Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:  
21:43 - 09 փետրվարի, 2020
Հանրաքվեից վախենալ պետք չէ, կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան |tert.am|

Հանրաքվեից վախենալ պետք չէ, կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան |tert.am|

tert.am:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը, մասնավորապես, ասել է. «Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով: Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երեւույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը, կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն: Իրավիճակը հաճախ ինձ հիշեցնում է հին խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ողջ սովետական ժողովրդին. քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են: Եվ այդ սահմանափակության սահմաններում, կարծում եմ, պետք է աշխատել: Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում: Սա բավականին կարևոր խնդիր է: Բերեմ շատ ավելի պարզ օրինակ: Ենթադրենք նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը: Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում: Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եւ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել: Կամ որոշ երկրներում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել Ազգային ժողով՝ ասելով, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը, սակայն այս կամ այն կետերով ձևակերպումները վնասակար են լինելու, ենթադրենք, երեխաների կրթության կամ մեր ընտանեկան արժեքների, գյուղատնտեսության զարգացման համար և այլն: Մեր կյանքը շատ ավելի բարդ է, քան օրենքներն են: Ամենակարևոր օրենքը՝ Սահմանադրությունն, այն սահմաններն են, կարմիր գծերը, որոնք մենք չպետք է անցնենք: Սակայն այդ կարմիր գծերի ներսում կյանքն է եռում և իր օրինաչափությունն ու օրենքներն ունի: Հետևաբար, եթե հնարավորություն լիներ դիմել Ազգային ժողովին և ասել՝ հարգելի պատգամավորներ, նախագահն այս օրենքը ուղարկում է կրկին ձեր ուշադրությանը և գտնում է, որ այսպիսի վտանգներ կան... Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական... Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իմ վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել- չստորագրելուն»: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան, նախագահ Սարգսյանն ասել է. «Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը: Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ...Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել: Իրական պատճառն այն է, որ օրենքը, մեր կարծիքով, ունի Սահմանադրության հետ հակասություններ, ուստի ուղարկվել է Սահմանադրական դատարան»: Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր: Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:
16:06 - 07 փետրվարի, 2020
Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am: Հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, լրագրողներին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը պե՞տք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: «Վենետիկի հանձնաժողով կամ որևիցե միջազգային փորձաքննության այս կամ այն նախագծի ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Մենք այս դեպքում գործ չունենք լայնամասշտաբ գործողությունների հետ», - ասաց նա: Վարդանյանը նշեց՝ այս պահի դրությամբ կա խորհրդարանի որոշումը, որի հիման վրա նախագահը պիտի հանրաքվե նշանակի, դրանից հետո արդեն հնարավոր կլինի բովանդակային հարցեր քննարկել: «Քանի դեռ հանրաքվեն նշանակված չէ, չենք կարող խոսել ընթացքի մասին։ Հենց կլինի նախագահի ստորագրությունը, կարող ենք անդադառնալ այս հարցերին: Նախագահի ստորագրությունից և հանրաքվեի օր նշանակելուց հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին», - ասաց նա: Երեկ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի: Նախագիծը հաստատելու համար նախագահը պետք է ստորագրի այն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահություն էր հայտնել, որ նախագահը կստորագրի նախագիծը՝ նշելով, որ, հավանաբար, հանրաքվեն տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլիի սկզբին:
10:49 - 07 փետրվարի, 2020
Իդլիբում Ասադի հաջողություններից անհանգստացած Թուրքիան տանկեր է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

Իդլիբում Ասադի հաջողություններից անհանգստացած Թուրքիան տանկեր է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաջողություններով ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգում։ Թուրքիան 20 տանկից բաղկացած շարասյուն է ուղարկել Իդլիբ նահանգում գտնվող թուրքական դիտակետերի ուղղությամբ։ Նշվում է, որ այդ զորաշարժը նպատակ ունի ավելի ամրապնդել թուրքական դիտակետերն Իդլիբում։ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։ Ավելի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։
08:17 - 07 փետրվարի, 2020
Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության,  իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին․ ՀՀԿ

Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։ Հարկ ենք համարում ընդգծել, որ սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո այն կատարում է իր առաքելությունը և այլևս փոփոխության ենթարկվել չի կարող։ Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015 թվականից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ։ Տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին: Առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից: Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին։ Անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Հաշվի առնելով Հայաստանի պետականությանը սպառնացող այս արկածանդրության ողջ վտանգներն ու հետևանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Արձանագրում է, որ նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե Նիկոլ Փաշինյանը, թե պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք: Պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ: Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին: Նախազգուշացնում է, որ նման գործողությունները հարված են հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ:
06:00 - 07 փետրվարի, 2020
Սա նաև վստահության հանրաքվե կլինի իշխանության համար |lragir.am|

