ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների վերաբերյալ առաջարկները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից՝ պատասխանելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման, այդպիսով հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ստեղծման և այդ գաղափարը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում կիրառելու» վերաբերյալ հայտարարության մասին հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,-հայտնել են ԱԳՆ-ից: ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել: «Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը, բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից, պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,-հայտնել են ԱԳՆ-ից:
12:49 - 23 մայիսի, 2019
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին |tert.am|

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին |tert.am|

tert.am: Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
08:43 - 14 մայիսի, 2019
Ռուսաստանը Գրեմինգերին տեղեկացրել է Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանը Գրեմինգերին տեղեկացրել է Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների և ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մոսկվայի հանդիպման արդյունքներով գրանցվել է Ադրբեջանի և Հայաստանի հետաքրքրվածությունը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Խոսքը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երկրների տարածքում ազատազրկված անձանց՝ բարեկամների այցելությունների մասին, ինչպես նաև պատրաստակամության՝ սկսել գործնական աշխատանքներ մարդկանց մեջ շփումների հաստատման համար, այդ թվում և ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունները»,- հայտնել է Զախարովան: Զախարովան հավելել է նաև, որ Գրեմինգերը հաստատել է ԵԱՀԿ մտադրությունը՝ շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:  
05:56 - 09 մայիսի, 2019
Exit Poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են |lragir.am|

Exit Poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են |lragir.am|

lragir.am: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին Exit poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են։ Այդ մասին նա ասել է Նովոստի-Արմենիա գործակալության թղթակցին։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ այդ հարցը չի մտնում ԵԱՀԿ տեղական գրասենյակի լիազորությունների մեջ։ «Որքանով ինձ հայտնի է, խոսքն այն մասին է, որ առաջադրվել եւ քննարկվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Exit poll-ի անցկացման հարցը, որը, վերջիվերջո, պատշաճ աջակցություն չի ստացել մի շարք օբյեկտիվ պատճառներով», ասել է նա։ Ինչպես կարծում է Կապինոսը, նման որոշում կայացնելու հիմնական պատճառներից մեկը այն է, որ ձեռք չի բերվել հստակ պատկերացում, թե ով պետք է անցկացնի Exit poll –ը, իսկ դա, նրա խոսքով, շատ կարեւոր հարց է։ Հունվարի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID) որոշում են կայացրել չիրականացնել Exit poll՝ 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ։ Exit poll-ը չի անցկացվելու այն պատճառով, որ Միջազգային հանրապետական ինստիտուտին (IRI) եւ Baltic Surveys Ltd/Gallup-ին չի հաջողվել հարցի բոլոր ընթացակարգերի մասին պայմանավորվածություն ձեռք բերել եւ չի գտնվել բոլոր կողմերը բավարարող որոշում:
10:49 - 29 ապրիլի, 2019
ԼՂ հակամարտության հարցով պիտի զբաղվի  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակա­մարտու­թյան երեք կողմերի հետ․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ հակամարտության հարցով պիտի զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակա­մարտու­թյան երեք կողմերի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին անդրադառնալով ԼՂ հակամարտության լուծմանը նշեց․  «Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին: Բայց ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար: Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ այդ քննարկումների և փաստաթղթերի հեղի­նակ­ները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե Ադրբեջանի համար: Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցները աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտ­ների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:Հարկ է հիշել նաև, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց նրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ: Այս է պատճառը, որ մենք համարել և համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակա­մարտու­թյան երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից: Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:  
11:05 - 11 ապրիլի, 2019
Հայաստանին անհրաժեշտ են լինելու դիվանագիտական նոր ձևակերպումներ |uicarmenia.org|

Հայաստանին անհրաժեշտ են լինելու դիվանագիտական նոր ձևակերպումներ |uicarmenia.org|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցությունները որոշակի հստակություն մտցրեցին բանակցային գործընթացում սկսվող նոր շրջափուլում։ Դրա հետ մեկտեղ, սակայն, անորոշ մնացին մի շարք հարցեր՝ կապված, մասնավորապես, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք էին բերվել հրադադարի ռեժիմն ամրապնդելուն ուղղված մի շարք միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություններ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը։ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, անմիջապես ապրիլյան պատերազմից հետո՝ լարվածության հետագա սրումները կանխելու նպատակով։ Ու թեև այդ պայմանավորվածություններից հետո ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարություններում այդ պայմանավորվածությունները հիշատակվում էին, ու կարևորվում էր դրանք կյանքի կոչելը, այնուամենայնիվ, Ադրբեջանը չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները, իսկ հրադադարի ռեժիմի խախտումները պարբերաբար շարունակվում էին։ Այսպես, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ներկայացրած վիճակագրության, ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի հունիս-դեկտեմբեր ամիսներին, Արցախի Պաշտպանության բանակում գրանցվել է 8 մարտական զոհ, 2017-ի ընթացքում՝ 23 մարտական զոհ, 2018-ին՝ 7 մարտական զոհ։ Ընդ որում, 2018-ի վերջին եռամսյակում մարտական զոհեր ընդհանրապես չեն գրանցվել։ Այս վիճակագրությունը, ըստ այդմ, ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստելու իմաստով վերոնշյալ պայմանավորվածություններն արդյունավետ չեն եղել և փաստացի չեն զսպել Ադրբեջանին։ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների փոխարեն, մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հղում են արել անցած տարվա սեպտեմբերին Դուշանբեում կայացած հանդիպմանը, որի ընթացքում կողմերը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Ուշագրավ է, որ հենց այդ պայմանավորվածությունից հետո՝ 2018-ի վերջին եռամսյակում և, ընդհուպ մինչև այժմ, Արցախի ՊԲ-ում չեն գրանցվել մարտական զոհեր, ինչից կարելի է եզրակացնել, որ հրադադարի պահպանման առումով Դուշանբեի պայմանավորվածությունները առավել արդյունավետ են եղել, քան նախկին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ավելին՝ uicarmenia.org-ում
06:00 - 05 ապրիլի, 2019
Արդյոք արժե միակողմանիորեն կատարել միջազգային պարտավորությունները, եթե հարևանները ցանկություն չունեն

