Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

ՌԴ-ում ՀՀ դեսպանը, Ռուսաստանի հայերի միությունը բանակցել են «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերի հետ, հույս ունենանք՝ խնդիրը կկարգավորվի․ Զոհրաբյանը՝ շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ լարվածության մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանը, Ռուսաստանի հայերի միությունը բանակցել են «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերի հետ, հույս ունենանք՝ խնդիրը կկարգավորվի․ Զոհրաբյանը՝ շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ լարվածության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մոսկվայի գյուղմթերքների շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ առաջացած լարվածությանը։ Նա մասնավորապես նշել է, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունի, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի: Գրառումը՝ ստորև․ «Մենք բացառիկ ժողովուրդ ենքԻնչպես գիտեք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանական մաֆիան ամեն կերպ խոչընդոտում էր և թույլ չէր տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով: Եվ երեկ, երբ շատերս կոչով դիմեցինք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին՝ հորդորելով օգնել, գնալ և հենց բեռնատարներից գնել հայկական գյուղմթերքը, սիրելիներս, տեղի ունեցավ իսկապես ֆանտաստիկ մի բան. Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր իրազեկվեցին, որ նման խնդիր կա, հարյուրավոր կիլոմետրեր հատելով շարժվեցին դեպի տարբեր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Վորոնեժ և այլ քաղաքների գյուղատնտեսական շուկաներ, որտեղ, ադրբեջանցիները, ձեռք բերելով շուկաների սեփականատերերի հետ համաձայնություններ, տարբեր արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չէին տալիս մեր բեռնատարների մուտքը շուկաների տարածք և ժամերի ընթացքում Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ:Երեկ ամբողջ գիշեր ինձ զանգահարում էին Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ապրող մեր հայրենակիցները և ասում էին, որ պատրաստ են մեծ ծավալի ծիրան գնել, կոնտակտներ էին խնդրում Հայաստանից տեղափոխված բեռնատարների վարորդների և ֆերմերների, որպեսզի անմիջապես նրանցից կարողանան ձեռք բերել գյուղմթերքն ու հատկապես ծիրանը, որը ևս մեկ օր ու տոննաներով ծիրանը փչանալու էր:Իսկապես հուզիչ էր տեսնել նման աննախադեպ միասնություն և ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որ մեկ մարդու պես միավորվեցին և հատելով անգամ Մոսկվայից 100-200 կիլոմետր, հասան «Ֆուդ սիթի» շուկա և օգնեցին հայաստանցի իրենց հայրենակիցներին:Սա ևս պատերազմ էր և էս պատերազմում ևս մենք հաղթեցինք:Քիչ առաջ տեղեկացա նաև, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունենանք, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի:Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր արձագանքելով կոչին ՝ մեկ բռունցք դառած աննախադեպ հայրենասիրության օրինակ ցույց տվեցին»։
14:08 - 18 հուլիսի, 2020
Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլի ոճի «աղետով». Forbes-ի անդրադարձը |armenpress.am|

Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլի ոճի «աղետով». Forbes-ի անդրադարձը |armenpress.am|

