Դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ ) կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավել են 794՝ ընդհանուր քաշով 234,9 կգ սիգ տեսակի ձուկ: Այս մասին հայտնում է ԲԸՏՄ մամուլի ծառայությունը։
Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Միջոցառումներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների՝ 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական աշխարհը։
comment.count (0)