ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։  - Պարո՛ն Թովմասյան, դեռեւս 2011-ին Ձեր համատեղ հետազոտություններից մեկում («Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում, համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցություն»), խոսելով խոշորացվող համայնքների մոդելի մասին, ասում եք, որ խոշորացված համայնքը պետք է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն ունենա, այսինքն՝ եթե մի քանի թույլ համայնքներ միացնենք, նրանք զարգացման հեռանկար չունեն, դրա համար պետք է զարգացած կենտրոնի շուրջ միավորեն։ Այս դեպքում խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերրը համաչափ զարգանալու հնարավորություն կունենա՞ն։ - Ամբողջ հանրապետությունում պետք է բնակավայրերի ցանցի բազմակենտրոն մոդելը ձեւավորվի։ Հիմա մենք չունենք այդ մոդելը։ Համաչափ զարգացման ծրագրերը ադյունք չեն տալիս եւ չեն կարող տալ, քանի դեռ մենք չենք անցել բազմակենտրոն համակարգի, որն, իհարկե, տեւական ժամանակ է պահանջում։  Այսօրվա համակարգը ձեւախեղված է։ - Արդյո՞ք խնդիրն այն է, որ խոշորացման ժամանակ միանման մոտեցում չի ցուցաբերվել․ համայնքների մի մասը խոշորացել է փնջային, մի մասը՝ շրջանային սցենարով։ - ժամանակին, երբ կազմում էինք խոշորացման ծրագրերը, ուսումնասիրություններ արեցինք Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի մարզերում, եւ այնտեղ հստակ ֆիքսված էր, թե որտեղ կարելի է հենց հիմա անել խոշորացում, որտեղ՝ տեսանելի ապագայում, որտեղ է պետք ընդհանրապես ձեռնպահ մնալ։ Քանի դեռ տեղային կենտրոնի խնդիրը չենք լուծել, անհնարին եւ անիմաստ է խոշորացման գնալ։  Մենք առաջարկում էինք պիլոտային ծրագրերով անել, ամեն մարզում փնջեր ընտրել, որոնք հնարավորինս լավ արդյունք կարող էին տալ, եւ որոշ ժամանակ հետո, երբ արդյունքները կերեւային, անցնել հաջորդ քայլերին։  - Այդ դեպքում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը շատ չէ՞ր երկարի։ Հիմա ավելի արագ է տեղի ունենում։  - Արագ է, բայց սխալներ են արվում։ Այն, ինչ առաջարկվում էր, ըստ էության, մասամբ է հաշվի առնվել, հաճախ ընդունվել է ավելի շատ քաղաքական որոշում։ Պարզ օրինակ բերեմ․ Շիրակի մարզի խոշորացումները՝ Աշոցքի, Ամասիայի շրջանում։ Այնտեղ ենթակառուցվածք չկա, ոչ մի բան չկա․ ի՞նչ իմաստ ուներ այս պահին խոշորացնել, եթե չէին լուծելու գլոբալ խնդիրը։ Ի վերջո, համայնքը հո համայնքի ղեկավարի պաշտոն ունենալը եւ ընտրություններ ապահովելը կամ տեղեկանք տա՞լը չէ։ Համայնքը ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ այդ փոքր գյուղերում ոչ մի ծառայություն չեն կարող մատուցել․ ո՛չ ենթակառուցվածք ունեն, ո՛չ մարդկային ռեսուրս։  - Ձեր նշած մոդելին չե՞ն համապատասխանում այն համայնքները, որոնցում շատ բնակավայրեր են միավորվել, եւ որոնք համեմատաբար զարգացած կենտրոն ունեն (օրինակ՝ Սիսիանը, Կապանը)։ - Դա չափից դուրս մեծ խոշորացում է։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի արգելոցի տարածքում գյուղեր կան՝ Շիշկերտը, Շիկահողը, Ծավը, որոնք փակուղային դիրք ունեն եւ համայնքի կենտրոնից՝ Կապանից, հեռու են։ Կապանն ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ գյուղերի բնակիչներին․ եթե փորձի էլ մատուցել, շատ թանկ հաճույք կստացվի։  - Խոշորացման սպասվող արդյունքներից մեկն էլ այն էր, որ ծառայություններն ավելի հասանելի կդառնան բնակիչներին։ Գուցե այդ ծառայությունները պետք է հասանելի դարձնել հենց բնակավայրերո՞ւմ։ - Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է ե՛ւ տնտեսապես, ե՛ւ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար։  - Այս համատեսքտում կարեւոր է, որ Ձեր նշած հեռու բնակավայրերը մեծամասամբ չունեն նաեւ նորմալ ճանապարհներ ու տրանսպորտ՝ համայնքային կենտրոն հասնելու համար։ - Այո՛, դրա համար խոշորացումը կարդարացնի, եթե գոնե սահմանափակ բարենպաստ հասանելիության տիրույթում են բնակավայրերը։ Դիլիջանը խոշորացրին, բայց այնտեղ մի քանի գյուղեր կան, որոնք շատ հեռու են քաղաքից․ ի՞նչ իմաստ ուներ դրանք միացնել Դիլիջանին։  - Մենք խոշորացման հաջողված օրինակներ չունե՞նք։ - Օրինակ՝ Մեղրին։ Ժամանակին մենք առաջարկեցինք որպես նախկին փոքր շրջկենտրոնի տարբերակ՝ փորձնական վերցնել Մեղրին։ Չգիտեմ՝ խոշորացումն ինչ արդյունք է տվել այնտեղ, որովհետեւ այնտեղ էլ կան ռիսկային, կտրված փակուղային բնակավայրեր։ Բայց համեմատաբար նորմալ վիճակ է։ Խոշորացման իմաստն այն էր, որ բոլոր համայնքները կարողանան համարժեք ծառայություններ մատուցել բնակչությանը։ - Գուցե կառավարությունը փորձել է պարզապես անհատական մոտեցո՞ւմ ցուցաբերել համայնքները խոշորացնելիս։ - Դա անհատական չէ, դա կոչվում է քաղաքական մոտեցում։ Անհատական մոտեցումը պետք է ինչ-որ հիմնավորում ունենա։ Եթե 50 կամ 100 ճնճղուկ հավաքենք, նրանք արծիվ չեն դառնա։ Եթե չկա տեղային կենտրոն կոչվածը՝ նորմալ բնակավայր՝ գոնե 5000 բնակչությամբ, իր ենթակառուցվածքներով, անիմաստ է խոշորացման գնալ, որովհետեւ բնակիչը դրանից բացարձակ ոչինչ չի ստանա։ Ինչպես ծառայություններ չէր ստանում առաջ, նույն ձեւով էլ չի ստանա հիմա, գուցե ավելի վատ լինի։ Ինչպես ասում են՝ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում։  - Նշածս հետազոտության մեջ նաեւ ասել եք, որ խոշորացման հետ պետք է