Արդյոք արժե միակողմանիորեն կատարել միջազգային պարտավորությունները, եթե հարևանները ցանկություն չունեն

ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից վերջերս տեղեկացանք, որ Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Ընդ որում, նշվում է, որ նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են՝ թափանցիկությունն ապահովելու համար: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, արդեն երրորդ օրն է, ինչ տեսչական ստուգումներ են անցկացվում։ Հարցը քննարկումների առարկա է դարձել սոցիալական ցանցերում, առկա է հանրության լայն շրջանակների հետաքրրությունը, բայց բացի վերը նշված կարճ հաղորդագրությունից այլ տեղեկատվության հանրությանը չի ներկայացվում: Անգամ բացատրական կամ տեղեկատվական աշխատանք չկա առ այն, թե իրենից ինչ է ներկայացնում 2011թվականի Վիեննայի փաստաթուղթը: Հաշվի առնելով դա՝ կներկայացնենք հակիրճ տեղեկատվություն նշված միջազգային փաստաթղթի, դրա բովանդակության և տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում դրա դերի մասին: 2011թվականի Վիեննայի փաստաթուղթը ԵԱՀԿ կազմի մեջ մտնող երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային փաստաթուղթ է, որի նպատակն է վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդումը¹: Փաստաթուղթը կարգավորում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ հարևան պետությունների միջև ռազմական փոխադարձ տեղեկատվության տրամադրումը, պաշտպանական ոլորտի պլանավորումը, վտանգի նվազեցմանն ուղղված միջոցառումները, որոշակի ռազմական գործունեություն ծավալելու մասին ծանուցելը, փոխադարձ ստուգումները և այլն¹: Ինչպես տեսնում ենք, այս փաստաթուղթը կոչված է համալիր միջոցառումների շնորհիվ նվազեցնել սպառազինությունների մրցավազքը, նոր պատերազմական գործողություններ սկսման հավանականությունը, ռազմական հռետորաբանությունը և պահպանել խաղաղության կայունությունը։ Փաստորեն, այն ստուգումները, որոնք իրականացնում է թուրքական կողմը, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Թուրքիայի միջև ԵԱՀԿ պարտավորությունների շրջանակում կատարվող գործողություն: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, և մեր երկիրը պատշաճ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Բայց իրականացվող գործողությունների նպատակահարմարությունն առավել քան հարցականի տակ է՝ այնպիսի պայմաններում, երբ մեր կողմից Արցախի խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու այլընտրանքի բացակայության հռչակման պայմաններում՝1. Թուրքիան ակհայտ պաշտպանում է Ադրբեջանին, առանձին դեպքերում անգամ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի հետ միասին ռազմական գործողություններ սկսելու մասին ակնարկելով:2. Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, շրջափակման մեջ է պահում՝ սպառնալով ՀՀ գոյությանը,3. Ակնհայտ է նաև, որ այս ստուգումների արդյունքերը փոխանցվելու են Ադրբեջանական կողմին, իսկ Հայաստանին թույլ չի տրվելու երբևիցե նմանատիպ ստուգումներ անցկացնել Ադրբեջանի տարածքում:4. Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ անգամ խախտել են Վիեննայի փաստաթղթի 5-րդ գլխով նախատեսված պարտավորությունները և ընդհանրապես չեն ծանուցել իրականացվելիք զորավարժությունների մասին: Արդյոք այս պայմաններում արժե միակողմանիորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները, եթե հարևան 2 երկրները ցանկություն չունեն դրանք իրագործել, ավելին՝ ամբողջ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը: Միգուցե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հետագայում որոշակի պայմաններ կթելադրի և դուրս կգա դեկլարատիվ հայտարարությունների սահմաններից, որոնք վերաբերվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրենց միջազգային պարտավորությունները կատարելուց խուսափելուն, և հետևանքներ պարտադրի: Ժամանակի հարց է, այս պահին հուսադրող է պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը: 1․ https://www.osce.org/ru/fsc/86600?download=true Նարեկ Ներսիսյանիրավաբան      
12:02 - 03 ապրիլի, 2019
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը |tert.am|

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին զեկուցվել է մարտի 29-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին: Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում: «Մենք շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասվում է Լայչակի հայտարարությունում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ էին հանդես եկել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:  «Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հիմնական հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:
11:54 - 01 ապրիլի, 2019
ԵՄ-ն վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում |armenpress.am|

ԵՄ-ն վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում |armenpress.am|

armenpress: Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: «Հուսադրող են ղեկավարների հավատարմությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել արդյունավետ բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է ինչպես հումանիտար ոլորտում Վիեննայի պայմանավորվածության, այնպես էլ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին: Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Եվրոպական Միությունը կրկին վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում՝ Հաևրավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների շրջանում վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:  
06:32 - 01 ապրիլի, 2019
Նրանք պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել մարդասիրական ոլորտում․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Նրանք պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել մարդասիրական ոլորտում․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Անդրադառնալով Դուշանբեում տեղի ունեցած քննարկմանը՝ առաջնորդները վերահաստատեցին հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմանն ուղղված քայլերը: Նրանք նաև պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել մարդասիրական ոլորտում: Վարչապետը և նախագահը իրենց նախարարներին հանձնարարեցին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղղակի երկխոսությունը»:
18:56 - 29 մարտի, 2019
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
09:12 - 28 մարտի, 2019