Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիրը, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:

2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին

Իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա, մասնավորապես, հայտնել է․«Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։ Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։ Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։ Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։ Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ»։
20:00 - 23 մարտի, 2020
Վարչապետի ու տիկնոջ ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունեն. Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ |armenpress.am|

Վարչապետի ու տիկնոջ ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունեն. Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: Այս մասին ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի, տրամադրությունը բարձր է, և բոլորին հորդորում է խուճապի չմատնվել, կատարել այն բոլոր հրահանգները, որ տալիս են պատկան մարմինները: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում և դրանից առաջ էլ, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում, հետո Բրազիլիայում ու Արգենտինայում: Այդ օրերին նա անընդհատ պահպանել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր հնարավոր կանոնները»,- ասաց Հարությունյանը: Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ վարչապետի ինքնազգացողությունը ևս լավ է, Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ մոտ կորոնավիրուսի վարակի ախտանշաններ չկան: Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են: «Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ դուք գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարն էր հրապարակվել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր, ջերմություն չունեինք։ Դրանից հետո էլի ենք չափել, կրկին չկար ջերմություն։ Բայց դրանից հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը, նա հայտնել էր, որ թեստը եղել է բացասական։ Սակայն ամեն դեպքում մենք մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է՝ չնայած ինչքան մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է»,- մանրամասնեց վարչապետը։
13:45 - 14 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն |hetq.am|

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը վաղն առավոտյան կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն։ Այդ մասին հայտարարել է վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստուգման պատճառը Աննա Հակոբյանի մարտի 7-ի հանդիպումն է Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի ստուգման թեստի արդյունքերը եղել են դրական, որը, սակայն, հետագայում ժխտել էր հենց ինքը` նախագահը։ Բրազիլիայի նախագահը թեստ էր հանձնել այն բանից հետո, երբ կորոնավիրուս էր հայտնաբերվել նախագահի վարչակազմի հանրային կապերի քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ։ Փաշինյանը նշել է, որ լուրը կարդալուց հետո չափել են նրանց ջերմությունը, երկուսն էլ ջերմություն չեն ունեցել։ Չնայած, որ Բրազիլիայի նախագահը ժխտել է կորոնավիրուսի հաստատման փաստը, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը որոշել են ինքնամեկուսացվել, իսկ շաբաթ առավոտյան նրանք կհանձնեն կորոնավիրուսի ստուգման թեստ։
09:47 - 14 մարտի, 2020
Աննա Հակոբյանն ու Բրազիլիայի առաջին տիկինը հանդիպել են

Աննա Հակոբյանն ու Բրազիլիայի առաջին տիկինը հանդիպել են

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետո՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։ Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։  
11:06 - 07 մարտի, 2020
Կան քննադատություն, սեր ու գնահատանք. կարևորը մարդկանց չհիասթափեցնելն է. Աննա Հակոբյանի հարցազրույցը |armenpress.am

Կան քննադատություն, սեր ու գնահատանք. կարևորը մարդկանց չհիասթափեցնելն է. Աննա Հակոբյանի հարցազրույցը |armenpress.am

