ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքները վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքները վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում

Ճանապարհային ոստիկանությունը հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում։ ՃՈ հայտարարության մեջ նաև նշված է. «Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները»։
20:43 - 01 փետրվարի, 2021
ԲԸՏՄ և ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 794 սիգ տեսակի ձուկ

ԲԸՏՄ և ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 794 սիգ տեսակի ձուկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ ) կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավել են 794՝ ընդհանուր քաշով 234,9 կգ սիգ տեսակի ձուկ: Այս մասին հայտնում է  ԲԸՏՄ մամուլի ծառայությունը։   Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:   Միջոցառումներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների՝ 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։   ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական աշխարհը։
19:55 - 13 դեկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց գործնական քննություն կազմակերպելու և անցկացնելու, «E» կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ա. Ս.-ի օժանդակությամբ վերջինիցս ստացել է զգալի չափի՝ 75.000 ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննություն անցկացնելու՝ ակնհայտ կեղծ գրառում կատարի այն մասին, որ Ս. Թ.-ն մասնակցել է տվյալ քննությանը և ստացել է դրական գնահատական: Ա. Մ.-ն այնուհետև, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց ՀՀ կառավարության 26.03.2020թ-ի թիվ 385-Ն որոշման պահանջերի պահպանման և առանց գործնական քննություն անցկացնելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գործնական քննության թերթիկում կատարել է ակնհայտ կեղծ գրառում, որը հաստատել է իր ստորագրությամբ, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է «E» կարգի վարորդական իրավունքի վկայական:            Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:53 - 25 սեպտեմբերի, 2020
Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից |hetq.am|

Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից |hetq.am|

hetq.am: Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց որոշում, որով նախատեսվում է վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը հետաձգել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։ Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ պետք է մտնեին կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշումները, որոնցով ներկայում գործող՝ Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ին և 2012 թվականին ընդունված որոշումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, վարորդի թեկնածուի առողջական վիճակի ստուգման և որակավորման քննությունների հետ կապված հարցերով գործող կարգում նախատեսվում էին մի շարք փոփոխություններ։ Կառավարությունը որոշեց որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ։ Ընդունված որոշման նախագծում ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը 2020թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցված է եղել, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։ Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։ Նշվածի հանգամանքով պայմանավորված՝ 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում, որից մոտ 12 500-ը՝ Երևանում: Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում՝ օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն, որոնց թիվը մինչև սահմանափակումները 600-ից ավել է եղել:
13:39 - 24 սեպտեմբերի, 2020
ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ բռնություն գործադրելու համար

ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ բռնություն գործադրելու համար