հողային օրենսդրության փոփոխություններ լինեն՝ մասնավորապես համայնքների վարչական շրջաններից դուրս գտնվող հողերի եւ աճուրդների մասով։ Այս առումով փոփոխություններ եղե՞լ են։ - Բարդ հարց եք տալիս։ Երբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը՝ պետական արոտներ, անտառներ  եւ այլն, մտցվեցին համայնքների վարչական սահմաններ, այն ժամանակների համար բավականին շոշափելի լրացուցիչ ռեսուրս էր նրանց բյուջեի եկամտային մասով, բայց այդ հողերի արդյունավետ կառավարման խնդիրները բավականին խնդրահարույց են։ Եթե մարզպետներն առաջ հեռագնա արոտների համար պետք է մրցույթ հայտարարեին, եւ ցանկացած սահմանակից համայնք կարող էր մասնակցել, հիմա ստացվում է, որ այդ հողամասերը՝ խոշոր զանգվածները, հայտնվել են տարբեր համայնքների վարչական սահմաններում, եւ, բնականաբար, այստեղ բաց մրցույթներ անելը կարող է խնդրահարույց լինել հարեւան համայնքների բնակիչների կամ նույն համայնքի բնակիչների համար։ Դրա համար այդ հողերի նկատմամբ լիազորությունների խնդիրները դեռեւս վերջնականապես լուծված չեն։ Հողերի կառավարման հարցը բարձիթողի է։ Նույն արոտազանգվածը կարող է բաժանված լինել մի քանի կտորի եւ հայտնվել տարբեր համայնքների սահմաններում։ Համայնքներ կան, որ սահմանակից չեն այդ հողերին, այդ հողերը բաժանվել են միայն սահմանակից համայնքների մեջ, բայց անասուն պահում են նաեւ այն համայնքների բնակիչները, որոնք սահմանակից չեն հողերին։ Այլ լուծում չկար, պետք է, բնականաբար, սահմանակից համայնքների մեջ մտցվեին այդ հողերը, բայց այստեղ մեխանիզմը չլուծվեց, թե մնացած համայնքների բնակիչներն ինչպես են օգտվելու։ - Պարո՛ն Թովմասյան, երբ սահմանամերձ համայնքներն են խոշորացվում, վտանգ չկա՞, որ բնակիչները կձգտեն սահմանամերձ համայնքներից տեղափոխվել  համայնքային կենտրոններ։ - Այդ գործընթացը հիմա էլ կա։ Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության նվազման ամենացավալի դրսեւորումները հենց սահմանամերձ բնակավայրերում են։ Դա շատ ռիսկային է։ Սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ շատ յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի, պետության համար ոչ ստանդարտ քաղաքականություն՝ սկսած հարկային դաշտից, նույնիսկ արտոնությունների սահմանմամբ։ Հողի հարկ, գույքահարկ, ինչ-որ բաներ փորձել են անել վերջապես, բայց դա շատ քիչ է։ Համայնքների խոշորացումը միայն մի խնդիրն է։  Քաղաքացին ծառայություն պետք է ստանա։ Եթե համայնքի ղեկավարը այնտեղ վարչական ղեկավար նշանակի, գյուղացուն դա ի՞նչ պետք է․ այդ տեղեկանքը նա այսպես թե այնպես կարող է ստանալ։ Պետք է ծառայությունները  հասանելի եւ որակյալ լինեն գյուղերում, որպեսզի մարդը մնա, նրա համար տարբերություն չլինի՝ այստե՞ղ կապրի, թե՞ այնտեղ։ Եթե մենք այդ խնդիրը չենք լուծում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում մարդկանց պահելու առումով կարող ենք ճգնաժամային իրավիճակում հայտնվել․ ազգային անվտանգության խնդիր է դա։ Սյունիքի հարավը, Տավուշի հյուսիսը հիմա լուրջ խնդիրների առաջ են դեմոգրաֆիական առումով․ բնակչության խտությունը ահագին իջել է հատկապես Սյունիքում։   - Հիմա ունե՞նք այն, ինչ ակնկալվում էր խոշորացման արդյունքում։ - Ես խոշորացմանը նույնիսկ տնտեսական արդյունավետության տեսանկյունից չեմ նայում, որովհետեւ դժվար է միանգամից գնահատական տալ արդյունավետությանը։  Ես նայում եմ երկրի տարածքային կազմակերպման, երկրի ողնաշարը կրող կառուցվածքն ամրացնելու եւ բոլոր բնակիչների համար ծառայությունները հասանելի դարձնելու տեսանկյունից։ Խոշորացումը պետք էր միանշանակ կապել բազմակենտրոնության գաղափարի հետ։  Աննորմալ է, որ մեր երկրի բնակչության 30-40%-ը մի բնակավայրում է ապրում՝ գումարած այն, որ Երեւանում՝ իր շրջակայքի ագլոմերացիայով, բնակչության խտությունը շատ ավելի մեծ է, քան, օրինակ, Ճապոնիայի կամ Հնդկաստանի բնակչության խտությունը։ Բայց մենք տեղեր ունենք, որտեղ բնակչության խտությունը 10 մարդուց պակաս է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Մինչեւ մենք բազմակենտրոնության խնդիրը չլուծենք, մեր երկիրը տարածքային համաչափ զարգացման խնդիրը չի լուծի։  - Կա՞ բնակչության միջին թվաքանակ կամ համայնքում բնակավայրերի միջին թվաքանակ, որի դեպքում ծառայություններն ու ենթակառուցվածքներն ավելի հասանելի կլինեն բնակիչների համար։ - Մենք հետազոտել էինք դա․ իմ գործընկերը նայել էր, թե կախված բնակչության թվից՝ համայնքը ինչքան է կարողանում ծառայություններ մատուցել։ Բայց դա նայված էր զուտ տեղական ինքնակառավարման իրավասությունների շրջանակներում, իսկ մենք ծառայություններ ունենք, որոնք պետության իրավասության ներքո են՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն եւ այլն։  Իմ բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ համայնքի կենտրոնում 5000 բնակչից պակաս չպետք է լինի։ Մյուս պայմանն այն է, որ համայնքային կենտրոնը պետք է ունենա ենթակառուցվածքներ։ Բոլոր բնակավայրերում մենք սպորտի դպրոց, ավագ դպրոց, երաժշտական դպրոց չենք կարող ունենալ, եւ հնարավոր է՝ շատ գյուղերի բնակիչներ կարող են օգտվել այդ ամենից՝ համայնքային կենտրոնից 30 րոպեանոց հասանելիության տիրույթում։  Աննա Սահակյան
19:25 - 04 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի |civilnet.am|

Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով արտգործնախարարությունից քայլեր ձեռնարկել և աշխատանքի նպատակով իրենց այցը ՌԴ կազմակերպել։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ռուսաստանն օտարեկրացիների մուտքն արգելել է։  Արտագնա աշխատանքի մեկնող հայերի էական մասի զբաղվածությունը ՌԴ-ում կապված էր շինարարական և ճանապարհաշինարարական ոլորտի հետ։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանն ասաց՝ կորոնավիրուսի ալիքի տարածման ժամանակ մարզպետարանները տվյալներ են հավաքագրել նախկինում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների վերաբերյալ և դրանք տրամադրել շինարարական ընկերություններին, որոնք իրենց հերթին պետք է փորձեին աշխատանքի տեղավորել  շինարարներին։   «Մարզպետարաները միջնորդ են հանդիսացել, մենք տվյալներ չունենք։ Երբ նախարարի հետ շրջայցի ենք մասնակցել, չեմ հիշում, որ շինարարական ընկերություններում նախկինում արտերկիր մեկնող շինարարներ չլինեին»,- ասաց Մուրադյանը։ Թվային տվյալներ, թե նախկինում ՌԴ մեկնող քանի՞ շինարար է ներկայում Հայաստանում աշխատանքի անցել, Մուրադյանի խոսքով, այս պահին չկան։  Գեղարքունիքի մարզում գործող շինարարական «ՎՄՎ քամփընի» ընկերության տնօրեն Վահան Խանոյանը հայտնեց՝ իր ընկերությունում միայն շուրջ 80 աշխատակիցներ են ընդունել, որոնք նախկինում մեկնում էին Ռուսաստան։  «Մեծամասնությունն էլ չի էլ ցանկանում գնալ։ Շատ գոհ են, մենք էլ իրենցից ենք գոհ, ու այդ մարդիկ այստեղ զբաղվում են նրանով, ինչով զբաղվել են այնտեղ՝ ճանապարհաշինությամբ»,- պատմեց Խանոյանը։ Աշխատավարձի հարցում, ըստ վերջինիս, «շատ մեծ տարբերություն չկա». «Բնականաբար մի փոքր տարբերություն կա, բայց իրենք էլ հաշվի են առնում, որ իրենց տանն են, ընտանիքի մոտ են»,- ասաց Խանոյանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ում կատարած աշխատանքին համապատասխան աշխատանքներ ՀՀ-ում էլ է հնարավոր գտնել, սակայն արտագնա աշխատանքի մեկնողները արդեն սովոր են, որ «գարունը բացվի պիտի գնան, աշունը հետ գան ու չեն հարմարվում»։  «Իրենցից շատերը պատրաստ են իրենց տուն-տեղը թողնել, գնալ, քնել Ռուսաստանի ինչ-որ հեռավոր գյուղի վագոն-տնակներում, բայց չմնալ իրենց տանը, ընտանիքի կողքին»,- ասում է Խանոյանը՝ վստահեցնելով, որ իրենց ընկերությունում էլ մտադիր են ընդլայնվել ու պատրաստ են նոր աշխատողների ընդունել։ Ինքը ևս նոր է վերադարձել ՌԴ-ից և սկսել է շինարարական գործունեությունը Հայաստանում։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:51 - 04 սեպտեմբերի, 2020
Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ |armenpress.am|