armenpress.am։ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին հարցազրույց ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ: -Տիկին Հակոբյան, տարին մոտենում է ավարտին, ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն էր այն «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար: Ի՞նչ արդյունքներ կառանձնացնեք: -Տարին շատ հագեցած էր, իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ մի շարք ուղղություններով: «Իմ քայլը» հիմնադրամում տարվա կտրվածքով եղել է 3 մլն 425 հազար դոլարի շրջանառություն: Ստեղծման օրվանից մինչև այսօր հիմնադրամն ունեցել է 5 մլն դոլարի շրջանառություն: Դա համարում եմ մեծ արդյունք բոլորովին նոր ստեղծված հիմնադրամի համար: Կարևոր ձեռքբերումներից կարող եմ առանձնացնել կրթաթոշակի ծրագիրը: Այս տարի մենք մեծ աշխատանք տարանք վերհանելու այն մասնագիտությունները, որոնք մեր երկրի համար կարևոր են, աշխատաշուկայում պահանջարկ ունեն: Քննարկումներ ունեցանք գործատուների հետ, սահմանեցինք մեր չափանիշները և բավական աշխատանք տանելուց հետո, ի վերջո, 54 անհատի տրամադրեցինք կրթաթոշակ արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու համար: Իրականացված ծրագրերից կառանձնացնեմ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով «Սիլք Նոութ» փառատոնի անցկացումը, որը հյուրընկալեց համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների՝ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiroquai» խմբին, հայտնի կիթառահար Ալ Դի Մեոլային, «Parov Stelar» բենդին: Այն մեծ իրադարձություն էր Երևանում, բավական շատ դրական արձագանք եղավ, բազմաթիվ շնորհակալական խոսքեր հնչեցին: Մենք սա կարևորում ենք մշակութային, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Կազմակերպվեց նաեւ «Ուրվական» փառատոնը, և կրկին դրական արձագանքներ եղան: Այն բավական հաջող անցավ, նոր շունչ բերեց քաղաքին: Փառատոնն ուղղված էր էլեկտրոնային երաժշտության սիրահարներին, երիտասարդներին, որոնք կրկին շատ շնորհակալ էին, որ նման միջոցառում անցկացվեց: Մենք պատրաստվում ենք այս փառատոնները դարձնել ամենամյա: Դրանցից բացի, տարվա ընթացքում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք ֆինանսավորել, տարին իսկապես հագեցած է եղել: Շարունակել ենք աղքատության հաղթահարման ծրագիրը, և պետք է նշեմ, որ շահառու ընտանիքների թիվն ավելացել է: Շարունակվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրված ֆինանսավորումը: «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությամբ տարվա ընթացքում 260 երեխայի և երիտասարդի բուժման ամբողջական ծախսերը հոգացել ենք, և դա թիվ մեկ ձեռքբերումն է մեզ համար: Աջակցության շղթան ամբողջական է՝ բուժում, դեղորայք, հոգեբանական ծառայություն, օրը 4 անգամյա սնունդ, բժիշկների վերապատրաստում: Ակտիվ ենք եղել երեխաների համար միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Դրանք ուրախացնում են, ինտեգրում են, հասարակության մեջ այդ երեխաների նկատմամբ վերաբերմունքն են փոխում: Հասել ենք նրան, որ շատերն իրենք են դիմում մեզ, որ որևէ ձևով երեխաներին ոգևորող նախաձեռնությամբ հանդես գան: Այս առաքելության մեջ մենակ չենք: Ունենք ձեռքբերում բժիշկների վերապատրաստման, միջազգային կապերի ընդլայնման առումով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է Հայաստանում մանկական ուռուցքաբանության ուղեցույցների մշակման ու ներդրման ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր՝ ներգրավվել են նաև արտասահմանյան հայտնի փորձագետներ: Ծրագրի արդյունքում կունենանք ուղեցույցներ, որոնք կներառեն համապարփակ ինֆորմացիա՝ ախտորոշումից մինչև բուժում և հետագա հսկողություն, կիրառելի ինչպես բուժանձնակազմի բոլոր օղակների, այնպես էլ ընտանիքի անդամների համար։ Բոլորովին վերջերս նաև մեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում քաղցկեղ ունեցող երեխաներին տեղադրվում են երկարատև կրման կենտրոնական երակային մուտքի սարք՝ քիմիաթերապիա ստանալու համար։ Սա բուժման ավելի ժամանակակից մոտեցում է, որը թույլ է տալիս չվնասել երեխաների ծայրամասային երակները և ուղղակի անընդհատ չծակել նրանց դեղորայք ներարկելու համար։ Մեկ խոսքով, ընդհանուր առմամբ, գոհ եմ երկու հիմնադրամների աշխատանքներից: -Դուք հաճախ ճանապարհորդում եք, ծանոթանում եք այլ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացին, փորձին: Ըստ ձեզ՝ ի՞նչն է պակասում մեր երկրում, ի՞նչ եք ձգտում կամ պլանավորում մեզ մոտ ավելացնել: -Մենք աշխատում ենք բացերը լրացնելու ուղղությամբ: Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած վերաբերմունքից, ավարտած ֆինանսական, տեխնիկական, շենքային խնդիրներով: Օրինակ, մենք չունենք հյուրատներ, որ այդ երեխաների ընտանիքներին կարողանանք տեղավորել: Ես ուր այցելել եմ, մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների համար նախատեսված բժշկական հաստատություններն ունեցել են հյուրատներ: Դա պարտադիր օղակ է: Երեխաները երկրի տարբեր հատվածներից են գալիս, ընտանիքների համար պետք է մնալու տեղ լինի: Այն ուղղված է այդ ընտանիքի ամբողջականությունը պահելուն, տնային պայմաններ ստեղծելուն: Մեր հիվանդանոցը շատ լավ վիճակում է, սակայն միևնույն է հիվանդանոցային պայմաններ են, հետևաբար՝ ձգտում ենք ունենալ հյուրատուն, որպեսզի երեխաների ծնողները, ընտանիքը տեղավորվի: Նախատեսում ենք մյուս տարի սկսել հյուրատան նախագծային աշխատանքները, որից հետո արդեն կկարողանանք նախաձեռնել դրամահավաքներ հստակ այդ ծրագրի համար, քանի որ այն լինելու է բավական թանկ և մեծ նախագիծ: Դրանից բացի, շուտով կսկսենք մանկական քաղցկեղի պալիատիվ բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Կարծես բոլոր նախապատրաստական փուլերը ավարտվել են, և այժմ արդեն շինարարի հետ պայմանագրային փուլում ենք: Այսինքն՝ աշխատում ենք բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ և՛ բժիշկների վերապատրաստում, և՛ պայմանների բարելավում, և՛ ինտեգրում: Ես շատ եմ կարևորում հետագա փուլում կանխարգելման ծրագրերի իրականացումը: Դեռ չենք կարողանում մտնել այդ դաշտ, որովհետև այս փուլում անելիքները շատ են: Մենք հույս ունենք, որ պետության հետ մեր ջանքերը միավորելով, կկարողանանք ավելի լավ արդյունքի հասնել: -Մենք ունենք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման բազմաթիվ հաջողված դեպքեր, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նման խնդրի առաջ կանգնած ընտանիքները ձգտում են երեխային դուրս տանել երկրից: Ըստ ձեզ՝ այդ անվստահությունը մեր բժշկության հանդեպ որտեղի՞ց է գալիս և ի՞նչ անելիքներ կան: -Անվստահության համար բազմաթիվ պատճառներ կան, կա նաև ավանդույթ, կամ այսպես ասած՝ սովորություն: Ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ, ակտիվացնում ենք միջազգային կապերը, ոլորտի լավագույն մասնագետների հետ շփումները: Իհարկե, մեր բժիշկները մինչև այդ էլ լավ կապեր ունեին, սակայն իմ այցելությունների արդյունքում այդ կապերն ավելի ամրապնդվել են, ավելի ինստիտուցիոնալ են դարձել: Մեր բժիշկներն առանձնակի դժվար դեպքերի պարագայում կապ են հաստատում դրսի մասնագետների հետ: Ես փորձում եմ պայմանավորվածություն ձեռք բերել, որ այն դեպքերում, երբ Հայաստանում բուժումը հնարավոր չէ, սակայն, օրինակ, Գերմանիայում հնարավոր է, ամենամատչելի հնարավորություններով կարողանանք փոխադրել երեխային այնտեղ: Այնպես որ, սերտ համագործակցություն կա, ինչը որոշ դեպքերում նվազեցնում է այդ անվստահությունը: -Տիկին Հակոբյան, 2018 թվականին դուք սկիզբը դրեցիք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: Երբ հետ հայացքով նայում եք արված աշխատանքին, արձագանքներին, զարգացումներին, արդյո՞ք արդարացվեցին ձեր սպասելիքները: -Նման նախաձեռնությամբ հանդես գալը հոգուց և սրտից էր բխում, մի բան, որ պարտավոր ես անել: Եթե հիմա հարցնեիք, կսկսեի արդյոք այդ արշավը, միանշանակ կասեի այո, դա կանեի՝ առանց որևէ բանի մասին մտածելու, որովհետև համարում եմ, որ դա իմ պարտքն էր: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա ասեմ, որ դրանք շատ տարբեր