Սա նաև վստահության հանրաքվե կլինի իշխանության համար |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։ Ընդդիմադիրները բարձրաձայնում էին, որ ՍԴ խնդրի լուծման այն տարբերակը, որ ընտրել է իշխանությունը, հակասահմանադրական ու հակաիրավական է։ Սա կոնկրետ Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխություն է, և որպեսզի այդ փոփոխությանը բարձր լեգիտիմություն ապահովենք, մենք իրացնում ենք Սահմանադրության երկրորդ հոդվածի առաջին մասը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցանկացած օրենք, իրավական ակտ պետք է բխի ժողովրդի շահերից։ Վստահ եմ, որ սրա հետ բոլորը համաձայն են։ Եթե այդ իրավունքը բխում է ժողովրդի կամարտահայտությունից, նա չի կարող լինել հակաօրինական կամ հակասահմանադրական։ Այո, Սահմանադրությամբ մենք այսօր ունենք փակուղային իրավիճակ, որովհետև 2015-ի սահմանադրական փոփոխություններով ուղղակիորեն ԱԺ-ից խլվել են իր իրավասությունները, որոնք Սահմանադրության 168 հոդվածի երկրորդ մասում են ամրագրված և 169 հոդվածի առաջին կետում։ Փաստացի ստացվում է, որ եթե որևէ փոփոխություն ցանկանանք իրականացնել, պետք է անպայման դիմենք ՍԴ։ Այստեղ մեկ բաց կա. երբ խոսվում է, որ ԱԺ չի քվեարկում, ապա պատգամավորների 3/5-ի որոշումով կարող է այն ուղարկվել հանրաքվեի, բայց չի խոսվում՝ առաջին ընթերցումի՞ց, թե երկրորդ ընթերցումից հետո։ Մենք օգտվել ենք այդ փոքրիկ բացից։ Այո, դա վիճելի է, հակառակ պարագայում մենք ունենք փակուղի վիճակ, և սրա հետ համաձայն են շատ սահմանադրագետներ, որ առանց Սահմանադրությունը շրջանցելու այս վիճակին հնարավոր չէ լուծում տալ։ Սա է պատճառը, որ ԱԺ-ն կամ կառավարող խմբակցությունը չի գնում միանձնյա որոշման։ Մենք չենք ուզում իշխանությունը կենտրոնացնել մեր ձեռքում, բայց այն, որ իշխանության մեջ պետք է աշխատի զսպման և հակակշիռների մեթոդը, և այժմ այդ իշխանությունը գերկենտրոնացած է ՍԴ-ում, դա վիճելի չէ։ Սա է պատճառը, որ մենք հարցն այսօր դնում ենք հանրաքվեի։ Որքանո՞վ է տրամաբանական 1-2 տարվա ընթացքում երկու հանրաքվե իրականացնել, որովհետև մենք գիտենք, որ նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է աշխատի։ Այո, աշխատանքային խումբն աշխատում է Սահմանադրության վրա, և դա հարց է՝ մենք կունենանք սահմանադրական փոփոխություններ, թե նոր Սահմանադրություն։ Իսկ այստեղ խոսքը կոնկրետ մեկ հոդվածի մասին է, և եթե մենք իսկապես ուզում ենք զարգացնել հանրաքվեի ինստիտուտը, իրացնել ուղիղ ժողովրդավարության միջոցով, ապա սա լավագույն տարբերակն է։ Հանրության մեջ պահանջ կա՞ օր առաջ ՍԴ-ի խնդիրը լուծելու։ Մենք ոչ թե ՍԴ-ի հարցն ենք լուծում, այլ երկիրը բերում ենք Սահմանադրության դաշտ։ Այստեղ շատ կարևոր տարբերություն կա. մենք ոչ թե կոնկրետ իշխանության ճյուղի կամ անդամներին ենք փորձում տուն ուղարկել, այլ փորձում ենք երկրում իրապես ստեղծել իշխանության երեք ճյուղերի տարանջատում, որն այսօր խախտված է։ Կա՞ այդ պահանջը. Եթե կա, ապա այն կարտահայտվի հանրաքվեի միջոցով։ Շատերին թվում է, թե հանրաքվեն շատ հեշտ և դյուրին մեթոդ է։ «Հանրաքվեի մասին» օրենքը ասում է, որ հանրաքվեն համարվում է կայացած, եթե քվեարկում է հանրաքվեին մասնակցություն ունեցողների առնվազն 25 տոկոսը, դա մոտավորապես 650 հազար մարդ է։ Մենք շատ մեծ պատասխանատվության տակ ենք այսօր մտնում, ու սա անում ենք գիտակցաբար։ Շարունակությունը՝ lragir.am-ում
05:32 - 07 փետրվարի, 2020
Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020
Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ և խոսեց Սահմանադրական դատարանի անդամների երկար պաշտոնավարման խնդրահարույց լինելու մասին։ «Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ եթե այսօր Սահմանադրության փոփոխություն չլինի, ապա Հրայր Թովմասյանը Սահմանադրական նախագահի պաշտոնում կմնա մինչև 2035-ը։ «Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Սահմանադրական դատարանի անդամներին կոչ արեց հրաժարական ներկայացնել իրենց պաշտոններից և պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլորին՝ միասին կամ առանձին-առանձին։ «Սահմանադրությունն է ժողովրդի համար, և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
16:46 - 06 փետրվարի, 2020
«Իմ քայլը» ՍԴ վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից.Լիլիթ  Մակունց |armenpress.am|

