ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:Ինչպես նշում է kommersant.ru-ն, նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել:«Մեզ համար կարևորն այն է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը ևս վերցվել է թալիբների վերահսկողության ներքո», - ասել է Շոյգուն «Իմաստների տարածք» երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Կունդուզը` «բավականին մեծ ու լուրջ կենտրոն»: Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նա կարծում է, որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
10:58 - 11 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները  կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցելությունը Հայաստան հիմնականում քաղաքական նպատակ ունի․ առաջին հերթին՝ կոտրել արդեն ստեղծված եւ կարծրացող կարծիքը, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այդ կառույցից, հալեցնել առաջացած սառույցը, եւ ինչ-որ առումով աշխուժացնել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ մնալու կողմնակիցներին։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ՝ քննարկելով նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճաը։ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։  Զասի այցի ընդհանուր օրինաչափությունն, ըստ մեր զրուցակցի, այն էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բավականին մեծ նեգատիվ վերաբերմունք կար ՀԱՊԿ-ի նկատմամբ, որովհետեւ ե՛ւ հանրության լայն շրջանակներում, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության օղակներում հասունացել էր այն հարցը, թե, ամեն դեպքում, ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Հայաստանի՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին, եւ ինչու ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանը ստիպված եղավ ստորագրել պարտվողական հայտարարություն։  «Այս քննարկումներն, իհարկե, շարունակվում էին եւ են նաեւ պատերազմից հետո, դրանք քաղաքական դիսկուրսում շատ կարեւոր տեղ են զբաղեցնում։ Այս հանգամանքն էականորեն նպաստեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալեւ եւ արեւմտյան պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցության գնալու կողմնակիցները սոցցանցերում եւ իրենց հրապարակային ելույթներում իշխանություններին կոչ անեն խզել բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Այս նեգատիվ վերաբերմունքն ինչ-որ առումով խորացավ նաեւ այն ժամանակ, երբ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, եւ երբ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պատասխանն էականորեն ուշացավ, իսկ պատասխանում ՀԱՊԿ-ը մերժում էր Հայաստանի խնդրանքը՝ աջակցություն ցույց տալու հարցով»։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի դիտարկմամբ՝ այս ընդհանուր մթնոլորտում երկվությունը՝ արդյոք այդ կառույցում Հայաստանի մնալը ճի՞շտ է, թե՞ ոչ, եւ քննարկումները շատ արդիական են նաեւ այսօր, ուստի պատահական չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարեւոր է այս քննարկումների թեժացման ֆոնին։ Նրա խոսքով՝ հավանաբար, ՀԱՊԿ ղեկավարության մեջ, մասնավորապես, Կրեմլում էլ հասկացել են, որ եթե ինչ-որ առումով չկոտրեն ստեղծված տրամադրությունները, ապա շատ հնարավոր է, որ արեւմտյան կողմնորշման կողմնակիցներն ավելի շատանան եւ հակառուսական տրամադրությունները դրսի ծառայությունների միջամտությամբ ավելի բորբոքվեն։ «Իհարկե, Զասի այցը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը սեպտեմբերին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, եւ այստեղ կա բավականին լուրջ գործիքակազմ, որ Հայաստանը կարողանա փոխել ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր տրամադրությունը Հայաստանի նկատմամբ։ Չնայած, կարծում եմ, ՀԱՊԿ անդամ լինել-չլինելու քննարկումներն այդքան էլ առարկայական չեն, որովհետեւ այդ կառույցում մեր մնալը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական համագործակցությամբ, եւ դժվար թե Հայաստանում կամ այլուր լինեն այնպիսի միամիտ մարդիկ, որոնք մտածեն, թե Ղազախստանը, Բելառուսը կամ Տաջիկստանը կարող են գալ եւ այստեղ մեզ համար կռվել կամ մեր սահմանները պաշտպանել»։ Այսօր Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողի հարցին ի պատասխան՝ կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով:  Քաղաքագետը համաձայն է Զասի այս հայտարարության հետ։ Ըստ նրա՝ մտածել այլ կերպ նշանակում է դեմ գնալ Հայաստանի պետական շահերին, որովհետեւ պատերազմից հյուծված եւ քայքայված բանակով դուրս եկած Հայաստանն ի վիճակի չէ նոր ռազմական կոնֆլիկտի գնալու․ «Եթե մենք նույնիսկ ունենանք այդ հնարավորությունը, այն պետք է բացառել։ Մեր ուղին միմիայն հայ-ադրբեջանական բանակցությունների սկսումն է եւ դրանց արդյունավետ շարունակումը, մինչեւ ավարտվեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Առանց այդ համաձայնագրի կնքման՝ Հայաստանը կշարունակի գտնվել պատերազմական իրավիճակում, եւ, այո, այստեղ մենք պետք է օգտագործենք ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը, եթե նրանք կարողանան միջնորդական առաքելություն վերցնել իրենց վրա եւ եթե հասնի այն կետը, որ պարզվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն այն աստիճանի խորացած թշնամական են, որ երկու երկրներն ի վիճակի չեն խաղաղ բանակցություններ վարել սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ, այստեղ միակ ելքը երրորդ կողմն է, որը կարող է իր մասնագիտական հանձնաժողովով, արդիական գործիքակազմով ճշտել հայ-ադրբեջանական սահմանը»։  Իսկ այդ երրորդ կողմը, Քեռյանի համոզմամբ, կարող է լինել ե՛ւ Մինսկի խմբի համանախագահ երկրների հանձնաժողովը, ե՛ւ ՀԱՊԿ անդամ պետությունների հանձնաժողովը, ե՛ւ, օրինակ, միայն ՌԴ-ն․ «Երրորդ կողմին, տվյալ դեպքում, պետք է վերապահվեն սահմանագծման լիազորությունները՝ պայմանավորվածությամբ, որ երկու կողմերը պետք է անվերապահորեն ընդունեն երրորդ կողմի որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով՝ սա, իհարկե, վերջին, ծայրագույն քայլը պետք է լինի պատերազմից խուսափելու համար, բայց նա համոզված է, որ, թերեւս, պետք է փորձել հայ-ադրբեջանական բանակցային նորմալ գործընթաց սկսել, որովհետեւ դա չի վերաբերելու Արցախի խնդրին, այլ վերաբերելու է տեխնիկական խնդրի լուծմանը՝ սահմանագծմանը եւ սահմանազատմանը։  Իսկ թե ինչ առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանը՝ իրավիճակին հանգուցալուծում տալու համար, քաղաքագետի խոսքով՝ դիվանագիտությունը եւ քաղաքական գործիչների հասունությունը երեւում են ոչ թե խաղաղ, այլ այսպիսի դժվար ժամանակներում, երբ պետք է գտնել լուծումներ՝ գնալով ամենաանհավանական քայլերի, կոնտակտների․ «Դա պահանջում է ճկունություն, հեռատեսություն, միջնորդների, բարեկամների, դաշնակիցների ուժերի օգտագործում․․․։ Այն, որ մենք հիմա պատրաստ չենք պատերազմի, դա ամբողջ աշխարհը գիտի, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ։ Բայց պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ պարտված պետությունն այնպես է հասել հաշտության կնքման, որ պատմաբանները նույնիսկ կասկածում են՝ այդ երկիրը պարտված էր, թե հաղթած։ Պետք է գործադրել դիվանագիտական ողջ ներուժն ու ցուցաբերել քաղաքական հասունություն։ Մենք պետք է մեր հակառակորդ հարեւանների հետ ապրելու համակեցության կանոններ գտնենք, եթե տուրք տանք կեղծ, ուլտրա-ազգայնական, ողբալի եւ պաթոսախառն կոչերին, մենք մեր ապագան չենք կերտի։ Մենք ունենք Հայաաստանի Հանրապետություն, մեր խնդիրն է պահել մեր պետությունը, զարգացնել, ինչը կլինի մեր զոհերի ամենավեհ հուշարձանը։ Իսկ որպեսզի պետությունը կայանա, մենք պետք է կարողանանք գտնել այդ համակեցության կանոնները»,- եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Հայարփի Բաղդասարյան
23:00 - 10 օգոստոսի, 2021
Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետը ընդունել է Ստանսիլավ Զասին

Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետը ընդունել է Ստանսիլավ Զասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը  պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք կազմակերպությունում մեր նախագահությանը՝ կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով:Կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք հիմա հայտնվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, պետք է պատվով հաղթահարենք և լուծենք խնդիրները: Իհարկե, ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով: Իհարկե, այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց, առաջին հերթին, դա նաև կանոնադրությամբ և այլ նորմատիվ փաստաթղթերով է նախատեսված, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի իրավիճակները, տարաձայնությունները և մարտահրավերները, որոնք հայտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, լուծել քաղաքական մեթոդներով: Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ:Դուք գիտեք, որ, ցավոք, արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան։Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան: Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով կառուցողական է: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, հավատարիմ է այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ֆիքսված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում: Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի, իսկապես, սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել: Հույս ունեմ և համոզված եմ, որ իրոք կան հնարավորություններ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակը, որն ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում, լուծվի քաղաքական մեթոդներով: Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված: Սա այն հարցն է, որի հետ կապված պետք է կոնկրետ որոշումներ կայացնել և աշխատել կոնկրետ մեխանիզմների վրա»: Վարչապետը հավելել է, որ ունեն քննարկման շատ թեմաներ  և վստահություն հայտնել, որ կհաջողվի բոլոր հարցերը քննարկել ու կոնկերտ եզրահանգումների հանգել:    
21:52 - 10 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, օգոստոսի 10-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։
19:40 - 10 օգոստոսի, 2021
Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս |armenpress.am|

Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: Այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ և ինչո՞ւ կազմակերպությունը, այնուամենայնիվ, հստակ և պարզ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում: «Մենք կազմակերպված մշտադիտարկում ենք իրականացնում, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի  և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար», - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասը նշված համատեքստում կարևորում է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ:Այդ իսկ պատճառով, ասում է գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից: «Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ վերջերս բախումները սահմանին շատացել ենք և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա և քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
12:37 - 10 օգոստոսի, 2021
Խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․ Արշակ Կարապետյանը՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․ Արշակ Կարապետյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
19:56 - 09 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։ Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
12:49 - 09 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:  Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:
12:45 - 09 օգոստոսի, 2021
Ակնկալում ենք՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կնպաստի տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմանը. Զասը շնորհավորել է Փաշինյանին

Ակնկալում ենք՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կնպաստի տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմանը. Զասը շնորհավորել է Փաշինյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։ Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։ Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»։
12:13 - 05 օգոստոսի, 2021