էին ու հետաքրքիր: Նախ` դրական արձագանքները գերակշռում են Հայաստանում, և երկրից դուրս՝ միջազգային հարթակներում: Մոտ 95 տոկոս դրական արձագանք է եղել: Ուզում եմ հատուկ առանձնացնել նաև իրենց որդիներին պատերազմական գործողությունների ժամանակ կորցրած մայրերի արձագանքը, որը նույնպես դրական էր: Որդեկորույս մայրն ասում է, թող ուրիշի որդին նույն ճակատագրին չարժանանա: Ինձ համար դա թիվ մեկ հիմնավորումն է, որ ես ճիշտ ուղղությամբ եմ գնացել: Նախաձեռնության վերաբերյալ բացասական գնահատականների մասնաբաժինը, թերևս, հինգ տոկոսի սահմաններում է: Այդտեղ ես կներառեի Ադրբեջանից հնչող արձագանքները, ինչպես նաև Հայաստանում տարբեր քաղաքական դրդապատճառներով հնչեցրած հայտարարությունները, որոնք շատ դեպքերում հարյուր տոկոսով համընկնում են: -Դուք նշել էիք, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Նույնիսկ խոսել էիք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ մտադրություն ունենալով հուշել Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա էլ իր երկրում խաղաղության կոչ անի: -Այո, իմ մտքերը այդ ժամանակ կիսեցի «Ավրորա» ֆորումի շրջանակում խաղաղությանը նվիրված հանդիպման ժամանակ: Իսկապես, նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, այս մոտեցումը համամարդկային է: -Անդրադառնանք Մեհրիբան Ալիևային ուղղված ձեր հրավերին՝ այցելել Արցախ: Ի՞նչը նման հայտարարության համար շարժառիթ հանդիսացավ և, ի՞նչ եք կարծում, արդյոք, կարևոր ուղերձները լայն հասարակությանը տեղ հասավ: - Շարժառիթը Ադրբեջանի առաջին տիկնոջ ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ ինձ ուղղված հարցն էր: Ինձ թվում է, այդ առաջարկի, հրավերի շուրջ մեր հանրության վերաբերմունքը, գնահատականները կրկին վերը նշած համամասնությամբ է: 95 տոկոս դրական արձագանք, 5 տոկոս՝ բացասական, այն էլ՝ բացառապես նախկին իշխանությունների մերձավորների եւ նրանց հետ կապ ունեցող անձանց կողմից, ովքեր իրենց բացասական կարծիքը հիմնավորելու համար կամ խեղաթյուրում են իմ խոսքը, կամ կոնտեքստից կտրում: -Տիկին Հակոբյան, տարվա ընթացքում դուք և ձեր ընտանիքը ուշադրության, ես կասեի, գերուշադրության կենտրոնում էիք, ինչն ուղեկցվում էր բազմաթիվ քննադատություններով: Ըստ ձեզ՝ հիմնական պատճառը ո՞րն է և ինչպե՞ս եք վերաբերում դրանց: -Կարծում եմ, որ բոլոր իշխանությունների դեպքում, բոլոր ղեկավարների ընտանիքները լինում են գերուշադրության կենտրոնում, և դա նորմալ եմ համարում: Ինձ թվում է բոլոր երկրների ղեկավարների կանայք են ուշադրության կենտրոնում, երբ ամեն մի քայլին, ամեն մի բառին հետևում են: Քննադատություն էլ կա, սակայն սեր, գնահատանք, ջերմ խոսքեր եւ բարեմաղթանքներ շատ ավելի շատ կան: Նորմալ երեւույթ է այդ ուշադրությունը: Կարեւորն այն է, որ կարողանանք երբեւէ չհիասթափեցնել մեզ սիրողներին, մեզ համար աղոթողներին: -Արդյո՞ք այս իրավիճակն ինչ-որ ձևով կաշկանդում է ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին: -Չէի ասի, թե կաշկանդում է, որովհետև մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք: Չենք խուսափում լինել հանրային վայրերում՝ ոչ մեր երեխաները, ոչ իմ ամուսինը, ոչ ես: Երբ ժամանակ ենք ունենում անպայման շարունակում ենք ընտանիքով գնալ այն վայրեր, որտեղ սիրել ենք հաճախել, հաճույքով ենք գնացել: Այսինքն՝ մենք մեզ չենք զրկում մարդկանց շրջապատում լինելուց: Բայց լինում են դեպքեր, որ ուշադրության կենտրոնում լինելով պայմանավորված՝ վերանայում ես այս կամ այն քայլդ, ընտրությունդ, թեկուզ հագուստի հետ կապված: Եղավ մի դեպք, երբ իմ հագուստի, ավելի շուտ՝ պայուսակի դետալներն էին լուսանկարվել ու քննարկվել: Շատ զարմանալի էր ինձ համար, դրանից հետո ավելի ուշադիր եմ լինում (ժպտում է-հեղ.): -Եղե՞լ են ձեզ ուղղված քննադատություններ, հրապարակումներ, որ զարմացրել են: -Շատ-շատ են եղել, երբ ոչ թե զարմացրել են, այլ՝ կյանքից հիասթափեցրել: Օրինակ, կառավարական ինքնաթիռով մեկնել եմ Ժնև, ամուսինս ինձ համար ավտոմեքենա է գնել, բիզնես դասով եմ ճամփորդել, Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով Փարիզից Նյու Յորք եմ մեկնել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել… բազմաթիվ են նման լուրերը: Եվ ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ լուրերն ինչպես են ծնվում, հատկապես լրատվամիջոցների կողմից հրապարակվող: Երբ մարդիկ միմյանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում տրանսպորտում, իրենց շենքի բակում, ես կարող եմ հասկանալ, բայց երբ դա դառնում է լուր կամ հոդված, չեմ կարողանում տվյալ ԶԼՄ-ի խմբագրի գործողությունների տրամաբանական ընթացքը պատկերացնել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
06:23 - 10 դեկտեմբերի, 2019
Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ

Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա:Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք: Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են: Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»։
09:55 - 04 դեկտեմբերի, 2019
Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին |armenpress.am|

Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։ Ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։ ‹‹Ես մաղթում եմ ձեզ առողջություն, ուզում եմ, որ դուք միշտ ժպտաք ու արագ հաղթահարեք բոլոր դժվարությունները։ Հայաստանում այս ձեռագործ տիկնիկները պատրաստել են ձեզ համար մեծ սիրով և ես հույս ունեմ, որ այս տիկնիկները ձեզ ուրախություն կպարգևեն››,- ասել է Աննա Հակոբյանը։ Ավելի ուշ Նգյուեն Հա Թանի և ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գործունեությունը։ ‹‹Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հաղթահարել հիվանդությունը։ Հենց դա է պատճառը, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ, որպեսզի Ձեր հաջողված փորձը տանեմ Երևան››,- ասել է Աննա Հակոբյանը՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը։ ‹‹Շնորհակալ ենք Ձեր այցի և այն նվերների համար, որ դուք բերել եք մեր երեխաներին։ Մենք միշտ համարել ենք Հայաստանը բարեկամ երկիր և մենք էլ լիահույս ենք, որ այս այցը կնպաստի ապագա համագործակցությանը››,- ասել է Նգյուեն Հա Թանը։ Արյան փոխներարկման ազգային ինստիտուտում տարեկան բուժում է 1200 պացիենտ, ևս 3000 պացիենտ բուժումը ստանում է տան պայմաններում։ Ինստիտուտում հիվանդությունը հաղթահարում է հիվանդների 80 տոկոսը։
07:34 - 06 հուլիսի, 2019
Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան |armenpress.am|

Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում: Ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։ ‹‹Շատ կարևոր է Ձեր այցը, և այն կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Ես գիտեմ, որ Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ այցելել Ձեր պատմական երկիրը››,- ասել է Թրան Նգյուետ Թուն։ ‹‹Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը հիասքանչ է, և ես իսկապես սիրահարվել եմ Ձեր քաղաքին։ Այն շատ գեղեցիկ է և շատ հարմարավետ։ Ես հիացած եմ Ձեր ժողովրդի հյուրընկալությունից։ Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր ամուսինը ժամանակ կգտնեք և կայցելեք մեր երկիր։ Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան և վստահ եմ, որ ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամությանը։ Ի պատասխան Թրան Նգյուետ Թուն շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն, և այսօր էլ պետք է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։ ‹‹Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում››,- ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։Աննա Հակոբյանը պատմել է Արցախի պատմության և Արցախի հիմնախնդրի մասին։ Այդ համատեքստում նա ներկայացրել է իր նախաձեռնած ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը՝ շեշտելով, որ արշավի նպատակը մեկն է՝ կանանց, մայրերի, քույրերի շնորհիվ բարձրացնել խաղաղության պահպանման հարցն ու կոչ անել հակամարտությունները լուծել ոչ թե զենքի, այլ խաղաղ ճանապարհով։ Թրան Նգյուետ Թուն ողջունել է նախաձեռնությունը՝ հավելելով, որ խաղաղությունը բացառիկ արժեք է։