«Իմ քայլը» ՍԴ վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից.Լիլիթ Մակունց |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելը պայմանավորում է նրանով, որ այդպիսով երկիրը հետ կպահվի անցանկալի ցնցումներից: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրավունք ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները: Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկրի հետ պահել անցանկալի ցնցումներից»,- ասաց Մակունցը: Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:  
15:33 - 06 փետրվարի, 2020
Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան |armtimes.com|

Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության երկրորդ հոդվածին հղում անող իմ իշխանական գործընկերները խոսում են այն մասին, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ ՏԻՄ-երի եւ պաշտոնատար անձանց միջոցով, ինչը որեւէ մեկը չի վիճարկում, բայց չեն անդրադառնում դրույթին, որտեղ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը եւս սահմանափակումներ ունի եւ սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով։ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Հենց այդ հանրային իշխանությունն է պարտական եւ պատասխանատու՝ հարգել ու պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Ես հասկացա ինձ համար մի ցավալի հանգամանք՝ մարդ ասելով՝ իշխանականները հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, որոնք կիսում են իրենց տեսակետը։ Եվ երբ տարակարծիք են լինում, չեն համաձայնում, այդ տարակարծությունը ձեւակերպվում է «պետական շահի դեմ»»։ Թանդիլյանի խոսքով՝ զարմանալի չէ այս քննարկումը, որտեղ մարդու հիմնարար ազատությունները սահմանող հանրաքվեի առաջարկություն են անում՝ այդ իրավասությունը չունենալով․ «Եվ չի կարող անգամ ժողովուրդը մարդու հիմնարար ազատությունները սահմանափակել, որովհետեւ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, սահմանափակված է դրանցով։ Ինչո՞ւ տանել ժողովրդին այդ ճանապարհով, ինչո՞ւ այդ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։ Որովհետեւ պատասխանատվություն է նման ձեւով ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները։ Այս դրույթները, նման կարգավորումները չեն կարող դրվել հանրաքվեի։ Դա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ մարդիկ իրենց տեսակետը արտահայտեն մահապատժի վերաբերյալ, մենք որոշենք, որ բարձրագույն իշխանության կրողը՝ ժողովուրդը, որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ։ Ի՞նչ արդյունք կունենանք։ Կան դրույթներ, որոնք չեն դրվում հանրաքվեի, հետեւաբար, մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարման մոտեցումը, որը սահմանված է այս նախագծով, նմանատիպ կարգավորում է եւ չի կարող դրվել հանրաքվեի»,- պնդեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Նա համոզված է՝ կան օրինական ճանապարհներ, սակայն նախագծի ընդդիմախոսների ցույց տված ուղիները իշխանությունը չի լսում՝ ասելով՝ դրանք միայն ստորակետներ են․ «Դրանք սկզբունքներ են՝ հիմնարար։ Հրայր Թովմասյան չէ, ով ուզում է՝ լինի, գնալու է, գա, բայց արդյոք մենք ուզո՞ւմ ենք ստեղծել պետություն, որտեղ հիմնարար սկզբունքներ ենք ոտնահարելու։ Մեր ժողովրդին մի քաշեք հակաիրավական պրոցեսների մեջ»,- ասաց Մանե Թանդիլյանը։
15:09 - 06 փետրվարի, 2020