ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ՀՀ-ն ՌԴ-ի հետ շփումներում կբարձրացնի հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը
 |armeniasputnik.am|

ՀՀ-ն ՌԴ-ի հետ շփումներում կբարձրացնի հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը Ռուսաստանի հետ առաջիկա շփումներում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների շրջանակներում վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման հարցը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նշենք, որ հոկտեմբերի 24-ին ՌԴ պետաական դումայի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը խնդիրը շուտափույթ լուծելու համար` Սաֆարյանը նշեց, որ այդ հարցով դեռ քննարկում չեն ունեցել։ «Մենք դեռևս այս հարցով իրենց հետ քննարկում չենք ունեցել, այդպիսի առիթ չի եղել, փորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրաձայնել»,-ասաց նա։ ԱԺ պատգամավորները, ԱԳ փոխնախարարին դիմելով, ընդգծեցին, որ հարցն օրակարգային է, քանի որ հազարավոր մարդիկ այդ վկայականներով հանապազօրյա հացի հարց են լուծում։ Արձագանքելով այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտն արդյոք չպետք է ապահովի բոլոր անդամ երկրների վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչելիությունը և ինչու է այս խնդիրը տարիներով ձգձգվում, փոխնախարարը խոստացավ ճշտումներ կատարել։ «ԵԱՏՄ երկրների շրջանակում փոխճանաչելիության տարբեր հարցեր են քննարկվում, այդ թվում կրթության վկայականների հետ կապված։ Վարորդական վկայականների մասով ինձ մոտ տեղեկատվություն չկա, կճշտեմ կասեմ այդպիսի գործընթաց կա, թե ոչ»,-ասաց նա։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումն անժամկետ հոտաձգել էին պատճառաբանելով, որ օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած որ ՀՀ ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։
15:59 - 03 նոյեմբերի, 2023
Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ֆինանսների նախարարությունից: «Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայման, ինչպես նաև գնման ընթացակարգերին անդամ երկրների սուբյեկտների մասնակցության խոչընդոտների վերացմանն առնչվող հարցերի: Նախարար Սուլթանովը բարձր է գնահատել գնումների ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության շրջանակներում հայկական կողմի ցուցաբերած ակտիվությունը, կառուցողական մոտեցումներն ու նախաձեռնողականությունը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Ղազախստանի էլեկտրոնային գնումների համակարգին ծանոթանալու հարցում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել ջանքերը համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:06 - 03 նոյեմբերի, 2023
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան
 |armeniasputnik.am|

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%–ով։ Այս մասին Բիշկեքում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 55%–ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումն է աճել` ավելի քան 2 անգամ»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ և Համագործակցության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանվի։
16:45 - 26 հոկտեմբերի, 2023
2023թ․ հոկտեմբերի 15-ից ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

2023թ․ հոկտեմբերի 15-ից ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին»  թիվ  1699-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկ­տեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի՝ Եվրասիական տնտե­սական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատ­ված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմա­կերպչա­կան մոդելի համաձայն։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմանը զուգահեռ շարունակվելու է նաև ակցիզային դրոշմավորումը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ ՀԴՄ կիրառողները, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
13:39 - 09 հոկտեմբերի, 2023
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում  |armenpress.am|

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Բացի կատարված աշխատանքների մասին զեկույցից, կարևոր է մեր ղեկավարներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Առաջարկվում է դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում, ինչպես նաև ընդունել այդ ռազմավարական փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ մեր ղեկավարները կհավաքվեն տարեվերջին», - նշեց Միխայիլ Միշուստինը։ Ծաղկաձորում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նիստի ընթացքում քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Կողմերը քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։
19:30 - 24 օգոստոսի, 2023
Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի մնալ արդյունավետ. Փաշինյանը՝ Միշուստինին

Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի մնալ արդյունավետ. Փաշինյանը՝ Միշուստինին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Ողջունելով Միխայիլ Միշուստինին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ այս հանդիպման առիթով և հուսով եմ, որ այսօր կառուցողական քննարկում կունենանք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իհարկե, նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է շատ կարևոր իրադարձություն։ Նախ ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, այն բանի համար, որ Սոչիում մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք խոստացաք, որ շուտով կբացվեն Վերին Լարսի անցակետի նոր ուղիները։ Եվ դա տեղի ունեցավ, սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ գիտեք` սովորաբար այնտեղ բազմակիլոմետրանոց հերթեր էին գոյանում։ Իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության կապակցությամբ։ Պետք է ասել, որ 2022 թվականի արդյունքներով մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ դոլար, և այդ աճը շարունակվում է։ Այս տարի այն արդեն գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Հուսով եմ, որ մինչև այս տարվա վերջ կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը։ Մենք նաև շատ ամուր և ուժեղ հարաբերություններ ունենք։ Եվ ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի մնալ արդյունավետ։ Իհարկե, մենք տարածաշրջանային առումով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Համոզված եմ, որ այսօր կանդրադառնանք նաև այս հարցերին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, բարի գալուստ»: Իր հերթին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Շնորհակալություն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հրավերի համար: Մենք պայմանավորվեցինք անցկացնել այն այստեղ՝ Հայաստանում, և քննարկել ԵԱՏՄ-ի առաջիկա տասնամյակների զարգացման ռազմավարության հետ կապված ամենահրատապ խնդիրները։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն մաղթանքները։ Եվ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, Նիկոլ Վովայի, և հայ գործընկերներին բոլոր միջոցառումների ավանդական գերազանց կազմակերպման և մեր ռուսական պատվիրակության հյուրընկալ ընդունելության համար։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Դուք այս մասին ասացիք, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է, և դա մեզ ուրախացնում է, այդ թվում` կա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը։ Մենք այստեղ արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության աճ։ Միջկառավարական հանձնաժողովի մասով, որը մեր կողմից ղեկավարում է Ալեքսեյ Օվերչուկը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ են մշակվում։ Մենք մշտական ռեժիմի մեջ ենք, մշտական շփման մեջ։ Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։ Այո, մենք խոստացել ենք, Տրանսպորտի նախարարը, մաքսային ծառայության պետը, Ալեքսեյ Օվերչուկը, գործընկերները, նրանք բոլորը շատ լուրջ էին վերաբերվում դրան, և մենք, ընդհանուր առմամբ, լրջորեն ենք վերաբերվում մեր բոլոր խոստումներին և կատարում դրանք: Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, մենք շարունակական համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, խաղաղ միջուկային արդյունաբերության, հանքարդյունաբերության և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում: Կան մի շարք բարձր տեխնոլոգիական նախագծեր։ Կարծում եմ՝ մեր բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար ժամանում են, այդ թվում Հայաստան, շատ լավ ազդեցություն ունեն ընդհանուր տնտեսական զարգացման վրա։ Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը մեր բոլոր համատեղ ուղղություններով՝ ինովացիոն նախագծերի և տնտեսական զարգացման ոլորտում։ Չափազանց կարևոր է նաև շարունակել ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը մեր ընդհանուր նախագծերում, փոխադարձ առևտրում։ Վստահ եմ, որ դա կնպաստի առևտրի աճին և կառուցվածքի դիվերսիֆիկացմանը։ Հումանիտար ոլորտում նույնպես ակտիվ աշխատում ենք, և Հայաստանում, ի դեպ, ավանդական մեծ հետաքրքրություն կա ռուսական բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի։ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել են այն տարրերը, որոնք կապված են դասավանդման որակի բարձրացման, նոր դպրոցների կառուցման հնարավորության հետ։ Եվ այստեղ մենք նույնպես ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ հանրապետության բոլոր դպրոցների համար կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք։ Մենք հենց այս մասին էինք խոսում Ձեզ հետ, Դուք այդ մասին խոսել եք նաև նախագահի հետ։ Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների համաձայն։ Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև։ Հարգելի Նիկոլ Վովայի, մենք ունենք հագեցած համատեղ օրակարգ, առաջարկում եմ անցնել դրան։ Շնորհակալություն ուշադրության համար»։
18:56 - 24 օգոստոսի, 2023
Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ
 |armenpress.am|

Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Վարչապետը հիշեցրել է, որ Միշուստինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը խոստացել էր, որ շուտով նոր ուղիներ կբացվեն Վերին Լարսի անցակետում, քանի որ այնտեղ վերջին շրջանում գոյացել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Խոստումն արդեն իրականություն է, և այդ հանգամանքն, ըստ Փաշինյանի,  շատ կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում։ «2022 թվականի արդյունքներով՝ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է հինգ միլիարդ դոլար։ Այն շարունակում է աճել և ընթացիկ տարում մենք արդեն հատել ենք  երեք միլիադ դոլարի սահմանագիծը, իսկ տարեվերջին կգերազանցենք 2022 թվականի ցուցանիշը։ Մենք ամուր և զորեղ հարաբերություններ ունենք, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ մեր հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ»,- ասել է ՀՀ Վարչապետը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ համաժողովը կազմակերպության ռազմավարությանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկման առումով ունի կարևոր նշանակություն։ «Մենք կարևորում ենք մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Երկուստեք առևտրատնտեսական կապերը զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է, ինչը շահավետ է ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության առումով։ Արդյունավետ համագործակցություն կա կազմակերպության բոլոր ադամների միջև։ Ինչ վերաբերում է մյուս նախաձեռնություններին, ապա մենք ընդլայնում ենք փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության բնագավառում, լոգիստիկ տիրույթում։ Կան մի շարք ծրագրեր, որոնք առնչվում են ՏՏ ոլորտին»,- ասել է ՌԴ Վարչապետը։ Միշուստինի գնահատմամբ՝ ընդհանուր տնտեսական աճի վրա դրական ազդեցություն են թողնում նաև բիզնես շրջանակների կապերը։ Ռուսական կողմն առաջարկում է խթանել համագործակցության տեմպերը բոլոր բնագավառներում, հատկապես ներդրումային ծրագրերի մասով։ Չափազանց կարևոր է նաև ազգային արժույթների օգտագործումը համատեղ նախագծերում և փոխադարձ առևտրական կապերում, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին և տնտեսությունների դիվերսիֆիկացիային։ «Հումանիտար ոլորտում նույնպես առկա է արդյունավետ համագործակցություն։ Հայաստանի քաղաքացիների շրջանում կա մեծ հետաքրքրություն ռուսաստանյան բուհերում կրթություն ստանալու առումով։ Ավելի քան հինգ հազար հայ ուսանողներ այսօր սովորում են Ռուսաստանում։ Մենք նրանց կաջակցենք որակյալ ուսում ստանալու հարցում։ Չափազանց կարևորում ենք նաև ռուսաց լեզվի ուսուցման գործընթացը Հայաստանում և դիտարկում նոր դպրոցներ կառուցելու հեռանկարը։ Հայաստանից բազմաթիվ մասնագետներ ռուսաց լեզվի դասավանդման դասընթացներ  են անցնում Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ բոլոր դպրոցների համար Հայաստան կուղարկենք ավելի քան 50 հազար դասագիրք»,- նշեց Միշուստինը։
17:06 - 24 օգոստոսի, 2023
Միշուստինն օգոստոսի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում

Միշուստինն օգոստոսի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։ Ըստ հաղորդագրության՝ միջոցառումը տեղի է ունենալու ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո։ Միջոցառումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։ Այս տարի միության երկրների վարչապետները հանդիպել են նաև փետրվարին Ղազախստանում:
16:23 - 23 օգոստոսի, 2023
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ

Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Պատվիրակությունների հարգելի անդամներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին հյուրընկալության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և հարակից միջոցառումների կազմակերպման ավանդական բարձր մակարդակի համար։ Այս տարի մենք առաջին անգամ նշեցինք Եվրասիական տնտեսական միության օրը, որը կապված է 2014 թվականի մայիսի 29-ին Միության մասին պայմանագրի ստորագրման օրվա հետ, և, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ։ Այս ինը տարիների ընթացքում մենք զգալի հաջողությունների ենք հասել։ Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։ Վստահ եմ, որ մեր միավորումը կշարունակի ընթանալ իր ստեղծման հիմքում դրված նպատակներին հասնելու ուղղությամբ։ Հարգելի գործընկերներ, Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունն ինտեգրման հիմնական սկզբունքներից մեկն է և մեծապես կանխորոշում է մեր ինտեգրացիոն միավորման ստեղծման և գործունեության իմաստը: Օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, հանդիսանում է չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման կարևոր գործոն: Այս համատեքստում, կարևոր եմ համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը թույլ կտա դրանց կրողներին աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ նա աշխատում է։ Դրական ենք գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն իր շուկա մուտք գործելու խոչընդոտներ չունի։ Մենք, անշուշտ, աջակցում և շատ պահանջված ենք համարում Միության ներքին շուկայի գործունեության ապահովմանն ուղղված միջնորդական ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը։ Հանձնաժողովի խնդիրը չպետք է սահմանափակվի Միության իրավունքի խախտումների պաշտոնական արձանագրմամբ։ Մեր վերազգային մարմինը պետք է ելնի Միության ներքին շուկայի լիարժեք և սահուն գործունեության ապահովման անհրաժեշտությունից՝ մեր վերջնական և կարևորագույն նպատակին՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցությանը հասնելու համար։ Ապագայում առևտրի համար նոր խոչընդոտների առաջացումը կանխելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցնելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունը: Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կլիմայական ոլորտում պետությունների համակարգված գործողությունների մոտեցումը Փարիզի համաձայնագրի շրջանակներում՝ անդամ երկրների տնտեսությունների ապաածխածնացման պլանների լարվածությունը հավասարեցնելու համար։ Դեկլարատիվից փոխգործակցությունից ավելի գործնական ուղղության անցման համատեքստում կցանկանայի նշել Կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումների առաջին փաթեթի ձևավորումը։ Համաձայնեցված և իրատեսական ծրագրի առկայությունը և դրա ձևավորման ու իրականացման գործնական մոտեցումն իսկապես կարող են բազմապատկել ակնկալվող արդյունքները տեխնոլոգիական զարգացման առումով և ապահովել յուրաքանչյուր անդամ պետության կողմից գործադրվող ջանքերի համախմբումը: Նշեմ, որ ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ նպատակներին կարելի է հասնել այն պարագայում, եթե ավելացվի վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների զարգացումը, անկասկած, կնպաստի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը։ Ակնհայտ է, որ կլիմայական օրակարգն այսօր հիմնված է հարցերի այնպիսի շերտի վրա, ինչպիսիք են` տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը և նոր տեխնոլոգիական հարթակի անցումը։ Թվային տնտեսությունն այսօրվա օբյեկտիվ իրականությունն է։ Թվային տեխնոլոգիաները պետությունների համար ստեղծում են մրցակցային առավելությունների աղբյուրներ։ Անդամ երկրներում «Թվային օրակարգի» և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացների ամբողջական իրականացումը հզոր խթան կհանդիսանա թվային տնտեսության զարգացման և մեր երկրների միջև տնտեսական գործընթացների արագ իրականացման համար։ Լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որն էական ազդեցություն ունի վերջնական օգտագործողի համար գնագոյացման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ: Նման լուծումներից է նավիգացիոն կնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել բացարձակ «թափանցիկություն» և «անխափան» փոխադրումներ, այլև հեշտացնում և արագացնում է ապրանքների առաքումը հասցեատիրոջը։ Չնայած արդեն ձեռնարկված քայլերին, մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այս առումով, ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև՝ լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերում փոխգործակցության կարևորությունը: Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Հանդիպման հարգելի մասնակիցներ, Զուգահեռաբար, ԵԱՏՄ-ն շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։ Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում։ Եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել եվրասիական ինտեգրման առաջնահերթ ոլորտների իրականացման համար։ Օգտվելով առիթից, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որը նշվելու է հունիսի 12-ին, և բոլոր ռուսաստանցիներին մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։ Շնորհակալություն ուշադրության համար»։
19:21 - 08 հունիսի, 2023
Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
 |news.am|

Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Ես իմ խոսքում չասացի՝ Հայաստանում ժողովրդավարությունը մարտահրավերներ չունի, ասացի ներքին սպառնալիքներ չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, որտեղ բոլոր մասնակիցները բացի Հայաստանից ոչ ժողովրդավարական պետություններ են, եւ արդյոք լինելով ավտորիտար երկրների ընտանիքում վտանգ ենք ստեղծում մեր ժողովրդավարության համար: «Այն առումով, որ ես Հայաստանում ժողովրդավարությունը համարում եմ անշրջելի ներքին առումով, իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել: 2021թ․-ի մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ոչ կառավարություն, ոչ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։ Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն։ Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»,- ասաց նա։ Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․ «Երբ սկսվել էին Ուկրաինայի գորոծղությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանեւրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։
13:47 - 31 մայիսի, 2023
Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը
 |1lurer.am|

Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին, որի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին՝ ուշադրություն հրավիրելով կառույցում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության վրա։ «Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության»,- գրել է Ժելդիբայը սոցցանցերում և ընդգծել, որ «պետության ղեկավարի հիմնական ուղերձն այն է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրումը կարող է և պետք է ընթանա բացառապես տնտեսական հունով»։ «Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության բարելավման միջոցներից մեկը։ Այսինքն՝ ասոցիացիայի շրջանակներում ընդունված ցանկացած որոշում պետք է արդյունք բերի յուրաքանչյուր անհատ մասնակցի և, առաջին հերթին, ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքացիներին»,- հավելել է խոսնակը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։ 2023 թվականին միությունը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը։
12:06 - 26 մայիսի, 2023
Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին
 |armenpress.am|

Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարկավոր է ձգտել նրան, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հասնեն զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Միևնույն ժամանակ, Պուտինը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի։ «Մենք համատեղ կձգտենք, որ մեր միության շրջանակներում հասնենք զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Իհարկե, մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, այսօր մենք արձանագրել ենք, որ ՀՆԱ-ի աճն այնտեղ կազմել է 12 տոկոսից ավելի։ Սա շատ բարձր և լուրջ ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ բոլոր 5 երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու, սովորելու կամ բիզնեսով զբաղվելու նպատակով այցելում են Միության անդամ այլ երկիր, իրենց հարմարավետ զգան՝ ինչպես տանը։ Պուտինի խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը 100 տոկոսով ապահովելու միջոցով։
17:33 - 25 մայիսի, 2023
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի կիրարկումը կնպաստի առևտրի համար փոխշահավետ պայմանների ձևավորմանը․ Փաշինյան
 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի կիրարկումը կնպաստի առևտրի համար փոխշահավետ պայմանների ձևավորմանը․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի պատեհաժամ կիրարկումը կնպաստի առևտրի համար բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման մակարդակի և Միության անդամ պետությունների՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացումը: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։ Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում»,- ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց, որ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա խթանել Միության անդամ երկրների տնտեսությունների առանձին վերցրած հատվածներ։ «Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում դրանց համաչափ զարգացումը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների այլ ոլորտներում լճացում կամ ակտիվության նվազում ենթադրող ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Ուստի նախագծերի ընտրության փուլում կարևոր է մշակել այդ ռիսկերը վերացնող մեխանիզմներ, ինչը կտա մեզ երկարաժամկետ հեռանկար նման նախագծերի համար»,- հավելել է ՀՀ վարչապետը։ Նա  նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության կարևոր ասպեկտներից է պարենային անվտանգությունը, որն ուղղված է բնակչության համար սննդամթերքի մատչելիության և որակի ապահովմանը, ինչպես նաև շուկան ցածրորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանմանը։ Այսօր կտրուկ աճել է պարենային անվտանգության ապահովման կոլեկտիվ համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։ Փաշինյանն ակնհայտ է համարում այս ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ «Ուրախացնող է, որ, օգտագործելով փոխգործակցության տարբեր ձևաչափեր, 2022 թ-ին մենք համակարգված աշխատանք ենք կատարել Միությունից դուրս փոխշահավետ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին է վկայում ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների և միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների վերաբերյալ զեկույցներում ներկայացված տեղեկատվությունը»,- նշեց նա։ Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը Միության անդամ երկրների համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում։ «Աշխատանքի շարունակությունը այնպիսի առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումը Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրման գործընթացի համար։ Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, անհրաժեշտ է գործառնականորեն ստեղծել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետևողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը»,- շեշտել է վարչապետը։ Նա ակնհայտ է համարում, որ միասնական տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է բաց երկխոսություն ձեռնարկատերերի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև։ Այս համատեքստում նա առանձնապես նշել է Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության արդիական ոլորտները առավելագույնս ընդգրկող քննարկման թեմաներ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելուն ուղղված համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը։
17:08 - 25 մայիսի, 2023
Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում |factor.am|

Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրումից։ Նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել է քննարկել ինտեգրացիոն համագործակցության կոնկրետ հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն առաջ է ընթանում իսկապես բավականին հաջող»,- ասել է Պուտինը։ Նա մեջբերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը հիմնական շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ նախորդ տարեվերջին այն կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։ «Սա, իհարկե, լուրջ ցուցանիշ է, շատ լուրջ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն բարձր է գնահատում միության անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը։ «Այսօր մենք նախ պետք է նեղ ձևաչափով կարծիքներ փոխանակենք զարգացման հիմնական ուղղությունների, մեխանիզմների մասին, որոնք մենք օգտագործում ենք այդ զարգացման համար, իսկ հետո կշարունակենք մեր հանդիպումը ընդլայնված կազմով»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ընդլայնված կազմով հանդիպմանը տեսակապով մասնակցելու են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև անձամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
15:31 - 25 մայիսի, 2023
Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև
 |panarmenian.net|

Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև |panarmenian.net|

panarmenian.net: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։ Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։ 2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
13:45 - 25 մայիսի, 2023