12:37 - 05 հուլիսի, 2019
Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. պարզաբանում

Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. պարզաբանում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. «Ի պատասխան ս.թ. հուլիսի 2-ին «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին հարկ ենք համարում նշել հետեւյալը.«Իմ քայլը» հիմնադրամն ամեն օր ստանում է տասնյակ դիմումներ եւ զանգեր սոցիալական ու առողջապահական խնդրանքներով։ Եթե սոցիալական դիմումները դիտարկվում են աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում կամ ուղղորդվում են գործընկեր կազմակերպություններ, ապա առողջական դիմումների դեպքում առկա է ամիսների գործունեության ընթացքում հստակեցված մոտեցում, որն առնվազն երկու անգամ բարձրաձայնել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Այս տարվա փետրվարին, ապա մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսների ընթացքում նա խնդրել է «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել անհատական առողջական խնդիրներով. «Ես ներողություն եմ խնդրել և կրկին ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողանում այդ անհատական դիմումներին արձագանքել, որովհետեւ դրանք շատ մեծ թիվ են կազմում և շատ մեծ ռեսուրս են պահանջում, և եթե մենք զբաղվենք դրանով, ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվենք։ Երբ որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մենք մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաեւ մարդկանց այդ ճանապարհով օգնել»,- ասել է Աննա Հակոբյանը (https://mystep.foundation/hy/news/345/)։ Հիմնադրամին առողջական խնդիրներով դիմող քաղաքացիներին պատասխան տրվում է այս մոտեցման շրջանակներում։Հավելյալ հստակության համար նշենք. «Իմ քայլը» հիմնադրամն այս պահին չի զբաղվում առողջական խնդիրներով, թեպետ Հիմնադրամի աշխատակիցները ցավում են ստացված յուրաքանչյուր դիմումի համար։ Հիմնադրամն ունի ստանձնած հանձնառություններ, որոնք արդեն իսկ մեծ ռեսուրսներ են պահանջում, և այդ հանձնառություններից մեկն էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին աջակցությունն է, որը 2019 թվականի ընթացքում կազմելու է ավելի քան 194,800,000 դրամ (https://mystep.foundation/hy/our-work/237/)։ Խոշոր հանձնառություններից է նաեւ աջակցությունը Հայաստանի դասական երաժշտության պետական կոլեկտիվներին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել դրանց գոյությունն ու զարգացումը։ Այս ուղղությամբ Հիմնադրամը տրամադրում է ամսական ավելի քան 60 միլիոն դրամ (https://mystep.foundation/hy/our-work/178/)։ Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, անհրաժեշտ ենք համարում նշել միայն, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից համերգի կազմակերպմանն ուղղվել է ոչ թե 18 միլիոն դրամ, ինչպես նշված է հոդվածում, այլ մոտ 8,5 միլիոն դրամ։ Այդ գումարը Հիմնադրամը ստացել է որպես նպատակային նվիրատվություն, ինչը նշանակում է, որ այն կարող էր ծախսվել միայն այն նպատակով, ինչ նպատակով որ նվիրատուն փոխանցել էր Հիմնադրամին։ Հայկ Սեխիլյանի անունից չի ստացվել Հիմնադրամում՝ ոչ էլեկտրոնային փոստով, ոչ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բազմաթիվ հեռախոսազանգերի մեջ հիմնադրամի աշխատակիցները չեն առանձնացրել նրա զանգը եւ հնարավոր է, որ զանգի պահին էլ չեն ըմբռնել ում հետ են խոսում եւ տվել են առողջապահական խնդիրների վերաբերյալ դիմումների ստանդարտ պատասխանը։Սակայն սույն թվականի հունիսի 14-ին Հայկ Սեխիլյանը նամակ է գրել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, որին ի պատասխան նրան խնդրել ենք հեռախոսահամար տրամադրել, որպեսզի իր հետ հնարավոր լինի մանրամասն քննարկել հարցը։ Հեռախոսազրույցում Հայկ Սեխիլյանը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակին ներկայացրել է իր առողջական վիճակը, բուժման հնարավորությունները։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայկ Սեխիլյանը կուղարկի իր առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրա բուժումը։ Հայկ Սեխիլյանին ասվել է, որ նրա հարցով կզբաղվենք և իր հետ կապ կհաստատենք, երբ գտնենք բարերարների կամ կազմակերպությունների, որոնք կօգնեն ապահովել այդ թանկարժեք վիրահատությունը։ Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխիլյանի առողջական վիճակն ու փորձել ենք գտնել աջակցության որևէ տարբերակ։ Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխիլյանին օգնելու համար։Վերջին մեկ տարվա ընթացքում Աննա Հակոբյանը քաղաքացիներից ստացել է մի քանի հազարի հասնող նամակ և հեռախոսազանգ, որոնց պատասխանում է Աննա Հակոբյանի օգնականը։ Օգնականը պատասխանատու է նաև Աննա Հակոբյանի ամենօրյա հանդիպումների և արտասահմանյան այցերի կազմակերպման համար, քաղաքացիների խնդիրներին արձագանքում է այդ աշխատանքին զուգահեռ։ Նամակների մեծ մասը ստանում է աջակցություն կամ մեր միջնորդությամբ ուղղորդվում որևէ կազմակերպություն, պետական գերատեսչություն։ Այս ընթացքում Աննա Հակոբյանին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների պատմությունները գերազանցում է հարյուրը․ հարկ է նշել, որ դրանցից որևէ մեկին մասին չի բարձրաձայնվել կամ լուսաբանվել՝ Աննա Հակոբյանի պահանջով։ Սակայն հաշվի առնելով հարցի շուրջ հանրային նման ուշադրությունը անհարկի մեղադրանքներին վերջ տալու համար ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում մեր միջնորդությամբ միայն բժշկական օգնություն ստացած քաղաքացիների պատմություններից մի քանիսը։Սբ․Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում ստացող Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Լևոն Դավթյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ դեղամիջոցի ձեռք բերման համար Աննա Հակոբյանի անձնական խնդրանքով բարերարների կողմից տրամադրվել է 4 միլիոն դրամ։ Այժմ Լևոն Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Արթիկից թոշակառու Կարինե Հովհաննիսյանը բժշկական հետազոտություն է ստացել Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, իսկ այժմ համապատասխան բուժում է ստանում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։7-ամյա Նորայր Մանուկյանն էլ, ով կուրացման խնդիր ունի, Աննա Հակոբյանի միջնորդությամբ բժշկական հետազոտություն է անցել Սանկտ Պետերբուրգում։Վրեժ Քյարունցի Հեպատիտ C-ով տառապող 24-ամյա դստերը Հնդկաստանում փոխպատվաստումը կատարելու համար ապահովել ենք ավիատոմսերով։ Հանրային ուշադրության կենտրոնում հայտնված, բայց չբարձրաձայնված դեպքերից է նաև սամբիստ Կոլյա Կարապետյանի դեպքը։ Աննա Հակոբյանի միջնորդությամբ բժշկական տարբեր կենտրոններում մի քանի ամիս շարունակ նրան տրամադրվել է անվճար բուժում։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Առաջիկայում հանդես կգանք ծավալուն հաշվետվությամբ և կներկայացնենք ‹‹Իմ քայլը›› և ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամների կատարած աշխատանքից զատ Աննա Հակոբյանին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների մասին համապարփակ տեղեկատվություն»։
06:47 - 03 հուլիսի, 2019
«City of smile/ժպիտների քաղաք»-ը դրամահավաքներ կկազմակերպի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը նաև արտերկրում անցկացնելու համար |armenpress.am|

«City of smile/ժպիտների քաղաք»-ը դրամահավաքներ կկազմակերպի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը նաև արտերկրում անցկացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատվավոր խորհրդի անդամ Շանթ Շեխերեդմյանը, ինչպես նաև պաշտոնատար չքվեարկող անդամներ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Էսթեր Դեմիրճյանը նիստում ներկայացրել է հունվարից մայիս ժամանակահատվածում հիմանդրամի կատարած աշխատանքներն ու ֆինանսական ծախսերի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել ապրիլ ամսին ԱՄՆ այցի ժամանակ հիմնադրամի ունեցած հանդիպումների և բարեգործական ընթրիքների ժամանակ ստացված արդյունքներին: Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է ԱՄՆ-ում հիմնադրամի մասնաճյուղ բացելու հնարավորությունը: Նիստին հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ քաղցկեղով հիվանդ այն երեխաները, ովքեր բժշկական կոնսիլիումի որոշման հիման վրա չեն կարող բուժվել Հայաստանում, սակայն կարիք ունեն բուժում ստանալ արտերկրում, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն առանձին կնախաձեռնի դրամահավաք-արշավ կոնկերտ դեպքերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Խորհրդի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:
