Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով |tert.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի հարցով չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:«Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել վերջ դնել պատերազմին և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Նա նաև տեղեկացրել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին շփումներ նախատեսված չեն ՌԴ նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև:«Ինչ վերաբերում Բաքվի և Երևանի հետ շփումներին, ապա Մոսկվայից դրանք տեղի են ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր սկզբունքով: Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, երբ նման պայմանավորվածություն ձեռ բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Ներկա պահին հստակ որոշումներ չկան»,- հավելել է Պեսկովը:
14:47 - 09 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

Արցախի դատախազությունը նոյեմբերի 8-ին հաղորդում է ստացել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից՝ նշելով, որ հիշյալ հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: «Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,- զգուշացվում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մեկտեղ հիշեցնելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Նախկինում էլ հաղորդվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձել են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:
14:02 - 09 նոյեմբերի, 2021
Արցախի ԱԺ-ն կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով

Արցախի ԱԺ-ն կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով

2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը։ «Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ: Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով: Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:54 - 09 նոյեմբերի, 2021
Արցախում երեկ վիրավորված անձանց առողջական վիճակում կա դրական դինամիկա

Արցախում երեկ վիրավորված անձանց առողջական վիճակում կա դրական դինամիկա

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած, Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը նոյեմբերի 8-ին ավարտվել է բարեհաջող և նոյեմբերի 9-ի առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք: Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա: Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման»,- նշված է հաղորդագրության մեջ։ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը նոյեմբերի 8-ին և 9-ին այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Քովիդ 19-ով պայմանավորված՝ հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք, որ երեկ Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։
12:20 - 09 նոյեմբերի, 2021
Ստեփանակերտի  ջրմուղ-կոյուղու  աշխատակցի սպանությունը որակվել  է  որպես  ահաբեկչություն․ հարուցվել  է  քրեական  գործ․ Արցախի դատախազություն

Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղու աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն․ հարուցվել է քրեական գործ․ Արցախի դատախազություն

2021թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում արցախահայությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու նպատակով, ազգային ու կրոնական ատելության շարժառիթով, հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ,,Ջրմուղ-կոյուղի,, ՓԲ ընկերության աշխատակիցներ` Ստեփանակերտ քաղաքի 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանին սպանելու, ինչպես նաև նույն նպատակով Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի կապակցությամբ նույն օրը ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ և 14-րդ կետերով (Սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, զուգորդված ահաբեկչությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն: Ադրբեջանական կողմի կատարած հանցավոր արարքների քննության արդյունքում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված ապացույցները վերահաստատում են մշտապես կրկնվող մեր այն դիրքորոշումը, որ ինչպես նմանատիպ յուրաքանչյուր անհատական դեպք, այնպես էլ դրանց ամբողջությունը հետապնդում է մեկ միասնական նպատակ` ցանկացած գնով ահաբեկելու արցախահայությանը, հեղինակազրկելու ռուսական խաղաղապահ ուժերին` այդ կերպ Արցախում բնակվող անձանց մոտ ձևավորելով անպաշտպանության զգացում և Արցախը լքելու մտադրություն: Հայատյաց ու ցեղասպան նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունը իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին:
11:14 - 09 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը։  «Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը։ Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով։Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Վստահ ենք, որ այս և նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը և բոլոր պատասխանատուների արդարադատության առջև կանգնելը կարող է կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները։Ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 
22:11 - 08 նոյեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն աշխանքային այց է կատարել Արցախ, այցելել նաև Սև լճի տարածք

Արշակ Կարապետյանն աշխանքային այց է կատարել Արցախ, այցելել նաև Սև լճի տարածք

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականն ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է: Բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։ Նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։ Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները:
20:14 - 08 նոյեմբերի, 2021
Այդ կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որոնք նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը․ ՄԻՊ

Այդ կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որոնք նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը․ ՄԻՊ

Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից կրակոցներով քաղաքացիական 3 անձի վիրավորելը և 22-ամյա 1 անձի սպանությունն անհերքելի ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական որևէ բնակավայրի մոտ չպետք է լինեն: Այդքան այս մասին զգուշացնում ենք:   Պետք է ի վերջո ընդունել, որ ինքնին ադրբեջանական զինվորականների ներկայությունը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, ովքեր ապրում են իրենց կյանքի համար անմիջական անընդհատ վտանգի ներքո:   Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաստատել է, որ այսօր՝ 2021թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի մոտ ջրամատակարարման խողովակների վրա նորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց վրա: Արդյունքում՝ խաթարվել է նաև Բերձրորի ճանապարհի Շուշիի հատվածի երթևեկությունը: Այս տեղեկությունները հաստատումոցվ հրապարակել է նաև Արցախի ԱԱԾ-ն:   Այս կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որ ոչ միայն քաղաքացիական անձանց ապօրինի զրկել են կյանքի իրավունքից, այլ նաև նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:   Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, դա խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:   Փաստերը վկայում են, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում այս խախտումները բնույթով նույնն են ու դրանց իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է: 2020թ. պատերազմից հետո այն ոչ միայն չի նվազել, այլ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ ի ցույց դնելով ֆաշիստական բնույթը: Այն ավելի է մեծացնում լարվածությունը և խորացնում թշնամանքը:   Սա մարդու իրավունքների լրջագույն խնդիր է: Ադրբեջանական այս քաղաքականությունն է մարդկանց կյանքի, սեփականության և մյուս բոլոր իրավունքների խախտումների հիմքում, այն խախտումների աղբյուրն է:
20:01 - 08 նոյեմբերի, 2021
Դելիմիտացիայի գործընթացն ուղղակի չի թողնելու այլ լուծում, քան Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան

Դելիմիտացիայի գործընթացն ուղղակի չի թողնելու այլ լուծում, քան Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ։ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ «Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ այս պատերազմում պարտվելու համար․ գիտակցաբա՞ր, թե՞ ոչ, այլեւս կարեւոր չէ։ Պարտությունը սկսել է, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, բանակում կադրային ջարդ իրականացնել․ իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, իրենց պետք էր իրենց հավատարիմ բանակ։ Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել, ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմը սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհայինից հետո այսպիսի բան չի եղել։ Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին, բայց այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Ուրեմն, այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքն այս իշխանության խղճի վրա է»,- ասաց Քոչարյանը՝ հայտարարելով, որ այս շարքը դեռ կարող է երկար շարունակել։ Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի թեմային, «Զանգեզուրի միջանցքին»՝ Քոչարյանն ասաց, որ դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ուղղակի ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում․ «Սա ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է լինելու, սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Պատկերացրեք, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ երբ ուզի, ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհին դնել իր սահմանապահներին, իր մաքսային կետն ու ամբողջությամբ վերահսկել շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին, եւ ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ բացառվում է թույլատրել սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան կամ որոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը։
20:00 - 08 նոյեմբերի, 2021
Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության․ Արցախի ԱՆ

Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության․ Արցախի ԱՆ

Այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։    Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:   Եկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:   Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:   Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության։   Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:
19:03 - 08 նոյեմբերի, 2021
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը այժմ երկկողմանի բաց է․Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը այժմ երկկողմանի բաց է․Արցախի ՆԳՆ

Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։    «Այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, տեղում մահացել է։ Մյուս տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։   ԱՀ իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։    
18:50 - 08 նոյեմբերի, 2021
Սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներ են. Արցախի դատախազություն

Սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներ են. Արցախի դատախազություն

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից: «Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
18:37 - 08 նոյեմբերի, 2021
Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է․ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են

Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է․ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։ Իրավապահներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը։  «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։ Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։ Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։ Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»,- ասված է գրառման մեջ։
18:08 - 08 նոյեմբերի, 2021
Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել. Արցախի ԱԱԾ

Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել. Արցախի ԱԱԾ

Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
16:40 - 08 նոյեմբերի, 2021