Որոշ կատեգորիաներով աշխատող վարորդները պետք է անցնեն մասնագիտական որակավորման դասընթացներ |armenpress.am|

armenpress.am: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի սահմանվել են  որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե՛ ներպետական, թե՛ միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է համապատախանեն որոշակի միջազգային պահանջների: Այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ, ինչն ըստ եվրոպական պահանջների նշանակում է, որ վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ, մեքենայություններում չպետք է ներգրավված լինեն: Ուղևորա կամ բեռնափոխադրող ընկերության մենեջերի բարի համբավի իջնելը կարող է ազդել՝ լիազոր մարմնի կողմից այդ ընկերությանն, օրինակ, բեռնափոխադրման իրավունք տալու որոշման վրա: Այսպիսով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում մենք սահմանում ենք որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե ներպետական, թե միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այդ վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական որակավորման դասընթացներ, որոնք ավարտվելու են թեստավորմամբ: Այդ թեստավորումը հաջող անցնելու դեպքում վարորդները ստանալու են միջազգային որակավորման վկայականներ: «Այդ ամենից հետո, տվյալ վարորդները 5 տարին մեկ անգամ անցնելու են վերապատրաստում, ինչը նշվելու է միջազգային որակավորման վկայականում: Ծրագրի համաձայն, վարորդները պետք է տիրապետեն միջազգային տարբեր համաձայնագրերի սահմանակետերի անցման կարգերին, ինչպես իրականացնել սահմանափակ կարողություններով մարդկանց տեղափոխումը կամ բեռնում ու բեռնաթափում կատարել»,- ընդծգեց ՏԿԵ փոխնախարարը: Նա հավաստիացրեց, որ նման փոփոխությունները միայն կխթանեն և կդիվերսիֆիկացնեն բեռնափոխադրողների մուտքը տարբեր շուկաներ:
17:45 - 04 սեպտեմբերի, 2020
ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը |armenpress.am|