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: Այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին  հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելո՞ւ Ադրբեջանին: Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք ապօրինաբար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում  Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը: Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք դրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,-ասաց նա: «Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,-պատասխանեց Ռուբինյանը:
12:01 - 03 օգոստոսի, 2021
Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան

Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան

Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմամբ հայկական կողմը կփորձի զսպիչ գործոն ստեղծել կողմերի միջև՝ սահմանային միջադեպերը բացառելու նպատակով, քանի որ ռուս սահմանապահների ուղղությամբ արձակված գնդակը կլինի հենց Ռուսաստանի վրա կրակոց։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնատար Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Փաշինյանը հուլիսի 29-ի կառավարության  նիստի ընթացքում ասել էր, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Նարեկ Գալստյանի խոսքով՝ հայկական կողմը ռուս սահմանապահների հնարավոր տեղակայումը բացատրում է համապատասխան ռեսուրսներ չունենալով․ «Հայկական կողմը հայտատարում է, որ առայժմ կարողություններ չունի հայկական  Զինված ուժերով, ապա նաև սահմանապահ զորքերով ամբողջ սահմանագծին տեղակայվելու համար։ Պատճառաբանությունն այն է, որ պատերազմի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը երկարել է, և հիմա կարիք կա այնտեղ նոր դիրքեր սարքելու, կահավորելու, մարդկանց տեղակայելու։  Նաև այսպիսի տեխնիկական բացատրություն է  տրվում»։ Քաղաքագետն ասում է՝ եթե հայկական կողմի այս պատճառաբանությունը համապատասխանում է իրականությանը, ապա ռուս սահմանապահների տեղակայումը արդարացված է՝ ընդգծելով, սակայն, որ այս քայլը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ «Եթե այս պահին ինքդ չես կարող քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը, սահմանային միջադեպերը բացառելու համար, ապա այո՛, ռուս սահմանապահների տեղակայումը լավ է, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, ապա սա լավ երևույթ չէ։ Պետությունը փաստացի իր սահմանային վերահսկողությունը ամբողջությամբ հանձնում է երրորդ պետությանը։ Սա, իհարկե, խոսում է ինքնիշխանության նվազման մասին։Ինչ կլինի հետո, չեմ կարող ասել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, և ներկայիս իշխանությունների գործողությունները ոչ միշտ են երկարաժամկետ պլանավորման տպավորություն թողնում, կարծես թե ավելի շատ իրավիճակին հարմարվելու, իրավիճակում կողմնորոշվելու հարց են լուծում»։ Նարեկ Գալստյանի խոսքով՝ ռուս սահմանապահների տեղակայումը տեսականորեն և տեխնիկական տեսանկյունից հնարավոր է, բայց մանրուքներով հարուստ խնդիրներ կան․ «Հասկանալի է, որ ռուսական կողմը հենց այնպես դա չի անում, դրա դիմաց ինչ-որ բաներ է ակնկալում։ Օրինակ, գիտենք, որ Սյունիքում ռուսական կողմը ունի հենակետեր։ Նմանատիպ  հենակետեր գուցե Տավուշում, Գեղարքունիքում լինեն։ Ռուսական կողմը պետք է ունենա իր ռազմական հենակետերը այն վայրերում, որտեղ տեղակայվում է, բազայանման ինչ-որ բաներ՝ օպերացիոն խնդիրներ լուծելու համար։ Պետք է հստակեցնել նաև, թե ով է լուծում, օրինակ, ռուս սահմանապահների սննդի, հագուստի, աշխատավարձի հարցերը։ Պետք է հասկանալ՝ ինչ ենք մենք տալիս դրա դիմաց և ինչ ենք ստանում, պետք է հասկանալ դրա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքները։ Այսինքն՝ շատ արագ կարող են պայմանավորվածություն ձեռք բերել և զորքը տեղակայել, մյուս խնդիրները առաջանալու են դրանից հետո»։ Ադրբեջանական զորքերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցելուց հետո՝ մայիսի 27-ին, հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայել միջազգային դիտորդների՝ Ռուսաստանի և կամ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության երկրներից։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ մերժում ստանալուց հետո է Հայաստանը դիտարկում ռուս սահմանապահների տեղակայման