armenpress.am: Հայկական ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անտարբեր չեն թողել նաև հեղինակավոր Forbes-ին, ամսագիրը նկատել է` «Ադրբեջանը կովկասյան դրոնային պատերազմում սպառնում է Չեռնոբիլի ոճով «աղետով»: Հոդվածագիր Դեյվիդ Համբլինգը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին վերածվել է բաց պատերազմի: Երկու կողմերն էլ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, սակայն Ադրբեջանը հիմա սպառնում է օգտագործել իր հնարավորությունները՝ հարվածելու Հայաստանին միակ ատոմակայանին: Forbes-ը նկատել է, որ առավել մտահոգիչ զարգացումը Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքն է: Դարգյախլին հայտարարել է, որ իրենց զենքերը «ունակ են բարձր ճշգրտությամբ հարվածելու Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար կվերածվի մեծ աղետի»: Հեղինակը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970-ականներին, հենց այդ ժամանակ է կառուցվել նաև Չեռնոբիլի ատոմակայանը։ Հոդվածագիրը նկատել է, որ այս սպառնալիքն արվել է Հայաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքից հետո, թե իբր կհարվածի Մինգեչաուրի ջրամբարին: «Հայաստանը հերքում է նման սպառնալիքը՝ ասելով, որ երբեք չեն հարվածում քաղաքացիական թիրախներին և չեն սպառնացել հարվածել ջրամբարին»,-գրել է հոդվածագիրն ու նկատել՝ մինչդեռ, ինչպես Դարգյախին է նշել, Ադրբեջանը տիրապետում է մի շարք բալիստիկ հրթիռների:
13:41 - 18 հուլիսի, 2020
Ուկրաինան պետք է մնա չեզոք․ Գերագույն ռադայի պատգամավորը քննադատել է ԱԳՆ հայտարարությունը |armenpress.am|

