեց Էջմիածնի կաթողիկոսության միտրոպոլիտության (արքեպիսկոպոսության)։ Զարմանալի է, որ Ադրբեջանի՝ կովկասյան ալբանացիներին վերաբերող հռետորաբանությունում կենտրոնական տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 200 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և բարոյական ծանրագույն հետապնդումների։ 18-19-րդ դարերում ուդիների բռնի իսլամացման և ձուլման քաղաքական գործընթացը հանգեցրեց Աղվանքի ժառանգության այդ ամենաակներև  ներկայացուցիչների գրեթե իսպառ ոչնչացմանը։  Այդուհանդերձ, Նուխի գավառի, մասնավորապես, Շեքիի, Օղուզի (նախկին Վարդաշենի) և Գաբալայի (նախկին Կուտկաշենի) շրջանների առնվազն 43 ուդիական գյուղերի բնակչությունը պահպանել էր ուդիական (աղվանական) ինքնությունը և, չնայած լեզվական թյուրքացմանը և իսլամացմանը, շարունակել էր հարգել աղվանական պատմական հուշարձանները և սրբավայրերը, տոնել աղվանական տոները, տապանագրերում նշել իրենց ազգային ինքնությունը և այլն։ Հնարավոր է, հենց այդ պատճառով ուդիները 1918-1920 թվականների էթնիկական բախումների ժամանակ թյուրքալեզու ադրբեջանցիների կողմից ենթարկվել են դաժան ֆիզիկական բռնության, ոչնչացման և արտաքսման։ Վերջին ուդիական բնակավայրերի` Վարդաշենի, Միրզաբեյլուի, Սուլթան Նուխիի, Ջոռուռլուի բնակչությունը և Նիժ գյուղի բնակիչների մեծ մասը, փախչելով հետապնդումներից, ստիպված եղան վերջնականապես լքել հայրենիքը, ուր իրենց նախնիներն ապրել էին հարյուրամյակներ շարունակ։ Ուդիների արտաքսումից հետո Ադրբեջանում «վերականգնվում է պատմական ճշմարտությունը»․ Աղվանքի ողջ նյութամշակութային ժառանգությունը ճշգրտվում կամ ոչնչացվում է։ Հայկական մշակութային ժառանգության ժխտողական քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են այսօր Ադրբեջանում մնացած մոտ 2-3 հազար ուդիներին: Զուր չէ, որ Ադրբեջանը չի ստորագրում Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (անգլ. European Charter for Regional or Minority Languages, ֆր. Charte européenne des langues régionales ou minoritaires)՝ լեզուների պաշտպանման և սատարման եվրոպական կոնվենցիան, որից օգտվում են ավանդական փոքրամասնությունները։  Այսպիսով՝ - հատկապես կարևորելով «Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքների ճանաչում, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը, և մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ  ինչպես նշված է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի նախաբանում և վերահաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի «Զինվորականների համար մշակութային ժառանգության պաշտպանության ձեռնարկում», լինելով ողջ մարդկության ինքնության կենսական մասը՝ ժառանգության  ոչնչացումով հենց մարդկությունն է զրկվում իր  անփոխարինելի արժեքներից։  Ըստ այդմ՝ արցախահայության ժառանգության ոչնչացումը կարող է հանգեցնել աշխարհի մշակութային արժեքների անվերադարձ կորստին և աղքատացնել աշխարհի մշակութային բազմազանությունը։ Արցախի ժառանգությունը ստեղծել է արցախահայությունն իր պատկերացումներին ու հմտություններին համապատասխան, իսկ Ադրբեջանի քաղաքականությունն, ինչպես ակնհայտ է,  ուղղված է հենց այդ ժառանգության նենգափոխմանն ու խեղաթյուրմանը։ Ադրբեջանը, համաձայն միջազգային հռչակագրերի և իր իսկ ստանձնած պարտականությունների, հանձնառու է անաղարտ պահել արցախահայության ժառանգությունը, պահպանել նրա իսկությունն ու ամբողջականությունը։ Եվ հենց այդ նույն կոնվենցիան, որը վկայակոչել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, իր 4-րդ հոդվածով արգելում է վանդալիզմի, ոչնչացման կամ ձևափոխման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
11:33 - 23 փետրվարի, 2022
Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյանի ուղերձը

Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյանի ուղերձը

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով: Վիտալի Բալասանյանի ուղերձը ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, որը կառուցելու համար չենք խնայել ջանք ու եռանդ, հանուն որի՝ իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր քաջ հայորդիներ։ Մեր անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմին նույնպես շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Արցախի համապատասխան պետական կառույցների և զորակազմի փոխգործակցության բարձր մակարդակը վստահություն է հաղորդում առաջացող խնդիրներին արագ ու արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ։ Սիրելի՛ արցախցիներ, Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։
11:21 - 23 փետրվարի, 2022
Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում
 |azatutyun.am|

Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում |azatutyun.am|

azatutyun.am: Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրս բերում, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ասուլիսը հաջորդել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանը։ «Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը, որոնք վերաբերվում են հայկական զորքերի դուրսբերմանը Ղարաբաղի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը հայկական կողմի իրավական պարտավորություններից է», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։
21:27 - 22 փետրվարի, 2022
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։  «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ ի դեմս Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։ Յուրաքանչյուր ժողովուրդ, ով միջազգային իրավունքին համապատասխան իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, քաղաքակիրթ կերպով ձևավորել ու զարգացրել է իր պետականությունը, սակայն առերեսվում է անվտանգային ու գոյաբանական լուրջ սպառնալիքների, արժանի է ճանաչման։ Արցախի Հանրապետությունն այս առումով ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը․ իր անկախ պետականության կերտման գործընթացում անցնելով բազում դժվարությունների, փորձությունների, արհավիրքների միջով՝ պահպանել է իր հաստատակամությունն ու վճռականությունը՝ արժանանալու միջազգային ճանաչման։ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները շնորհավորում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պատգամավորներին և ողջ հանրությանն այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամենայն բարիք»,- ասված է հայտարարության մեջ:  
19:56 - 22 փետրվարի, 2022