տարբերակը՝ քաղաքագետն ասում է՝ մերժում ստանալու վերաբերյալ տեղեկություններ չկան՝ շեշտելով, սակայն, որ ռուսական կողմին դուր չէր գա որևէ այլ պետության ներկայությունը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին էր խոսվում։ Հիշենք, որ Ֆրանսիան բազմիցս, այդ թվում՝ պատերազմի օրերին, իր աջակցությունը և օգնելու պատրաստակամությունն է հայտնել տարբեր ձևաչափերով։ Ես չգիտեմ՝ այդ հարցը (միջազգային դիտորդների տեղակայման հարցը- խմբ․)  քննարկվե՞լ է, օրինակ, Ֆրանսիայի հետ, և արդյոք հայկական կողմը ստացե՞լ է բացասական պատասխան Ֆրանսիայի կողմից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները և այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, ես վստահ եմ, որ ռուսական կողմին դուր չէր գա, որ բացի իրենից որևիցե մեկը այդտեղ լիներ։ Եթե հաշվի առնենք, թե այս պահին ով ունի ավելի մեծ ազդեցության լծակ և գնալով աճող ազդեցության լծակ Երևանի վրա, վստահ կարող ենք ասել, որ դա ռուսական կողմն է։ Միգուցե չի էլ հասել այդ աստիճանի, որ դիմի և ստանա բացասական արձագանք, և գուցե ռուսական կողմը հուշել է՝ ինչու՞ դիմել որևիցե մեկին, եթե ես այստեղ եմ և ինքս էլ կանեմ այդ քայլը»։ Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը (այդ մասին հուլիսի 29-ին հայտարարել էր Փաշինյանը)՝ քաղաքագետն ասում է, որ դա գործնական առումով Հայաստանին ոչինչ չի տա։ «ՀԱՊԿ-ի յուրահատկությունները հաշվի առնելով՝ որոշ թեմաներ, որոնք մեզ մտահոգում են, ավելի հաճախ քննարկվեն այստեղ (օրինակ՝ ավելի ակտիվ ներգրավվածությունը ներկայիս իրադարձություններին, կամ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ զենք-զինամթերքի առքուվաճառքը): Հայկական կողմը կօգտվի իր որոշակի արտոնություններից, բայց խնդիրները լուծում չեն ստանա, ինչպես երբևէ չեն ստացել»,-ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը ստանձում է ՀԱՊԿ նախագահությունը, և այդ կարգավիճակը երբևէ որևէ ստրատեգիական խնդիր Հայաստանի համար չի լուծել։ Անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը ՀՀ սահմանին տեղակայելու վերաբերյալ հայտարարությանը՝ Նարեկ Գալստյանն ասում է, որ պետք է հստակեցնել, թե ինչպես է հայկական կողմը պատկերացնում մոնիթորինգի տեխնիկական գործընթացը․ «Համաշխարհային պրակտիկայում մի քանի ձևեր կան։ Դա կարող է լինել կոմբինացված, այսինքն՝ մի քանի բաղադրիչներ ունեցող։ Օրինակ, տարբեր երկրների ներկայացուցիչներ գան, ինչ-որ պարբերականությամբ դիտարկումներ անցկացնեն, բարձրանան սահման, տեսնեն՝ ինչն ինչոց է, և վերադառնան։ Գուցե դա ենթադրում է մշտական մոնիթորինգ, այսինքն՝ համապատասխան տեխնիկական սարքավորումների,  կահավորանքի տեղակավորում և այլն։ Հնարավոր է նաև այս երկու տարբերակները ներառել։ Սա շատ լուրջ ֆինանսական խնդիրների հետ է կապված, բայց պետք է հասկանալ, որ այս հարցը նոր չէ։ Շատ վաղուց կա այդպիսի պայմանավորվածություն։ Ավելին՝ Ապրիլյան պատերազմից հետո այնտեղ երկու համաձայնություն ձեռք բերվեց, և դրանց մեջ ևս հիշատակվում էր այս հանգամանքը․ ըստ էության, սա նոր թեմա չէ, պարզապես այն ժամանակ իրավիճակը նշանակալիորեն այլ էր»։ Քաղաքագետի խոսքով՝ հիմա ուրիշ հարցեր են ի հայտ եկել, սահմանագծման, սահմանազատման խնդիր կա․ «Ամեն ինչ գնացել է նրան, որ, իբր, հստակ չէ, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը որտեղով է անցնում։ Մինչև այսպիսի հարցերը չպարզվեն, այստեղ մոնիթորինգի հարց չեն կարող քննարկել։ Պայմանականորեն կարող են ասել, որ շփման գիծն են մոնիթորինգ անում, ոչ թե բուն սամանը, և երբ ճշտենք՝ սահմանը որն է, այդ ժամանակ էլ սահմանը կմշտադիտարկենք և այլն, բայց սա էլ առայժմ արագ լուծվող հարցերից չէ»։ Նարեկ Գալստյանը նաև ասում է, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման հարցի սրությունը էականորեն կնվազի ռուս սահմանապահների տեղակայման պարագայում․ «Հայկական կողմին կասեն, որ այնտեղ տեղակայված են համանախագահներից մեկի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, մոնիթորինգի խիստ անհրաժեշտություն չկա, և կարող են փակել այս հարցը։ Իհարկե, իդեալական տարբերակում խնդիրը չէր լինի, եթե հայկական կողմը ունենար բավարար կամք, բավարար կարողություն՝ այս բոլոր