Ուկրաինան պետք է մնա չեզոք․ Գերագույն ռադայի պատգամավորը քննադատել է ԱԳՆ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։ Տելեգրամի էջում պատգամավորը իր հայտարարության մեջ ցավով նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվել է և առկա է առճակատման իրական վտանգ։ «Տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանի ուղղությամբ, ինչը կարող է բերել սարսափելի աղետի: Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կհետևի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում»,- ասել է պատգամավորը։ Անտոն Պոլյակովը կոչ է անում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության դիվանագետներին խոսել ռացիոնալ դիրքերից, կողմերից մեկի աջակցության համար անիմաստ հայտարարություններն արդեն հասցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի: «Ոզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային (Ուկրաինայի ԱԳ նախարար-խմբ.), որ նրա գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, և ոչ թե հակառակը։ Սադրանքներ և սխալներ չպետք է լինեն: Ուկրաինան պետք է մնա չեզոք», - ասել է քաղաքական գործիչը:
13:28 - 18 հուլիսի, 2020
Հայաստանի դեսպանն Էստոնիայի հանրային հեռուստաընկերությանը պատմել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հայաստանի դեսպանն Էստոնիայի հանրային հեռուստաընկերությանը պատմել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հուլիսի 17-ին Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը ծավալուն ռեպորտաժով Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին, հայտնում է ԱԳՆ-ը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի սղագրության էստոներենից թարգմանությունը․ «Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ ռազմավարական թիրախի։ Էստոնիայում ՀՀ Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի են: Ըստ Տիգրան Մկրտչյանի, բախումներն այս պահին ընթանում են ՀՀ պետական սահմանին, սակայն Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ թե խաղաղ, այլ ուժի միջոցով լուծելն է: Ըստ ՀՀ դեսպանի, դա անհնար է: Դեսպան Մկրտչյան․ «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մեծ պատերազմ է եղել, մոտ երեսուն հազար մարդ է զոհվել բոլոր կողմերից` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից։ Այսպես թե այնպես, յուրաքանչյուր հակամարտությունից հետո մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ. սա այլընտրանք չունի»։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ արեց երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ, իր կարծիքով, «անիմաստ բանակցությունների» համար: Ըստ ՀՀ դեսպանի, դա էլ հավանաբար Ալիևի ագրեսիվ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն է: Դեսպան Մկրտչյան․ «Մենք Բաքվում տեղի ունեցած ցույցի ականատես եղանք, որտեղ հորջորջում էին «մա՛հ հայերին», հնչում էին բոլոր տեսակ հայատյաց և հակահայ կոչեր։ Դա շատ մտահոգիչ էր, և ցույցը միայն ցրվեց, երբ այն սկսեց հակաիշխանական երանգ ստանալ»։ ՀՀ դեսպանը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահները տարիներ շարունակ սեղանին է դնում երկու երկրների միջև խաղաղության հաստատման իր առաջարկությունները: Հայաստանը համաձայնում է այդ առաջարկների հիման վրա առաջ ընթանալ, բայց Ադրբեջանը մինչ օրս անտեսում է դրանք: Դեսպանը հերքում է շահարկումները, որ Ադրբեջանում հայկական հակամարտության ստվերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն է, որը կարծես նման ստվերային պատերազմ է՝ ինչպիսին Սիրիայում կամ Լիբիայում: Ըստ Մկրտչյանի, Ռուսաստանն իրականացնում է միջնորդական առաքելություն և Հայաստանին այս բախումների ընթացքում ռազմական տեխնիկայով կամ որևէ այլ միակողմանի եղանակով չի աջակցել: Սակայն, դեսպան Մկրտչյանը գտնում է, որ Թուրքիայի պահվածքն անընունելի է: Դեսպան Մկրտչյան․ «Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, և նա միջազգային հանրության այն փոքրաթիվ անդամներից մեկն է, որ իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ավելի կառուցողական ու խաղաղ դաշտ բերելու կոչ անելու փոխարեն կրակի վրա յուղ է լցնում։ Ըստ Մկրտչյանի, նման պահվածքը անթույլատրելի է Թուրքիայի՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար: Դժբախտաբար, մեր հաղորդմանը չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Ադրբեջանի դեսպանի կողմից: Սակայն, ըստ Ադրբեջանի դեսպանատան կայքում տեղադրված նյութերի, այս անգամ «Հայաստանի հակամարտությունը Ադրբեջանի դեմ համարում է Հայաստանի ագրեսիայի շարունակությունը»:  
12:17 - 18 հուլիսի, 2020
Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, հայտնեց, որ սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, բայց, ինչպես հայտնել ենք, Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն առավոտյան խոցել են ադրբեջանական ԱԹՍ։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՊՆ ներկայացուցիչը նկատեց՝ ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տեւական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են տարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում, եւ այլն․ «Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք տալիս՝ ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել, խնդրում եմ վերջ տանք նման մեկնաբանություններ ծավալելուն»,- ասաց նա։  Ինչ վերաբերում է Արցախում այսօր խոցված ադրբեջանական ԱԹՍ-ին, Հովհաննիսյանն ասաց, որ դա որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախից առանց այդ մարտերի էլ պարբերաբար խոցվում են ԱԹՍ-ներ։ Միեւնույն ժամանակ նա նշեցմ որ թեեւ սա ցուցիչ չէ, բայց ոչ էլ կարելի է բացառել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ։ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով տեսնում ենք, եւ հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կկարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, եւ գործողությունները մեզ համար պարզ են․ «Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված»։ Բանախոսը հայտնեց, որ հակառակորդի «ORBITER-3»-ն այսօր խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը դարձյալ մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։ Նա նշեց, որ անզեն աչքով էլ երեւում է, որ թե՛ ԱՀ ՊԲ-ն, թե՛ ՀՀ ԶՈՒ-երը շատ լավ պայքարում են ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ։ «Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկն, ըստ էության, չի դրսեւորել բարձր մարտունակություն եւ արդյունավետություն, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը, եւ տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կարծես թե բացառապես Իսրայելից է գնում, եւ որոնք շատ թանկ են, իսկ այդ գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։
11:47 - 18 հուլիսի, 2020
Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի․ Ժոզեֆ Սիգելե

Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի․ Ժոզեֆ Սիգելե

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը «…Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ). Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»:
10:29 - 18 հուլիսի, 2020
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները |armenpress.am|