Կոտայքի մարզի Առինջ Գյուղի բնակչի ներկայացրած հաղորդման հիման վրա` քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՔԾ-ում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից իրենց լիազորությունների անցմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով զուգորդված գործողություններ կատարելու հանգամանքը: Այս մասին ասվում է դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նույն դասակի տեսուչներ Ս. Մ.-ն և Ս. Խ.-ն 2020թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Կասկադ» համալիրի հարևանությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչին պատկանող՝ կանգառն արգելված վայրում կայանված ավտոմեքենան և հատուկ տարհանում իրականացնող տրանսպորտային միջոցով այն տեղափոխել ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածք: Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր եղբորորդու հետ այցելել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ավտոմեքենան դուրս բերելու համար: Նրանք ՃՈ երկու տեսուչներից պարզաբանումներ են պահանջել ավտոմեքենան տեղափոխելու պատճառների վերաբերյալ, պահանջել ցույց տալ կատարված իրավախախտման փաստը հավաստող լուսանկարը, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայացնել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ:  Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, այնուհետև ավտոմեքենայի սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության այդ աշխատակիցների հասցեին, ինչից հետո վերջիններս, քաղաքացու կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար նրան օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ըստ դատախազության՝ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ նախ սպայական գումարտակի դիմաց, փողոցում, ապա գումարտակի հերթապահ մասի առջև գտնվող միջանցքում և բակում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև բռնբության գործադրումը թույլ չտալու փորձ կատարող՝ քաղաքացու հետ տարածք եկած անձին:  Նշված արարքները կատարելու համար ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020թ. սեպտեմբերի 8-ին ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ս. Մ.-ին և Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչը, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել նրանց պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:38 - 09 սեպտեմբերի, 2020
Դատարան է ուղարկվել չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատարան է ուղարկվել կոռուպցիոն չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ 15 մեղադրյալների ներգրավմամբ քրեական գործը: Գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. հունիսի 26-ին, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գ.-ն 2020թ. փետրվարին իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ,  Ս.Գ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գ.-ն հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաև միջնորդներից կաշառքի առարկա հանդիսացող գումարների ստացումը և դրանց փոխանցումը Ա.Գ.-ին: Վերջինս 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում, Ս.Գ.-ի օժանդակությամբ, ինչպես նաև 3 անձանց միջնորդությամբ 6 անձից ստացել է ընդհանուր 1.020.000 ՀՀ դրամ կաշառք: Ապա սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, կեղծելով տեսական և գործնական գիտելիքների ստուգման թերթիկները, վերոհիշյալ կաշառք տված քաղաքացիներին հնարավորություն է տվել ստանալ տարբեր կարգերի վարորդական վկայականներ։ Եվս երկու անձինք, իրենց 2 որդիների համար վարորդական վկայական ստանալու կապակցությամբ պաշտոնատար անձին կաշառք տալու նպատակով, Ս.Գ.-ին են փոխանցել համապատասխանաբար 280.000 և 300․000-ական ՀՀ դրամներ, սակայն վերջինս հիշյալ գումարը հետագայում վերադարձրել է նրանց՝ այդ կերպ նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Բացի այդ, Ս. Գ.-ի դրդմամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վարորդական վկայական ստանալու նպատակով կայացած տեսական քննության ժամանակ մեկ անձի հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, կազմել և հանձնել է վերջինիս տեսական քննություն ընդունելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը։ Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու  և վեց դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փորձ կատարելու և վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:  Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձ կատարելու, կաշառքի միջնորդության, կաշառքի միջնորդության փորձ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով: 2020 թվականի օգոստոսի 27-ին մեղադրյալներ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ի և մեկ անձի նկատմամբ քրեական գործն անջատվել է առանձին վարույթում: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշումներով հաստատել է ինչպես այդ, այնպես էլ անջատված մյուս մասով մեղադրական եզրակացությունները: Վերոնշյալ այս մասով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս 12 մեղադրյալների մասով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:58 - 09 սեպտեմբերի, 2020
Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանը՝ հավելելով, որ մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/:  Պաշտպանը հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը՝ հորդորելով դատել՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: «Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար: Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»,- գրել է Միքայելյանը:
14:42 - 02 սեպտեմբերի, 2020
ՃՈ ծառայողների հետ վիճաբանած երիտասարդները ձերբակալվել են

ՃՈ ծառայողների հետ վիճաբանած երիտասարդները ձերբակալվել են

Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:Կատարվում է նախաքննություն:Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
12:33 - 31 օգոստոսի, 2020
Ձայնային ազդանշան անհիմն արձակելը համարվում է իրավախախտում

Ձայնային ազդանշան անհիմն արձակելը համարվում է իրավախախտում

Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ սահմանված է, որ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելիս, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար: Մյուս բոլոր դեպքերում անհիմն ձայնային ազդանշան տալն առաջացնում է վարչաիրավական հետևանքներ։ Մեր օրերում մտահոգիչ է նաև մեքենաների վրա առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը։ Նման սարքավորումներ տեղադրվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա՝ ըստ ծառայողական անհրաժեշտության օգտագործելու համար։ Հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրականացնում են հատուկ միջոցառումներ, որոնց արդյունքներին պարբերաբար անդրադառնում ենք՝ հորդորելով մեր քաղաքացիներին նման սարքավորումներով մեքենաներ տեսնելու դեպքում դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը վարորդներին հայտնում է, որ եթե մեքենաների վրա տեղադրել են հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, հայտնաբերվելու դեպքում սարքավորումն առգրավվում է, իսկ վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից։ Դա օրենքի պահանջ է։
12:02 - 31 օգոստոսի, 2020