15:37 - 27 հունիսի, 2019
Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից: Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: «Առաջին հերթին ուզում եմ մաղթել ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ասել, որ դուք ուշադիր լինեք, պատասխանատու, հավասարակշռված և զուսպ բոլոր իրավիճակներում: Դա կարևոր է մեզ համար` Ձեր մայրերի համար, որովհետև երբ մենք տանն ենք` մեր որդին բանակում, մենք ուզում ենք, որ մեր որդիների հետ ոչինչ չպատահի: Մենք գիտենք` ինչ բարդ իրավիճակներ կան, բայց մենք ուզում ենք ապավինել ձեր բարձր գիտակցությանը և ուզում ենք Ձեզ խնդրել լինել զգոն: Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք: Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք և երբևէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետև ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանուն ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,- ասել է Աննա Հակոբյանը` հավելելով, որ վստահ է, որ հրամանատարությունը լավագույն կերպով կատարում է իր գործը` ինչպես զորամասի ներսում դաստիարակչական աշխատանքների տարման և զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու, այնպես էլ արտաքին թշնամու սադրանքները չեղոքացնելու ուղղությամբ: «Խրամատից այս կողմ մենք թշնամի չունենք, մեր թշնամին խրամատից այն կողմ է»,- հավելել է գնդապետ Մարտին Ջհանգիրյանը:Հոսպիտալում շրջայցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է այդ պահին բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին, զրուցել բուժանձնակազմի հետ:
09:04 - 25 հունիսի, 2019
Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի´ երեխաներ եւ հարգելի´ ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերեւս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր մեծի ցանկությունն է, անել առավելագույնը, որ Ձեր մանկությունը լինի առողջ, անհոգ ու ապահով, որ ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա եւ հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:Ցանկանում եմ, որպեսզի դուք ապրեք ներառական հասարակությունում, լինեք սոցիալապես պաշտպանված ու կարողանաք օգտագործել կրթություն ստանալու ձեր իրավունքը:Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռեւս ունենք բավական անելիքներ: Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի: Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ:Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ Ձեզ սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:
08:30 - 01 հունիսի, 2019
Ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել. Աննա Հակոբյանը՝ որդու մասին |aysor.am|

Ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել. Աննա Հակոբյանը՝ որդու մասին |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Երևանում շարունակելու: «Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնայի Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», - պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանում լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան, ասաց Աննա Հակոբյանը:Նա ընդգծեց, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր:Հարցին՝ արդյոք Երևանում եղած ժամանակ Աշոտ Փաշինյանը մնացել է ծնողների տանը, Հակոբյանը պատասխանեց.«Ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը»:
09:03 - 27 մայիսի, 2019