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը պարտավորվում է պահպանել միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմանագիրը և չհարձակվել հայ բնակչության վրա, այդ թվում` Արցախում։ Նման ագրեսիվ գործողությունները պետք է դատապարտվեն Ավստրալիայի և այլ երկրների կառավարությունների կողմից, հատկապես այս ժամանակահատվածում, երբ աշխարհը պայքարում է համաշխարհային համավարակի դեմ»,- նշված է բարեկամական խմբի հայտարարության մեջ, որը ստորագրել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի համանախագահ Ջոնաթան Օ՝Դին և նախագահի տեղակալ Ուոլթ Սեկորդը։
21:45 - 17 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այս մասին ԱԺ նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում։«Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջւանի համար։Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով», - գրել է Արարատ Միրզոյանը։
18:07 - 17 հուլիսի, 2020
Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Հայաստանի քրդական համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի քրդական համայնքի հայտարարությունը ստորև․ «Հուլիսի  12- ին ադրբեջանական  բանակը  լայնածավալ  դիվերսիա  կատարեց Հայաստանի  պետական սահմանի  վրա  և  երկուստեք  կան  զոհեր։ Հենց  առաջին  օրվանից  թուրքական  իշխանությունը  տարածեց  հայտարարություն , որ  ինքը  զորակցում  է  Ադրբեջանին  և  միշտ  կանգնելու  է  նրա  կողքին։ Թուրքական  իշխանությունները  նույն  ձևով  բացահայտ  կերպով  հայտարարում  են,  որ  պետք  է  ոչնչացնել  քրդերին  և  մեծ  թափով  ամեն օր  ցեղասպանություն  են  կատարում  քրդերի  նկատմամբ։  Մենք դատապարտում  ենք  թուրքական  պետության  այս  հայտարարությունը և  Ադրբեջանի  կատարած  ագրեսիան  Հայաստանի  պետական  սահմանի  վրա  և  մեր  զորակցությունն  ենք  հայտնում  հայ  ժողովրդին  և  միշտ  կանգնելու  ենք  նրա  կողքին»։
17:46 - 17 հուլիսի, 2020
Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության համար |armenpress.am|

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության համար |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի մեկնաբանությունը ստորև․ «Մենք հետևել ենք հուլիսի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով: Այդ առնչությամբ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
17:43 - 17 հուլիսի, 2020
Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն |24news.am|

Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն |24news.am|

24news.am: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, նա հույս ունի, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և խնդրի լուծում գտնել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։ «Շատ ցավալի է այն ամենն, ինչ տեղի է ունենում, վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների և սպանվածների մասին, ես մեծ հույս ունեմ, որ այս ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի: Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել՝ առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի»,- ասել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջով տարածված տեսանյութում: 
15:33 - 17 հուլիսի, 2020
ԱՄՆ-ը վերստին կրակի անհապաղ դադարեցման կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

ԱՄՆ-ը վերստին կրակի անհապաղ դադարեցման կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները վերստին կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակն ու ու խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Պետդեպարտամենտի խոսնակի ու պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարություններից հետո` երեկ էլ այս մասին խոսել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավար, դեսպան Ջեմս Գիլմորը: Ելույթ ունենալով մշտական խորհդի նիստում` դիվանագետը տեղեկացրել է կառույցին անդամակցող մյուս պետություններին, որ Մինսկի խմբի միջնորդներն ակտիվ են և զբաղվում են խնդրով: Վերջիներս, ըստ դեսպանի, նախօրեին հանդիպել են ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներին, ինչպես նաև Մինսկի խմբի մյուս պետություններին, ու մանրամասներ ներկայացրել իրավիճակից: «Ես այդ հանդիպմանը նշեցի` շատ կարևոր է, որ համանախագահները թափանցիկ ու ակտիվ աշխատեն և լինեն բանակցություններին աջակցողի և արձագանքողի դերում», - ասել է Ամերիկայի դեսպանը: Ներկայացնելով Վաշինգտոնի դիրքորոշումը` Ջեյմս Գիլմորն ընդգծել է. - «Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան խնդրի տևական ու խաղաղ կարգավորմանը օգնելու հանձնառությանը, և մենք կմնանք ակտիվ `այդ նպատակին հասնելու ջանքերում»:
15:11 - 17 հուլիսի, 2020