հարցերը ի սկզբանե կանխելու, ոչ թե թույլ տար, որ ամեն ինչ հասներ այս իրավիճակին։ Ամեն դեպքում, այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ կարող գնահատել մեր կարողությունները՝ թե՛ նյութատեխնիկական առումով, թե՛ բանակի հետ կապված։ Չեմ կարող վստահ գնահատել մեր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ամեն դեպքում, պարտված կողմը միշտ էլ ավելի խոցելի հոգեբանություն է ունենում, ու նաև հանգամանքներ կան, որոնք նախկինում, իհարկե, կային, բայց այսքան սուր չէին։ Ուժային բալանսի փոփոխություն կա ռեգիոնում և այլն։ Այս բարդ իրավիճակում թույլ պետություն ունենալը սարսափելի վտանգավոր է։ Դա կարող է հանգեցնել հեռուն գնացող հետևանքների, այսինքն՝ պետք է հասկանալ, որ առաջնահերթությունը պետության կարողությունների ուժեղացումն է»։ Նարեկ Գալստանի խոսքով՝ պետության կարողությունների ուժեղացման հնարավորություն հայկական կողմը ունի․ «Որոշ բաներ անել, իհարկե, հնարավոր է։ Ես չեմ պատկերացնում՝ դիրքերի ամրացման աշխատանքները ինչ կապ ունեն Ռուսաստանի, Ամերիկայի կամ Ֆրանսիայի հետ։ Ցեմե՞նտ չունենք, տեխնիկական միջոցնե՞ր չունենք, թե՞ մանսագետներ չունենք այդ դիրքերի կահավորման, ամրացման համար։ Բաներ կան, որ մենք կարող էինք շատ ավելի շուտ արած լինել։ Իհարկե, կողքից նայելիս ավելի հեշտ է թվում այդ պրոցեսը, բայց  9 ամսում այսօր առկա խնդիրների զգալի մասը կարելի էր մեղմել կամ լուծել»։   Նանե Ավետիսյան
21:23 - 31 հուլիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Թե օրվա կառավարությունն ինչպես է եկել եզրահանգման, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցն իմաստ ունի դիտարկել, անհասկանալի է, քանի որ երկարաժամկետ առումով դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն, երբ քո բոլոր սահմաններն, ըստ էության, ինչ-որ ուժային կենտրոն է վերահսկում, ոչ թե դու, երբ դու այդ աստիճան կախված ես լինում մեկ ուժային կենտրոնից։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։ Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը դիտարկելու մասին երեկ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։ Նա կարծիք էր հայտնել, որ դա հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։  Արեք Քոչինյանի դիտարկմամբ՝ սահմանապահներ կարող են կանգնել հստակ ճշտված սահմանի երկայնքով, այսինքն՝ այն պահից սկսած, երբ որեւէ գծով կանգնեն ռուս սահմանապահները, դա հետագայում դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը, իսկ Ադրբեջանն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, այս փուլում հետ չի քաշվելու այն հատվածներից, որտեղ խորացել է․ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածների մասին է, այլ նաեւ այլ տարածքների, որտեղ հակառակորդն առաջ է եկել դեռ 90-ականներին․ «Եթե հիմա այդ երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները, դա դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը»,- ընդգծեց փորձագետը։ Փաշինյանի հայտարարությունից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար։ Նա, ըստ էության, չէր արձագանքել սահմանապահների տեղակայման վերաբերյալ Փաշինյանի դիտարկմանը։ Չէր արձագանքել նաեւ Հայաստանի ղեկավարի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող է լինել Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը, իսկ նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում, Փաշինյանի խոսքով, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը։ ՌԴ-ից այս ելույթներին չարձագանքելն, ըստ Արեգ Քոչինյանի, նշանակում է, որ այդ սահմանապահների տեղակայումը գին ունի, որը ՌԴ-ն ակնկալում է մեզնից եւ դեռ չի ստացել երաշխիքներ, որ մենք պատրաստ ենք այն վճարել։ Անդրադառնալով ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության հնարավոր տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, մեր զրուցակիցն ասաց․ «Բանն այն է, որ երբ ասում ենք ՀԱՊԿ, նկատի ունենք Ռուսաստան, որովհետեւ անգամ այդ մոնիթորինգային խմբավորման մասին խոսելիս մի քիչ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Ղազախստանից, Ղրղզստանից կամ Բելառուսից այստեղ ինչ-որ կոնտինգենտ է բացազատվելու