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը |armenpress.am|

Գլխավոր լուսանկարը hetq.am-ի armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննության գործընթացում և ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Մինչև 4 տարեկան ավտոմեքենաների վարորդները կարիք չեն ունենա տեխզննություն անցնել: Մինչև 10 տարեկան ավտոմեքենաները պետք է անցնեն տեխզննություն 2 տարին մեկ անգամ, իսկ դրանից ավելի երկար շահագործված ավտոմեքենաները՝ տարին 1 անգամ: Նախատեսում ենք ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից: Դրանք շատ դեպքերում ձևական բնույթ են կրում, քանի որ այսօր մարդիկ այդ կտրոնները կարող են ձեռք բերել բանկերից»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ տվյալ նախագծով մարդիկ պարտավորված կլինեն գնալ տեխնիկական զննության կայան: ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ տեխնիկական զննությունը լինելու է հնարավորինս ավտոմատացված և հնարավոր կլինի առցանց հետևել այդ գործընթացին: «Առցանց հետևելով` մենք կկարողանանք խուսափել ոչ պատշաճ տեխնիկական զննության անցկացումից»,- ասաց Սիմոնյանը:
16:29 - 04 սեպտեմբերի, 2020
Ոոռգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով կմեկնարկի Կոտայքի մարզում

Ոոռգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով կմեկնարկի Կոտայքի մարզում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ռռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով մեկնարկելու է նաև Կոտայքի մարզում: Մարզում նախատեսված աշխատանքների իրականացման շինարարական արժեքը ավելի քան 519,5 մլն դրամ է, որի 10%-ը համայնքի մասնակցության չափն է:  Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում մարզի Գողթ, Ակունք, Արամուս, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ համայնքներում կիրականացվեն ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներ:  Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունը:  Ծրագրի հաջող ավարտից հետո ակնկալվում է Հայաստանում տարեկան խնայել 11,8 մլն կիլովատտ /ժամ էլեկտրաէներգիա, ավելացնել ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս բերել, վերականգնել 64,2 կմ երկարության ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները հասցնել 260 կմ-ի:
16:07 - 04 սեպտեմբերի, 2020
Ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

Ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև այսօր ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլված են արձանագրությունում, և ընդգծել, որ դրանք երկարատև քննարկումների արդյունք են։ Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը իր գոհունակությունն է հայտնել արձանագրության ստորագրման առիթով և նշել, որ սա երկու կողմերի համար էլ շատ կարևոր իրադարձություն է։ Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար և նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը։ Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ինչպես ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի, այնպես էլ ՀՀ իրավապահ մարմինների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի ընթացքում ծագած տարաձայնությունների լուծման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։ Նշյալ արձանագրության ստորագրումը կարևոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար և թույլ կտա լուծել նրա առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը:
18:37 - 02 սեպտեմբերի, 2020
Թալին-Գյումրի ճանապարհին սկսվել է ենթահիմքի տեղադրումը

Թալին-Գյումրի ճանապարհին սկսվել է ենթահիմքի տեղադրումը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արամ Գուգարացը։ Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներում շինաշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուայի հավաստմամբ՝ չինացի 42 մասնագետներ Հայաստանում են։ Առաջիկայում ամբողջովին կավարտվի կապալառուի անձնակազմի մոբիլիզացիան։ Տրանշ-3-ում ներկայում վերսկսվել են հողային աշխատանքները, հիմքի, ենթահիմքի տեղադրումը, նախատեսվում է վերսկսել արհեստական կառուցվածքների իրականացումը։ Նախարարի տեղակալը զրուցել է ճանապարհաշինարարների, տեխհսկողությունն իրականացնող ինժեներների հետ, հետաքրքրվել է աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։ Գաո Գուիհուան տեղեկացրել է, որ ճանապարհի որոշ տեղամասեր պատրաստ են ասֆալտապատման համար։ Շինարարը սպասում է տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների կողմից ճանապարհի հիմքի լաբորատոր փորձաքննության հաստատմանը‚ որպեսզի սկսեն ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը. փորձնական ասֆալտապատումը նախատեսվում է մեկնարկել Մաստարայի հատվածից։ Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ տեղակայված է ընկերության ասֆալտի գործարանը, որը կառուցվել է գերմանական տեխնոլոգիայով և ժամում կարող է արտադրել մինչև 300 տոննա ասֆալտ։ Գործարանի կառուցումն ավարտական փուլում է, և առաջիկայում այն շահագործման կհանձնվի։ Տիկին Ղալեչյանն ու Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մեքենասարքավորումների պարկի հնարավորություններին։ Կապալառուի բազայում կայացած խորհրդակցության ընթացքում տիկին Ղալեչյանը կարևորել է շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։
16:25 - 02 սեպտեմբերի, 2020
ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են. ՌԴ տրանսպորտի նախարարություն |armeniasputnik.am|

ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են. ՌԴ տրանսպորտի նախարարություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններն ընդունել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները: Այսօր համապատասխան արձանագրություն են ստորագրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը: «Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ստուգվել է 2008թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը», - ասված է հաղորդագրության մեջ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
16:18 - 02 սեպտեմբերի, 2020
Տեխնիկական վերազինում Եղվարդում․ ներդրումը կազմում է ավելի քան 56 միլիոն դրամ

Տեխնիկական վերազինում Եղվարդում․ ներդրումը կազմում է ավելի քան 56 միլիոն դրամ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից շարունակվում է «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի շրջանակում զարգացվում են Հայաստանի միավորված համայնքների կարողությունները՝ սեփական ներուժով տեղական նշանակության խնդիրներին լուծում տալու համար:  Նշված ծրագրի ներքո իրականացվում է մարզի Եղվարդ միավորված համայնքի «Գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում» ենթածրագիրը, որի շրջանակներում համայնքը ստացել է թրթուռավոր բուլդոզեր՝ տասներորդ քարշակ դասի, խորքային փխրեցուցիչով։ Այս տեխնիկան տրամադրվել է ըստ համայնքի ներկայացրած հայտի։  Եղվարդի Բուժական բնակավայրում, օրինակ, այն խիստ հարկավոր է հատկապես ձմռանը, քանի որ առատ տեղումներից հետո ճանապարհները հնարավոր է լինում անցանելի դարձնել բացառապես թրթուռավոր տեխնիկայով, բուլդոզերը ինտեսնիվ կշահագործվի նաև ճանապարհների հարթեցման, ջրահեռացման, և այլ աշխատանքներում։  Տեխնիկայի ձեռք բերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 56 միլիոն 150 հազար դրամ: 
15:34 - 02 սեպտեմբերի, 2020
Նոր ուսումնական տարին վերակառուցված դպրոցներում․ շահագործման է հանձնվել երկու դպրոց. ՀՏԶՀ

