Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

ԵՄ ցանկացած պատրվակով ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով |azatutyun.am|

ԵՄ ցանկացած պատրվակով ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը Եվրամիության և դաշինքի անդամ երկրների հուսալի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում դրսևորելը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նաև ասել է․ - «30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։      
17:07 - 02 փետրվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարությանը
 |aysor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարությանը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությանը, ըստ որի, կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը  հարցներ իր հայ հյուրընկալողներին, թե երբ է Հայաստանը պատրաստվում վերացնել իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ՝ հայկական կեղծ պատմությունների վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն»: Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Ադամովային հարց էին ուղղել, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ: «Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք: Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասել էր Ադամովան։
12:01 - 01 փետրվարի, 2024
Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
 |tert.am|

Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին |tert.am|

tert.am: Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին․ «Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։ Բոլորին է հայտնի, որ հենց Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։ Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Հաջիզադեն:
20:22 - 29 հունվարի, 2024
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Արձագանքելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները։ Ադրբեջանից նշում են՝ առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի պաշտոնյաները նման «անպատասխանատու» հայտարարություններ են անում։  «Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին զուգահեռ, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ են։ Նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին և կապերին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
19:02 - 27 հունվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Գերատեսչության հայտարարության մեջ նաև նշված է, թե «Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ»։
09:37 - 26 հունվարի, 2024
Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Մենք կտրականապես դատապարտում ենք Ժոզեպ Բորելի՝ Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով՝ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա․ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»։ «ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի բացահայտ խեղաթյուրումը անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նատմամբ, և նման սպառնալից հռետորիկան երկակի ստանդարտի ակնհայտ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները։ Բարձր ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ կապված ասածները ամբողջությամբ աղավաղելու մոտեցմամբ հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի դեմ։ Չնայած նրան, որ միջազգային հանրությունը ջանքեր չի գործադրել համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը մշտապես հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ագրեսիային և անջատողականությանը վերջ դնելու համար Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները հող են պատրաստել հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Բացի այդ՝ Հաջիզադեն նշել է նաև, թե ԵՄ ներկայացուցչի համերաշխության արտահայտությունը Ֆրանսիային՝ երկրից դիվանագետների արտաքսման հետ կապված, բացահայտ միջամտություն է ընթացող հետաքննության գործընթացին և հավասարազոր է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների ապօրինի գործողությունների արդարացմանը:
10:29 - 23 հունվարի, 2024
Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ

 |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հրավիրված մամուլի ասուլիսում նա, միաժամանակ, նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև դեռևս կան որոշակի տարաձայնություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, սակայն դրանց թիվը լրջորեն նվազել է։ «Կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բայց կարող եմ ասել, որ լրջորեն նվազել է հոդվածների թիվը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել։ Հայկական կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ին ստացված վերջին առաջարկներում, թեկուզ փոքր, որոշակի առաջընթաց կա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ դժվար  է ասել, թե ներկայում կողմերը որքանով են մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։  
17:46 - 28 դեկտեմբերի, 2023
Սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից», կարծում է Բայրամովը
 |civilnet.am|

Սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից», կարծում է Բայրամովը |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից»։ Նա նաև նշել է, որ հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների ընթացքում Ադրբեջանը բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը։ «Սահմանազատման [գործընթացը] տեխնիկական հարց է, այնինչ խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները։ Եթե մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել, ապա պետք է այս երկու գործընթացները տարանջատենք»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Նրա կարծիքով՝ սահմազատումը բավական երկար գործընթաց է անգամ այն երկրների դեպքում, որոնց միջև լուրջ հակամարտություն չի եղել։ Բայրամովն հայտնել է, որ ադրբեջանական կողմը Երևանի հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը, որն ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առնչվում է սահմանազատման գործընթացին։ «Այդ ութ գյուղերն իրենց յուրահատկությունն ունեն։ Դրանց [գյուղերի] պատկանելության հարցը քննարկման թեմա չէ, քանզի հայտնի է, թե խորհդային տարիներին ովքեր են այնտեղ բնակվել։ Հայաստանը նույնպես սահմանների առնչությամբ իր պահանջներն ու մոտեցումներն ունի, սակայն մենք խոսում ենք բնակավայրերի մասին»,- ասել է Բայրամովը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, սահմանազատումը խաղաղության գործընթացից տարանջատելու մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը․ «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է գործողություն երկու կողմերից»,- ասել էր նա։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը, նշել էր, որ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից տարանջատելու տարբերակը․ «Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակը [սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից առանձնացնելու] կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»:
17:12 - 28 դեկտեմբերի, 2023
Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Մենք տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության տարեվերջյան ասուլիսում։ «Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, միաժամանակ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիոն է, ռազմարդյունաբերության զարգացման համար սահմանված թիրախային պահանջ։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական բախման գործոն։  Նման քայլի դիմելը այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն կա, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի վրեժխնդիր ամբոխին։ Օրինակ, վերջերս Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր մի խումբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց՝ քրեականացնելու Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Հայաստանում ով ճանաչի այս փաստը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Նախաձեռնությանը սատարողների ներկայությունը չի կարելի անտեսել»,- ասել է նախարարը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը չպետք է երրորդ երկրների «պատանդը» դառնա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական   սահմանին։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչու՞ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք։
17:09 - 28 դեկտեմբերի, 2023
Բաքուն Երևանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
 |armeniasputnik.am|

Բաքուն Երևանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը Հայաստանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:   «Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամսվա ընթացքում, փոխանցվել է Հայաստանին», - հայտարարել է Բայրամովը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:   Նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ ակնկալում է կողմերի հանդիպումները 2024 թվականին։   Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում Բաքվում դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց Հայաստանից իրական գործողություններ են ակնկալում խաղաղ գործընթացի վերաբերյալ:   «Մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ դրացիական հարաբերություններ ձևավորելու համար», - հավելել Է նախարարը։   Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը հնարավոր էր համարել այն տարբերակի քննարկումը, որի դեպքում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը դիտարկվում է առանձին ՝ կողմերի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Մինչ այդ հայկական կողմը հայտարարում էր մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին, սակայն ավելի ուշ ժամկետները փոխվեցին մինչև 2024 թվականի հունվար։   Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ Երևանը Բաքվին ներկայացրել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
12:30 - 25 դեկտեմբերի, 2023
Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար․ Բայրամով

Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար․ Բայրամով

Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը նման պայմաններում դուրս բերվեն, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ չի լինի»,- ասել է Բայրամովը։ Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին ձեռք բերված համաձայնությունը վստահության կառուցման համար միակը չէ, որ քննարկվել է: Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստան ու Ադրբեջանը քննարկում են նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ «[Բացի ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև համաձայնագրից] քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը։  Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ձեռք բերված համաձայնությանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունը լուրջ ձեռքբերում է։ Բայրամովը ընդգծել է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց երրորդ կողմի մասնակցության։ Բայրամովը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպում և նշել, որ «այս ամենը լավատեսության հույս են տալիս»։ Ըստ Բայրամովի՝  Ադրբեջանի մոտեցումը պարզ է՝ «եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի օրինական շահերը և միջազգային իրավունքը, ապա կարելի է դրական արդյունքի հասնել»։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը,  ՀՀ-ն նոյեմբերի 30-ին Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։ Բայրամովը, անդրադառնալով դրանց, նշել է, թե Հայաստանի ներկայացրած խաղաղության համաձայնագրի առաջարկների փաթեթում առաջընթաց է նկատվում։
16:10 - 14 դեկտեմբերի, 2023