մոնիթորինգ անելու համար։ Դա լավագույն դեպքում կարող է լինել ռուսական մոնիթորինգային խումբ՝ գուցե ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ Նաեւ էական է վարչապետի ասածի շարունակությունը, որ եթե նման առաքելություն իրականացնելու անհնարինություն լինի, կարող են դիտարկվել նաեւ միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սա, ըստ էության, մեր՝ ՀԱՊԿ-ի առջեւ ունեցած պարտավորությունների վերջնական արձանագրումն է եւ դրանց իրականացումը․ «Այսինքն՝ մենք առաջինը դիմում ենք ՀԱՊԿ-ին, ու եթե անգամ այս հարցում որեւէ աջակցություն չենք ստանում, դա արդեն իսկ նշանակում է, որ այդ պահից սկսած ազատ ենք ՀԱՊԿ-ից դուրս որեւէ աջակցություն փնտրելու գործում»։ Թե ինչ հնարավոր աջակցության մասին կարող է խոսք լինել, Քոչինյանի գնահատմամբ, փոքր ինչ բարդ հարց է, որովհետեւ դրան պատասխանելու համար անհրաժեշտ է տիրապետել դիվանագիտական այն խողովակներին ու քննարկումներին, որոնք, ինչպես հույս է հայտնում փորձագետը, այս ընթացքում եղել են․ «Այդ բանակցություններն, առաջին հերթին, պետք է որ ընթանային Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ընդ որում՝ գոյություն ունեցող երաշխիքներին, որ տվել է ռուսական կողմը, երբ այստեղ բացազատվել է, իրականում ի վիճակի է փոխարինել բացառապես Միացյալ Նահանգները։ Քանի որ երբ ասում ենք փոխարինել, նկատի ունենք, օրինակ, դա անել ժամերի ընթացքում։ Հիմա ԱՄՆ-ն այն երկիրն է, որն իրեն կարող է նման բան թույլ տալ թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքականորեն։ Իսկ, օրինակ, Ֆրանսիայի դեպքում մի փոքր կասկածելի է, մի տարվա ընթացքում դա իրականացնելը պատկերացնելի է, բայց մենք չունենք այդ մեկ տարվա հնարավորությունը։ Եթե այդ երաշխիքները տրվում են մեզ, ապա դրանք պետք է իրականանալի լինեն ժամերի ընթացքում»։ Իսկ եթե դիտարկում ենք Մինսկի խմբի համանախագահությունից զատ, ապա, մեր զրուցակցի խոսքով, հնարավոր տարբերակ է նաեւ Չինաստանի աջակցությամբ Իրանը․ «Բայց այստեղ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է կատարված լինի մինչեւ այս պահը եւ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է շարունակել անել, որովհետեւ այդ գաղափարն այս պահին շատ հում է»։ Արեգ Քոչինյանը համակարծիք է, որ մեր ունեցած ժամանակը քիչ է, իսկ Ադրբեջանը, բնականաբար, շարունակելու է սադրանքները՝ իր նպատակներին հասնելու համար․ «Ասեմ ավելին, Ադրբեջանն իր խնդիրները լուծելու համար ոչ միայն սադրանքների է պատրաստ, այլ, չեմ բացառում, պատրաստ է նաեւ պատերազմի։ Իսկ սադրանքները միայն ավելանալու են ու ուժեղանալու։ Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը․ Ադրբեջանն ուզում է 44-օրյա պատերազմում իր գրանցած արդյունքների լեգիտիմիզացիա, ուզում է թուղթ, ուզում է՝ հայկական կողմը ստորագրի այդ թուղթը, որը պետք է պարունակի մինիմում դելիմիտացիա, դեմարկացիա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախն էլ հետը, իսկ մաքսիմում՝ անկլավները, միջանցքը եւ այլն»,- ասաց փորձագետը՝ նկատելով՝ մենք սրան դեռեւս դիմադրում ենք։ Նրա համոզմամբ՝ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սա ուզում է, խնդիրն այն է, որ սրանում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, եւ որ առնվազն կա թողտվություն Ռուսաստանից, եթե ոչ աջակցություն։ Իսկ ի՞նչը պետք է լինի մեր անելիքը․ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այս փուլում մեր անելիքը պետք է լինի իրավիճակի սառեցումը, այսինքն՝ մենք պետք է հասնենք նրան, որ ոչինչ չստորագրենք․ «Իսկ այս եռակողմ բանակցությունների ֆորմատը՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, պետք է վերացվի։ Մենք պետք է վերադառնանք Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին ու մեր արեւմտյան գործընկերներից մեր առաջնային ակնկալիքը, որն իրականում շատ իրատեսական է, բավականաչափ քաղաքական, նաեւ տնտեսական ճնշումն է Ադրբեջանի, եթե պետք է՝ նաեւ Ռուսաստանի վրա, որպեսզի վերսկսվեն բանակցությունները ՄԽ համանախագահության բանաձեւով։ Եթե աջակցության այդ ձեւն այս պահին այնքան էլ իրատեսական չէ, ապա գոնե ՄԽ համանախագահության բանաձեւի վերականգնումը բավարար ճնշման