Նոր ուսումնական տարին վերակառուցված դպրոցներում․ շահագործման է հանձնվել երկու դպրոց. ՀՏԶՀ

Այսօր նշվում է գիտելիքի օրը, և ՀՏԶՀ մամուլի ծառայությունը տեղին է համարում անդրադառնալ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, որն իր ծավալներով աննախադեպ է և ենթադրում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ վերակառուցում։ Այս տարի դռները կբացեն Վանաձորի 7-րդ և Երևանի 153-րդ վերակառուցված դպրոցները, որոնք նախատեսված են համապատասխանաբար 300 և 648 աշակերտի համար, ովքեր վերակառուցումից հետո առաջին անգամ մուտք գործելով սիրելի կրթօջախ` զարմանք ու հիացմունք են ապրելու։ Սեյսմակայունության ապահովումը ծրագրի գերխնդիրն է. սա անտեսանելի, բայց ամենակարևոր առավելությունն է, իսկ տեսանելին հարմարավետությունն է, որ կարևոր է ՝ լիարժեք հարմարավետ` նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Լուսավոր դասասենյակներ, հարմարավետ մարզադահլիճ ու միջոցառումների սրահ, վերելակ ու կահույք։ Դպրոցներում ամեն բան նոր է։ Մյուս դպրոցների կառուցումն ու վերակառուցումը սպասեցնել չի տա։ Այսօրվա դրությամբ ևս երեք դպրոցի շինարարությունն ավարտվել է, ընթանում են շահագործման հանձնելու աշխատանքները, մեկի շինարարությունը կավարտվի այս տարի, վեց դպրոց կառուցման փուլում է, երկուսի մրցույթները կայացել են, ամփոփվում են արդյունքները, մեկի կառուցման համար մրցույթ է հայտարարվել, քսան դպրոցի կառուցման համար էլ իրականացվում են նախագծման աշխատանքներ։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը ենթադրում է մոտ քսան հազար դպրոցականի անվտանգ կրթության ապահովում։ Ընդհանուր բյուջեն կազմում է 107 միլիոն դոլար, որից 20 տոկոսը կառավարության ներդրումն է, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներ են։ Շնորհավոր գիտելիքի օր, բարի ընթացք ու արդյունավետ ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։
17:44 - 01 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Նշենք‚ որ այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։ Առաքելության ընթացքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխի‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովի‚ հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանի և այլ մասնագետների հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Տրանշ-4 ծրագրի Քաջարակ-Ագարակ հատվածի կառուցման հետ կապված հիմնական հարցերին և ժամկետներին։ Արձանագրվել է‚ որ նախագծային աշխատանքներն ընթացքում են. կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։ Պատվիրատուին նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին։ ճանապարհահատվածի նախնական նախագծի հետ կներկայացվի նաև հողերի օտարման և տարաբնակեցման պլանի նախագիծը‚ որը կվերջնականացվի վերջնական նախագծի արդյունքների հիման վրա։ Նախարարի տեղակալ Ղալեչյանը շեշտել է ծրագիրն արդյունավետ իրականացնելու կարևորությունը։
12:18 - 31 օգոստոսի, 2020
ՏԿԵ նախարարի տեղակալը և այլ պաշտոնյաներ ծանոթացել են մի շարք ճանապարհահատվածների նորոգման և հիմնանորոգման ընթացքին