պարագայում լրիվ իրատեսական է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փուլում դա կտա այն սառեցումը, որը մեզ պետք է եւ որը ժամանակ կտա մեզ՝ այլ ձեւաչափերում անվտանգային նոր երաշխիքներ ստանալու ֆորմատների վրա աշխատելու։ Վերադառնալով դեմարկացիային եւ դելիմիտացիային՝ Քոչինյանն ասաց, որ այդ գործընթացն անելու համար պետք է հասկանալ, թե մենք ինչի վրա ենք հենվում․ եթե հենվում ենք խորհրդային այս կամ այն տարվա որոշակի պատկան մարմինների որոշումների վրա, ապա կան որոշումներ, որոնք մեզ են շահեկան, որոշումներ, որոնք հակառակորդին են շահեկան․ «Այստեղ, ըստ էության, ամենաարդարացի լուծումը երկու կողմերի համար կարող է լինել միջազգային դիտորդական կամ մոնիթորինգային, կամ, այսպես ասած, իրավարար վճիռ տալու ունակ որեւէ մարմնի ստեղծումը, որի մասնակցությամբ փոխզիջումային տարբերակով տեղի կունենան դեմարկացիան ու դելիմիտացիան։ Երկրորդը՝ այդ գործընթացները որեւէ կապ չպիտի ունենան Արցախի հիմնահարցի հետ եւ Արցախի ու Լաչինի կարգավիճակին դրանք որեւէ կերպ չպիտի անդրադառնան, այսինքն՝ այդ գործընթացը վերաբերելի պիտի լինի բացառապես ՀՀ եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտմանը, եւ երրորդը՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է արվեն ավելի ուշ, որովհետեւ, երբ պատերազմում պարտված կողմ ես, ընդ որոււմ՝ պարտված այնպես, որ քեզ ուղղակի մեջքի վրա պառկեցրել են, բնական է, որ դու զիջելու ես, զիջելու ես այնքան, ինչքան դիմացինն ուզի, դրա համար մեզ պետք է ժամանակ ձգել, մեր ԶՈՒ-երը կարգի բերել, նոր խոսել այդ գործընթացների մասին»,- ասաց փորձագետը՝ շեշտելով՝ դրանք պիտի լինեն շատ լուրջ միջազգային ատյանի վերահսկողության ներքո, պետք է բացառվի ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, պետք է տեղի ունենա դեէսկալացիա, տեխնիկան պետք է հետ քաշվի սահմաններից, գործընթացը լինի հանգիստ․ «Հիմա զենքի սպառնալիքի տակ արված դեմարկացիան ու դելիմիտացիան մեզ համար պատուհաս են, որովհետեւ որեւէ կերպ չեն կարող բխել մեր շահերից»։ Անդրադառնալով գլոբալ փոխահարբերություններին՝ փորձագետը նկատեց՝ տեղի է ունենում ռուս-թուրքական պայմանավորվածություն՝ տարածաշրջանի վերաբաժանման վերաբերյալ։ Վերաբաժանում, որը տարածաշրջանը բերելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական շրջանակների միջեւ բաժանման եւ այստեղից դուրս է մղելու արեւմուտքը․ «Բնական է, որ արեւմուտքը դրա հետ չի կարող համակերպվել, բայց այստեղ մի քանի հարց կա․ արդյոք այս տարածաշրջանն այնքան կարեւո՞ր է արեւմուտքի համար, որ վերջինը հանուն այս տարածաշրջանի գնա այնպիսի լուրջ քայլերի, ինչպիսին այստեղ կոնտինգենտի բացազատումն ու երաշխքիների տրամադրումն է, թե՞, օրինակ, դիվանագիտական ճնշման մակարդակի կարեւորություն ունի։ Ըստ իս՝ երկրորդն է, բայց դա էլ այն ոլորտն է, որտեղ ժամանակ է պետք»,- ասաց մեր զրուցակիցն ու ամփոփելով նշեց՝ մեզ պետք է ամեն ինչ անել՝ ժամանակ ձգելու համար, թույլ չտալու, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, իսկ զուգահեռ վարել ակտիվ բանակցություններ, ակտիվ աշխատել մեր արեւմտյան գործընկերների հետ, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն եւ սկսվեն ՄԽ համանախագահության վերագործարկմամբ ու այդ մարմնի շրջանակներում։ Հայարփի Բաղդասարյան
20:27 - 30 հուլիսի, 2021
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին |civilnet.am|

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին |civilnet.am|

civilnet.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարը մեկնաբանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՀԱՊԿ կայքը։ Մեկնաբանությունն ամբողջությամբ ներակայցնում ենք ստորև․ «28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ զոհվել են, 4-ը՝ վիրավորվել։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։ *** Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր: Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։ «Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։ Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։ Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։
17:32 - 29 հուլիսի, 2021