ՏԿԵ նախարարի տեղակալը և այլ պաշտոնյաներ ծանոթացել են մի շարք ճանապարհահատվածների նորոգման և հիմնանորոգման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ փոխտնօրեն Խորեն Գրիգորյանը շրջայց են կատարել ՀՀ մարզերում, ծանոթացել մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման ընթացքին։ Մասնավորապես‚ եղել են Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ 24+554-կմ 50+000 հատվածում (25.5 կմ)‚ որտեղ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Եղել են նաև նշված ճանապարհի կմ 57+000-կմ 64+000 հատվածում (7 կմ), որտեղ միջին նորոգում է կատարվել 2019թ.‚ սակայն աշխատանքները չեն ընդունվել թերությունների պատճառով։ Այս տարի կապալառուն իր միջոցներով 1.5 կմ հատվածում‚ որտեղ առկա են եղել թերությունները‚ փոխում է ասֆալտբետոնե ծածկը։ Հաջորդ կանգառը Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ճանապարհի նորոգվող հատվածներում էր։ Նշենք‚ որ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս հատվածում 2018թ. վերջին կատարվել են 7 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։ Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել‚ որ որոշ հատվածներում ծածկի խտությունն ապահովված չի եղել‚ ուստի ճանապարհը շահագործման չի ընդունվել։ Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով 4.6 կմ երկարությամբ հատվածում հին ծածկի վրա ասֆալտբետոնե նոր ծածկ է տեղադրում՝ թերությունները շտկելու համար։ Ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունեցել նաև Մ8, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարող շինարարի, նախագծող ընկերության և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Տեղում արձանագրել են աշխատանքների ներկա վիճակն ու աշխատանքների ընթացիկ զարգացումները։ Տիկին Ղալեչյանը բոլոր շինտեղամասերում կապալառուների հետ զրույցներում շեշտել է որակյալ աշխատանքների կարևորությունը։
19:07 - 29 օգոստոսի, 2020
12 և ավելի տոննա զանգված ունեցող ավտոմեքենաները պետք է վճարեն Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար

12 և ավելի տոննա զանգված ունեցող ավտոմեքենաները պետք է վճարեն Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է ճանապարհային նոր վճար գանձել։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը նախարարությունն այսօր հանրային քննարկման է ներկայացրել։ Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար: Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամը ներառյալ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանելու է կառավարությունը: Ճանապարհային վճար կատարողն իրավունք է ունենալու պահանջել ճանապարհային վճարը գանձող կազմակերպությունից կատարելու հաշվարկ, վերահաշվարկ, բողոքարկել ճանապարհային վճարը գանձող կազմակերպության կամ պաշտոնատար անձանց գործողությունները, հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները, ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին: Եթե 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենայի վարորդն առանց այդ վճարի երթևեկի ընդհանուր օգտագործման պետական միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով, կտուգանվի 50 հազար դրամի չափով, իսկ վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին այդ խախտումը կատարելու դեպքում՝ 100 հազար դրամի չափով։ Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվելու են՝  1) Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար. 2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար. 3) Հայաստանում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար: Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվելու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը. Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիազորված մարմնի որոշումը. Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը։
17:10 - 29 օգոստոսի, 2020
Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում են ներկայացրել |tert.am|

Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում են ներկայացրել |tert.am|

tert.am: Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականներն ու ավագանին լուծարված համարել:ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ավագանու որոշումներով ընդունված արձանագրություններն օրինական համարելու խնդիր Կառավարությունը չունի, քանի որ օրենքով սահմանված կարգով ավագանու հրաժարականի վերաբերյալ արձանագրությունը մարզպետարանի միջոցով ներկայացվել է նախարարություն:«Ավագանու լիազորություններն այլևս իրավաչափ չեն, քանի որ համայնքի ավագանու վերաբերյալ օրենքով՝ սահմանված թվի կեսից ավելին հրաժարական են տվել: Ստեփանավանի դեպքում օրենքով սահմանված թվաքանակը 15-ն է, անցած տարի մեկ հոգի հրաժարվելու դիմում է գրել և դուրս է եկել, 7-ն էլ հիմա են հրաժարվել, դարձել են 8 հոգի, այսինքն՝ իրավազոր չէ մնացած 7 անդամով ավագանի լինելը, ինչը` համաձայն 23 հոդվածի, լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում է, և ընտրության նոր օր է նշանակվում»,- պարզաբանեց Աշոտ Գիլոյանը:Նրա խոսքով` նախագիծը դեռ շրջանառության չի դրվել, օրենսդրության համաձայն` նախարարությունը նշանակում է ընտրական հանձնաժողով, հերթական ընտրությունների մոտավոր օրը: Իսկ արտակարգ դրությամբ պայմանավորված` նախարարության կողմից հերթական ընտրությունները դեռ նշանակված չեն, և միայն համավարակը հաղթահարելուց հետո ընտրական հանձնաժողովը կարող է դիտարկել հարցը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
14:43 - 27 օգոստոսի, 2020
Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը վերանորոգվում է

Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը վերանորոգվում է

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ): Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։ Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։ Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել։
11:51 - 27 օգոստոսի, 2020